Կախվածություն
Քայլ 1․ Ազնվություն


Քայլ 1

Ազնվություն

Առանցքային սկզբունք. Ընդունեք, որ ինքներդ ձեզ անզոր եք հաղթահարել ձեր կախվածությունները, և որ ձեր կյանքը դարձել է անկառավարելի:

Մեզանից շատերը կախվածությունները ձեռք են բերել հետաքրքրությունից ելնելով: Մեզանից ոմանք ներքաշվել են նշանակված թմրադեղի արդարացված անհրաժեշտության պատճառով կամ որպես դիտավորյալ ըմբոստության քայլ: Շատերը սկսել են այս ուղին հազիվ դուրս գալով մանկական տարիքից: Ինչպիսին էլ որ եղել է սկսելու դրդապատճառը և մեր հանգամանքները, մենք շատ չանցած հայտնաբերել ենք, որ կախվածությունն ավելի էր հանգստացնում մեզ, քան ուղղակի ֆիզիկական ցավն էր հանգստանում: Այն դրդում էր կամ անզգայացնում ցավոտ զգացումները կամ տրամադրությունը: Այն օգնում էր մեզ խուսափել խնդիրներից, որոնց դիմակայում էինք կամ այդպես էինք կարծում: Որոշ ժամանակ մենք ազատ էինք զգում վախից, անհանգստությունից, մենակությունից, հուսալքությունից, զղջումից կամ ձանձրույթից: Բայց քանի որ կյանքը լի է պայմաններով, որոնք առաջացնում են այսպիսի զգացումներ, մենք վերադառնում էինք մեր կախվածություններին ավելի ու ավելի հաճախ: Այնուամենայնիվ, մեզանից շատերին չէր հաջողվում ճանաչել կամ ընդունել, որ մենք կորցրել էինք դիմադրելու և ինքնազսպման ունակությունը: Տասներկուսի Քվորումից Երեց Ռասսել Մ. Նելսոնը գրել է. «Կախվածությունը հետագայում հանձնում է ընտրելու ազատությունը: Քիմիական դեղամիջոցների միջոցով մարդը կարող է տառացիորեն անջատվել իր սեփական կամքից» (in Conference Report, Oct. 1988, 7; or Ensign, Nov. 1988, 7):

Հազվադեպ է պատահում, որ մարդիկ, ովքեր կախվածություն են ձեռք բերել, ընդունեն, որ կախվածություն ունեն: Որպեսզի հերքեինք մեր վիճակի լրջությունը և խուսափեինք բացահայտվելուց և մեր ընտրությունների հետևանքներից, մենք փորձում էինք նվազեցնել կամ թաքցնել մեր խնդիրները: Մենք չէինք գիտակցում, որ խաբելով ուրիշներին և ինքներս մեզ, մենք ավելի խորն էինք ընկղմվում մեր կախվածությունների մեջ: Երբ մեր անզորությունը կախվածության հանդեպ մեծանում էր, մեզանից շատերը մեղադրում էինք ընտանիքին, ընկերներին, Եկեղեցու ղեկավարներին և նույնիսկ՝ Աստծուն: Մենք ընկղմվում էինք ավելի ու ավելի մեծ մեկուսացման մեջ, մեզ առանձնացնելով ուրիշներից, հատկապես՝ Աստծուց:

Երբ մենք, որպես կախվածություն ունեցողներ, դիմում էինք ստերի և գաղտնիության, հուսալով արդարացնել ինքներս մեզ կամ մեղադրել ուրիշներին, մենք թուլանում էինք հոգեպես: Յուրաքանչյուր անազնիվ արարքի հետ մենք կապում էինք ինքներս մեզ «վուշե պարաններով», որոնք շուտով դառնում էին ամուր՝ ինչպես շղթաները (տես 2 Նեփի 26.22): Հետո եկավ ժամանակը, երբ մենք դեմ առ դեմ բախվեցինք իրականությանը : Մենք այլևս չէինք կարող թաքցնել մեր կախվածությունները՝ ևս մեկ անգամ ստելով կամ ասելով. «Դա այդքան էլ վատ չէ»:

Երբ որևէ մեկը՝ մեր սիրելին, բժիշկը, դատավորը կամ հոգևոր ղեկավարը ասացին մեզ ճշմարտությունը, մենք այլևս չկարողացանք հերքել՝ կախվածությունը կործանում էր մեր կյանքը: Երբ մենք ազնվորեն նայեցինք անցյալին, մենք ընդունեցինք, որ ինչ էլ որ մենք ինքնուրույն փորձել էինք, չէր հաջողվել: Մենք ընդունեցինք, որ կախվածությունը միայն ավելի վատթարացրել էր վիճակը: Մենք գիտակցեցինք, թե որքան էին մեր կախվածությունները վնասել հարաբերությունները և մեզ զրկել արժանավորության զգացումից: Այդ պահին մենք կատարեցինք առաջին քայլը դեպի ազատություն և վերականգնում՝ գտնելով քաջություն ընդունելու, որ մենք պարզապես խնդրի կամ վատ սովորույթի հետ չէինք առնչվում: Մենք վերջապես ընդունեցինք ճշմարտությունը, որ մեր կյանքը դարձել էր անկառավարելի, և որ մենք օգնության կարիք ունեինք՝ մեր կախվածությունները հաղթահարելու համար: Պարտության այս ազնիվ խոստովանության զարմանալի արդյունքն այն էր, որ վերջապես սկսվեց ապաքինումը:

Մորմոնի Գրքի մարգարե Ամմոնը հստակ նշել է այն ճշմարտությունը, որը մենք հայտնաբերեցինք, երբ վերջապես ազնիվ էինք ինքներս մեզ հետ:

«Ես չե՛մ պարծենում իմ սեփական ուժով, ո՛չ էլ իմ սեփական իմաստությամբ. բայց ահա, իմ ուրախությունը լիակատար է, այո, իմ սիրտը մինչև պռունկը լցված է ուրախությամբ, և ես կցնծամ իմ Աստծով:

Այո՛, ես գիտեմ, որ ես ոչինչ եմ. ինչ վերաբերում է իմ ուժին, ես թույլ եմ. հետևաբար, ես չեմ պարծենա ինձանով, բայց ես կպարծենամ իմ Աստծով, քանզի նրա ուժով ես կարող եմ անել բոլոր բաները» (Ալմա 26.11–12):

Գործողության քայլեր

Ձեռք բերեք ինքներդ ձեզ զսպելու ցանկություն։

Չնայած մարդկանց կախվածությունները տարբեր են, որոշ ճշմարտություններ, ինչպիսին այս մեկն է, երբեք չի տարբերվում. ոչինչ չի սկսվում, մինչև մարդու կամքը չստիպի սկսել: Կախվածությունից ձերբազատումը և մաքրությունը սկսվում է կամքի փոքրիկ առկայծումից: Մարդիկ ասում են, որ անձնավորությունները վերջապես կամենում են ձեռք բերել ինքնազսպում, երբ խնդրի ցավը դառնում է ավելի ուժեղ, քան խնդրի լուծման ցավը: Իսկ դուք հասե՞լ եք այդ կետին: Եթե դուք չեք հասել և դուք շարունակում եք ձեր կախվածությունը, դուք անկասկած կհասնեք այդ կետին, որովհետև կախվածությունը խորացող խնդիր է: Ծանր հիվանդության նման այն քայքայում է նորմալ գործելու ձեր ունակությունը:

Միակ պահանջը վերականգնումը սկսելու համար՝ կախվածություն առաջացնող նյութերի կամ արարքների ցանկության դադարեցումն է: Եթե ձեր ցանկությունը փոքր է և ոչ հետևողական այսօր, մի անհանգստացեք: Այն կաճի։

Որոշ մարդիկ ընդունում են կախվածությունից զերծ մնալու անհրաժեշտությունը, բայց դեռ չեն կամենում սկսել: Եթե դուք այդ իրավիճակում եք, գուցե սկսեք՝ խոստովանելով ձեր դժկամությունը, և մտածելով այն գնի մասին, որն անհրաժեշտ կլինի ձեզ վճարել ձեր կախվածության համար: Դուք կարող եք ցուցակ կազմել այն բաների, որոնք կարևոր են ձեզ համար: Հաշվի առեք ձեր ընտանիքը և հասարակական հարաբերությունները, ձեր հարաբերությունն Աստծո հետ, ձեր հոգևոր ուժը, ուրիշներին օգնելու և օրհնելու ունակությունը, ձեր առողջությունը: Այնուհետև ձգտեք գտնել հակասությունները ձեր վարքագծի և այն բաների միջև, որոնց դուք հավատում եք և ունեք դրա հույսը: Մտածեք, թե ինչպես են ձեր արարքները վտանգի ենթարկում ձեր արժեքները: Դուք կարող եք աղոթել, որ Տերն օգնի ձեզ տեսնել ինքներդ ձեզ և ձեր կյանքն այնպես, ինչպես Նա է տեսնում այն՝ ձեր ողջ աստվածային ներուժով, և ինչ եք դուք վտանգի ենթարկում՝ շարունակելով ձեր կախվածությունը:

Ընդունելով, թե դուք ինչ եք կորցրել՝ հանձնվելով ձեր կախվածությանը, դուք կարող եք օգնել ձեզ՝ ցանկություն գտնել կանգ առնելու: Եթե դուք կարողանաք գտնել նույնիսկ փոքրագույն ցանկությունը, դուք տեղ կունենաք սկսելու քայլ առաջինը: Եվ երբ դուք առաջընթաց ունենաք այս ծրագրի քայլերի ընթացքում և տեսնեք փոփոխությունները, որոնք գալիս են ձեր կյանք, ձեր ցանկությունը կմեծանա:

Հաղթահարեք հպարտությունը և ձգտեք խոնարհության։

Հպարտությունն ու ազնվությունը չեն կարող համատեղ գոյակցել: Հպարտությունը պատրանք է և բոլոր ձևերի կախվածությունների հիմնական տարրն է: Հպարտությունը աղավաղում է ճշմարտությունը ամեն ինչի մասին, ինչպես որ կան, ինչպես որ կային, ինչպես որ կլինեն: Այն մեծ խոչընդոտ է ձեր ապաքինման համար: Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնը սահմանել է հպարտությունը հետևյալ կերպ.

«Հպարտությունը շատ սխալ հասկացված մեղք է: …

Մեզանից շատերը հպարտություն են համարում եսամոլությունը, սնապարծությունը, պարծենկոտությունը, գոռոզությունը կամ մեծամտությունը: Այս բոլորը մեղքի տարրերն են, բայց նրա էությունը կամ միջուկը բացակայում է:

Հպարտության հիմնական բնորոշ հատկանիշը թշնամանքն է՝ Աստծո և մերձավորի հանդեպ: Թշնամանք նշանակում է «ատելության, ոխի կամ ընդդիմության վիճակ»: Դա այն ուժն է, որով սատանան ցանկանում է իշխել մեզ վրա:

Հպարտությունն իր հիմնական էությամբ մրցակցային է: Մենք հակադրում ենք մեր կամքն ընդդեմ Աստծո: Երբ մենք ուղղում ենք մեր հպարտությունը դեպի Աստված, ապա այն հետևյալ ոգով է. «ի՛մ կամքը թող կատարվի, ոչ թե քո»: …

Մեր կամքի մրցակցությունն Աստծո կամքի հետ, թույլ է տալիս ցանկությունների, ախորժակների և կրքերի անսանձ ընթացք (տեսԱլմա 38.12, 3 Նեփի 12.30):

«Հպարտները չեն կարող ընդունել Աստծո հեղինակությունը՝ իրենց կյանքին ուղղություն տալիս (տես Հելաման 12.6): Նրանք հակադրում են ճշմարտության իրենց զգայական ընկալումը Աստծո մեծ իմացությանը, իրենց ունակություններն՝ ի հակադրություն Աստծո Քահանայության զորությանը, իրենց ձեռք բերումներն՝ ընդդեմ նրա հզոր գործերի» (in Conference Report, Apr. 1989, 3–4; or Ensign, May 1989, 4):

Երբ դուք հոժարակամ եք դառնում՝ ինքներդ ձեզ զսպելու և ընդունելու խնդիրները, որոնց դիմակայում եք, ձեր հպարտությունն աստիճանաբար կփոխարինվի համեստությամբ:

Ընդունեք խնդիրը, որոնեք օգնություն, հաճախեք ժողովներին:

Երբ մենք անձնատուր եղանք մեր կախվածություններին, մենք խաբեցինք ինքներս մեզ և ուրիշներին: Բայց մենք չէինք կարող իսկապես ինքներս մեզ հիմարացնել: Մենք ձևացնում էինք, որ լավ ենք, լցված ցուցադրական խիզախությամբ և արդարացումներով, բայց ինչ-որ տեղ՝ խորքում, մենք գիտեինք: Քրիստոսի Լույսը շարունակում էր հիշեցնել մեզ: Մենք գիտեինք, որ սահում էինք ներքև՝ մի սայթաքուն զառիվայրով, դեպի ավելի ու ավելի մեծ ցավ: Այս ճշմարտության մերժումը այնպիսի դժվար գործ էր, որ մեծ սփոփանք էր ի վերջո ընդունել, որ մենք խնդիր ունեինք: Հանկարծ մենք՝բացելով մի փոքրիկ ճեղք հույսի համար, թույլ տվեցինք, որ այն ներս սահեր: Երբ մենք ինքներս նախընտրեցինք ընդունել, որ խնդիր ունեինք և կամեցանք աջակցություն և օգնություն որոնել, մենք այդ հույսին տեղ տվեցինք աճելու համար: Այդ ժամանակ մենք պատրաստ էինք կատարելու հաջորդ քայլը՝ հաճախելու վերականգնման ժողովին:

Աջակցության խմբին կամ վերականգնման ժողովին մասնակցելը չի կարող է հնարավոր լինել ամենքի համար: Եթե դուք չեք կարողանում մասնակցել վերականագնման ժողովին, դուք դեռ կարող եք հետևել քայլերից յուրաքանչյուրին՝ չնչին փոփոխություններով, երբ դուք աշխատում եք ձեր եպիսկոպոսի կամ խնամքով ընտրված մասնագիտացած խորհրդականի հետ:

Երբ վերականգման ժողովին մասնակցելը հնարավոր լինի, դուք այն օգտակար կհամարեք առնվազն երկու պատճառներով: Առաջինը, այս ժողովների ժամանակ դուք կսովորեք որոշակի ավետարանական սկզբունքներ, որոնք, եթե կիրառվեն, կօգնեն փոխել ձեր վարքը: Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահ Բոյդ Ք. Փաքերն ուսուցանել է․ Ավետարանի վարդապետությունների ուսումնասիրությունը ավելի արագ կբարելավի վարքը, քան վարքի ուսումնասիրությունը կփոխի այն: Անարժան պահվածքի մտահոգությունը կարող է հանգեցնել անարժան վարքի: Դա է պատճառը, որ մենք այդքան ուժգնորեն շեշտում ենք ուսումնասիրել ավետարանի վարդապետությունները» (in Conference Report, Oct. 1986, 20; or Ensign, Nov. 1986, 17): Երկրորդը, այս ժողովները մի վայր է՝ ուրիշների հետ հավաքվելու համար՝ որոնելով ապաքինում, և հանդիպելու նրանց հետ, ովքեր անցել են այս ուղով և այս ծրագրի արդյունավետության կենդանի ապացույցներն են: Վերականգման ժողովներում դուք կգտնեք ըմբռնում, հույս և աջակցություն:

Ուսումնասիրել և հասկանալ

Սուրբ գրությունների և Եկեղեցու ղեկավարների հայտարարությունների ուսումնասիրությունը կօգնեն ձեզ սկսել ձեր վերականգնումը: Այս ուսումնասիրությունը կմեծացնի ձեր ըմբռնումը և կօգնի ձեզ սովորել:

Դուք կարող եք օգտագործել սուրբ գրությունները, հայտարարությունները և հարցերը, որոնք հաջորդում են աղոթքով անձնական ուսումնասիրության համար, գրելու համար և խմբով քննարկման համար: Գրելու միտքը կարող է ձեզ վախեցնել, բայց գրելը հզոր զենք է ապաքինման համար: Այն ձեզ մտածելու ժամանակ կտա, այն կօգնի ձեզ կենտրոնանալ մտածելու վրա, այն կօգնի ձեզ տեսնել և հասկանալ ձեր կախվածությանն առնչվող վիճելի հարցերը, մտքերը և արարքները: Երբ գրեք, դուք կունենաք նաև ձեր մտքերի արձանագրությունը: Երբ առաջադիմեք քայլերով, դուք կկարողանաք չափել ձեր առաջընթացը: Այժմ եղեք ուղղակի ազնիվ և անկեղծ, երբ գրեք ձեր մտքերը, զգացումները և տպավորությունները:

Գայթակղություններով պարփակված

«Ես պարփակված եմ գայթակղությունների և մեղքերի պատճառով, որոնք, իրավամբ, այնքան հեշտությամբ նեղում են ինձ:

«Եվ երբ ես ցանկանում եմ ուրախանալ, սիրտս հառաչում է՝ իմ մեղքերի պատճառով. այնուամենայնիվ, ես գիտեմ՝ ում եմ ապավինել:

Իմ Աստվածն է եղել իմ ապավենը. նա իմ չարչարանքների միջով առաջնորդել է ինձ անապատում, և նա պահպանել է ինձ մեծ անդունդի ջրերի վրա:

Նա լցրել է ինձ իր սիրով՝ այն աստիճան, որ մարմնիս այրվում է» (2 Նեփի 4.18–21):

  • Դուք պարփակվա՞ծ եք զգում, թե հայտնվել եք թակարդում: Ի՞նչ հաճախականությամբ եք դուք այդպես զգում:

  • Ի՞նչ իրավիճակներ կամ զգացումներ են ձեզ թուլացրել, և այսպիսով դուք հանձնվել եք ձեր կախվածությանը:

  • Երբ Նեփին ճնշված էր զգում, ո՞ւմ էր վստահում: Ի՞նչ կարող եք անել Տիրոջն ավելի շատ վստահելու համար:

«Ես գիտեմ, որ մարդը ոչինչ է»

Եվ եղավ այնպես, որ շատ ժամեր անցան, մինչև Մովսեսը կրկին ստացավ իր մարդկային բնական ուժը. և նա ինքն իրեն ասաց. Այժմ, այս պատճառով, ես գիտեմ, որ մարդը ոչինչ է, մի բան, որը երբեք չէի ենթադրել» (Մովսես 1.10):

  • Ինչպե՞ս Մովսեսը նկարագրեց իրեն՝ Աստծո հետ համեմատելով:

  • Ինչպե՞ս կարող է փոքրիկ երեխան լինել անսահաման արժեքավոր և միաժամանակ լինել ոչնչություն, երբ համեմատենք նրան իր ծնողների հետ:

  • Որքանո՞վ եք դուք ոչնչություն, երբ չունեք Աստծո օգնությունը:

  • Որքանո՞վ եք դուք անսահման արժեք ներկայացնում:

  • Գրեք, թե ինչպես ձեր կախվածությունն ինքնուրույն հաղթահարելու ձեր անօգնականության ճանաչումը կարող է բերել ձեզ ընդունելու ձեր իսկ ոչնչությունը և դարձնել ձեզ մի փոքրիկ երեխա:

Քաղցել և ծարավել

«Երանելի են բոլոր նրանք, ովքեր քաղցած և ծարավ են արդարության, քանզի նրանք կլցվեն Սուրբ Հոգով» (Մատթեոս 5.6):

«Եվ իմ հոգին քաղցում էր. և ես ծնկի իջա իմ Արարիչի առջև, և ես աղաղակեցի առ նա՝ զորեղ աղոթքով և աղաչանքով իմ սեփական հոգու համար. և ողջ օրվա ընթացքում ես աղաղակեցի առ նա, այո, և երբ եկավ գիշերը, ես դեռ բարձրացնում էի իմ ձայնը վեր, այնպես որ այն հասավ երկինքներին» (Ենովս 1.4):

  • Սուրբ գրության այս երկու հատվածներում մենք իմանում ենք, որ մեր հոգիները կարող են քաղցել: Դուք երբևէ ներսում զգո՞ւմ եք դատարկություն, նույնիսկ, երբ ֆիզիկապես քաղցած չեք: Ի՞նչն է առաջացնում այդ դատարկությունը:

  • Ինչպե՞ս կարող է Հոգու բաների համար ձեր քաղցն օգնել ձեզ ավելի ազնիվ լինել:

Ազնվություն

«Ոմանք գուցե ազնվությունը՝ որպես բնավորության գիծ, ամենասովորական բան համարեն: Բայց ես հավատում եմ դա հենց ավետարանի բուն էությունն է: Առանց ազնվության, մեր կյանքը … կվերածվի այլանդակության և քաոսի» (Gordon B. Hinckley, “We Believe in Being Honest,” Ensign, Oct. 1990, 2):

  • Գրեք այն մասին, թե ինչպես եք ստել և փորձել թաքցնել ձեր կախվածությունը ինքներդ ձեզանից և մյուսներից: Ինչպե՞ս է այս վերաբերմունքը առաջացրել «այլանդակություն և քաոս»:

Խոնարհություն

«Եվ այժմ, քանի որ դուք հարկադրված եք լինել խոնարհ, օրհնվա՛ծ եք դուք. քանզի մարդ երբեմն, եթե նա հարկադրված է լինել խոնարհ, փնտրում է ապաշխարություն. և այժմ, անկասկած, ով որ ապաշխարում է, պիտի գտնի ողորմություն. և նա, ով գտնում է ողորմություն և համբերում է մինչև վերջ, կփրկվի» (Ալմա 32.13):

  • Գրեք այն հանգամանքների մասին, որոնք հարկադրել են ձեզ խոնարհվել և փնտրել ապաշխարություն: Ի՞նչ հույս է Ալման տալիս ձեզ: Ինչպե՞ս կարող եք գտնել կամ ստանալ այդ հույսը:

Տիրոջ բերկրանքը

«Ստախոս շրթունքները զզվելի են Տիրոջ համար, բայց հաւատարմութիւն անողները [Նրա բերկրանքն են]» (Առակաց 12.22):

  • Այդ հարցերի պատասխանների գրառումը խորացրեց ազնվության վերաբերյալ ձեր մակարդակը: Ինչպե՞ս է սուրբ գրության այս հատվածը վերաբերում այդ տիպի ազնվությանը: Ինչպե՞ս դուք կարող եք դառնալ Տիրոջ բերկրանքը:

Տպել