Կախվածություն
Քայլ 7․ Խոնարհություն


Քայլ 7

Խոնարհություն

Առանցքային սկզբունք. Խոնարհաբար խնդրեք Երկնային Հորը վերացնել ձեր թերությունները:

Բոլոր քայլերը պահանջում են խոնարհություն, բայց յոթերորդ քայլը առանձնահատուկ ձևով է պահանջում այդ. «Խոնարհաբար խնդրեք Երկնային Հորը վերացնել ձեր թերությունները»: Խոնարհ սիրտը, որը մենք զարգացրեցինք վեցերորդ քայլում, մեզ ծնկի իջեցրեց խնդրելու Տիրոջը յոթերորդ քայլում վերացնել մեր թերությունները: Երբ առաջադիմենք մինչև այս կետը, մենք պատրաստ ենք աղոթել առանց այլ շարժառիթի, բացի Երկնային Հոր և Տեր Հիսուս Քրիստոսի հետ մեկ սրտի և մեկ մտքի լինելուց: Մենք այլևս չենք բավարարվում սովորույթների կամ նույնիսկ ապրելակերպի փոփոխությամբ: Մենք վերջապես պատրաստ ենք, որ Աստված փոխի մեր բուն էությունը:

Յոթերորդ քայլը մեզանից յուրաքանչյուրի համար ներկայացնում էր այնպիսի լիակատար նվիրում Փրկիչին, որ մեզանից շատերը չէին կարող չաղաղակել մեր սրտերում, ինչպես Ալման արեց. «Ով Հիսուս, դու, Աստծո Որդի, ողորմություն ունեցիր իմ հանդեպ» (Ալմա 36.18): Մեր սրտերը լցվեցին անկեղծ զղջումով, ոչ միայն այն պատճառով, որ մենք տանջվել էինք կամ ստիպել ուրիշներին տանջվել, այլ որովհետև մենք ափսոսում էինք, որ նույնիսկ ապաքինման ընթացքում մենք դեռ չէինք կարողացել վերացնել մեր իսկ թերությունները:

Զգալով Աստծո սիրո մի մասը, մենք ցանկանում էինք հրաժարվել մեր բոլոր մեղքերից, նույնիսկ, մեղանչելու հակվածությունից, որպեսզի նրան ավելի լավ ճանաչեինք: Վերջապես, կամովին, մեր ողջ սրտով, մենք առաջարկեցինք մեր ամբողջ հոգիները Աստծուն և խնդրեցինք Նրան ներել մեզ և դարձնել մեզ Իր պատկերով: Վերջապես մենք սկսեցինք գիտակցել, որ ոչ մի ուրիշ անուն, ոչ մի ուրիշ ուղի, ոչ էլ միջոց չի տա մեզ լիակատար թողություն մեր մեղքերից: Առանց որևէ բան թաքցնելու, մենք աղերսեցինք Հորը, որ Նա Իր անսահման ողորմածությամբ ներեր մեզ մեր ողջ հպարտության, օրինազանցությունների և թերությունների համար: Մենք խնդրեցինք, որ Նա օժտեր մեզ շնորհով, որպեսզի նրա միջոցով մենք պահպանեինք կյանքի այս նոր ուղին:

Տերը չսկսեց կատարել այդպիսի հեղափոխական փոփոխություն մեր ամբողջ բնավորության մեջ, մինչև մենք թույլ չտվեցինք Նրան դա անել: Յոթերորդ քայլը մեր որոշումն էր: Մենք ինքներս պիտի խոնարհվեինք: Մենք պետք է անձնատուր լինեինք ինքնաբավ հպարտության յուրաքանչյուր մասնիկով և ընդունեինք, որ մեզ փրկելու մեր ջանքերը բավարար չէին: Մենք պետք է զգայինք և ապրեինք թագավոր Բենիամինի ուսուցանած ճշմարտությամբ, որ մենք բոլորս մուրացկաններ ենք Աստծո առջև և փրկության հույս չունենք մեր սեփական ջանքերով, այլ միայն Հիսուս Քրիստոսի ողորմածությամբ և շնորհով (տես Մոսիա 2.21, 4.19–20):

Քայլ 7-ը նշեց մեզանից յուրաքանչյուրի համար այն պահը, երբ մենք վերջնականապես անվերապահորեն ենթարկվեցինք հավերժական ճշմարտությանը, որն ուսուցանվում է Մոսիա 16.4-ում: «Այսպիսով, ողջ մարդկությունը կորած էր, և ահա, նրանք անդառնալիորեն կորած կլինեին, եթե Աստված չփրկագներ իր ժողովրդին նրանց կորած և ընկած վիճակից»: Մեր փորձառությունն ուսուցանել է մեզ, որ կատարելով յոթերորդ քայլը, մենք չենք ազատվում աշխատանքից, որը մենք պետք է անենք: Մենք դեռ պետք է համբերատար լինենք և «առաջ մղվենք Քրիստոսի հանդեպ հաստատամտությամբ» (2 Նեփի 31.20):

Մենք լիովին չէինք ազատվել մեղանչելու ցանկությունից: Մենք պետք է սովորեինք ընդունել կյանքը Աստծո պայմաններով և սպասեինք Նրա նպատակներին և Նրա ժամանակացույցին, նույնիսկ մեր թերությունների վերացման ընթացքում: Կատարելով յոթերորդ քայլը, մենք սովորեցինք ապրել նույն խոնարհությամբ և համբերությամբ առ Աստված, որն Ալման և նրա եղբայրները հանդես բերեցին, երբ նրանց բեռները թեթևացվեցին, բայց չվերացվեցին: «Նրանք զվարթությամբ ու համբերությամբ հնազանդվեցին Տիրոջ ողջ կամքին: (Մոսիա 24.15): Մենք վերջնականապես թողեցինք այն գաղափարը, որ մենք կարող էինք ինքնուրույն կատարյալ դառնալ, և մենք ընդունեցինք այն ճշմարտությունը, որ Աստված ցանկանում է, որ մենք հաղթահարենք մեր թուլություններն այս կյանքում՝ գալով դեպի Քրիստոս և կատարելագործվելով Նրանում: Մենք պարզեցինք, որ Իր շնորհով Նա հնարավորություն տվեց մեզ հրաժարվել ամեն անաստվածությունից և հասկանալ, որ փրկությունը գալիս է ոչ մեր սեփական ուժով, այլ Նրա (տես Մորոնի 10.32):

Յուրաքանչյուր քայլ այնուամենայնիվ գալիս է նախազգուշացումով, և քայլ 7-ը բացառություն չէ: Մենք, որ ընդունել ենք այս սկզբունքները պետք է նախազգուշացնենք ձեզ, որ դուք չպիտի ակնկալեք կատարելու այդ քայլը առանց զոհաբերության, և դա ճիշտ է: Վարդապետություն և Ուխտեր 59.8-ում Տերը պատվիրում է. «Արդարությամբ զոհ մատուցիր Տիրոջը՝ քո Աստծուն, այսինքն կոտրված սրտի և փշրված հոգու զոհը»: Այս զոհաբերությունը քայլ 7-ի էությունն է: Նույնիսկ, երբ դուք զգաք ձեր իսկ վերածննդի ցավերը, հիշեք, որ Նրա, ոչ թե ձեր տառապանքն է ապահովում ձեր փրկագնումը մեղքից: Ձեր զոհաբերությունը ընդամենը հանուն ձեզ կատարած Նրա «մեծ և վերջին զոհաբերության» մի համեստ հիշեցում է (Ալմա 34.14):

Երբ դուք դնում եք ամեն ինչ Աստծո ձեռքերում, դուք վերջապես անում եք այն ամենը, ինչ կարող եք՝ ստանալու Նրա անսխալ ապացույցը, որ ձեր մեղքերը ներված են, որ ձեր անցյալը իսկապես անցյալում է: Այն ժողովրդի նման, ովքեր դարձի եկան Մորմոնի Գրքում, դուք կարող եք վկայել, որ ձեզ «այցելել է Աստծո զորությունն ու Հոգին, որը Հիսուս Քրիստոսում [է]» (3 Նեփի 7.21): Ալմայի հետ միասին, դուք կարող եք բացականչել. «Ես այլևս չկարողացա հիշել իմ ցավերը. այո, ես այլևս տակնուվրա չէի լինում իմ մեղքերի հիշողությունից: Եվ, Օ՜հ, ինչպիսի ուրախություն, և ինչ սքանչելի լույս ես տեսա. այո, իմ հոգին լցվեց ուրախությամբ՝ նույնքան սաստիկ, ինչպիսին իմ ցավն էր» (Ալմա 36․19-20):

Գործողության քայլեր

Որոնեք Փրկիչի Քավության զորությունը, որպեսզի արդյունավետ դառնաք ձեր անձնական կյանքում՝ հաղորդության աղոթքների շուրջ խորհրդածելով:

Խորհրդածության արդյունավետ ձևերից մեկը սուրբ գրության որևէ հատվածի կամ արտահայտության շուրջ մտածելն է, երբ աղոթում եք՝ հասկանալու դրա իմաստը և կիրառումը ձեր սեփական կյանքում: Քանի որ մեզանից յուրաքանչյուրը պետք է ուխտ կապի, որը կրկնվում է հաղորդության աղոթքներում, դուք կարող եք խորհրդածել դրանց շուրջ:

Սուրբ գրությունները ձեր կյանքում կիրառելու մարգարեների կոչին հետևելով, գուցե կամենաք ընթերցել Մորոնի 4.3-ը և 5.2-ը և խոնարհաբար մտածել այս սրբազան խոսքերի մասին ձեր իսկ ձայնով. օրինակ՝ «Ո՜վ Աստված, Հայր Հավերժական, [ես] խնդրում եմ քեզ, քո Որդու՝ Հիսուս Քրիստոսի անունով, օրհնիր և սրբացրու այս հացը [իմ հոգու համար, երբ ես] ճաշակում եմ այն… և պահեմ նրա պատվիրանները, որոնք նա տվել է [ինձ], որպեսզի [ես]նրա Հոգին միշտ [ինձ] հետ ունենամ»:

Խոնարհաբար աղոթեք Աստծուն անել ձեզ համար այն, ինչ դուք ինքներդ չեք կարող անել ձեզ համար:

Մի պարզ աղոթք պահեք ձեր սրտում, ինչպես օրինակ «Տեր, ի՞նչ կկամենայիր, որ ես անեմ» կամ «Քո կամքը թող լինի», որը ձեզ անընդհատ կհիշեցնի, որ ամբողջապես կախված եք Տիրոջից: Աստծո սերը՝ ձերը՝ Նրա հանդեպ և Նրանը՝ ձեր հանդեպ, կօգնի ձեզ ձևավորել մի փոխհարաբերություն, որին դուք կարող եք անմնացորդ նվիրվել: Դուք որոնում էիք այդ սերը բոլոր տարիների ընթացքում, երբ թակարդված էիք կախվածության մեջ: Յոթերորդ քայլում, դուք կգտնեք մի ուղի՝ ձեռք բերելու խաղաղություն, երբ մտնեք «Տիրոջ հանգիստը» (Մորոնի 7.3, տես նաև Ալմա 58.11, Ezra Taft Benson, “Jesus Christ—Gifts and Expectations,” Ensign, Dec. 1988, 2):

Ուսումնասիրել և հասկանալ

Հետևյալ սուրբ գրությունների հատվածները և Եկեղեցու ղեկավարների խոսքերը կարող են օգնել ձեզ յոթերորդ քայլը կատարելիս: Օգտագործեք այս սուրբ գրություններն ու հարցերը՝ խորհրդածելու, ուսումնասիրելու և գրելու համար: Եղեք ազնիվ և կոնկրետ գրելիս:

Ընտրել լինել խոնարհ

«Եվ այժմ, ինչպես ես ասացի ձեզ, որ, քանի որ դուք հարկադրվեցիք լինել խոնարհ, դուք օրհնված եք, արդյոք դուք չե՞ք կարծում, որ ավելի օրհնված են նրանք, ովքեր իսկապես խոնարհեցնում են իրենց՝ խոսքի պատճառով» (Ալմա 32․14):

  • Մեզանից շատերը եկան ապաքինման ժողովներին հուսահատության մեջ, մեր կախվածությունների հետևանքներից հարկադրված: Մենք հարկադրված էինք խոնարհ լինել: Այնուամենայնիվ, յոթերորդ քայլում նկարագրված խոնարհությունը ուրիշպատճառ ունի: Այն կամավոր է: Ձեր խոնարհվելը ձեր սեփական ընտրության արդյունքն է: Ձեր խոնարհության զգացումը ինչպե՞ս է փոխվել այն ժամանակից ի վեր, երբ սկսեցիք ապաքինվել:

Ուրախությամբ լցված

«Նրանք տեսել էին իրենց՝ իրենց իսկ մարմնական վիճակում, նույնիսկ ավելի չնչին, քան հողի փոշին: Եվ նրանք բոլորն աղաղակեցին բարձրաձայն՝ միաձայն ասելով. Օ՜, ողորմություն ունեցիր և գործի դիր Քրիստոսի քավիչ արյունը, որպեսզի մենք կարողանանք ներում ստանալ մեր մեղքերից, և մեր սրտերը կարողանան մաքրվել. քանզի մենք հավատում ենք Հիսուս Քրիստոսին՝ Աստծո Որդուն, որը ստեղծել է երկինքն ու երկիրը, և բոլոր բաները. որը պիտի իջնի մարդկանց զավակների մեջ:

Եվ եղավ այնպես, որ հետո, երբ նրանք ասացին այս խոսքերը, Տիրոջ Հոգին եկավ նրանց վրա< և նրանք լցվեցին ուրախությամբ, ստացած լինելով իրենց մեղքերին թողություն, և ունենալով խղճմտանքի խաղաղություն այն արտասովոր հավատքի շնորհիվ, որ նրանք ունեին Հիսուս Քրիստոսում, որը պիտի գար՝ համաձայն այն խոսքերի, որոնք Բենիամին թագավորն ասել էր նրանց» (Մոսիա 4.2–3):

  • Բենիամին թագավորի ժողովուրդը հղեց այնպիսի աղոթք, որը մենք ենք մատուցում, երբ կատարում ենք յոթերորդ քայլը: Նրանք խաղաղություն և ուրախություն զգացին, երբ Տիրոջ Հոգին իջավ նրանց վրա և նրանց մեղքերին թողություն շնորհեց: Մտածեք այն փորձառությունների մասին, որոնցով դուք եք անցել այս զգացումներով հանդերձ: Գրեք այն մասին, թե ինչպես այս զգացումներով ապրելը կդառնա ձեր ապրելակերպը:

Հավատք առ Աստված

«Հավատացե՛ք Աստծուն. հավատացե՛ք, որ նա կա, և որ նա ստեղծել է բոլոր բաները՝ և՛ երկնքում, և՛ երկրի վրա. հավատացե՛ք, որ նա ունի բոլոր իմաստությունը և բոլոր զորությունը՝ և՛ երկնքում, և՛ երկրի վրա. հավատացե՛ք, որ մարդ չի ըմբռնում այն բոլոր բաները, որոնք Տերը կարող է ըմբռնել:

Եվ դարձյալ, հավատացե՛ք, որ դուք պետք է ապաշխարեք ձեր մեղքերից և թողնեք դրանք և խոնարհեցնեք ձեզ՝ Աստծո առաջ. և սրտի անկեղծությամբ խնդրեք, որ նա ների ձեզ. և այժմ, եթե դուք հավատում եք բոլոր այս բաներին, տեսեք, որ դուք անեք դրանք:

Եվ դարձյալ ես ասում եմ ձեզ, ինչպես առաջ եմ ասել, որ եթե դուք եկել եք Աստծո փառքի գիտությանը, կամ, եթե դուք քաջատեղյակ եք նրա բարությանը և ճաշակել եք նրա սիրուց, և ստացել եք մեղքերի թողություն, որն այդպիսի անչափ մեծ ուրախություն է պատճառում ձեր հոգիներին, նմանապես ես կկամենայի, որ դուք հիշեք և միշտ պահեք ձեր հիշողության մեջ Աստծո մեծությունը և ձեր սեփական ոչնչությունը և նրա բարությունն ու երկայնամտությունը ձեր՝ անարժան արարածների հանդեպ, և խոնարհեցնեք ձեզ, մինչև իսկ համեստության խորքերը, կանչելով Տիրոջ անունն ամեն օր և անսասան կանգնելով նրա հավատքում, որը պիտի գա, ինչը խոսվել է հրեշտակի բերանով:

Եվ, ահա, ես ասում եմ ձեզ, որ, եթե դուք անեք այս, դուք միշտ կհրճվեք և լցված կլինեք Աստծո սիրով և միշտ կպահպանեք ձեր մեղքերին թողություն. և դուք կաճեք նրա փառքի գիտության մեջ, ով ստեղծել է ձեզ, կամ այն գիտության մեջ, ինչն արդար է և ճշմարիտ» (Մոսիա 4.9–12):

  • Աղոթքով գրեք մի ցուցակ այն բաների, որոնք թագավոր Բենիամինն ասաց, որ մենք պետք է անենք: Ինչպե՞ս են այս բաները կապված յոթերորդ քայլը կատարելու հետ:

  • Ի՞նչ խոստումներ են գալիս թագավոր Բենիամինի հրահանգները կատարելուց: (Տես վերջին հատվածը։)

  • Եթե դուք ստանայիք այս խոստումները, ի՞նչ կփոխվեր ձեր կյանքում:

Օրենքներին և պատվիրաններին հնազանդվելը

«Քանզի, այս նպատակի համար էր տրված օրենքը. ուստի օրենքը դարձել է մեռած մեզ համար, և մենք դարձվել ենք կենդանի՝ Քրիստոսով, մեր հավատքի շնորհիվ. սակայն մենք պահում ենք օրենքը՝ պատվիրանների պատճառով» (2 Նեփի 25.25):

  • Մենք «դարձվել ենք կենդանի՝ Քրիստոսով, Նրա հանդեպ մեր հավատքի շնորհիվ: Ի՞նչ է նշանակում, որ օրենքը դարձել է մեռած մեզ համար: Ինչո՞ւ ենք շարունակում պահել օրենքը կամ հնազանդվել պատվիրաններին:

  • Ինչպե՞ս եք զգում այսօր՝ օրենքը պահելու վերաբերյալ:

  • Ինչպե՞ս է պատվիրանները պահելը Աստծո հանդեպ ձեր սիրո մի արտահայտություն:

Աստծո սերը

«Երբ մենք Աստծուն առաջին տեղում ենք դնում, բոլոր մյուս բաներն ընկնում են իրենց համապատասխան տեղը կամ հեռանում են մեր կյանքից: Տիրոջ հանդեպ մեր սերը կկառավարի մեր գորովանքի պահանջը, մեր ժամանակի կարիքը, հետաքրքրությունները, որոնց մենք հետամուտ ենք և մեր առաջնահերթությունների հերթականությունը» (Ezra Taft Benson, in Conference Report, Apr. 1988, 3; or Ensign, May 1988, 4):

  • Այսքան ժամանակ սկսելով ճանաչել Աստծո ողորմածությունը և բարությունը, դուք հավանաբար սկսել եք զգալ Աստծո սերը՝ սեր՝ Նրա հանդեպ և սեր՝ Նրա կողմից: Մտածեք և գրեք սիրո աճի մասին, որ դուք զգացել եք, մինչ աշխատել եք քայլերի ընթացքում:

  • Ինչպե՞ս է յոթերորդ քայլը բնորոշվում որպես մինչև այժմ ձեր սիրո մեծագույն փաստ:

Վերցնել Քրիստոսի անունը ձեր վրա

«Ով որ անի այս, կգտնվի Աստծո աջ կողմում, քանզի նա կիմանա անունը, որով նա կոչվում է. քանզի նա կկոչվի Քրիստոսի անունով» (Մոսիա 5.9):

  • Մեզանից շատերը մտածում են վերցնել Քրիստոսի անունը մեզ վրա մկրտության և հաղորդության համատեքստում և ճիշտ են անում: Մի պահ մտածեք, թե ինչ կարող էր նշանակել կանչվել Քրիստոսի անունով և ունենալ Նրա հեղինակությունը՝ որպես ձեր սեփականը:

  • Ի՞նչ պետք է անեք, որպեսզի գտնվեք Աստծո աջ կողմում: Ի՞նչ ուխտ պիտի կապեք,, երբ մկրտվեք և ճաշակեք հաղորդությունից:

  • Գրեք ձեր զգացմունքների մասին, որոնք ունեցաք, երբ մտածում էիք Նրա հոժարակամության մասին՝ Իր անունը կամ հեղինակությունը տալով բոլոր ձեր թերությունների փոխարեն:

Հանձնելով ձեր թուլությունները

«Կրոնը, որը չի պահանջում բոլոր բաների զոհաբերությունը, երբեք չի ունենա բավականաչափ ուժ՝ առաջացնելու անհրաժեշտ հավատքն ի կյանք և ի փրկություն» (Joseph Smith, comp., Lectures on Faith [1985], 69):

  • Որոշ մարդիկ կարդում են այս խոսքերը և մտածում. «բոլոր բաները» վերաբերում են բոլոր ունեցվածքներին: Ձեր բոլոր թուլությունները Տիրոջը հանձնելը ինչպե՞ս է մեծացրել ձեր հասկացողությունը այն բանի վերաբերյալ, թե ինչ է նշանակում զոհաբերել բոլոր բաները:

Տպել