Դա մի ջերմ զգացում էր
Հեղինակն ապրում է Գվատեմալայում (Գվատեմալա):
«Ես կօղակեմ քեզ իմ սիրո բազուկներով» (Վարդապետություն և Ուխտեր 6.20):
Գվատեմալա Սիթիի մոտ գտնվող Սան Ջոսե Պինուլա փոքրիկ քաղաքում մի գեղեցիկ պարզ առավոտ էր: «Ես չե՛մ կարող սպասել»: Ջոշուան ասաց իր փոքրիկ քրոջը: Այսօր նրա մկրտության օ՜րն էր:
Երբ ընտանիքը հասավ Եկեղեցի, Ջոշուան և Պապան հագան սպիտակ հանդերձները: Սկզբում Ջոշուան մի փոքր հուզված էր: Բայց Պապան բռնել էր նրա ձեռքը, երբ նրանք իջնում էին լողավազանի աստիճաններով, և նա այնքան էլ հուզված չէր: Երբ Ջոշուան դուրս եկավ ջրից, նա լայն ժպտում էր:
Ջոշուան և Պապան չոր հագուստներ հագան: Հետո Պապան և Ջոշուայի հորեղբայրն ու պապիկը իրենց ձեռքերը դրեցին Ջոշուայի գլխին: Նրանք հաստատեցին նրան Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ: Ջոշուան լսեց, թե Պապան ինչպես ասաց. «Ստացիր Սուրբ Հոգին»:
«Ես այնքա՜ն երջանիկ եմ»,- ասաց նա, երբ նա ամուր գրկեց Պապային:
«Հիշիր խոստումները, որոնք դու տվեցիր այսօր»,- ասաց Պապան: «Եթե դու պահես քո խոստումները, Սուրբ Հոգին կարող է միշտ քեզ հետ լինել: Դու երբեք մենակ չես լինի»:
Մի քանի ամիս անց մի առավոտ Ջոշուան լաց լինելով արթնացավ: Նրա փորը շատ էր ցավում: «Մամա՜»: Ջոշուան ճչաց իր անկողնուց: «Իմ փորն իսկապե՛ս ցավում է»:
Նրա վիճակը գնալով վատթարանում էր: Նա նույնիսկ չէր կարողանում քայլել: Պապան Ջոշուային քահանայության օրհնություն տվեց, իսկ հետո նա և Մաման նրան տարան բժշկի մոտ:
Բժիշկն ասաց, որ Ջոշուան պետք է անմիջապես վիրահատվի: Սարսափելի էր թվում:
«Մենք քեզ կտանենք մի հատուկ սենյակ վիրահատելու համար», - ասաց բժիշկը: «Դու ոչինչ չես զգա, քանի որ քնած կլինես: Իսկ քո ծնողները կսպասեն քեզ դրսում»:
Ջոշուան ավելի շատ վախեցավ: Ծնողներն ինչո՞ւ չէին կարող իր հետ մնալ սենյակում: Նա չէր դադարում լաց լինել:
Մաման մեղմորեն խոսեց: «Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի օգնենք քեզ լավ զգալ»,- ասաց նա:
«Ես գիտեմ, թե մենք ինչ կարող ենք անել»,- ասաց նա: Խնդրում եմ, ինձ հետ երգեք՝ «Աստծո զավակն եմ»: Իսկ հետո եկեք մեկ անգամ ևս աղոթենք»:
Երբ նրանք ցածրաձայն երգում էին, Ջոշուան հիշեց, որ երգում էին այդ երգը իր մկրտության ժամանակ: Եվ երբ նրանք աղոթում էին, նա մտածեց այն մասին, թե Պապան ինչ ասաց իր մկրտության օրը. «Սուրբ Հոգին կարող է միշտ քեզ հետ լինել: Դու երբեք մենակ չես լինի»:
Ջոշուան դեռևս վախենում էր, երբ բուժքույրերը նրան տարան վիրահատական սենյակ: Նա չէր տեսնում բժիշկների և բուժքույրերի դեմքերը, քանի որ նրանք դիմակներ էին կրում: Բայց երբ նա նայում էր նրանց աչքերի մեջ, հասկանում էր, որ նրանք իր ընկերներն են և կհոգան իր մասին:
Վիրահատությունից հետո բժիշկներն ասացին, որ Ջոշուան հանգստի կարիք ունի: Նա դեռևս հոգնած էր և ցավ էր զգում, բայց փորի ցավը թեթևացել էր: Նա այլևս լացելու ցանկություն չուներ։ Նա գիտեր, որ լավ է լինելու:
«Ես ինչ-որ բան էի զգում իմ սրտում»,- Ջոշուան ասաց Մամային ու Պապային: Դա մի ջերմ զգացում էր»:
«Դա այն եղանակներից մեկն է, որով մենք զգում ենք Սուրբ Հոգին»,- ասաց Մաման:
Ջոշուան գլխով արեց: Նա ուրախ էր, որ ուներ Սուրբ Հոգու պարգևը։ Սուրբ Հոգու շնորհիվ նա երբեք միայնակ չէր լինի։