Գլուխ10
Փայփայել ամուսնության հավերժական ընկերակցությունը
«Կյանքի ամենաքաղցր զգացմունքները, մարդկային սրտի շռայլ ու գոհացնող ազդակներն իրենց դրսևորումն են գտնում ամուսնության մեջ, որը կանգնած է մաքուր ու անարատ` աշխարհի չարիքից վեր»:
Գորդոն Բ. Հինքլիի կյանքից
Մի երեկո, երբ Նախագահ և Քույր Հինքլին լուռ նստած էին միասին, Քույր Հինքլին ասաց.«Դու միշտ ինձ թևեր ես տվել թռչելու համար և ես սիրել եմ քեզ դրա համար»:1 Մեկնաբանելով իր կնոջ կողմից արված այդ արտահայտությունը, Նախագահ Հինքլին ասել է. «Ես փորձել եմ ճանաչել [նրա] անհատականությունը, ինքնությունը, նրա ցանկությունները, նախադրյալները, նրա հավակնությունները: Թող նա թռչի: Այո, թող նա թռչի: Թող նա զարգացնի իր սեփական տաղանդները: Թող նա գործի իր ուրույն ձևով: Դուրս եկ նրա ճանապարհից և հիացիր նրանով, ինչ նա անում է»:2 Քույր Հինքլին նմանապես աջակցում էր իր ամուսնուն` որպես հայր, նրա անձնական հետաքրքրություններում և նրա Եկեղեցու լայնածավալ ծառայության մեջ:
Իրենց չափահաս տարիների մեծ մասը Գորդոն Բ. Հինքլին և Մարջորի Փեյը ապրել են նույն ծխում. նրանք ապրումէին փողոցի հակառակ կողմերում։ «Ես նրան առաջին անգամ տեսա Երեխաների Միությունում», հետագայում հիշում էր Նախագահ Հինքլին: «Նա կարդում էր: Ես չգիտեմ, թե դա ինչ արեց ինձ հետ, բայց ես երբեք դա չմոռացա: Ապա նա մեծացավ, դարձավ գեղեցիկ օրիորդ, և ես այնքան ողջամիտ գտնվեցի, որ ամուսնացա նրա հետ»:3
Նրանց առաջին ժամադրությունը Եկեղեցու պարերի ժամանակ էր, երբ Հինքլին 19 տարեկան էր, իսկ Մարջորին` 18 տարեկան: «Այս երիտասարդը ինչ-որ մտադրություն ունի»,- ասաց Մարջորին իր մորը հետագայում:4 Նրանց հարաբերությունները շարունակում էին զարգանալ, մինչ Գորդոնը հաճախում էր Յուտայի Համալսարանը: Ապա 1933 թվականինավարտելուց հետո նա կանչվեց միսիա ծառայելու Անգլիայում: Երբ նա վերադարձավ 1935 թվին, նրանք վերսկսեցին իրենց սիրավեպը և 1937թվին նրանք ամուսնացան Սոլթ Լեյք Տաճարում: Վերհիշելով իրենց ամուսնության վաղ օրերը, Քույր Հինքլին ասել է.
«Փողը քիչ էր, բայց մենք լցված էինք հույսով և լավատեսությամբ: Սկզբում ոչ բոլոր օրերն էին երանելի, բայց դրանք լի էին վճռականությամբ և երջանիկ տուն հիմնելու մեծ ցանկությամբ: Անկասկած, մենք սիրում էինք իրար: Բայց մենք պետք է հարմարվեինք միմյանց: Կարծում եմ, յուրաքանչյուր զույգ պետք է հարմարվի մեկմեկու:
Ավելի ուշ ես հասկացա, որ ավելի լավ կլիներ, եթե մենք ջանասիրաբար ձգտեինք հարմարվել միմյանց, քան անընդհատ փորձեինք միմյանց փոխել, ինչը ես պարզեցի, որ անհնար էր: … Պետք է լինի մի քիչ տալ և վերցնել, և ավելի մեծ ճկունություն, երջանիկ տուն ստեղծելու համար:5
Նախագահ Հինքլին կանչվեց Գերագույն Իշխանավոր 1958 թվին և իր ծառայության վաղ տարիներին Քույր Հինքլին սովորաբար մնում էր տանը` հոգ տանելու իրենց հինգ երեխաներին, մինչ նա ճանապարհորդում էր Եկեղեցու հանձնարարություններով: Երբ նրանց երեխաները մեծացան, Հինքլիները հաճախ էին ճանապարհորդում միասին, մի բան, որը նրանք բարձր էին գնահատում: 1977 թվականի ապրիլին նրանց ամուսնության 40-ամյակն էր, որը համընկավ այն ժամանակի հետ, երբ նրանք երկար ճամփորդում էին Ավստրալիայում`հանդիպելու Սրբերի հետ: Այդ օրը Նախագահ Հինքլին գրել է իր օրագրում.
«Մենք այսօր գտնվում ենք Փերթում, (Ավստրալիա), մեր ներկայությունը վկայում է, թե տարիները ինչ էին բերել մեզ: Մենք անցկացրինք օրը` հանդիպելով Ավստրալիայի Փերթի միսիայի միսիոներների հետ: Դա սքանչելի օր էր, որի ընթացքում մենք լսեցինք վկայություններ և հրահանգավորում: Միսիոներները Մարջորիին նվիրեցին փոքրիկ ծաղկեփունջ, որը ես ինքս ժամանակ չէի ունեցել գնել նրա համար:
«Մենք կարող ենք մի ամբողջ հատոր գրել անցած 40 տարիների մասին: … Մենք ունեցել ենք մեր մաքառումներն ու խնդիրները: Բայց ընդհանուր առմամբ կյանքը հիանալի է եղել: Մենք հրաշալիորեն օրհնված ենք եղել: Այս տարիքում մարդ սկսում է զգալ հավերժության իմաստը և հավերժական զուգընկերության արժեքը: Եթե մենք այս երեկո տանը լինեինք, հավանաբար ընտանեկան ինչ-որ ճաշկերույթ կունենայինք: Քանի որ մենք հեռու ենք տանից՝ Տիրոջ ծառայության մեջ, դա քաղցր փորձառություն էր մեզ համար:6
Քսաներկու տարի անց, երբ նա ծառայում էր Եկեղեցու Նախագահ, Նախագահ Հինքլին մի նամակ գրեց Քույր Հինքլիին՝ արտահայտելով իր զգացմունքները ավելի քան 60 տարի ամուսնացած լինելուց հետո: «Ինչպիսի թանկագին զուգընկեր ես եղել դու»,- ասել է նա: Այժմ մենք միասին ծերացել ենք և դա քաղցր փորձառություն է եղել: … Երբ ապագայում մահվան ձեռքը նրբորեն դիպչի մեզանից մեկն ու մեկին, կլինեն արցունքներ, այո, բայց նաև կլինի մի հանդարտ և հաստատուն համոզվածություն` վերամիավորման և հավերժական ընկերակցության վերաբերյալ:7
2004 թվի սկզբին Հինքլիները տուն էին վերադառնում Ակրա Գանա Տաճարի նվիրագործումից, երբ Քույր Հինքլին հոգնածությունից ուշագնաց եղավ: Նա երբեք չվերականգնեց իր ուժերը և հեռացավ կյանքից 2004 թվի ապրիլի 6-ին: Վեց ամիս անց, հոկտեմբերի գերագույն համաժողովում, Նախագահ Հինքլին ասաց.
«Երբ ես պահել էի նրա ձեռքը և տեսա, թե ինչպես էր կյանքը հեռանում նրա մատներից, խոստովանում եմ, որ սիրտս փլվեց: Նախքան նրա հետ ամուսնանալը, նա իմ երազանքների աղջիկն էր: … Նա իմ սիրելի ընկերն է եղել ավելի քան մի դարի երկու երրորդը, ինձ հավասարը Տիրոջ առջև, իսկապես ինձանից ավելի բարձրը: Եվ այժմ իմ ծեր հասակում նա կրկին դարձել է իմ երազանքների աղջիկը»:8
Իր վշտի մեջ Նախագահ Հինքլին հաստատվեց՝ գիտենալով, որ նա և Մարջորին կնքվել էին հավերժության համար: «Կորցնել մի շատ սիրելի ընկերոջ, ում հետ քայլել ես երկար՝ ուրախության և տխրության պահերին, բացարձակապես անտանելի է»,- ասաց նա: «Կա մի մաշող մենություն, որը գնալով ուժեղանում է: Այն ցավագին տնքում է մարդու հենց հոգում: Բայց գիշերվա լռության մեջ մի լուռ շշուկ է լսվում, որն ասում է. «Ամեն ինչ լավ է: Ամեն ինչ լավ է»։ Եվ անհայտությունից եկած այդ ձայնը բերում է խաղաղություն, համոզվածություն և չտատանվող համոզմունք, որ մահը վերջը չէ, որ կյանքը շարունակվում է կատարվող գործերով և ձեռք բերվող հաղթանակներով: Այդ ձայնը հանդարտ, նույնիսկ, մահկանացուի ականջների համար անլսելի, բերում է հավաստիացում, որ ինչպես եղել է բաժանում, կլինի նաև ուրախ վերամիավորում»:9
Գորդոն Բ. Հինքլիի ուսմունքները
1
Երկնային Հայրը ծրագրել է ամուսնությունը ի սկզբանե:
Ի՜նչ հրաշալի բան է ամուսնությունը մեր Հավիտենական Հոր ծրագրում, մի ծրագիր, որ տրվել է Նրա աստվածային իմաստությամբ Նրա զավակների երջանկության և ապահովության, ինչպես նաև սերունդների շարունակության համար:
Նա մեր Արարիչն է, և Նա է ծրագրել ամուսնությունը ի սկզբանե: Եվայի ստեղծման ժամանակից ի վեր, «Ադամն ասաց. Սա հիմա ոսկր է իմ ոսկրիցը եւ մարմին է իմ մարմնիցը. …Դրա համար, մարդ կթողնի իր հորն ու մորը, և կհարի իր կնոջը, և նրանք կլինեն մեկ մարմին: Ծն. 2.23–24:)
Պողոսը գրել է Կորնթացի Սրբերին․ «Բայց դարձեալ ոչ կինն առանց մարդի, եւ ոչ մարդն առանց կնկայ, Տէրումը»։ (1 Կոր. 11.11:)
Ժամանակակից հայտնության մեջ Տերն ասել է.«Եվ բացի այդ, ճշմարիտ ասում եմ ձեզ, որ նա, ով արգելում է ամուսնանալը, կարգված չէ Աստծու կողմից, քանզի ամուսնությունն Աստծու կողմից է կարգված մարդու համար» (ՎևՈւ 49․15:) …
Անշուշտ, կարդալով սուրբ գրությունները, ինչպես հին, այնպես էլ` ժամանակակից, ոչ ոք չի կարող կասկածի տակ առնել ամուսնության աստվածային բնույթը: Կյանքի ամենաքաղցր զգացմունքները, մարդկային սրտի շռայլ ու գոհացնող ազդակները, իրենց դրսևորումն են գտնում ամուսնության մեջ, որը կանգնած է մաքուր ու անարատ` աշխարհի չարիքից վեր:
Այսպիսի ամուսնությունը, կարծում եմ, ցանկություն է, որի համար հույս ունեն, որին ձգտում են, և որի համար աղոթում են տղամարդիկ ու կանայք` ամենուրեք:10
2
Տիրոջ տաճարներում ամուսինը և կինը կարող են կնքվել միասին ողջ հավերժության համար:
Տաճարները … տալիս են օրհնություններ, որոնք ոչ մի ուրիշ տեղ չեն տրվում: Այն բոլորը, ինչ տեղի է ունենում այս սրբազան տներում, գործ ունի մարդու հավերժական բնույթի հետ: Այստեղ ամուսինները, կանայք ու երեխաները կնքվում են միմյանց հետ` որպես ընտանիքներ ողջ հավերժության համար: Ամուսնությունը չի տևում «մինչև մահը բաժանի ձեզ»: Այն հավերժ է, եթե կողմերն ապրում են արժանի այդ օրհնությանը:11
Արդյոք չի՞ եղել տղամարդ, որն իրոք սիրի մի կնոջ, կամ կին, որն իսկապես սիրի մի տղամարդու, և չաղոթի, որ իրենց կապը շարունակվի մահից հետո: Արդյոք չի՞ եղել դեպք, երբ ծնողները հողին հանձնելով իրենց զավակին, չեն ցանկացել ունենալ հավաստիացում, որ իրենց սիրելի զավակը գալիք աշխարհում կրկին իրենցը կլինի: Կարո՞ղ է հավերժական կյանքին հավատացողը կասկածել, որ երկնքի Աստվածը Իր որդիներին և դուստրերին չի շնորհի կյանքի այդ ամենաթանկ բանը` սերը, որն իր ամենաիմաստալից դրսևորումն է գտնում ընտանեկան հարաբերություններում: Ոչ, բանականությունը պահանջում է, որ ընտանեկան հարաբերությունը պետք է շարունակվի մահից հետո: Մարդկային սիրտը փափագում է դա, և երկնքի Աստվածը հայտնել է, թե ինչպես կարելի է ապահովել դա: Տիրոջ տան սրբազան ծեսերը ապահովում են դրանք:12
Որքան քաղցր է հավաստիացումը, որքան մխիթարիչ է խաղաղությունը, որոնք գալիս են այն գիտելիքից, որ եթե մենք ճիշտ ամուսնանանք և ապրենք ճիշտ, մեր հարաբերությունը կշարունակվի, չնայած մահվան անխուսափելիությանը և ժամանակի ընթացքին: Տղամարդիկ գուցե սիրային երգեր գրեն և երգեն դրանք: Նրանք կարող են տենչալ և հուսալ ու երազել: Բայց այս բոլորը կլինի միայն ռոմանտիկ ցանկություն, մինչև որ չլինի իշխանության գործադրում, որը դուրս է գալիս ժամանակի և մահվան զորությունների սահմաններից:13
3
Ամուսիններն ու կանայք քայլում են կողք կողքի հավերժական ճանապարհորդության ընթացքում:
Իր մեծ նախագծում, երբ Աստված ստեղծեց մարդուն, Նա ստեղծեց երկու սեռ : Այդ երկակիության ազնվացնող արտահայտությունը գտնվում է ամուսնության մեջ: Մեկ անձնավորությունը լրացնում է մյուսին:14
Ամուսնական ընկերակցության մեջ չկա ոչ անլիարժեքություն, ոչ էլ գերազանցություն: Կինը չի քայլում տղամարդուց առաջ, ոչ էլ տղամարդն է քայլում կնոջից առաջ: Նրանք քայլում են կողք կողքի` որպես Աստծո որդի և դուստր, հավերժական ճանապարհորդության ընթացքում:15
Ամուսնությունը իր իսկական իմաստով հավասարների ընկերակցություն է, ոչ թե իշխանության գործադրում մյուսի վրա, այլ յուրաքանչյուրը պիտի խրախուսի և աջակցի մյուսին, ինչ պարտականություններ կամ ձգտումներ էլ տղամարդը կամ կինը ունենան:16
Կանայք, նայեք ձեր տղամարդկանց որպես ձեր թանկագին ընկերոջ և արժանի ապրեք այդ ընկերակցությանը: Ամուսիններ, տեսեք ձեր կանանց մեջ ամենաթանկ արժանիքները ժամանակի կամ հավերժության մեջ, յուրաքանչյուրը Աստծո դուստր, կողակից է, ում հետ դուք կարող եք քայլել ձեռք ձեռքի, ուրախության, թե տխրության , կյանքի բոլոր վտանգների և հաղթանակների միջով:17
Ես մտածում եմ երկու [ընկերների] մասին, որոնց ես գիտեի… ավագ դպրոցի տարիներին և համալսարանում: Նա գյուղաքաղաքի տղա էր, հասարակ արտաքինով, առանց փողի կամ ակնհայտ խոստումների: Նա մեծացել էր ագարակում, և եթե որևէ գրավիչ հատկանիշ ուներ` աշխատելու կարողությունն էր: … Բայց իր գյուղական արտաքինով, նա մի ժպիտ ուներ և անհատականություն, որը թվում էր, երգում էր բարության մասին: Նա քաղաքի աղջիկ էր, ով դուրս էր եկել ապահովված օջախից: …
Մի ինչ-որ կախարդական բան պատահեց նրանց միջև: Նրանք սիրահարվեցին: … [Նրանք] ծիծաղում էին, պարում ու սովորում միասին այդ տարիների ընթացքում: Նրանք ամուսնացան, երբ մարդիկ զարմանում էին, թե ինչպես նրանք կարող էին երբևէ բավարար փող աշխատել գոյատևելու համար: Նա մաքառում էր իր մասնագիտական դպրոցում և դարձավ իր դասարանի գրեթե լավագույնը: Նա կարիքի մեջ էր, խնայում էր, աշխատում ու աղոթում: Նա խրախուսում էր, աջակցում, և երբ գործերն իսկապես վատացան, նա հանդարտ ասաց.«Մենք մի կերպկհաղթահարենք»: Ոգևորված իր հանդեպ նրա հավատից, նա շարունակում էր անցնել այս դժվարին տարիների միջով: Նրանք երեխաներ ունեցան, և միասին սիրում էին նրանց, սնուցում ու տալիս նրանց ապահովություն, որը գալիս էր իրենց սիրո և միմյանց հանդեպ հավատարմության սեփական օրինակից: Այժմ անցել է մոտ քառասունհինգ տարի : Նրանց երեխաները մեծացել են և պատիվ են բերում նրանց, Եկեղեցուն և համայնքներին , որտեղ նրանք ապրում են:
Վերջերս, երբ մենք ինքնաթիռով գալիս էինք Նյու Յորքից, ես քայլեցի միջանցքի կիսամութ տաղավարով և տեսա սպիտակ մազերով մի կնոջ, ով ննջում էր գլուխն իր ամուսնու ուսին, իսկ ձեռքով ջերմորեն սեղմել էր ամուսնու ձեռքը: Ամուսինն արթուն էր և ճանաչեց ինձ: Կինն արթնացավ, երբ մենք սկսեցինք խոսել: Նրանք նույնպես վերադառնում էին Նյու Յորքից, որտեղ նա զեկուցումով հանդես էր եկել ազգային գիտական մեծ միություններից մեկի առջև: Նա քիչ բան պատմեց այդ մասին, բայց կինը հպարտորեն խոսեց նրան տրված պարգևների մասին: …
Ես մտածեցի այդ մասին, երբ վերադարձա իմ տեղը ինքնաթիռում: Եվ ես ասացի ինքս ինձ, այն ժամանակ նրանց ընկերները տեսան միայն մի գյուղացի տղայի և քթի վրա պեպեններով մի ժպտացող աղջկա: Բայց այդ երկուսը միմյանց մեջ տեսան սեր, հավատարմություն, խաղաղություն, հավատք և ապագա: Կոչեք դա քիմիա, եթե կամենում եք, գուցե մի փոքր բան կար դրանից, բայց կար շատ ավելին : Կար ավելի շուտ աստվածային ծաղկող ինչ-որ բան, սերմանված այնտեղ այն Հոր կողմից, ով մեր Աստվածն է: Համալսարանում ուսանելու տարիներին նրանց ապրած կյանքը արժանի էր այդ ծաղկմանը: Նրանք ապրել էին առաքինությամբ, հավատով, գնահատանքով և հարգանքով` իրենց և միմյանց հանդեպ: Իրենց դժվարին մասնագիտական և տնտեսական մաքառումների տարիներին, նրանք գտել էին իրենց մեծագույն երկրային ուժը և ընկերակցությունը: Այժմ` տարեց հասակում, նրանք գտան իրենց խաղաղությունը, իրենց հանգիստ բավարարվածությունը միմյանցով: Բացի այդ, նրանք համոզված էին ուրախ ընկերակցության հավերժության մեջ` այն ուխտերի ներքո, որոնք երկար տարիներ առաջ արվել էին և խոստումների, որոնք տրվել էին Տիրոջ տանը:18
4
Աստված չի մերժի ոչ մի օրհնություն արժանավոր անձանց, ովքեր ամուսնացած չեն:
Ինչ-որ պատճառով մենք դրել ենք մի նշան Եկեղեցու մի շատ կարևոր խմբի վրա: Այն ասում է. «Միայնակներ»: Կցանկանայի, որ մենք չանեինք դա: Դուք անհատներ եք՝ տղամարդիկ և կանայք, Աստծո որդիներ և դուստրեր, ոչ թե «նմանակիցներ» կամ «գործակցողներ»: Այն, որ դուք ամուսնացած չեք, ձեզ չի դարձնում մյուսներից էականորեն տարբեր: Մենք բոլորս շատ նման ենք արտաքինով և հուզական արձագանքներով, մեր մտածելու, տրամաբանելու, թշվառ լինելու, երջանիկ լինելու, սիրելու և սիրված լինելու կարողությամբ:
Դուք ճիշտ նույնքան կարևոր եք, որքան բոլոր մյուսները մեր Երկնային Հոր ծրագրում և Նրա ողորմածության ներքո ոչ մի օրհնություն, որին դուք այլապես կարող էիք արժանանալ, հավերժ ետ չի պահվի ձեզանից:19
Թույլ տվեք այժմ մի խոսք ասել նրանց, ովքեր երբեք հնարավորություն չեն ունեցել լինել ամուսնացած : Ես հավաստիացնում եմ ձեզ, որ մենք զգայուն ենք ձեր մենակության հանդեպ, որը ձեզանից շատերն են զգում: Մենակությունը դառը և ցավոտ է: Կարծում եմ բոլոր մարդիկ զգացել են դա այս կամ այն պահին: Մեր սրտերը ուղղված են դեպի ձեզ ըմբռնումով և սիրով: …
… Ձեր կյանքի այս շրջանը կարող է սքանչելի լինել: Դուք հասունություն ունեք: Դուք դատողություն ունեք: Ձեզանից շատերն ունեն ուսուցում և փորձառություն: Դուք ունեք ֆիզիկական, մտավոր և հոգևոր ուժ` բարձրացնելու, օգնելու և խրախուսելու:
Այնքան շատ մարդիկ կան դրսում, ովքեր ունեն ձեր կարիքը։ … Ձեր հոգևոր մարտկոցները լրիվ լիցքավորված պահեք և վառեք ուրիշների լամպերը:20
Ձեզ, որ չեք ամուսնացել, … Աստված տվել է այս կամ այն տաղանդը: Նա տվել է ձեզ կարողություն` ծառայելու ուրիշների կարիքներին և օրհնելու նրանց կյանքը բարությամբ և մտահոգությամբ: Օգնության հասեք կարիքի մեջ գտնվող ինչ-որ մեկին: …
Ավելացրեք գիտելիք գիտելիքի վրա: Կատարելագործեք ձեր միտքն ու հմտությունները գիտության որևէ ընտրված բնագավառում: Կան վիթխարի հնարավորություններ ձեզ համար, եթե դուք պատրաստ եք դրանցից օգուտ քաղել: … Մի մտածեք, որ եթե դուք միայնակ եք, Աստված լքել է ձեզ: Աշխարհն ունի ձեր կարիքը: Եկեղեցին ունի ձեր կարիքը: Այնքան շատ մարդիկ և գործեր ունեն ձեր ուժի և իմաստության կարիքը:
Աղոթեք և մի կորցրեք ձեր հույսը: … Ապրեք ամենալավ կյանքով, որը դուք կարող եք, և Տերն Իր ավելի մեծ իմաստությամբ և իր հավերժական ժամանակին կտա պատասխան ձեր աղոթքներին:21
Ձեզ, ովքեր ամուսնալուծված եք, խնդրում ենք իմացեք, որ մենք չենք նայում ձեզ վերևից, որպես ձախողակների, որովհետև ամուսնությունը ձախողվել է: … Մեր պարտականությունն է չդատապարտել, այլ ներել և մոռանալ, բարձրացնել և օգնել: Ձեր մենակության ժամերին դիմեք Տիրոջը, ով ասել է. «Ինձ մոտ եկէք, ամեն վաստակածներ եւ բեռնաւորուածներ, եւ ես հանգիստ կտամ ձեզ: Որովհետեւ իմ լուծը քաղցր է, եւ իմ բեռը՝ թեթեւ»: (Մատ. 11.28, 30:)
Տերը ձեզ չի մերժի, ոչ էլ ձեզ հեռու կվանի: Պատասխանները ձեր աղոթքներին, հնարավոր է, չլինեն ազդեցիկ, դրանք կարող են հեշտությամբ չհասկացվել կամ նույնիսկ գնահատվել: Բայց կգա ժամանակը, երբ դուք կիմանաք, որ օրհնվել եք:22
5
Երջանկությունը ամուսնության մեջ գալիս է զուգընկերոջ հանդեպ սիրագորով մտահոգություն ցուցաբերելուց:
Փայփայեք և զարգացրեք ձեր ամուսնությունը: Վերահսկեք այն և աշխատեք ամուր ու գեղեցիկ պահել այն: … Ամուսնությունը պայմանագիր է, այն կուռ է, միություն է տղամարդու և կնոջ միջև` Ամենազորի ծրագրի ներքո: Այն կարող է փխրուն լինել: Այն պահանջում է սնուցում և մեծ ջանքեր:23
Տարիներ շարունակ հարյուրավոր ամուսնալուծությունների հետ գործ ունենալուց հետո, ես բավարարված եմ, որ մի հատիկ գործընթացի կիրառումը ավելի շատ բան կտա, քան բոլոր այլ բաները՝ այս ցավալի խնդիրը լուծելու համար:
Եթե յուրաքանչյուր ամուսին և յուրաքանչյուր կին անընդհատ անի` ինչ կարող է` ապահովելու իր զուգընկերոջ հարմարավետությունն ու երջանկությունը, շատ քիչ թվով ամուսնալուծություններ կլինեին, եթե իհարկե լինեին: Վիճաբանություններ երբեք չեն լսվի Մեղադրանքները երբեք չեն հավասարեցվի: Տեղի չեն ունենա բարկացկոտ պոռթկումներ: Ավելի շուտ սերը և մտահոգությունը կփոխարինեն բռնությանն ու ստորությանը: …
Ամուսնությունների լարվածության մեծամասնության համար բուժումը ամուսնալուծությունը չէ: Այն գտնվում է ապաշխարության և ներման մեջ, բարության և մտահոգության արտահայտությունների մեջ: Այն գտնվում է Ոսկե Կանոնի կիրառման մեջ:
Դա հիանալի գեղեցկության տեսարանի մեջ է, երբ երիտասարդ տղամարդը և երիտասարդ կինը միացնում են իրենց ձեռքերը խորանի մոտ` ուխտի մեջ մտնելով Աստծո առջև, որ նրանք կպատվեն և կսիրեն միմյանց: Այնուհետև որքան թշվառ է պատկերը, երբ մի քանի ամիս կամ մի քանի տարի հետո, լինում են վիրավորական դիտողություններ, ստոր և կտրուկ խոսքեր, բարձրձայներ, ծանր մեղադրանքներ:
Դա չպիտի լինի, իմ սիրելի եղբայրներ և քույրեր: Մենք կարող ենք բարձրանալ այս ստոր և ողորմելի տարրերից վեր մեր կյանքում: (տես Գաղատացիս 4.9): Մենք կարող ենք փնտրել և ճանաչել մեկս մյուսի մեջ այն աստվածային էությունը, որը գալիս է մեզ` որպես մեր Երկնային Հոր զավակներ: Մենք կարող ենք ապրել միասին Աստծո տված ամուսնության օրինակով՝ իրականացնելով այն, ինչ մենք կարող ենք, եթե գործադրենք ինքնակարգավարժում և ձեռնպահ մնանք մեր զուգընկերոջը կարգավարժելուց:24
Ամեն ամուսնություն ենթակա է պատահական փոթորկի : Բայց համբերությամբ, փոխադարձ հարգանքով և հանդուրժողականության ոգով, մենք կարող ենք դիմանալ այդ փոթորիկներին: Որտեղ սխալներ են գործվել, կարող է լինել ներողություն, ապաշխարություն և ներում: Բայց դա պետք է լինի երկուստեք պատրաստակամություն: …
Ես պարզել եմ, որ ամուսնության մեջ երջանկության իսկական էությունը կայանում է … զուգընկերոջ հարմարավետության և բարօրության համար անհանգիստ մտահոգության մեջ: Միայն անհատական և անձնական ցանկությունները բավարարելու մասին մտածելը չի կառուցի ոչ վստահություն, ոչ սեր, ոչ երջանկություն: Միայն այն ժամանակ, երբ կա անշահախնդրություն, սերն իրեն ուղեկցող հատկանիշներով կբողբոջի և կծաղկի:25
Մեզանից շատերը պետք է դադարեն որոնել թերություններ և սկսեն փնտրել արժանիքներ: … Դժբախտաբար, որոշ կանայք ուզում են վերափոխել իրենց ամուսիններին ըստ իրենց սեփական մտադրության: Որոշ ամուսիններ համարում են իրենց բացառիկ իրավունքը ստիպել իրենց կանանց հարմարվել իրենց չափանիշներին, նրա վերաբերյալ, ինչ իրենք են համարում իդեալական: Դա երբեք չի աշխատում: Դա միայն տանում է դեպի հակառակություն, թյուրըմբռնում և վիշտ:
Պետք է լինի հարգանք միմյանց հետաքրքրությունների հանդեպ: Պետք է լինեն հնարավորություններ և խրախուսանք` զարգացման անձնական տաղանդի արտահայտման համար:26
Եղեք բացարձակապես ճշմարիտ և հավատարիմ ձեր ընտրած զուգընկերոջ հանդեպ: Ժամանակի և հավերժության տեսակետից, [ինչպես տղամարդը, այնպես էլ կինը] կլինեն մեծագույն արժեքը, որ դուք երբևէ կունենաք: [Ինչպես կինը, այնպես էլ տղամարդը] արժանի են լավագույնին, որ ձեր մեջ է:27
Առաջարկներ ուսումնասիրության և ուսուցման համար
Հարցեր
-
Նախագահ Հինքլին ուսուցանել է, որ Երկնային Հայրն է ծրագրել ամուսնությունը տղամարդու և կնոջ միջև «Իր զավակների երջանկության և անվտանգության համար» (բաժին 1): Ինչպե՞ս կարող է այս գիտելիքն ազդել տղամարդու և կնոջ միջև փոխհարաբերության վրա: Ինչպե՞ս կարող են ամուսինն ու կինը «մաքուր և անարատ աշխարհի չարիքից վեր» պահել իրենց ամուսնությունը:
-
Որո՞նք են հավերժական ամուսնության օրհնություններն այս կյանքում և հավերժության մեջ: (Տես բաժին 2:) Ո՞ր փորձառություններ են ձեզ տվել ավելի մեծ գնահատանք հավերժական փոխհարաբերությունների համար: Ինչպե՞ս կարող ենք ուսուցանել մեր երեխաներին հավերժական ամուսնության կարևորության մասին:
-
Ինչո՞ւ ամուսնությունը պետք է լինի «հավասարների ընկերակցություն»: (Տես բաժին 3.) Ի՞նչ եք դուք սովորում 3-րդ բաժնում գտնվող պատմությունից: Ինչպե՞ս կարող են ամուսինը և կինը զարգացնել այս տեսակի ուժ իրենց ամուսնության մեջ:
-
Ինչպե՞ս կարող է Նախագահ Հինքլիի խոստումներն ու խորհուրդը բաժին 4-ում օգնել մարդկանց, ովքեր ամուսնացած չեն: Ինչպե՞ս են այս բաժնի ուսմունքները վերաբերում բոլոր մարդկանց։ Ինչո՞ւ է կարևոր օգտագործել մեր տաղանդները և հմտությունները ուրիշներին ծառայելու համար:
-
Որո՞նք են այն ուղիները, որոնցով ամուսինն ու կինը կարող են «սնուցել և զարգացնել» իրենց ամուսնությունը: (Տես բաժին 5:) Ի՞նչ եք դուք սովորել այն մասին, թե ամուսինը և կինը ինչպես կարող են հաղթահարել մարտահրավերները և միասին գտնել ավելի մեծ երջանկություն: Ինչպիսի՞ օրինակներ եք դուք տեսել:
Առնչվող սուրբ գրություններ
1 Կորնթացիս 11.11, Մատթեոս 19.3–6, ՎևՈւ 42.22, 132.18–19, Մովսես 2.27–28, 3.18, 21–24
Օգնություն ուսուցչին
Երբ դուք ժամանակ եք նվիրաբերում ամեն օր, անձնապես և ձեր ընտանիքի հետ Աստծո խոսքի ուսումնասիրությանը, խաղաղությունը կգերիշխի ձեր կյանքում: Այդ խաղաղությունը չի գա դրսի աշխարհից: Այն կգա ձեր տան ներսից, ձեր ընտանիքի ներսից, ձեր իսկ սրտի ներսից:» (Ռիչարդ Գ. Սքոթ, «Դարձրեք հավատքի գործադրումը ձեր առաջնահերթությունը» Ensign կամ Լիահոնա, նոյ. 2014, 93):