Որտեղ եմ ես պատկանում
Դոռոտա Մուշալ, Լեհաստան
Եկեղեցուն միանալուց առաջ կյանքս դժբախտությամբ լի էր: Յոթ տարեկան էի, ծնողներիս բաժանվելուց հետո հայրս բանտարկվեց: Մայրս ալկոհոլիկ էր և կորցրեց այն ամենը, ինչ կարևոր էր իր համար: Ես գնացի ապրելու խնամատար ընտանիքում:
Այդ ամենի պատճառով ես իմ շատ հասակակիցներից ավելի արագ մեծացա: Ես երբեք չէի զգում, որ կգտնեմ իմ տեղը, և այդ պատճառով մշտապես ըմբոստանում էի: Երբ դեռևս շատ փոքր էի, սկսեցի ծխել և անել բաներ, որոնք այժմ եմ հասկանում, որ հակասում էին Իմաստության Խոսքին: Ես համոզված էի, որ կյանքում դատապարտված էի ձախողման:
Միակ բանը, որ ինձ երջանկություն էր բերում, մարդկանց օգնելն էր՝ դա լիներ նրանց հետ մաքրություն անելը, թե իրենց կյանքի պատմությունները լսելը: Ես շատ էի ուզում, որ մարդիկ իմանային, որ կարող են վստահել ինձ: Մի տարի գնացի արձակուրդ և հանդիպեցի մի տարեց կնոջ, որին որոշեցի ծառայել՝ լսելով նրան: Նա քրիստոնյա էր և ինձ հետ սկսեց խոսել կրոնի մասին:
Ես երբեք իսկապես չէի հավատացել Աստծուն: Այն պահերին, երբ մտածում էի, որ գուցե Նա գոյություն ունի, ես մեղադրում էի Նրան իմ ապրած բոլոր դժբախտությունների համար: Սակայն, երբ այդ կինը նկարագրեց Աստծուն հավատալու կարևորությունը, իմ հետաքրքրությունը շարժվեց: Նախքան իմ հեռանալը, նա մի հետաքրքիր բան ասաց. «Մորմոնները հետևում են Աստծո պատվիրաններին»:
Ես երբեք չէի լսել Մորմոնների մասին: Գնալով տուն, մտա համացանց և փնտրեցի: Ես գնացի Mormon.org և Մորմոնի Գրքի անվճար օրինակ պատվիրեցի: Մի քանի օր անց միսիոներներն ուղարկեցին այն:
Ես վստահ չէի, որ կսկսեմ հավատալ Աստծուն, սակայն միսիոներներն օգնեցին ինձ բացահայտել, որ ես կարող էի ոչ միայն հավատալ Նրան, այլև ճանաչել Նրան: Սկսելով աղոթել և ուսումնասիրել Մորմոնի Գիրքը, ես հայտնվեցի երջանկության որոնման մի հրաշալի ճանապարհի վրա: Ես թողեցի ծխելը: Ես դադարեցի մեղադրել Աստծուն և սկսեցի Նրան շնորհակալություն հայտնել լավ բաների համար, որ ունեցել եմ իմ կյանքում: Ես իմացա, որ Նրա Որդին տառապել էր իմ մեղքերի և երբևէ կրած իմ բոլոր ցավերի համար: 2007թ. հոկտեմբերին ես մկրտվեցի Նրա Եկեղեցում:
Եթե ինքս չապրեի հիասթափությունից երջանկություն փոփոխությունը, ես չէի հավատա, որ դա հնարավոր է: Այսօր ես սիրում եմ իմ կոչումը Երեխաների խմբում և երախտապարտ եմ, որ հնարավորություն ունեմ օգնել կազմակերպելու ծառայության ծրագիր Լեհաստանում երիտասարդ ամուրի չափահասների համաժողովում: Եկեղեցու ծառայության մեջ մշտապես մյուսներին օգնելն ավելացրել է իմ ուրախությունը, որ գտել եմ Հիսուս Քրիստոսի ավետարանում: Այժմ այն ամենը, ինչ ես անում եմ, անում եմ Հիսուս Քրիստոսի հանդեպ մաքուր սիրով: Ես հավատում եմ, որ կյանքը գեղեցիկ է, և եթե անգամ մենք դժվարություններ ենք ունենում, Փրկչին հետևելով մենք չենք կորչի:
Կինը, որին ես հանդիպեցի, ճիշտ էր՝ առ Աստված հավատքը կարևոր է: Մենք չենք կարող գտնել մեր տեղն այս աշխարհում, եթե չենք ճանաչում Նրան: Ես երախտապարտ եմ, որ վերջապես գտել եմ տեղը, որին, գիտեմ, որ պատկանում եմ: