2012
Երջանիկ ընտանիքի բանալիներից մեկը
Հոկտեմբեր 2012


Առաջին Նախագահության Ուղերձ

Երջանիկ ընտանիքի բանալիներից մեկը

Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆ

Ռուս մեծ գրող Լև Տոլստոյը սկսեց իր Աննա Կարենինա վեպը այս խոսքերով. «Բոլոր երջանիկ ընտանիքները նման են իրար. յուրաքանչյուր դժբախտ ընտանիք դժբախտ է յուրովի»:1 Թեև ես չունեմ Տոլստոյի վստահությունը, որ բոլոր երջանիկ ընտանիքները նման են իրար, ես հայտնաբերել եմ, որ նրանցից շատերն ունեն մեկ ընդհանրություն. նրանք կարողանում են ներել և մոռանալ ուրիշների անկատարությունները և փնտրել լավը:

Մյուս կողմից, դժբախտ ընտանիքները հաճախ սխալներ են գտնում, ոխ են պահում և չեն կարողանում մոռանալ նախկին վիրավորանքները:

«Այո, բայց …» սկսում են նրանք, ովքեր դժբախտ են: «Այո, բայց դուք չգիտեք, թե որքան խորն է նա ինձ վիրավորել», ասում է մեկը: «Այո, բայց դուք չգիտեք, թե որքան սարսափելի անձնավորություն է նա», ասում է մյուսը:

Գուցե երկուսն էլ ճիշտ են. գուցե ոչ մեկն էլ ճիշտ չէ:

Վիրավորանքի տարբեր աստիճաններ կան: Ցավի տարբեր աստիճաններ կան: Սակայն ես նկատել եմ մի բան, որ հաճախ մենք արդարացնում ենք մեր զայրույթը և հանգստացնում ենք մեր խիղճը ինքներս մեզ պատմելով պատմություններ ուրիշների դրդապատճառների վերաբերյալ և դատապարտելով նրանց արարքները որպես աններելի և եսասեր, մինչդեռ, միևնույն ժամանակ, արդարացնում ենք մեր սեփական դրդապատճառները համարելով դրանք մաքուր և ոչ միտումնավոր:

Արքայազնի շունը

Կա 13-րդ դարի ուելսյան մի հին պատմություն մի արքայազնի մասին, ով տուն գալով գտնում է իր շանը՝ երեսից արյուն կաթկթելիս: Նա արագ ներս է վազում և սարսափահար տեսնում, որ իր արու զավակը այնտեղ չէ և նրա օրորոցը շրջված է: Իր բարկության մեջ արքայազնը հանում է թուրը և սպանում իր շանը: Շատ չանցած նա լսում է իր մանկան լացը. երեխան ողջ էր: Մանկան կողքին փռված էր մի սատկած գայլ: Շունն իրականում պաշտպանել էր արքայազնի որդուն մահաբեր գայլից:

Չնայած այս պատմությունը շատ հուզիչ է, այն նպատակ ունի: Այն հնարավոր է դարձնում, որ պատմությունը, որը մենք պատմում ենք ինքներս մեզ, թե ինչու են ուրիշները վարվում որոշակի կերպով, միշտ չէ, որ համապատասխանում է փաստերին, երբեմն մենք նույնիսկ չենք ուզում իմանալ փաստերը: Մենք նախընտրում ենք մեր զայրույթի մեջ արդարացնել ինքներս մեզ՝ հենվելով մեր ցավալի իրավիճակի և վիրավորվածության վրա: Երբեմն այս ոխակալությունը կարող է տևել ամիսներ կամ տարիներ: Երբեմն դա կարող է տևել մի ամբողջ կյանք:

Բաժանված ընտանիք

Մի հայր չէր կարողանում ներել իր որդուն, քանի որ նա շեղվել էր այն ճանապարհից, որը նրան սովորեցրել էին: Տղան ուներ ընկերներ, որոնց հայրը չէր հավանում, և նա արել էր շատ բաներ, որոնք հակասում էին այն ամենին, ինչ հայրն էր սովորեցրել իրեն: Սա անհամաձայնության պատճառ դարձավ հոր և որդու միջև, և հենց որ տղան կարողացավ, նա հեռացավ հայրական տնից և այլևս չվերադարձավ: Նրանք հազվադեպ էին կրկին խոսում իրար հետ:

Հայրը իրեն արդարացվա՞ծ էր զգում: Միգուցե:

Որդին իրեն արդարացվա՞ծ էր զգում: Միգուցե:

Ես ընդհամենը գիտեմ մի բան՝ այս ընտանիքը բաժանված և դժբախտ էր, քանի որ ոչ հայրը, և ոչ էլ որդին չկարողացան ներել իրար: Նրանք չկարողացան նայել դառը հիշողություններից այն կողմ, որ ունեին միմյանց մասին: Նրանք լցրեցին իրենց սրտերը բարկությամբ՝ սիրո և ներողամտության փոխարեն: Յուրաքանչյուրն ինքն իրենից գողացավ մյուսի կյանքում լավ ազդեցություն թողնելու հնարավորությունը: Նրանց մեջ բաժանումն այնքան խորացավ և այնքան մեծացավ, որ յուրաքանչյուրը դարձավ հոգևոր բանտարկյալ իր սեփական էմոցիոնալ կղզում:

Բարեբախտաբար, մեր սիրող և իմաստուն Հավերժական Երկնային Հայրը միջոցներ է նախապատրաստել այս հպարտության անդունդը հաղթահարելու համար: Մեծ ու անսահման Քավությունը ներման և հաշտության ամենամեծ գործն էր: Դրա կարևորությունը իմ հասկացողությունից վեր է, սակայն ես վկայում եմ իմ ողջ սրտով ու հոգով դրա իրականության և գերագույն զորության մասին: Փրկիչը Ինքն իրեն առաջարկեց որպես փրկագին մեր մեղքերի համար: Նրա միջոցով մենք ներում ենք ստանում:

Ոչ մի ընտանիք կատարյալ չէ

Չկա մեզանից և ոչ մեկը, որ մեղք գործած չլինի: Մեզանից յուրաքանչյուրն էլ սխալներ է գործում, ներառյալ դուք և ես: Մենք բոլորս էլ եղել ենք խորապես վիրավորված: Մենք բոլորս էլ խորապես վիրավորել ենք ուրիշներին:

Մեր Փրկչի զոհաբերության շնորհիվ է, որ մենք կարող ենք ձեռք բերել վեհացում և հավերժական կյանք: Երբ մենք ընդունում ենք Նրա ճանապարհները և հաղթահարում ենք մեր հպարտությունը փափկացնելով մեր սրտերը, մենք կարող ենք հաշտեցում և ներողամտություն բերել մեր ընտանիքներ և մեր անձնական կյանք: Աստված կօգնի մեզ լինել ավելի ներողամիտ, ավելի շատ կամենալ քայլել երկրորդ մղոնը, լինել առաջինը, ով ներողություն է խնդրում, եթե նույնիսկ ինչ-որ բան մեր մեղքով չի եղել, մի կողմ դնել հին ոխը և այլևս չխորացնել այն: Փառք Աստծուն, որ տվեց Իր Միածին Որդուն, և փառք Որդուն, որ տվեց իր կյանքը մեզ համար:

Մենք կարող ենք զգալ Աստծո սերը մեր հանդեպ ամեն օր: Արդյոք չպե՞տք է մի փոքր ավելի նվիրվենք մեր մերձավորներին, ինչպես ուսուցանվում է «Քանի որ ինձ շատ է տրված» սիրված հիմնում:2 Տերը ներման դուռ է բացել մեզ համար: Արդյո՞ք ճիշտ չի լինի մի կողմ դնել մեր սեփական եսասիրությունը և հպարտությունը և սկսել բացել ներման այդ օրհնյալ դուռը նրանց համար, ում հետ մենք խնդիրներ ունենք, հատկապես մեր ողջ ընտանիքի համար:

Ի վերջո, երջանկությունը ծնվում է ոչ թե կատարելությունից, այլ աստվածային սկզբունքները կիրառելուց, նույնիսկ՝ փոքր քայլերով: Առաջին Նախագահությունն ու Տասներկու Առաքյալների Քվորումը հայտարարել են. «Ընտանեկան կյանքում երջանկության հասնելու ամենամեծ հավանականությունն այն դեպքում է, երբ ընտանիքը հիմնված է Տեր Հիսուս Քրիստոսի ուսմունքների վրա: Հաջողակ ամուսնություններն ու ընտանիքները հիմնվում և պահպանվում են հավատի, աղոթքի, ապաշխարության, ներողամտության, հարգանքի, սիրո, կարեկցանքի, աշխատանքի և առողջ ու ստեղծարար միջոցառումների սկզբունքներով»:3

Մեր Երկնային Հոր երջանկության ծրագրում գտնվող այս պարզ ճշմարտությունների հենց կենտրոնում իր տեղն է զբաղեցնում ներողամտությունը: Քանի որ ներողամտությունը իրար է միացնում սկզբունքները, այն միացնում է նաև մարդկանց: Այն բանալի է, այն բացում է փակված դռները, այն ազնիվ ուղու սկիզբն է, և այն երջանիկ ընտանիքի լավագույն հույսն է:

Թող Աստված լինի մեզ օգնական, որպեսզի լինենք մի փոքր ավելի ներողամիտ մեր ընտանիքներում, ավելի ներողամիտ մեկս մյուսի հանդեպ և, գուցե, ավելի ներողամիտ նույնիսկ ինքներս մեր հանդեպ: Ես աղոթում եմ, որ մենք կարողանանք ունենալ ներողամտության փորձառությունը, որպես մի հրաշալի միջոց, որով բոլոր երջանիկ ընտանիքները իրար նման են:

Հղումներ

  1. Լև Տոլստոյ, Աննա Կարենինա, թարգմ. Վահան Տեր-Առաքելյան (1957), 3:

  2. «Քանի որ ինձ շատ է տրված», Hymns, no. 219:

  3. «Ընտանիք. Հայտարարություն աշխարհին», Լիահոնա, Նոյեմբեր 2010, 129. ընդգծումներն ավելացված են:

Ուսուցանում այս ուղերձից

«Յուրաքանչյուր դաը պատրաստելիս ինքներդ ձեզ հարցրեք, թե ինչով է տվյալ սկզբունքը նման նրան, ինչ ընտանիքի անդամները զգացել են իրենց կյանքում» (Ուսուցում՝ չկա ավելի մեծ կոչում [1999], 171): Կարող եք հրավիրել ընտանիքի անդամներին կիսվել իրենց ունեցած դրական փորձառություններով կամ ներման հետ կապված իրենց դիտարկումներով: Քննարկեք այդ փորձառությունները, շեշտելով ներման օրհնութունները: Եզրափակեք, բերելով ձեր վկայությունը միմյանց ներելու կարևորության մասին:

Լուսանկարը՝ Դեյվիդ Սթոքերի