2012
Եղիր իմաստուն և եղիր ընկեր
Հոկտեմբեր 2012


Եղիր իմաստուն և եղիր ընկեր

Երեց Ռոբերտ Դ. Հեյլս

Սովորիր և ձեռք բեր գիտելիք ու իմաստություն երիտասարդ տարիքում: Բարձրացրու և ամրացրու քո շուրջը գտնվողներին:

Եթե իրոք ցանկանում ես ունենալ լավ կյանք, պետք է հետևես սուրբ գրությունների խորհրդին: «Սովորիր իմաստություն քո երիտասարդության տարիներին. այո, քո երիտասարդության տարիներին սովորիր պահել Աստծո պատվիրանները» (Ալմա 37.35): Սովորելու ընթացքը կարելի է ամփոփել հետևյալ կերպ.

Մենք բոլորս սկսում ենք հիմնական բանականությունից: Մենք դրան ավելացնում ենք գիտելիք՝ դասարանում սովորելով և կարդալով: Մենք ավելացնում ենք կյանքի փորձառությունները: Այնուհետև մենք անցնում ենք չորրորդ քայլին՝ իմաստությանը: Ահա այդտեղ աշխարհը դադարում է: Բայց մենք ունենք այն, ինչ աշխարհը չունի: Մկրտվելով և հաստատվելով մենք ստանում ենք Սուրբ Հոգու պարգևը: Կախված մեր հավատարմությունից հանդեպ օրենքները, ծեսերը և մկրտության ժամանակ կապած ուխտերը, կանոնավոր և հաճախակի հաղորդության ժողովի պարտավորությունները և քահանայության և տաճարային ուխտերը, մենք միշտ կունենանք Սուրբ Հոգու պարգևը, որը կուսուցանի և կուղղորդի մեզ: Հոգին առաջնորդում է մեզ գործելու և կատարելու: Մենք բոլորս ունենք հոգևոր պարգևներ և տաղանդներ (տես ՎևՈւ 46):

Իմաստությունը և հոգևոր պարգևները միասին օգնում են մեզ սրտով հասկանալ: «Իմաստության սկիզբն է՝ «Իմաստություն ստացիր». և քո ամեն ստացուածքի հետ հանճար ստացիր» (Առակաց Դ.7): Կարևոր է զարգացնել իմաստություն և հասկացողություն քո երիտասարդ տարիքում:

Իմ պատանեկության տարիներին տեղի ունեցած մի դեպք ինձ իմաստության վերաբերյալ ինչ-որ բան սովորեցրեց: Ես քաղաքի տղա էի, և հայրս ինձ ուղարկեց աշխատելու հորեղբորս ագարակում, որը գտնվում էր արևմտյան Յուտայում: Այնտեղ ես այդպես էլ չհասկացա, թե ինչու էին անասունները թողած հեկտարներով արոտավայրը, իրենց գլուխը անցկացնում փշոտ մետաղալարերի միջով, որպեսզի ուտեին ցանկապատի մյուս կողմում աճած խոտը: Երբևէ մտածե՞լ եք, թե այդ հարցում որքան նման ենք մենք: Մենք միշտ ձգտում ենք տեսնել ինչ կա սահմանից այն կողմ, հատկապես, երիտասարդ տարիքում: Որպես մարդկային էակներ, բնական մարդ, մենք հակված ենք խթելով փշալարերով ցանկապատը մեր գլուխն անցկացնել դրա միջով: Ինչո՞ւ ենք մենք դա անում:

Մենք կարող ենք այնքան շատ ուրախություն ունենալ այս կյանքում առանց հրելով սահմանները մեծացնելու: Հիշեք՝ «Իմաստությունը սկիզբն է», և այդ իմաստությամբ՝ «Անզգամների ճանապարհը մի մտնիր. և մի ման գար չարերի ճանապարհումը: Թող տուր նորան, նոր վրա մի գնար, նորանից խոտորիր և անցիր» (Առակաց Դ.14–15): Մի մոտեցեք: Ձեր գլուխը մի խոթեք փշոտ ցանկապատից դուրս:

Դուք ունե՞ք լավ ընկերներ:

Դուք կնկատեք, որ իմաստության այս դասերից բացի Առակաց գիրքը նաև ուսուցանում է լավ ընկերներ ընտրելու մասին. «Անզգամների ճանապարհը մի մտնիր. և մի ման գար չարերի ճանապարհումը» (Առակաց Դ.14): «Որդեակս, նրանց հետ ճանապարհ մի գնար. ոտքդ ետ պահիր նրանց շավիղներիցը. որովհետև նրանց ոտները չարության են վազում» (Առակաց Ա.15–16):

youth studying together

Նկարազարդումները՝ Քեյթ Լարսոնի

Ինչպե՞ս եք իմանում, որ լավ ընկերներ ունեք: Ես ձեզ կտամ երկու խորհուրդ: Եթե կիրառեք այդ խորհուրդերը, դուք երբեք չեք գնա օտար ուղիներով և չեք հեռանա «նեղ ու անձուկ արահետից, որը տանում է դեպի հավերժական կյանք» (2 Նեփի 31.18):

  1. Լավ ընկերների հետ դյուրին է դառնում պատվիրաններով ապրելը, երբ դուք նրանց հետ եք: Ճշմարիտ ընկերը զորացնում է ձեզ և օգնում է ձեզ ապրել ավետարանի սկզբունքներով, որոնք կօգնեն ձեզ համբերել մինչև վերջ:

  2. Ճշմարիտ ընկերը ձեզ չի ստիպի ընտրել իր և Տիրոջ ուղիների միջև, դրանով իսկ հեռացնելով ձեզ նեղ ու անձուկ արահետից: Հակառակորդը շրջում է այս երկրի վրա և այնքան շատ է ցանկանում, որ մեզանից յուրաքանչյուրը տապալվի: Եթե ձեր ընկերները ձեզ տանում են ամբարշտության ճանապարհով, հեռացեք նրանցից այժմ: Խելամտորեն ընտրեք ձեր ընկերներին:

Ինչպիսի՞ ընկեր եք դուք:

Այժմ դժվար հարց եմ տալիս՝ ինչպիսի՞ ընկեր եք դուք:

Կյանքում կա ավելին, քան ինքներս մեզ փրկելը: Մեր հանձնառությունն է՝ բարձրացնել և ամրացնել մեր շուրջը գտնվողներին: Տերը ցանկանում է, որ մենք բոլորս վերադառնանք Իր մոտ:

Դուք փարոս եք, և ընկած փարոսից ավելի վտանգավոր բան չկա: Հիշեք, թե ով եք դուք՝ դուք լույս եք աշխարհի համար, ձեր ընկերների, ձեր եղբայրների և քույրերի համար: Նրանք ձեզ են նայում:

Առակաց Դ-ն շարունակում է.

«Բայց արդարների ճանապարհը ծագող լույսի պես է. որ գնալով լուսավորվում է, մինչև որ կատարյալ օր է դառնում:

Ամբարիշտների ճանապարհը խավարի նման է, նրանք չգիտեն, թե ինչով են գայթակղում» (հատվածներ՝ 18–19):

Նրանք իրականում չգիտեն, թե ինչու են սայթաքում: Նրանք չունեն ոչ լույս, ոչ ուղղություն:

Գիտե՞ք, թե ինչ է նշանակում հույսը դնել լույսը մարած փարոսի վրա: Խավար է տիրում, և մենք կորչում ենք:

Երբ օդաչուն կորցնում է էլեկտրական հոսանքը, ցուցիչները կանգ են առնում, բացի առանց հոսանքի աշխատող ցուցիչներից: Նա իրեն լիովին անօգնական է զգում՝ գտնվելով մեկտեղանի ռմբակոծչի մեջ 12200 մ. բարձրության վրա, ամպերով շրջապատված: Նա չունի ոչ մի ուղղություն: Ես նման վիճակում եմ հայտնվել, և ուրախ եմ, որ այստեղ եմ: Ես այդ դեպքը երբեք չեմ մոռանա: Դուք ևս գուցե մի օր նման իրավիճակում հայտնվեք: Ընկած փարոսից ավելի վտանգավոր բան չկա, հատկապես երբ հույսդ այդ լույսն է:

Արդյո՞ք ինչ-որ մեկը ուղղություն ստանալու համար հույսը դրել է ձեր լույսի վրա: Եղեք լավ օրինակ: Եղեք լույս աշխարհի համար, առաջնորդեք և ուղղորդեք ձեր շուրջը գտնվողներին արդարության ուղիներով: Նրանք իրենց հույսը դրել են ձեզ վրա՝ որպես հավատարիմ փարոս: Եղեք այնտեղ, երբ ինչ-որ մեկը ձեր կարիքն ունի:

Հոգին առաջնորդող լույս է, որն ուրախություն և երջանկություն է պարգևում: Թող որ երբեք մեզ համար չմերժվի Հոգին՝ մեր վարքի պատճառով: Օ, ինչպես եմ աղոթում, որ մենք երբեք չլինենք միայնակ և տխուր այս «մութ ու մռայլ» աշխարհում (1 Նեփի 8.4):

Թող Տիրոջ օրհնությունները լինեն ձեզ հետ, երբ ձգտեք սովորել և ձեռք բերել գիտելիք և իմաստություն երիտասարդ տարիքում: Թող որ դուք նաև իմաստություն և ավետարանի ճշմարտությունների վերաբերյալ հասկացողություն ստանաք ձեր սրտում՝ հնազանդությամբ և նաև Սուրբ Հոգու լույսով: Եղեք լավ ընկեր: Բարձրացրեք և ամրացրեք ձեր շուրջը գտնվողներին: Ձեր ներկայությամբ աշխարհն ավելի լավ վայր դարձրեք: Օգնեք ձեր ընկերներին մնալ նեղ ու անձուկ ճանապարհին, համբերեք մինչև վերջ և պատվով վերադարձեք:

Եղեք լույս աշխարհի համար, առաջնորդեք և ուղղորդեք ձեր շուրջը գտնվողներին արդարության ուղիներով: Նրանք իրենց հույսը դրել են ձեզ վրա՝ որպես հավատարիմ փարոս: