Ուսուցման փորձ 12
Որոշել՝ ինչպես ուսուցանել. Արդյունավետ հարցեր տալ
Ակնարկ
Այս ուսուցման փորձը լուսաբանում է հետևյալ հասկացությունները.
-
Հասկանալ հարցերի կարևորությունը
-
Հարցեր կազմել հատուկ արդյունքներ ստանալու համար
-
Տալ արդյունավետ հարցեր
Հիմնական գաղափարներ
Հասկանալ հարցերի կարևորությունը
Կան բազմաթիվ արդյունավետ ուսուցման մեթոդներ, որոնք կարող եք օգտագործել ձեր դասարանում, ներառյալ՝ դասարանային քննարկումները, ուսուցչի թեմատիկ ներկայացումները և գրելը: Այդ բոլոր մեթոդները բարելավում են ուսումնական և ուսուցման գործընթացը, բայց կա մի մեթոդ, որն ավելի որոշիչ է, քան գրեթե ցանկացած այլ մեթոդ: Առաջին Նախագահությունից Նախագահ Հենրի Բ. Այրինգը սովորեցրել է.
«Հարցեր տալը և պատասխանելը սովորելու և ուսուցանելու հիմքն է» (“The Lord Will Multiply the Harvest” [an evening with Elder Henry B. Eyring, Feb. 6, 1998], 5–6, si.churchofjesuschrist.org, շեշտադրումն ավելացված է):
Լավ հարցեր կազմել սովորելը ժամանակ, ջանքեր և փորձ է պահանջում: Ուսուցման այս փորձը կօգնի ձեզ սովորել հարցեր տալ, որոնք ձեր ուսանողների վրա խորը ազդեցություն կթողնեն:
Դիտեք «Հարցեր տալ» (2:42) տեսանյութը, որն առկա է churchofjesuschrist.org կայքում: Տեսանյութը դիտելիս ուշադրություն դարձրեք այն մտքերի վրա, որոնք արդյունավետ հարցեր տալու կարևորությունն են հատկանշում:
Նպատակային հարցեր կազմել
Ձեր հարցերը պետք է նպաստեն, որ ուսանողները կիրառեն սովորելու օրինակի տարրերը: Քանի որ յուրաքանչյուր տարրը տարբեր արդյունքների է հանգեցնում, ձեր տված հարցերի տեսակները կփոփոխվեն ցանկալի արդյունքից կախված:
Օրինակ, եթե դուք ցանկանում եք օգնել ուսանողներին հասկանալ սուրբ գրությունների համատեքստը և բովանդակությունը, տվեք հարցեր մարդկանց, պատմական և մշակութային նախադրյալների վերաբերյալ: Սակայն եթե ցանկանում եք օգնել ուսանողներին կիրառել վարդապետությունը կամ սկզբունքը, տվեք հարցեր, որով կքաջալերեք ուսանողներին մտածել, ինչպես կարող են վարդապետությունը կամ սկզբունքը կիրառել իրենց կյանքում:
Ուսումնական հիմունքներ և առանձնահատուկ հարցեր
Ստորև տրված են հարցերի օրինակներ, որ կարող եք տալ ուսանողներին՝ կապված ուսումնական հիմունքներից յուրաքանչյուրի հետ: Ուշադրություն դարձրեք, թե յուրաքանչյուր մակարդակում ինչպես են հարցերը միմյանց հաջորդում՝ սկսելով ենթատեքստը և բովանդակությունը հասկանալուց և շարժվելով դեպի վարդապետությունը և սկզբունքները կիրառումը:
-
Հասկանալ ենթատեքստը և բովանդակությունը
-
Ովքե՞ր են այս պատմության մեջ ներգրավված մարդիկ:
-
Ի՞նչ է կատարվում այս հատվածում:
-
Որտե՞ղ են այդ իրադարձությունները տեղի ունենում:
-
-
Ներկայացնել վարդապետությունն ու սկզբունքները
-
Ի՞նչ վարդապետություն և սկզբունքներ եք դուք տեսնում:
-
Ո՞րն է պատմության բարոյախրատական իմաստը կամ նպատակը:
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է հեղինակը ցանկացել, որ մենք սովորենք:
-
-
Հասկանալ վարդապետությունն ու սկզբունքները
-
Ի՞նչ գիտեք այս սկզբունքի մասին:
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ է այդ սկզբունքը կարևոր մեզ համար այսօր:
-
Այս սկզբունքն ինչպե՞ս կբացատրեիք մեկ ուրիշին:
-
Ինչպիսի՞ վարք և հատկանշական գծեր ունի նման սկզբունքով ապրող մարդը:
-
-
Զգալ վարդապետության և սկզբունքների ճշմարտությունն ու կարևորությունը
-
Ե՞րբ եք զգացել այս սկզբունքի ճշմարտացիությունը:
-
Ինչպե՞ս եք իմանում, որ սա ճշմարիտ սկզբունք է:
-
Ե՞րբ եք օրհնվել հնազանդվելով այս սկզբունքին:
-
-
Կիրառեք վարդապետությունը և սկզբունքները
-
Ի՞նչ եք պատրաստվում անել այսօր ունեցած ձեր տպավորությունների ներքո:
-
Ինչպիսի՞ փոփոխություններ կարող եք կատարել, որպեսզի կիրառեք այս սկզբունքը ձեր կյանքում:
-
Տվեք այնպիսի հարցեր, որոնք կօգնեն ուսանողներին հասկանալ ենթատեքստը և բովանդակությունը
Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ սուրբ գրությունների խմբի ենթատեքստն ու բովանդակությունը, տվեք այնպիսի հարցեր, որոնք կստիպեն ուսանողներին տեղեկություն հավաքել իրենց կարդացածի վերաբերյալ և կօգնեն վերլուծել իրենց հայտնաբերածը:
Հարցեր, որոնք օգնում են ուսանողներին տեղեկություններ փնտրել
Երբ օգնում եք ձեր դասարանին հասկանալ սուրբ գրությունների խմբի ենթատեքստը և բովանդակությունը, տվեք այնպիսի հարցեր, որոնք կխրախուսեն նրանց տեղեկություն փնտրել մարդկանց, պատմական իրավիճակի, մշակութային նախադրյալների և այլ մանրամասների վերաբերյալ: Այդ հարցերի պատասխանները հաճախ ուղղակիորեն կարելի է գտնել սուրբ գրություններում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության ժամանակ օգտագործվող օժանդակ նյութերում, ինչպիսիք են՝ տողատակի ծանոթագրությունները, Աստվածաշնչի բառարանը, Սուրբ գրքերի ուղեցույցը, սուրբ գրքերի քարտեզներն ու լուսանկարները և այլն: Այդ ռեսուրսները պետք է օգնեն ուսանողներին հասկանալ սուրբ գրությունների խմբի որոշակի մանրամասները: Օրինակ, դուք կարող եք տալ այսպիսի հարցեր.
-
Ըստ 1 Նեփի 3.1-4-ի, ո՞վ հրամայեց Նեփիին գնալ Լաբանի մոտ և բերել հիշատակարանները:
-
Նայեք 1 Նեփի 16.10: Ինչի՞ էր նման Լիահոնան:
-
Նայեք Առաքյալ բառը Աստվածաշնչի բառարանում կամ Սուրբ գրքերի ուղեցույցում: Ի՞նչ է այդ բառը նշանակում: (Դուք կարող եք տալ այս հարցը, երբ ուսանողները կարդացել են Ղուկաս 6.13-ը:)
Կարդացեք բաժին 5.1.1 էջ 59-60-ում ձեր Ավետարանի ուսուցում և ուսումնասիրություն ձեռնարկում: Կարդալիս ընդգծեք այն բառերը կամ արտահայտությունները, որոնք կօգնեն ձեզ հասկանալ, թե հարցեր տալը, որը կխրախուսի ուսանողներին տեղեկություն փնտրել, ինչպես կօգնի նրանց բացահայտել սուրբ գրությունների խմբի ենթատեքստը և բովանդակությունը:
Դիտեք «Հարցեր տալ. փնտրել տեղեկություն» (1:36) տեսանյութը, որն առկա է churchofjesuschrist.org կայքում: Այս տեսանյութում սեմինարիայի ուսուցիչը հարցեր է կազմում, որոնք կօգնեն իր ուսանողներին կարևոր տեղեկություն փնտրել Վարդապետություն և Ուխտեր 1.1-4 հատվածի բովանդակության և ենթատեքստի վերաբերյալ:
Հարցեր, որոնք կօգնեն ուսանողներին վերլուծել ենթատեքստը և բովանդակությունը
Երբ ուսանողները ծանոթանան տվյալ հատվածի հիմնական մանրամասներին, տվեք հարցեր, որոնք կհրավիրեն նրանց վերլուծել այդ պատմության, մարդկանց և նրանց հանգամանքների մանրամասները և այլն:
Օրինակ, Ղուկաս 5.1-11-ն ուսումնասիրելիս ուսանողները կիմանան, որ Պետրոսը ողջ գիշեր ապարդյուն ձկնորսությամբ էր զբաղվել: Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի խորը վերլուծել այդ հատվածը, կարող եք այսպիսի հարցեր տալ՝
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ Պետրոսը տատանվելով գնաց կրկին ձուկ բռնելու:
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ Փրկիչը պատվիրեց դա Պետրոսին:
Կարդացեք 5.1.2 բաժնի «Օգնել ուսանողներին ավելի լավ հասկանալ սուրբ գրությունների ենթատեքստը և բովանդակությունը» ենթավերնագրի պարբերությունները՝ Ավետարանի ուսուցում և ուսումնասիրություն ձեռնարկ, էջ 60: Ընդգծեք այն բառերը կամ արտահայտությունները, որոնք կօգնեն ձեզ հասկանալ, թե հարցեր տալը, որն օգնում է ուսանողներին վերլուծել ենթատեքստը և բովանդակությունը, ինչպես է նպաստում խորացնել և հարստացնել սուրբ գրությունների իրենց հասկացողությունը:
Դիտեք «Հարցեր տալ. վերլուծել ենթատեքստը և բովանդակությունը» (1:45) տեսանյութը, որն առկա է churchofjesuschrist.org կայքում: Այս տեսանյութում սեմինարիայի ուսուցիչը տալիս է հարցեր, որոնք խրախուսում են ուսանողներին վերլուծել Վարդապետություն և Ուխտեր 1.1-4 հատվածի բովանդակությունը և ենթատեքստը:
Հարցեր տվեք, որոնք կօգնեն ուսանողներին բացահայտել վարդապետությունն ու սկզբունքները
Երբ տալիս եք հարցեր, որոնք օգնում են ուսանողներին հայտնաբերել վարդապետությունը և սկզբունքները, դուք հրավիրում եք նրանց բացահայտել և միևնույն ժամանակ հստակորեն սահմանել իրենց սովորած կարևոր ճշմարտությունները:
Օրինակ, պղնձե թիթեղները բերելու Նեփիի պատմությունը ուսումնասիրելուց հետո դուք կարող եք հարցնել. «Ի՞նչ սկզբունք է լուսաբանվում այս պատմության մեջ, որտեղ չնայած դժվարությանը, Նեփիին հաջողվում է ձեռք բերել պղնձե թիթեղները»: Դա խրախուսում է ուսանողներին հայտնաբերել և իրենց խոսքերով ձևակերպել տվյալ վարդապետությունը կամ սկզբունքը, օրինակ այսպես՝ Ես կարող եմ մեծ գործեր անել, երբ անում եմ այն, ինչ Տերն է պատվիրում ինձ անել:
Ուսումնասիրեք «Օգնել ուսանողներին հայտնաբերել ավետարանի սկզբունքները և վարդապետությունները» ենթավերնագրի պարբերությունները՝ Ավետարանի ուսուցում և ուսումնասիրություն ձեռնարկ, էջ 60-61: Ընդգծեք այն բառերը կամ արտահայտությունները, որոնք կօգնեն պարզաբանել հարցեր տալու կարևորությունը, որոնք խրախուսում են ուսանողներին հայտնաբերել վարդապետությունը և սկզբունքները:
Դիտեք «Հարցեր տալ. բացահայտել վարդապետությունը և սկզբունքները»(0:42) տեսանյութը, որն առկա է churchofjesuschrist.org կայքում: Այս տեսանյութում դասարանը քննարկում է Ելից 17 գլուխը, որտեղ Մովսեսը իր ձեռքերը վեր էր բարձրացնում, որպեսզի Իսրայելի զորքը կարողանար հաղթել ճակատամարտում: Տեսանյութը դիտելիս ուշադրություն դարձրեք, թե ինչպես է ուսուցիչը խնդրում դասարանին բացահայտել այս պատմության մեջ տրված սկզբունքը:
Հարցեր տվեք, որոնք կօգնեն ուսանողներին հասկանալ վարդապետությունը և սկզբունքները
Երբ ուսանողները բացահայտեն վարդապետությունը կամ սկզբունքը, տվեք հարցեր, որոնք կօգնեն դասարանին հասկանալ, թե՝ (1) ինչ է նշանակում տվյալ վարդապետությունը կամ սկզբունքը և (2) ինչպես կարող է տվյալ վարդապետությունը կամ սկզբունքը առնչություն ունենալ այսօրվա հետ: Օրինակ, երբ դասարանը բացահայտի Աստծո առաջին ոչ մի բան անկարելի չէ (Ղուկաս 1.37), կարող եք այսպիսի հարցեր տալ՝ «Ձեր կարծիքով, ի՞նչ է անկարելի բառը նշանակում» և «Ձեր կարծիքով, ինչո՞ւ պետք է մենք հասկանանք այս սկզբունքն այսօր»:
Ուսումնասիրեք «Օգնել ուսանողներին զարգացնել սկզբունքների և վարդապետությունների ավելի խորը հասկացողություն» ենթավերնագրի պարբերությունները՝ Ավետարանի ուսուցում և ուսումնասիրություն ձեռնարկ, էջ 61: Ընդգծեք այն բառերը կամ արտահայտությունները, որոնք պարզաբանում են հարցեր տալու կարևորությունը, հարցեր, որոնք խրախուսում են ուսանողներին հայտնաբերել վարդապետությունը և սկզբունքները:
Դիտեք «Հարցեր տալ. հասկանալ վարդապետությունը և սկզբունքները»(0:41) տեսանյութը, որն առկա է churchofjesuschrist.org կայքում: Այս տեսանյութում ինստիտուտի ուսուցիչը մի սկզբունք է ներկայացնում իր ուսանողներին և տալիս է հարց, որն օգնում է նրանց խորացնել այդ սկզբունքի վերաբերյալ իրենց հասկացողությունը:
Տվեք հարցեր, որոնք կօգնեն ուսանողներին զգալ վարդապետության և սկզբունքների ճշմարտությունն ու կարևորությունը
Կարող եք օգնել ուսանողներին անձնապես զգալ տվյալ սկզբունքի ճշմարտությունը և կարևորությունը տալով հարցեր, որոնք կհրավիրեն նրանց կիսվել իրենց փորձառությամբ և վկայությամբ: Նաև, ուսանողները կարող են շատ ընկալունակ դառնալ տվյալ սկզբունքի հանդեպ, երբ մյուս ուսանողները վկայեն, թե ինչպիսի ազդեցություն է այն ունեցել իրենց կյանքում:
Օրինակ, երբ ձեր դասարանի անդամները խորացնեն Աստծո առաջին ոչ մի բան անկարելի չէ (Ղուկաս 1.37) սկզբունքի վերաբերյալ իրենց հասկացողությունը, կարող եք տալ հետևյալ հարցը՝ «Հիշեք, թե երբ է Աստված օգնել ձեզ կամ ձեր ծանոթներից որևէ մեկին անել անհնարին թվացող մի բան: Ինչպե՞ս է այդ փորձառությունն ամրացրել Աստծո հանդեպ ձեր վկայությունը»:
Ուսումնասիրեք 5.1.3 բաժինը, ձեր Ավետարանի ուսուցում և ուսումնասիրություն ձեռնարկի էջ 61-62-ում: Ընդգծեք այն բառերը կամ արտահայտությունները, որոնք պարզաբանում են հարցեր տալու կարևորությունը, որոնք կօգնեն ուսանողներին զգալ վարդապետության և սկզբունքների ճշմարտացիությունը և կարևորությունը:
Դիտեք «Հարցեր տալ. հրավիրել զգացմունքներ և վկայություն»(0:48) տեսանյութը, որն առկա է churchofjesuschrist.org կայքում: Այս տեսանյութում դասարանը քննարկում է մի սկզբունք Ալմա 7-ից: Ուշադրություն դարձրեք ինչպես է ուսուցիչը տալիս հարցը, որը կօգնի ուսանողներին զգալ այդ սկզբունքի ճշմարտացիությունը և կարևորությունը:
Հարցեր տվեք, որոնք կօգնեն ուսանողներին կիրառել վարդապետությունը և սկզբունքները
Անգամ երբ ուսանողները հասկանում և զգում են տվյալ սկզբունքի ճշմարտացիությունը և կարևորությունը, նրանք դեռևս պետք է ընտրեն կիրառել այն իրենց կյանքում: Դուք որպես ուսուցիչ պետք է տաք հարցեր, որոնք կօգնեն ուսանողներին մտածել, թե ինչպես կարող են կիրառել ավետարանի սկզբունքներն իրենց ներկայիս և հետագա իրավիճակներում: Օրինակ, երբ ձեր դասարանի անդամները քննարկեն Աստծո առաջին ոչ մի բան անկարելի չէ (Ղուկաս 1.37) սկզբունքը, կարող եք հարցնել՝ «Ձեր վստահությունը ինչպե՞ս կդնեք Աստծո վրա, երբ հայտնվեք անհնարին թվացող իրավիճակում»:
Քանի որ որոշ ուսանողների պատասխանները գուցե լինեն անձնական կամ զգայուն, կարող եք առաջարկել ուսանողներին նմանատիպ հարցի իրենց պատասխանները գրի առնել իրենց ուսումնասիրության օրագրերում և ոչ թե կիսվել իրենց պատասխաններով դասարանի հետ:
Ուսումնասիրեք 5.1.4 բաժինը, ձեր Ավետարանի ուսուցում և ուսումնասիրություն ձեռնարկի էջ 62-ում: Ընդգծեք այն բառերը կամ արտահայտությունները, որոնք պարզաբանում են հարցեր տալու կարևորությունը, հարցեր, որոնք խրախուսում են ուսանողներին իրենց կյանքում կիրառել վարդապետությունը և սկզբունքները:
Դիտեք «Հարցեր տալ. խրախուսել կիրառումը» (0:50) տեսանյութը, որն առկա է churchofjesuschrist.org կայքում: Այս տեսանյութում դասարանը քննարկում է մի սկզբունք Ղուկաս 5.12-26 հատվածից: Ուշադրություն դարձրեք, թե ինչպես է ուսուցիչը հարցեր տալիս, որոնք օգնում են ուսանողներին մտածել, թե ինչպես կարող են կիրառել տվյալ սկզբունքը իրենց կյանքում:
Օգտագործեք հարցեր ուսուցչի ձեր ձեռնարկից
Արդյունավետ հարցերի օրինակներ հիմնականում կարող եք գտնել ուսուցչի ձեր ձեռնարկից: Յուրաքանչյուր դասի մեջ տրված են հարցեր, որ կարող եք օգտագործել ձեր դասի ընթացքում: Ուսուցչի ձեր ձեռնարկում տրված շատ հարցեր նպատակ ունեն օգնել ուսանողներին կիրառել ուսումնական օրինակի տարրերը:
Երբ ձգտում եք զարգացնել հարց գրելու ձեր հմտությունները, օգտակար կլինի վերանայել ուսուցչի ձեր ձեռնարկի հարցերը, որպեսզի ավելի լավ հասկանաք ճիշտ ձևակերպված հարցերի առանձնահատկությունները:
Ամփոփում և կիրառություն
Սկզբունքներ, որոնք պետք է հիշել
-
Հարցեր տալը և պատասխանելը բոլոր ուսումնասիրությունների և բոլոր ուսուցումների հիմքն է հանդիսանում:
-
Արդյունավետ հարցեր տալը առավել կարևոր հմտություններից մեկն է, որ կարող եք զարգացնել որպես ուսուցիչ:
-
Մանրակրկիտ ձևակերպված հարցեր օգտագործելով, կարող եք օգնել ձեզ և ձեր ուսանողներին հասնել որոշակի նպատակների:
-
Լավ հարցեր կազմել սովորելը ժամանակ, ջանքեր և փորձ է պահանջում:
«Մանրակրկիտ ձևակերպված հարցեր տվեք, որոնք մտքի համար խթան են հանդիսանում: Անգամ եթե պատասխանները կատարյալ չեն, դրանք կմեծացնեն կարևոր դասեր սովորելու հավանականությունը» (Richard G. Scott, “To Understand and Live Truth” [an evening with Elder Richard G. Scott, Feb. 4, 2005], 3, si.churchofjesuschrist.org):
«Ուրեմն՝ ի՞նչ»:
Որպեսզի եզրափակեք ուսուցման այս փորձը, գրի առեք որոշ բաներ, որոնք դուք կանեք` ըստ այսօրվա ձեր սովորած սկզբունքների: