Կախվածություն
Քայլ 4. Ճշմարտություն


Քայլ 4

Ճշմարտություն

Առանցքային սկզբունք. Անվախ կազմեք ձեր հետազոտական և բարոյական գրավոր ինքնավերլուծությունը:

Երբ կատարեցիք երրորդ քայլը, դուք որոշեցիք վստահել Տիրոջը: Դուք հանձնեցիք ձեր կամքը և կյանքը Նրա խնամքին: Քայլ 4-ում դուք ցույց եք տալիս Աստծուն վստահելու ձեր պատրաստակամությունը: Դուք գրում եք ձեր կյանքի հետազոտական և աներկյուղ վերլուծությունը, որքան հնարավոր է՝ լիակատար դարձնելով ձեր վերլուծությունը, զննելով կամ ամփոփելով մտքերը, դեպքերը, հույզերը և ձեր կյանքի իրադարձությունները:

Հեշտ չի լինի կատարել ձեր կյանքի անվախ և խորը ինքնավերլուծությունը: Երբ ասում ենք աներկյուղ, մենք նկատի չունենք, որ դուք չեք ունենա վախի զգացումներ: Դուք հավանաբար կունենաք շատ հույզեր, երբ զննեք ձեր կյանքը, ներառյալ սրտնեղություն, ամոթ կամ վախ: Անվախ նշանակում է, որ դուք թույլ չեք տա, որ ինքնավերլուծություն կատարելիս ձեր ապրումները, խոչընդոտեն ձեզ այդ գործընթացի ժամանակ խորն ինքնազննում կատարել: Դա նշանակում է չորրորդ քայլում դուք պարտավորվում եք լինել խիստ ազնիվ, երբ կենտրոնանաք ձեր կյանքի իրադարձությունների, ներառյալ ձեր թուլությունների վրա և ոչ թե ուրիշի թուլությունների վրա:

Անցյալում դուք երևի արդարացրել եք վատ վարվելակերպը և մեղադրել՝ ուրիշ մարդկանց, վայրերը, կամ իրավիճակները այն խնդիրների համար, որ ինքներդ եք հարուցել: Այժմ դուք կսկսեք պատասխանատվություն վերցնել անցյալի և ընթացիկ իրադարձությունների համար, չնայած դուք կարող եք կարիք ունենալ ընդունելու ցավոտ, սրտնեղություն պատճառող կամ դժվարին դեպքեր, մտքեր, ապրումներ կամ գործողություններ:

Եթե ինքնազննման և անվախ ինքնավերլուծության միտքը ձեզ թվում է ճնշող, իմացեք, որ դուք մենակ չեք: Մեր սրտերը լի են ձեր հանդեպ կարեկցանքով: Մենք հիշում ենք մեր մաքառումները, որպեսզի ձեռք բերեինք համարձակություն այս քայլը կատարելու համար: Մեզանից շատերը հարց էին տալիս, թե արդյոք հնարավոր չէր ամբողջովին բաց թողնել չորրորդ քայլը և այնուամենայնիվ հաղթահարել մեր կախվածությունները: Ի վերջո մենք ստիպված էինք հավատալ նրանց խոսքերին, ովքեր մեզանից առաջ էին գնացել այդ ճանապարհով. «Առանց ինքնազննման և աներկյուղ բարոյական ինքնավերլուծության, … անհնարին է հասնել գործող հավատքի ամենօրյա կյանքում » (Twelve Steps and Twelve Traditions [1981], 43):

Կախվածությունը աղավաղել է մեր կյանքն ազնվորեն վերլուծելու կարողությունը: Այն սահմանափակել է վնասը և քաոսը, պարտավորությունները հասկանալու մեր կարողությունը, որը կախվածությունն առաջացրել է մեր բոլոր փոխհարաբերություններում: Նախքան Փրկիչին վստահորեն ապավինելը, մենք կարիք ունենք մի արժեհամակարգի, որի միջոցով Նա կարող է օգնել մեզ ազնվորեն հասկանալ մեր անցյալը: Քայլ 4-ը տվեց այդ արժեհամակարգը « ջանասեր և քրտնաջան ճիգերն են հայտնաբերելու, թե որոնք են եղել և որոնք են այժմ այդ պարտավորությունները մեզանից յուրաքանչյուրում» (Twelve Steps and Twelve Traditions, 42):

Ւնքնավերլուծությունը նաև մի քայլ է՝ օգնելու մեզ համապատասխանեցնել մեր կյանքը Աստծո կամքի հետ: Այս ինքնավերլուծության միջոցով մենք բացահայտեցինք բացասական մտքերը, էմոցիաները և գործողությունները, որոնք կառավարում էին մեր կյանքը: Մեր կյանքում այդ կործանիչ էլեմենտները հայտնաբերելով, մենք կատարեցինք առաջին քայլը դրանք ուղղելու համար: Ինքնավերլուծություն կատարելը դժվար էր, բայց այդ քայլը դուռ բացեց դեպի հավելյալ հավատք և հույս, որոնք մեզ անհրաժեշտ են՝ շարունակելու մեր ապաքինումը և կախվածության հաղթահարումը:

Ինչպե՞ս կատարել ինքնավերլուծությունը

Երբ ընդունեցինք չորրորդ քայլի անհրաժեշտությունը, հաջորդ հարցերը դարձան. «Բայց ինչպե՞ս եմ կատարելու ինքնավերլուծությունը: Ի՞նչ միջոցների կարիք կունենամ»: Ւնքնավերլուծությունը խիստ անձնական գործընթաց է, և չկա միակ ճշգրիտ ուղի այն անելու համար: Դուք կարող եք խորհրդակցել ուրիշների հետ, ովքեր արդեն արել են ինքնավերլուծություն և ձգտել Տիրոջ ուղղորդմանը՝ ձեր սեփական ինքնավերլուծությունը կատարելիս: Նա կօգնի ձեզ ճշմարտացի և սիրառատ լինել, երբ դուք տեսակավորեք ձեր հիշողություններն ու զգացումները:

Ինքնավերլուծություն կատարելու ուղիներից մեկը կայանում է նրանում, որ մարդկանց, հաստատությունների կամ կազմակերպությունների, սկզբունքների, գաղափարների կամ հավատալիքների և իրադարձությունների, իրավիճակների կամ հանգամանքների ցուցակ կազմեք, որոնք առաջացնում են դրական կամ բացասական զգացումներ (ներառյալ՝ տխրություն, զղջում, բարկություն, վրդովմունք, վախ, դառնություն): Ցուցակի որոշ հասկացություններ կարող են հայտնվել բազմաթիվ անգամներ: Դա հասկանալի է: Այդ պահին մի փորձեք տեսակավորել, դատել կամ էլ վերլուծել: Առայժմ ամենակարևոր բանը, որքան հնարավոր է՝ խորը լինելն է:

Երբ կատարեք ձեր ինքնավերլուծությունը, նայեք ձեր անցյալ վարքագծին և քննեք մտքերը, զգացումները և համոզմունքները, որոնք տարան ձեզ դեպի ձեր վարքագիծը: Փաստորեն ձեր մտքերը, զգացումները և համոզմուքները ձեր կախվածության վարքագծի արմատներն են հանդիսանում: Մինչև դուք չքննեք վախի, հպարտության, զայրույթի, բարկության, ինքնակամության և ինքնախղճահարության հանդեպ բոլոր ձեր միտումները, ձեր զսպվածությունը լավագույն դեպքում կլինի անկայուն: Դուք կշարունակեք ձեր սկզբնական կախվածությունը կամ կփոխարինեք այն մեկ ուրիշով: Ձեր կախվածությունը այլ «պատճառների և պայմանների» ախտանիշ է (Alcoholics Anonymous [2001], 64):

Որոշ մարդիկ իրենց կյանքի հիշողությունները խմբավորում են ըստ տարիքի, դպրոցի դասարանների, ապրած վայրերի կամ փոխհարաբերությունների: Մյուսները պարզապես սկսում են գրի առնել, ինչ գալիս է իրենց միտքը: Դուք գուցե ամեն ինչ միանգամից չհիշեք: Շարունակեք աղոթել և թույլ տվեք, որ Տերը ձեր հիշողության մեջ բերի այդ բաները: Թողեք այդ գործընթացը անսահմանափակ և ավելացրեք ձեր ինքնավերլուծությանը, երբ հիշողությունները գան:

Երբ ավարտեք ձեր ցուցակը, որոնեք Տիրոջ առաջնորդությունը յուրաքանչյուր հիշողությունից սովորելու համար: Որոշ մարդիկ ձևակերպում են իրենց ինքնավերլուծության այս մասը՝ վերածելով այն ստորև նշված հինգ վերնագրերով սյունակների սխեմայի կամ աղյուսակի: Նրանք սահմանափակում են իրենց վերնագրերը՝ գրելով կարճ բառեր: Մյուսները ստեղծում են էջ իրենց ցուցակի յուրաքանչյուր վերնագրի համար և հետո գրում պատասխաններ հինգ կատեգորիաներից յուրաքանչյուրում:

Իրադարձություն: Ի՞նչ է պատահել: Մի քանի խոսքով իրադարձության ձեր հիշողության վերաբերյալ տվեք համառոտ նկարագրություն: Գրեք ավելի շուտ ամփոփագրի, քան երկար պատմության ոճով:

Հետևանքներ: Ի՞նչ հետևանք ունեցավ այն ձեր կամ ուրիշների վրա:

Զգացումներ: Ինչպիսի՞ն էին ձեր զգացումներն իրադարձության այդ պահին: Ինչպիսի՞ն են ձեր զգացումներն այժմ դրա վերաբերյալ: Մտածեք թե ձեր մտավախություններն ինչպես են նպաստել դրան:

Ինքնազննում: Ձեր բնավորության թուլությունները կամ ուժեղ կողմերն ինչպե՞ս ազդեցին իրավիճակի վրա: Արդյոք տեսնո՞ւմ եք հպարտության, ինքնախղճահարության, ինքնախաբեության կամ ինքնակամության որևէ ապացույց ձեր վարվելակերպում և գործողություններում: Չմոռանաք նաև արձանագրել այն դեպքերը, երբ դուք ճիշտ եք գործել:

Սուրբ Հոգին կօգնի ձեզ խոնարհվել և ընդունել ճշմարտությունը, նույնիսկ, եթե այն ցավոտ է: Տիրոջ օգնությամբ դուք կարող եք ճանաչել ձեր ուժեղ կողմերը և թուլությունները (տես Եթեր 12.27): Կարող են օգտակար լինել նմանատիպհարցերը.

  • Ի՞նչ արդյունք էի ես ակնկալում այդ իրավիճակում և ինչո՞ւ:

  • Ինչպե՞ս ես փորձեցի վերահսկել այդ իրավիճակը:

  • Արդյո՞ք դա անմիջականորեն ինձ էր առնչվում:

  • Ի՞նչ քայլեր կատարեցի ես կամ բաց թողեցի՝ հասնելու նրան, ինչ կամենում էի:

  • Միթե՞ ես անտեսեցի իրականությունը:

  • Արդյո՞ք իմ ակնկալիքները խելամիտ էին իմ և ուրիշների համար:

  • Ես ինքս ի՞նձ խաբեցի , թե՞ ուրիշներին:

  • Արդյո՞ք անտեսեցի ուրիշների զգացումները և մտածեցի միայն իմ մասին:

  • Ինչպե՞ս վարվեցի զոհի պես ուրիշներին վերահսկելու, ուշադրություն և համակրանք ստանալու, առանձնահատուկ թվալու համար և այլն:

  • Արդյո՞ք ընդդիմացա Աստծո կամ ուրիշների կողմից առաջարկվող օգնությանը:

  • Արդյո՞ք պնդում էի, որ ճիշտ էի:

  • Արդյո՞ք վիրավորված էի զգում չգնահատված կամ անուշադրության մատնված լինելու համար:

Ոգեշնչված խորհուրդ: Ի՞նչ խորհուրդ է տալիս Տերը այս դեպքի վերաբերյալ: Հիշեք, որ դուք վախենալու ոչինչ չունեք, երբ հպատակվում եք Փրկիչին: Դուք այստեղ եք, որպեսզի սովորեք տարբերել չարը բարուց, և Փրկիչը կարող է օգնել ձեզ՝ ներել ինքներդ ձեզ և ուրիշներին: Գրի առեք ձեր մտքերը և տպավորությունները, երբ զգաք ոգեշնչված խորհուրդ սուրբ գրություններից և Եկեղեցու առաջնորդներից:

Չորս անհրաժեշտ տարրեր

Բարոյական հաջող ինքնավերլուծության համար էական են չորս էլեմենտներ՝ գրելը, ազնվությունը, աջակցությունը և աղոթքը: Բարոյական ինքնավերլուծության այս էլեմենտները կօգնեն ձեզ ճանաչել և հաղթահարել մեղքերն ու թերությունները:

Գրելը: Ձեր կյանքի ինքնավերլուծությունը ամենարդյունավետը կլինի, եթե դուք գրեք այն: Դուք կարող եք պահել ձեր ձեռքում գրված ցուցակը և անդրադառնալ դրան, երբ անհրաժեշտ է. չգրված մտքերը հեշտ են մոռացվում, իսկ շեղումները կարող են հեշտությամբ խանգարել ձեզ: Երբ գրում եք ձեր բարոյական ինքնավերլուծությունը, դուք կկարողանաք ավելի հստակ մտածել ձեր կյանքի իրադարձությունների մասին և կկարողանաք կենտրոնանալ դրանց վրա ավելի քիչ շեղումներով:

Որոշ մարդիկ փորձում են խուսափել իրենց բարոյական ինքնավերլուծությունը գրելուց, ամաչելով կամ երկյուղելով իրենց գրելու ունակությունից կամ իրենց գրածը ուրիշի կողմից կարդալու պատճառով: Մի թույլ տվեք, որ այս վախերը կանգնեցնեն ձեզ: Ձեր ուղղագրությունը, քերականությունը, ձեռագիրը կամ տպելու հմտությունները նշանակություն չունեն: Դուք կարող եք նկարել հասարակ սիմվոլներ, եթե անհրաժեշտ է, բայց ձեր ինքնավերլուծությունը պետք է արվի գրավոր ձևով: Մինչև դուք այն չդնեք շոշափելի ձևի մեջ, դուք դեռ չեք կատարի ձեր չորրորդ քայլը: Երբ ավարտեք չորրորդ քայլը, հիշեք, որ կատարելության ձգտելը՝ փորձելով կատարյալ ձևով անել ձեր ինքնավերլուծությունը և գոհացնել ուրիշներին, կարող է ձեզ արգելափակել ամբողջական լինելուց:

Վախը, որ ինչ-որ մեկը կարող է կարդալ ձեր գրածը, գուցե անկեղծ մտահոգություն է, բայց դուք կարող եք այն հաղթահարել: Մեզանից նրանք, ովքեր արել են ինքնավերլուծություն, ստիպված են եղել դիմակայել այդ վախին: Մենք ստիպված էինք անել այն ամենը, ինչ կարող էինք՝ մեր ինքնավերլուծությունը գաղտնի պահելու համար, իսկ հետո վստահել արդյունքներն Աստծուն: Մենք պետք է ավելի շատ հոգ տանեինք ապաքինման մասին, քան մեր եսի կամ հեղինակության մասին: Ինքնավերլուծությունը պահանջում էր մեզանից անընդհատ դիմել Աստծուն օգնության համար, խնդրելով Նրան պաշտպանել մեզ և առաջնորդել մեզ այդ գործընթացում: Դուք պետք է հիշեք, որ չորրորդ քայլը ամոթի ստվերից դուրս գալու և ապաշխարության համար մեր կարիքն ընդունելու վարքագիծ է: Եթե դուք աղոթեք այն մասին, թե ինչպես և որտեղ գաղտնի պահեք ձեր ինքնավերլուծության էջերը, Տերը կառաջնորդի ձեզ անել այն, ինչ լավագույնն է:

Ազնվություն Ինքներդ ձեզ հետ ազնիվ լինելը՝ ձեր կյանքի մեղսավոր կողմերի առնչությամբ, կարող է սոսկալի լինել: Մարդիկ հաճախ խուսափում են շատ մոտիկից նայել իրենց անցյալի հայելու մեջ, երկյուղելով, որ արտացոլանքը կարող է բացահայտել այն ճշմարտությունը, թե ինչ է դարձել իրենց կյանքը: Այժմ, երբ դուք կատարում եք չորրորդ քայլը, դուք պետք է դեմ հանդիման կանգնեք ձեր կյանքի ճշմարտությանը և անմիջականորեն ձեր վախերին:

Ձեր ինքնավերլուծությունում դուք ոչ միայն կհայտնաբերեք ձեր թուլությունները, այլ ավելի լավ կհասկանաք ու նաև կգնահատեք ձեր ուժեղ կողմերը: Ձեր ինքնավերլուծությունում ներառեք ձեր լավ գծերը և դրական կողմերը, որոնք դուք ունեք: Իրականում դուք թուլությունների և ուժեղ կողմերի միակցություն եք: Երբ դուք ցանկանում եք տեսնել ողջ ճշմարտությունը ձեր անցյալի մասին՝ լավը և վատը, դուք թույլ եք տալիս երկնքի զորություններին բացահայտել ճշմարտությունը և օգնել ձեզ՝ անցյալին նայել ճշմարիտ տեսանկյունից: Տերը կօգնի ձեզ փոխել ձեր կյանքի ընթացքը և իրականացնել ձեր աստվածային ներուժը: Դուք կիմանաք, որ դուք նման եք բոլոր մյուս մարդկանց ՝ ուժեղ կողմերով և թուլություններով: Դուք կարող եք սկսել ուրիշներին վերաբերվել՝ որպես հավասարի:

Աջակցություն: Ուրիշների քաջալերանքը և աջակցությունը, ովքեր հասկանում են, որ ապաքինումը կարող է օգնել ձեզ ձեր ջանքերում: Նրանք կարող են առաջնորդել ձեզ՝ հայտնաբերելու մեթոդը, կառուցվածքը կամ մոտեցումը, որը լավագույնը կարող է լինել ձեզ համար անցյալը վերանայելիս: Նրանք կարող են քաջալերել ձեզ, երբ հուսալքվեք:

Աղոթք: Երբ մտածեք չորրորդ քայլի մեծության և դժվարության մասին, հիշեք, թե ինչպես է Տերն օգնել ձեզ յուրաքանչյուր նախորդ քայլում: Երբ դիմեցիք Աստծուն մխիթարության, քաջության և առաջնորդության համար, դուք գտաք օգնություն, որը կշարունակվի ձեզ համար, երբ կատարեք ինքնավերլուծություն: Պողոսն ուսուցանել է, որ Աստված «ամեն մխիթարութեան Աստվածը, որ մխիթարում է մեզ մեր ամեն նեղութիւնումը» (2 Կորնթացիս 1.3–4): Եթե դուք ամեն անգամ աղոթեք, երբ նստում եք գրելու ձեր ինքնավերլուծությունը, Աստված կօգնի ձեզ: Դուք կիմանաք իրականությունը, երբ կատարեք այս անհնարին թվացող քայլը՝ Աստված կարող է և կլինի միշտ ձեզ հետ, եթե դուք խնդրեք:

Ազատվել անցյալից

Որոշ մարդկանց մտահոգում է դեպի անցյալը նայելը՝ վախենալով ակամայից ստեղծել կեղծ հիշողություններ՝ աղոտ և չափազանցված տպավորություններից: Կատարելով ինքնավերլուծություն, վերանայեք միայն այն հիշողությունները, որոնք բավական պարզ են՝ նկարագրելու և դասակարգելու համար: Այստեղ ևս ելքը Աստծուն վստահելն է : Եթե դուք վարեք ձեր ինքնավերլուծությունը սրտառուչ աղոթքով, անկեղծ միտումով, ունենալով հավատք առ Քրիստոս, դուք կարող եք վստահել Նրան՝ ձեր հիշողության մեջ բերելու այն բաները, որոնք կօգնեն ձեր ապաքինմանը:

Չորրոդ քայլն ավարտելու փառահեղ արդյունքներից մեկն այն է, որ դուք մեծ քայլ եք անում դեպի ազատվելն այն վարքագծից, որը բնորոշում էր ձեր անցյալը: Ձեր ինքնության արտացոլումը, որը դուք կտեսնեք, երբ ավարտեք այս քայլը, կարող է ոգեշնչել ձեզ փոխել ձեր կյանքի ուղղությունը, եթե դուք թույլ տաք: Փրկիչի սիրո և շնորհի միջոցով դուք չպետք է լինեք այն, ինչ եղել եք: Դիմելով Տիրոջն առաջնորդության համար ձեր կյանքն ուսումնասիրելիս, դուք կսկսեք ճանաչել ձեր փորձառությունները որպես սովորելու հնարավորություններ: Դուք կգտնեք, որ բացահայտելով թուլությունները, որոնցից դուք տառապել եք այդքան երկար, թույլ կտան ձեզ առաջ շարժվել դեպի նոր կյանք:

Անհրաժեշտ քայլեր և գործողություններ

Գրեք անձնական օրագրում, որոնեք առաջնորդություն Սուրբ Հոգուց

Մեզանից շատերի համար ինքնավերլուծությունը մեր կյանքի մասին գրելու մեր առաջին ջանքերն էին: Անձնական օրագիրը կարող է շարունակել լինել հզոր միջոց ապաքինման համար: Տիրոջ մարգարեները հաճախ են ուսուցանել օրագրերի կարևորությունը: Օրինակ, Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալը խորհուրդ է տվել. «Գրեք …ձեր փորձառությունների մասին, ձեր ամենախորը մտքերը, ձեր հաջողությունները և ձախողումները, ձեր հարաբերությունները և ձեր հաղթանակները, ձեր տպավորությունները և ձեր վկայությունները» (“The Angels May Quote from It,” New Era, Oct. 1975, 5)

Երբ դուք աղոթքով գրում եք ձեր կյանքի մասին, դուք հնարավորություն եք տալիս Սուրբ Հոգուն օգնելու ձեզ տեսնել և հասկանալ հնարավոր դասերը, որոնք գալիս են ձեր փորձառություններից յուրաքանչյուրից: Եթե դուք ներկայումս օրագիր չեք պահում, մենք խրախուսում ենք ձեզ սկսել: Եթե դուք այժմ պահում եք օրագիր, մենք քաջալերում ենք, որ դուք ավելի շատ աղոթեք, երբ գրեք, որպեսզի Տերն ուսուցանի ձեզ և հարստացնի ձեր հասկացողությունը Իր Հոգու միջոցով:

Գրեք ձեր կյանքի տարեգրությունը՝ անցյալն ու ներկան

Ինքնավերլուծությունն ավարտելը ժամանակ կպահանջի: Կարիք չկա շտապելու, բայց դուք պետք է սկսեք: Որտեղից սկսելը այնքան կարևոր չէ, որքան ի վերջո ձեր անցյալի քննումը այնքանով, որքանով ձեր հիշողությունը և Տիրոջ ոգեշնչումը կառաջնորդի ձեզ: Ուղղակի գրեք, երբ հիշողությունները կգան ձեր միտքը: Ինչ որ գրեք գաղտնի է, և դուք կարող եք կիսվել դրանով միայն վստահելի օգնականի հետ, ում դուք աղոթքով կընտրեք, երբ կատարեք հինգերորդ քայլը: Ձեր ինքնավերլուծությունը ձեր մասին է և ձեր փոխհարաբերության մասին ինքներդ ձեզ հետ, Աստծո հետ և մյուսների հետ: Երբ քաջություն հավաքեք տեսնելու ինքներդ ձեզ, ինչպիսին որ դուք իրականում կաք, Աստված կբացի ձեր աչքերը, և դուք կսկսեք տեսնել ձեզ, ինչպես որ Նա է ձեզ տեսնում՝ որպես Իր բնածին աստվածային զավակներից մեկը: Կատարեք այս քայլը և պահեք ձեր աչքը այդ բնածին իրավունքի վրա:

Այլևս մի հիշեք ձեր մեղքերը

Ձեր գրավոր ինքնավերլուծությունն ավարտելուց հետո և երբ ժամանակը պատշաճ է, երբ այն մասերը, որոնք ընդգրկում են բացասական կամ բարկացկոտ արտահայտություններ, անձնական օրինազանցությունների պատմություններ և այլ նուրբ հարցեր, որոնցով պետք չէր կիսվել մյուսների հետ կամ փոխանցել ապագա սերունդներին, պետք է ոչնչացվեն: Այդ գրվածքների ոչնչացումը կարող է լինել նշան՝ ձեր ապաշխարության և հզոր միջոց՝ թույլ տալու, որ դրանք հեռանան: Տերը խոստացել է Երեմիային Իր ժողովրդի վերաբերյալ.«Ես պիտի ներեմ նորանց անօրէնութիւնը, եւ նորանց մեղքերը այլ եւս պիտի չյիշեմ» (Երեմիա 31.34): Մենք պետք է հետևենք Տիրոջ օրինակին՝ ներելով մեր անձնական մեղքերը և ուրիշների մեղքերը նույնպես:

Ուսումնասիրություն և ըմբռնում

Այս սուրբ գրությունները և Եկեղեցու ղեկավարների խոսքերը կարող են օգնել ձեզ ավարտել քայլ 4-ը: Օգտագործեք դրանք խորհրդածության, ուսումնասիրության և գրելու համար: Հիշեք լինել ազնիվ և յուրահատուկ ձեր գրվածքներում:

Ձեր կյանքի վերաքննումը

«Ես հրավիրում եմ ձեզանից յուրաքանչյուրին խորապես վերաքննել ձեր կյանքը: Արդյո՞ք դուք շեղվել եք այն չափանիշներից, որոնք գիտեք, որ բերելու են երջանկություն: Կա՞ արդյոք մի մութ անկյուն, որը պետք է մաքրվի: Արդյո՞ք դուք այժմ անում եք բաներ, որոնք գիտեք, որ սխալ են: Արդյո՞ք ձեր միտքը լցնում եք անմաքուր մտքերով: Երբ շուրջն անդորր է և դուք կարողանում եք հստակ մտածել, արդյո՞ք ձեր խիղճն ասում է ձեզ, որ ապաշխարեք:

Ձեր խաղաղության համար այժմ և հավերժական երջանկության համար, խնդրում ենք՝ ապաշխարեք: Բացեք ձեր սիրտը Տիրոջ առջև և խնդրեք Նրան օգնել ձեզ: Դուք կվաստակեք ներման օրհնությունը, խաղաղություն և գիտելիք, որ դուք մաքրագործվել եք և բժշկվել: Քաջություն գտեք՝ Տիրոջից ուժ խնդրելու ապաշխարության համար այժմ» (Richard G. Scott, in Conference Report, Apr. 1995, 103; or Ensign, May 1995, 77):

  • Քայլ 4-ը Երեց Սքոթի խորհրդին հետևելու ուղիներից մեկն է: Գտեք մի խաղաղ պահ՝ աղոթելու ուղղորդման և քաջության համար, երբ վերաքննում եք ձեր կյանքը: Աղոթքով որոնեք ժամանակ ինքնագնահատման համար և գրի առեք այն գաղափարները, որոնք կգան ձեզ մոտ, երբ մտածեք Երեց Սքոթի հարցերի մասին:

Ընդունել անցյալը

«Ետ դարձեք ձեր մեղքերից. թոթափեք նրա շղթաները, ով կամենում է կապել ձեզ ամուր. եկեք դեպի այն Աստվածը, որը ձեր փրկության վեմն է» (2 Նեփի 9.45):

  • Մեղքերից շրջվելը և կախվածության շղթաների թոթափումը չի կարող սկսվել, մինչև դուք չընդունեք, որ մեղքերն ու շղթաները գոյություն ունեն: Գրեք այն դիմադրության մասին, որ դուք եք զգում, երբ մտածում եք ձեր անցյալի վերաբերյալ ամբողջապես ազնիվ լինելու մասին:

Հերքումը փոխարինել ճշմարտությամբ

«Եթէ ասենք թէ մեղք չունինք, մեր անձերը խաբում ենք եւ ճշմարտութիւնը չկայ մեզանում» (1 Հովհաննես 1.8):

  • Կախվածության հիմնական բնորոշ գիծը կախվածության հերքումը կամ ինքնախաբեությունն է, երբ անձնավորությունը հերքում է, որ խնդիր ունի: Ապաքինման ինչպիսի արդյունքներ կարող են գալ՝ հերքումը փոխարինելով ճշմարտությամբ:

  • Ինչպե՞ս կարող է քայլ 4-ն օգնել ձեզ իրականացնել այս խնդիրը:

Ապաքինության հույսը

«Ես հիշեցի բոլոր իմ մեղքերը և անօրինությունները, որոնց համար ես տանջվում էի դժոխքի ցավերով. այո, ես տեսա, որ ես ապստամբել էի Աստծո դեմ, և որ ես չէի պահել նրա սուրբ պատվիրանները» (Ալմա 36.13):

  • Ձեր մեղքերը հիշելը կարող է ցավոտ լինել, բայց այն կարող է խթանել ձեզ նոր կյանքի խաղաղության» (տես Ալմա 36.19–21): Հարցրեք որևէ մեկին, ով ավարտել է այս քայլը, թե ինչպես այն օգնեց նրան: Ինչպե՞ս կարող է ապաքինության հույսն օգնել ձեզ խղճի խայթի ցավի միջով անցնել դեպի ներման ուրախությունը:

Ճշմարտությունը

«Սուրբ Հոգու զորությամբ դուք կարող եք իմանալ ճշմարտությունը բոլոր բաների վերաբերյալ» (Մորոնի 10.5):

  • Որոշ մարդիկ դժվարություն ունեն հիշելու կամ ընդունելու ցավոտ ճշմարտությունը անցյալի մասին, բայց Սուրբ Հոգին կարող է օգնել ձեզ հիշել և կարող է մխիթարել ձեզ, երբ կատարեք չորրորդ քայլը: Դուք կարող եք ստանալ այս օրհնությունները, եթե նույնիսկ չունեք Սուրբ Հոգու պարգևը: Գրեք այն մասին, թե ինչպես Սուրբ Հոգին կարող է առաջնորդել ձեզ ինքնավերլուծության գործընթացում:

  • Ինչո՞ւ է կարևոր իմանալ ճշմարտությունը ձեր ներկա իրավիճակի մասին:

  • Ինչո՞ւ է կարևոր իմանալ, որ դուք Աստծո զավակն եք։

Թուլություն և ուժ

«Եթե մարդիկ գան ինձ մոտ, ես նրանց ցույց կտամ իրենց թուլությունը: Ես մարդկանց թուլություն եմ տալիս, որպեսզի նրանք խոնարհ լինեն. Եվ իմ շնորհը բավական է բոլոր մարդկանց համար, ովքեր իրենց խոնարհեցնում են իմ առջև. քանզի, եթե նրանք խոնարհեցնեն իրենց իմ առջև, և հավատք ունենան ինձանում, այն ժամանակ, նրանց թույլ կողմերը ես կդարձնեմ ուժեղ» (Եթեր 12.27): 

  • Վերագրեք այս հատվածը ձեր կյանքին, արտագրելով այն և մտցնելով ձեր անունը, կարծես թե Տերն ուղղակիորեն ձեզ հետ էր խոսում: Գրեք մտքերը, որոնք ձեր միտքն են գալիս այս սուրբ գրության և դրա անձնական կիրառման վերաբերյալ:

«Ճշմարտութիւնը կազատէ ձեզ»

«Ճշմարտութիւնը կճանաչէք և ճշմարտութիւնը կազատէ ձեզ» (Հովհաննես 8.32):

  • Ինքներդ ձեզ հետ և Տիրոջ հետ, ով հայտնի է նաև որպես «Ճշմարտության Հոգի», ազնիվ լինելը (ՎևՈւ 93.9), ստերից ազատության բանալին է, որոնք ձեզ գերության են մատնում: Երբ դուք սկսում եք ճանաչել Նրան, Նրա զորությունը և ներկայությունը ձեր կյանքում կազատի ձեզ կախվածությունից: Ինչպե՞ս կարող է ճշմարտության ճանաչումը բարելավել ձեր փոխհարաբերությունը Հիսուս Քրիստոսի հետ:

Տպել