2021
«Ես ձեր ուղեկիցը կլինեմ»
Հուլիս 2021


Եկ, հետևիր ինձ

Վարդապետություն և Ուխտեր 77-80

«Ես ձեր ուղեկիցը կլինեմ»

Չնայած մենք կարող ենք հոգևոր առումով մանուկ լինել, բայց Տերը մեզ կառաջնորդի, եթե վստահենք Նրան։

Նկար
mission president meeting with missionary

Միսիոներն ասաց, որ Հոգին հուշել է, որ ես կօգնեմ նրան գտնել պատասխանը:

Նկարները՝ Դեյվիդ Մալանի

Վարդապետություն և Ուխտեր 78․17-18 հատվածներում Փրկիչն ասում է․

«Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ, որ դուք փոքր երեխաներ եք, և դեռ չեք հասկացել, թե որքան մեծ օրհնություններ ունի Հայրն իր ձեռքում և ձեզ համար պատրաստած.

Եվ դուք չեք կարող տանել բոլոր բաներն այժմ. այնուամենայնիվ, ուրախ եղեք, քանզի ես ձեր ուղեկիցը կլինեմ։ Արքայությունը ձերն է և նրա օրհնությունները ձերն են, և հավերժության հարստությունները ձերն են»:

Երբ յուրաքանչյուրս մտածում ենք մեր սեփական կյանքի փորձի մասին, մենք, անշուշտ, կհիշենք ժամանակներ, երբ Տերը մեզ առաջնորդել է:

Միսիոների հավատքը

Ես հիշում եմ, թե ինչպես մի անգամ Տերն առաջնորդեց մի քանի մարդկանց: Ես ծառայում էի որպես միսիայի նախագահ Բրազիլիայի Պորտո Ալեգրե Հարավային միսիայում: Մեր միսիոներներից մեկն անբուժելի հիվանդություն ուներ՝ քիմքի ճեղքվածք։ Երբ նա խոսում էր, օդը անցնում էր բերանի վերևից և դուրս գալիս քթից: Մարդկանց համար դժվար էր հասկանալ նրան։

Այդ երիտասարդ երեցն ասաց ինձ, որ աղոթել է իր խնդրի մասին: Նա ասաց, որ Հոգին հուշել է, որ ես կօգնեմ իրեն գտնել պատասխանը: Նրա պարզ, վճռական հավատը ոգեշնչեց ինձ: Ես դիմեցի Աստծուն` լուծում գտնելու համար:

Պարզ վիրահատությունը կարող էր շտկել խնդիրը, բայց վիրահատությունը հեշտ գործընթաց չէր: Եթե մենք դա անեինք մասնավոր կերպով, ապա այս միսիոների ընտանիքի համար դա շատ թանկ կլիներ: Մյուս կողմից, հասարակական առողջապահական համակարգից օգտվելուց կպահանջվեր մի քանի այցեր կատարել և, ամենայն հավանականությամբ, նրա միսիայի մնացած ամիսները կանցնեին:

Կնոջս հավատքը

Ամեն անգամ, երբ դժվար պահեր եմ ունենում միսիայի ժամանակ, ես ապավինում եմ կնոջս հավատքին և օգնությանը: Ես նրան պատմեցի այս միսիոների երկընտրանքի մասին և խնդրեցի զրուցել տեղական հիվանդանոցի աշխատողների հետ։ Արդյոք հնարավո՞ր էր ինչ-որ ձևով վիրաբուժական միջամտությունն անել անվճար և սեղմ ժամկետներում:

Աղոթելով օգնության համար՝ կինս գնաց հիվանդանոց։ Նա երկար հերթի մեջ հայտնվեց, որտեղ մարդիկ սպասում էին սպասարկողի հետ զրույցի համար։ Երբ հերթը մոտենում էր, կինս կարողացավ լսեց, թե ինչպես էին վարվում իրենից առաջ սպասողների հետ: Սովորաբար մարդկանց ասում էին, որ վեց ամսվա ընթացքում պետք է գան հանդիպման, երբեմն՝ ավելի ուշ:

Կինս գիտեր, որ դա շատ ուշ կլիներ մեր միսիոների համար։ Նա հուշում զգաց, որ լքի հերթը և մտնի մեկ այլ դռնով: Այնտեղ հիվանդանոցի մեկ այլ աշխատակից էր: Կինս ներկայացավ և բացատրեց մեր միսիոների իրադրությունը։

Նկար
a woman talking to a surgeon

Աշխատակիցը նրան խորհուրդ տվեց խոսել անմիջապես վիրաբույժի հետ, ով այդ օրը հիվանդանոցում էր և վիրահատության էր մեկ այլ հարկում: Կինս վիրաբույժին բացատրեց, թե ինչ աշխատանք են կատարում միսիոներները և ինչպես կօրհնվի այս միսիոները, եթե կարողանա վիրահատվել՝ ազատվելով քիմքի արատից:

Վիրաբույժը որոշ հարցեր տվեց: Ապա նա ասաց․ «Հարմար կլինի՞ վիրահատությունը նշանակենք երկու շաբաթից»։ Նա լրացրեց հիվանդանոցի ձևաթուղթը, նշելով, որ այս վիրահատությունը բխում է համայնքի շահերից, և ինքն անձամբ դրանով հետաքրքրված է: Նա հանձնեց ձևաթուղթն իր օգնականին և խնդրեց նշանակել օրը:

Տասն օր անց վիրաբույժը վիրահատեց մեր միսիոներին: Շուտով այս երեցը վերադարձավ միսիոներների շարքերը՝ զվարթ և պարզ ձայնով խոսելով: Մի նոր ոգևորությամբ նա գիտակցեց, որ Տերն առաջնորդել է իրեն:

Այս միսիոների փորձառությունը վկայությունն է այն բանի, որ մեր Հայրը լսում է մեր աղոթքները և առաջնորդում մեզ՝ մեր ձեռքից բռնած:

Առանց Աստծո մենք ոչինչ ենք

Հոգևոր տեսանկյունից մենք նման ենք փոքր երեխաների: Մենք չենք հասկանում այն մեծ օրհնությունները, որոնք Երկնային Հայրը պատրաստել է մեզ համար: Ֆիզիկապես մեծանալով, մենք սկսում ենք ավելի շատ բան հասկանալ երկրային օրենքների մասին, որոնք ղեկավարում են մեր կյանքը: Բայց մենք երբեք չպետք է թույլ տանք, որ երկրային գիտելիքները ավելի կարևոր դառնան, քան այն մեծ օրհնությունները, որոնք Երկնային Հայրը պահել է մեզ համար։

Մովսեսը՝ Հին Կտակարանի մեծ մարգարեն, ունեցել էր մի փորձառություն, որը ցույց էր տվել, թե նա իրականում որքան քիչ բան գիտեր: Եվ Մովսեսը «տեսավ աշխարհը և նրա ծայրերը, և բոլոր մարդկանց զավակներին, որոնք կային, և որոնք ստեղծվել էին. այդ ամենից նա մեծապես զմայլվեց և զարմացավ»։ Հետո Աստված հեռացավ։ Մովսեսը թողնվեց ինքն իր հետ, նա վայր ընկավ գետին:

«Եվ եղավ այնպես, որ շատ ժամեր անցան, մինչև Մովսեսը կրկին ստացավ իր մարդկային բնական ուժը. և նա ինքն իրեն ասաց. Այժմ, այս պատճառով, ես գիտեմ, որ մարդը ոչինչ է, մի բան, որը երբեք չէի ենթադրել» (Մովսես 1․8-10

Եթե Տերը մեզ ցույց տար այն բոլոր բաները, որոնք մենք կարող էինք անել Իր զորությամբ, մենք հավանաբար մեզ ճնշված կզգայինք։ Մովսեսի նման մենք կտեսնեինք, որ առանց Աստծո ոչինչ ենք։

Քայլ առ քայլ

Բայց մեզ ծանրաբեռնելու փոխարեն, Տերը մեզ առաջնորդում է քայլ առ քայլ։ Դա թույլ է տալիս, որ մենք ավելի շատ բաների հասնենք, քան կարող էինք անել սեփական ջանքերով:

«Որովհետև իմ խորհուրդները ձեր խորհուրդները չեն, և ձեր ճանապարհները իմ ճանապարհները չեն, ասում է Տերը.

Այլ ինչպես որ բարձր է երկինքը երկրից, նույնպես էլ բարձր են իմ ճանապարհները ձեր ճանապարհներիցը և իմ խորհուրդները ձեր խորհուրդներիցը» (Եսայիա 55.8-9

Ինչպես Տերն ասում է Վարդապետություն և Ուխտեր 78․18 հատվածում, մենք «չենք կարող տանել բոլոր բաներն այժմ»: Մենք դեռ չենք կարող հասկանալ այն ամենը, ինչ Նա է հասկանում։ Ուրեմն, մենք ի՞նչ պետք է անենք։ Տերը պատասխանում է. «Ուրախ եղեք»:

Ուխտի ճանապարհով ուրախ քայլելով՝ պետք է նաև խոնարհ լինենք, ինչպես փոքր երեխան: Մենք պետք է պատրաստ լինենք ուսուցանվելու և առաջնորդվելու Հոր կողմից (տես Վարդապետություն և Ուխտեր 112․10)։ Կյանքն այնքան բարդ է, որ հնարավոր չէ վերահսկել մեր ճանապարհի բոլոր մանրամասները: Եվ մենք չենք կարող հասկանալ ամեն բան, ինչի միջով մենք կամ մեր մտերիմներն անցնում ենք այստեղ՝ երկրի վրա:

Բայց երբ մենք վստահում ենք Տիրոջը և թույլ ենք տալիս, որ Նա մեր ձեռքից բռնած առաջնորդի մեզ, մենք կարող ենք ավելի շատ բանի հասնել Նրա արքայությունում, քան հնարավոր էր պատկերացնել: Մենք ավելի շատ կկարողանանք օրհնել մեր Երկնային Հոր զավակների կյանքը: Մենք ավելի լավ կկարողանանք տեսնել Փրկիչի ձեռքը մեր կյանքում: Մենք ավելի խորը երախտագիտություն կզգանք Նրա անսահման ողորմության և սիրո համար:

Օրհնությունները ձերն են

Վերջապես, Տերը ուղեկցում է մեզ, հիշեցնելով՝ «Արքայությունը ձերն է և նրա օրհնությունները ձերն են, և հավերժության հարստությունները ձերն են» (Վարդապետություն և Ուխտեր 78․18

Ես վերադառնում եմ իմ միսիոների օրինակին: Նա օգնություն խնդրելու հուշում ստացավ և օրհնվեց վիրահատությամբ, որն այժմ թույլ է տալիս նրան պարզ խոսել: Դրանից հետո նա առաջնորդվեց այն մարդկանց մոտ, ովքեր պատրաստ էին ստանալ ավետարանը և դրա օրհնությունները, ներառյալ մկրտությունը: Ես նաև անդրադառնում եմ կնոջս օրինակին: Նրա վկայությունն ուժեղացավ, երբ Տերն առաջնորդեց նրան: Ապա Նա բացեց երկնքի պատուհանները և օրհնություն թափեց։

Ես երախտապարտ եմ, որ սկսեցի աշխատել այս երիտասարդ միսիոների հետ, ով լցված էր պարզ, հզոր հավատքով: Եվ ես երախտապարտ եմ, որ կարող եմ հավերժ ապրել իմ կնոջ հետ, ով օրինակ է ծառայում՝ թույլ տալով Տիրոջն առաջնորդել իրեն:

Իսկապես, արքայությունն ու օրհնությունները մերն են:

Տպել