Բաժին 57
Հայտնություն՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեի միջոցով, Սիոնում, Ջեկսոն գավառ, Միսսուրի, 1831թ. հուլիսի 20-ին (History of the Church, 1.189–190): Համաձայն Տիրոջ պատվիրանի (բաժին 52), երեցները ճամփորդել էին Կիրթլենդից Միսսուրի, անցնելով բազմազան փորձառությունների ու որոշակի ընդդիմության միջով: Խորհելով Լամանացիների վիճակի, և մարդկանց մեջ քաղաքակրթության, գեղագիտության և կրոնի ընդհանուր պակասի մասին՝ Մարգարեն բացականչեց. «Ե՞րբ է անապատը ծաղկելու, ինչպես վարդը: Ե՞րբ է կառուցվելու Սիոնն իր փառքի մեջ, և ո՞րտեղ է կանգնելու Քո տաճարը, որտեղ պիտի գան բոլոր ազգերը վերջին օրերին»: (History of the Church, 1.189): Հետագայում նա ստացավ այս հայտնությունը:
1–3՝ Միսսուրիի Ինդիփենդենսն է վայրը Սիոն քաղաքի և տաճարի համար. 4–7՝ Սրբերը պետք է հողեր գնեն և ժառանգություն ստանան այդ տարածքում. 8–16՝ Սիդնի Գիլբերտը պետք է մի վաճառատուն հիմնի, Վ. Վ. Ֆելփսը պետք է լինի տպագրիչը, իսկ Օլիվեր Քաուդերին պետք է նյութեր խմբագրի հրատարակության համար:
1 Ականջ դրեք, ով իմ եկեղեցո՛ւ երեցներ, ասում է Տերը՝ ձեր Աստվածը, դո՛ւք, որ ժողովվել եք միասին, համաձայն իմ պատվիրանների, այս հողում, որն է Միսսուրիի հողը, որն այն հողն է, որը ես նշանակել և նվիրագործել եմ սրբերի հավաքման համար:
2 Ուստի, սա է խոստումի երկիրը և վայրը Սիոն քաղաքի համար:
3 Եվ այսպես է ասում Տերը՝ ձեր Աստվածը. Եթե դուք կամենում եք ստանալ իմաստություն, այստեղ է իմաստությունը: Ահա, վայրը, որն այժմ կոչվում է Ինդիփենդենս, կենտրոնական վայրն է. իսկ տաճարի տեղն ընկած է արևմուտք, այն հողակտորի վրա, որը հեռու չէ դատարանի շենքից:
4 Ուստի, իմաստություն է այն, որ սրբերը գնեն այդ հողը, և նաև արևմուտք ընկած ամեն մի հողատարածք, նույնիսկ մինչև այն գիծը, որն ուղղակիորեն երկարաձգվում է հրեայի ու հեթանոսի միջև.
5 Եվ նաև ամեն հողատարածք, որ սահմանակից է տափաստաններին, որքան որ իմ աշակերտներն ի վիճակի կլինեն հողեր գնել: Ահա, սա է իմաստությունը, որ նրանք կարողանան ձեռք բերել այն՝ հավիտենական ժառանգության համար:
6 Եվ թող իմ ծառա Սիդնի Գիլբերտը կանգնի այն պաշտոնում, որին նրան նշանակել եմ՝ գումար ստանալու, գործակալ լինելու եկեղեցու համար, հող գնելու մերձակա շրջաններում, որքան որ հնարավոր կլինի դա անել, արդարությամբ, և ինչպես կթելադրի իմաստությունը:
7 Եվ թող իմ ծառա Էդվարդ Պատրիջը կանգնի այն պաշտոնում, որին նրան նշանակել եմ, և սրբերին բաժանի իրենց ժառանգությունը, ճիշտ ինչպես պատվիրել եմ. և նույնը թող անեն նաև նրանք, որոնց նա նշանակել է իրեն օգնելու:
8 Եվ բացի այդ, ես ասում եմ ձեզ, թող իմ ծառա Սիդնի Գիլբերտը հիմնավորվի այս վայրում և մի վաճառատուն հիմնի, որ կարողանա ապրանքներ վաճառել, առանց խարդախության, որ կարողանա գումար վաստակել, որպեսզի հող գնի՝ սրբերի բարիքի համար, և որ կարողանա ձեռք բերել ինչ որ աշակերտներին անհրաժեշտ կլինի՝ իրենց ժառանգություններում հիմնավորվելու համար:
9 Եվ նաև թող իմ ծառա Սիդնի Գիլբերտը մի արտոնագիր ձեռք բերի,– ահա, այստեղ է իմաստությունը, և ով կարդում է, թող հասկանա,– որ կարողանա ապրանքներ ուղարկել ժողովրդին, նրանց միջոցով, ում կկամենա ծառայության վարձել՝ որպես գործավարներ.
10 Եվ այդպես ապահովի իմ սրբերին, որպեսզի իմ ավետարանը քարոզվի նրանց, ովքեր նստած են խավարի մեջ և մահվան տարածքում ու ստվերում:
11 Եվ բացի այդ, ճշմարիտ ասում եմ ձեզ. Թող իմ ծառա Վիլյամ Վ. Ֆելփսը հիմնավորվի այս վայրում և հաստատվի որպես տպագրիչ եկեղեցու համար:
12 Եվ ահա, եթե աշխարհն ընդունի նրա գրությունները,– ահա այստեղ է իմաստությունը,– թող նա ձեռք բերի ինչ-որ կարող է ձեռք բերել արդարությամբ՝ սրբերի բարիքի համար:
13 Եվ թող իմ ծառա Օլիվեր Քաուդերին օգնի նրան, ճիշտ ինչպես ես պատվիրել եմ, որտեղ որ ես կնշանակեմ նրան՝ արտագրելու, և ուղղելու, և ընտրելու, որ բոլոր բաները ճիշտ լինեն իմ առաջ, ինչպես որ այն կհաստատվի Հոգու կողմից, նրա միջոցով:
14 Եվ այսպես, թող նրանք, որոնց մասին ես խոսեցի, հիմնավորվեն Սիոնի հողում, որքան հնարավոր է արագ, իրենց ընտանիքներով, որ կատարեն այդ բաները, ճիշտ ինչպես ես ասացի:
15 Իսկ այժմ հավաքման վերաբերյալ,– Թող եպիսկոպոսը և գործակալը պատրաստություններ տեսնեն այն ընտանիքների համար, որոնց պատվիրվել է գալ այս հողը, որքան հնարավոր է շուտ, և նրանց հիմնավորեն իրենց ժառանգությունում:
16 Իսկ մնացած երեցների ու անդամների համար լրացուցիչ ուղղություններ պիտի տրվեն հետագայում: Ճիշտ այդպես: Ամեն: