2010–2019 թթ․
Ա՜խ, այդ խորամանկ ծրագիրը՝ այն չար մեկի
Հոկտեմբեր 2010


Ա՜խ, այդ խորամանկ ծրագիրը՝ այն չար մեկի

Հակում ունեցողների համար հույս կա և այդ հույսը գալիս է Տեր Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ:

Եղբայրներ և քույրեր, Ռոքի լեռների աշնան սկիզբն իր փառավոր գույներով զարդարում է տերևները՝ կանաչը փոխելով նարնջագույն, կարմիր և դեղին վառ գույների: Աշնանը բնությունն ամբողջությամբ փոփոխման վիճակում է՝ նախապատրաստվելով ձմեռվա ցուրտ, խստաշունչ գեղեցկությանը:

Աշունը առանձնապես ոգևորիչ ժամանակ է ձկնորսների համար, քանի որ սա այն ժամանակն է, երբ կարմրախայտն անհագ սովից դրդվում է լավ սնվելու, որպեսզի իր մարմինն ամրացնի վրա հասնող ձմռան սակավ ուտելիքի դեմ:

Ձկնորսի նպատակն է հմուտ պատրանքի միջոցով որսալ կարմրախայտին: Գիտակ ձկնորսն ուսումնասիրում է կարմրախայտի պահվածքը, եղանակը, ջրի ընթացքը, միջատները, որոնցով սնվում է կարմրախայտը, և թե երբ են բազմանում այդ միջատները: Հաճախ նա անձամբ է պատրաստում օգտագործվող խայծը: Նա տեղյակ է, որ փոքր կարթին կցված այդ արհեստական միջատը պետք է կատարյալ խաբկանք լինի, եթե ոչ՝ կարմրախայտը կնկատի անգամ ամենափոքր արատը և կանտեսի կեղծ թռչողին:

Որքա՜ն ոգևորիչ է տեսնել ինչպես է կարմրախայտը կտրում ջրի հոսանքը, կուլ տալիս թռչող միջատը, ապա դիմադրում, մինչև որ ուժասպառ է լինում և հանձնվում: Մրցակցությունը ընթանում է ձկնորսի գիտելիքի ու հմտության և ազնվահոգի կարմրախայտի միջև:

Արհեստական խայծեր օգտագործելով ու խաբելով ձուկ որսալը նման է նրան, թե ինչպես է Լյուցիֆերը հաճախ գայթակղում, խաբում և փորձում ծուղակը գցել մեզ:

Ինչպես ձկնորսը, որը գիտի, որ կարմրախայտը դրդվում է սովից, Լյուցիֆերը գիտի մեր «ախորժակը» կամ թուլությունները և մեզ փորձում է արհեստական խայծերով, որոնք, եթե կուլ տանք, մեզ կարող են դուրս հանել կյանքի հոսանքից՝ գցելով իր անողորմ ազդեցության տակ: Եվ ի տարբերություն ձկնորսի, որը ձուկը որսալուց հետո այն անվնաս բաց է թողնում ջրի մեջ, Լյուցիֆերը կամավոր ձևով մեզ բաց չի թողնի: Նրա նպատակն է իր զոհերին դարձնել իր պես թշվառ:

Լեքին ասել է. «Եվ, քանի որ նա ընկել էր երկնքից և հավիտյան թշվառ էր դարձել, նա փնտրում էր նաև ողջ մարդկության թշվառությունը» (2 Նեփի 2.18):

Ես այսօր միացնում եմ իմ ձայնը իմ Եղբայրների ձայնին, ասելով, որ Լյուցիֆերը խելացի և խորամանկ բանականություն է: Մեր դեմ օգտագործող նրա հիմնական մեթոդներից մեկը նրա ստելու և խաբելու ունակությունն է, որ համոզի մեզ, որ չարը բարի է, իսկ բարին՝ չար: Ամենասկզբից ի վեր, սկսած Երկնքի մեր Խորհրդից, Սատանան «փնտրեց կործանել մարդու կամքի ազատությունը, որը ես՝ Տեր Աստվածս, տվել էի նրան …

Եվ նա դարձավ Սատանա, այո, այսինքն՝ դևը, բոլոր ստերի հայրը, որ խաբի և կուրացնի մարդկանց, և գերության տանի նրանց իր կամքով» (Մովսես 4.3–4):

Աստծո կողմից մարդուն տրված կամքի ազատության շուրջ ճակատամարտը շարունակվում է այսօր: Սատանան և նրա օգնականները մեր շրջապատը լցրել են խայծերով, հույս ունենալով, որ մենք կգայթակղվենք և կուլ կտանք նրա թռչող միջատները, որպեսզի մեզ գերի վերցնի կեղծ միջոցներով: Նա օգտագործում է հակվածությունը, որպեսզի գողանա կամքի ազատությունը: Ըստ բառարանի, հակվածություն ունենալ նշանակում է անձնատուր լինել ինչ-որ բանի, այդպիսով հրաժարվելով կամքի ազատությունից և կախվածություն ձեռք բերելով կյանքը կործանող ինչ-որ նյութից կամ վարքից:1

Հետազոտողները մեզ ասում են, որ մեր ուղեղում մի մեխանիզմ կա, որը կոչվում է հաճույքի կենտրոն:2 Երբ ակտիվանում է որոշակի թմրանյութերի կամ վարքի միջոցով, այն տիրապետություն է ձեռք բերում մեր ուղեղի այն մասի վրա, որը ղեկավարում է մեր կամքը, դատողությունը, տրամաբանությունը և բարոյականությունը: Դա հանգում է նրան, որ կախվածություն ունեցող անձը հրաժարվում է իր իմացած ճշմարիտ բանից: Եվ երբ դա տեղի է ունենում, խայծը կուլ է տրված և մարդը Լյուցիֆերի տիրապետության տակ է:

Սատանան գիտի ինչպես արհեստական նյութերն ու ժամանակավոր հաճույքների վարքն օգտագործել ու թակարդը գցել մեզ: Ես դիտարկել եմ այն բախումները, երբ մարդ պայքարում է, որպեսզի վերադարձնի ինքնատիրապետումը, որպեսզի ազատվի կործանիչ ազդեցությունից ու հակվածությունից և կրկին ինքնահարգանքի և անկախության զգացում ձեռք բերի:

Կախման մեջ գցող ամենաուժեղ թմրանյութերը, որոնք չարաշահելու դեպքում կարող են գերեվարել ուղեղը և զրկել կամքի ազատությունից, ներառում են՝ նիկոտինը. ափիոնները՝ հերոինը, մորֆինը և այլ ցավազրկողներ. թմրեցուցիչ դեղերը, կոկայինը, ոգելից խմիչքը, մարիխուանան և հոգեմետ այլ դեղեր:

Ես շնորհակալ եմ բժիշկներին, որոնք ուսուցանված են, որպեսզի պատշաճ դեղորայք նշանակեն ցավը և տառապանքը թեթևացնելու համար: Դժբախտաբար, այսօր մեր համայնքներում կան շատերը, այդ թվում նաև մեր անդամները, որոնք կախվածություն են ձեռք բերել և չարաշահում են թույլատրված թմրադեղերը: Լյուցիֆերը՝ բոլոր սրտերի հայրը, գիտի դա և օգտագործում է իր ազդեցությունը, որպեսզի գողանա մարդու կամքի ազատությունը և իր սարսափելի շղթաներով գերի վերցնի դրանք չարաշահող մարդուն (տես 2 Նեփի 28.22):

Վերջերս խոսեցի տեղական հիվանդանոցի հոգեկան բաժանմունքի հիվանդ մի քրոջ հետ: Նա ինձ պատմեց իր անցած վշտալի ճանապարհի մասին, թե ինչպես էր նա լիովին առողջ հոգեկան և ֆիզիկական վիճակում լինելով և հրաշալի ամուսնություն և ընտանիք ունենալով, հասել հոգեկան հիվանդության, կորցրել առողջությունը և ընտանիքը, – ամեն ինչ սկսելով նշանակված ցավազրկող դեղորայքի չարաշահումից:

Մեր զրույցից երկու տարի առաջ ավտովթարի ժամանակ նրա մեջքը վնասվել էր: Նրա բժիշկը դեղորայք էր նշանակել, որպեսզի թեթևացներ գրեթե անտանելի ցավերը: Հիվանդ քույրը մտածել էր, որ ավելի մեծ դեղաչափի կարիք ուներ, այնպես որ մոռացել էր բժշկի նշանակումը և, ի վերջո, սկսել հերոյին գնել: Սա պատճառ դարձավ նրա կալանավորման և բանտարկության: Թմրանյութերի նրա օգտագործման պատճառով նրա ամուսնությունը լուծարվեց: Նրա ամուսինը ամուսնալուծվեց և ստանձնեց երեխաների խնամակալությունը: Քույրը պատմում էր, որ բացի ցավը բթացնելուց, թմրանյութերը տալիս էին զմայլանքի և բարեկեցության կարճաժամկետ զգացում: Սակայն թմրանյութի յուրաքանչյուր դոզայի ազդեցությունը տևում էր միայն մի քանի ժամ և յուրաքանչյուր օգտագործման հետ ցավազրկման տևողությունը կարծես նվազում էր: Նա շարունակում էր ավելի ու ավելի շատ թմրանյութեր օգտագործել և այդպես ընկել էր կախվածության սարսափելի շրջապտույտի մեջ: Թմրանյութերը դարձել էին նրա կյանքը: Ինձ հետ խոսելու նախորդ օրը նա փորձել էր ինքնասպանություն գործել: Նա ասաց, որ այլևս չի կարողանում տանել ֆիզիկական, հուզական և հոգևոր ցավերը: Նա զգում էր, որ ընկել էր թակարդը, որից ելք չկա՝ հույս չկա:

Դեղատոմսով բաց թողնվող և այլ տեսակի թմրադեղերի չարաշահման այս քրոջ խնդիրը եզակի դեպք չէ. այն տեղի է ունենում ամենուրեք մեր շրջապատում: Որոշ տեղերում թույլատրված թմրադեղերից ավելի շատ մարդ է մահանում, քան ավտովթարներից:3 Եղբայրներ և քույրեր, հեռու մնացեք ցանկացած տեսակի նյութից, որը ձեզ կարող է թակարդը գցել՝ անգամ մեկ անգամ ներս շնչելը կամ մեկ հաբ ընդունելը կամ խմիչքի մեկ բաժակը կարող է հակում առաջանալու պատճառ դառնալ: Հարբեցողությունից վերակագնվող մի մարդ ինձ պատմեց, որ կախվածության և սթափության միջև ընկած հատվածը միայն մի բաժակ է: Սատանան գիտի դա: Թույլ մի տվեք, որ նա ձեզ թակարդը գցի իր արհեստական խայծերով, որոնք շատ արագ կարող են կախվածություն բերել:

Եղբայրներ և քույրեր, խնդրում եմ սխալ չհասկանալ իմ ասածը: Ես կասկածի տակ չեմ դնում բժշկի նշանակած դեղորայքի օգտագործումը նրանց կողմից, ովքեր տառապում են բուժելի հիվանդությունից կամ ֆիզիկական ցավից: Այդ դեպքում դեղորայքն իսկապես օրհնություն է: Իմ ասածն այն է, որ մենք պետք է զգուշությամբ հետևենք բժիշկների կողմից նշանակված դեղաչափին: Եվ մենք պետք է նման դեղորայքը պահենք ապահով տեղում, որն անհասանելի կլինի երիտասարդների կամ որևէ այլ մարդու համար:

Մեծ մտահոգություն կա նաև վնասաբեր, հակում առաջացնող վարքի վերաբերյալ, ինչպիսիք են՝ խաղամոլությունը և պոռնոգրաֆիայի չար հակումները, որոնք շատ կործանարար են անձի համար և մոլեգնում են հասարակության մեջ: Հիշեք, եղբայրներ և քույրեր, հակում ունենալն անձնատուր լինելն է մի բանի, այդպիսով հրաժարվելով կամքի ազատությունից և կախվածություն ձեռք բերելով: Այդպիսով, այդ ցուցակին կարելի է ավելացնել համակարգչային խաղերը և բջջային հեռախոսներով հաղորդագրվելը: Որոշ «խաղամոլներ» պարծենում են, որ 18 ժամ համակարգչի առաջ են եղել, անցնելով խաղի մի փուլից մյուս փուլ՝ անտեսելով կյանքի մյուս գործերը: Նմանապես հեռախոսային հաղորդագրությունները կարող են հակում դառնալ, ետ մղելով և կորցնելով մարդկային հարաբերությունների փոխադարձ անհատական շփումները: Վերջերս մի եպիսկոպոս ասաց, որ իր երիտասարդներից երկուսը կանգնել էին կողք-կողքի և շփվում էին՝ ոչ թե խոսելով, այլ հաղորդագրություններ ուղարկելով:

Բժիշկները հակում ունենալը նկարագրում են որպես «ուղեղի հիվանդություն»:4 Սա ճշմարիտ է, սակայն հավատացեք, որ երբ Սատանան ինչ-որ մեկին իր ձեռքն է վերցնում, այն դառնում է նաև հոգու հիվանդություն: Սակայն, անկախ նրանից, թե մարդ հակվածության որ շրջանի մեջ է, միշտ հույս կա: Լեքի մարգարեն իր որդիներին ուսուցանել է այս հավերժական ճշմարտությունը. «Ուստի, մարդիկ ազատ են՝ ըստ մարմնի. և բոլոր բաները, որոնք անհրաժեշտ են մարդկանց, տրված են նրանց: Եվ նրանք ազատ են՝ ընտրելու ազատություն և հավերժական կյանք, բոլոր մարդկանց մեծ Միջնորդի միջոցով, կամ ընտրելու գերություն և մահ, ըստ դևի գերությանը և զորությանը. քանզի նա ջանում է, որ բոլոր մարդիկ լինեն թշվառ, ինչպես ինքը» (2 Նեփի 2.27):

Եթե հակում ունեցող մարդը ցանկություն ունի հաղթահարել այն, ապա կա հոգևոր ազատության ճանապարհ՝ գերությունից ազատվելու ճանապարհ, փորձված ճանապարհ: Այն սկսում է աղոթքով, անկեղծ, ջերմեռանդ և հաստատուն հաղորդակցմամբ մեր հոգու և մարմնի Ստեղծողի՝ մեր Երկնային Հոր հետ: Վատ սովորությունը հաղթահարելը կամ որևէ մեղքից ապաշխարելը հետևում են միևնույն սկզբունքին: Մեր սիրտը, մեր մարմինը, մեր միտքը և մեր հոգին վերափոխելու ֆորմուլան գտնվում է սուրբ գրություններում:

Մորմոն մարգարեն մեզ խորհուրդ է տվել. «Ուստի, իմ սիրելի եղբայրներ, աղոթեք Հորը, սրտի ողջ կորովով, որ դուք կարողանաք լցված լինել այդ սիրով, … որ դուք կարողանաք դառնալ Աստծո որդիները, … որ մենք կարողանանք մաքրվել, ճիշտ ինչպես նա է մաքուր» (Մորոնի 7.48):

Այս և ուրիշ շատ սուրբ գրություններ մեզ վկայում են, որ հակում ունեցողների համար հույս կա և այդ հույսը գալիս է Տեր Հիսուս Քրիստոսի Քավության և Աստծո առաջ խոնարհվելու շնորհիվ, աղերսելով, որ ազատվենք հակման կախվածությունից և ջերմեռանդ աղոթքով՝ Նրան հանձնելով մեր ողջ հոգին:

Քահանայության ղեկավարները կարող են օգնել, եթե հակում ունեցողները խորհուրդ փնտրեն նրանցից: Որտեղ անհրաժեշտ է, կարող են նրանց հղել դեպի «ՎՕՍ Ընտանեկան ծառայությունների» որակավորված խորհրդատուները: ՎՕՍ ընտանեկան ծառայությունները հակվածությունից ազատվելու ծրագիր ունի եկեղեցու անդամների համար հարմարեցված, որի հիմքն է «Անանուն հարբեցողներ» ծրագրի 12 քայլերը:

Նրանց համար, ովքեր տառապում են հակում ունենալուց՝ անձամբ, թե ընտանիքի անդամը, ես կրկնում եմ, ջերմեռանդ աղոթքն է բանալին՝ ստանալու հոգևոր ուժ, խաղաղություն և հաղթահարելու հակման պահանջը: Երկնային Հայրը սիրում է Իր բոլոր զավակներին, այնպես որ շնորհակալություն հայտնեք Նրան և անկեղծ հավատք ցուցաբերեք Նրա հանդեպ: Ուժ խնդրեք նրանից՝ հաղթահարելու ձեզ համակող հակումը: Մի կողմ դրեք ողջ հպարտությունը և ձեր կյանքն ու ձեր սիրտը դարձրեք դեպի Նա: Խնդրեք, որպեսզի լցվեք Քրիստոսի մաքուր սիրո զորությամբ: Հնարավոր է, որ ստիպված լինեք շատ անգամ անելու դա, սակայն ես վկայում եմ ձեզ՝ ձեր մարմինը, միտքը և հոգին կարո՛ղ է փոխակերպվել, մաքրվել և առողջանալ, և դուք ազատ կդառնաք: Հիսուսն ասել է. «Ես եմ աշխարհի լույսը. ինձ հետևողը չի քայլի խավարում, այլ կընդունի կյանքի լույսը» (Հովհաննես 8.12):

Քանի որ մեր նպատակն է ավելի շատ նմանվել մեր Փրկչին, և ի վերջո, արժանի լինել ապրելու մեր Երկնային Հոր հետ, յուրաքանչյուրս կարիք ունենք սրտի մեծ փոփոխություն զգալու, որը նկարագրել է Ալմա մարգարեն Մորմոնի Գրքում (տես Ալմա 5.14): Մեր Երկնային Հոր և Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ սերը պետք է դրսևորվի ամենօրյա ընտրությունների ու գործերի միջոցով: Նրանք խոստացել են խաղաղություն, ուրախություն և երջանկություն նրանց, ովքեր պահում են Նրանց պատվիրանները:

Եղբայրներ և քույրեր. թող որ բոլորս իրազեկ լինենք արհեստական թռչող միջատներից, որոնք մեզ են մատուցվում մարդկանց հակառակորդ ձկնորսի՝ Լյուցիֆերի կողմից: Թող որ մենք իմաստություն և հոգևոր խորաթափանցություն ունենանք՝ զանազանելու և մերժելու նրա բազմաթիվ վտանգավոր առաջարկները:

Եվ ձեր բոլորի համար, ովքեր որևէ տեսակի կախվածության զոհ են դարձել, հույս կա, որովհետև Աստված սիրում է Իր բոլոր զավակներին, և Տեր Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ բոլոր բաները հնարավոր է դարձնում:

Ես ականատես եմ եղել առողջացման զարմանահրաշ օրհնության, որը մարդուն ազատել է վնասակար հակման շղթաներից: Տերը մեր Հովիվն է և մենք կարոտ չենք մնա, եթե ապավինենք Քավության զորությանը: Ես գիտեմ, որ Տերը կարող է ազատել և կազատի՛ հակում ունեցողին գերությունից, քանի որ ինչպես հայտարարել է Պողոս Առաքյալը. «Ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով» (Փիլլիպեցիս 4.13): Ես աղոթում եմ, իմ եղբայրներ և քույրեր, որ դա այդպես լինի նրանց համար, ովքեր այս պահին պայքարում են այդ խնդրի դեմ, և անում եմ դա խոնրահրաբար Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

  1. Որպես գոյական հակում բառն ունի երեք իմաստ, որոնցից մեկը «տիրոջը հանձնվելն է», audioenglish.net/dictionary/addiction.htm):

  2. Տես National Institute on Drug Abuse, Drugs, Brains, and Behavior—the Science of Addiction (2010), 18, drugabuse.gov/scienceofaddiction/sciofaddiction.pdf:

  3. Տես Erika Potter, “Drug Deaths Overtake Auto Deaths in Utah,” Dec. 2009, universe.byu.edu/node/4477:

  4. Տես National Institute on Drug Abuse, “The Neurobiology of Drug Addiction,” section IV, no. 30, drugabuse.gov/pubs/teaching/teaching2/teaching5.html; տես նաև drugabuse.gov/funding/budget08.html: