Սուրբ գրություններ
Վարդապետություն և Ուխտեր 71


Բաժին 71

Հայտնություն՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեին և Սիդնի Ռիգդոնին, Հայրամում, Օհայո, 1831թ. դեկտեմբերի 1-ին (History of the Church, 1.238–239): Մարգարեն շարունակում էր թարգմանել Աստվածաշունչը, ունենալով Սիդնի Ռիգդոնին որպես դպիր, մինչև որ ստացվեց այս հայտնությունը, որից հետո այն որոշ ժամանակով մի կողմ դրվեց, որ հնարավոր լինի իրականացնել այստեղ տրված հրահանգները: Եղբայրները պետք է առաջ գնային՝ քարոզելու, որպեսզի մեղմացնեին անբարյացակամությունը, որն աճել էր Եկեղեցու հանդեպ, այն բանի հետևանքով, որ որոշ լրագրային հոդվածներ էին հրատարակվել Էզրա Բութի կողմից, որն ուրացել էր:

1–4՝ Ջոզեֆ Սմիթը և Սիդնի Ռիգդոնն առաջ են ուղարկվում՝ ավետարանը հռչակելու. 5–11՝ Սրբերի թշնամիները պիտի կործանվեն:

1 Ահա, այսպես է ասում Տերը ձեզ, իմ ծառանե՛ր, Ջոզեֆ Սմիթ կրտսեր և Սիդնի Ռիգդոն, որ ժամանակն իսկապես եկել է, երբ անհրաժեշտ և նպատակահարմար է ինձ համար, որ դուք բացեք ձեր բերանները՝ հռչակելով իմ ավետարանը, արքայության բաները, մեկնաբանելով նրա խորհուրդները սուրբ գրքերի միջից, համաձայն Հոգու այն մասի և զորության, որ կտրվի ձեզ, ճիշտ ինչպես ես եմ կամենում:

2 Ճշմարիտ ասում եմ ձեզ. Հռչակե՛ք աշխարհին, մերձակա շրջաններում, և նաև եկեղեցում, որոշ ժամանակի ընթացքում, նույնիսկ մինչև ձեզ հայտնի դարձվի:

3 Ճշմարիտ, սա առաքելություն է որոշ ժամանակով, որը ես տալիս եմ ձեզ:

4 Ուստի, աշխատեք իմ այգում: Կանչեք առ երկրի բնակիչները, և վկայություն բերեք, և ճանապարհ պատրաստեք պատվիրանների և հայտնությունների համար, որոնք պիտի գան:

5 Արդ, ահա սա է իմաստությունը. նա, ով կարդում է, թող հասկանա և նաև ընդունի.

6 Քանզի նրան, ով ընդունում է, ավելի առատորեն պիտի տրվի, նույնիսկ զորություն:

7 Ուստի, կարկամեցրեք ձեր թշնամիներին. կանչեք նրանց՝ հանդիպելու ձեզ հետ՝ թե՛ հրապարակավ, թե՛ առանձին. և որքան որ դուք հավատարիմ եք, նրանց ամոթը կբացահայտվի:

8 Ուստի, թող նրանք առաջ բերեն իրենց զորավոր փաստերը Տիրոջ առաջ:

9 Ճշմարիտ, այսպես է ասում Տերը ձեզ. Չկա ձեր դեմ պատրաստված զենք, որ հաջողություն ունենա.

10 Եվ եթե որևէ մարդ իր ձայնը բարձրացնի ձեր դեմ, նա պիտի կործանվի ինձ հարմար ժամանակ:

11 Ուստի, պահեք իմ պատվիրանները. դրանք ճշմարիտ են և հավատարիմ: Ճիշտ այդպես: Ամեն: