Կախվածություն
Քայլ 11․ Անձնական հայտնություն


Քայլ 11

Անձնական հայտնություն

Առանցքային սկզբունք. Որոնեք աղոթքով և խորհրդածելով, որ իմանաք Տիրոջ կամքը և ունենաք ՈՒԺ՝ ԱՅՆ իրականացնելու համար:

Երբ մենք ուսումնասիրեցինք և կիրառեցինք վերականգման քայլերը, մենք ծանոթացանք և հարմարավետություն զգացինք այն կյանքի նկատմամաբ, որը հիմնված է Աստծո կամքն ընդունելու և խոնարհության վրա: Անցյալում մնացին բարկացկոտ, խառնաշփոթ ժամանակները, երբ մենք, եթե ընդհանրապես աղոթում էինք, ապա աղոթում էինք կամ համառ ինքնակամության կամ էլ նվնվացող ինքնախղճահարության վերաբերմունքով: Մենք սկսեցինք ապրել այնպես, որ մեր կյանքը սկսեց արտացոլել Նախագահ Էզրա ԹաՖտ Բենսոնի մարգարեական խորհուրդը. «Հաստատուն և կրկնվող հարցը մեր ուղեղում, մեր կյանքի յուրաքանչյուր մտքի և արարքի առնչությամբ, պետք է լինի. «Տէր, ի՞նչ ես կամենում, որ անեմ» (Գործք 9.6:) Այդ հարցի պատասխանը գալիս է միայն Քրիստոսի Լույսի և Սուրբ Հոգու միջոցով: Բախտավոր են նրանք, ովքեր այնպես են ապրում, որ նրանց էությունը լցված է երկուսով էլ» (“Jesus Christ—Gifts and Expectations,” Ensign, Dec. 1988, 2):

Տասնմեկերորդ քայլում, մենք ընդունեցինք ցմահ պարտավորություն ամեն օր ժամանակ գտնել՝ իմանալու Տիրոջ կամքը և ունենալ ուժ՝ այն իրականացնելու համար: Մեր մեծագույն ցանկությունն էր բարելավել մեր ունակությունները՝ առաջնորդություն ստանալու Սուրբ Հոգուց և վարել մեր կյանքը համապատասխանաբար: Այս ցանկությունը մեծ հակադրության մեջ էր այն վերաբերմունքի հետ, որը մենք ունեինք, երբ մենք կորած էինք մեր կախվածությունների մեջ:

Եթե դուք նման եք եղել մեզ, նախքան սկսել եք ապաքինվել, ապա դուք ևս կարծում էիք, որ հույսը, ուրախությունը, խաղաղությունը և իրականացումը գալու էին երկրային աղբյուրից: Արդյոք այդ աղբյուրը ոգելից խմիչքներն էին, թմրանյութերը, սեքսը, մոլեխաղը, շռայլորեն վատնելը, անառողջ սնվելը կամ հիվանդագին փոխկախվածությունը. ինչպիսին էլ լիներ , ձեր որոշակի կախվածությունը, դուք ջանում էիք գոյատևել մի աշխարհում, որտեղ ձեզ զգում էիք շփոթված, կորած և միայնակ: Երբ ուրիշները փորձում էին սիրել ձեզ, հավանաբար, դուք չէիք կարողանում զգալ դա: Նրանց սերը երբեք բավական չէր: Ոչինչ չէր բավարարում այն քաղցը, որը դուք էիք զգում: Երբ սկսեցիք ապրել վերականգնման սկզբունքներով, այնուամենայնիվ, ձեր սիրտը և կյանքը փոխվեց:

Դուք սկսեցիք հասկանալ և գնահատել Փրկիչ Հիսուս Քրիստոսի կարիքը ու Նրա դերը ձեր կյանքում և սկսեցիք փայփայել Քրիստոսի Լույսը: Դուք սկսեցիք հասկանալ, որուղղակի ինքներդ չեք խոսում ձեզ հետ, երբ զգում եք, որ ձեր խիղճն է առաջնորդում ձեզ: Որքան էլ անշնորհք և անփորձ զգայիք սկզբում, այժմ դուք աղոթում եք Հորը Քրիստոսի անունով՝ Նրա հետ ավելի սերտ կապ ունենալու համար: Դուք դիտավորյալ «փնտրում եք այս Հիսուսին, որի մասին գրել են մարգարեներն ու առաքյալները» (Եթեր 12.41):

Դուք ուսումնասիրում եք սուրբ գրությունները, որովհետև դրանք միշտ վկայում են Նրա մասին, հատկապես՝ Մորմոնի Գիրքը: Վկայություն վկայության ետևից, Մորմոնի Գրքի մարգարեները նկարագրում են, թե ինչպես Հոր մասին ավելի լավ ըմբռնում որոնեն ու գտնեն Սուրբ Հոգու միջոցով: Դուք փորձեր եք արել Սուրբ գրքերի վրա և գտել, որ դրանք ճշմարիտ են: Աղոթքն ու խորհրդածելը դարձել են ձեր նոր կյանքի կենսակերպը: Մինչ աղոթքն ու խորհրդածելը անտեսված պարտականություն էր նախկինում, ձեր սրտի ցանկությունն է այժմ ծնկի իջնել ձեր Հոր առջև, առնվազն առավոտյան և երեկոյան, և դատարկել ձեր սիրտը Նրա առջև երախտագիտությամբ Հիսուս Քրիստոսի և Սուրբ Հոգու համար:

Քայլ 11-ի վրա աշխատելու ընթացքում դուք կսկսեք հասկանալ նույնիսկ ավելին, որ Սուրբ Հոգու միջոցով Հոր կամքի մասին դուք կստանաք գիտելիք կամ հայտնություն ձեր վերաբերյալ: Քավության միջոցով դուք կունենաք զորություն (կամ շնորհք), իրականացնելու Հոր կամքը: Դուք կիմանաք, որ դուք օրհնված եք և ձեզ աջակցում են երեք փառավորված, վեհացած անձնավորություններ՝ Հայր Աստվածը, Հիսուս Քրիստոսը և Սուրբ Հոգին, ովքեր միավորված են իշխանությամբ և նպատակով՝ իրականացնելու անմահությունն ու հավերժական կյանքը:

Դուք կաճեք գայթակղությանը դիմադրելու ձեր ունակությամբ , երբ ուսումնասիրեք սուրբ գրությունները և աղոթեք ու խորհրդածեք դրանց շուրջ: Հայտնություն ստանալու համար սովորելը պահանջում է պրակտիկա և համբերություն: Դուք կարող եք ինքներդ պատրաստվել՝ ուսումնասիրելով, թե ինչ է ասվել մարգարեների և առաքյալների կողմից և փորձելով ապրել համաձայն նրանց ուսմունքների: Դուք կարող եք նախապատրաստվել՝ պատրաստ լինելով ստանալու, գրի առնելու, մտածելու այդ մասին և հետևելու ձեր ստացած առաջնորդությանը: Երբ դուք արտահայտեք ձեր երախտագիտությունը Տիրոջը ձեր ստացած օրհնությունների համար, առաջնորդություն ստանալու ձեր կարողությունը կմեծանա:

Երբ դուք զերծ պահեք ձեզ ձեր կախվածություններից, կկարողանաք ավելի շատ առաջնորդություն ստանալ Սուրբ Հոգուց: Երեց Դալին Հ. Օուքսը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, ուսուցանել է. «Սուրբ Հոգին կպաշտպանի մեզ խաբվելուց, բայց այդ հրաշալի օգնությունը իրականացնելու համար մենք պետք է միշտ անենք այն բաները, որոնք անհրաժեշտ են՝ այդ Հոգին պահպանելու համար: Մենք պետք է պահենք պատվիրանները, աղոթենք առաջնորդության համար և հաճախենք եկեղեցի ու ճաշակենք հաղորդությունը յուրաքանչյուր կիրակի: Եվ մենք երբեք չպետք է անենք որևէ բան՝ հեռացնելու այդ Հոգին: Հատկապես մենք պետք է խուսափենք պոռնոգրաֆիայից, ոգելից խմիչքներից, ծխախոտից, թմրադեղերից և միշտ խուսափենք մաքրաբարոյության օրենքը խախտելուց: Մենք երբեք չպիտի մեր մարմինները ենթարկենք ֆիզիկական կամ հոգևոր փորձությունների , որոնք հեռացնում են Տիրոջ Հոգին և թողնում մեզ առանց մեր հոգևոր պաշտպանության՝ խաբեության դեմ» (in Conference Report, Oct. 2004, 49; or Ensign, Nov. 2004, 46):

Աղոթքը և խորհրդածելը հզոր հակաթույն են վախի և ընկճախտի դեմ: «Քանզի դուք չէիք գա այսքան հեռու, եթե դա չլիներ Քրիստոսի խոսքով և անխախտ հավատքով նրա հանդեպ, ամբողջովին ապավինելով նրա արժանիքներին, որը հզոր է փրկելիս» (2 Նեփի 31.19): Միայն գալով դեպի Հայրը Հիսուս Քրիստոսի միջոցով, Նրա անունով, Նրա Հոգին ունենալով ձեր վրա, դուք կարող եք շարունակել առաջադիմել և հոգեպես աճել: Քայլ 11-ը ներկայացնում է պարտավորություն՝ բարելավելու ձեր հարաբերությունը Աստծո հետ ողջ կյանքի գործընթացի միջոցով՝ ամենօրյա առաջնորդություն որոնելով և հնազանդվելով պատվիրաններին:

Գործողության քայլեր

Եկեք Հոր մոտ Հիսուս Քրիստոսի անունով ուղղության և ուժի համար, անձնական աղոթքի և խորհրդածության միջոցով, ստացեք և ուսումնասիրեք ձեր հայրապետական օրհնությունը:

Ապաքինման ընթացքում մեզանից շատերը սովորեցին վաղ վեր կենալ և ձգտել լուռ մենության՝ ուսումնասիրելու և աղոթքի համար: Եթե դուք այդ չեք արել արդեն, առավոտյան պլանավորեք ժամանակ աղոթքի և խորհրդածության համար : Այդ ժամանակահատվածում դուք կարող եք Աստծուն առաջին տեղում դնել, որևէ մեկից և որևէ այլ բանից առաջ՝ օրվա ընթացքում: Ծնկի իջեք, եթե ֆիզիկապես կարող եք: Հաճախ բարձրաձայն աղոթեք Հորը, ձգտելով, որ Հոգին առաջնորդի ձեզ (տես Հռով. 8.26): Ապա ուսումնասիրեք՝ օգտագործելով սուրբ գրությունները և ժամանակակից մարգարեների ուսմունքները ձեր խորհրդածությունն առաջնորդելու համար: Հաճախ վերընթերցեք ձեր հայրապետական օրհնությունը: Աղոթքով խորհեք այն առաջնորդության մասին, որ կգտնեք այնտեղ: (Եթե դուք չեք ստացել ձեր հայրապետական օրհնությունը, խոսեք ձեր եպիսկոպոսի հետ այն ստանալու համար:)

Գրելը մեկ անգամ ևս հզոր միջոց կլինի ինքնարտահայտման և գնահատման համար, քանի որ դուք գրի եք առնում ձեր մտքերը և զգացմունքները օրագրում: Դուք կարող եք նաև գրի առնել խորհրդի, հանգստի և իմաստության տպավորությունները, որոնք գալիս են Սուրբ Հոգու միջոցով:

Երբ խորհրդածության այս թանկագին ժամանակն ավարտվում է, մի դադարեք աղոթելուց: Լուռ աղոթքը ձեր սրտի և մտքի խորքերում կդառնա մտածելու ձեր ուղին ձեր բոլոր օրերում: Երբ դուք շփվում եք ուրիշների հետ, երբ որոշումներ եք ընդունում, երբ գործ եք ունենում հույզերի և գայթակղությունների հետ՝ խորհուրդ արեք Տիրոջ հետ: Հրավիրեք և որոնեք Նրա Հոգին, որ ձեզ հետ լինի անընդհատ, որպեսզի դուք առաջնորդվեք՝ անելու ճիշտ բաներ: (Տես Սաղմոս 46.1, Ալմա 37.36–37, 3 Նեփի 20.1:)

Օրվա ընթացքում խորհրդածեք սուրբ գրությունների և այլ ոգեշնչված գրականության վերաբերյալ, շարունակեք աղոթելը

Շատ ուղիներով, քայլ 11-ը բնական շարունակությունն է տասներորդ քայլի ձեր ջանքերի՝ որպեսզի ձեր կյանքում մնաք ճշմարտության ուղու վրա : Երբ ծրագրում եք ձեր օրը, որ կատարեք ձեր գործերը և գիշերը քնելիս, թող ձեր սիրտն անընդհատ աղոթքով ուղղված լինի դեպի Աստված: Գաղափարներից մեկը մի միտք վերցնելն է նրանից, ինչ կարդացիք ձեր առավոտյան ուսումնասիրության ժամանակ և հաճախակի խորհրդածեք դրա վերաբերյալ ձեր ամենօրյա գործերի ժամանակ: Այս գործնական աշխատանքը կօգնի ձեզ՝ ձեր միտքը ներդաշնակ պահելու ճշմարտության հետ:

Էությամբ մենք բոլորս միտում ունենք անկարգապահ լինելու, սակայն նայելով Հիսուս Քրիստոսին և այն օրինակին, որ Նա է սահմանել, դուք կգտնեք խոնարհություն՝ շարունակելու ենթարկվել Հորը: Փրկիչի նման, դուք կարող եք անկեղծորեն ասել. «Քո կամքը լինի» (Մատթեոս 26.42) օրվա ընթացքում: Քրիստոսի Լույսը կառաջնորդի ձեզ և կնախապատրաստի ձեզ ստանալ Սուրբ Հոգու ընկերակցությունը: Սուրբ Հոգու ընկերակցությունը կդառնա ավելի հաստատուն և ճշմարտությունը ճանաչելու ու ճշմարտության մասին վկայելու ձեր ունակությունը կմեծանա:

Ուսումնասիրել և հասկանալ

Ուսումնասիրեք հետևյալ սուրբ գրությունների հատվածները և Եկեղեցու առաջնորդների հայտարարությունները: Դրանք կմեծացնեն ձեր ըմբռնումը և կօգնեն ձեզ սովորել: Դուք կարող եք օգտագործել այդ սուրբ գրությունները, հայտարարությունները և հարցերը աղոթքով խորհրդածության համար, անձնական ուսումնասիրության և խմբային քննարկման համար:

Մոտեցեք Տիրոջը

«Մոտեցեք ինձ, և ես կմոտենամ ձեզ. փնտրեք ինձ ջանասիրաբար, և կգտնեք ինձ. խնդրեք, և կստանաք. թակեք, և ձեզ կբացվի» (ՎևՈւ 88.63):

  • Տերը հարգում է ձեր կամքը և ձեր ընտրության ազատությունը: Նա թույլ է տալիս ձեզ ընտրել՝ մոտենալ Իրեն առանց հարկադրանքի: Նա մոտենում է ձեզ, երբ դուք հրավիրում եք Նրան մոտ լինել: Գրեք այն մասին, թե ինչպես դուք կմոտենաք Նրան այսօր:

Երախտագիտություն

«Անդադար աղօթք արէք: Ամեն բանի մէջ գոհացէք, որովհետեւ սա է Աստուծոյ կամքը ձեզ վերայ Քրիստոս Յիսուսումը: Հոգին մի հանգցնեք:» (1 Թեսաղոնիկեցիս 5.17–19):

  • Երբ հիշում եք երախտապարտ լինել ամեն ինչի համար ձեր կյանքում, նույնիսկ այն բաների համար, որ դուք չեք հասկանում, դուք կկարողանաք պահպանել անընդմեջ շփումը Աստծո հետ, որը Պողոսը կոչել է աղոթել «անդադար»: Փորձեք գոհանալ Աստծուց ողջ օրվա ընթացքում: Ինչպե՞ս է այս գործընթացն ազդում Հոգու հետ ձեր մտերմության վրա:

Սնվեք Քրիստոսի խոսքերով

«Հրեշտակները խոսում են Սուրբ Հոգու զորությամբ. ուստի, նրանք խոսում են Քրիստոսի խոսքերը: Այդ պատճառով, ես ասացի ձեզ, սնվե՛ք Քրիստոսի խոսքերով. քանզի ահա, Քրիստոսի խոսքերը կասեն ձեզ բոլոր բաները, որ դուք պետք է անեք (2 Նեփի 32.3):

  • Այս հատվածում Նեփին ուսուցանում է, որ երբ դուք սնվում եք Քրիստոսի խոսքերով, այդ խոսքերը կառաջնորդեն ձեզ այն ամենում, ինչ դուք պետք է իմանաք և անեք: Պատկերացրեք, թե ինչպես կզգայիք՝ Հիսուս Քրիստոսին ունենալով ձեզ հետ քայլելիս և խոսելիս ողջ օրվա ընթացքում: Գրեք այն զգացումների մասին, որ դուք ունեցել եք, երբ խորհրդածել եք այդ պատկերի շուրջ:

Անձնական հայտնություն

Փրկիչն ասել է. «Ես կասեմ քեզ քո մտքում և քո սրտում, Սուրբ Հոգով» (ՎևՈւ 8.2, շեշտադրումն ավելացված է): … Մտքի վրա գործած տպավորությունը շատ որոշակի է: Մանրամասն բառեր կարող են լսվել կամ զգացվել և գրվել, կարծես թե հրահանգները թելադրվում են: Հաղորդակցությունը սրտի հետ ավելի ընդհանուր մի տպավորություն է» (Richard G. Scott, “Helping Others to Be Spiritually Led,” Doctrine and Covenants and Church history symposium, August 11, 1998, 2):

  • Երբ անձնական հայտնության վերաբերյալ ձեր ըմբռնումը մեծանա, դուք այն ավելի հաճախ կճանաչեք ավելի զանազան ուղիներով: Գրեք այն մասին, թե ինչպես եք դուք զգացել տպավորություններ և հայտնություններ Տիրոջ կողմից:

«Ահա ես ասում եմ ձեզ [այս բաները, որոնք ես խոսել եմ] հայտնի են դարձվել ինձ Աստծո Սուրբ Հոգու կողմից: Ահա, ես ծոմ եմ պահել ու աղոթել շատ օրեր, որ ես ինքս կարողանայի իմանալ այս բաները: Եվ այժմ, ես ինքս գիտեմ, որ դրանք ճշմարիտ են. քանզի Տեր Աստված դրանք հայտնի դարձրեց ինձ Սուրբ Հոգու միջոցով. և դա հայտնության ոգին է, որն իմ մեջ է» (Ալմա 5.46):

  • Ալման վկայեց, որ երբ նա աղոթեց և ծոմ պահեց, հայտնություն ստանալու նրա ունակությունը մեծացավ: Ինքնազսպումը ձեր կախվածությունից կարող է համարվել ծոմապահության մի ձև: Գրեք, թե ինչպես ինքնազսպվածությունը մեծացրել է հայտնության ոգին ունենալու կարողությունը:

«Այն գաղափարը, որ սուրբ գրքերի ընթերցումը կարող է առաջնորդել դեպի ոգեշնչում և հայտնություն, բացում է դուռը դեպի ճշմարտություն, որ սուրբ գրության հատվածը չի սահմանափակվում նրանով, ինչ այն նշանակում էր, երբ այն գրվել էր, այլ կարող է նաև ներառել, թե ինչ է այդ սուրբ գրության հատվածը նշանակում ընթերցողի համար այսօր: Նույնիսկ ավելին, սուրբ գրության ընթերցումը կարող է նաև առաջնորդել ընթացիկ հայտնությանը, թե էլ ինչ է կամենում Տերը հաղորդել ընթերցողին այդ ժամանակ: Մենք չենք ուզում չափազանցնել այդ կետը, երբ ասում ենք, որ սուրբ գրքերը կարող են լինել Ուրիմ և Թումիմ՝ օգնելու մեզանից յուրաքանչյուրին ստանալու անձնական հայտնություն» (Dallin H. Oaks, “Scripture Reading and Revelation,” Ensign, Jan. 1995, 8):

  • Սուրբ գրքերի լեզուն սովորելը շատ բաներով նման է օտար լեզու սովորելուն: Սովորելու լավագույն ուղին դրանց մեջ ընկղմվելն է, ամեն օր դրանք կարդալը և ուսումնասիրելը: Գրեք սուրբ գրությունների մի հատվածի մասին, որը բացվել է ձեզ համար, և անձնական հայտնություն դարձել ձեզ համար:

Խորհուրդ ստանալով Տիրոջից

«Մի՛ փնտրեք խորհուրդ տալ Տիրոջը, այլ խորհուրդ վերցնել նրա ձեռքից: Քանզի, ահա, դուք ինքներդ գիտեք, որ նա խրատում է իմաստությամբ, և արդարությամբ, և մեծ ողորմածությամբ իր բոլոր գործերի վրա» (Հակոբ 4.10):

  • Մեր աղոթքները հավանաբար արդյունավետ չեն եղել անցյալում, որովհետև մենք ավելի շատ ժամանակ էինք ծախսել Տիրոջը խորհուրդ տալով՝ ասելով Նրան, թե ինչ ենք մենք կամենում, քան որոնելով Նրա կամքը մեր որոշումների և վարքագծի վերաբերյալ: Աղոթքով մտածեք մի թարմ փորձառության մասին: Արդյոք այն լի էր Տիրոջը խորհուրդ տալո՞վ, թե Տիրոջից խորհուրդ վերցնելով: Գրեք ձեզ ուղղված Նրա խորհուրդը լսելու և ստանալու ձեր պատրաստակամության մասին:

Տպել