2010–2019 թթ․
Մտորումներ նվիրաբերված կյանքի մասին
Հոկտեմբեր 2010


Մտորումներ նվիրաբերված կյանքի մասին

Իրական հաջողությունն այս կյանքում գալիս է, երբ մեր կյանքը, այսինքն՝ մեր ժամանակն ու ընտրությունները, նվիրաբերում ենք Աստծո նպատակներին

1964 թվականին՝ երիտասարդ տարիքում, ես այցելեցի Նյու Յորք քաղաքի համաշխարային ցուցահանդեսը: Ինձ դուր եկած կանգառներից մեկը ՎՕՍ Եկեղեցու տաղավարն էր, որտեղ ցուցադրված էր Սոլթ Լեյքի տաճարի սրաձողերի կրկնօրինակը: Այնտեղ առաջին անգամ ես տեսա Man’s Search for Happiness. (Երջանկության որոնումը մարդու կողմից) ֆիլմը: Ֆիլմում պատկերված էր փրկության ծրագիրը, Երեց Ռիչարդ Լ. Էվանսի ձայնով, որը տպավորիչ ազդեցություն էր թողնում բազմաթիվ այցելուների, այդ թվում նաև ինձ վրա: Մյուս բաների թվում Երեց Էվանսն ասում էր.

«Կյանքը քեզ շնորհել է երկու թանկագին պարգև: Մեկը ժամանակն է, մյուսը՝ ընտրելու ազատությունը՝ քեզ ընձեռված ժամանակը ազատորեն ծախսելու ազատությունը: Ազատորեն դու կարող ես քեզ տրված ժամանակը ծախսել երևութական փայլի ետևից ընկնելով: Կարող ես հետամուտ լինել ցածրարժեք ցանկությունների: Կարող ես այն ներդնել ժլատության մեջ: …

Քեզ տրված է ընտրելու ազատություն: Սակայն դրանք լավ գործարքներ չեն, քանի որ դրանցում չես գտնի տևական բավարարվածություն:

Մահկանացու կյանքի քո ամեն օրվա, ամեն ժամի և ամեն րոպեի համար հաշվետվություն կպահանջվի: Եվ այս այս կյանքում է, որ դու պետք է քայլես հավատքով և ապացուցես, որ կարող ես բարին նախընտրել չարից, ճիշտը՝ սխալից, տևական երջանկությունը՝ կարճատև զվարճությունից: Եվ քո հավերժական պարգևը կլինի համաձայն քո կատարած ընտրության:

Աստծո մարգարեն ասել է. «Մարդիկ կան, որպեսզի ունենան ուրախություն»՝ ուրախություն, որը ներառում է կյանքի լիությունը, կյանք, որը նվիրված է ծառայելուն, ընտանեկան սիրուն ու ներդաշնակությանը և ազնիվ աշխատանքի պտուղներին՝ Հիսուս Քրիստոսի Ավետարանն իր պահանջներով ու պատվիրաններով ընդունելուն:

Միայն այս բաներում է հնարավոր գտնել ճշմարիտ երջանկություն, երջանկություն, որը չի խամրում աշխարհիկ լույսերի, երաժշտության ու ամբոխի ցրվելու հետ»:1

Այս հայտարարություններն արտահայտում են այն իրականությունը, որ երկրային կյանքը Ստեղծողի կողմից շնորհվել է մեզ, որպեսզի տնտես լինենք ժամանակի և ընտրությունների վրա: Տնտես բառը հիշեցնում է Տիրոջ նվիրաբերման օրենքը (տես օրինակ՝ ՎևՈւ 42.32, 53), որը կապված է տնտեսության հետ, սակայն ավելին է, քան տնտեսությունը՝ այն սելեստիալ օրենքի կիրառումն է կյանքում՝ այստեղ և հիմա (տես ՎևՈւ 105.5): Նվիրաբերել նշանակում է մի սուրբ բան ի սպաս դնել կամ նվիրագործել՝ նվիրել սուրբ նպատակի համար: Իրական հաջողությունն այս կյանքում գալիս է, երբ մեր կյանքը, այսինքն՝ մեր ժամանակն ու ընտրությունները, նվիրաբերում ենք Աստծո նպատակներին (տես Հովհաննես 17.1, 4; ՎևՈւ 19.19): Այդպես մենք թույլ ենք տալիս, որ Նա մեզ բարձրացնի հասցնի մեր ճակատագրի ամենաբարձր կետին:

Կցանկանայի ձեզ հետ խոսել նվիրաբերված կյանքի բաղկացուցիչ տարրերից հինգի՝ մաքրության, աշխատանքի, ֆիզիկական մարմինը գնահատելու, ծառայության և շիտակության մասին:

Ինչպես Փրկիչն է ցուցադրել, նվիրաբերված կյանքը մաքուր կյանքն է: Մինչ Հիսուսը միակն է, որն անբիծ կյանք է վարել, Նրա մոտ եկող և Նրա լուծը վերցնողները Նրա շնորհը վայելելու իրավունք ունեն, որը նրանց կդարձնի Իր նման անմեղ և անբիծ: Խորը սեր ունենալով, Տերը մեզ քաջալերում է հետևյալ խոսքերով. «Ապաշխարեք, դո՛ւք, աշխարհի բոլոր ծայրեր, և եկեք ինձ մոտ ու մկրտվեք իմ անունով, որպեսզի դուք կարողանաք սրբագործվել՝ ընդունելով Սուրբ Հոգին, որպեսզի դուք կարողանաք կանգնել անբիծ իմ առջև վերջին օրը» (3 Նեփի 27.20):

Նվիրաբերումը, հետևաբար, նշանակում է ապաշխարություն: Կամակորությունը, ըմբոստությունը և արդարացում փնտրելը պետք է թողնել, և փոխարենը ենթարկվել, ուղղվելու ցանկություն ունենալ և ընդունել բոլոր բաները, որ Տերը կարող է պահանջել: Բենյամին թագավորն այս երևույթն անվանում էր բնական մարդուն հանել մեր վրայից և ենթարկվել Սուրբ Հոգու հուշումներին և դառնալ սուրբ «Տեր Քրիստոսի քավության միջոցով» (Մոսիա 3.19): Այսպիսի մարդուն խոստացվում է Սուրբ Հոգու մշտական ընկերակցությունը՝ խոստում, որի մասին հիշեցվում և որը նորացվում է ամեն անգամ, երբ ապաշխարող հոգին ճաշակում է Տիրոջ ընթրիքի հաղորդությունից (տես ՎևՈւ 20.77, 79):

Երեց Բ. Հ. Ռոբերտսը մի անգամ նկարագրել է այդ ընթացքը հետևյալ խոսքերով. «Մարդը, որը քայլում է Աստծո լույսի և իմաստության և զորության ներքո, ի վերջո, այդ ուժերի ներգործությամբ, Աստծո լույսը, իմաստությունը և զորությունը դարձնում է իրենը՝ աստվածային շղթա կազմելով այդ վաղ ճառագայթների միահյուսումից, հավերժորեն կապվելով Աստծո հետ, և Աստված՝ իր հետ: Սա է Մեսիայի խորհրդավոր խոսքերի ամփոփումը. «Ինչպես դու, Հայր, ինձանում, և ես քեզանում», որից վեր մարդկային մեծությանը հասանելի չէ»2:

Նվիրաբերված կյանքը աշխատանքի կյանք է: Իր կյանքի սկզբից ի վեր Հիսուսն Իր Հոր գործին էր (տես Ղուկաս 2.48–49): Ինքն Աստված փառավորվում է Իր աշխատանքով՝ իրագործելով Իր զավակների անմահությունն ու հավերժական կյանքը (տես Մովսես 1.39): Ի վերուստ մենք ցանկություն ունենք Նրա հետ մասնակցելու Նրա աշխատանքին, և այդ ընթացքում մենք պետք է գիտակցենք, որ ամեն մի ազնիվ աշխատանք Աստծո աշխատանքն է: Թոմաս Քարլայլի խոսքերով. «Ամեն մի ճշմարիտ Աշխատանք սրբազան է. ամեն մի ճշմարիտ Աշխատանքում, անգամ ձեռքի հասարակ աշխատանքում, աստվածային ինչ-որ բան կա: Աշխատանքը, այնքան լայնարձակ, որքան Երկիրն է, իր բարձր տեղը կգտնի Երկնքում»3

Աստված այնպես է նախագծել այս մահկանացու գոյությունը, որ շարունակական ջանքեր պահանջվեն: Մտաբերում եմ Մարգարե Ջոզեֆ Սմիթի հասարակ հայտարարությունը. «Անդադար աշխատանքով հնարավոր էր դառնում բավարար ապրուստի միջոցներ ձեռք բերել» (Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.55): Աշխատանքով մենք պահպանում և հարստացնում ենք կյանքը: Այն մեզ հնարավորություն է տալիս ապրել մահկանացու կյանքի հիասթափությունների և ողբերգությունների ժամանակ: Դժվար վաստակած հաջողությունը անձնական արժանապատվության զգացում է առաջացնում: Աշխատանքը ձևավորում և ազնվացնում է բնավորությունը, գեղեցկություն է ստեղծում և Աստծուն ու մեկս մյուսին ծառայելու միջոց է հանդիսանում: Նվիրաբերված կյանքը լցված է աշխատանքով, երբեմն միօրինակ, երբեմն ստորաքարշ, երբեմն չարժեքավորվող, սակայն միշտ աշխատանքն է, որ բարելավում է, կարգի բերում, հաստատում, բարձրացնում, ծառայություն մատուցում, ձգտում ներշնչում:

Գովաբանելով աշխատանքը, ես պետք է մի քանի բարի խոսք ավելացնեմ նաև հանգստի վերաբերյալ: Ճիշտ ինչպես ազնիվ աշխատանքը քաղցրություն է հաղորդում, առողջ հանգիստն աշխատանքի ընկերն է և գործակից զուգընկերը: Երաժշտությունը, գրականությունը, արվեստը, պարը, թատրոնը, սպորտը, – այս բոլորը կարող են զվարճեցնել, զարդարելով մարդու կյանքը և շարունակելով նվիրաբերման ընթացքը: Միևնույն ժամանակ ավելորդ չէ նշել, որ զվարճանք ներկայացնող այսօրվա շատ միջոցներ վատորակ են, նվաստացուցիչ, դաժան, միտքն անզգայացնող և ժամանակ վատնող: Հեգնական է սակայն, որ երբեմն դժվարին ջանքեր են պահանջվում առողջ հանգստի միջոցներ գտնելու համար: Երբ զվարճանքն առաքինությունը վերածում է անառակության, այն դառնում է նվիրաբերված կյանքի կործանիչը: «Ուստի, ուշք դարձրեք … որ դուք չդատեք այն, ինչը որ չարից է՝ Աստծուց լինի» (Մորոնի 7.14):

Նվիրաբերված կյանքը գնահատում է ֆիզիկական մարմնի անհամեմատ պարգևը՝ չնաշխարիկ ստեղծագործությունն Աստծո իսկ պատկերով: Մահկանացու կյանքի առանցքային նպատակն է, որ յուրաքանչյուր հոգի ստանա այդպիսի մարմին և սովորի այդ մարմնային տաղավարում կամքի բարոյական ազատություն գործադրի: Ֆիզիկական մարմինը կարևոր է նաև վեհացման համար, որը հասանելի է միայն ֆիզիկականի և հոգևորի կատարյալ միացության համար, ինչպես մենք տեսնում ենք մեր սիրելի հարություն առած Տիրոջը: Աշխարհի այս ընկած վիճակում ոմանց կյանքը կլինի ցավալիորեն կարճ, ոմանց մարմինները կլինեն տձև, խախտված կամ կյանքը պահպանելու համար հազիվ բավարարող, սակայն կյանքը բավականաչափ երկար կլինի յուրաքանչյուր հոգու համար և ամեն մարմին արժանի կլինի հարության:

Նրանք, ովքեր հավատում են, որ մեր մարմինները միայն էվոլյուցիոն զարգացման արդյունք են, պատասխանատվություն չեն զգա ոչ Աստծո, ոչ էլ որևէ մեկի հանդեպ նրա վերաբերյալ, թե ինչ են անում իրենց մարմնի հետ: Մենք, որ նախամահկանացու, մահկանացու և ետմահկանացու կյանքի ավելի լայնարձակ իրականության վերաբերյալ վկայություն ունենք, այնուամենայնիվ, պետք է գիտակցենք, որ պարտականություն ունենք առ Աստված Նրա ֆիզիկական ստեղծման ամենաբարձր նվաճման համար: Պողոսի խոսքերով ասված.

«Չգիտէ՞ք, թէ ձեր մարմինները տաճար են Սուրբ Հոգու, որ ձեր մէջ է, եւ որն ստացել էք Աստծուց. եւ դուք ձեր տէրը չէք

քանզի մե՛ծ գնով գնուեցիք. Փառաւորեցէ՛ք Աստծուն ձեր մարմինների մէջ» (1 Կորնթացիս 6.19–20):

Գիտակցելով այդ ճշմարտությունները և Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի հրահանգները ապրիլյան վերջին համաժողովում4, մենք անկասկած չենք այլանդակի այն դաճվածքներով կամ թուլացնի թմրանյութերով, կամ պղծի այն անառակությամբ, շնությամբ կամ անհամեստությամբ: Քանի որ մեր մարմինը մեր հոգու գործիքն է, կեսնական է, որ մենք որքան հնարավոր է լավ հոգ տանենք այս մարմնի մասին: Մենք պետք է նրա զորությունը նվիրաբերենք ծառայելու և առաջ տանելու Քրիստոսի գործը: Պողոսն ասել է. «Աղաչում եմ ձեզ, եղբայրնե՛ր, ողորմութեամբ Աստծու, որ պատրաստէք ձեր մարմինները որպէս զոհ կենդանի՝ սուրբ, աստուածահաճոյ» (Հռովմայեցիս 12.1):

Հիսուսը ցույց տվեց, որ նվիրաբերված կյանքը ծառայության կյանք է: Իր Քավության տվայտանքների ցավը սկսելուց ժամեր առաջ, Տերը խոնարհաբար լվաց Իր առաքյալների ոտքերը՝ ասելով նրանց.

«Իսկ արդ, եթէ ես՝ Տէրս եւ Վարդապետս, լուացի ձեր ոտքերը, դուք էլ պարտաւոր էք միմեանց ոտքերը լուանալ.

որովհետեւ մի օրինակ տուի ձեզ, որ, ինչպէս ես ձեզ արեցի, դուք էլ նոյն ձեւով անէք:

Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, ծառան աւելի մեծ չէ, քան իր տէրը, եւ ոչ էլ ուղարկուածը՝ աւելի մեծ, քան նա, ով նրան ուղարկեց» (Հովհաննես 13.14–16):

Նրանք, ովքեր անաղմուկ ու խոհեմ քայլում են բարիք անելով, նվիրաբերման օրինակ են ցույց տալիս: Մեր օրերում այս բնավորության գիծն առավել կատարյալ ձևով առօրյա կյանքում ոչ ոք ավելի լավ չի մարմնավորում, քան Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը: Նա լսող ականջ է զարգացրել, որը կարող է զանազանել Հոգու անգամ ամենաթույլ հուշումը, որը ցույց կտա ինչ-որ մեկի կարիքը, ում նա կարող է ձեռք մեկնել և օգնել: Հաճախ դա աստվածային սերն ու իրազեկությունը ցույց տվող հասարակ քայլ է, սակայն Թոմաս Մոնսոնը միշտ, միշտ արձագանքում է դրան:

Իմ պապի ու տատի՝ Ալեքսանդր Դե Վիթ և Լյուիս Վիկեր Քրիստոֆերսոնների կյանքում ես գտել եմ նվիրաբերման մի օրինակ: Պապս ամրակազմ տղամարդ էր և լավ հմտացել էր ոչխարներ խուզելու գործում այն օրերում, երբ խուզելու էլեկտրական գործիքներ դեռ չկային: Նա այնքան էր հմտացել, որ, իր խոսքերով ասած, մի օր 287 ոչխար խուզեց և կարող էր 300-ն անցնել, սակայն այլևս ոչխար չէր մնացել: 1919 թվականին նա 12000 ոչխար էր խուզել՝ վաստակելով 2000 դոլար գումար: Գումարը կարող էր ծառայել նրա ագարակը մեծացնելու և տունը բարելավելու համար, սակայն Եղբայրներից միսիոներական կոչում եկավ՝ ծառայելու Հարավային Նահանգների միսիայում, և Լյուիսի լիարժեք աջակցությամբ, նա ընդունեց կոչումը: Նա թողեց կնոջը (որը հղի էր իրենց առաջին որդով) և իրենց երեք աղջիկներին ոչխարներ խուզած փողով: Երկու տարի անց ուրախ վերադառնալով տուն, նա հետագայում գրում է. «Մեր տնտեսած գումարը բավականացրել էր երկու տարի և իմ վերադարձին մեզ մնացել էր 29 դոլար»:

Նվիրաբերված կյանքը շիտակ կյանքն է: Մենք այն տեսնում ենք ամուսնու և կնոջ օրինակով, «ովքեր ընդունում են ամուսնության խոստումը և հնազանդվում դրան ողջ հավատարմությամբ»5: Մենք այն տեսնում ենք հոր և մոր կյանքում, որոնց առաջին նախապատվությունն իրենց ամուսնությունը սնուցելն է և իրենց երեխաների ֆիզիկական և հոգևոր բարօրության մասին հոգալը: Մենք դա տեսնում ենք նրանց օրինակով, ովքեր ազնիվ կյանք են վարում:

Տարիներ առաջ ես ծանոթացա մի ընտանիքի հետ, որոնք լուծարում էին միացյալ ստեղծած առևտրական ձեռնարկությունը: Հիմնական սեփականատերերը՝ երկու տղամարդիկ, որոնք ընկերներ էին և քրիստոնեական միևնույն համայնքի անդամներ, տարիներ առաջ ստեղծել էին ընկերությունը: Նրանք հիմնականում լավ հարաբերություններ էին ունեցել՝ որպես գործընկերներ, սակայն մեծանալով, երբ նոր սերունդը սկսել էր մասնակցել բիզնեսին, առաջացել էին հակասություններ: Ի վերջո, երկու կողմերն էլ որոշել էին բաժանել ընկերության միջոցները և գնալ տարբեր ճանապարհներով: Հիմնական գործընկերներից մեկն իր իրավաբանների հետ մի ռազմավարություն էր որդեգրել, որով լուծարման ընթացքում կարող էր բավականաչափ փողամիջոցների առավելություն ձեռք բերել ի վնաս մյուս գործընկերոջ և նրա որդիների: Կողմերի հանդիպման ժամանակ որդիներից մեկը բողոքեց, որ անարդար վերաբերմունք է ցուցաբերվում և առաջին գործընկերոջը կոչ արեց պահել պատիվը և քրիստոնեական հավատալիքները: «Դուք գիտեք, որ սա ճիշտ չէ,– ասաց նա:– Ինչպե՞ս կարող եք առիթից օգտվել՝ ի վնաս ուրիշի, հատկապես, ի վնաս եղբոր, որը միևնույն եկեղեցուց է»: Առաջին գործընկերոջ իրավաբանը հակաճառեց այս խոսքերով. «Օ՜, ժամանակն է մեծանալ: Ինչպե՞ս կարող ես այդքան միամիտը լինել»:

Շիտակությունը միամտություն չէ: Միամտությունը ենթադրելն է, որ մենք պատասխանատու չենք Աստծո առաջ: Փրկիչը հայտարարել է. «Իմ Հայրն ուղարկեց ինձ, որպեսզի ես խաչի վրա բարձրացվեմ. իսկ հետո, երբ խաչի վրա էի բարձրացվել, որպեսզի ես կարողանայի բոլոր մարդկանց ձգել դեպի ինձ, որպեսզի ինչպես ես բարձրացվեցի մարդկանց կողմից, ճիշտ նույնպես մարդիկ բարձրացվեն Հոր կողմից՝ կանգնելու իմ առջև, դատվելու ըստ իրենց գործերի՝ լինեն դրանք բարի, թե լինեն դրանք չար» (3 Նեփի 27.14): Նվիրաբերված կյանքով ապրող մարդը չի ձգտում առիթից օգտվել՝ ի վնաս ուրիշի, այլ փոխարենը, մյուս այտը կդարձնի, իսկ եթե շապիկի համար բռնադատեն, բաճկոնն էլ կթողնի (տես Մատթևոս 5.39–40): Փրկչի խիստ հանդիմանություններն ուղղված էին կեղծավորներին: Կեղծավորությունը սաստիկ կործանիչ է, ոչ միայն կեղծավորի, այլ բոլորի համար, ովքեր նկատում կամ տեղյակ են այդ վարվելակերպին, հատկապես կործանիչ է երեխաների համար: Այն կործանում է հավատքը, մինչդեռ պատիվն այն պարարտ հողն է, որի վրա հավատքի սերմը ծիլ է տալիս:

Նվիրաբերված կյանքը գեղեցիկ է: Նրա ուժն ու խաղաղությունը նման է «շատ պտղաբեր մի ծառի, որը տնկված է մի բերրի հողում, մաքուր վտակի մոտ, և որը շատ թանկարժեք պտուղ է տալիս» (ՎևՈւ 97.9): Առանձնակի կարևորություն ունի նվիրաբերված տղամարդկանց և կանանց ազդեցությունն ուրիշների, հատկապես մոտիկ և հարազատ մարդկանց վրա: Մեզանից առաջ գնացած և մեր մեջ ապրող շատերի նվիրաբերումը հիմք է դրել մեր երջանկությանը: Նման ձևով գալիք սերունդները քաջություն կստանան ձեր նվիրաբերված կյանքից, գիտակցելով իրենց պարտքը ձեր հանդեպ այն հատկանիշներն ունենալու համար, որոնք իսկապես մեծ արժեք ունեն: Թող որ մենք նվիրաբերենք մեզ՝ որպես Աստծո որդիներ և դուստրեր, «որպեսզի երբ նա հայտնվի, մենք լինենք նրա նման. քանզի մենք պիտի տեսնենք նրան, ինչպես որ ինքն է. որ մենք կարողանանք ունենալ այդ հույսը» (Մորոնի 7.48, տես նաև Ա Հովհաննես 3.2): Ես աղոթում եմ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

  1. Man’s Search for Happiness (pamphlet, 1969), 4–5.

  2. B. H. Roberts, “Brigham Young: A Character Sketch,” Improvement Era, June 1903, 574.

  3. Thomas Carlyle, Past and Present (1843), 251.

  4. Տես Thomas S. Monson, “Preparation Brings Blessings,” Liahona and Ensign, May 2010, 64–67:

  5. «Ընտանիք. հայտարարություն աշխարհին», Լիահոնա, հոկտ. 2004, 49; Ensign, Nov. 1995, 102: