2021
Կասկածների ժամանակ դուռը բաց պահիր հավատքի համար
Հուլիս 2021


Չափահաս երիտասարդներ

Կասկածների ժամանակ դուռը բաց պահիր

Թեև երբեմն կարող ենք կասկածի տակ առնել մեր հոգևոր փորձառությունները, բայց մեր համոզվածությունը «հետ կհորդի»:

Նկար
woman standing before open door

Անկախ նրանից՝ մենք մեծացել ենք Եկեղեցում, թե դարձի ենք եկել ավելի ուշ՝ կյանքի ընթացքում, շատերս, հավանաբար, ունեցել ենք երկմտանքի և կասկածի պահեր: Միգուցե մենք զարմանալի հոգևոր փորձառություններ ենք ունեցել, բայց այժմ մտածում ենք. իրակա՞ն էին այդ հոգևոր փորձառությունները, թե՞ ինձ թվում էր, որ պարզապես զգում էի Հոգին: Իսկ ի՞նչ, եթե այդ երկու մտքերն էլ սխալ են։ Իսկ ի՞նչ մտածել իմ հարցերի մասին, որոնք դեռ պատասխան չունեն: Ինչպե՞ս մնամ Եկեղեցում, եթե այլևս համոզված չեմ, որ այն ճշմարիտ է։

Զարմանալիորեն, ինձ մոտ այդ հարցերն առաջացան, երբ արդեն ավարտել էի իմ միսիան։ Ճշմարտության գիտելիքն այնքան համոզիչ էր ինձ համար, որ ցանկանում էի քարոզել այն ուրիշներին շուրջ մեկուկես տարի, իսկ այժմ ես կասկածի տակ էի դնում այն ամենն, ինչ գիտեի և սովորեցնում էի: Ինչպիսի կորուստ կլիներ, եթե այդ ամենը ճշմարիտ չլիներ: Եվ արդյո՞ք ճշմարիտ էր այն ամենն, ինչ ես սովորեցնում էի։ Թե ես պարզապես ցանկանում էի, որ այն ճշմարիտ լիներ։ Տեսնելով, թե ինչպես են ընկերներս հեռանում Եկեղեցուց, և հավատքի մեջ իմ սեփական դժվարություններով հանդերձ, ինձ հուզում էր մի հարց՝ արդյո՞ք ես խաբել եմ ինքս ինձ:

Այդ ընթացքում ես չդադարեցի եկեղեցի գնալ կամ հնազանդվել պատվիրաններին, քանի որ ծանրակշիռ հարցեր ունեի: Փոխարենը, քանի որ հարցեր ունեի, ես փորձեցի հետևել Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի խորհրդին և «մեծացնել [իմ] հոգևոր կարողությունը հայտնություն ստանալու համար»:1

Ես գիտեի, որ «ոչ մի բան այնպես չի բացում երկինքները, ինչպես հետևյալ քայլերի համակցությունը՝ աճող մաքրությունը, ճշգրիտ հնազանդությունը, անկեղծ որոնումը, Մորմոնի Գրքում Քրիստոսի խոսքերով ամենօրյա սնուցումը և տաճարային ու ընտանեկան պատմության աշխատանքին կանոնավոր ժամանակ տրամադրելը»:2 Ես զգացի, որ ծայրահեղ կարևոր էր Աստծուն մոտ մնալը: Ի վերջո, Նա միակն է, ով կունենար իմ հարցերի պատասխանները:

Եվնիկեի պատմությունը

Մի օր, երբ կարդում էի Saints: The Story of the Church of Jesus Christ in the Latter Days, աշխատությունը, հանդիպեցի մի ուշագրավ պատմության, որը վերականգնման վաղ շրջանում ապրող կնոջ մասին էր։ Եվնիկե Ֆրանկլինը կարծես ուներ նույն հարցերն ու մտահոգությունները։

Եվնիկեն մկրտվել էր Նյու Յորքում՝ Եղիա Էյբլ անունով մի միսիոների կողմից։ Իր մկրտության պահին նա լիովին դարձի էր եկել դեպի ավետարանը։ Այնուհետև, երբ Եղիան մեկնեց Կանադա քարոզելու, Եվնիկեն սկսեց կասկածի տակ առնել ավետարանի ճշմարտացիությունը և այն ամենը, ինչը նա ժամանակին համարում էր ճշմարիտ։ Նա սկսեց մտածել՝ արդյո՞ք Ջոզեֆ Սմիթն իրապես մարգարե է, կամ Մորմոնի Գիրքն իրոք սուրբ գրություն է: Նա կորցրել էր քուն ու դադար՝ մտածելով, որ կարող էր խաբված լինել:

Տերը Եղիային երազում հայտնեց Եվնիկեի դժվարության մասին, և Եղիան շտապ վերադարձավ Նյու Յորք: Երբ Եղիան թակեց դուռը, Եվնիկեն ապշել էր։ Նա պատրաստվում էր ասել Եղիային, որ այլևս չէր հավատում: Փոխարենը, թույլ տվեց, որ Եղիան ներս մտնի։ Երբ այդ երեկո Եղիան հրավիրեց նրան իր քարոզին, նա տատանվում էր և չէր ցանկանում գնալ: Սակայն ի վերջո, նա տեղի տվեց և գնաց լսելու Եղիայի խոսքը։

Քարոզի ժամանակ Եղիան մեջբերեց Ա Պետրոս 4․12 հատվածը, որտեղ ասվում է՝ «օտար բան մի համարէք այն բորբոքուած նեղութիւնը որ ձեզ փորձելու համար լինում է»։ Բորբոքված նեղությունը, որը փորձում էր ոչնչացնել Եվնիկեի հավատը, հաջողության չհասավ։ Երբ Եվնիկեն լսեց Եղիայի խոսքը, նրա կասկածները փարատվեցին։Սրբեր գրքում այսպես է ասվում․ «Համոզվածությունը, որ նա մի ժամանակ զգացել էր, «հետ հորդեց»3

Համոզվածությունը «հետ է հորդում»

Եվնիկեի փորձառությունն ապշեցրեց ինձ, և ստիպեց նորից ու նորից անդրադառնալ դրան: Եվնիկեի նման ես դաս քաղեցի Եղիայի պարզ ու զորավոր խոսքերից: Մենք պետք է «օտար բան չհամարենք» մեր հավատքի վերաբերյալ հարցերի առկայությունը։ Դա միանգամայն սովորական երևույթ է: Ժամանակ է լինում, երբ ճշմարտությունը կարծես թափվում է երկնքից, իսկ ավելի ուշ կարող են այնպիսի պահեր լինել, երբ հոգևոր երաշտ ես զգում: Եվ կարող ենք մտածել՝ արդյո՞ք զգացել էինք հոգևոր հաստատումների այդ «անձրևը»։ Դեռևս, անգամ պատասխաններ կամ հաստատումներ չունենալով, մենք կարող ենք շարունակել աղոթել հայտնության «անձրևի» համար: Մենք կարող ենք վկայություն փնտրել, որպեսզի իմանանք, որ այն, ինչ երեկ ճշմարիտ էր, այսօր էլ է ճշմարիտ: Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ․ Հոլլանդն ուսուցանել է․ «Եթե դա ճիշտ էր, երբ աղոթեցիք դրա մասին, վստահեցիք դրան և ապրեցիք դրա համար, դա այժմ էլ է ճիշտ: … Դեմ առ դեմ կանգնեք ձեր կասկածներին։ Տիրապետեք ձեր վախերը»։4

Դուռը կրկին բացելով իր միսիոներ ընկերոջ առաջ, նույնիսկ երբ մտածում էր, որ պետք չէր բացել, Եվնիկեն կրկին բացեց իր սիրտը: Տերը նորից էր հասել Եվնիկեին և օգնել նրան՝ հաստատում զգալ այն ամենի համար, ինչը նա մի ժամանակ գիտեր: Նմանապես, յուրաքանչյուրս կարող է հավատքի առջև դուռը բաց պահել, նույնիսկ կասկածներ ունենալու դեպքում: Մենք կարող ենք շարունակ անել այն, ինչ ճիշտ է և փնտրել հայտնություն, նույնիսկ եթե վստահ չենք, թե ինչու ենք դա անում:

Մենք դուռը բաց ենք պահում՝ շարունակելով անել այն փոքր բաները, որոնք ըստ Աստծո, լավ են մեր հոգու համար: Մենք սուրբ ենք պահում Հանգստության օրը և հաճախում մեր ժողովներին։ Մենք կարդում ենք սուրբ գրությունները, նույնիսկ եթե դա երբեմն ընդամենը մեկ հատված է: Մենք լսում ենք օրհներգ կամ համաժողովի ելույթ: Մենք խոսում ենք Երկնային Հոր հետ մեր մտահոգությունների և հույսերի մասին և խնդրում ենք Նրան օգնել մեզ՝ իմանալ ճշմարտությունը: Մենք պահում ենք պատվիրանները, ապաշխարում ենք և փնտրում Սուրբ Հոգու ընկերակցությունը:

Եթե մենք չենք կարող ավելին, քան ցանկանալ հավատալ, մենք կարող ենք շարունակել անել փոքր բաներ և թույլ տալ, որ այդ ցանկությունը գործի մեր մեջ: Մենք կարող ենք տեղ տալ մեր սրտերում, որպեսզի հավատը մեծանա: (Տես Ալմա 32․27

Ի՞նչ գիտեմ ես

Նկար
man standing before open door

Թեև երբեմն ես ինքս ինձ հարց եմ տվել, թափառել եմ և տատանվել, սակայն հասկացել և հավաստիացել եմ, որ սա Քրիստոսի Եկեղեցին է: Չնայած Ջոզեֆ Սմիթը գուցեև անկատար մարդ էր, ես գիտեմ, որ նա Աստծո ոգեշնչված մարգարեն էր, ով զոհաբերեց ամեն ինչ, և արեց այն ամենն, ինչ կարող էր: Ես նաև գիտեմ, որ Մորմոնի Գիրքը իրական հին հիշատակարան է և սուրբ գրություն, որը պահպանվել է հենց մեզ համար՝ մեր օրերում: Երկնային Հայրը շարունակում է ամեն օր հաստատել ինձ այս ճշմարտությունները: Եվ ես ուրախ եմ, որ Նա այդ ճշմարտությունները հաստատեց նաև Եվնիկե Ֆրանկլինին:

Ես գիտեմ, որ երբ մենք մեր դռներն ու սրտերը բաց ենք պահում ճշմարտության առջև, Աստված օգնում է մեզ Սուրբ Հոգու միջոցով զգալ, թե ինչն է իրական, իսկ ինչը` ոչ: Մեր հոգևոր փորձառություններն անհերքելի կլինեն այդ պահին։ Եվ դրանից հետո ամեն անգամ, երբ զգում ենք, որ կասկածները սողոսկում են ներս, կարող ենք ինքներս մեզ հիշեցնել, թե ինչ ենք զգացել մինչ այդ: Ինչպես դա եղավ Եվնիկեի դեպքում, ավետարանի ճշմարտությունների հանդեպ մեր համոզվածությունը «հետ կհորդի»:

Մենք չպետք է ապրենք կասկածի երաշտի մեջ երկար ժամանակ, եթե կառչենք միայն մեր հոգևոր փորձառություններից։ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Լ․ Անդերսենը խորհուրդ է տվել․ «Անդրադարձեք ձեր սրբազան հիշողություններին։ … Վստահ եղեք, որ դրանք վերադառնում են ձեզ ձեր սիրելի Երկնային Հոր և Նրա սիրելի Որդու միջոցով: Թող դրանք համբերություն բերեն ձեր կասկածներին, և դուք հասկանաք ձեր դժվարությունները: Ես խոստանում եմ, որ երբ դուք պատրաստակամ ընդունեք և զգուշորեն, գանձի պես պահպանեք ձեր կյանքի կարևոր հոգևոր իրադարձությունները, ավելի շատ կունենաք ձեր կյանքում»:5

Ես գիտեմ, որ նրանց համար, ովքեր ձգտում են ունենալ հոգևոր նոր փորձառություններ և հավատ են դրսևորում Քրիստոսի հանդեպ, այս խոստումը գործում է. «[Քրիստոսին] հավատացողը երբեք չի ծարավի»: (Հովհաննես 6․35)։ Մենք կստանանք այն պատասխանները, որոնց կարիքն ունենք։ Մենք կանցնենք այն բորբոքված նեղությունների միջով, որոնք սատանան նետում է մեր ճանապարհին։ Եվ մենք հավատարիմ կմնանք մեզ սիրող Աստծուն մեր բոլոր օրերում։

Հղումներ

  1. Ռասսել Մ․ Նելսոն, «Հայտնություն Եկեղեցու համար, հայտնություն մեր կյանքի համար», Լիահոնա, մայիս 2018, 96։

  2. Ռասսել Մ․ Նելսոն, «Հայտնություն Եկեղեցու համար, հայտնություն մեր կյանքի համար», 95:

  3. Տես Saints: The Story of the Church of Jesus Christ in the Latter Days, vol. 1, The Standard of Truth, 1815–1846 (2018), 315–17.

  4. Jeffrey R. Holland, “Cast Not Away Therefore Your Confidence” (Brigham Young University devotional, Mar. 2, 1999), 4, speeches.byu.edu.

  5. Նիլ Լ․ Անդերսեն, «Կարևոր հոգևոր հիշողություններ», Լիահոնա, մայիս 2020, 21-22։

Տպել