Կախվածություն
Նախաբան


Նախաբան

Անկախ այն բանից, դուք ինքներդ եք մաքառում կախվածության դեմ, թե գործակցում եք ինչ-որ մեկի հետ, ով կախվածություն ունի, այս ուղեցույցը կարող է օրհնություն լինել ձեր կյանքում: Անանուն ալկոհոլիկների տասներկու քայլերը հարմարեցվել են Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու վարդապետությունների, սկզբունքների և համոզմունքների հիմնակառուցին: Դրանք ներկայացված են այս ուղեցույցում՝ որպես առանցքային սկզբունքներ յուրաքանչյուր բաժնի սկզբում: Այս ուղեցույցը կօգնի ձեզ սովորել, թե ինչպես կիրառել այս առանցքային սկզբունքները. դրանք կարող են փոխել ձեր կյանքը:

Այս ուղեցույցը նախատեսված է որպես աշխատանքային գիրք և տեղեկատու նրանց համար, ովքեր հաճախում են կախվածությունից վերականգնման աջակցության խմբերին, որը հովանավորվում է ՎՕՍ Ընտանեկան Ծառայությունների կողմից: Այնուամենայնիվ, վարդապետությունները և սկզբունքները, որոնք ուսուցանվում են, կարող են լինել մեծ օգնություն նրանց համար, ովքեր ապրում են այնպիսի վայրերում, որտեղ որևէ աջակցության խմբի մասնակցել հնարավոր չէ: Այս ուղեցույցը կարող է օգտագործվել այն մարդկանց կողմից, ովքեր ձգտում են փոխել իրենց կյանքը և հատկապես նրանց կողմից, ովքեր հոժարակամ են աշխատել եպիսկոպոսի կամ մասնագետ խորհրդատուի հետ ձեռք ձեռքի տված:

Տղամարդիկ և կանայք, ովքեր տառապել են տարբեր կախվածությունների ավերիչ հետևանքներից և ապաքինվել են, հրավիրվել են ՎՕՍ Ընտանեկան Ծառայությունների կողմից՝ կիսվելու իրենց փորձառություններով այս սկզբունքներն իրենց կյանքում կիրառելու վերաբերյալ: Նրանց տեսակետը («մենք»-ը այս ուղեցույցում) օգտագործվում է կախվածության տառապանքն ու ապաքինման և վերականգնման ուրախությունն արտահայտելու համար: Նրանց հետ դուք կարող եք գտնել սփոփանք, աջակցություն և ընդհանուր կապ:

Եկեղեցու առաջնորդները և խորհրդատու մասնագետները նույնպես ներգրավված են եղել այս ուղեցույցը գրելու և մշակելու գործին: Միավորված իմաստությունը և այսքան շատ հեղինակների փորձառությունը հանդիսանում է Հիսուս Քրիստոսի Քավության իրական լինելու և կախվածությունից վերականագնման հնարավորության ևս մեկ վկայություն:

Մենք ճանաչել ենք մեծ վիշտ, բայց մենք տեսել ենք մեր ամենաավերիչ պարտությունները փառահեղ հոգևոր հաղթանակներ դարձնելու Փրկիչի զորությունը: Մենք, որ մի ժամանակ ապրում էինք ամենօրյա ընկճախտով, վախով և հոգնեցուցիչ զայրույթով, այժմ վայելում ենք ուրախություն և խաղաղություն: Մենք ականատես ենք եղել հրաշքների մեր սեփական և ուրիշների կյանքում, ովքեր ընկել էին կախվածության ծուղակը:

Մեր կախվածությունների պատճառով ինքներս մեզ հասցրած ցավի ու տառապանքի համար մենք վճարել ենք բարձր գին: Բայց օրհնությունները եկել են, երբ մենք կատարել ենք յուրաքանչյուր քայլը դեպի վերականգնում: Ունենալով հոգևոր արթնացում, մենք ամեն օր ձգտում ենք բարելավել մեր հարաբերությունը Երկնային Հոր և Նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի հետ: Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով մենք ապաքինվում ենք:

Մենք մեր ողջ կարեկցանքով և սիրով հրավիրում ենք ձեզ միանալ մեզ ազատության և անվտանգության փառահեղ կյանքում՝ օղակված Հիսուս Քրիստոսի՝ մեր Քավիչի բազուկներում: Մեր իսկ փորձառությունից մենք գիտենք, որ դուք կարող եք ազատ արձակվել կախվածության շղթաներից: Անկախ նրանից, թե որքան կորած և անհույս կարող էիք զգալ ձեզ, դուք սիրառատ Երկնային Հոր զավակն եք: Եթե դուք կույր եք եղել այս ճշմարտության հանդեպ, սկզբունքները, որոնք բացատրվում են այս ուղեցույցում, կօգնեն ձեզ վերաբացահայտել այն և խորը հիմնավորել այն ձեր սրտում: Այս սկզբունքները կարող են օգնել ձեզ գալ դեպի Քրիստոսը և թույլ տալ Նրան փոխել ձեզ: Երբ կիրառեք սկզբունքները, դուք կմոտենաք Քավության զորությանը և Տերը կազատի ձեզ գերությունից:

Որոշ մարդիկ կարծում են, որ կախվածությունները պարզապես վատ սովորույթներ են, որոնք կարելի է հաղթահարել միայն կամքի ուժով, բայց շատ մարդիկ այնքան կախված են դառնում ինչ-որ վարքագծից կամ նյութից, որ նրանք այլևս չեն հասկանում, թե ինչպես զերծ մնալ դրանից: Նրանք կորցնում են հեռանկարը և այլ առաջնահերթությունների զգացումն իրենց կյանքում: Ոչ մի բան այնքան կարևոր չէ, որքան իրենց անդիմադրելի կարիքի բավարարումը: Երբ նրանք փորձում են զերծ մնալ, զգում են հզոր ֆիզիկական, հոգեբանական և զգացմունքային ցանկություն: Քանի որ նրանք սովորաբար կատարում են սխալ ընտրություններ, ճիշտն ընտրելու իրենց ունակությունը համարում են թուլացած կամ սահմանափակված: Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահ Բոյդ Ք. Փաքերն ուսուցանել է․ «Կախվածությունը կարողություն ունի անջատելու մարդու կամքը և վերացնելու բարոյական կամքի ազատությունը: Այն կարող է խլել մարդուց որոշելու ուժը» (in Conference Report, Oct. 1989, 16; or Ensign, Nov. 1989, 14):

Կախվածությունները կարող են ներառել այնպիսի նյութերի օգտագործումը, ինչպիսիք են՝ ծխախոտը, ալկոհոլը, սուրճը, թեյը և թմրանյութերը (ինչպես դեղատոմսով, այնպես էլ չթույլատրված) և վարքագծեր, ինչպես օրինակ՝ մոլեխաղը, փոխկախվածությունը, պոռնոգրաֆիկ նյութերի դիտումը , անպատշաճ սեռական վարքագիծը և ուտելու հետ կապված խանգարումները: Այս նյութերը և վարքագծերը նվազեցնում են՝ Հոգին զգալու մարդու կարողությունը: Դրանք վնասում են ֆիզիկական և մտավոր առողջությանը, ինչպես նաև սոցիալական, հուզական և հոգևոր բարեկեցությունը: Երեց Դալին Հ. Օուքսը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, ուսուցանել է. «Մենք պետք է խուսափենք ցանկացած վարքագծից, որը կախվածություն է առաջացնում: Այն, ինչը կախվածություն է առաջացնում, թուլացնում է մեր կամքը: Երբ մեր կամքը ենթարկում ենք ուժեղ ցանկություններին, որոնք առաջանում են կախվածության որևէ ձևից, դրանք ծառայում է սատանայի նպատակներին և խոչընդոտում է մեր Երկնային Հոր նպատակները: Սա վերաբերում է թմրանյութերից կախվածությանը (ինչպես օրինակ՝ ալկոհոլը, նիկոտինը կամ կոֆեինը), կախվածությունը զբաղմունքներից, ինչպես օրինակ՝ մոլեխաղերը և որևէ այլ կախվածություն առաջացնող զբաղմունք: Մենք կարող ենք խուսափել կախվածություններից՝ պահելով Աստծո պատվիրանները» (“Free Agency and Freedom,” Brigham Young University 1987–88 Devotional and Fireside Speeches [1988], 45):

Լինելով խոնարհ, ազնիվ, դիմելով Աստծուն և մյուսներին օգնության համար, դուք կարող եք հաղթահարել ձեր կախվածությունները Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով: Ճիշտ ինչպես մենք ենք ապաքինվել, դուք էլ կարող եք ապաքինվել և վայելել Հիսուս Քրիստոսի ավետարանի բոլոր օրհնությունները:

Եթե դուք կասկածում եք, որ կախվածության մեջ եք, և եթե ազատվելու նույնիսկ փոքրագույն ցանկություն եք զգում, մենք հրավիրում ենք միանալ մեզ՝ ուսումնասիրելով և կիրառելով Հիսուս Քրիստոսի ավետարանի սկզբունքները, ինչպես դրանք ուսուցանվում են այս ուղեցույցում: Մենք հավաստիացնում ենք ձեզ, որ եթե դուք հետևեք այս ուղուն անկեղծ սրտով, դուք կգտնեք ուժ, որն անհրաժեշտ է ձեզ կախվածությունից ապաքինվելու համար: Երբ հավատարմորեն կիրառեք այս տասներկու սկզբունքներից յուրաքանչյուրը, Փրկիչը կզորացնի ձեզ, և դուք կսկսեք «ճշմարտութիւնը ճանաչել եւ ճշմարտութիւնը կազատէ ձեզ» (Հովհաննես 8.32):

Տպել