Մեծ կյանքերը հիշվում են
Դեն Ջոնս (1810–62)
Ավելի քան մեկ միլիոն միսիոներներ են կանչվել Եկեղեցու հիմնադրումից ի վեր, սակայն Դեն Ջոնսը ավելին է, քան պարզապես միլիոնից մեկը: Ուելսացի միսիոների մասին Նախագահ Գորդոն Բ. Հինքլին (1910–2008) ասել է. «Նորադարձների թվերի առումով, Դեն Ջոնսը, անկասկած, պետք է ներառվի Եկեղեցու պատմության առավել արդյունավետ միսիոներների տասնյակում»:1
Միսիոներ լինելուց առաջ, Դենը ներգաղթել էր Միացյալ Նահանգներ Ուելսից և աշխատել Միսիսիպի գետի վրա որպես Մեյդ օֆ Յովա շոգենավի նավապետ, որը շատ Վերջին Օրերի Սրբեր բերեց Նավու, Իլինոյս: Նա միացել էր Եկեղեցուն 1843թ. և դարձել Մարգարե Ջոզեֆ Սմիթի մտերիմ ընկերը:
Դենի միսիաները իրականացրել էին Ջոզեֆ Սմիթի վերջին գրանցված մարգարեությունը: Սպանվելու նախորդ գիշերը, Մարգարե Ջոզեֆ Սմիթը կրակոցներ լսեց Քարթիջ բանտի պատուհանների մոտ և որոշեց քնել գետնին: Նրա կողքին էր Դեն Ջոնսը: Մարգարեն հարցրեց Դենին, թե արդյոք նա վախենում էր մահից: Դենը պատասխանեց. «Կարծում ես, ժամանակն եկե՞լ է: Այս գործի մեջ ներգրավված լինելով, չեմ կարծում, որ մահը այդքան վախենալու կլինի»: Ապա Ջոզեֆը մարգարեացավ. «Դու դեռ կտեսնես Ուելսը և կիրականացնես քեզ տրված միսիան մահանալուց առաջ»:2
Մարգարեի խոստումն իրականացավ 1845թ., երբ Դենը և նրա կինը՝ Ջեյնը, կանչվեցին ծառայելու Ուելսում: Դենը օգտվում էր խոսելու իր տաղանդից՝ ուսուցանելով ավետարանը մեծ համոզմունքով: Նա ազատ խոսում էր ուելսերեն և անգլերեն, և ականատեսները գրանցել են, որ նա այնքան գրավիչ էր խոսում, որ կարող էր ժամեր շարունակ պահել իր լսարանի ուշադրությունը՝ այդ լեզուներից յուրաքանչյուրով:
Ուելսում Դենը հրատարակեց Վերջին Օրերի Սրբերի պարբերականներ, տրակտատներ և գրքեր ուելսերենոն: Դեն Ջոնսի ղեկավարությամբ Ուելսի միսիոներները հիմնեցին 29 ճյուղ և նրա միսիայի յուրաքանչյուր տարվա ընթացքում մկրտեցին մոտ 1000 մարդ: Նա կանչվեց երկրորդ միսիայի Ուելս 1852թ. և, չնայած Եկեղեցու հանդեպ աճող հալածանքներին, մոտ 2000 մարդ մկրտվեցին չորս տարիների ընթացքում:
Յուտա վերադառնալուց հետո Դենը օգնեց Ուելսացի շատ նորադարձների բերել Յուտա: Երբ 51 տարեկան հասակում նա մահացավ, նա օգնել էր արևմտյան Միացյալ Նահանգներ բերել մոտ 5000 մարդ: