Նախագահների ուսմունքները
Գլուխ 2. Դրոշ ազգերին, լույս աշխարհին


Գլուխ 2

Դրոշ ազգերին, լույս աշխարհին

«Ուժեղ լինելու ժամանակն է: Սա մի ժամանակ է, երբ պիտի առաջ շարժվենք առանց երկմտելու` քաջ գիտակցելով մեր առաքելության իմաստը, շունչն ու կարևորությունը»:

Գորդոն Բ. Հինքլիի կյանքից

Երբ Գորդոն Բ. Հինքլին տուն վերադարձավ Անգլիայում իր միսիան ավարտելուց հետո, նա կատարեց իր միսիայի նախագահ Ջոզեֆ Ֆ. Մերիլի վերջին հանձնարարությունը: Նախագահ Մերիլը նաև Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ էր և խնդրել էր Գորդոնին զեկուցում պատրաստել Առաջին Նախագահության համար` Նախագահ Հեբեր Ջ. Գրանտի, Ջ. Ռուբեն Քլարկի և Դեյվիդ Օ. Մակքեյի: Գորդոնը զանգեց Առաջին Նախագահության քարտուղարին և հանդիպում խնդրեց:

Երբ Գորդոնը մտավ Առաջին Նախագահության խորհրդակցության սենյակ, Նախագահ Գրանտը և նրա խորհրդականները ջերմորեն ողջունեցին նրան: Հետո Նախագահ Գրանտն ասաց. «Եղբայր Հինքլի, մենք ձեզ կհատկացնենք տասնհինգ րոպե, որպեսզի պատմեք մեզ, թե Երեց Մերիլն ինչ է ուզում, որ մենք լսենք»: Մեկ ժամ տասնհինգ րոպե անց Գորդոնը հեռացավ սենյակից: Իրեն հատկացված տասնհինգ րոպեում նա ներկայացրեց իր միսիայի նախագահի մտահոգությունն այն մասին, որ միսիոներները կարիք ունեին տպագիր նյութերի, որոնք կօգնեին նրանց իրենց աշխատանքում: Նրա կարճ ելույթից հետո Առաջին Նախագահությունը նրան հարցեր ուղղեց, որին հետևեց մեկ ժամ տևողությամբ քննարկում:

Այս հանձնարարությունն ավարտելուց հետո Գորդոնը զգաց, որ «իր միսիան արդեն ավարտվել է և ժամանակն է առաջ շարժվելու և ապագայի համար ծրագրեր կազմելու»: Նա արդեն ավարտել էր Յուտայի համալսարանը անգլերեն լեզվի մասնագետի դիպլոմով և ցանկանում էր ավարտել ուսումը Նյու Յորք Սիթիի Կոլումբիայի համալսարանում` լրագրողի մասնագիտությամբ: Բայց Առաջին Նախահագության հետ հանդիպումից երկու օր անց մի հեռախոսազանգ փոխեց նրա ծրագրերը: Զանգահարողը Նախագահ Մակքեյն էր, ով ասաց. «Եղբայր Հինքլի, երեկ Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի հանդիպման ժամանակ մենք քննարկեցինք այն ամենը, ինչի մասին խոսել էինք ձեր հետ հարցազրույցի ընթացքում: Եվ մենք ստեղծել ենք մի կոմիտե, որի կազմի մեջ մտնում են վեց անդամ Տասներկու Առաքյալների Քվորումից և Երեց Սթիվեն Լ. Ռիչարդսը` որպես նախագահ, որպեսզի հոգ տանի ձեր ներկայացրած խնդիրների մասին: Մենք կցանկանայինք հրավիրել ձեզ` աշխատել այդ կոմիտեի հետ»:1

Գորդոնն ընդունեց հրավերը և ընդունվեց աշխատանքի որպես գործադիր քարտուղար նորաստեղծ Եկեղեցու ռադիոյի, հրապարակայնության և միսիայի գրականության հանձնաժողովում: Նա չգնաց սովորելու Կոլումբիայի համալսարանում և երբեք չաշխատեց որպես լրագրող` հրատարակելու աշխարհի նորությունները: Փոխարենը, նա մինչև կյանքի վերջը ջանքեր գործադրեց` հրատարակելու ավետարանի բարի լուրերը: Ավելի ուշ, երբ նա ծառայում էր որպես Բարձրագույն Իշխանավոր, այս պարտականություններն ընդլայնվեցին:

Գորդոն Բ. Հինքլին հաճախ էր լրագրողներին հարցազրույց տալու հանձնարարություն ստանում այն բանից հետո, երբ զարգացրեց պարզ ինքնարտահայտման կարողությունը նույնիսկ դժվարին իրավիճակներում: Որպես Եկեղեցու Նախագահ` նա շարունակում էր խրախուսել այդպիսի հնարավորությունները, օգնելով կատարել Հիսուս Քրիստոսի Եկեղեցին «խավարից դուրս բերելու» իր բաժինը» (ՎևՈւ 1.30): Նա հայտարարել է․

«Ես հավատում և վկայում եմ, որ այս Եկեղեցու առաքելությունն է կանգնել որպես դրոշ ազգերին և լույս աշխարհին: Մենք մեզ վրա ենք վերցրել մի մեծ, բոլորին միավորող հանձնագիր, որից չենք կարող ոչ խույս տալ, ոչ էլ մի կողմ շրջվել: Մենք ընդունում ենք այդ հանձնագիրը և վճռական ենք այն իրականացնելու գործում, և Աստծո օգնությամբ մենք կանենք այդ»:2

Սոլթ Լեյք տաճարը

«Այս Եկեղեցու առաքելությունն է` կանգնել` որպես դրոշ ազգերին և լույս աշխարհին»:

Գորդոն Բ. Հինքլիի ուսմունքները

1

Ինչպես քարը Դանիելի տեսիլքում, Եկեղեցին առաջ է գլորվում, որպեսզի լցնի ողջ աշխարհը։

Եկեղեցին սկսվեց մի խոնարհ տղայի` Ջոզեֆ Սմիթի աղոթքով իր հոր ագարակի բացատում: Նրա նշանավոր փորձառությունից, որը մենք կոչում ենք Առաջին Տեսիլք, առաջ եկավ այս աշխատանքը: … Սա հենց Դանիելի տեսիլքի քարի մարմնավորումն է, որն առանց ձեռքերի օգնության կտրվեց սարից և գլորվեց, որպեսզի լցնի ողջ երկիրը (տես Դանիելի 2.44–45):3

Երբ Եկեղեցին կազմավորվեց 1830 թվականին, կային ընդամենը վեց անդամներ [և] միայն մի բուռ հավատացյալներ, ովքեր ապրում էին մի անհայտ գյուղում: … Սիոնի ցցերն այսօր ծաղկում են Միացյալ Նահանգների, Կանադայի, Մեքսիկայի բոլոր նահանգներում, Կենտրոնական Ամերիկայի բոլոր ազգերի մեջ և ամբողջ Հարավային Ամերիկայի տարածքում:

Համայնքներ կան Բրիտանական կղզիներում և Եվրոպայում, որտեղ հազարավոր մարդիկ են տարիների ընթացքում միացել Եկեղեցուն: Այս աշխատանքը հասել է Բալթյան ազգերին` տարածվելով ներքև` մինչև Բուլղարիա, Ալբանիա և աշխարհի այդ մասում գտնվող այլ տարածքներ: Այն հասնում է Ռուսաստանի հսկայական տարածքները: Այն հասնում է Մոնղոլիա և ապա Ասիայի ազգերին` մինչև Խաղաղ օվկիանոս, Ավստրալիա և Նոր Զելանդիա, Հնդկաստան և Ինդոնեզիա: Այն ծաղկում է Աֆրիկայի շատ պետությունների մեջ: …

Եվ սա միայն սկիզբն է: Այս աշխատանքը կշարունակի աճել ու ծաղկել և տեղափոխվել ամբողջ երկրագնդով մեկ:4

2

Եկեղեցու վաղ շրջանի ղեկավարները մարգարեական մոտեցում ունեին Տիրոջ աշխատանքի ճակատագրին:

1847 թվականի հուլիսի 24-ին մեր մարդկանց առաջին նորաբնակների խումբը եկավ [Սոլթ Լեյքի] հովիտ: Առաջնորդող խումբը տեղ էր հասել մեկ կամ երկու օր շուտ: Բրիգամ Յանգը ժամանեց շաբաթ օրը: Հաջորդ օրն առավոտյան և ցերեկը անցկացվեցին կիրակնօրյա ծառայություններ: Չկար որևէ դահլիճ, որտեղ նրանք կարող էին հանդիպել: Ենթադրում եմ, որ այդ հուլիսյան կիրակի օրվա այրող տապին նրանք նստել էին իրենց սայլերի լեզվակների վրա կամ հենվել անիվներին, մինչ Եղբայրները ելույթ էին ունենում: Արդեն սեզոնի վերջն էր, և նրանք բախվեցին մի մեծ ու անհետաձգելի խնդրի հետ` թե արդյոք հաջորդ տարի իրենք ցանքս պիտի անեին: Բայց Նախագահ Յանգը խնդրեց նրանց չխախտել Հանգստության օրվա օրենքն այդ ժամանակ և ապագայում:

Հաջորդ առավոտ նրանք խմբերի բաժանվեցին, որպեսզի ուսումնասիրեին իրենց շրջապատը: Բրիգամ Յանգը, Վիլֆորդ Վուդրուֆը և նրանց մի քանի կողմնակիցները ճամփա ընկան իրենց ճամբարի տարածքից: … Նրանք մագլցեցին մի գմբեթաձև լեռնագագաթ, բայց Նախագահ Յանգը դժվարությամբ բարձրացավ վերջերս տարած իր հիվանդության պատճառով:

Երբ Եղբայրները կանգնած էին գագաթին, նրանք նայեցին իրենցից հարավ գտնվող հովտին: Հողը անբերրի էր, բացառությամբ ուռիների ու եղեգների, որոնք աճում էին լեռներից դեպի լիճը հոսող առվակների երկայնքով: Չկային շինություններ, բայց Բրիգամ Յանգը նախորդ կիրակի ասել էր. «Սա է այդ տեղը»:

Գագաթը, որտեղ նրանք կանգնած էին, կոչվեց Դրոշի գագաթ, որը վերցված է Եսայիայի հետևյալ մարգարեական խոսքերից. «Եվ նա [խոսվում է Աստծո մասին] դրոշակ է բարձրացնելու հեռու ազգերի համար, և սուլելու է նորանց երկրի ծայրիցը. և ահա, նորանք շուտով հեշտությամբ գալիս են»: (Եսայ. 5.26:)

«Եվ նա դրոշակ կբարձրացնէ ազգերի համար, և կժողովէ Իսրայէլի տարագրեալներին, և Յուդայի ցրուեալներին կհաւաքե երկրի չորս անկիւններիցը»: (Եսայ. 11.12:) …

Ես կարծում եմ [այդ Եղբայրները] այդ առիթով խոսել են նաև տաճարի շենքի մասին … ի կատարումն Եսայիայի խոսքերի․

«Եվ կլինի օրերի վերջին, որ հաստատ կլինի Տիրոջ տան սարը` սարերի գլխին, և վեր կխոյանայ բլուրներիցը. և յորդելով նորա մոտ կգան բոլոր ազգերը:

Եվ շատ ժողովուրդներ կգնան ու կասեն. Եկէ՛ք, եկեք վեր գնանք դեպի Տիրոջ սարը՝ Յակոբի Աստուծոյ տունը. և նա կսովորեցնէ մեզ իր ճանապարհներիցը, և մենք կգնանք նորա շաւիղներումը. քանզի Սիոնիցը դուրս է գալու օրէնքը, և Տիրոջ խոսքը՝ Երուսաղէմիցը»: (Եսայ. 2.2–3:)

Եթե ինչ-որ մեկը լսեր այս մարդկանց 1847 թվականի այդ հուլիսյան առավոտ, հավանաբար կասեր. «Ինչպիսի հիմարություն»: Նրանք նման չէին մեծ երազանքներ ունեցող պետական այրերի: Նրանք նման չէին ղեկավարների, ովքեր խորհում էին քարտեզների վրա խոնարհված` ծրագրելով ստեղծել կայսրություն: Նրանք աքսորյալներ էին, ովքեր Միսիսիպի գետի մոտ գտնվող իրենց գեղեցիկ քաղաքից քշվել էին դեպի Արևմուտքի այս անապատային տարածքը: Բայց նրանք գտնվում էին տեսիլքի իշխանության տակ, որը վերցված էր սուրբ գրություններից և հայտնության խոսքերից:

Ես հիանում եմ այդ փոքրիկ խմբի կանխատեսությամբ: Այն թե՜ համարձակ էր, թե՜ խիզախ: Այն համարյա անհավատալի էր: Նրանք այստեղ էին, համարյա հազար մղոն [1600 կիլոմետր] մոտակա բնակավայրից հեռու` դեպի արևելք և համարյա ութ հարյուր մղոն [1300 կիլոմետր] հեռու Խաղաղ օվկիանոսի ափից: Նրանք անծանոթ էին կլիմային: Հողը տարբերվում էր Իլինոյսի և Այովայի սև պարարտ կավահողից, որտեղ նրանք ապրում էին մինչ այդ: Նրանք երբևէ բերք չէին ստացել այստեղ: Նրանք չգիտեին ինչպիսին է ձմեռն այստեղ: Նրանք որևէ շինություն չէին կառուցել: Այս մարգարեները, ովքեր կրում էին հին, ճամփորդությունից մաշված հագուստներ ու կոշիկներ, որոնք մաշվել էին Նավուից մինչև այս հովիտը քայլելիս, խոսում էին հազարամյակի տեսիլքի մասին: Մարգարեական տեսանկյունից նրանք խոսում էին այս առիթի սքանչելի ճակատագրի մասին: Նրանք իջան լեռնագագաթից այդ օրը և գնացին աշխատելու, որպեսզի իրականություն դարձնեն իրենց երազանքը:5

leaders on Ensign Peak

Սոլթ Լեյքի հովիտ հասնելուց երկու օր անց Բրիգամ Յանգը և մի քանի այլ եղբայրներ մագլցեցին գմբեթանման գագաթը, որը կոչվեց Դրոշի Գագաթ և զննեցին իրենց շրջապատը:

3

Մենք երբեք տեսադաշտից չպիտի կորցնենք Աստծո աշխատանքի աստվածային ճակատագիրը և այն դերը, որը մենք կատարում ենք այդ աշխատանքում:

Երբեմն, երբ քայլում ենք մեր կյանքի նեղ արահետներով և կատարում մեր փոքրիկ պարտականությունները, մենք տեսադաշտից կորցնում ենք այդ հոյակապ պատկերը: Երբ ես փոքրիկ տղա էի, բեռնատար ձիերը շատ տարածված էին: Սանձը լծասարքի կարևոր մասն է: Սանձի վրա կային աչքակալներ` յուրաքանչյուր կողմում մեկ հատ: Դրանք այդպես էին տեղադրված, որպեսզի ձին միայն ուղիղ առաջ նայեր և ոչ երկու կողմերը: Դրանք նախատեսված էին, որպեսզի թույլ չտային, որ նա վախենար կամ շեղվեր և կենտրոնացներ ուշադրությունը իր ոտքերի ճանապարհին:

Մեզանից ոմանք կատարում են աշխատանքն այնպես, կարծես աչքակալներ կան մեր աչքերին: Մենք տեսնում ենք միայն մեր փոքրիկ, նեղ ուղին: Ավելի լայն հայացք ձգելիս մենք ոչինչ չենք տեսնում: Հնարավոր է, մեր պարտականությունը շատ փոքր է Եկեղեցում: Լավ է, երբ ջանասիրաբար ենք կատարում այդ պարտականությունը: Եվ նաև լավ է իմանալ, թե այդ պարտականությունը ինչպիսի ներդրում է կատարում Աստծո աճող արքայության մեծ ընդհանուր ծրագրում:

Մի անգամ Նախագահ Հարոլդ Բ. Լին, մեջբերելով մի անհայտ գրողի ասել է. «Զննեք մեծ դաշտերը և մշակեք փոքրերը»:

Այս ձևակերպման իմ մեկնաբանությունն այն է, որ մենք պիտի ինչ-որ բան իմանանք Տիրոջ մեծ ու հրաշալի, ընդարձակ և միավորող ծրագրի լայնության, խորության, բարձրության մասին և ապա աշխատենք ջանասիրաբար, որպեսզի կատարենք պարտականության մեր բաժինն այդ ծրագրում:

Մեզանից յուրաքանչյուրը մի փոքր դաշտ ունի մշակելու: Այս գործն անելիս մենք երբեք չպիտի տեսադաշտից կորցնենք ավելի մեծ պատկերը` այս աշխատանքի աստվածային ճակատագրի մեծ համակցությունը: Այն մեզ է տրվել Աստծո` մեր Հավերժական Հոր կողմից, և մեզանից յուրաքանչյուրը դեր ունի կատարելու դրա հոյակապ գոբելենի գործվածքի մեջ: Մեր անհատական ներդրումը կարող է փոքր լինել, բայց դա կարևոր չէ: …

… Մինչ դուք կատարում եք այն դերը, որի համար կանչված եք, երբեք տեսադաշտից մի կորցրեք այս նպատակի վսեմ ու հրաշալի ամբողջական պատկերը` ժամանակների լրության տնտեսությունը: Գեղեցիկ հյուսեք ձեր փոքրիկ թելը մեծ գոբելենի նմուշի վրա, որը Երկնային Հոր կողմից նախագծված է մեզ համար: Բարձր պահեք չափանիշը, որի ներքո մենք քայլում ենք: Եղեք ջանասեր, հավատարիմ, առաքինի, որպեսզի որևէ թերություն չլինի այդ դրոշի վրա:

Այս արքայության տեսիլքը գիշերվա թվացյալ երազ չէ, որն աղոտանում է արևածագի հետ: Այն Աստծո` մեր Հավերժական Հոր ճշմարիտ ծրագիրն ու աշխատանքն է: Այն վերաբերում է Նրա բոլոր զավակներին:

Մինչ նրանք օշինդրից մաքրում էին [Յուտայի] այս արևմտյան հովիտները, որպեսզի դնեին համատիրության հիմքը, մինչ նրանք կատարում էին այս բոլոր սովորական գործերը, որոնք նրանցից պահանջվում էր կատարել, որպեսզի ողջ մնային և աճեին, մեր [ռահվիրա] նախնիները միշտ առջևում պահում էին մեծ գործի վեհությունը, որում նրանք ընդգրկված էին: Սա այն աշխատանքն է, որը մենք պիտի կատարենք այն նույն տեսիլքի հետ, որը նրանք պահպանում էին: Սա այն աշխատանքն է, որը կշարունակվի, երբ մենք հեռանանք այս աշխարհից: Աստված օգնում է մեզ մեր լավագույն ջանքերը գործադրել որպես ծառաներ, ովքեր կանչված են Նրա աստվածային կամքի ներքո` առաջ տանելու և կառուցելու թագավորությունը անկատար ձեռքերով և միասնաբար կյանքի կոչենք մի կատարյալ օրինակ:6

4

Մենք կարող ենք դրոշ դառնալ ազգերին, որից երկրագնդի մարդիկ կարող են ուժ հավաքել:

Իմ եղբայրներ և քույրեր, մեզ համար եկել է ժամանակը` մի քիչ ավելի բարձր կանգնելու, բարձրացնելու մեր աչքերը և տարածելու մեր մտքերը, որպեսզի լավագույնս հասկանանք և ըմբռնենք այս մեծ հազարամյակում Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու առաքելությունը: Սա այն ժամանակն է, երբ պիտի ուժեղ լինենք: Ժամանակն է առանց երկմտելու առաջ շարժվել` լավ հասկանալով մեր առաքելության իմաստը, ընդարձակությունն ու կարևորությունը: Սա այն ժամանակն է, երբ մենք պիտի անենք այն, ինչը ճիշտ է, անկախ դրանից հետո եկող հետևանքներից: Սա համարվում է այն ժամանակը, երբ պիտի պահենք պատվիրանները: Սա այն ժամանակն է, երբ բարությամբ ու սիրով պիտի հասնենք նրանց, ովքեր վշտի մեջ են և նրանց, ովքեր թափառում են խավարի ու ցավի մեջ: Սա այն ժամանակն է, երբ միմյանց հանդեպ մեր բոլոր հարաբերություններում պիտի լինենք նրբազգաց ու բարի, վայելուչ ու քաղաքավարի: Այլ բառերով` դառնալ ավելի Քրիստոսանման:7

Եթե աշխարհը չփոխի իր ներկայիս ընթացքը (իսկ դա հավանական չէ), և եթե մյուս կողմից մենք շարունակենք հետևել մարգարեների ուսմունքներին, ապա կշարունակենք դառնալ յուրօրինակ և առանձնահատուկ ժողովուրդ, ում աշխարհը ուշադրություն կդարձնի: Օրինակ, երբ ընտանիքի ամբողջականությունը փուլ է գալիս աշխարհիկ ճնշման տակ, մեր վերաբերմունքը ընտանիքի սուրբ լինելու վերաբերյալ համեմատության մեջ կդառնա ավելի ակնհայտ և նույնիսկ ավելի յուրահատուկ, եթե մենք ունենք այդ վերաբերմունքը պահպանելու հավատը:

Քանի որ սեռի վերաբերյալ աճող թույլատրելի վերաբերմունքը շարունակում է տարածվել, Եկեղեցու վարդապետությունը, ինչպես հետևողականորեն ուսուցանվում է ավելի քան մեկ ու կես դար, շատերի համար կդառնա ավելի անսովոր և նույնիսկ տարօրինակ:

Քանի որ ալկոհոլի օգտագործումն ու թմրանյութի չարաշահումը տարեցտարի աճում են մեր հասարակության ավանդույթների շրջանակում, մեր վերաբերմունքը, որը ձևակերպվել է Աստծո կողմից մեկ ու կես դար առաջ, աշխարհի համար կդառնա ավելի անսովոր: …

Քանի որ Հանգստության օրը աճող տեմպերով դառնում է գնումներ կատարելու և ժամանցի օր, ապա նրանք, ովքեր հնազանդվում են այն օրենքին, որը Սինայ լեռան վրա գրվել է Տիրոջ ձեռքով և հիմնավորվել ժամանակակից հայտնությամբ, կթվան ավելի անսովոր:

Միշտ չէ, որ հեշտ է ապրել աշխարհում, չլինելով դրա մի մասը: Մենք չենք կարող ապրել մեկուսի կյանքով և չենք էլ ցանկանա այդպես անել: Մենք պիտի շփվենք ուրիշների հետ: Եվ այդպես վարվելով, մենք կարող ենք գթասիրտ լինել: Մենք կարող ենք մնալ անվնաս: Մենք կարող ենք խուսափել երեսպաշտության ոգուց և դիրքորոշումից: Սակայն մենք կարող ենք պահպանել մեր չափանիշները: …

Եթե մենք պահպանենք սրանք և եկեղեցու այլ չափանիշները, շատերն աշխարհում կհարգեն մեզ և ուժ կգտնեն հետևելու այն կանոններին, որոնք նրանք ևս ճիշտ են համարում:

Եվ ինչպես Եսայիան է ասում. «Եվ շատ ժողովուրդներ կգնան ու կասեն. Եկէ՛ք, վեր գնանք դեպի Եհովայի սարը՝ Յակոբի Աստուծոյ տունը. և նա կսովորեցնի մեզ իր ճանապարհներիցը, և մենք կգնանք նրա շաւիղներումը. որովհետև Սիոնիցը դուրս է գալու օրենքը, և Տիրոջ խոսքը՝ Երուսաղէմիցը»: (Եսայ. 2․3:)

Հարկ չկա փոխզիջման գնալ: Մենք չպիտի գնանք փոխզիջման: Այն լույսը, որը Տերն է վառել այս տնտեսությունում, կարող է դառնալ աշխարհի լույսը և ուրիշները, տեսնելով մեր լավ աշխատանքը, կարող են առաջնորդվել փառաբանելու Մեր Երկնային Հորը և իրենց սեփական կյանքում մրցել այն օրինակների հետ, որոնք նրանք տեսել են մեր կյանքում:

Սկսելով ինձանից և ձեզանից, կարող են լինել ամբողջ ժողովուրդներ, որոնք, մեր կյանքի, մեր կոչումների, նույնիսկ մեր զվարճանալու եղանակի շնորհիվ, կարող են դառնալ մի քաղաք լեռան վրա, որին մարդիկ կարող են նայել ու սովորել, մի դրոշ բոլոր ազգերի համար, որից երկրագնդի ժողովուրդները կարող են ուժ ստանալ:8

Եթե մենք պիտի բարձր պահենք այս Եկեղեցին` որպես դրոշ ազգերին և լույս` աշխարհին, մենք մեզ վրա ավելի շատ պիտի վերցնենք Քրիստոսի կյանքի լույսն անհատապես և մեր սեփական պայմաններով: Արդարությունը պաշտպանելու համար մենք չպիտի վախենանք հանգամանքներից: Մենք երբեք չպիտի վախենանք: Պողոսն ասաց Տիմոթեոսին.

«Որովհետև Աստուած չտուավ մեզ երկչոտության հոգի, այլ զորության և սերի և զգաստության:

Ուրեմն ամոթ մի համարիր մեր Տիրոջ վկայությունը» (4 Տիմոթեոս 1.7–8):9

Քրիստոսի այս գործը չպիտի ընդունեք, որ այդպես էլ պիտի լինի: Դուք չեք կարող պարզապես մի կողմ կանգնել և դիտել բարի ու չար ուժերի միջև ընթացող պայքարի ներկայացումը: …

… Ես շտապեցնում եմ ձեզ իմ ողջ կարողությամբ, որ ունեմ, որ կատարեք այն պարտականությունը, որը չի մտնում մեր առօրյա պարտականությունների մեջ, այսինքն` կանգնել ամուր, նույնիսկ դառնալ առաջնորդ` խոսելու այն գործերի անունից, որոնք լույս են տալիս մեր քաղաքակրթությանը, և որը մխիթարություն ու խաղաղություն է տալիս մեր կյանքին: Դուք կարող եք առաջնորդ լինել: Որպես այս Եկեղեցու անդամ, դուք պիտի ղեկավար լինեք այն գործերում, որոնց համար կանգնած է այս Եկեղեցին: Թույլ մի տվեք, որ վախը հաղթահարի ձեր ջանքերը:10

Մենք վախենալու ոչինչ չունենք։ Աստված ղեկի մոտ է: Նա ի բարին կուղղորդի այս աշխատանքը: Նա կհեղի Իր օրհնությունները նրանց վրա, ովքեր հնազանդ են Իր պատվիրաններին: Այսպիսին է Նրա խոստումը: Խոստումը պահելու Նրա կարողության վերաբերյալ մեզանից ոչ ոք չի կարող երկմտել:

… Մեր Փրկիչը, ով մեր Քավիչն է, Մեծ Եհովան և հզոր Մեսիան խոստացել է. «Ես կգնամ ձեր առջևից: Ես կլինեմ ձեր աջ կողմում և ձեր ձախ կողմում, և իմ Հոգին կլինի ձեր սրտերում, և իմ հրեշտակները՝ ձեր շուրջը, որ բարձրացնեն ձեզ» (ՎևՈւ 84.88):

«Ուստի, մի վախեցիր, փոքրի՛կ հոտ. բարիք գործիր. թող երկիրն ու դժոխքը միանան քո դեմ, քանզի, եթե դու կառուցված ես իմ վեմի վրա, նրանք չեն կարող գերիշխել: …

Նայեք ինձ ձեր բոլոր մտորումներում. մի կասկածեք, մի վախեցեք:

Տեսեք խոցվածքը, որ ծակեց իմ կողը, և նաև բևեռների նշանները՝ իմ ձեռքերի ու ոտքերի վրա. եղեք հավատարիմ, պահեք իմ պատվիրանները և դուք կժառանգեք երկնքի արքայությունը» (ՎևՈւ 6.34, 36–37):

Ձեռք ձեռքի տված, միասնաբար աշխատելով, մենք առաջ կգնանք` որպես կենդանի Աստծո ծառաներ, կատարելով աշխատանքը Նրա Սիրելի Որդու` մեր Ուսուցչի, ում մենք ծառայում ենք, և ում անունը մենք ջանում ենք փառաբանել:11

Մենք պիտի ամուր կանգնենք։ Մենք պիտի զսպենք աշխարհին: Եթե մենք այդպես վարվենք, Ամենազորը կլինի մեր ուժն ու պաշտպանը, մեր առաջնորդը և մեր հայտնողը: Մենք հանգիստ կլինենք, իմանալով, որ անում ենք այն, ինչ Նա է ցանկանում, որ մենք անենք: Հնարավոր է, մյուսները չհամաձայնեն մեզ հետ, բայց վստահ եմ, որ նրանք կհարգեն մեզ: Մենք մենակ չենք լինի: Շատերը կան, ովքեր մեր հավատից չեն, բայց զգում են նույնը, ինչ մենք ենք զգում: Նրանք կաջակցեն մեզ: Նրանք կաջակցեն մեզ մեր ջանքերում:12

Եկեք փառաբանենք Աստծո աշխատանքի այս հրաշալի ժամանակը: Եկեք չլինենք հպարտ կամ ամբարտավան։ Եկեք խոնարհաբար երախտապարտ լինենք: Եվ թող մեզանից յուրաքանչյուրն իր մեջ վճիռ կայացնի, որ մենք պիտի ավելացնենք Ամենազորի այս հիանալի աշխատանքի փառքը, որ այն փայլի ողջ երկրագնդով` որպես զորության ու բարության փարոս և տեսանելի լինի ողջ աշխարհին:13

մանրամասնություն, Քրիստոսը և հարուստ երիտասարդ իշխանավորը

«Եթե մենք պիտի բարձր պահենք այս Եկեղեցին` որպես դրոշ ազգերին և լույս` աշխարհին, մենք մեզ վրա ավելի շատ պիտի վերցնենք Քրիստոսի կյանքի լույսից»:

Առաջարկներ ուսումնասիրության և ուսուցման համար

Հարցեր

  • Երբ կարդաք 1-ին բաժինը, ինչպիսի՞ն կլինեն ձեր զգացումները, երբ մտածեք Եկեղեցու աճի վերաբերյալ 1830 թվականից մինչև հիմա:

  • Վերանայեք Նախագահ Հինքլիի պատմությունը առաջին ռահվիրաների մասին, ովքեր հասան Սոլթ Լեյքի հովիտ (տես բաժին 2): Ի՞նչ կարող ենք սովորել այս պատմությունից: Ի՞նչ օգուտ քաղեցիք Եկեղեցու վաղ շրջանի ղեկավարների մարգարեական տեսիլքներից: Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «դրոշ ազգերի համար»: (Տես Եսայիայի 5.26, 11.12:)

  • Բաժին 3-ում Նախագահ Հինքլին խրախուսում է մեզ տեսնել Աստծո աշխատանքի «մեծ պատկերը» և «ավելի ընդարձակ տեսլականը»: Ինչո՞ւ մենք պիտի տեսնենք մեծ պատկերը: Մենք ինչո՞ւ ենք երբեմն տեսադաշտից կորցնում այն: Մեր փոքր ջանքերն ինչպե՞ս կարող են աջակցել Աստծո արքայության աճին:

  • Վերանայեք, թե ըստ Նախագահ Հինքլիի, Վերջին Օրերի Սրբերն ինչպես են դառնում ավելի «յուրահատուկ և ինքնատիպ ժողովուրդ» (բաժին 4). Մենք ինչպե՞ս կարող ենք զարգացնել ավելի մեծ կանխատեսություն և քաջություն Աստծո աշխատանքն առաջ տանելու գործում: Մենք ինչպե՞ս կարող ենք ապրել աշխարհում, չլինելով աշխարհից: Ինչպե՞ս կարող ենք «ավելի շատ մեզ վրա վերցնել Քրիստոսի կյանքի լույսը»։ Ինչո՞ւ է կարևոր մեզ համար պաշտպանել այն, ինչը ճիշտ է:

Առնչվող սուրբ գրություններ

Մատթեոս 5.14–16, 1 Նեփի 14.14, ՎևՈւ 1.1–6, 65.1–6, 88.81, 115.5–6

Օգնություն ուսուցչին

«Հավաստիացեք, որ չեք կարծում, թե դուք «ճշմարիտ ուսուցիչ» եք: Սա լուրջ սխալ է: … Զգույշ եղեք, որ այդ ճանապարհով չգնաք: Ուսուցչի հիմնական դերն այն է, որ նա նախապատրաստի ուղին այնպես, որ մարդիկ ունենան հոգևոր փորձառություն Տիրոջ հետ» (Ջին Ռ. Քուք, մեջբերում «Ուսուցում. չկա ավելի մեծ կոչում» [1999], 41):

Հղումներ

  1. See Sheri L. Dew, Go Forward with Faith: The Biography of Gordon B. Hinckley (1996), 83–85.

  2. Գորդոն Բ. Հինքլի, «Դրոշ ազգերին, լույս աշխարհին» Ensign կամ Լիահոնա, նոյ. 2003, 82-83:

  3. «Թող առաքինությունը զարդարի քո մտքերն անդադար», Ensign կամ Լիահոնա, մայիս 2007, 115։

  4. «Սարից մի քար կտրվեց» Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր. 2007, 84:

  5. “To the Women of the Church,” Ensign, Nov. 1989, 51-52.

  6. “An Ensign to the Nations,” 52–54.

  7. “This Is the Work of the Master,” Ensign, May 1995, 71.

  8. “A City upon a Hill,” Ensign, July 1990, 4–5.

  9. “An Ensign to the Nations, a Light to the World,” 84.

  10. Teachings of Gordon B. Hinckley (1997), 138.

  11. “This Is the Work of the Master,” 71.

  12. “An Ensign to the Nations, a Light to the World,” 83.

  13. «Եկեղեցու վիճակը», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2004, 6: