Առաջին Նախագահության Ուղերձ
Երջանիկ ընտանիքի բանալիներից մեկը
Ռուս մեծ գրող Լև Տոլստոյը սկսեց իր Աննա Կարենինա վեպը այս խոսքերով. «Բոլոր երջանիկ ընտանիքները նման են իրար. յուրաքանչյուր դժբախտ ընտանիք դժբախտ է յուրովի»:1 Թեև ես չունեմ Տոլստոյի վստահությունը, որ բոլոր երջանիկ ընտանիքները նման են իրար, ես հայտնաբերել եմ, որ նրանցից շատերն ունեն մեկ ընդհանրություն. նրանք կարողանում են ներել և մոռանալ ուրիշների անկատարությունները և փնտրել լավը:
Մյուս կողմից, դժբախտ ընտանիքները հաճախ սխալներ են գտնում, ոխ են պահում և չեն կարողանում մոռանալ նախկին վիրավորանքները:
«Այո, բայց …» սկսում են նրանք, ովքեր դժբախտ են: «Այո, բայց դուք չգիտեք, թե որքան խորն է նա ինձ վիրավորել», ասում է մեկը: «Այո, բայց դուք չգիտեք, թե որքան սարսափելի անձնավորություն է նա», ասում է մյուսը:
Գուցե երկուսն էլ ճիշտ են. գուցե ոչ մեկն էլ ճիշտ չէ:
Վիրավորանքի տարբեր աստիճաններ կան: Ցավի տարբեր աստիճաններ կան: Սակայն ես նկատել եմ մի բան, որ հաճախ մենք արդարացնում ենք մեր զայրույթը և հանգստացնում ենք մեր խիղճը ինքներս մեզ պատմելով պատմություններ ուրիշների դրդապատճառների վերաբերյալ և դատապարտելով նրանց արարքները որպես աններելի և եսասեր, մինչդեռ, միևնույն ժամանակ, արդարացնում ենք մեր սեփական դրդապատճառները համարելով դրանք մաքուր և ոչ միտումնավոր:
Արքայազնի շունը
Կա 13-րդ դարի ուելսյան մի հին պատմություն մի արքայազնի մասին, ով տուն գալով գտնում է իր շանը՝ երեսից արյուն կաթկթելիս: Նա արագ ներս է վազում և սարսափահար տեսնում, որ իր արու զավակը այնտեղ չէ և նրա օրորոցը շրջված է: Իր բարկության մեջ արքայազնը հանում է թուրը և սպանում իր շանը: Շատ չանցած նա լսում է իր մանկան լացը. երեխան ողջ էր: Մանկան կողքին փռված էր մի սատկած գայլ: Շունն իրականում պաշտպանել էր արքայազնի որդուն մահաբեր գայլից:
Չնայած այս պատմությունը շատ հուզիչ է, այն նպատակ ունի: Այն հնարավոր է դարձնում, որ պատմությունը, որը մենք պատմում ենք ինքներս մեզ, թե ինչու են ուրիշները վարվում որոշակի կերպով, միշտ չէ, որ համապատասխանում է փաստերին, երբեմն մենք նույնիսկ չենք ուզում իմանալ փաստերը: Մենք նախընտրում ենք մեր զայրույթի մեջ արդարացնել ինքներս մեզ՝ հենվելով մեր ցավալի իրավիճակի և վիրավորվածության վրա: Երբեմն այս ոխակալությունը կարող է տևել ամիսներ կամ տարիներ: Երբեմն դա կարող է տևել մի ամբողջ կյանք:
Բաժանված ընտանիք
Մի հայր չէր կարողանում ներել իր որդուն, քանի որ նա շեղվել էր այն ճանապարհից, որը նրան սովորեցրել էին: Տղան ուներ ընկերներ, որոնց հայրը չէր հավանում, և նա արել էր շատ բաներ, որոնք հակասում էին այն ամենին, ինչ հայրն էր սովորեցրել իրեն: Սա անհամաձայնության պատճառ դարձավ հոր և որդու միջև, և հենց որ տղան կարողացավ, նա հեռացավ հայրական տնից և այլևս չվերադարձավ: Նրանք հազվադեպ էին կրկին խոսում իրար հետ:
Հայրը իրեն արդարացվա՞ծ էր զգում: Միգուցե:
Որդին իրեն արդարացվա՞ծ էր զգում: Միգուցե:
Ես ընդհամենը գիտեմ մի բան՝ այս ընտանիքը բաժանված և դժբախտ էր, քանի որ ոչ հայրը, և ոչ էլ որդին չկարողացան ներել իրար: Նրանք չկարողացան նայել դառը հիշողություններից այն կողմ, որ ունեին միմյանց մասին: Նրանք լցրեցին իրենց սրտերը բարկությամբ՝ սիրո և ներողամտության փոխարեն: Յուրաքանչյուրն ինքն իրենից գողացավ մյուսի կյանքում լավ ազդեցություն թողնելու հնարավորությունը: Նրանց մեջ բաժանումն այնքան խորացավ և այնքան մեծացավ, որ յուրաքանչյուրը դարձավ հոգևոր բանտարկյալ իր սեփական էմոցիոնալ կղզում:
Բարեբախտաբար, մեր սիրող և իմաստուն Հավերժական Երկնային Հայրը միջոցներ է նախապատրաստել այս հպարտության անդունդը հաղթահարելու համար: Մեծ ու անսահման Քավությունը ներման և հաշտության ամենամեծ գործն էր: Դրա կարևորությունը իմ հասկացողությունից վեր է, սակայն ես վկայում եմ իմ ողջ սրտով ու հոգով դրա իրականության և գերագույն զորության մասին: Փրկիչը Ինքն իրեն առաջարկեց որպես փրկագին մեր մեղքերի համար: Նրա միջոցով մենք ներում ենք ստանում:
Ոչ մի ընտանիք կատարյալ չէ
Չկա մեզանից և ոչ մեկը, որ մեղք գործած չլինի: Մեզանից յուրաքանչյուրն էլ սխալներ է գործում, ներառյալ դուք և ես: Մենք բոլորս էլ եղել ենք խորապես վիրավորված: Մենք բոլորս էլ խորապես վիրավորել ենք ուրիշներին:
Մեր Փրկչի զոհաբերության շնորհիվ է, որ մենք կարող ենք ձեռք բերել վեհացում և հավերժական կյանք: Երբ մենք ընդունում ենք Նրա ճանապարհները և հաղթահարում ենք մեր հպարտությունը փափկացնելով մեր սրտերը, մենք կարող ենք հաշտեցում և ներողամտություն բերել մեր ընտանիքներ և մեր անձնական կյանք: Աստված կօգնի մեզ լինել ավելի ներողամիտ, ավելի շատ կամենալ քայլել երկրորդ մղոնը, լինել առաջինը, ով ներողություն է խնդրում, եթե նույնիսկ ինչ-որ բան մեր մեղքով չի եղել, մի կողմ դնել հին ոխը և այլևս չխորացնել այն: Փառք Աստծուն, որ տվեց Իր Միածին Որդուն, և փառք Որդուն, որ տվեց իր կյանքը մեզ համար:
Մենք կարող ենք զգալ Աստծո սերը մեր հանդեպ ամեն օր: Արդյոք չպե՞տք է մի փոքր ավելի նվիրվենք մեր մերձավորներին, ինչպես ուսուցանվում է «Քանի որ ինձ շատ է տրված» սիրված հիմնում:2 Տերը ներման դուռ է բացել մեզ համար: Արդյո՞ք ճիշտ չի լինի մի կողմ դնել մեր սեփական եսասիրությունը և հպարտությունը և սկսել բացել ներման այդ օրհնյալ դուռը նրանց համար, ում հետ մենք խնդիրներ ունենք, հատկապես մեր ողջ ընտանիքի համար:
Ի վերջո, երջանկությունը ծնվում է ոչ թե կատարելությունից, այլ աստվածային սկզբունքները կիրառելուց, նույնիսկ՝ փոքր քայլերով: Առաջին Նախագահությունն ու Տասներկու Առաքյալների Քվորումը հայտարարել են. «Ընտանեկան կյանքում երջանկության հասնելու ամենամեծ հավանականությունն այն դեպքում է, երբ ընտանիքը հիմնված է Տեր Հիսուս Քրիստոսի ուսմունքների վրա: Հաջողակ ամուսնություններն ու ընտանիքները հիմնվում և պահպանվում են հավատի, աղոթքի, ապաշխարության, ներողամտության, հարգանքի, սիրո, կարեկցանքի, աշխատանքի և առողջ ու ստեղծարար միջոցառումների սկզբունքներով»:3
Մեր Երկնային Հոր երջանկության ծրագրում գտնվող այս պարզ ճշմարտությունների հենց կենտրոնում իր տեղն է զբաղեցնում ներողամտությունը: Քանի որ ներողամտությունը իրար է միացնում սկզբունքները, այն միացնում է նաև մարդկանց: Այն բանալի է, այն բացում է փակված դռները, այն ազնիվ ուղու սկիզբն է, և այն երջանիկ ընտանիքի լավագույն հույսն է:
Թող Աստված լինի մեզ օգնական, որպեսզի լինենք մի փոքր ավելի ներողամիտ մեր ընտանիքներում, ավելի ներողամիտ մեկս մյուսի հանդեպ և, գուցե, ավելի ներողամիտ նույնիսկ ինքներս մեր հանդեպ: Ես աղոթում եմ, որ մենք կարողանանք ունենալ ներողամտության փորձառությունը, որպես մի հրաշալի միջոց, որով բոլոր երջանիկ ընտանիքները իրար նման են: