Բաժին 60
Հայտնություն՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեի միջոցով, Ջեկսոն գավառում, Միսսուրի, 1831թ. օգոստոսի 8-ին (History of the Church, 1.201–202): Այս պարագայում, երեցները, որոնք նշանակվել էին՝ վերադառնալու Արևելք, ցանկացան իմանալ, թե ինչպես պետք է նրանք վարվեն և թե ինչ ուղեգծով և ինչ ձևով պետք է նրանք ճամփորդեն:
1–9՝ Երեցները պետք է ավետարանը քարոզեն ամբարիշտների հավաքներում. 10–14՝ Նրանք չպետք է ծուլությամբ վատնեն իրենց ժամանակը, ոչ էլ պետք է թաքցնեն իրենց քանքարները. 15–17՝ Նրանք կարող են լվանալ իրենց ոտքերը, որպես վկայություն նրանց դեմ, ովքեր մերժում են ավետարանը:
1 Ահա, այսպես է ասում Տերն իր եկեղեցու երեցներին, որոնք պետք է շտապ վերադառնան այն հողը, որտեղից եկել են. Ահա, ինձ հաճելի է, որ դուք բարձրացել եք այստեղ.
2 Բայց ոմանց ես չեմ հավանում, քանզի նրանք չեն կամենում բացել իրենց բերանը, այլ մարդուց վախենալու պատճառով թաքցնում են քանքարը, որ տվել եմ նրանց: Վա՜յ այդպիսիներին, քանզի իմ բարկությունը բռնկվել է նրանց դեմ:
3 Եվ կլինի այնպես, որ եթե նրանք չլինեն ավելի հավատարիմ իմ հանդեպ, նրանցից կվերցվի, նույնիսկ այն, ինչ նրանք ունեն:
4 Քանզի ես՝ Տերս, իշխում եմ վերը՝ երկինքներում, և երկրի զորքերի վրա. և այն օրը, երբ ես կհավաքեմ իմ գոհարները, բոլոր մարդիկ կիմանան, թե ինչն է, որ վկայախոսում է Աստծո զորության մասին:
5 Բայց, ճշմարիտ, ես կխոսեմ ձեզ հետ ձեր ճամփորդության մասին, դեպի այն հողը, որտեղից եկել եք: Թող մի նավ պատրաստվի կամ գնվի, ինչպես ձեզ բարի է թվում, նշանակություն չունի ինձ համար, և արագ ճամփա ընկեք դեպի այն վայրը, որ Սենտ Լուիս է կոչվում:
6 Եվ այնտեղից, թող իմ ծառաներ Սիդնի Ռիգդոնը, Ջոզեֆ Սմիթ կրտսերը և Օլիվեր Քաուդերին ճամփա ընկնեն դեպի Սինսինաթի.
7 Եվ այդ վայրում թող նրանք իրենց ձայնը բարձրացնեն և հայտարարեն իմ խոսքը բարձր ձայնով, առանց բարկության կամ երկմտության, բարձրացնելով սուրբ ձեռքերը նրանց համար: Քանզի ես կարող եմ ձեզ սուրբ դարձնել, և ձեր մեղքերը ներված են ձեզ:
8 Եվ թող մնացածը ճամփա ընկնեն Սենտ Լուիսից, երկու-երկու, և քարոզեն խոսքը, ոչ հապճեպորեն, ամբարիշտների ժողովքներում, մինչև որ վերադառնան եկեղեցիները, որտեղից եկել են:
9 Եվ այս բոլորը՝ եկեղեցիների բարիքի համար. այս մտադրությամբ եմ ես ուղարկել նրանց:
10 Թող իմ ծառա Էդվարդ Պատրիջը բաժին հանի այն գումարից, որ ես տվել եմ նրան, մի մաս, իմ երեցների համար, որոնց պատվիրված է վերադառնալ.
11 Եվ նա, ով ի վիճակի է, թող վերադարձնի դա, գործակալի միջոցով. իսկ նա, ով ի վիճակի չէ՝ նրանից դա չի պահանջվի:
12 Իսկ այժմ ես խոսում եմ մնացածների մասին, ովքեր պետք է գան այս հողը:
13 Ահա, նրանք ուղարկվել են՝ քարոզելու իմ ավետարանն ամբարիշտների ժողովքներում. ուստի, ես նրանց տալիս եմ այսպիսի պատվիրան. Ծուլությամբ մի վատնիր ժամանակդ, ոչ էլ թաքցրու քո քանքարը, որ դրա մասին չիմացվի:
14 Եվ հետո, երբ դու գաս Սիոնի հողը, և հռչակես իմ խոսքը, դու պետք է շտապ վերադառնաս, հռչակելով իմ խոսքն ամբարիշտների ժողովքներում՝ ոչ հապճեպորեն, ոչ ցասմամբ, ոչ էլ վիճաբանությամբ:
15 Եվ թոթափիր ոտքերիդ փոշին, նրանց դեմ, ովքեր չեն ընդունում քեզ. ոչ թե նրանց ներկայությամբ, չլինի թե բարկության դրդես նրանց, այլ գաղտնաբար. և լվա ոտքերդ, որպես վկայություն նրանց դեմ, դատաստանի օրվա համար:
16 Ահա, սա բավական է ձեզ, և կամքն է նրա, ով ուղարկել է ձեզ:
17 Եվ իմ ծառա Ջոզեֆ Սմիթ կրտսերի բերանով հայտնի կդարձվի Սիդնի Ռիգդոնի և Օլիվեր Քաուդերիի վերաբերյալ: Մնացածը՝ ապագայում: Ճիշտ այդպես: Ամեն: