Ինչո՞ւ Եկեղեցին
Արժե դադար տալ և խորհել, թե ինչու է Հիսուս Քրիստոսը ընտրում օգտագործել եկեղեցի, Իր Եկեղեցին, որպեսզի կատարի Իր և Իր Հոր աշխատանքը:
Իմ ողջ կյանքի ընթացքում Եկեղեցու գերագույն համաժողովները եղել են հոգևոր իրադարձություններ, իսկ Եկեղեցին՝ ինքը, եղել է Տիրոջը ճանաչելու մի վայր: Ես հասկանում եմ, որ կան մարդիկ, ովքեր իրենց համարում են կրոնասեր կամ հոգևոր, սակայն հրաժարվում են Եկեղեցի հաճախելուց կամ նույնիսկ ժխտում են այդպիսի հաստատության կարիքը: Կրոնասերի կյանքով ապրելը նրանց համար բացառապես անձնական է: Այնուամենայնիվ, Եկեղեցին ստեղծագործությունն է Նրա՝ Հիսուս Քրիստոսի, ում մեջ կենտրոնացված է մեր հոգևորությունը: Արժե դադար տալ և խորհել, թե ինչու է Նա ընտրում օգտագործել եկեղեցի, Իր Եկեղեցին, Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին, որպեսզի կատարի Իր և Իր Հոր աշխատանքը՝ «իրականացնել մարդու անմահությունն ու հավերժական կյանքը»:
Հիսուս Քրիստոսի ավետարանը քարոզվել է Ադամի ժամանակներից սկսած և փրկության այնպիսի կարևոր արարողություններ, ինչպիսին մկրտությունն է, սպասարկվում էին ընտանիքի վրա հիմնված քահանայության կարգի միջոցով: Երբ հասարակությունների կառուցվածքն ավելի բարդացավ, քան պարզ գերդաստանի կառուցվածքն էր, Աստված նույնպես կանչեց այլ մարգարեների, սուրհանդակների և ուսուցիչների: Մովսեսի ժամանակներում, մենք կարդում ենք ավելի պաշտոնական կառուցվածքի մասին, ներառյալ՝ երեցներ, քահանաներ և դատավորներ: Մորմոնի գրքի պատմության մեջ Ալման եկեղեցի հիմնադրեց՝ քահանաներով և ուսուցիչներով:
Հետո, ժամանակների գագաթնակետին, Հիսուսը կազմակերպեց Իր աշխատանքը այնպիսի եղանակով, որ ավետարանը հնարավոր լիներ հաստատել բազմաթիվ ազգերի մեջ և տարբեր ազգությունների մեջ միաժամանակ: Այդ կազմակերպությունը՝ Հիսուս Քրիստոսի այս Եկեղեցին, հիմնվել է «առաքեալների և մարգարէների հիմքի վրա շինած, որի անկիւնի գլուխը Հիսուս Քրիստոսն է»: Այն ներառում էր հավելյալ պաշտոններ ինչպես՝ յոթանասունականները, եպիսկոպոսները, երեցները, քահանաները, ուսուցիչները և սարկավագները: Հիսուսը նմանապես հիմնադրեց Եկեղեցին Արևմտյան կիսագնդում՝ Իր Հարությունից հետո:
Ուրացությունից ու Եկեղեցու մասնատումից հետո, որը Նա կազմավորել էր մինչ երկրի վրա էր, Տերը ևս մեկ անգամ վերահաստատեց Հիսուս Քրիստոսի Եկեղեցին Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով: Հնադարյան նպատակը, այսինքն՝ քարոզել Հիսուս Քրիստոսի ավետարանի բարի լուրը և սպասավորել փրկության արարողությունները, շարունակում է գործել. այլ կերպ ասած մարդկանց բերել դեպի Քրիստոսը: Եվ հիմա, այս վերականգնված Եկեղեցու օգնությամբ, փրկագնման խոստումը դրված է հասանելիության սահմաններում, նույնիսկ այն մահացածների հոգիների համար, ովքեր մահկանացու կյանքում գիտեին շատ քիչ կամ ոչինչ չգիտեին Փրկիչի շնորհի մասին:
Ինչպե՞ս է Եկեղեցին իրականացնում Տիրոջ նպատակները: Կարևոր է հասկանալ, որ Աստծո վերջնական նպատակը մեր առաջընթացն է: Նրա ցանկությունն է, որ մենք շարունակենք «շնորհից շնորհ, մինչև որ ստանանք լիությունն» այն ամենի, որ Նա կարող է տալ: Դա պահանջում է ավելին, քան պարզապես բարի կամ հոգևոր լինելն է: Այն պահանջում է հավատ առ Հիսուս Քրիստոս, ապաշխարություն, մկրտություն ջրով ու Հոգով և հավատքով տոկալը մինչև վերջ: Հնարավոր չէ հասնել դրան մեկուսացման մեջ, այսպիսով, Տիրոջ հիմնական նպատակներից մեկը Սրբերի այնպիսի համայնքի ստեղծումն է, որտեղ նրանք կաջակցեն մեկը մյուսին «այս նեղ և անձուկ արահետի վրա, որը տանում է դեպի հավերժական կյանք»:
«Եվ Քրիստոսն առավ մի քանիսին տուաւ առաքյալներ լինելու, մի քանիսին մարգարէներ, մի քանիսին աւետարանիչներ, մի քանիսին հովիվներ և վարդապետներ:
… Պաշտոնի գօրծի համար, Քրիստոսի մարմնի շինության համար.
Մինչև որ ամենքս հասնենք հավատքի և Աստուծոյ Որդին ճանաչելու միութեանը. և կատարեալ մարդ լինինք Քրիստոսի կատարեալ հասակի չափովը»:
Հիսուս Քրիստոսը «նրանց հավատքի հեղինակն ու ամբողջացնողն էր»: Քրիստոսի անունը մեզ վրա վերցնելու կարևոր մասն է կազմում մեր միավորումը Նրա մարմնին՝ Եկեղեցուն: Մենք գիտենք, որ հին Եկեղեցին «հաճախ հավաքվում էր՝ ծոմ պահելու ու աղոթելու, և խոսելու մեկը մյուսի հետ, իրենց հոգիների բարօրության վերաբերյալ» «և լսելու Տիրոջ խոսքը»: Այսօր Եկեղեցում նույնպես այդպես է: Միավորված հավատքով, մենք ուսուցանում ենք, կատարելագործում մեկս մյուսին և ձգտում հասնել աշակերտության կատարյալ չափին, «Քրիստոսի կատարեալ հասակի չափովը»: Մենք ձգտում ենք օգնել միմյանց, գալ դեպի «Աստծոյ Որդուն ճանաչելու միութեանը», մինչև այն օրը, երբ «այլևս մէկ մարդ իր ընկերին և մէկ մարդ իր եղբորը պիտի չսովորեցնէ, ասելով թե՝ ճանաչեցեք Տիրոջը, որովհետև նորանք ամենքը պիտի ճանաչեն ինձ, նորանց փոքրերիցը մինչև նորանց մեծերը, ասում է Տերը»:
Եկեղեցում մենք ոչ միայն սովորում ենք աստվածային վարդապետությունը, այլ նաև զգում ենք դրա կիրառությունը: Որպես Քրիստոսի մարդիկ, Եկեղեցու անդամները ծառայում են մեկը մյուսին առօրյա կյանքի իրականության մեջ: Մենք բոլորս անկատար ենք. մենք կարող ենք վիրավորել և վիրավորված լինել: Մենք հաճախ ստուգում ենք միմյանց մեր անձնական առանձնահատկություններով: Հիսուսի մարմնում մենք պիտի վեր կանգնենք գաղափարներից ու բարձրագոչ բառերից և ունենանք իսկական կյանքի փորձ, երբ մենք սովորում ենք «ապրել միասին սիրով»:
Այս կրոնը կենտրոնացած չէ միայն իր վրա. ավելի շուտ մենք բոլորս ենք կանչված ծառայելու: Մենք աչքերը, ձեռքերը, գլուխը, ոտքերը և այլ անդամներն ենք Քրիստոսի մարմնի և նույնիսկ «մարմնի այն անդամները՝ որ երևում են թե տկարագոյն են, նորանք հարկավոր են»: Մեզ հարկավոր են այս կոչումները և մենք պիտի ծառայենք:
Իմ ծխի տղամարդկանցից մեկը մեծացավ ոչ միայն առանց ծնողական աջակցության, այլ նաև Եկեղեցում նրա ակտիվությանը խանգարող ծնողական ընդդիմությամբ: Հաղորդության ժողովին նա հետևյալ դիտարկումն արեց. «Իմ հայրը չի կարողանում հասկանալ, թե ինչո՞ւ պիտի գնանք Եկեղեցի, եթե դրա փոխարեն կարելի է գնալ դահուկներով սահելու, բայց ես իրականում շատ եմ սիրում Եկեղեցի գալ: Եկեղեցում մենք բոլորս նույն ուղևորությունն ենք կատարում, և այդ ուղևորությունը ոգեշնչում է ինձ ուժեղ երիտասարդներով, մաքուր երեխաներով և նրանով, ինչ ես լսում ու սովորում եմ այլ մեծերից: Ես զորանում եմ շփումներով և ոգևորվում ավետարանով ապրելու ուրախությամբ»:
Եկեղեցու ծխերն ու ճյուղերը կազմակերպում են հանգստի ու նորոգման շաբաթական հավաքներ: Դա մի ժամանակ ու տեղ է, ուր կարելի է աշխարհը թողնել ետևում՝ ինչպես անում ենք Հանգստության օրը: Դա մի օր է, երբ մենք «ցնծում ենք Տէրով», որպեսզի զգանք այն հոգևոր բուժումը, որը գալիս է հաղորդության հետ և ստանանք մեզ հետ լինելու Նրա Հոգու նորացված խոստումը:
Հիսուս Քրիստոսի մարմնի մասերից մեկը լինելու մեծ օրհնություններից մեկը, որը հավանաբար այս պահին որպես օրհնություն չի թվա, այն է, որ մեզ հանդիմանում են մեղքի կամ սխալի համար: Մենք հակված ենք ներելու կամ արդարացնելու մեր սխալները, իսկ երբեմն էլ պարզապես չգիտենք, թե ինչում պիտի ուղղվենք կամ ինչպես անենք այդ: Առանց նրանց, ովքեր կարող են հանդիմանել մեզ «ժամանակին խստությամբ հանդիմանելով, երբ ներշնչվում ես Սուրբ Հոգով», մենք երևի քաջության պակաս կունենայինք՝ փոխվելու և լիովին հետևելու Տիրոջը: Ապաշխարությունն անհատական խնդիր է, բայց ինչ-որ մեկին ընկերակցելն այս, երբեմն, ցավոտ ճանապարհին տեղի է ունենում միայն Եկեղեցում:
Եկեղեցին՝ որպես Քրիստոսի մարմին թեմայի քննարկման ժամանակ, մենք միշտ պիտի հիշենք երկու բան: Առաջինը՝ մենք չենք ձգտում զրուցել Եկեղեցու հետ, այլ զրուցել Քրիստոսի ու Նրա ավետարանի հետ, զրույց, որը հեշտանում է Եկեղեցու միջոցով: Մորմոնի գիրքը դա արտահայտում է ամենալավ ձևով, երբ ասում է, որ «մարդիկ դարձի եկան դեպի Տերը և միացվեցին Քրիստոսի Եկեղեցուն»: Երկրորդ՝ մենք պիտի հիշենք, որ Եկեղեցին սկզբում ընտանիք էր, և նույնիսկ այսօր, որպես երկու հաստատություն, ընտանիքը և Եկեղեցին ծառայում և զորացնում են մեկը մյուսին: Ոչ մեկը մյուսին չի փոխարինում և Եկեղեցին նույնիսկ իր լավագույն ձևով չի կարող փոխարինել ծնողներին: Ավետարանի ուսուցման, ինչպես նաև Եկեղեցու կողմից սպասարկվող քահանայական արարողությունների նպատակն այն է, որ ընտանիքները կարողանան պատրաստվել հավերժական կյանքին:
Գոյություն ունի երկրորդ գլխավոր պատճառը, թե Փրկիչն ինչու է աշխատում Եկեղեցու միջոցով, Իր Եկեղեցու, որպեսզի հասնի անհրաժեշտ բաների, որոնց հնարավոր չէ հասնել անհատների կամ ավելի փոքր խմբերի միջոցով: Մի պարզ օրինակ առնչվում է աղքատության հետ: Ճիշտ է, որ որպես անհատներ և ընտանիքներ մենք հոգ ենք տանում ուրիշների ֆիզիկական կարիքների մասին՝ «մեկմեկու բաժին հանելով՝ և՛ աշխարհիկով, և՛ հոգևորով՝ համաձայն իրենց կարիքների ու պահանջների»: Բայց միասին՝ Եկեղեցում, աղքատների և կարիքավորների մասին հոգ տանելու կարողությունը բազմապատկվում է, որպեսզի բավարարի ավելի մեծ կարիքներ և հույս հայտնվում, որ ինքնապահովումը իրականություն է դառնում յուրաքանչյուր մարդու համար: Բացի այդ, Եկեղեցին, նրա Սփոփող Միությունը և Քահանայության Քվորումները կարողություն ունեն օգնություն ապահովել շատ մարդկանց շատ վայրերում, որոնք տուժել են բնական աղետներից, պատերազմից և հալածանքից:
Առանց Իր Եկեղեցու կարողությունների՝ տեղերում, ավետարանն աշխարհին տանելու Փրկիչի առաջադրանքը չէր իրականանա: Չէին լինի առաքելական բանալիները, կառույցները ֆինանսական միջոցներ և հազար-հազարավոր միսիոներների նվիրումն ու զոհաբերությունը պիտի իրականացնեն աշխատանքը: Հիշեք. «Արքայության այս Ավետարանը պիտի քարոզվի ողջ աշխարհում, որպես վկայություն բոլոր ազգերի համար, և այն ժամանակ կգա վերջը»:
Եկեղեցին կարող է կառուցել և գործարկել տաճարներ՝ Տիրոջ տները, որտեղ կարող են կատարվել կարևոր արարողություններ և ուխտեր կնքվել: Ջոզեֆ Սմիթը հայտարարել է, որ Իր ժողովրդին հավաքելու Աստծո նպատակը բոլոր դարերում եղել է «կառուցել տուն Տիրոջ համար, որտեղ Նա կարող է Իր ժողովրդին հայտնել Իր տան արարողություններն ու Իր արքայության փառքերը և սովորեցնել Իր ժողովրդին փրկության ճանապարհը, քանզի կան որոշակի արարողություններ ու սկզբունքներ, որ երբ դրանք ուսուցանվում են, պետք է արվեն կամ կիրառվեն մի տեղում կամ տանը, որը կառուցված է այդ նպատակի համար»:
Եթե մարդը հավատում է, որ բոլոր ճանապարհները տանում են դեպի երկինք կամ փրկության համար գոյություն չունի ոչ մի հատուկ պահանջ, նա չի հասկանա ավետարանի հռչակման անհրաժեշտությունը և արարողությունների ու ուխտերի կարիքը ոչ ողջերի, ոչ էլ մահացածների փրկագնման համար: Բայց մենք խոսում ենք ոչ միայն անմահության, այլ նաև հավերժական կյանքի մասին, իսկ դրա համար կարևոր են ավետարանի ճանապարհն ու ավետարանի ուխտերը: Իսկ Փրկիչը կարիք ունի, որ Եկեղեցին դրանք մատչելի դարձնի Աստծո բոլոր զավակների համար՝ ողջ և մահացած:
Վերջին պատճառը, որը ես կնշեի, թե Տերն ինչու է հիմնել Իր Եկեղեցին, ամենայուրօրինակն է. Եկեղեցին, ի վերջո, Աստծո արքայությունն է երկրի վրա:
Երբ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին հաստատվում էր 1830-ականներին, Տերն ասաց Մարգարե Ջոզեֆ Սմիթին. «Բարձրացրեք ձեր սրտերն ու ցնծացեք, քանզի արքայությունը, կամ այլ խոսքով, եկեղեցու բանալիները տրվել են ձեզ»: Այս բանալիների լիազորությամբ Եկեղեցու քահանայության պաշտոնավորնեըը պահպանում են Փրկիչի վարդապետության մաքրությունը և Նրա փրկարար արարողությունների ամբողջությունը: Նրանք օգնում են պատրաստել նրանց, ովքեր ցանկանում են ստանալ դրանք, որոշում են դիմողների պատրաստվածությունը և արժանավորությունը, ապա իրականացնում դրանք:
Աստծո արքայության բանալիներով Տիրոջ ծառաները կարող են ճանաչել թե ճշմարտությունը, թե կեղծիքը և մի անգամ ևս հեղինակավոր կերպով հայտարարել. «Այսպես ասել է Տերը»: Ցավոք, ոմանք վիրավորվում են Եկեղեցուց, որովհետև նրանք ցանկանում են ստեղծել իրենց սեփական ճշմարտությունը, բայց իրականում գերազանց օրհնություն է ստանալ «գիտություն բաների մասին, ինչպես որ [իրոք] կան, և ինչպես որ կային, և ինչպես որ կլինեն»՝ այնքանով, որքանով Տիրոջ կամքն է բացահայտել այն: Եկեղեցին պահպանում և հրատարակում է Աստծո հայտնությունները՝ կանոնիկ սուրբ գրությունները:
Երբ Դանիելը մեկնաբանեց Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսորի երազը, իմաց տալով արքային, թե «ինչ պիտի լինի գալիք օրերում», նա հայտարարեց, որ «երկնքի Աստուածը մեկ թագավորութիւն է վեր կացնելու, որ յաւիտենս չի աւերուիլ, և նորա տէրութիւնը ուրիշ ազգի չի տրուիլ. Նա պիտի փշրէ և վերջացնէ այս բոլոր թագաւորութիւնները. իսկ նա ինքը կմնա հաւիտեանս»: Եկեղեցին այդ մարգարեացած վերջին օրերի թագավորությունն է, բայց ոչ թե մարդու կողմից ստեղծված, այլ հիմնված երկնային Աստծո կողմից և գլորվելով առաջ որպես քար, որն առանց ձեռքի կտրվել է սարից, որպեսզի լցնի երկիրը:
Դրա ճակատագիրն է՝ հաստատել Սիոնը Հիսուս Քրիստոսի վերադարձի և հազարամյա թագավորության համար: Նախքան այդ օրը այն չի լինելու թագավորություն քաղաքական իմաստով, ինչպես Փրկիչն ասել է. «Իմ թագաւորութիւնն այս աշխարհքիցը չէ»: Ավելի շուտ դա Նրա իշխանության վստահելի անձն է երկրի վրա, Նրա սուրբ ուխտերի խնամակալը, Նրա տաճարների պահապանը, Նրա ճշմարտությունների պաշտպանն ու քարոզիչը, ցրված Իսրայելի հավաքատեղին և «պաշտպանություն և ապաստան … փոթորկից ու ցասումից, երբ այն անխառն կթափվի ողջ երկրի վրա»։
Ես ավարտում եմ Մարգարեի հայտարարությունով և աղոթքով.
«Կանչեք առ Տերը, որ նրա արքայությունն առաջ գնա երկրի վրա, որ նրա բնակիչները ստանան այն և պատրաստ լինեն գալիք օրերի համար, որի ժամանակ Մարդու Որդին կիջնի երկնքի մեջ, իր փառքի պայծառությամբ հանդերձավորված՝ դիմավորելու երկրի վրա հաստատված Աստծո արքայությանը։
Ուստի, թող Աստծո արքայությունն առաջ գնա, որ երկնքի արքայությունը գա, որպեսզի դու, ո՛վ Աստված, փառավորվես, ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա, որպեսզի քո թշնամիները հպատակեցվեն. քանզի քոնն է պատիվը, զորությունն ու փառքը, հավիտյանս հավիտենից»:
Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: