Կախվածություն
Քայլ 9․ Վնասի փոխհատուցում և հաշտություն


Քայլ 9

Վնասի փոխհատուցում և հաշտություն

Առանցքային սկզբունք. Որտեղ հնարավոր է, վնասի ուղղակի փոխհատուցում կատարեք բոլոր մարդկանց, ում վնասել եք:

Երբ շարժվեցինք առաջ դեպի քայլ իննը, մենք պատրաստ էինք ներում հայցել: Մոսիայի ապաշխարող որդիների նման, ովքեր շրջեցին՝ «եռանդուն ձգտելով փոխհատուցել բոլոր վնասները» (Մոսիա 27.35), մենք ցանկանում էինք փոխհատուցել մեր պատճառած վնասը: Այնուամենայնիվ, երբ մենք հադիպեցինք իններորդ քայլին, գիտեինք, որ չէինք կարող իրականացնել մեր ցանկությունները, մինչև Աստված չօրհներ մեզ Իր Հոգով: Մենք կարիք ունեինք քաջության, առողջ դատողության, նրբանկատության, զգուշավորության և ճիշտ ժամանակացույցի: Այդ ժամանակ մեզանից շատերըչունեին այդ հատկանիշները: Մենք հասկացանք, որ քայլ իննը մեկ անգամ ևս կստուգեր մեր հոժարակամությունը՝ խոնարհվելու և որոնելու Տիրոջ օգնությունն ու շնորհը:

Այս դժվարին գործընթացում մեր փորձառությունների պատճառով մենք կատարում ենք մի քանի առաջարկներ: Շատ կարևոր է, որ դուք բռնկվող կամ անփույթ չլինեք, երբ փորձում եք փոխհատուցել ձեր պատճառած վնասը: Հավասարապես կարևոր է, որ դուք չհետաձգեք փոխհատուցել ձեր պատճառած վնասը: Ապաքինման ընթացքում գտնվող շատ մարդիկ ունեցել են հիվանդության կրկնություն, երբ նրանք թույլ են տվել, որ վախը ետ պահի իրենց՝ իններորդ քայլը կատարելուց: Աղոթեք Տիրոջ առաջնորդության համար և խորհրդակցեք վստահելի խորհրդատուի հետ օգնության համար, որպեսզի խուսափեք այդ փոսերն ընկնելուց:

Երբեմն գայթակությունը կարող է ետ պահել ձեզ ձեր ցուցակում գտնվող անձնավորության հետ հանդիպելուց: Սակայն մենք խորհուրդ ենք տալիս, որ դիմադրեք այդ գայթակղությանը, մինչև իհարկե, որևէ պաշտոնական արգելք ձեզ ետ չպահի տվյալ մարդու հետ հանդիպելուց: Խոնարհության ոգին և ազնվության զգացումը կարող են նորոգել վնասված փոխհարաբերությունները, երբ դուք խելամիտ ջանքեր եք գործադրում այդ մարդու հետ հանդիպելու համար: Թող մարդիկ իմանան, որ դուք մոտենում եք նրանց՝ փոխհատուցելու ձեր հասցրած վնասները: Հարգեք նրանց ցանկությունները, եթե նրանք նշում են, որ իրենք նախընտրում են չքննարկել այդ հարցը: Եթե նրանք տալիս են հնարավորություն ներողություն խնդրելու, եղեք համառոտ և հատուկ այն իրավիճակի կապակցությամբ, որը դուք հիշում եք: Մանրամասները կարևոր չեն: Նպատակը ձեր կողմից արված գործողությունները բացատրելը կամ նկարագրելը չէ: Նպատակն այն է, որ ընդունեք այն անիրավությունները, որոնք դուք արել եք, ներողություն հայցեք և փոխհատուցում կատարեք, որտեղ հնարավոր է: Մի վիճեք մարդկանց հետ կամ քննադատեք նրանց, եթե նույնիսկ նրանց արձագանքը բարենպաստ չէ կամ չի ընդունվում նրանց կողմից: Մոտեցեք յուրաքանչյուր անձնավորության խոնարհության ոգով՝ առաջարկելով հաշտություն, երբեք մի արդարացրեք ձեզ:

Որոշ գործողությունների համար ներողություն հայցելը կարող է առանձնապես դժվար լինել: Օրինակ, դուք ստիպվածկարող եք արծարծել հարցեր, որոնք կունենան իրավական հետևանքներ, ինչպես օրինակ՝ խաբեությունը կամ սեռական լուրջ մեղքը: Դուք գուցե գայթակղվեք և չափազանց խիստ արձագանքեք կամ արդարացումներ գտնեք և խուսափեք փոխհատուցում կատարելուց: Դուք պետք է աղոթքով որոնեք եկեղեցական կամ մասնագիտական խորհուրդ, նախքան այդպիսի լուրջ դեպքերում որևէ քայլ կատարելը:

Այլ դեպքերում դուք գուցե հնարավորություն չունենաք ուղղակիորեն փոխհատուցել վնասը: Հնարավոր է ,մարդը մահացել է, կամ դուք գուցե չեք կարողացել գտնել՝ որտեղ է տվյալ անձնավորությունը ապրում: Այսպիսի դեպքերում դուք կարող եք այնուամենայնիվ, անուղղակիորեն փոխհատուցել ձեր հասցրած վնասը: Դուք կարող եք նամակ գրել այդ մարդուն՝ արտահայտելով ձեր զղջումը և ցանկանալ հաշտություն, նույնիսկ, եթե նամակը չի կարող առաքվել: Դուք կարող եք նվեր տալ այդ մարդու բարեգործական սիրելի ծրագրին: Դուք կարող եք գտնել ինչ--որ մեկին, ով հիշեցնում է ձեզ այդ մարդու մասին և անել ինչ-որ բան նրա համար: Կամ կարող եք անանուն ինչ-որ բան անել՝ օգնելու այդ մարդու ընտանիքի անդամներից մեկին:

Կարող են լինել դեպքեր, երբ այդ անձին մոտենալը կամ ձգտել փոխհատուցում տալը ցավոտ է այդ մարդու համար կամ նույնիսկ վնասակար: Եթե կարծում եք, որ սա այդ դեպքն է, նախքան սկսելը քննարկեք իրավիճակը վստահելի խորհրդատուի հետ: Ապաքինման այս մասը չպետք է երբեք տանի ուրիշներին նոր վնաս հասցնելուն: Երբեմն դուք կարող եք պատճառել նաև այնպիսի վնաս, որը մարդկային ունակությունից վեր է վերականգնելու համար: Երեց Նիլ Ա․ Մաքսվելը խոսել է այդ իրականության մասին. «Երբեմն փոխհատուցումն իրականում անհնար է այն դեպքում, երբ ինչ-որ մեկը նպաստում է մեկ ուրիշի հավատքի կամ առաքինության կորստին: Դրա փոխարեն, հետագա արդարակեցության օրինակը կտրամադրի վնասի փոխհատուցման վարձահատույց ձև» (in Conference Report, Oct. 1991, 41; or Ensign, Nov. 1991, 31): Այն պահից ի վեր, երբ դուք որոշեք որդեգրել այս ճշմարիտ սկզբունքները որպես ձեր կյանքի նոր ձև, դուք կսկսեք կատարել ձեր հասցրած վնասի փոխհատուցումը:

Ձեր անցյալ գործողություններից մեծ մասի համար վնասի փոխհատուցումներ կատարելուց հետո, դեռ կլինեն մեկ կամ երկու հոգի, որոնց հետ, դուք զգում եք, որ ի վիճակի չեք հանդիպել: Մի հուսահատվեք: Մեզանից շատերը գործ են ունեցել նույն իրականության հետ: Մենք խորհուրդ ենք տալիս, որ դուք ձեր զգացումները Տիրոջը ներկայացնեք անկեղծ աղոթքով: Եթե դուք դեռ ունեք մեծ վախ կամ զայրույթ տվյալ անձնավորության հանդեպ, դուք հավանաբար պետք է հետաձգեք նրա հետ հանդիպումը: Բացասական զգացումները հաղթահարելու համար դուք պետք է աղոթեք գթության համար և տեսնեք այդ մարդուն՝ ինչպես Տերն է տեսնում նրան: Դուք կարող եք որոնել դրական պատճառներ, թե ինչու փոխհատուցումը և հաշտությունը կօգնի: Եթե դուք անեք այս ամենը և համբերատար լինեք, Տերը կարող է և Իր սեփական ուղով, Իր ուրույն ժամանակին կտա ձեզ ունակություն և հրաշագործ հնարավորություններ՝ հաշտվելու ձեր ցուցակում գտնվող յուրաքանչյուր մարդու հետ:

Ձեր լավագույն ունակություններով իններորդ քայլն ավարտելուց հետո, դուք ի վերջո կանեք այն ամենը, ինչ կարող եք՝ ձեզ ներդաշնակության մեջ դնելու Տիրոջ պատվիրանների հետ: Դուք կսկսեք հույս զգալ նոր կյանքի համար ոչ թե ինքներդ ձեր մեջ, այլ Աստծո սիրո մեջ: Դուք իջել եք համեստության խորքերը և պարզել, որ Տերը գրկաբաց սպասում է ձեզ: Դուք արել եք այն ամենը, ինչ կարող եք՝ վերականգնելու հարաբերությունները և հաշտվելու ուրիշների հետ: Դուք առնվազն մասնակիորեն մտել եք Նրա հանգիստը, այնտեղ մնալը դարձել է ձեր մեծագույն ցանկությունը: Դուք սովորում եք ավելի լավ ճանաչել և հետևել անձնական հայտնությանը, որն առաջնորդում է ձեզ՝ ներդաշնակության մեջ ապրել Աստծո հնադարյան և ժամանակակից մարգարեների ուսմունքների հետ: Նույնիսկ ձեր ամենադժվար պահերին դուք զգում եք խաղաղության մի նոր ձև: Դուք սովորել եք ստանալ այն օրհնությունները, որոնք Պողոսն է նկարագրել, երբ գրել է.«Եւ Աստուծոյ խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, կպահպանէ ձեր սրտերն ու միտքերը Քրիստոս Յիսուսի [միջոցով]»(Փիլիպպեցիս 4.7):

Գործողության քայլեր

Սիրեք ուրիշներին, ձեռնպահ մնացեք ուրիշներին դատելուց, հոժար եղեք ընդունել եկեղեցական կոչում և վճարեք տասանորդներ ու նվիրատվություններ

Եթե անցյալում դուք հավատքի մեջ ակտիվ եք եղել, գուցե ձեզ համար շարժառիթ է հանդիսացել վախը Աստծո դատաստանից կամ այն, թե ինչ կմտածեն ուրիշները: Միգուցե դուք գործել եք պարտականության զգացումից ելնելով: Այսօր դուք ընդունում եք, որ ծառայությունը դեպի Քրիստոսը գալու ուղի է: Դա Աստծո հանդեպ սեր արտահայտելու միջոց է: Այն արտահայտում է Նրա զորության հանդեպ անընդհատ կարիք և երախտագիտություն՝ Նրա աստվածային օգնության համար: Մտածեք, թե արդյոք ձեր գործունեության շարժառիթը Եկեղեցում դեռ վախն է կամ պարտականությունը, թե Քրիստոսի հանդեպ ձեր վերածնված բնական հավատքի արդյունքը:

Ուղիներ գտեք ծառայելու այնտեղ, որտեղ ապրում եք: Արժանի դարձեք և հասանելի՝ ծառայելու Եկեղեցու կոչման մեջ կամ այլ ձևով: Երբ ծառայեք ձեր եղբայրներին և քույրերին և ուսուցանեք նրանց խոսքով ու օրինակով, դուք կկիսվեք նրանց հետ՝ ձեր կյանքում Նրա կենդանի իրողությամբ: (Տես Մատթեոս 25.40, Հովհաննես 13.34–35, Հովհաննես 15.15, Մոսիա 2.17:)

Հոժարակամ արեք այն, ինչ անհրաժեշտ է՝ վնասի փոխհատուցման համար:

Կատարելով իններորդ քայլը, դուք պետք է խուսափեք հուսահատվելուց, եթե ուրիշները լավ չեն ընդունում ձեր ներողությունները կամ եթե չեն հավատում, որ դուք իսկապես փոխվել եք: Փոխհատուցում կատարելը կարող է ժամանակ և համբերություն պահանջել: Ուրիշներին ժամանակ տվեք հասկանալու, որ այս անգամ այլ է: Այս անգամ դուք դատարկ խոստումներ չեք տալիս, դուք ապրում եք լիակատար թողություն ստանալու ձեր կախվածությունից և բնավորության թուլություններից: Ի վերջո, ինքնազսպվածությունը և փոխված վարքը իրենցը կանեն:

Ուսումնասիրել և հասկանալ

Հետևյալ սուրբ գրություններն ու Եկեղեցու առաջնորդների խոսքերը կարող են օգնել ձեզ իններորդ քայլը կատարելիս: Օգտագործեք այս սուրբ գրություններն ու հարցերը խորհրդածության, ուսումնասիրության և գրելու համար: Գրելիս եղեք ազնիվ և կոնկրետ:

Ազդել ուրիշների վրա ի բարին

«Եվ այժմ Տիրոջ Հոգին ասում է ինձ. Պատվիրիր քո զավակներին բարիք անել, որպեսզի նրանք չմոլորեցնեն բազում մարդկանց սրտերն ի կործանում. հետևաբար, ես պատվիրում եմ քեզ, որդի՛ս, Աստծո երկյուղով, որ դու ետ կանգնես քո անօրինություններից.

Որպեսզի դու դառնաս դեպի Տերը քո բոլոր մտքով, կարողությամբ և ուժով. որպեսզի դու այլևս սրտեր չմոլորեցնես՝ ամբարշտություն գործելու. այլ, ավելի շուտ, վերադարձիր նրանց մոտ և ընդունիր քո սխալները և այն անիրավությունը, որ դու արել ես» (Ալմա 39.12–13):

  • Մեծագույն վնասներից մի քանիսը, որոնք հասցրել ենք ուրիշներին, այն է, որ ազդել ենք նրանց վրա, որպեսզի ընկնեն կախվածության մեջ: Գրեք ձեր կյանքում եղած այն մարդկանց մասին, ում վրա դուք ազդեել եք այդ կերպ:

  • Որտեղի՞ց կարող եք քաջություն գտնել հանդիպելու այդ մարդկանց հետ, համաձայն այս հատվածներում Ալմայի ուսմունքների:

Համոզում կամ հարկադրանք

«Հետևաբար, Օ՜, որդի՛ս, ով որ կամենում է գալ, կարող է գալ և ճաշակել կյանքի ջրերից ազատորեն. և ով որ չի կամենում գալ, նրան չի պարտադրվի գալ. բայց վերջին օրը դա պիտի վերականգնվի նրան՝ համաձայն իր արարքների» (Ալմա 42.27):

  • Իններորդ քայլը կատարելիս բազում հզոր պատճառներով հանդերձ, դուք երբեք չպետք է արդարանաք կամ ստեք, որ դուք ոչ մի ընտրություն չունեք: Կախվածությունից ապաքինման ծրագիրը համոզման ծրագիր է, ոչ թե հարկադրանքի: Գրեք այն մասին, թե արդյոք համոզվածությո՞ւն եք զգում, թե՞ հարկադրանք՝ իններորդ քայլը կատարելիս: Ի՞նչ պատճառներ են թվարկվում այս հատվածում համոզվելու համար:

Նախապատրաստվել հանդիպելու Աստծուն

«Այո, ես կկամենայի, որ դուք գործի անցնեք և չկարծրացնեք ձեր սրտերն այլևս. քանզի ահա, հիմա է ժամանակը և ձեր փրկության օրը. և հետևաբար, եթե դուք կամենաք ապաշխարել և չկարծրացնեք ձեր սրտերը, փրկագնման մեծ ծրագիրն անհապաղ պիտի իրագործվի ձեզ համար:

«Քանզի ահա, մարդկանց համար այս կյանքն է ժամանակը նախապատրաստվելու՝ հանդիպելու Աստծուն. այո, ահա, մարդկանց համար այս կյանքի օրն է իրենց գործերը կատարելու օրը» (Ալմա 34.31-32):

  • Էլ ի՞նչ եք իրականացնում, երբ փափկացնում եք ձեր սիրտը և գնում վնասը փոխհատուցելու:

  • Ինչպե՞ս է ձեր հասցրած վնասների համար փոխհատուցում կատարելու հոժարակամությունը մեծանում, երբ դուք հասկանում եք, որ պատրաստվում եք նաև հանդիպելու Աստծուն:

Գործունեությունը Եկեղեցում

«[Մոսիայի որդիները] ճամփորդում էին ողջ Զարահեմլայի երկրով մեկ, … եռանդուն ձգտելով փոխհատուցել բոլոր վնասները, որոնք նրանք հասցրել էին եկեղեցուն, խոստովանելով բոլոր իրենց մեղքերը, և հրատարակելով բոլոր բաները, որոնք նրանք տեսել էին, և բացատրելով մարգարեություններն ու սուրբ գրքերը բոլոր նրանց, ովքեր ուզում էին լսել նրանց» (Մոսիա 27.35):

  • Կախվածությունների պատճառով շատ մարդիկ դադարում են Եկեղեցի հաճախել: Ոմանք օգտագործում են մյուսների հանցանքները՝ իրենց սահմանափակ ներգրավվածությունն արդարացնելու համար: Գրեք Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում ձեր գործունեության վերաբերյալ սեփական փորձառությունների մասին:

  • Ինչպե՞ս է ապաքինման միջոցով Փրկիչին ավելի մոտ լինելն օգնել ձեզ վերամիավորված զգալ Նրա Եկեղեցու հետ:

  • Եկեղեցում ակտիվ լինելն ինչպե՞ս է օգնել ձեզ վնասի փոխհատուցում կատարել և ավելի լիարժեք ապաքինվել:

Հոժարակամ փոխհատուցում կատարել

«Դուք պետք է՝ որքան հնարավոր է փոխհատուցեքայն ամենի համար, ինչը գողացվել է, վնասվել կամ պղծվել: Հոժարակամ հատուցումը ցույց է տալիս Տիրոջը, որ դուք կանեք այն ամենը, ինչ կարող եք ապաշխարելու համար» (Richard G. Scott, in Conference Report, Apr. 1995, 102; or Ensign, May 1995, 76):

  • Գրեք այն մասին, թե ինչպես է իններորդ քայլն ապացույց հանդիսանում ոչ միայն Տիրոջ համար, այլև ձեզ և ուրիշների համար, որ դուք նվիրված եք համեստ և ազնիվ կյանքի:

Ձեր սրտի միտումները

«Նա, ով ապաշխարում և կատարում է Տիրոջ պատվիրանները, պիտի ներվի» (ՎևՈւ 1․32

  • Վնասի փոխհատուցում կատարելիս դուք, հնարավոր է հանդիպեք մարդկանց, ովքեր չեն ների ձեզ: Գուցե նրանց սրտերը դեռ կարծրացած են ձեր հանդեպ, կամ գուցե չեն վստահում ձեր միտումներին: Ինչպե՞ս է օգնում ձեզ այն միտքը, որ Տերը հասկանում է ձեր սրտի ճշմարիտ միտումները, և որ Նա կընդունի ձեր առաջարկը ապաշխարելու և վնասի փոխհատուցում կատարելու մասին, եթե նույնիսկ մյուս մարդիկ չընդունեն:

Ի՞նչ կարող է անել Փրկիչը ձեզ համար:

«Մարդիկ չեն կարող ներել իրենց իսկ մեղքերը, նրանք չեն կարող մաքրագործվել իրենց գործած մեղքերի հետևանքներից: Մարդիկ կարող են դադարել մեղանչելուց և կարող են ճիշտ գործել ապագայում, և այդ դեպքում նրանց գործերն ընդունելի են Տիրոջ առջև և ուշադրության արժանի: Բայց ով պիտի վերականգնի անարդարությունները, որ նրանք արել են իրենց և ուրիշների հանդեպ, որը իրենց համար անհնարին է թվում վերականգնել ինքնուրույն: Հիսուս Քրիստոսի քավությամբ ապաշխարողի մեղքերը կլվացվեն նրանցից, եթե դրանք ալ կարմիր լինեն, կդարձվեն ճերմակ, ինչպես բուրդը: Սա է ձեզ տրված խոստումը» (Joseph F. Smith, Gospel Doctrine, 5th ed. [1939], 98–99):

  • Երբ դուք դուրս գաք վնասի փոխհատուցում կատարելու, մի հուսալքվեք այնպիսի մտքերից, ինչպիսիք են.«Սա անհնարին է: Չկա հնարավորություն, որով կարող եմ համապատասխան չափով հատուցել վնասը, որ ես հասցրել եմ այդ մարդուն»: Չնայած դա կարող է ճիշտ լինել, հաշվի առեք Հիսուս Քրիստոսի զորությունը, որ Նա կարող է վերանորոգել այն բաները, որոնք դուք չեք կարող վերանորոգել: Գրեք Հիսուս Քրիստոսին վստահելու անհրաժեշտության մասին, որ Նա կանի այն, ինչ դուք չեք կարող անել:

  • Ինչպե՞ս կարող եք Տիրոջը ցույց տալ ձեր վստահությունը Նրա հանդեպ: Ինչպե՞ս կարող եք մեծացնել այդ վստահությունը:

Տպել