2010–2019 թթ․
Հաղորդակցման երկու ուղիները
Հոկտեմբեր 2010


Հաղորդակցման երկու ուղիները

Մենք պետք է հավասարապես օգտագործենք և անձնական և քահանայության ուղիները, որպեսզի աճենք. դա է մահկանացու կյանքի նպատակը:

Մեր Երկնային Հայրն Իր զավակներին տվել է Իր հետ հաղորդակցվելու երկու ուղի՝ անձնական ուղի և քահանայության ուղի: Բոլորը պետք է հասկանան և առաջնորդվեն հաղորդակցման այդ երկու հիմնական ուղիներով:

I. Անձնական ուղի

Անձնական կյանքում մենք ուղղակիորեն աղոթում ենք մեր Երկնային Հորը և Նա պատասխանում է մեզ Իր հիմնած ուղիներով, առանց որևէ մահկանացու միջնորդության: Մենք աղոթում ենք մեր Երկնային Հորը Հիսուս Քրիստոսի անունով, և Նա պատասխանում է մեզ Իր Սուրբ Հոգու և այլ միջոցներով: Սուրբ Հոգու առաքելությունն է՝ վկայել Հոր և Որդու մասին (տես Հովհաննես 15.26; 2 Նեփի 31.18; 3 Նեփի 28.11), առաջնորդել մեզ դեպի ճշմարտություն (տես Հովհաննես 14.26; 16.13), և ցույց տալ մեզ այն ամենը, ինչ պետք է անենք (տես 2 Նեփի 32.5): Երկնային Հոր հետ Նրա Սուրբ Հոգու միջոցով հաղորդակցման անձնական այս ուղին մեր վկայության աղբյուրն է՝ ճշմարտության, մեր գիտելիքի և սիրող Երկնային Հոր կողմից մեր անձնական առաջնորդության մասին: Դա Նրա զարմանահրաշ ավետարանի ծրագրի կարևոր առանձնահատկությունն է, որը թույլ է տալիս Նրա զավակներից յուրաքանչյուրին անձնական վկայություն ստանալ դրա ճշմարտության մասին:

Սուրբ Հոգու միջոցով մեր Երկնային Հոր հետ հաղորդակցման անձնական ուղին հիմնված է արժանավորության վրա և այնքան կարևոր է, որ մեզ պատվիրվել է ամեն Կիրակի նորացնել մեր անձնական ուխտերը, հաղորդություն ընդունելով: Այսպիսով, մենք արժանի ենք դառնում այն խոստումին, որ միշտ Նրա Հոգին մեզ հետ կունենանք, որ այն ուղեկցի մեզ:

Տիրոջ հետ հաղորդակցման այդ անձնական ուղով մեր հավատքն ու գործելակերպը նման են այն Քրիստոնյաների հավատքին ու գործելակերպին, ովքեր պնդում են, որ Աստծո և մարդու միջև միջնորդ մարդիկ ավելնորդ են, քանի որ բոլորը ուղղակիորեն կապվում են Աստծո հետ այն սկզբունքով, որը Մարտին Լյութեր Քինգն անվանել է «բոլոր հավատացյալների քահանայություն»: Ես այդ մասին ավելի խորը կասեմ:

Անձնական ուղին անչափ կարևոր է անձնական որոշումներ կայացնելիս և ընտանիքը ղեկավարելիս: Դժբախտաբար, մեր Եկեղեցու որոշ անդամներ թերագնահատում են այս ուղիղ անձնական կապի անհրաժեշտությունը: Քահանայական ղեկավարությունը անկասկած կարևոր է, և քահանայական ուղին հիմնականում գործում է կառավարելու համար հաղորդակցումը եկեղեցու գործերի հետ կապված: Սակայն ոմանք մշտապես խնդրում են իրենց քահանայության ղեկավարներին իրենց փոխարեն անձնական որոշումներ կայացնել, որոշումներ, որոնք նրանք պետք է կայացնեն իրենց անձնական ուղով ստացած ոգեշնչման միջոցով: Անձնական որոշումները և ընտանիքի կառավարումը հիմնականում պետք է կատարվեն անձնական ուղու միջոցով:

Զգում եմ, որ պետք է ավելացնեմ երկու այլ զգուշացումներ ևս, որ մենք պետք է հիշենք մեր Երկնային Հոր հետ հաղորդակցման այս թանկագին ուղիղ անձնական կապի առումով:

Առաջինը, իր ողջ կարողությամբ անձնական ուղին չի գործում քահանայական ուղուց անկախ: Սուրբ Հոգու պարգևը՝ մարդու հետ Աստծո հաղորդակցման միջոցը, փոխանցվում է քահանայության իշխանության միջոցով, ինչպես որ լիազորվում է քահանայության բանալիները կրողների կողմից: Այն չի գալիս միայն ցանկությամբ կամ հավատալով: Այս Հոգու ընկերակցությունը մշտապես ունենալու իրավունքը պետք է հաստատվի ամեն Կիրակի, երբ մենք արժանիորեն ճաշակում ենք հաղորդությունից և նորացնում մեր մկրտության ուխտերը հնազանդությամբ և ծառայությամբ:

Նմանապես, մենք չենք կարող հուսալիորեն հաղորդակցվել ուղիղ անձնական կապով, եթե անհնազանդ ենք կամ ներդաշնակության մեջ չենք քահանայության ուղու միջոցով: Տերը հայտարարել է, որ «երկնքի զորությունները չեն կարող կառավարվել, ոչ էլ գործածվել, բացի միայն արդարության սկզբունքների հիման վրա» (ՎևՈւ 121.36): Դժբախտաբար, ովքեր խախտում են Աստծո պատվիրանները կամ անհնազանդ են իրենց քահանայության ղեկավարների խորհրդին, հայտարարում են, որ Աստված հայտնել է իրենց, որ ազատվում են որոշ պատվիրաններ կատարելուց կամ որոշ խորհուրդների հետևելուց: Նման անձինք կարող են հայտնություն կամ ոգեշնչում ստանալ, սակայն դա այն աղբյուրից չէ, ինչ իրենք են կարծում: Դևը ստերի հայրն է և մշտապես փափագում է խափանել Աստծո աշխատանքը իր հմուտ նմանակումներով:

II. Քահանայության ուղի

Ի տարբերություն անձնական ուղուց, որով մեր Երկնային Հայրը ուղղակիորեն Սուրբ Հոգու միջոցով հաղորդակցվում է մեզ հետ, հաղորդակցման քահանայության ուղին ունի լրացուցիչ և անհրաժեշտ միջնորդներ, որոնք են՝ մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսը, Նրա Եկեղեցին և Նրա նշանակված ղեկավարները:

Իր քավող զոհաբերության շնորհիվ Հիսուս Քրիստոսը զորություն ունի հաստատելու պայմաններ, որոնք մենք պետք է բավարարենք Նրա Քավության օրհնություններին արժանանալու համար: Այդ պատճառով է, որ մենք ունենք պատվիրաններ և արարողություններ: Այդ պատճառով է, որ մենք ունենք ուխտեր: Այդ պատճառով է, որ մենք արժանանում ենք խոստացված օրհնություններին: Այդ ամենը գալիս է Իսրայելի Սրբի ողորմածությամբ և շնորհով, «այն ամենից հետո, ինչ մենք կարող ենք անել» (2 Նեփի 25.23):

Իր երկրային ծառայության ժամանակ Հիսուս Քրիստոսը շնորհեց քահանայության իշխանությունը, որը կրում է Իր անունը, և Նա հաստատեց եկեղեցի, որը նույնպես կրում է Իր անունը: Այս վերջին տնտեսության մեջ, Երկնային սուրհանդակների միջոցով Նրա քահանայության իշխանությունը վերականգնվեց և Նրա Եկեղեցին վերահաստատվեց Մարգարե Ջոզեֆ Սմիթին կատարված երկնային ծառայության միջոցով: Այս վերականգնված քահանայությունը և այս վերահաստատված Եկեղեցին քահանայության ուղու կարևոր մասն են:

Քահանայության ուղին կապ է, որով Աստված անցյալում խոսել է Իր զավակների հետ սուրբ գրությունների միջոցով: Եվ այդ գծով է Նա ներկայումս խոսում կենդանի մարգարեների, առաքյալների և այլ ոգեշնչված ղեկավարների տված ուսուցումների և խորհուրդների միջոցով: Այդպես ենք մենք ստանում անհրաժեշտ արարողությունները: Այդպես ենք ծառայության կանչվում Նրա Եկեղեցում: Նրա Եկեղեցին ուղի է, իսկ Նրա քահանայությունը զորություն, որոնցով մենք արտոնվել ենք մասնակցելու այն համատեղ աշխատանքներում, որոնք կարևոր են Տիրոջ գործը կատարելու համար: Դրանց թվում են՝ ավետարանի քարոզումը, տաճարների և հավաքատների կառուցումը և աղքատներին օգնելը:

Ինչ վերաբերում է քահանայության այդ կապին, մեր հավատքով ու գործունեությամբ մենք նման ենք որոշ Քրիստոնյաների, որոնք պնդում են, որ հեղինակավոր արարողությունները (հաղորդությունները) կարևոր են և պետք է կատարվեն Հիսուս Քրիստոսի կողմից լիազորված անձի կողմից (տես Հովհաննես ԺԵ.16): Մենք ևս հավատում ենք դրան, սակայն անշուշտ տարբերվում ենք մյուս Քրիստոնյաներից նրանով, թե ինչպես ենք ձեռք բերել այդ իշխանությունը:

Մեր եկեղեցու որոշ անդամներ կամ նախկին անդամներ չեն ընդունում քահանայության կապի կարևորությունը: Նրանք թերագնահատում են Եկեղեցու, դրա ղեկավարների և ծրագրերի կարևորությունը: Լիովին ապավինելով անձնական կապին, նրանք գնում են իրենց ճանապարհով, սահմանելով վարդապետություն և ղեկավարելով մրցակից կազմակերպություններ, որոնք հակասում են մարգարե-ղեկավարներ ուսմունքներին: Այդպիսով, նրանք արտացոլում են ժամանակակից աշխարհի թշնամական վերաբերմունքը նրա հանդեպ, ինչն արհամարհանքով անվանում են «կազմակերպված կրոն»: Նրանք, ովքեր մերժում են կազմակերպված կրոնի անհրաժեշտությունը, մերժում են Վարդապետի աշխատանքը, որը ժամանակների գագաթնակետում հաստատեց Իր Եկեղեցին և դրա պաշտոնյաներին և վերահաստատեց դրանք մեր օրերում:

Կազմակերպված կրոնը, հաստատված աստվածային իշխանությամբ, կարևոր է, ինչպես Պողոս Առաքյալն է ուսուցանել,

«Սուրբերի կատարելությանը համար, պաշտոնի գործի համար, Քրիստոսի մարմնի շինության համար.

Մինչև որ ամենքս հասնենք հավատքի և Աստուծոյ Որդին ճանաչելու միութեանը. և կատարեալ մարդ լինենք Քրիստոսի կատարեալ հասակի չափովը» (Եփեսացիս Դ.12–13):

Մենք բոլորս պետք է հիշենք, որ մեր օրերի հայտնության մեջ Տերը հայտարարել է, որ Տիրոջ ծառաների ձայնը Տիրոջ ձայնն է (տես ՎևՈւ 1.38; 21.5; 68.4):

Ես ուզում եմ տալ ևս երկու զգուշացումներ, որոնք պետք է հիշենք քահանայության կենսական կապին ապավինելու առումով:

Առաջինը, քահանայության ուղին չի փոխարինում անձնական ուղուն: Մենք բոլորս ճշմարտության մասին անձնական վկայության կարիքն ունենք: Մեր հավատքի զարգացման հետ միասին մենք անխուսափելիորեն ապավինում ենք մյուսների խոսքին և հավատքին, օրինակ՝ մեր ծնողների, ուսուցիչների կամ քահանայության ղեկավարների (տես ՎևՈւ 46.14): Սակայն եթե ճշմարտության մասին մեր անձնական վկայության համար մենք միայն կախված ենք լինում քահանայության մեկ ղեկավարից կամ ուսուցչից, անձնական ուղով այդ վկայությունը ստանալու փոխարեն մենք մշտապես կգտնվենք հավատը կորցնելու վտանգի տակ՝ կախված տվյալ անձնավորության վարքից: Ճշմարտության մասին լիակատար գիտելիք կամ վկայություն ձեռք բերելու համար մենք չպետք է կախված լինենք մահկանացու միջնորդից՝ մեր և մեր Երկնային Հոր միջև:

Երկրորդ, անձնական ուղու պես քահանայության ուղին չի կարող լիակատար և ճիշտ գործել մեզ համար, եթե մենք արժանի և հնազանդ չենք: Շատ սուրբ գրություններ ուսուցանում են, որ եթե շարունակում ենք լրջորեն խախտել Աստծո պատվիրանները, մենք «կտրվում ենք նրա ներկայությունից» (Ալմա 38.1): Այդ ժամանակ Տերը և Նրա ծառաները իսկապես զրկվում են մեզ հոգևոր օգնություն տրամադրելուց, և մենք չենք կարողանում ձեռք բերել այն մեզ համար:

Պատմությունը մեզ վառ օրինակ է բերում, ցույց տալով, թե որքան կարևոր է, որ Տիրոջ ծառաները Հոգու հետ ներդաշնակ լինեն: Երիտասարդ Մարգարե Ջոզեֆ Սմիթը չէր կարողանում թարգմանել, երբ բարկացած էր կամ անտրամադիր:

Դեյվիդ Վիթմերը հիշում է. «Մի առավոտ, երբ նա պատրաստվում էր շարունակել թարգմանությունը, ինչ-որ բան այնպես չէր տանը և նա բարկացած էր դրա պատճառով: Իր կինը՝ Էմման ինչ-որ բան էր արել: Օլիվերն ու ես բարձրացանք վերև, շուտով Ջոզեֆը եկավ թարգմանությունը շարունակելու, սակայն նա ոչինչ չէր կարողանում անել: Նա անգամ մեկ վանկ չէր կարողանում թարգմանել: Նա իջավ ներքև, գնաց այգի և աղերսանքով դիմեց Տիրոջը, մոտ մեկ ժամից նա վերադարձավ տուն, Էմմայից ներողություն խնդրեց և ապա բարձրացավ այնտեղ, ուր մենք էինք, և թարգամանությունն իր հունով շարունակվեց: Նա կարողացավ աշխատել միայն, երբ խոնարհ և հավատարիմ էր»:1

III. Երկու ուղիների կարիքը

Ես կավարտեմ Իր զավակների հետ հաղորդակցվելու համար մեր Երկնային Հոր կողմից հաստատված երկու ուղիների անհրաժեշտության մասին այլ օրինակներով: Այդ երկու ուղիներն էլ կարևոր են Նրա նպատակը կատարելու համար, որն է՝ իրականացնել Իր զավակների անմահությունն ու հավերժական կյանքը: Այդ մասին սուրբ գրության մի վաղ պատմության մեջ Հայր Յոթորը խորհուրդ է տալիս Մովսեսին, որ պետք չէ այդքան շատ անել: Մարդիկ առավոտից իրիկուն սպասում էին իրենց քահանայության ղեկավարին՝ «Աստծուց հարցնելու» (Ելից ԺԸ.15) և նաև «նրանց մեջտեղը դատաստան անելու» (հ. 16) համար: Մենք հաճախ ենք տեսնում, ինչպես էր Յոթորը խորհուրդ տալիս Մովսեսին հանձնարարել, դատավորներ նշանակելով՝ անձնական վեճերը հարթելու համար (հհ. 21–22): Բայց նաև Յոթորը Մովսեսին խորհուրդ տվեց, որը ցույց է տալիս անձնական ուղու կարևորությունը. «Սովորեցրու նորա կանոններն ու օրենքները. և հասկացրու նորանց իրանց գնալու ճանապարհը և իրանց անելու գործը» (հ. 20; շեշտադրումն ավելացած է):

Այլ խոսքերով, Իսրայելի զավակները, որոնք հետևեցին Մովսեսին, պետք է ուսուցանվեն, որ ամեն տեսակի հարց չբարձրացնեն այդ քահանայության ղեկավարի առաջ: Նրանք պետք է հասկանան պատվիրանները և ոգեշնչում փնտրեն՝ ինքնուրույն լուծելու համար խնդիրների մեծ մասը:

Չիլիում վերջերս տեղի ունեցած դեպքերը ցույց են տալիս այդ երկու ուղիների անհրաժեշտությունը: Չիլիում ավերիչ երկրաշարժ տեղի ունեցավ: Մեր անդամներից շատերը կորցրեցին իրենց տները, ոմանք էլ՝ ընտանիքի անդամներին: Շատերը կորցրեցին վստահությունը: Քանի որ մեր եկեղեցին պատրաստ է արձագանքելու նման աղետներին, արագ կերպով ուտելիք, ժամանակավոր ծածկ և այլ նյութական օգնություն տրամադրվեց: Չիլիի Սրբերը լսեցին Տիրոջ ձայնը Նրա Եկեղեցու և դրա ղեկավարների միջոցով, որոնք պատասխանեցին իրենց նյութական կարիքներին: Սակայն, որքան էլ բավարար էր քահանայության ուղին, յուրաքանչյուր անդամ պետք է աղոթքով փնտրեր Տիրոջը և սփոփանքի ու առաջնորդության անհատական ուղերձ ստանար, որը գալիս է Սուրբ Հոգու միջոցով նրանց, ովքեր փնտրում և լսում են:

Մեր միսիոներական աշխատանքն այդ երկու ուղիների մեկ այլ օրինակ է: Տղամարդիկ և կանայք, ովքեր կանչվում են միսիոներ լինելու, արժանի և պատրաստակամ են քահանայության ուղով ստացած ուսմունքների և անձնական ուղով ստացած վկայության շնորհիվ: Նրանք կանչվում են քահանայության ուղով: Ապա որպես Տիրոջ ներկայացուցիչներ և Նրա քահանայության ուղու ղեկավարման ներքո՝ նրանք ուսուցանում են հետաքրքրվողներին: Երբ արդեն անկեղծ փնտրողները լսել են ճշմարտությունը, միսիոներները խրախուսում են նրանց աղոթել, որպեսզի անձնական ուղու միջոցով ինքնուրույն իմանան ուղերձի ճշմարտացիության մասին:

Վերջին օրինակը ցույց է տալիս, թե ինչպես են այդ սկզբունքներն առնչվում քահանայության իշխանությանը ընտանիքում և Եկեղեցում:2 Եկեղեցում քահանայության ամբողջ իշխանությունը գործում է մեկ անձի ղեկավարության ներքո, որը կրում է քահանայության համապատասխան բանալիները: Դա քահանայության ուղին է: Իսկ իշխանություն կրողը, որը նախագահում է ընտանիքում, լինի հայրը կամ միայնակ մայրը, ընտանեկան հարցերում գործում է առանց լիազորվելու քահանայության բանալիներ կրող որևէ անձի կողմից: Դա նման է անձնական ուղուն: Երկու ուղիներն էլ պետք է գործեն և մեր ընտանեկան, և մեր անձնական կյանքում, եթե մենք պետք է աճենք և հասնենք Իր զավակների համար մեր Երկնային Հոր ծրագրով նախանշված ճակատագրին:

Մենք պետք է հավասարապես օգտագործենք և անձնական և քահանայության ուղիները, որպեսզի աճենք. դա է մահկանացու կյանքի նպատակը: Եթե անձնական կրոնական սովորույթները չափից դուրս հիմնվում են անձնական ուղու վրա, անհատականությունը ջնջում է աստվածային իշխանության կարևորությունը: Եթե անձնական կրոնական գործելակերպն անչափ շատ է հիմնվում քահանայական ուղու վրա, անհատական աճը տուժում է: Աստծո զավակները երկու ուղու կարիքն էլ ունեն՝ իրենց հավերժական նպատակին հասնելու համար: Վերականգնված ավետարանն ուսուցանում է այդ երկու ուղին, և վերականգնված Եկեղեցին ապահովում է այդ երկու ուղին:

Ես վկայում եմ Տիրոջ մարգարե՝ Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի մասին, որը կրում է քահանայության ուղին կառավարելու բանալիները: Ես վկայում եմ Տեր Հիսուս Քրիստոսի մասին, ում Եկեղեցին է սա: Եվ ես վկայում եմ վերականգնված ավետարանի մասին, որի ճշմարտությունը կարող է իմանալ մեզանից յուրաքանչյուրը՝ դեպի մեր Երկնային Հայրը տանող անգին անձնական ուղու միջոցով: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

  1. In “Letter from Elder W. H. Kelley,” The Saints’ Herald, Mar. 1, 1882, 68. A similar report is quoted in B. H. Roberts, A Comprehensive History of the Church, 1:131.

  2. Տես Dallin H. Oaks, “Priesthood Authority in the Family and the Church,” Liahona, Nov. 2005, 24–27: