«Հանդարտվեք՝ դիմակայելու կյանքի փոթորիկներին», Երիտասարդներին զորացնելու համար, մարտ 2023։
Հանդարտվեք՝ դիմակայելու կյանքի փոթորիկներին
Ձեր կյանքի փոթորիկների ժամանակ Տեր Հիսուս Քրիստոսն ասում է ձեզ․ «Լռի՛ր, հանդարտվի՛ր»։
Ամբողջ մի օր ծովափում ուսուցանելուց հետո Տեր Հիսուս Քրիստոսն Իր աշակերտներին առաջարկեց անցնել Գալիլեայի ծովի մյուս կողմը։ Ծովեզերքից մի փոքր հեռանալուց հետո Հիսուսը նավի վրա հանգստանալու տեղ գտավ և քնեց։
Շուտով երկինքները մթնեցին «և ուժեղ փոթորիկ եղավ, և ալիքները նավի մեջ էին թափվում. նավը գրեթե ջրով էր լցվել» (տես Մարկոս 4․37)։
Հիսուսի աշակերտներից մի քանիսը փորձառու ձկնորսներ էին և գիտեին, թե ինչպես կառավարել նավը։ Բայց փոթորիկը մոլեգնեց, և նրանք սկսեցին խուճապի մատնվել։ Թվում էր, թե նավը խորտակվելու եզրին է։
Չնայած այս ամենին՝ Հիսուսը դեռ քնած էր։
Մենք չգիտենք, թե որքան ժամանակ են աշակերտները պայքարել փոթորկի դեմ, բայց վերջապես նրանք այլևս չէին կարող սպասել։ Նրանք արթնացրին Հիսուսին և աղաղակեցին,- «Վարդապե՛տ, քեզ հոգ չէ՞, որ կորչում ենք» (Մարկոս 4․38)։
Կյանքի փոթորիկները
Մենք բոլորս կյանքում հանդիպում ենք հանկարծահաս փոթորիկների։ Դուք կարող եք նայել ամբողջ աշխարհի խնդիրներին կամ ձեր սեփական հանգամանքներին և զգալ տխրություն, հուսահատություն և հիասթափություն։ Ձեր սիրտը գուցե կոտրված է ձեր կամ սիրելի մարդու հանգամանքների պատճառով։ Դուք կարող եք անհանգստանալ կամ վախենալ և զգալ, որ հույսը ընդմիշտ լքել է ձեզ։
Նման պահերին դուք կարող եք աղաղակել, ինչպես Հիսուսի աշակերտները՝ «Վարդապե՛տ, քեզ հոգ չէ՞, որ կորչում եմ»։
Երբ ես ձեր տարիքին էի, իմ սիրած օրհներգերից էր «Տեր, փոթորիկն է մոլեգնում»։1 Ես պատկերացնում էի ինձ նավի մեջ, երբ «ալիքներն [էին] բարձրանում»։ Օրհներգի ամենակարևոր և ամենագեղեցիկ հատվածը հետևյալն է․ «Քամին, ալիքը կհնազադվեն․ հանդարտվի՛ր»։ Այնուհետև գալիս է կարևոր ուղերձը. «Ոչ մի ալիք չի կարող կուլ տալ նավը, ուր պառկած է Տերը տիեզերքի»։
Երբ Հիսուսի աշակերտները աղաղակում էին և օգնություն խնդրում, Նա «արթնանալով, քամուն սաստեց ու ծովին ասաց. «Լռի՛ր, հանդարտվի՛ր»։ Եվ քամին դադարեց, ու կատարյալ խաղաղություն տիրեց» (Մարկոս 4.39)։
Եթե Հիսուս Քրիստոսը՝ «Խաղաղության Իշխանը» (Եսայի 9․6), լինի ձեր նավում, դուք կարող եք խաղաղություն գտնել ձեր ներսում և ձեր շուրջը պտտվող անհանգիստ և սարսափելի փոթորիկների մեջ։
Նույն խոսքերը, որ վաղ ժամանակներում Հիսուսն ասաց Գալիլեայի ծովին այդ փոթորկոտ գիշերը, կյանքի փոթորիկների ժամանակ Նա ասում է ձեզ․ «Լռի՛ր, հանդարտվի՛ր»։
Ապավինեք Նրա խաղաղարար զորությանը
Պատկերացնու՞մ եք, թե աշակերտներն ինչ զգացին, երբ տեսան, որ քամին, անձրևը և ծովը հնազանդվեցին իրենց Ուսուցչի հրամանին։ Նրանք կարող էին միայն ասել. «Ո՞վ է արդյոք սա, որ և՛ քամին, և՛ լիճը հնազանդվում են սրան» (Մարկոս 4․41)։
Հիսուս Քրիստոսը նման չէ որևէ մեկին, ով երբևէ քայլել է այս երկրի վրա։ Նա եկավ մեզ փրկելու։ Գեթսեմանիի պարտեզում Նա վճարեց մեր բոլոր մեղքերի գինը։ Նա նաև տարավ մեր բոլոր ցավերն ու վշտերը։ Այս մեծ ու անսահման տառապանքը ստիպեց Նրան արյունահոսել ամեն մի ծակոտիից (տես Ղուկաս 22․44, Վարդապետություն և Ուխտեր 19․18)։
Այն, ինչ Փրկիչն արեց կատարյալ սիրուց մղված, վեր է իմ հասկացողության ունակությունից։ Բայց ես գիտեմ, որ Նա դա արեց ինձ համար, ձեզ համար և ամեն հոգու համար, որը երբևէ ապրել է կամ կապրի։ Նա տվեց ամեն ինչ, որպեսզի մենք կարողանանք ստանալ ամեն ինչ։
Ոչ ոք երբևէ չի տառապելու այնպես, ինչպես Հիսուսը, բայց ես և դուք կունենանք մեր սեփական մութ ու դառը փոթորիկները։ Եթե դուք ողջ սրտով ապավինեք Տիրոջը, Նա կխաղաղեցնի ձեր փոթորիկները, քանի որ Նա անցել է այդ ամենի միջով։ Նա շատ անձնուրաց տառապեց ձեզ համար և զորություն ունի ձեզ զորացնելու, քաջալերելու և օրհնելու։
Նա խոստանում է․ «Խաղաղություն եմ թողնում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ. ես այն ձեզ չեմ տալիս, ինչպես աշխարհն է տալիս. ձեր սիրտը թող չխռովվի ու չվախենա» (Հովհաննես 14.27)։
Խաղաղության ուղիները
Տեր Հիսուս Քրիստոսը ձեզ ուղիներ է տվել՝ զգալու Իր խաղաղությունը։ Նա ասել է. «Սովորիր ինձանից և լսիր իմ խոսքերը. քայլիր իմ Հոգու հեզությամբ, և դու խաղաղություն կունենաս ինձանում» (Վարդապետություն և Ուխտեր 19․23)։
Սովորեք Նրանից՝ Նրա կյանքը և ուսմունքները սուրբ գրություններում ուսումնասիրելու միջոցով։ Բարձրացրեք ձեր հոգին աղոթքով։ «Կանգնեք սուրբ տեղերում» (Վարդապետություն և Ուխտեր 87․8, տես նաև 45․32)։
Լսեք Նրա խոսքերը, որոնք տրվում են ապրող մարգարենեիր միջոցով։ Հետևեք Սուրբ Հոգու առաջնորդությանը: Օգտվեք ապաշխարության աստվածային պարգևից։ Եկեք Նրա Եկեղեցի՝ ընկերներ գտնելու, ուսուցանվելու և Աստծո բարի խոսքով սնուցվելու համար։
Քայլեք Նրա Հոգու հեզությամբ՝ ձեր տունը դարձնելով մի վայր, որտեղ Նրա Հոգին կարելի է զգալ։ Օգնեք ուրիշներին և ուրախ սրտով ծառայեք Նրան։ Հիշեք՝ «Օրհնյալ է նա, ով գործում է շիտակ»։2 Ձգտեք հավատարիմ մնալ և լինել «Քրիստոսի խաղաղ հետևորդներ[ը]» (Մորոնի 7․3)։
Եթե դուք սովորեք, լսեք և քայլեք Տիրոջ հետ, ձեզ կտրվի Նրա մեծ խոստումը. դուք կունենաք Նրա խաղաղությունը։
Հավատք հանդարտվելու համար
Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքով դուք կարող եք «հանդարտվել», երբ կյանքի փոթորիկներն օղակեն ձեզ։ Խաղաղությունը գուցե գա ոչ այնքան արագ, որքան աշակերտների համար Գալիլեայի ծովում, բայց Տերը կզորացնի ձեզ՝ դիմակայելու փոթորիկներին, որոնց դուք կբախվեք։
Իմ թանկագի՛ն ընկեր, ես վկայում եմ, որ Հիսուս Քրիստոսն ապրում է։
Նա սիրում է քեզ։
Նա ճանաչում է քեզ։
Նա հասկանում է քեզ։
Նա քեզ անմխիթար վիճակում չի թողնի քո կարիքի պահին։
Իրական խաղաղությունը Նրա մեջ է և գալիս է միայն Նրա միջոցով։ Նրա խաղաղությունը նրանց համար է, ովքեր կդառնան դեպի Նա։