Կախվածություն
Քայլ 12․ Ծառայություն


Քայլ 12

Ծառայություն

Առանցքային սկզբունք. Հիսուս Քրիստոսի Քավության արդյունքում հոգևոր արթնացում ունենալուց հետո կիսվեք այս ուղերձով ուրիշների հետ և կիրառեք այս սկզբունքները ամեն բանում, ինչ անում եք:

Ծառայությունը կօգնի ձեզ աճել Հոգու լույսի մեջ ձեր մնացած ողջ կյանքի ընթացքում: Քայլ 10-ում դուք սովորեցիք գնահատել ձեր կյանքն ամեն օր և հաշվետու լինել ձեր գործողությունների համար: Քայլ 11-ում դուք սովորեցիք հիշել Փրկիչին ամեն ակնթարթ, որպեսզի ունենաք Սուրբ Հոգու առաջնորդությունը, այնքան ժամանակ , որքան հնարավոր է: Քայլ 12-ը ներառում է երրորդ խարիսխը՝ ծառայել ուրիշներին , որն ապահովում է շարունակվող ապաքինում և մեղքերի թողություն:

Կախվածությունից զերծ մնալու համար դուք պետք է մոռանաք ինքներդ ձեզ և ծառայեք: Ուրիշներին օգնելու ցանկությունը հոգևոր արթնացման բնական արդյունք է:

Դուք ուղերձ ունեք մյուս կախվածություն ունեցողների համար, բոլոր չարչարվածների և դժբախտության մեջ գտնվող մարդկանց համար, ովքեր կամենում են մտածել իրենց կյանքը փոխելու հոգևոր մոտեցման մասին և բոլորի համար, ովքեր որոնում են ճշմարտություն և արդարակեցություն: Ուղերձն այն է, որ Աստված հրաշքների Աստված է, ճիշտ՝ ինչպես Նա է միշտ եղել (տես Մորոնի 7.29): Ձեր կյանքը դա է ապացուցում: Դուք դառնում եք նոր անձնավորություն Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով: Դուք այս ուղերձով լավագույն ձևով կկիսվեք ուրիշներին ծառայելու ձեր ջանքերի միջոցով: Երբ ծառայեք, այս գործընթացի ձեր հասկացողությունը և գիտելիքը կամրապնդվի և կխորանա:

Նրա ողորմածության և Նրա շնորհի վերաբերյալ ձեր վկայությամբ կիսվելով դուք կմատուցեք ամենակարևոր ծառայություններից մեկը: Կրել ուրիշների բեռները բարության և անձնազոհ ծառայության գործերի միջոցով ձեր նոր կյանքի մասն է կազմում, որպես Քրիստոսի հետևորդ (տես Մոսիա 18.8):

Նախագահ Էզրա Թաfֆտ Բենսոնն ուսուցանել է. Տղամարդիկ և կանայք, ովքեր իրենց կյանքը նվիրում են Աստծուն, կհայտնաբերեն, որ Նա կարող է իրենց կյանքից շատ ավելի մեծ բան ստեղծել, քան իրենք են ունակ: Աստված կխորացնի նրանց ուրախությունները, կընդլայնի նրանց տեսադաշտը, կարագացնի նրանց միտքը, կամրացնի նրանց մկանները, կբարձրացնի նրանց ոգին, կբազմապատկի նրանց օրհնությունները, կմեծացնի նրանց հնարավորությունները, կմխիթարի նրանց հոգիները, կգտնի ընկերներ և կհեղի ի խաղաղություն: Նա, ով կկորցնի իր կյանքը Աստծո ծառայության մեջ, կգտնի հավերժական կյանք» (“Jesus Christ—Gifts and Expectations,” Ensign, Dec. 1988, 4):

Եղեք աղոթասեր, երբ ծառայելու ուղիներ մտածեք՝ միշտ ձգտելով առաջնորդվել Սուրբ Հոգու կողմից: Եթե հոժարակամ լինեք, դուք կգտնեք բազմաթիվ հնարավորություններ՝ կիսվելու հոգևոր սկզբունքներով, որոնք դուք սովորել եք: Դուք ուղիներ կգտնեք կիսվելու ձեր վկայությամբ ուրիշների հետ, հնարավորություններ՝ ծառայելու նրանց ուրիշ շատ ուղիներով: Երբ ծառայեք ուրիշներին, դուք կպահպանեք խոնարհություն՝ կենտրոնանալով ավետարանի սկզբունքների և կիրառումների վրա, որ սովորել եք: Միայն այդ ժամանակ դուք կարող եք համոզված լինել, որ ձեր դրդապատճառները և ոգեշնչումը բարի են: Վստահ եղեք, որ տալիս եք անվճար՝ չակնկալելով որոշակի արդյունք: Հարգեք ուրիշների ազատ կամքը: Հիշեք, որ մեզանից շատերն էին ստիպված «հասնել հատակին», մինչև պատրաստ եղանք ուսումնասիրելու և կիրառելու այս սկզբունքները: Նույնը ճշմարիտ կլինի նրանցից շատերի համար, ովքեր ցանկանում են օգնել:

Երբ դուք տեղեկանաք ուրիշների մասին, ովքեր գործ ունեն կախվածության հետ իրենց կյանքում կամ իրենց սիրելիների կյանքում, գուցե կամենաք նրանց իմաց տալ այս ուղեցույցի և ՎՕՍ Ընտանեկան Ծառայությունների կախվածությունից վերականգման ծրագրի մասին Եթե նրանք ցանկություն ունեն խոսելու, թույլ տվեք խոսեն: Պատմեք ձեր պատմությունը, որպեսզի նրանք իմանան, որ դուք կարող եք առնչություն ունենալ։ Խորհուրդ մի տվեք կամ մի փորձեք նրանց որևէ ձևով ուղղել: Պարզապես տեղեկացրեք նրանց ծրագրի և հոգևոր սկզբունքների մասին, որոնք օրհնել են ձեր կյանքը:

Դուք կարող եք հայտնաբերել, որ եթե կախվածություն ունեցողը պատրաստ չէ ընդունել այս հոգևոր սկզբունքները, գուցե ընտանիքի որևէ անդամ կամ նրա ընկերն ընկալունակ լինի: Փաստորեն ամեն ոք, ով ապրում է այս վտանգավոր ժամանակներում, կարող է օգտվել՝ սովորելով և կիրառելով ավետարանի սկզբունքները: Դուք երբեմն կարող եք ոգեշնչվել և ինչ-որ մեկին առաջարկել այս ուղեցույցի մի օրինակ Մորմոնի Գրքի հետ միասին: Այդ անելով, դուք փաստորեն կկիսվեք այն միջոցներով, որոնք օգնել են ձեզ վերակառուցել ձեր կյանքը՝ գալով դեպի Քրիստոս:

Երբ դուք ինչ-որ բան եք անում մեկ ուրիշի համար կամ կիսվում հույսի և ապաքինման ուղերձով, դուք չպիտի թույլ տաք, որ մեկ այլ անձնավորություն խիստ կախված լինի ձեզանից: Ձեր պարտականությունն է քաջալերել ուրիշներին, ովքեր մաքառում են վերադառնալ Երկնային Հոր և Փրկիչի մոտ առաջնորդության և ուժի համար: Բացի այդ, դուք չպիտի հարկադրվածքաջալերեք նրանց՝ դիմել նաև Տիրոջ լիազորված ծառաներին: Մեծ օրհնություններ կարող են գալ Տիրոջ կողմից նրանց միջոցով, ովքեր կրում են քահանայության բանալիները:

Երբ փորձեք օգնել ուրիշներին, դուք պետք է հասկանաք, որ դժվար կլինի նրանց համար մնալ ապաքինման փուլում, եթե ընտանիքի անդամները չաջակցեն նրանց կամ չհասկանան, որ ապաքինումը ժամանակ է պահանջում: Ամեն ոք կարող է ապաքինվել, սակայն, նշանակություն չունի, թե մյուսները, անգամ ամենամոտ հարազատները ինչպեսկընտրեն արձագանքել:

Երբ դուք ավետարանի սկզբունքների միջոցով տանում եք վերականգնման ուղերձը, դուք պետք է համբերատար և հեզ լինեք: Եսը կամ գերակայության այլ զգացում ձեր նոր կյանքում չպիտի տեղ ունենա: Երբեք մի մոռացեք, թե որտեղից եք դուք եկել և ինչպես եք փրկվել Աստծո շնորհի միջոցով: Հիսուս Քրիստոսը կանի նույնը «բոլոր դեպքերում» նրանց համար, ովքեր կապաշխարեն և կդիմեն Նրան (Մոսիա 29.20):

Ուրիշներին օգնելու ձեր խանդավառության մեջ համոզվեք, որ պահում եք հավասարակշռությունը ուղերձով կիսվելու և ձեր սեփական ծրագրով աշխատելու միջև: Ձեր հիմնական կիզակետը պետք է շարունակի լինել՝ այս սկզբունքներն ինքներդ կիրառելը։ Ուրիշների հետ այս գաղափարներով կիսվելու ձեր ջանքերն արդյունավետ կլինեն միայն այն դեպքում, երբ դուք պահպանեք կախվածությունից ձեր ապաքինումը:

Այս սկզբունքները, որոնք դուք կիրառել եք հաղթահարելու ձեր կախվածությունը, նույն սկզբունքներն են, որոնք կառաջնորդեն ձեզ՝ ձեր կյանքի բոլոր ոլորտներում, գործելու համաձայն Տիրոջ ծրագրի: Օգտագործելով ավետարանի այս սկզբունքները, դուք կարող եք համբերել մինչև վերջ, ինչպես Տերն է պատվիրել և դա դուք կանեք ուրախությամբ:

Գործողության քայլեր

Բերեք վկայություն հասարակավ, մեծարեք ուրիշներին ծառայելու կոչումներն ու տաղանդները, տանը կազմակերպեք ընտանեկան երեկո և ընտանեկան աղոթք, նախապատրաստվեք գնալ տաճար և այնտեղ երկրպագել։

Երկնային Հոր և Նրա սիրելի Որդու՝ Հիսուս Քրիստոսի սիրո և ողորմածության մասին ձեր վկայությունը այլևս տեսություն չէ: Այն դարձել է կենդանի իրականություն: Դուք դա ինքներդ եք զգացել: Երբ դուք իմացաք ձեր հանդեպ Նրա սիրո մասին, դուք իմացաք նաև ուրիշների հանդեպ Նրա սիրո մասին:

Նախագահ Հովարդ Վ. Հանթերն ուսուցանել է. «Մեզանից նրանք, ովքեր ճաշակել են Քավությունից, պարտավորության ներքո են՝ բերելու հավատարիմ վկայություն մեր Տիրոջ և Փրկիչի մասին (“The Atonement and Missionary Work,” seminar for new mission presidents, June 21, 1994, 2):

Վկայություն բերեք ձեր ընտանիքին խոսքով և գործով՝ ձեր սեփական օջախում՝ առանձնության մեջ: Բերեք վկայություն սովորական ընտանեկան երեկոներում, ընտանեկան աղոթքում և ընտանեկան սուրբ գրությունների ուսումնասիրության ընթացքում: Բերեք վկայություն, երբ միանում եք ձեր ընտանիքով միանում եք ծառայողական նախագծեր կատարելիս և երբ ապրում եք Քրիստոսանման կյանքով: Դուք կարող եք նաև վկայություն բերել եկեղեցական միջավայրում, ինչպես օրինակ՝ ծոմի և վկայության ժողովներին, դասերի ժամանակ կամ երբ Եկեղեցու ծառայություն եք մատուցում:

Մեծարեք ձեր ստացած Եկեղեցու կոչումները: Եթե դուք պարտականություններ չունեք ձեր ծխում կամ ցցում, թող ձեր եպիսկոպոսն իմանա, որ դուք մատչելի եք ծառայելու համար: Դուք կարող եք նաև օրհնել ուրիշներին՝ մասնակցելով ընտանեկան պատմության աշխատանքին և պատրաստվելով երկրպագելու ու ծառայելու տաճարում և ուխտեր կապելու այնտեղ Տիրոջ հետ: Նախագահ Գորդոն Բ. Հինքլին ուսուցանել է. «Տաճարային ծառայությունը մեր ողջ ուսուցման և գործունեության վերջնական արդյունքն է» (in Conference Report, Oct. 2005, 3; or Ensign, Nov. 2005, 4): Այս ուղեցույցում ուսուցանվող սկզբունքները կառաջնորդեն ձեզ դեպի տաճար, դրանք կմեծացնեն այնտեղ ծառայելու ձեր ցանկությունը:

Չնայած դուք նախկինում հնարավոր չեք համարել, բայց հիմա դուք կարող եք պատկերացնել սուրբ տաճարի դռներով մտնելու, այնտեղի խաղաղությունից առատորեն խմելու և Նրա տանը Տիրոջը մոտիկ զգալու մասին: Տաճարում դուք կգտնեք հոգևոր ուժ՝ շարունակելու ձեր ապաքինումը: Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ Երեց Ջոզեֆ Բ. Վիրթլինը վկայել է. Տաճարային սովորական աշխատանքը կարող է ապահովել հոգևոր ուժ: Դա կարող է լինել խարիսխ ամենօրյա կյանքում, առաջնորդության աղբյուր, պաշտպանություն, ապահովություն, խաղաղություն և հայտնություն» (in Conference Report, Apr. 1992, 123; or Ensign, May 1992, 88):

Ծառայեք ուրիշներին, ովքեր մաքառում են կախվածության դեմ՝ կիսվելով վերականգման սկզբունքներով, կիրառեք այս սկզբունքները ձեր կյանքի բոլոր ոլորտներում:

ՎՕՍ ընտանեկան ծառայությունների կախվածությունից վերականգնման ծրագիրը մեծ հնարավորություններ է տալիս ծառայության համար: Դուք կարող եք ծառայել ուրիշներին՝ հաճախելով ժողովների և կիսվելով ձեր փորձառությամբ, հավատքով և հույսով: Դուք կարող եք աջակցել ուրիշներին և զորացնել նրանց:

Երբ դուք կիրառեք ավետարանի սկզբունքները, կիմանաք, որ Քավությունը վերաբերում է կյանքի ամեն բնագավառի: Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահ Բոյդ Ք. Փաքերն ասել է. «Չգիտես ինչու, մենք կարծում ենք, որ Քրիստոսի Քավությունը գործելու է միայն մահկանացու կյանքի վերջում՝ անկումից, հոգևոր մահից փրկագնվելու համար: Այն շատ ավելին է, քան դա: Դա մի մշտատև զորություն է, որին պետք է դիմել ամենօրյա կյանքում: Երբ մենք մոլեգնած ենք, տակնուվրա եղած, տանջվում ենք մեղքի պատճառով կամ բեռնավորված ենք վշտով, Նա կարող է բժշկել մեզ» (in Conference Report, Apr. 2001, 28; or Ensign, May 2001, 23):

Դուք այս ուղերձով կարող եք կիսվել ուրիշների հետ ձեր օրինակի միջոցով և քաջալերանքի ձեր խոսքերով: Երբ դուք հանդիպում եք մարդկանց օրվա ընթացքում, նրանց ողջունեք ժպիտով: Ցույց տվեք երախտագիտություն՝ նրանց արածի համար: Երբ հնարավորություններ առաջանան, բերեք վկայություն հույսի մասին, որը գալիս է Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով:

Ուսումնասիրել և հասկանալ

Սուրբ գրությունները և Եկեղեցու ղեկավարների ուսմունքները կօգնեն ձեզ շարունակել ձեր ապաքինումը: Ուսումնասիրեք հետևյալ սուրբ գրություններն ու դրույթները: Օգտագործեք դրանք աղոթքով խորհրդածելու, անձնական ուսումնասիրության և խմբային քննարկման համար:

Դարձ և ապաքինում

«Դարձի եկած նշանակում է մեկ հավատքից կամ գործունեության ուղուց փոխված մեկ ուրիշ ուղու: Դարձը հոգևոր և բարոյական փոփոխություն է: Դարձի եկած նշանակում է ոչ միայն Հիսուսի և Նրա ուսմունքների մտավոր ընդունում, այլ նաև խթանող հավատք Նրա և Իր ավետարանի հանդեպ՝ մի հավատք, որը կերպարանափոխություն է առաջացնում, կյանքի իմաստի վերաբերյալ մարդու հասկացողության իրական փոփոխություն և հավատարմություն Աստծուն՝ հետաքրքրություններում, մտքերում և վարքում» (Marion G. Romney, in Conference Report, Guatemala Area Conference 1977, 8):

  • Փրկիչը խորհուրդ տվեց Պետրոսին զորացնել իր եղբայրներին իր դարձի գալուց հետո (տես Ղուկաս 22.32)։ Գրեք Նախագահ Ռոմնիի դարձի գալու սահմանման մասին և նշեք, թե ինչպես է այն վերաբերում ապաքինման ձեր փորձառությանը:

  • Ի՞նչ եք զգում ուրիշներին զորացնելու մասին, երբ նրանք վերականգնվում են կախվածության վարքագծից:

Մեծ առաջընթաց փոքր քայլերից

Ուստի, մի՛ ձանձրացեք բարին գործելուց, քանզի դուք դնում եք հիմքը մի մեծ գործի: Փոքր բաներից է առաջանում այն, ինչը մեծ է» (ՎևՈւ 64.33):

  • Երբ դուք մկրտվում և հաստատվում եք, դուք ստանում եք Սուրբ Հոգու պարգևը, որը ձեզ առաջնորդում է ձեր կյանքի բոլոր բնագավառներում: Ինչպե՞ս է այն օգնում հասկանալ, որ մեծ գործերն արվում են փոքր քայլերով:

Զորացնել ուրիշներին

«Սա է իմ հրճվանքը, որ գուցե կարողանամ Աստծո ձեռքում գործիք լինել, որ ինչ-որ մի հոգու ապաշխարության բերեմ. և այս է իմ ուրախությունը:

Եվ ահա, երբ ես տեսնում եմ իմ եղբայրներից շատերին՝ իսկապես զղջացող, և եկող դեպի Տերը՝ իրենց Աստվածը, այդ ժամանակ է իմ հոգին լցվում ուրախությամբ. այդ ժամանակ եմ ես հիշում, թե ինչ է Տերն արել ինձ համար, այո, հենց այն, որ նա լսել է իմ աղոթքը. այո, այդ ժամանակ ես հիշում եմ նրա ողորմած բազուկը, որը նա մեկնեց դեպի ինձ» (Ալմա 29.9–10):

  • Մենք իմացանք, որ ապաքինման համար կարևոր է հոժարակամ լինել այս սկզբունքների մասին կիսվելու մեր վկայություններով: Ինչպե՞ս կօգնի ձեզ ձեր փորձառությամբ կիսվելը մնալ ուժեղ ձեր ապաքինման մեջ:

«[Երբ դուք] հոժար եք սգալու նրանց հետ, ովքեր սգում են. այո, և մխիթարել նրանց, ովքեր կարիք ունեն մխիթարության, և կանգնելու որպես Աստծո վկաներ բոլոր ժամանակներում, և բոլոր բաներում, և բոլոր տեղերում, որ դուք կարող է լինեք, նույնիսկ մինչև մահ, որպեսզի դուք կարողանաք փրկագնվել Աստծո կողմից և համարվեք նրանց հետ, ովքեր պատկանում են առաջին հարությանը, որպեսզի դուք կարողանաք հավերժական կյանք ունենալ,–

Արդ, ես ասում եմ ձեզ, եթե սա է ձեր սրտի իղձը, ի՞նչ ունեք դուք դեմ Տիրոջ անունով մկրտվելուն՝ որպես մի վկայություն նրա առաջ, որ դուք մտել եք նրա հետ ուխտի մեջ, որ կծառայեք նրան և կպահեք նրա պատվիրանները, որպեսզի նա իր Հոգին ավելի առատորեն դուրս թափի ձեր վրա» (Մոսիա 18.7–10):

  • Կախվածության հետ կապված ձեր փորձառությունը ՝ օգնում է ձեզ կարեկցել նրանց, ովքեր մաքառում են կախվածության դեմ. ապաքինման ձեր փորձն օգնում է ձեզ մխիթարել նրանց: Գրեք ձեր աճող ցանկության և ունակության մասին՝ կանգնելով որպես Աստծո վկա այն ժամանակից ի վեր, երբ հետևել եք ապաքինման քայլերին:

Ծառայել Տիրոջ օգնությամբ

«Քավիչն ընտրեց ուսուցանել անկատար մարդկանց կատարելագործման ուղին: Նա արեց այդպես այն ժամանակ, Նա անում է այդպես այժմ» (Thomas S. Monson, in Conference Report, Apr. 2004, 19; or Ensign, May 2004, 20):

  • Երբեմն մեզ հետաքրքրում է՝ արդյոք մենք պատրաստ ենք կիսվել վերականգնմամբ ուրիշների հետ, որովհետև մենք դեռ չենք կիրառում այդ սկզբունքները կատարելապես: Ինչպե՞ս է խաղաղեցնում ձեզ այն միտքը , որ Փրկիչն աշխատում է անկատար մարդկանց միջոցով:

Աստծո զորությունը ի փրկություն

«Որովհետև ես Քրիստոսի աւետարանը ամոթ չեմ համարում, որովհետեւ Աստուծոյ զօրութիւն է փրկելու համար ամեն հաւատացողին» (Հռովմայեցիս 1.16):

  • Գրեք ձեր մտքերն ու զգացումները, երբ ետ նայեք և հաշվի առնեք, որ պահանջվեց հոգևոր փորձառություն՝ օգնելու ձեզ հաղթահարել ձեր կախվածությունը: Գրեք դժկամության զգացումների մասին, որ դուք կարող եք ունենալ ուրիշներին ասելիս, որ դուք ապաքինվել եք՝ կիրառելով Քրիստոսի ավետարանի սկզբունքները:

«Գնա քո ճանապարհով, որով ես կամենում եմ, և Մխիթարիչի կողմից կտրվի քեզ, թե ինչ պիտի անես, և ուր պիտի գնաս:

Միշտ աղոթիր՝ չլինի թե ընկնես գայթակղության մեջ և կորցնես քո վարձքը:

Հավատարիմ եղիր մինչև վերջ, և տե՛ս, ես քեզ հետ եմ: Այս խոսքերը մարդուց չեն, ոչ էլ մարդկանցից, այլ ինձանից են, այսինքն՝ Հիսուս Քրիստոսից, քո Քավիչից՝ Հոր կամքով» (ՎևՈւ 31.11–13):

  • Սուրբ գրությունները լի են առաջնորդությամբ նրանց համար, ովքեր ցանկանում են պահպանել կյանքի հոգևոր ուղին, որը կառաջնորդի նրանց ետ՝ դեպի Աստված: Ի՞նչ կոնկրետ առաջնորդություն եք գտնում այս հատվածներում:

Տպել