Բաժին 119
Հայտնություն՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեի միջոցով, Ֆար Վեստում, Միսսուրի, 1838թ. հուլիսի 8-ին, ի պատասխան նրա աղաչանքին. «Ո՜վ Տեր, ցույց տուր քո ծառային, թե որքան ես դու պահանջում քո ժողովրդի ունեցվածքից, որպես տասանորդ» (History of the Church, 3.44): Տասանորդի օրենքը, ինչպես հասկացվում է այսօր, նախքան այս հայտնությունը տրված չէր եկեղեցուն: Տասանորդ հասկացությունը, հենց նոր մեջբերված աղոթքում և նախկին հայտնություններում (64.23, 85.3, 97.11), նշանակում էր, ոչ թե հենց մեկ տասներորդը, այլ բոլոր կամավոր նվիրատվություններն ու ավանդները Եկեղեցու հիմնադրամներին: Մինչ այդ, Տերը Եկեղեցուն տվել էր նվիրաբերման օրենքը և ունեցվածքների տնտեսվարությունը, որին անդամները (հիմնականում ղեկավարող երեցները) ենթարկվում էին, մտնելով ուխտի մեջ, որը պետք է լիներ հավիտենական: Քանի որ շատերը թերանում էին մնալ այդ ուխտի մեջ, Տերը որոշ ժամանակով վերցրեց այն, և փոխարենը ողջ Եկեղեցուն տվեց տասանորդի օրենքը: Մարգարեն հարցրեց Տիրոջը, թե որքան էր նա պահանջում իրենց ունեցվածքից՝ սրբազան նպատակների համար: Պատասխանը եղավ այս հայտնությունը:
1–5՝ Սրբերը պետք է վճարեն իրենց ավելորդ ունեցվածքը և ապա, որպես տասանորդ՝ տան իրենց տարեկան շահույթի մեկ տասներորդը. 6–7՝ Այդպիսի վարքը կսրբագործի Սիոնի հողը:
1 Ճշմարիտ, այսպես է ասում Տերը. Ես պահանջում եմ, որ նրանց ողջ ավելորդ ունեցվածքը դրվի Սիոնի իմ եկեղեցու եպիսկոպոսի ձեռքում՝
2 Իմ տան կառուցման համար, և Սիոնի հիմնադրման համար, և քահանայության համար, և իմ Եկեղեցու Նախագահության պարտքերի համար:
3 Եվ դա կլինի իմ ժողովրդի տասանորդ տալու սկիզբը:
4 Եվ դրանից հետո, նրանք, ովքեր այդպես տասանորդ են տվել, պետք է վճարեն իրենց տարեկան ամբողջ եկամուտի մեկ տասներորդը. և սա մնայուն օրենք պիտի լինի նրանց համար հավիտյան, իմ սուրբ քահանայության համար, ասում է Տերը:
5 Ճշմարիտ ասում եմ ձեզ. Կլինի այնպես, որ բոլոր նրանք, ովքեր կհավաքվեն Սիոնի հողում, պիտի տասանորդ տան իրենց ավելորդ ունեցվածքից, և պիտի հետևեն այս օրենքին, այլապես նրանք արժանի չեն համարվի՝ մնալու ձեր մեջ:
6 Եվ ես ասում եմ ձեզ. Եթե իմ ժողովուրդը չհետևի այս օրենքին, որ սուրբ պահի այն, և այս օրենքով չսրբագործի Սիոնի հողն ինձ համար, որպեսզի իմ կանոններն ու դատաստանները պահվեն այնտեղ, որպեսզի այն ամենասուրբը լինի, ահա, ճշմարիտ ասում եմ ձեզ, այն չի լինի Սիոնի հող՝ ձեզ համար:
7 Եվ սա օրինակ պիտի լինի Սիոնի բոլոր ցցերի համար: Ճիշտ այդպես: Ամեն: