2010–2019 թթ․
Մեկ կարևոր խնդրանք իմ քույրերին
Հոկտեմբեր 2015


15:33

Մեկ կարևոր խնդրանք իմ քույրերին

Մենք ձեր ուժի, ձեր դարձի, ձեր համոզմունքի, ձեր ղեկավարելու ունակության, ձեր իմաստության և ձեր ձայների կարիքն ունենք:

Սիրելի Երեցներ՝ Ռազբանդ, Սթիվենսոն և Ռենլանդ, մենք՝ ձեր Եղբայրները, ողջունում ենք ձեզ Տասներկու Առաքյալների Քվորում: Մենք շնորհակալություն ենք հայտնում Աստծուն՝ հայտնությունների համար, որ Նա տալիս է Իր մարգարե՝ Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնին:

Եղբայրներ և քույրեր, երբ մենք հանդիպեցինք գերագույն համաժողովին վեց ամիս առաջ, մեզանից ոչ ոք չգիտեր ինչպիսի փոփոխություններ են սպասվում Եկեղեցում, որոնք պետք է խորապես հուզեին բոլորին: Երեց Լ. Թոմ Փերին հզոր ուղերձ հղեց Տիրոջ ծրագրում ամուսնության և ընտանիքի անփոխարինելի դերի մասին: Մենք ապշեցինք, երբ ընդամենը մի քանի օր անց իմացանք քաղցկեղի մասին, որը շուտով պետք է նրան տաներ մեզանից:

Թեպետ Նախագահ Բոյդ Կ. Փաքերի առողջությունը շարունակ վատթարանում էր, նա շարունակում էր քաջաբար իր ջանքերը ներդնել Տիրոջ աշխատանքում: Ապրիլ ամսին նա շատ թույլ էր իրեն զգում, սակայն վճռականորեն հայտարարեց իր վկայությունը, քանի դեռ ապրում էր: Այնուհետև Երեց Փերիի մահից ընդամենը 34 օր անց Նախագահ Փաքերը ևս անցավ վարագույրի մյուս կողմը:

Վերջին գերագույն համաժողովին Երեց Ռիչարդ Գ. Սքոթը ներկա չէր, սակայն մենք անդրադարձանք Փրկչի մասին այն հզոր վկայությանը, որ նա բերել էր նախկին համաժողովների ժամանակ: Եվ ընդամենը 12 օր առաջ Երեց Սքոթը կանչվեց տուն և միացավ իր սիրելի Ջենինին:

Ես արտոնություն եմ ունեցել լինելու այդ բոլոր Եղբայրների կողքին իրենց վերջին օրերին, նաև նրանց կյանքից հեռանալու պահին եղել եմ Նախագահ Փաքերի և Երեց Սքոթի ընտանիքների անդամների հետ: Ինձ համար դժվար է հավատալ, որ այդ երեք թանկագին ընկերները, Տիրոջ այդ հրաշալի ծառաները հեռացան կյանքից: Ես կարոտում եմ նրանց ավելի, քան կարող եմ ասել:

Երբ խորհում էի իրադարձությունների այդ անսպասելի շրջադարձի մասին, մի բան, որը նկատեցի և չեմ կարողանում մոռանալ դա նրանց կանայք են: Մտքիցս չեն հեռանում Քույր Դոննա Սմիթ Փաքերը և Քույր Բարբարա Դեյթոն Փերին՝ նստած իրենց ամուսինների մահճակալի կողքին՝ լի սիրով, ճշմարտությամբ և մաքուր հավատքով:

Երբ Քույր Փաքերը նստած էր իր ամուսնու կողքին նրա վերջին ժամերին, նա խաղաղություն էր ճառագում, որը ամեն պատկերացումից վեր է: Թեպետ նա հասկանում էր, որ իր 70 տարվա ամուսինը շուտով հեռանալու է, նա հավատքով լի կնոջ հանգստություն էր դրսևորում: Նա ասես հրեշտակ լիներ, ճիշտ ինչպես այս լուսանկարում է, երբ նրանք մասնակցում էին Բրիգամ Սիթի Յուտա տաճարի նվիրագործմանը:

Նախագահ և Քույր Փաքերները Բրիգամ Սիթի Յուտա տաճարում

Ես տեսել եմ, որ նման սեր և հավատք էր ճառագում Քույր Փերին: Ակնհայտ էր նրա նվիրվածությունն իր ամուսնուն և Տիրոջը, և դա ինձ խորապես հուզել էր:

Երեց և Քույր Փերիները

Իրենց ամուսինների կյանքի վերջին ժամերին և մինչ օրս այդ քաջարի կանայք ուժ և քաջություն են դրսևորում, որը միշտ հատուկ է եղել ուխտ պահող կանանց: Անհնար է չափել ազդեցությունը, որ այդ կանայք ունեն, ոչ միայն իրենց ընտանիքներում, այլև Տիրոջ Եկեղեցում որպես կանայք, մայրեր և տատիկներ, որպես քույրեր և մորաքույրներ, որպես ուսուցիչներ և ղեկավարներ, և հատկապես որպես հավատքի օրինակներ և բարեպաշտ պաշտպաններ:

Այդպես է եղել Ադամի և Եվայի օրերից ի վեր՝ ավետարանի յուրաքանչյուր տնտեսության մեջ: Սակայն այս տնտեսության կանայք տարբերվում են մյուս բոլոր տնտեսությունների կանանցից, քանի որ այս տնտեսությունը տարբերվում է մյուսներից: Այդ առանձնահատկությունը բերում է թե արտոնություններ և թե պատասխանատվություններ:

Նախագահ Քիմբալի դիմանկարը

Երեսունվեց տարի առաջ, 1979թ. Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալը կարևոր մարգարեություն կատարեց այն մասին, թե ուխտ պահող կանայք ինչ ազդեցության կունենան Տիրոջ Եկեղեցու ապագայի վրա: Նա մարգարեացավ. «Եկեղեցին վերջին օրերին աննախադեպ աճ կապրի, որովհետև աշխարհի լավ կանանցից շատերը … մեծ թվով կներգրավվեն Եկեղեցում: Դա տեղի կունենա այնքանով, որքանով Եկեղեցու կանայք կարտացոլեն արդարակեցություն և անաղարտություն իրենց կյանքում և լավ առումներով կառանձնանան և կտարբերվեն աշխարհի կանանցից:

Իմ սիրելի քույրեր, դուք, որ այս վերջին օրերի մեր կարևոր գործընկերներն եք՝ այսօրն էր Նախագահ Քիմբալը կանխատեսել: Դուք եք նրա կանխատեսած կանայք: Ձեր առաքինությունը, լույսը, սերը, գիտելիքը, քաջությունը, բնավորությունը, հավատքը և արդարակյաց կյանքը՝ աներևակայելի թվով աշխարհի լավ կանանց իրենց ընտանիքների հետ միասին կգրավի դեպի Եկեղեցին:

Մենք, ձեր եղբայրները, ձեր ուժի, ձեր դարձի, ձեր ղեկավարելու ունակության, ձեր իմաստության և ձեր ձայների կարիքն ունենք: Աստծո արքայությունը չի կարող լիարժեք լինել առանց կանանց, ովքեր սուրբ ուխտեր են կապում և ապա պահում, կանայք, ովքեր կարողանում են խոսել Աստծո զորությամբ և իշխանությամբ:

Նախագահ Փաքերը հայտարարել է.

«Մենք կարիք ունենք կանանց, ովքեր կազմակերպված են և կազմակերպչական ձիրք ունեն: Մենք կարիք ունենք ղեկավարելու հմտությամբ կանանց, ովքեր կարողանում են ծրագրել, ուղղորդել և սպասավորել, կանայք, ովքեր ուսուցանում են, ովքեր կարողանում են արտահայտել իրենց խոսքը: …

Մենք կարիք ունենք խորաթափանց կանանց, ովքեր կարողանում են տեսնել աշխարհի միտումները և ի հայտ բերել՝ թեպետ հանրաճանաչ, սակայն մակերեսային կամ վտանգավոր միտումները»:

Այսօր, ուզում եմ ավելացնել, որ մենք կարիք ունենք կանանց, ովքեր գիտեն ինչպես կատարել կարևոր բաներ հիմնվելով իրենց հավատքի վրա, և ովքեր բարոյականության և ընտանիքի քաջարի պաշտպաններն են մեղսավոր աշխարհում: Մենք կարիք ունենք կանանց, ովքեր Աստծո զավակներին նվիրված կառաջնորդեն ուխտի ճանապարհով դեպի վեհացում, կանայք, ովքեր գիտեն ինչպես ստանալ անձնական վկայություն, ովքեր հասկանում են տաճարային օժտման զորությունն ու խաղաղությունը, կանայք, ովքեր գիտեն ինչպես օգնություն ստանալ երկնքի զորություններից՝ պաշտպանելու և ամրացնելու իրենց զավակներին և ընտանիքները, կանայք, ովքեր ուսուցանում են աներկյուղ:

Իմ կյանքում ես օրհնվել եմ նման կանանց շնորհիվ: Իմ հանգուցյալ կինը՝ Դենզելը, այդպիսի կին էր: Ես միշտ երախտապարտ կլինեմ կյանքը փոխող այն ազդեցության համար, որ նա ունեցել է իմ կյանքի բոլոր ոլորտներում, հատկապես՝ երբ առաջին քայլերն էի կատարում բաց սրտի վիրահատության ոլորտում:

Հիսունութ տարի առաջ ինձ խնդրեցին վիրահատել ի ծնե սրտի ծանր արատով մի աղջնակի: Նրա մեծ եղբայրը մահացել էր այդ նույն արատի պատճառով: Նրա ծնողներն օգնություն էի աղերսում: Ես լավատեսորեն չէի տրամադրված արդյունքի առումով, սակայն երդվեցի, որ իմ ուժերի սահմանում ամեն ինչ կանեմ նրա կյանքը փրկելու համար: Երեխան մահացավ, չնայած լավագույն ջանքերս էի ներդրել: Ավելի ուշ, այդ նույն ծնողներն իրենց մյուս դստերը բերեցին ինձ մոտ, որն այդ ժամանակ 16 ամսական էր՝ կրկին սրտի արատով: Կրկին իրենց խնդրանքով ես վիրահատությունը կատարեցի: Այդ երեխան ևս մահացավ: Այդ սրտակեղեք երրորդ կորուստը մեկ ընտանիքում ամբողջովին տակնուվրա արեց հոգիս:

Վշտացած սրտով ես գնացի տուն: Ընկա մեր հյուրասենյակի հատակին և ամբողջ գիշեր լաց եղա: Դենզելը մնաց կողքիս՝ լսելով ինչպես եմ անընդհատ կրկնում, որ այլևս ոչ մի սրտի վիրահատություն չեմ կատարի: Այնուհետև առավոտյան 5:00-ի մոտ Դենզելը նայեց ինձ և սիրալիր հարցրեց. «Ավարտեցի՞ր լացդ: Դե հագնվիր: Գնա լաբորատորիա, գնա աշխատանքիդ: Դու պետք է շարունակես սովորել: Եթե հիմա հեռանաս, մյուսները պետք է ստիպված ցավով սովորեն այն, ինչ դու արդեն գիտես»:

Օ՜, որքան կնոջս կանխատեսության, հաստատակամության և սիրո կարիքն ունեի: Ես վերադարձա աշխատանքի և ավելի շատ սովորեցի: Եթե չլիներ Դենզելի ոգեշնչված քաջալերումը ես չէի վարպետանա բաց սրտի վիրահատության ոլորտում և պատրաստ չէի լինի կատարելու 1972թ. վիրահատությունը, որը փրկեց Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալի կյանքը:

Քույրեր, դուք հասկանո՞ւմ եք, թե որքան մեծ է ձեր ազդեցությունը, երբ դուք խոսում եք այն, ինչ Հոգու միջոցով գալիս է ձեր սիրտ և միտք: Մի հրաշալի ցցի նախագահ պատմեց ինձ իր ցցի խորհրդի մի ժողովի մասին, որտեղ նրանք քննարկում էին մի դժվար խնդիր: Մի պահ նա հասկացավ, որ ցցի Երեխաների Միության նախագահը չէր խոսել և խնդրեց նրան, որ նա կիսվեր իր տպավորություններով: «Դե ես ուզում եմ ասել»,- ասաց նա և շարունակեց իր միտքը, որը փոխեց ողջ ժողովի ընթացքը: Այդ ցցի նախագահն ասաց. «Երբ նա խոսում էր Հոգին վկայեց ինձ, որ նա բարձրաձայնում էր այն հայտնությունը, որ մենք փնտրում էինք որպես խորհուրդ»:

Իմ սիրելի քույրեր, ինչպիսին էլ որ լինի ձեր կոչումը, հանգամանքները, մենք ձեր տպավորությունների, մտքերի և ոգեշնչման կարիքն ունենք: Մենք ուզում ենք, որ դուք խոսեք և արտահայտվեք ծխի ու ցցի խորհուրդներում: Մենք ուզում ենք, որ յուրաքանչյուր ամուսնացած քույր խոսի որպես «իր ավանդը բերող և լիարժեք գործընկեր», երբ միանա իր ամուսնուն իրենց ընտանիքի կառավարման գործում: Լինեք ամուսնացած թե ամուրի, քույրեր, դուք ունեք առանձնահատուկ ունակություններ և հատուկ ներըմբռնում, որ ստացել եք Աստծուց որպես պարգև: Մենք՝ եղբայրներս չենք կարող ընդօրինակել ձեր յուրահատուկ ազդեցությունը:

Մենք գիտենք, որ ողջ արարման գագաթնակետը կնոջ արարումն էր: Մենք ձեր ուժի կարիքն ունենք:

Եկեղեցու, Եկեղեցու վարդապետության և մեր կենսակերպի դեմ հարձակումները գնալով ավելանալու են: Այդ իսկ պատճառով մենք կարիքն ունենք կանանց, ովքեր հիմնավոր կերպով հասկանում են Եկեղեցու վարդապետությունը և ովքեր օգտագործելով այդ հասկացողությունը կուսուցանեն և կմեծացնեն մեղքին դիմակայող սերունդ: Մեզ պետք են կանայք, ովքեր բացահայտում են խաբեությունն իր բոլոր դրսևորումներով: Մեզ պետք են կանայք, ովքեր գիտեն ինչպես օգտվեն զորությունից, որ Աստված հնարավոր է դարձնում ուխտ պահողների համար և ովքեր արտահայտում են իրենց համոզմունքները վստահորեն և կարեկցանքով: Մեզ պետք են կանայք, ովքեր ունեն մեր Մայր Եվայի քաջությունն ու կանխատեսությունը:

Իմ սիրելի քույրեր, ձեր հավերժական կյանքի համար ոչինչ այնքան կարևոր չէ, որքան ձեր անձնական դարձը: Դարձի եկած, ուխտ պահող կանանց՝ իմ սիրելի կնոջ Վենդիի պես կանանց արդարակյաց կյանքն ավելի ակնհայտ կդառնա բարոյալքվող աշխարհում, և այդպիսով նրանք կտարբերվեն և կառանձնանան լավագույն առումներով:

Այնպես որ, այսօր ես աղերսում եմ ձեզ՝ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու քույրեր, շարունակեք գործել: Ավելի քան երբևէ ձեր օրինական և կարևոր տեղը զբաղեցրեք ձեր տանը, ձեր համայնքում և Աստծո արքայությունում: Ես խնդրում եմ ձեզ իրականություն դարձրեք Նախագահ Քիմբալի մարգարեությունը: Եվ ես Հիսուս Քրիստոսի անունով խոստանում եմ ձեզ, որ այդպիսով Սուրբ Հոգին աննախադեպ ձևով կմեծացնի ձեր ազդեցությունը:

Ես բերում եմ իմ վկայությունը Տեր Հիսուս Քրիստոսի իսկության և Նրա փրկագնող, քավող և սրբագործող զորության մասին: Եվ որպես Նրա Առաքյալներից մեկը ես շնորհակալություն եմ ասում ձեզ իմ սիրելի քույրեր, և օրհնում եմ ձեզ որ հասնեք ձեր լիարժեք ներուժին, որպեսզի իրագործեք ձեր ստեղծման նպատակը, երբ ձեռք-ձեռքի քայլենք այս սրբազան աշխատանքում: Միասին մենք կօգնենք նախապատրաստել աշխարհը Տիրոջ Երկրորդ Գալստյան համար: Այս մասին ես վկայում եմ, որպես ձեր եղբայր, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Տես Փիլիպպեցիս 4.7

  2. Սա արցունքներ է բերում, պահելով պատվիրանը սգալ նրանց համար, ում մենք սիրում ենք, երբ նրանք ավարտում են այս կյանքը (տես Վարդապետություն և Ուխտեր 42.45):

  3. Տես Ռեբեկայի ազդեցությունը Իսահակի և իրենց որդի Հակոբի վրա, Ծննդոց 27.46, 28.1–4 :

  4. Տես Joseph Fielding Smith, Answers to Gospel Questions, comp. Joseph Fielding Smith Jr., 5 vols. (1957–66), 4:166. Ուշադրություն դարձրեք. Բոլոր նախորդ տնտեսությունները սահմանափակվում էին աշխարհի մի փոքր հատվածով և ավարտվել էին ուրացության պատճառով: Ի տարբերություն, այս տնտեսությունը չի սահմանափակվի տեղով կամ ժամանակով: Այն կլցնի աշխարհը և կմիաձուլվի Տիրոջ Երկրորդ Գալստան հետ:

  5. Teachings of Presidents of the Church: Spencer W. Kimball (2006), 222–23.

  6. Երբ ես ծնվեցի Եկեղեցու անդամների թիվը 600 000-ից մի փոքր պակաս էր: Այսօր ավելի քան 15 միլիոն է: Այդ թիվը կշարունակի աճել:

  7. Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթն ասել է Սփոփող Միության քույրերին. «Դուք կարող եք խոսել իշխանությամբ, որովհետև Տերն իշխանություն է տվել ձեզ»: Նա նաև ասել է, որ Սփոփող Միությանը «զորություն և իշխանություն է տրվել անելու շատ հրաշալի բաներ: Աշխատանքը, որ նրանք անում են, կատարվում է աստվածային իշխանությամբ» (“Relief Society—an Aid to the Priesthood,” Relief Society Magazine, Jan. 1959, 4, 5): Այս մեջբերումները նաև օգտագործել է Երեց Դալլին Հ. Օուքսը համաժողովի իր ելույթում, «Քահանայության բանալիներն ու իշխանությունը», Լիահոնա, մայիս 2014, 51:

  8. Boyd K. Packer, “The Relief Society,” Ensign, Nov. 1978, 8; see also M. Russell Ballard, Counseling with Our Councils: Learning to Minister Together in the Church and in the Family (1997), 93.

  9. Տես Spencer J. Condie, Russell M. Nelson: Father, Surgeon, Apostle (2003), 146, 153–56. Ուշադրություն դարձրեք. 1964թ. Նախագահ Քիմբալն ինձ ձեռնադրեց որպես ցցի նախագահ և օրհնեց, որ սրտի փականի վիրահատությունների ոլորտում իմ առաջին ջանքերը ներդնելու հետ միասին նվազեր մահացության ցուցանիշը: Այն ժամանակ մեզանից ոչ ոք չգիտեր, որ ութ տարի անց ես վիրահատելու էի Նախագահ Քիմբալին, փոխարինելով նրա սրտի աորտայի փականը:

  10. «Երբ խոսում ենք ամուսնության մասին որպես գործընկերության, եկեք ամուսնության մասին խոսենք որպես լիարժեք գործընկերություն: Մենք չենք ուզում, որ մեր ՎՕՍ կանայք լինեն լռակյաց կամ սահմանափակ գործընկերներ այդ հավերժական նշանակման մեջ: Խնդրում ենք եղեք ներդրում կատարող և լիարժեք գործընկեր» (Spencer W. Kimball, “Privileges and Responsibilities of Sisters,” Ensign, Nov. 1978, 106):

  11. «Բոլոր նպատակներն աշխարհի և այն ամենի, ինչ կա աշխարհում, ի չիք կդառնան առանց կնոջ, ով արարման քահանայության կամարի պորտաքարն է» (Russell M. Nelson, “Lessons from Eve,” Ensign, Nov. 1987, 87): «Եվան դարձավ Աստծո վերջին արարումը, մինչ այդ կատարված ողջ հրաշալի աշխատանքի մեծագույն ամփոփումը» (Gordon B. Hinckley, “The Women in Our Lives,” Liahona, Nov. 2004, 83):

  12. See Russell M. Nelson, “Children of the Covenant,” Ensign, May 1995, 33.