2023
Հիսուս Քրիստոս․ խաղաղություն փոթորիկների մեջ
Մարտ 2023


«Հիսուս Քրիստոս․ խաղաղություն փոթորիկների մեջ», Երիտասարդներին զորացնելու համար, մարտ 2023։

Եկ, հետևիր ինձ

Մարկոս 4

Հիսուս Քրիստոս խաղաղություն փոթորիների մեջ

Կլինեն օրեր, երբ դուք կզգաք, որ ձեզ ցնցում են կյանքի փոթորիկները։ Սակայն Հիսուս Քրիստոսը զորություն ունի բերելու ձեզ խաղաղություն, որը դուք չեք գտնի ուրիշ ոչ մի տեղ։

Նկար
Հիսուս Քրիստոսը ծովին հրամայում է հանդարտվել

Լռի՛ր, հանդարտվի՛ր, Յոնգ Սունգ Քիմ

Ավագ դպրոցի վերջին տարվա կեսին ես մեծ անակնկալի հանդիպեցի։ Իմ ծնողները կանչվել էին նախագահելու Ուրուգվայ Մոնտեվիդեո միսիայում, ինչը նշանակում էր, որ նրանք կտեղափոխվեին աշխարհի մյուս ծայրը իմ չորս կրտսեր քույրերի և եղբայրների հետ։ Ավագ դպրոցն ավարտելն ինձ համար արդեն իսկ լարվածություն էր, բայց հիմա ես ստիպված էի լինելու քոլեջ հաճախել միայնակ, իսկ ընտանիքս լինելու էր մեկ այլ մայրցամաքում։ Ես չափազանց հուզված և անհանգիստ էի։

Ավագ դպրոցից դեպի քոլեջ անցումը ինձ համար չափազանց դժվար էր։ Չնայած ես շրջապատված էի բարի սենյակակիցներով և հազարավոր ուսանողներով, ես ինձ երբևէ ավելի միայնակ չէի զգացել։ Դպրոցում ես ինձ չափազանց ճնշված էի զգում։ Ես չգիտեի, թե ինչ էի ուզում սովորել, իսկ դասերը դժվար էին ինձ համար։ Ես նաև պայքարում էի հուզականորեն ներգործող հարաբերությունների դեմ, որոնք մեծ վնաս էին հասցնում իմ հոգեկան առողջությանը։ Ապագայի հանդեպ վախը պատել էր ինձ։

Շուտով դեպրեսիայի, վախի և մենակության զգացողությունները սկսեցին խանգարել ինձ գործել։ Նույնիսկ սովորական առօրյան անհնար էր թվում։ Մի առավոտ ես խնդրեցի Երկնային Հորը ինձ ուժ տալ, որ հաղթահարեմ այդ օրը։ «Ես չեմ կարող շարունակել իմ պայքարը միայնակ»,- աղոթեցի ես։ Մտավոր և հուզական պարզության հազվագյուտ մի պահի ես մտովի լսեցի հետևյալ խոքերը․ «Դու պարտավոր չես միայնակ հաղթահարել»։ Միտքս ողողվեց խաղաղությամբ։ Մտքիս փոթորիկը հանդարտվեց։

Հաջորդ մի քանի ամիսները (և տարիները) հեշտ չէին անցնում։ Ընկճախտի և մենակության զգացումները միանգամից չլքեցին ինձ։ Սակայն առաջին անգամ ես անձամբ հասկացա, թե ինչ է նշանակում ունենալ Փրկիչ։ Ես գիտեի, որ Նա հասկանում է իմ դժվարությունները և իմ ցավը։ Ես գիտեի, որ Նա միակն էր, որ կարող էր ինձ օգնել և Նա արեց դա։

Անցել են տարիներ․ ես վերադարձած միսիոներ եմ, քոլեջի շրջանավարտ և ունեմ երջանիկ ընտանիք։ Եվ ես գիտեմ, որ չէի հասնի այս նպատակներից և ոչ մեկին, եթե չապավինեի Տիրոջը։

Նկար
երիտասարդ կին

Լուսանկարը տրամադրել է Getty Images կայքը։

Լռի՛ր, հանդարտվի՛ր

Հիսուսը նավակում քնած էր Իր Առաքյալների հետ, երբ մեծ փոթորիկ բարձրացավ։ Առաքյալները արթնացրին Հիսուսին՝ ասելով․ «Վարդապե՛տ, քեզ հոգ չէ՞, որ կորչում ենք» (Մարկոս 4․38)։ Հենց այն պահին, երբ նրանք մտածեցին, որ կատաղի փոթորկը կործանում է իրենց, Տերը վեր կացավ և «քամուն սաստեց ու լճին ասաց. «Լռի՛ր, հանդարտվի՛ր»։ Եվ քամին դադարեց, ու կատարյալ խաղաղություն տիրեց» (Մարկոս 4.39

Ձեր կյանքում քանի՞ անգամ եք խորհել․ «Քեզ հոգ չէ՞, որ կորչում եմ»։ Երբեմն, երբ դուք անցնում եք դժվարին մարտահրավերների միջով, հեշտ է զգալ միայնակ և լքված։ Դուք կարող եք մտածել, թե ինչու Տերը չի հանդարտեցնում ձեր փոթորիկները։ Գուցե կարծեք, թե ձեր կյանքում երբեք չի լինի այն «կատարյալ խաղաղությունը», որի մասին խոսվում է 39-րդ հատվածում։

Այնուամենայնիվ, այս պատմության կարևոր մասն այն սկզբունքն է, որը Փրկիչը ուսուցանեց հաջորդիվ։ Նա ասաց․ «Ինչո՞ւ եք այդքան վախկոտ, ինչո՞ւ հավատ չունեք» (Մարկոս 4․40)։ Իրենց վախի և հուսահատության պահին Առաքյալները մոռացել էին, թե ում հետ էին։ Աստծո Որդին, որն անձամբ էր ստեղծել երկիրը, քնած էր իրենց նավակում։ Ինչո՞ւ պիտի վախենային։

Նմանապես, Փրկիչը զորություն ունի հանդարտեցնելու ցանկացած փոթորիկ ձեր կյանքում։ Նա կարող է բուժել ձեր ցավը, թեթևացնել ձեր բեռները և լույս ապահովել, երբ դուք խավարի մեջ եք։ Ձեր դերն այս գործընթացում ավելի մեծ հավատք գործադրելն է առ Հիսուս Քրիստոսը։

Զորություն ստանալ Տիրոջից

Օրեցօր մեծացող հավատքով ապրելու դեպքում Քրիստոսի զորությունը ձեր կյանքում ավելի ակնհայտ կդառնա։ Երբ Մադագասկարում Ռազաֆիմալազան ավարտում էր դպրոցական դժվար տարին, նրա հորաքույրը մահացավ։ Նա խորապես ընկճված էր։ Դպրոցում կենտրոնանալը գրեթե անհնարին դարձավ։ Նա պատրաստվում էր հանձնել տարվա ավարտական քննությունները։ Նա աղոթեց. «Խնդրում եմ, հեռացրու իմ տխրությունը և ուժ տուր ինձ վաղը ներկա գտնվելու քննությանը»։ Աղոթելուց հետո Ռազաֆիմալազան իրեն զորացած էր զգում։ «Այնպիսի զգացողություն ունեցա, ասես մոռացել էի իմ տխրության մասին»,- ասում էր նա։ «Աստված ինձ ուժ տվեց ամեն ինչ անելու համար»։

Նկար
երիտասարդ տղա

Կարևոր է հիշել, որ երբեմն Տերը հանդարտեցնում է ձեր կյանքի փոթորիկները, իսկ երբեմն Նա փոխարենը հանդարտեցնում և մխիթարում է ձեզ, մինչ փոթորիկը մոլեգնում է։ Երբ դուք հավատում եք Նրան, դուք նաև վստահում եք Նրա կամքին և ժամանակին։ Դուք հավատում եք, որ Նա կօգնի ձեզ, անկախ այն բանից, թե երբ իրականում կգտնեք ձեր խաղաղությունը և հանդարտությունը։

Վստահենք Նրա ժամանակին

Էն անունով մի երիտասարդ կնոջ ծանոթ են վախի զգացումները։ «Ես տառապում եմ ուշադրության դեֆիցիտով և հիպերակտիվության խանգարմամբ»,- ասում է նա։ «Երբեմն դա ինձ ստիպում է ուրիշների կողմից չհասկացված զգալ և դժվարացնում հավերժական հեռանկարը պահելը։ Վերջերս Ծննդոց գրքում կարդացի Սարայի մասին, ոը ստիպված էր տասնամյակներ սպասել մինչև երեխա ունենալը։ Ես հասկացա, որ գուցե ես էլ պետք է երկար ժամանակ սպասեմ իմ բժշկվելուն։ Ես գիտեմ, որ Քրիստոսը չի լքի ինձ, մինչ ես անհանգիստ վիճակում եմ։ Նա այստեղ է, որպեսզի օգնի ինձ հաղթահարել այդ ամենը»։

Նկար
երիտասարդ կին

Երբ ընտրում եք վստահել Տիրոջը, չի նշանակում, որ դուք պետք է անտեսեք ձեր կյանքի հսկայական մարտահրավերները։ Այնուամենայնիվ, դա նշանակում է, որ դուք պետք է «կենտրոնանա[ք ձեր] Աստծո անսահման մեծության, բարության և բացարձակ իշխանության վրա՝ վստահելով Նրան … ուրախ սրտով»։1 Երբ միայնակ եք, տխուր, անհանգիստ կամ սպասում եք խոստացված օրհնություններին, հիշեք այս հարցը. «Կատարյալ խաղաղության» եք սպասում վախկո՞տ սրտով, թե՞ հավատարիմ սրտով։

Տպել