Կարիքները մեր առջև են
Ամենակարևոր կարիքները, որոնց մենք հանդիպում ենք, մեր ընտանիքներում են, մեր բարեկամների շրջապատում, մեր ծխերում և մեր համայնքներում:
Վերջին օրերին մենք վկա եղանք մի շարք բնական աղետների Մեքսիկայում, Միացյալ Նահանգներում, Ասիայում, Կարիբյան կղզիներում և Աֆրիկայում: Այն բացահայտեց լավագույն մարդկային գծերը, քանի որ հազարավոր մարդիկ օգնության հասան նրանց, ովքեր վտանգի կամ կարիքի մեջ էին, ովքեր կորուստներ էին ունեցել: Ես հուզված էի, տեսնելով, որ երիտասարդ կանայք Տեխասում և Ֆլորիդայում «Մորմոնների օգնող ձեռքերը» շապիկները հագին, շատերի հետ միասին օգնում էին աղբից մաքրել տները վերջին փոթորիկից հետո: Հազարավոր մարդիկ ևս ուրախ կլինեին գնալ կարիքի կենտրոններ օգնելու, եթե դրանք հեռու չլինեին: Փոխարենը, դուք առաջարկել եք շռայլ նվիրատվություններ ավելի փոքր կարիքների համար: Ձեր առատաձեռնությունն ու կարեկցանքը ոգեշնչող են և Քրիստոսանման:
Այսօր ես ցանկանում եմ նշել ծառայության մի ոլորտ, որը ես զգում եմ, կարևոր է բոլորի համար, անկախ այն բանից, թե մենք որտեղ ենք գտնվում: Մեզանից նրանք, ովքեր դիտել են իրադարձությունների մասին նորությունները և անօգնական են զգացել իրենց, չիմանալով ինչ անել, պատասխանը կարող են տեսնել ուղիղ մեր առջևում:
Փրկիչն ուսուցանել է. «Որովհետև ով որ կամենայ իր անձն ապրեցնել` կկորցնէ նորան. և ով որ իր անձն կորցնէ ինձ համար` նա կապրեցնէ նորան»: Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնն ասել է այս սուրբ գրության մասին. «Կարծում եմ, Փրկիչն ասում է մեզ, որ եթե մենք չկորցնենք ինքներս մեզ ուրիշներին ծառայելու մեջ, մեր անձնական կյանքն այնքան էլ նպատակասլաց չի լինի: Ովքեր միայն իրենց համար են ապրում, ի վերջո, չորանում են, այլ կերպ ասած, կորցնում են իրենց կյանքը, մինչդեռ նրանք, ովքեր կորցնում են իրենց մյուսներին ծառայելու մեջ, աճում ու ծաղկում են, արդյունքում պահպանելով իրենց կյանքը»:
Մենք ապրում ենք այնպիսի մշակույթում, որտեղ մարդիկ ավելի ու ավելի շատ կենտրոնանում են իրենց ձեռքերում գտնվող փոքր էկրանների վրա, քան թե իրենց շրջապատում գտնվող մարդկանց վրա:Մենք գերադասում ենք սոցիալական կայքերի միջոցով շփվել և ուղերձներ ուղարկել, քան թե նայել ինչ-որ մեկի աչքերի մեջ և ժպտալ, կամ շատ հազվադեպ՝ դեմ առ դեմ զրուցել:Մենք հաճախ ավելի շատ մտահոգված ենք նրանով, թե քանի մարդ է «հետևում» կամ «սիրում» մեզ, քան ձեռքը ընկերոջ ուսին դնելով և սեր, մտահոգություն և իսկական հետաքրքրություն ցուցաբերելով: Չնայած ժամանակակից տեխնոլոգիաները կարող են հրաշալի եղանակ լինել Հիսուս Քրիստոսի ավետարանի ուղերձի տարածման համար և օգնել մեզ կապի մեջ լինել ընտանիքի ու բարեկամների հետ, սակայն եթե մենք աչալուրջ չենք անձնական սարքերն օգտագործելիս, մենք ևս կարող ենք սկսել կենտրոնանալ ինքներս մեզ վրա և մոռանալ, որ ավետարանով ապրելու էությունը ծառայությունն է:
Ես մեծ սեր ու հավատ ունեմ նրանց հանդեպ, ովքեր դեռահաս են և չափահաս երիտասարդ: Ես տեսել ու զգացել եմ ծառայելու և աշխարհում փոփոխություն առաջ բերելու ձեր ցանկությունը: Ես հավատում եմ, որ անդամների մեծ մասը ծառայությունը համարում են իրենց ուխտերի և աշակերտության կենտրոնը: Բայց ես նաև կարծում եմ, որ երբեմն հեշտ է բաց թողնել ուրիշներին ծառայելու հրաշալի հնարավորությունների մի մասը, քանի որ մենք ցրված ենք կամ որովհետև մենք փնտրում ենք աշխարհը փոխելու մեծագույն եղանակներ և չենք տեսնում, որ ամենակարևոր կարիքները, որոնց մենք հանդիպում ենք, մեր ընտանիքներում են, մեր բարեկամների շրջապատում, մեր ծխերում և մեր համայնքներում: Մենք հուզվում ենք, երբ տեսնում ենք մեզանից հեռու գտնվող աշխարհում սփռված մարդկանց տառապանքներն ու մեծ կարիքները, բայց թերանում ենք նկատել դասարանում անմիջապես մեր կողքին նստած մեկին, ով մեր ընկերության կարիքն ունի:
Քույր Լինդա Կ. Բըրթընը պատմեց մի ցցի Սփոփող Միության նախագահի պատմությունը, ով, 1990-ականներին ուրիշների հետ աշխատելով, վերմակներ էր հավաքում կարիքավոր մարդկանց համար: Նա իր դստեր հետ վերմակներով բեռնավորված մեքենան քշեց Լոնդոնից Կոսովո: Ուղևորությունից վերադառնալիս նա մի ակնհայտ հոգևոր տպավորություն ստացավ, որը խորապես տպավորվեց նրա սրտում: Այդ տպավորությունը հետևյալն էր. «Ինչ որ կատարեցիր, շատ լավ է: Այժմ գնա տուն, քայլիր փողոցի դիմացի մայթով և ծառայիր քո հարևանին»:
Դա ի՞նչ օգուտ է տալիս աշխարհին փրկելու գործին, եթե մենք անտեսում ենք նրանց կարիքները, ովքեր մեզ մոտիկ են կամ ում մենք ամենաշատն ենք սիրում: Ի՞նչ արժեք ունի վերափոխել աշխարհը, եթե մեր շուրջը գտնվող մարդիկ մաքառումների մեջ են, և մենք չենք նկատում: Երկնային Հայրը, հավանաբար, մեզ շրջապատել է այն մարդկանցով, ովքեր մեր կարիքն ունեն, իմանալով, որ մենք լավագույնս կարող ենք բավարարել նրանց կարիքները:
Բոլորը կարող են ճանապարհներ գտնել առաջարկելու Քրիստոսանման ծառայություն: Իմ խորհրդական Քույր Կարոլ Մակքոնկին վերջերս պատմեց ինձ իր 10-ամյա թոռնուհի Սառայի մասին, ով որոշեց ինքնուրույն օգնել մորը, երբ հասկացավ, որ նա հիվանդ է: Նա օգնեց, որ փոքր քույրն արթնանա, հագնվի, լվանա ատամները և նախաճաշի, որպեսզի մայրը կարողանա հանգստանալ: Նա լուռ կատարում էր այս պարզ ծառայությունը, չնայած իրեն չէին խնդրել, քանի որ տեսավ կարիքը և ցանկացավ օգնել: Սառան ոչ միայն օրհնեց իր մայրիկին, այլև, ես համոզված եմ, որ նաև մեծ ուրախություն զգաց, իմանալով, որ թեթևացրեց իր սիրելիներից մեկի բեռը և միաժամանակ ամրապնդեց իր հարաբերությունները կրտսեր քրոջ հետ: Նախագահ Ջեյմս Ի Ֆաուստն ասել է. «Ուրիշներին ծառայելը կարող է սկսվելցանկացած տարիքում: … Պարտադիր չէ, որ այն լինի շատ մեծ և հրաշալի է, երբ կատարվում է ընտանիքի սահմաններում»:
Երեխանե՛ր, դուք հասկանում եք, թե ինչ մեծ նշանակություն ունի ձեր ծնողների և ընտանիքի անդամների համար, երբ դուք ուղիներ եք փնտրում ծառայել տանը: Դեռահասնե՛ր, ձեր ընտանիքի անդամներին զորակցելն ու ծառայելը պիտի լինի ձեր գլխավոր առաջնահերթությունների թվում, մինչ դուք աշխարհը փոխելու ձևեր եք փնտրում:Ձեր հարազատ քույրերի ու եղբայրների հանդեպ բարություն և մտահոգություն ցուցաբերելն օգնում է տանը ստեղծել միասնության մթնոլորտ և հրավիրում է Հոգուն: Աշխարհը փոխելը սկսվում է ձեր ընտանիքի ամրապնդումից:
Մեր ծառայությունը կենտրոնացնելու մեկ այլ վայր կարող են լինել մեր ծխի ընտանիքները: Երբեմն մեր զավակները կարող են հարց տալ. «Ես ինչո՞ւ պիտի գնամ Հոգևոր երեկոյի: Իրականում, ես դրանից ոչ մի օգուտ չեմ ստանում»:
Եթե ես լավ ծնող լինեի, այդ պահին կասեի. «Ինչն է քեզ ստիպում մտածել, որ դու գնում ես Հոգևոր երեկոյի, որպեսզի դու որևէ օգուտ ստանաս դրանից»:
Իմ երիտասա՛րդ ընկերներ, ես կարող եմ երաշխավորել, որ Եկեղեցու յուրաքանչյուր ժողովում, որին դուք մասնակցում եք, միշտ էլ կգտնվի մեկը, ով մենակ է, ով դժվարություններ ունի և ընկերոջ կարիք ունի, կամ մեկը, ով զգում է, որ չի պատկանում այդ միջավայրին:Յուրաքանչյուր ժողովին կամ միջոցառմանը դուք ներդրում ունեք կատարելու, և Տերը ցանկանում է, որ դուք նայեք ձեր շուրջը, ձեր հասակակիցներին, իսկ հետո ծառայեք՝ ինչպես Նա կծառայեր:
Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնն ուսուցանել է. «Տիրոջ հիմնական նպատակներից մեկը Սրբերի այնպիսի համայնքի ստեղծումն է, որտեղ նրանք կաջակցեն մեկը մյուսին «այս նեղ և անձուկ արահետի վրա, որը տանում է դեպի հավերժական կյանք»: Նա շարունակում է, ասելով. «Այս կրոնը կենտրոնացած չէ միայն իր վրա. ավելի շուտ մենք բոլորս ենք կանչված ծառայելու: Մենք Քրիստոսի մարմնի աչքերն ենք, ձեռքերը, գլուխը, ոտքերը և այլ անդամները»:
Հիրավի, մենք հաճախում ենք Եկեղեցու շաբաթական ժողովներին արարողություններին մասնակցելու, վարդապետություն սովորելու և ոգեշնչվելու, բայց մասնակցության մեկ այլ շատ կարևոր պատճառն այն է, որ որպես ծխի ընտանիք և Փրկիչ Հիսուս Քրիստոսի աշակերտներ, մենք հսկում ու խրախուսում ենք մեկս մյուսին և ուղիներ փնտրում ծառայելու և զորացնելու միմյանց:Մենք պարզապես վերցնողները ու տվողները չենք այն ամենի, ինչն առաջարկվում է Եկեղեցում, մենք պիտի լինենք տվողներ և հոգացողներ: Երիտասա՛րդ տղամարդիկ և երիտասա՛րդ կանայք, հաջորդ անգամ, երբ դուք գնաք Հոգևոր երեկոյի, ձեր հեռախոսը վերցնելու փոխարեն, որպեսզի տեսնեք, թե ձեր ընկերներն ինչով են զբաղված, կանգ առեք, նայեք ձեր շուրջը և հարցրեք ինքներդ ձեզ. «Այսօր ո՞վ ունի իմ կարիքը»: Դուք կարող եք լինել այն բանալին, որը կհասնի և կազդի հասակակիցների կյանքի վրա կամ կխրախուսի ընկերոջը, որը լուռ տառապում է:
Խնդրեք ձեր Երկնային Հորը ցույց տալ շրջապատի այն մարդկանց, ովքեր ունեն ձեր կարիքը և ոգեշնչի ձեզ՝ լավագույնս ծառայել նրանց: Հիշե՛ք, որ Փրկիչը շատ հաճախ ծառայում էր նրանց մեկ առ մեկ:
Մեր ավագ թոռ Էթանը 17 տարեկան է: Իմ վրա խորը ազդեցություն ունեցավ այն, որ այս ամառ նա ինձ ասաց, որ ոգեշնչվելով իր մայրիկի օրինակով, ամեն օր աղոթում է որևէ մեկին ծառայելու հնարավորություն ստանալու համար: Երբ մենք ժամանակ էինք անցկացնում նրա ընտանիքի հետ, ես հետևում էի, թե Էթանն ինչպիսի համբերությամբ, սիրով ու բարությամբ էր վերաբերվում իր եղբորն ու քույրերին, ինչպես էր օգնում իր ծնողներին, և ճանապարհներ փնտրում՝ հասնելու ուրիշներին: Ես տպավորված եմ այն հանգամանքից, որ նա տեղյակ է իր շրջապատողների կարիքների մասին և ձգտում է ծառայել նրանց: Նա օրինակ է ինձ համար։ Վարվելով ինչպես Էթանը, եթե խնդրենք Տիրոջից օգնել մեզ ճանապարհներ գտնել ուրիշներին ծառայելու համար, ապա Սուրբ հոգին կբացի մեր աչքերը, որ տեսնենք մեր շուրջը գտնվող կարիքը, տեսնենք այն մեկին, ով մեր կարիքն ունի այդ օրը և իմանանք՝ ինչպես ծառայել նրան:
Բացի ձեր ընտանիքին ու ձեր ծխի անդամներին ծառայելուց, հնարավորություններ փնտրեք ծառայելու ձեր շրջակայքում և ձեր համայնքում: Մինչ մեզ երբեմն կոչ են անում օգնության հասնել մեծ աղետներից հետո, առօրյա կյանքում մեզ խրախուսվում է հնարավորություններ փնտրել մեր տարածքներում օգնելու բարձրացնելու կարիքավորներին: Վերջերս ես հրահանգ ստացա մի Տարածքային Նախագահից, ովծառայում է մի երկրում, որն ուներ մի շարք ժամանակավոր դժվարություններ, որ աշխարհի մեկ այլ մասում գտնվող կարիքավորներին օգնելու լավագույն եղանակն է՝ կատարել ծոմի շռայլ նվիրատվություն, նվիրաբերել Եկեղեցու Հումանիտար ֆոնդին և ուղիներ փնտրել ծառայելու կարիքավորներին ձեր համայնքում: Պատկերացրեք, թե աշխարհն ինչպես կօրհնվեր, եթե բոլորը հետևեին այս խորհրդին:
Եղբայրնե՛ր և քույրե՛ր, և հատկապես երիտասարդնե՛ր, երբ դուք ձգտում եք ավելի շատ նմանվել Փրկիչ Հիսուս Քրիստոսին և ապրել համաձայն ձեր կապած ուխտերի, դուք կշարունակեք օրհնվել տառապանքը թեթևացնելու և կարիքավորների օգնելու ցանկությամբ: Հիշե՛ք, որ ամենամեծ կարիքներ ունեցող մարդիկ կարող են լինել հենց ձեր դիմաց: Սկսեք ձեր ծառայությունը ձեր տներում և ձեր ընտանիքներից: Սրանք այն հարաբերություններն են, որ կարող են հավերժ լինել: Նույնիսկ, եթե, և հատկապես, եթե ձեր ընտանիքը գտնվում է կատարյալից հեռու իրավիճակում, դուք կարող եք ուղիներ գտնել ծառայելու, բարձրացնելու և զորացնելու: Սկսեք այնտեղից, որտեղ կանգնած եք, սիրեք նրանց, ինչպիսին կան և պատրաստվեք այն ընտանիքի համար, որը դուք ցանկանում եք ունենալ ապագայում:
Աղոթեք օգնության համար, որ ճանաչեք ձեր ծխի ընտանիքներին, որոնք սիրո և խրախուսանքի կարիք ունեն: Եկեղեցի հաճախելիս, «Ի՞նչ օգուտ ունեմ ես այս ժողովից» հարցի փոխարեն հարցրեք. «Այսօր ո՞վ ունի իմ կարիքը»: Ես ի՞նչ կարող եմ առաջարկել»:
Երբ դուք օրհնում եք ձեր ընտանիքները և ծխի անդամներին, ուղիներ փնտրեք օրհնելու նաև ձեր տեղական համայնքի անդամներին: Արդյոք դուք շատ ժամանակ եք տրամադրում ծառայելուն, թե ամսական ընդամենը մի քանի ժամ կարող եք ծառայել, ձեր ջանքերը կյանքեր կօրհնեն և կօրհնեն ձեզ այնպիսի ճանապարհներով, որ դուք չեք կարող պատկերացնել:
Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալն ուսուցանել է. «Աստված իրոք նկատում է մեզ և հետևում է մեզ: Բայց, սովորաբար, մեկ այլ անձնավորության միջոցով է նա բավարարում է մեր կարիքները»: Մեզանից յուրաքանչյուրը թող հասկանա, թե ինչ արտոնություն և օրհնությունը է մեր Երկնային Հոր գործի կատարմանը մասնակցելը, երբ մենք հանդիպում ենք Նրա զավակների կարիքներին, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: