2021
Պատրաստվելով Զատիկին
Մարտ 2021 թ.


Պատրաստվելով Զատիկին

«Երկրպագենք Հորը՝ նրա անունով, անկեղծ սրտով և մաքուր ձեռքերով» (2 Նեփի 25.16):

Նկար
mom and daughter sitting on bed as sun rises outside window

«Արթնացի՛ր Լիդիա»,- ասաց մայրիկը: «Այսօր Ավագ երեքշաբթի՛ն է»: Ռուսաստանում, որտեղ Լիդիան ապրում է, Ավագ երեքշաբթին հատուկ օր է Զատիկին նախապատրաստվելու համար:

Լիդիան շրջվեց և դուրս նայեց պատուհանից: Դրսում դեռ մութ էր:

«Մայրի՛կ, ես այնքան հոգնած եմ»,- ասաց Լիդիան: «Կարո՞ղ եմ մի քիչ էլ քնել, իսկ հետո աշխատել»:

Մայրիկը ժպտաց ու նստեց անկողնու կողքին։ «Այսօր պատճառ կա շուտ արթնանալու: Գիտե՞ս արդյոք, թե ինչո՞ւ»:

Լիդիան շատ մտածեց, բայց նա չգիտեր պատասխանը:

«Մենք այսօր շատ ենք աշխատում, որպեսզի մաքրենք մեր տունը որպես հիշեցում այն բանի, որ Հիսուսը լվաց Իր աշակերտների ոտքերը: Նա սիրում էր և ծառայում էր ուրիշներին, և մենք ցանկանում ենք մեր տներում ծառայել այնպես, ինչպես Հիսուսը: Այսօր Հիսուսին հիշելու օ՜րն է»,- ասաց մայրիկը։

Լիդիան ցանկանում էր ծառայել Հիսուսին, ուստի նա արագ վեր թռավ անկողնուց: Օրվա մնացած մասը նա քրտնաջան աշխատում էր: Նա մաքրեց հատակը, լվաց հագուստները և օգնեց ճաշ պատրաստել: Օրվա վերջում նա հպարտանում էր իր աշխատանքով։ Շուրջը փայլում էր մաքրությունից:

Հաջորդ օրը Ավագ ուրբաթ էր: Լիդիան, մայրիկն ու հայրիկը ներկեցին Զատիկի ձվերը: Նրանք ձվի կճեպների մեջ փոքր անցքեր բացեցին և դուրս քաշեցին ամբողջ դեղնուցը: Նրանք ձվերի վրա նախշեր նկարեցին և յուրաքանչյուր նմուշ ծածկեցին մոմով: Հետո նրանք ձվերը թաթախեցին վառ կարմիր, մանուշակագույն և կանաչ ներկերի մեջ: Լիդիային դուր եկավ, թե որքան գեղեցիկ էին բոլոր պտտվող նախշերը:

Երբ ձվերը չորացան, Լիդիան ոլորեց իր ընտանիքի փոքրիկ լուսանկարները և յուրաքանչյուր ձվի մեջ մի նկար դրեց: Այդ ուրբաթը միասին լինելու և Հիսուսի զոհաբերությունը հիշելու օրն էր։ Դա այն օրն էր, երբ Հիսուսը մահացավ: Ձվերը Լիդիային հիշեցնում էին գերեզմանը, որտեղ Հիսուսը պառկած էր: Լիդիայի ընտանիքը արեց հնարավոր ամեն բան, որպեսզի հիշի Նրան:

Ավագ շաբաթ օրը մայրիկը կուլիչ (Զատիկի հաց) թխեց: Կուլիչ թխելը Զատիկի կարևոր ավանդույթ է Ռուսաստանում: Մարդիկ փորձում են միշտ ակնածալից լինել, երբ թխվում է կուլիչը: Լիդիան մտածում էր իր ընտանիքի, Հիսուսի Հարության և այն ամեն մասին, ինչի համար ինքը երախտապարտ էր: Հեշտ էր մտածել հոգևոր բաների մասին, երբ նրա տունն այդքան մաքուր և խաղաղ էր:

Ի վերջո, Զատիկի կիրակին էր։ Լիդիան այնքա՜ն ոգևորված էր: Նրա զարմիկները այցելեցին նրանց: Բոլորը միասին ճաշակեցին համեղ ուտելիքներից, որոնք պատրաստվել էին նրա օգնությամբ: Կային կարկանդակներ, կուլիչ, երշիկեղեն և պանրի տեսակներ: Ուտելիս նրանք կիսվեցին իրենց վկայություններով և խոսեցին այն ամենի մասին, որի համար իրենք երախտապարտ էին:

Ճաշից հետո նրանք մի հատուկ խաղ խաղացին: Յուրաքանչյուրը պահում էր մի ներկած ձու և հարվածում էր մեկ ուրիշ ձվի: Ում ձուն կոտրվում էր, նա պարտվում էր խաղը: Լիդիայի ձեռքերը դողում էին, մինչ նա իր ձվով հարվածում էր իր զարմիկի ձվին: «Չկոտրվե՛ս, ձվի՜կ»,- բացականչեց նա: Նրա վառ մանուշակագույն ձուն կտոր-կտոր եղավ: Իսկ կոտրված պատյանի մեջ նրա ընտանիքի նկարն էր:

Լիդիան ժպտաց, երբ նայեց նկարին: Նա դեմ չէր, որ պարտվեց խաղում: Նրա սիրտը լցվեց ջերմության ու երջանկության զգացումով։ Նա տքնաջան աշխատել էր, որպեսզի պատրաստվեր այս Զատիկին՝ օգնելով և սիրելով իր ընտանիքը: Քրիստոսի Հարության շնորհիվ նրանք բոլորը կրկին կապրեն:

Նկար
Product Shot from March 2021 Friend Magazine

Նկարները` Սոֆյա Կարդոսոյի

Տպել