Կախվածություն
Քայլ 6. Սրտի փոփոխություն


Քայլ 6

Սրտի փոփոխություն

Առանցքային սկզբունք. Ամբողջովին պատրաստ եղեք, որ Աստված հեռացնի ձեր բնավորության բոլոր թուլությունները:

Հուզական և հոգևոր խիստ մաքրագործման չորրորդ և հինգերորդ քայլերից հետո մեզանից շատերը զարմացած էին մեր մեջ տեղի ունեցած փոխակերպումից: Մենք ավելի կենտրոնացած էինք աղոթում, ավելի կանոնավոր էինք խորհում սուրբ գրությունների շուրջ և ավելի հետևողական էինք օրագիր վարում: Մենք պատրաստ էինք կապել և պահել սրբազան ուխտեր՝ հաճախելով հաղորդության ժողովին:

Երբ մենք կատարեցինք հինգերորդ քայլը, մեզանից շատերը հանդիպեցին մեր եպիսկոպոսների հետ և օգնություն որոնեցին ապաշխարությամբ: Մեզանից շատերը հասկացան, որ մեր կախվածությունները գայթակղում էին մեզ պակաս ուժգնությամբ և ավելի քիչ հաճախությամբ: Մեզանից ոմանք արդեն ազատ էին իրենց կախվածությունից: Այդպիսի հզոր փոփոխությամբ մեր վարքում և մեր կյանքում, մեզանից ոմանք զարմանում էին, թե մենք ինչու կարիք ունեինք ավելի շատ քայլեր կատարելու:

Սակայն ժամանակի հետ մենք նկատում էինք, որ ինքնազսպվածությունը կարծեսմեր բնավորության թուլությունները դարձնում էր ավելի նկատելի՝ հատկապես մեզ համար: Մենք փորձում էինք վերահսկել մեր բացասական մտքերը և զգացումները, բայց դրանք շարունակում էին վերահայտնվել, հետապնդելով մեզ, սպառնալով մեր ինքնազսպմանը և նոր Եկեղեցական ակտիվ կյանքին: Նրանք, ովքեր հասկանում էին հոգևոր վերակագնման հետևանքները, հորդորում էին մեզ ընդունել, որ չնայած բոլոր արտաքուստ փոփոխությունները մեր կյանքում հրաշալի էին, Տերը կամենում էր մեզ էլ ավելի շատ օրհնել: Մեր ընկերներն օգնեցին մեզ տեսնել, որ եթե մենք կամենում էինք խուսափել ոչ միայն մեր կախվածություններից, այլ փաստորեն կորցնել դրանց վերադարձնելու ցանկությունը, մենք պետք է զգայինք սրտի փոփոխություն: Սրտի այս փոփոխությունը կամ ցանկությունը վեցերորդ քայլի նպատակն է:

«Ինչպե՞ս», գուցե աղաղակեք դուք: «Ինչպե՞ս կարող եմ ես երբևէ սկսել իրականացնել այդպիսի փոփոխություն»: Մի հուսահատվեք այդ զգացումներից: Քայլ 6-ը դրանից առաջ եղած քայլերի նման կարող է թվալ հսկայական մարտահրավեր: Որքան էլ որ դա ցավալի լինի , դուք հավանաբար ստիպված կլինեք ընդունել, ինչպես մենք արեցինք, որ չորրորդ և հինգերորդ քայլերում ձեր բնավորության թուլությունների ճանաչումն ու ընդունումը բնավ չէր նշանակում, որ դուք պատրաստ էիք դրանցից հրաժարվել: Դուք գուցե գիտակցեք, որ դեռ կառչում եք հին ուղիներին՝ կյանքի սթրեսներին արձագանքելիս և դրանք հաղթահարելիս, գուցե այժմ ավելի շատ, երբ դուք արդեն թույլ եք տվել, որ ձեր կախվածությունները հեռանան:

Հնարավոր է, որ ամենակարևոր բանը, որ կխոնարհեցնի ձեզ,ընդունելն է, որ դուք դեռ պահում եք հպարտության զգացումը՝ որ կփոխվեք առանց Աստծո օգնության: Քայլ վեցը նշանակում է հանձնել Աստծուն հպարտության և ինքնակամության ողջ մնացորդը: Առաջին և երկրորդ քայլերի նման վեցերորդ քայլը պահանջում է ձեզանից խոնարհվել և ընդունել Քրիստոսի փրկագնող և փոխակերպող զորության ձեր կարիքը: Ի վերջո, Նրա քավիչ զոհաբերությունը հնարավորություն է տվել ձեզ իրականացնել մինչև այս կետը յուրաքանչյուր քայլը: Քայլ 6-ը բացառություն չէ:

Երբ դուք գաք դեպի Հիսուս Քրիստոսը, որոնելով օգնություն այս քայլով, դուք չեք հիասթափվի: Եթե դուք վստահում եք Նրան և ունեք համբերություն այդ գործընթացում, կտեսնեք, թե ինչպես ձեր հպարտությունը աստիճանաբար կփոխարինվի համեստությամբ: Նա ձեզ համբերությամբ կսպասի, մինչև դուք հոգնեք առանց օգնության փոխվելու ձեր իսկ ջանքերից, և հենց որ Նրան դիմեք, դուք մեկ անգամ ևս ձեր հանդեպ Նրա սիրո և զորության ականատեսը կլինեք: Հին վարվելաձևերը վերացնելու ձեր դիմադրությունը կփոխարինվի ընկալող մտքով, երբ Հոգին մեղմորեն առաջարկի ապրելու ավելի լավ ուղի: Փոխվելու ձեր երկյուղը կնվազի, երբ դուք հասկանաք, որ Տերը հասկանում է ցավն ու տքնաջան աշխատանքը, որ այն պահանջում է:

Երբ դեպի Քրիստոսը գալու գործընթացը ձեր սրտում տեղ գտնի, դուք կգտնեք կեղծ համոզմունքները, որոնք սնուցում էին բացասական մտքեր և զգացումներ, որոնք աստիճանաբար կփոխարինվեն ճշմարտությամբ: Դուք կաճեք զորությամբ, երբ շարունակեք ուսումնասիրել Աստծո խոսքը և խորհեք դրա անձնական կիրառման մասին: Ուրիշների վկայությունների միջոցով Տերը կօգնի ձեզ սովորել ճշմարտությունը, որ դուք Նրա բժշկության զորությունից հեռու չեք: Ձեր բնավորության անկայուն վիճակի համար ուրիշներին մեղադրելու կամ ձեզ արդարացնելու ցանկությունը սրտի փոփոխության միջոցով, կփոխարինվի Նրան հաշվետու լինելու և Նրա կամքին ենթարկվելու ցանկությամբ: Մարգարե Եզեկիէլի միջոցով Տերը հայտարարել է. «Եւ ես ձեզ նոր սիրտ պիտի տամ, եւ նոր հոգի պիտի դնեմ ձեր միջումը, եւ վեր պիտի առնեմ ձեր մարմնիցը քարեղէն սիրտը» (Եզեկիէլ 36.26):

Տերը կամենում է օրհնել ձեզ խառնվածքի փոփոխությամբ, որը ձեզ կմիավորի Իր հետ մտքով, սրտով, ճիշտ ինչպես Նա է միաբան Հոր հետ: Նա կամենում է հանգիստ տալ ձեզ Հայր Աստծուց ձեր մեկուսացումից, մեկուսացում, որն առաջացրեց վախերը, որոնք նպաստեցին ձեր կախվածությանը: Նա կամենում է, որ Քավությունն արդյունավետ լինի ձեր կյանքում, այստեղ և այժմ:

Երբ դուք հնազանդվում եք Հոգու հուշումներին և նայում Փրկիչին ոչ միայն կախվածությունից, այլև բնավորության թուլություններից փրկության համար, դուք կարող եք համոզված լինել, որ նոր վարքագիծ կամ բնավորություն կաճի ձեր հոժար սրտից: Աստծո կողմից սրբագործվելու աճող ցանկությունը ձեզ պատրաստ կդարձնի փոփոխության համար ձեր բուն էության մեջ: Այս գործընթացի լավագույն նկարագրություններից մեկը կարելի է գտնել Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնի հետևյալ խոսքերում.

«Տերն աշխատում է ներսից դուրս: Աշխարհն աշխատում է դրսից ներս: Աշխարհը մարդկանց հանում է խարխուլներից: Քրիստոսը դուրս է հանում խարխուլները մարդկանց միջից, իսկ այնուհետև նրանք իրենց հանում են խարխուլներից: Աշխարհը կոփում է մարդկանց՝ փոխելով նրանց միջավայրը: Քրիստոսը փոխում է մարդկանց, ովքեր հետո փոխում են իրենց միջավայրը: Աշխարհը ձևավորում է մարդկային վարքը, իսկ Քրիստոսը կարող է փոխել մարդկային էությունը: …

Թող մենք համոզված լինենք, որ Հիսուսը Քրիստոսն է, որպեսզի ընտրենք հետևել Նրան, փոխվենք Նրա համար, ղեկավարվենք Նրա կողմից, սպառվենք Նրանում և ծնվենք կրկին» (in Conference Report, Oct. 1985, 5–6; or Ensign, Nov. 1985, 6–7):

Գործողության քայլեր

Պատրաստակամ եղեք թույլ տալ Փրկիչին փոխակերպել ձեր սիրտը, մասնակցեք Քրիստոսի ընկերակցությանը՝ հաճախելով կիրակնօրյա դպրոցի և Սփոփող Միության կամ քահանայության ժողովներին:

Երբ մենք մկրտվեցինք, մեզանից քչերն էին հասկանում ողջ կյանքի տևողությամբ ճշմարիտ դարձի գործընթացը: Այնուամենայնիվ, Առաջին Նախագահությունից Նախագահ Մարիոն Գ. Ռոմնին հստակորեն բացատրել է. «Այն մարդը, որն իսկապես լիովին դարձի է եկել, Հիսուս Քրիստոսի ավետարանին հակառակ բաների հանդեպ ցանկությունը նրա մեջ փաստորեն մահացել է: Եվ ուստի, այն փոխարինվում է Աստծո սիրով, Նրա պատվիրանները պահելու ամուր և վերահսկող վճռականությամբ» (in Conference Report, Guatemala Area Conference 1977, 8):

Երբ դուք զգում եք ապաքինման շարունակվող հրաշքը՝ առաջինը՝ կործանարար կախվածության վարքագծից, իսկ հետո բնավորության թուլություններից, դուք կունենաք ճշմարիտ դարձի փորձառություն: Դուք կսկսեք արթնանալ, ուշքի գալ, ճիշտ ինչպես անառակ որդին ուշքի եկավ (տես Ղուկաս 15.17): Դուք կսկսեք գիտակցել, որ Երկնային Հոր արքայություն վերադառնալու համար դուք պետք է ոչ միայն արթնանաք, այլև թույլ տաք, որ Հիսուս Քրիստոսը լինի ձեր Քավիչը:

Երբ դուք ձեր սիրտը Աստծուն հնազանդեցնեք և դառնաք ավելի ուժեղ խոնարհության մեջ, անցած վարվելակերպը չկրկնելու ձեր վճռականությունը կդառնա ավելի ու ավելի ամուր: Ինչպե՞ս կարող է Եկեղեցում ձեր տասանորդի և նվիրատվության վճարումը ցույց տալ ձեր սերը ձեր եղբայրների և քույրերի հանդեպ: Դուք ցանկություն կզգաք վերադառնալ և հավաքվել որպես Աստծո զավակ և համարվել լիակատար ընկերակցության մեջ Նրա փարախի ոչխարների շարքում (տես 1 Նեփի 22.24–26, Մոսիա 27.25–26, Մոսիա 29.20, Հելաման 3.35):

Հոժարակամ փոխվեք, որպեսզի թերությունները վերացվեն Աստծո զորությամբ:

Չնայած ձեր կախվածությանը ալկոհոլից, թմրանյութերից, մոլեխաղից, պոռնոգրաֆիայից, ինքնակործան ուտելու սովորույթներից, ստիպողական ծախսերից կամ մեկ այլ վարվելակերպից կամ նյութից, որը ներկայացնում է սթրեսից կամ ձեր կյանքի մարտահրավերներից խուսափելու և թաքնվելու կարիքը, դուք կսկսեք գիտակցել, որ այդ բոլորը սկսվել է ձեր մտքում և սրտում: Ապաքինումը ևս սկսվում է ձեր մտքում և սրտում: Երբ սկսեք հոժարակամ փոխվել՝ գալով դեպի Հիսուս Քրիստոսը, դուք կիմանաք Նրա բժշկելու զորության մասին:

Կատարելով վեցերորդ քայլը, դուք մեծացնում եք ձեր պարտավորությունը՝ զերծ մնալ անցյալ կախվածություններից Փրկիչի՝ Հիսուս Քրիստոսի և Հոր հետ, ով ուղարկեց Նրան, խորացող փոխադարձ հարաբերությունների միջոցով: Դուք որոշում եք երիտասարդ մարգարե Մորմոնի նման լրջամիտ դառնալ (տես Մորմոն 1.15): Դուք շարունակում եք ընդունել, որ Աստված պետք է դառնա ամեն ինչ ձեզ համար, որպեսզի փրկի ձեզ մտքի, խոսքի և գործի թուլություններից:

Ուսումնասիրել և ըմբռնել

Հետևյալ սուրբ գրություններն ու Եկեղեցու առաջնորդների խոսքերը կարող են օգնել ձեզ՝կատարել վեցերորդ քայլը: Օգտագործեք այս սուրբ գրություններն ու հարցերը՝ խորհրադածելու, ուսումնասիրելու և գրելու համար:

Հրաժարվել ձեր բոլոր մեղքերից

«Թագավորն ասաց … ի՞նչ պիտի ես անեմ, որ կարողանամ ծնվել Աստծուց, այս ամբարիշտ հոգին արմատախիլ անելով իմ կրծքից, և ստանամ նրա Հոգին, որպեսզի կարողանամ լցվել ուրախությամբ: …ես կհրաժարվեմ բոլոր բաներից, ինչ ես ունեմ, այո՛, ես կթողնեմ իմ թագավորությունը, որպեսզի կարողանամ ստանալ այդ մեծ ուրախությունը: …

… թագավորը խոնարհվեց Տիրոջ առաջ՝ իր ծնկների վրա. այո, մինչև իսկ երեսն ի վայր ընկավ գետնին, և գոչեց ուժգին՝ ասելով.

«Ո՜վ Աստված … ես կհրաժարվեմ իմ բոլոր մեղքերից՝ քեզ գիտենալու համար, և որպեսզի ես կարողանամ բարձրանալ մեռելներից և փրկվել վերջին օրը» (Ալմա 22.15, 17–18):

  • Ուշադրությամբ վերընթերցեք Ալմա 22.15, 17–18 հատվածները: Ի՞նչ խոչընդոտներ՝ ներառյալ վարվելաձևեր և զգացումներ են ետ պահում ձեզ՝ հրաժարվելու «բոլոր [ձեր] մեղքերից» և ավելի լիարժեք ստանալու Սուրբ Հոգին:

Սովորել խոնարհություն

«Եվ եթե մարդիկ գան ինձ մոտ, ես նրանց ցույց կտամ իրենց թուլությունը: Ես մարդկանց թուլություն եմ տալիս, որպեսզի նրանք խոնարհ լինեն. Եվ իմ շնորհը բավական է բոլոր մարդկանց համար, ովքեր իրենց խոնարհեցնում են իմ առջև. քանզի, եթե նրանք խոնարհեցնեն իրենց իմ առջև, և հավատք ունենան ինձանում, այն ժամանակ, նրանց թույլ կողմերը ես կդարձնեմ ուժեղ» (Եթեր 12.27): 

  • Լինելով մահկանացու և անկատար, մենք բոլորս ենթակա ենք շատ թուլությունների: Այս հատվածում Տերը բացատրում է Իր նպատակը՝ թույլ տալով մեզ տոկալ մահկանացու կյանքում և հանդիպել այդպիսի թուլությունների, որպեսզի օգնի մեզ խոնարհ լինել: Սակայն նկատի ունեցեք, որ մենք ենք ընտրում խոնարհ լինել: Վեցերորդ քայլի համար պատրաստ լինելը ինչպե՞ս է դառնում ձեզ խոնարհեցնելու մի մասը :

  • Թվարկեք ձեր բնավորության մի քանի թուլություններ և դրանց կողքին թվեք այն ուժեղ կողմերը, որոնց կարող են դրանք վերածվել, երբ դուք գաք դեպի Քրիստոսը:

Մասնակից դարձեք Եկեղեցու անդամությանը

«Սորա համար [ծնկի եմ իջնում] մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հոր առաջին:

Որից ամեն [ընտանիք] երկնքում և երկրում անուն է առնում,

Որ իր փառքի հարստութեան պէս տայ ձեզ, որ զորութեամբ հաստատուիք իր Հոգու ձեռովը ներսի մարդումը:

Որ Քրիստոսը հաւատքով բնակուի ձեր սրտերումը. եւ դուք սիրով արմատ գցած եւ հաստատուած լինիք,

Որ ամեն սուրբերի հետ իմանաք, թե ինչ է լայնութիւնը եւ երկայնութիւնը եւ բարձրութիւնը եւ խորութիւնը,

Որ ճանաչէք Քրիստոսի սերը, որ ամեն գիտութիւնից գերազանց է» (Եփեսացիս 3.14–19):

  • Երբ դուք ձեզ վրա վերցնեք Քրիստոսի անունը և զորացվեք Նրա Հոգով, դուք կսկսեք դասել ձեզ Սրբերի՝ եղբայրների և քույրերի շարքը, ովքեր մկրտվել են և մտել Նրա ընտանիքը երկրի վրա (տես Մոսիա 5.7): Երբ դուք սկսեք ավելի լավ ճանաչել ձեր եղբայր Սրբերին, ավելի հոժարակամ, ավելի լիարժեք կանդամակցեք քահանայությանը, Սփոփող Միությանը և Կիրակնօրյա Դպրոցին:

Փրկագնում

«Քանզի բնական մարդն Աստծո մի թշնամի է, և եղել է Ադամի անկումից ի վեր և կլինի հավիտյանս հավիտենից, մինչև նա չենթարկվի Սուրբ Հոգու հորդորներին և հանի բնական մարդուն ու դառնա սուրբ, Տեր Քրիստոսի քավությամբ, և դառնա ինչպես մի երեխա՝ ենթարկվող, հեզ, խոնարհ, համբերատար, սիրով լի» (Մոսիա 3.19):

  • Մկրտության ժամանակ մեզանից շատերն են դառնում Սրբեր միայն անունով և մեր կյանքի մնացած մասն անցկացնում՝ մաքառելով «հանելու բնական մարդուն» և զարգացնելու բնավորության գծերը, որոնք թվարկվում են այս հատվածում: Ինչպե՞ս է այս պայքարը նախապատրաստել ձեզ ընդունել, որ միայն Քրիստոսի Քավության միջոցով՝ դառնալով մեկ Հիսուս Քրիստոսի և Հոր հետ, դուք կարող եք ունենալ փրկագնում:

Եկեք Քրիստոսի մոտ

Անկախ նրանից, թե որն է դժվարության սկզբնաղբյուրը և անկախ նրանից, թե ինչպես եք սկսում ձեռք բերել հանգստություն՝ որակավորված թերապևտի միջոցով, բժշկի, քահանայության ղեկավարի, ընկերոջ, մտահոգված ծնողի, թե սիրելիի միջոցով, անկախ նրանից, թե ինչպես եք սկսում, այդ լուծումները երբեք չեն տա վերջնական պատասխան: Վերջնական ապաքինումը գալիս է Հիսուս Քրիստոսի և Նրա ուսմունքների հանդեպ հավատքի, կոտրված սրտով և փշրված հոգով և Նրա պատվիրաններին հնազանդության միջոցով» (Richard G. Scott, in Conference Report, Apr. 1994, 9; or Ensign, May 1994, 9):

  • Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռիչարդ Գ. Սքոթն ուսուցանել է, որ ոչ մի քանակի աջակցություն կամ ընկերակցություն, նույնիսկ վերականգնողական խմբերում կամ Եկեղեցու համայնքներում, չեն բերի ձեզ փրկություն: Ուրիշ մարդիկ կարող են աջակցել և օրհնել ձեզ ձեր ճանապարհորդության ժամանակ , բայց ի վերջո դուք ինքներդ պետք է գաք դեպի Քրիստոսը: Գրի առեք այն մասին, թե ինչպես սկսվեց ձեր ապաքինման ճամփորդությունը:

  • Ո՞ւմ միջոցով դուք մտաք ապաշխարության և ապաքինման արահետը: Ինչպե՞ս է նրանց օրինակը ուղղորդել ձեզ դեպի Փրկիչը:

  • Ի՞նչ սովորեցիք Փրկիչի մասին, որն օգնեց ձեզ կամ ազդեց ձեր ցանկության ևունակության վրա՝ ձեր վարքը փոխելու համար:

Համբերություն գործընթացի ժամանակ

«Ահա, դուք փոքր երեխաներ եք և չեք կարող տանել բոլոր բաներն այժմ. դուք պետք է աճեք շնորհի մեջ և ճշմարտության գիտության մեջ:

Մի վախեցեք, փո՛քր երեխաներ, քանզի դուք իմն եք, և ես հաղթել եմ աշխարհին, և դուք նրանցից եք, որոնց իմ Հայրը տվել է ինձ.

Եվ նրանցից ոչ ոք, որ իմ Հայրը տվել է ինձ, չպետք է կորչի» (ՎևՈւ 50.40–42):

  • Երբեմն մենք անհամբեր ենք դառնում կամ հուսահատվում, որ ապաքինումը շարունակվող գործընթաց է: Այս հատվածները ցույց են տալիս Փրկիչի և մեր Երկնային Հոր համբերատարությունը մեր նկատմամբ՝ որպես «փոքրիկ երեխաներ»: Կիրառեք այս հատվածները ձեր հանդեպ՝ դուրս գրելով դրանք՝ որպես ձեզ անձնապես հասցեագրված խոսքեր:

  • Ինչպե՞ս կարող են այս սուրբ գրության խոստումները զորացնել ձեզ, երբ հուսահատվեք:

Օգնություն Տիրոջից

«Իմ սիրելի՛ եղբայրներ, հետո, երբ դուք ներս եք մտել այս նեղ և անձուկ արահետը, ես կհարցնեի, թե արդյո՞ք ամեն ինչ արված է: Ահա, ես ասում եմ ձեզ՝ ո՛չ. քանզի դուք չէիք գա այսքան հեռու, եթե դա չլիներ Քրիստոսի խոսքով և անխախտ հավատքով նրա հանդեպ, ամբողջովին ապավինելով նրա արժանիքներին, որը հզոր է փրկելիս:

«Ուստի, դուք պետք է առաջ մղվեք Քրիստոսի հանդեպ հաստատամտությամբ, ունենալով հույսի կատարյալ պայծառություն, և սեր Աստծո հանդեպ և բոլոր մարդկանց հանդեպ: Ուստի, եթե դուք առաջ մղվեք, սնվելով Քրիստոսի խոսքով, և համբերեք մինչև վերջ, ահա, այսպես է ասում Հայրը. Դուք կունենաք հավերժական կյանք» (2 Նեփի 31.19–20):

  • Խորհեք և գրեք այն մասին, թե ինչպես է Տերն օգնում ձեզ նեղ և անձուկ արահետով քայլելիս: Ինչպե՞ս է Աստծո և ուրիշների հանդեպ ձեր աճող սերը դուրս բերում ձեզ կախվածությունից, օգնում ձեզ շարունակել ինքնազսպվածությամբ և վերականգնում ձեզ համար հավերժական կյանքի հույսը:

Տպել