2023
Դառնալով իսկական չեմպիոն
Մարտ 2023


«Դառնալով իսկական չեմպիոն», Երիտասարդներին զորացնելու համար, մարտ 2023։

Դառնալով իսկական չեմպիոն

Ֆելիպեն աշխարհում լավագույններից մեկն է այնպիսի մարտարվեստներում, ինչպիսիք են՝ կարատեն, ձյուդոն և ընդհանուր մենամարտերը։ Սակայն միսիա ծառայելը նրա համար մեկ առաջնահերթությունն է։

Նկար
երիտասարդ տղամարդը ցուցադրում է մարտարվեստներ

Լուսանկարները` Շիրլի Բրիտո

Ֆելիպե Ֆ․-ն Պարայից (Բրազիլիա) սովորական 18-ամյա երիտասարդ չէ։ Մասնակցել է պրոֆեսիոնալ խառը մենամարտերի (ընդհանուր մենամարտեր), ձյուդոյի և կարատեի մրցումների։ Եվ նա բազում հաջողություններ է ունեցել։ Նա հաղթել է ընդհանուր մենամարտերի «Երկաթե մարդ» միջազգային մրցույթում։ Նա Պարա նահանգի կրկնակի չեմպիոն է, Բրազիլիայի փոխչեմպիոն և ձյուդոյի միջազգային փոխչեմպիոն։ Եվ նա կարատեի Պարա նահանգի տասնակի, Բրազիլիայի տասնակի, Հարավային Ամերիկայի, Համաամերիկյան և աշխարհի եռակի չեմպիոն է։ Այո՜։

Նկար
երիտասարդ տղա՝ մրցանակներով

Նրա հաջողության պատճառները

Ֆելիպեն մարզվում է յոթ տարեկանից։ Բայց նա կարծում է, որ իր հաջողության ամենամեծ պատճառը Աստված է։ «Ես միշտ աղոթում եմ Տիրոջ օգնության համար»,- ասում է նա։

Կարատեի իր վերջին համաամերիկյան առաջնության ժամանակ Ֆելիպեն իրեն այնքան էլ վստահ չէր զգում։ Սակայն այդ ժամանակ նրա հայրը տվեց նրան քահանայության օրհնություն։ «Դրանից հետո միտքս պարզվեց, և դա օգնեց ինձ այդ օրը հաղթել առաջնությունում։ Վերջին երկու մրցումների ժամանակ, որոնք ես հաղթեցի, ինձ ընդամենը մեկ վայրկյան էր մնում։ Բոլորը կարծում էին, որ դա անհնար է։ Ես կատարեցի անսպասելի շարժում, որն օգնեց ինձ հաղթել, և ես համոզված եմ, որ այդ ամենը տեղի ունեցավ իմ հոր օրհնության շնորհիվ»։

Նկար
մարտարվեստով զբաղվող երիտասարդ տղան թռիչք է կատարում և հարվածում

Տարիների ընթացքում հայրը նրան բազմաթիվ օրհնություններ է տվել։ Ֆելիպեն գիտի, որ օրհնություն ստանալը միշտ չէ, որ նշանակում է, որ ինքը կհաղթի, բայց նա հավատում է, որ Տերը կարող է օգնել իրեն կենտրոնացած մնալ և բարելավել իր տաղանդները։ «Սա օգնում է ինձ ավելի վստահ լինել»,- ասում է Ֆելիպեն։ «Ես գիտեմ, որ անկախ արդյունքից, Տիրոջ ձեռքն այնտեղ էր»։

Ընտանիքի մյուս անդամները նույնպես մեծ աջակցություն են ցուցաբերել։ Խառը մենամարտերի մրցաշարերից մեկի ժամանակ Ֆելիպեն իր ընտանիքին տեսավ տրիբունայում։ «Նրանք բոլորն այնտեղ էին և ծափողջույններով դիմավորեցին ինձ։ Ես անչափ ուրախ էի»։ Նա ավելացնում է. «Ես անչափ երախտապարտ եմ հորս և մորս, որոնք ինձ ցույց տվեցին ճիշտ ուղին»։

Նկար
ընտանիքը զբոսնում է

Ֆելիպեն զգում է, որ այդ ուղուն հետևելը օգնել է իրեն իր սպորտում։ Նրա ընկերները հաճախ ծիծաղում էին նրա վրա, երբ նա չէր անում այն, ինչ անում էին նրանք։ Բայց Ֆելիպեն չի զղջում դրա համար։ «Ճիշտ, ինչպես ավետարանը օրհնություններ է բերում, այնպես էլ այն բերում է նվաճումներ սպորտում։ Ընկերների հետ խնջույքների չգնալն ու ճիշտ սնվելը ազդում են արդյունքի վրա»։

Նկար
ընտանիքը ճաշի սեղանի շուրջը

Միսիա ծառայելու որոշումը

Այժմ, երբ Ֆելիպեն 18 տարեկան է, նա ունի շատ հնարավորություններ։ Նրան վերջերս հրավիրել էին մարզվելու ընդհանուր մենամարտերի հեղինակավոր մի ակադեմիայում և առաջարկներ ունի աշխարհի տարբեր մենեջերներից։ Բայց նա նախ ցանկանում է միսիա ծառայել։

«Ինձ համար դա հեշտ ընտրություն է», - ասում է նա։ «Տերն առաջին տեղում է։ Մնացածը կարող է սպասել, քանի որ Նա միշտ օրհնում է մարդկանց հնազանդ լինելու համար»։

Ֆելիպեի ավագ եղբայրը՝ Ջունիորը, որը վերջերս է վերադարձել միսիայից, եղել է նրա շարժառիթներից մեկը։ Նա ասաց Ֆելիպեին, որ չկա ավելի լավ բան, քան միսիայում ծառայելը, և որ ինքը պետք է գնա, նույնիսկ, եթե մարդիկ փորձեն հակառակը համոզել։

Եվ կային մարդիկ, որոնք ասում էին Ֆելիպեին, որ մնա։ Նրա մեծ ընտանիքում շատերը Եկեղեցու անդամ չեն։ «Նրանք չեն հասկանում, որ միսիայում ծառայելն ավելի մեծ արժեք ունի, քան հարուստ և հայտնի դառնալը։ Նման պահերին ես պարզապես փորձում եմ ուսուցանել ավետարանը»,- ասում է Ֆելիպեն։ Եվ այդ պահերից մեկը հանգեցրեց հզոր միսիոներական փորձառության։

Ֆելիպեի զարմիկը վերջերս մահացել էր, և Ֆելիպեի մորեղբայրը սգում էր որդու մահը։ Ֆելիպեն մորեղբորը պատմեց փրկության ծրագրի մասին։ Այնուհետև մորեղբայրը գրկեց նրան և ներողություն խնդրեց, որ խորհուրդ էր տալիս միսիա չգնալ։ «Նա ասաց ինձ, որ ես ունեմ մարդկանց սրտերին դիպչելու պարգևը, և պետք է ծառայեմ»,- հիշում է Ֆելիպեն։ «Ինձ համար դա առանձնահատուկ պահ էր, երբ մեկը, որ գաղափար չուներ, թե ինչ է միսիան, հասկացավ դրա իրական նպատակը»։

Կային ժամանակներ, երբ Ֆելիպեն ինքը վստահ չէր միսիայի հարցում։ «Ես ամեն օր կարդում էի իմ սուրբ գրությունները, և մի գիշեր ես շատ կասկածներ ունեցա իմ ընտրության վերաբերյալ։ Ես սկսեցի մտածել. «Գուցե մնա՞մ և շարունակե՞մ մրցումները»։ Բայց հետո կարդացի Մորմոնի Գրքում այն մասին, որ նեփիացիները սկսեցին դառնալ ապերախտ և հպարտ։ Հակոբն ուսուցանեց նրանց, որ Տիրոջը պետք է դնել առաջին տեղում։ [Տես Հակոբ 2․12-21] Այդ պահից սկսած ես կասկած չունեի իմ ընտրության հարցում»։

Նկար
սուրբ գրություններ կարդացող պատանի

Այսօր ես գիտեմ, թե ինչ եմ ուզում, և գիտեմ, որ կվերադառնամ իմ միսիայից և ինչ-որ կերպ օրհնված կլինեմ։ Դա կարող է լինել ընդհանուր մենամարտերին մասնակցելը կամ այլ բան անելը, բայց ես գիտեմ, որ Աստված մեզ տալիս է այն, ինչ մեզ անհրաժեշտ է»։

Ամենօրյա դարձի զորությունը

Ֆելիպեն միշտ չէ, որ շատ ոգևորված և վստահ էր զգում միսիայի կամ Եկեղեցու վերաբերյալ։ «Իմ կյանքում եղել է պահ, երբ այնքան էլ ուժեղ չէի ավետարանում, և միշտ թվում էր, թե ինչ-որ բան պակասում է»,- ասում է նա։ «Ճանաչո՞ւմ եք մեկին, որը պարզապես գնում է եկեղեցի և ուրիշ ոչինչ չի անում։ Դա ես էի»։ Միսիա ծառայելու մասին իր եղբոր և եպիսկոպոսի հետ խոսելուց հետո նա որոշեց սկսել աղոթել և կարդալ սուրբ գրություններն ամեն օր։

«Կարծում եմ՝ ինձ օգնեց ամենօրյա դարձը։ Ես մեծացել եմ եկեղեցում և որոշ ժամանակ չէի փնտրում դարձ, քանի որ մեծացել էի հավատքով լի տանը և կարծում էի, որ դա բավական էր։ Բայց այժմ ես վկայություն եմ փնտրում ամեն օր»։

Նկար
երիտասարդ տղամարդը ընդհանուր մենամարտերի մարզիկի հետ

Չեմպիոն՝ Տիրոջ շնորհիվ

Ֆելիպեն գիտի, որ ճիշտն ընտրելը չի նշանակում, որ նա միշտ կհաղթի կամ ամեն բան կլինի իր ուզածով։ «Հիշում եմ դեպք, երբ գնացել եմ մրցման, մտածելով, որ պատրաստ եմ, սակայն պարտվել եմ հենց առաջին փուլում։ Մեկ այլ առիթով ես տանն եմ եղել վնասվածքի պատճառով։ Հիշում եմ՝ արթնացել եմ վաղ առավոտյան, նայել առաստաղին, խորհելով, թե արդյոք արժեր անցնել այդ ամենի միջով։ Երբեմն ես պարզապես ցանկացել եմ շրջվել և հանգիստ քնել, բայց վեր եմ կացել և գնացել մարզվելու։ Չեմպիոն լինելը միայն հաղթանակի պահը չէ։ Դա մեկն է, ով պայքարում է ամեն օր, հաղթահարում է ձախողումը, հաղթահարում է դժվարությունները»։

Փրկիչը մղիչ ուժ է հանդիսանում Ֆելիպեի համար, որպեսզի նա հաղթահարի դժվարությունները կյանքի բոլոր բնագավառներում։ «Եթե մենք ցանկանում ենք դառնալ Նրա նման, մենք պետք է անենք այն, ինչ Նա է անում, միշտ փորձելով անսասան լինել, ամրացնենք ինքներս մեզ և մտածենք, թե ինչ կաներ Նա։ Դա ինձ ոգեշնչում է ամեն օր իմ արարքներում նմանվել Նրան: Երբ տեսնում եմ մի բան, ինչը կարող եմ փոխել, ես աղոթում և ներում եմ խնդրում՝ փորձելով միշտ ավելի լավը լինել։ Ճշմարիտ չեմպիոնը նա է, ով բազում անգամներ ընկնելով և նույնիսկ հուսախաբ վիճակում լինելով՝ կանգնում և շարունակում է առաջ գնալ»։

«Ես չեմպիոն եմ Տիրոջ շնորհիվ»,- ասում է Ֆելիպեն։ «Եթե Նա չլիներ, ես գաղափար չունեմ, թե իմ կյանքն ուր կտաներ ինձ։ Սակայն վստահ եմ, որ չէի ունենա այն ամենը, ինչ ունեմ այսօր։ Ավետարանով ապրելն ինձ դարձրել է չեմպիոն կյանքում և սպորտում»։

Տպել