Պետք է ընտրեմ աշխատա՞նքը, թե Եկեղեցին:
Քենյա Իշի, Ճապոնիա
Ես և կինս ամուսնացանք 1981թ. Տոկիո Ճապոնիա Տաճարում: Ամուսնությունից հետո մեր կյանքը սկզբում հեշտ չէր: Ես ուրախ էի, որ աշխատանք ունեի, սակայն մենք մեր ծախսերը չէինք կարողանում հոգալ: Մենք խնդրեցինք Երկնային Հորը, որ օգներ մեզ, և հնարավոր ամեն ինչ անում էինք ծայրը-ծայրին հասցնելու համար, և վճարում էինք մեր տասանորդը: Մենք գիտեինք, որ եթե վստահեինք Տիրոջը, Նա կօգներ մեզ:
Մի շաբաթ կինս և ընկերս ինձ տվեցին լրագրից կտրված նույն փոքր շերտը: Դա լրիվ դրույքով անգլերենի ուսուցչի գովազդ էր:
Ես ուղարկեցի իմ ռեզյումեն այդ ընկերությանը և ինձ կանչեցին հարցազրույցի: Վերջում, հարցազրույց վարողն ասաց. «Դուք ձեր ռեզյումեում գրել եք, որ կամավոր աշխատանք եք կատարել որպես միսիոներ Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում: Դա նշանակում է, որ դուք եկեղեցի եք գնում կիրակի օրերին, այնպես չէ՞: Եթե դուք ընտրություն կատարեիք կիրակի օրերին եկեղեցի գնալու և աշխատանքի գալու միջև, ո՞րը կընտրեիք»:
Բարդ հարց էր, որովհետև ես ավելի լավ աշխատանքի կարիք ունեի: Սակայն մի պահ մտածելուց հետո, ես պատասխանեցի. «Կգնայի եկեղեցի»:
Հարցազրույց վարողը, թեթև ժպտալով, ասաց. «Պարզ է»: Այնուհետև նա ինձ ճանապարհեց, խոստանալով, որ ընկերությունն այդ երեկո որոշում կկայացնի, և ես պետք է զանգահարեի արդյունքների մասին տեղեկանալու համար: Սենյակից դուրս գալով, ես մտածեցի, որ չեմ անցել:
Ավելի ուշ այդ երեկո, ես վերցրեցի խոսափողը և երկյուղով հավաքեցի այդ ընկերության համարը:
«Չէի՞ք ասի, ինչպիսին են հարցազրույցի արդյունքները, - հարցրեցի ես քարտուղարուհուն, - ես չեմ անցել, չէ՞»:
Նրա պատասխանն ինձ ապշեցրեց, և միևնույն ժամանակ ուրախություն պատճառեց:
«Մենք ուզում ենք խնդրել ձեզ աշխատել մեզ մոտ», - ասաց նա:
Մոտ մեկ ամիս անց ես իմացա, թե ինչու էի ընդունվել աշխատանքի: Քարտուղարուհին բացատրեց, որ հարցազրույց վարողն ապրում էր Վերջին Օրերի Սուրբ միսիոներների հարևանությամբ: Նա հաճախ էր տեսնում, ինչպես են միսիոներներն առավոտյան հեծանիվն արագ վարելով գնում իրենց աշխատանքին:
«Նա հավատացած էր, որ դուք նույն եկեղեցու անդամը լինելով նույնքան տքնաջան կաշխատեք, ինչպես միսիոներներն էին աշխատում իրենց եկեղեցու համար, - ասաց նա: - Ձեր բախտը բերել է»:
Դրանից հետո մեր ընտանիքը միշտ ունեցել է այն, ինչի կարիքը զգացել է:
Երբ մտածում եմ այդ ընտրության մասին, ես քաջալերվում և սփոփվում եմ: Ես գիտեմ, որ Աստված հաճախ օգտագործում է մյուսներին Իր զավակներին օրհնելու համար: Ես չեմ կարող լիովին արտահայտել իմ երախտագիտությունը կնոջս և ընկերոջս իրենց ոգեշնչման համար, որ ինձ տվեցին լրագրի հայտարարությունը, այն աշխատասեր միսիոներների և իրենց մեծ օրինակի համար, և մեր ողորմած, սիրող և հոգացող Երկնային Հորը, որը հրաշալի զորություն ունի նվիրագործելու մեր փորձությունները մեր բարիքի համար: