Նախագահների ուսմունքները
Գլուխ 22. Սիրով հասնել նորադարձներին և պակաս ակտիվ անդամներին


Գլուխ 22

Սիրով հասնել նորադարձներին և պակաս ակտիվ անդամներին

«Մենք պիտի մշտապես տեղյակ լինենք ընկերակցության հսկայական պարտականության մասին … նրանց հանդեպ, ովքեր գալիս են Եկեղեցի որպես նորադարձներ, և սիրով հասնենք նրանց, … ովքեր թաքնվում են անտարբերության ստվերում»:

Գորդոն Բ. Հինքլիի կյանքից

Մի թեմա, որը Նախագահ Հինքլին շեշտադրել է որպես Եկեղեցու Նախագահ իր ծառայության ընթացքում, Եկեղեցու ոչ ակտիվներին ու նորադարձներին հասնելու կարևորությունն է: Նա կիսվել է այս հարցին վերաբերող իր անձնական ջանքերի շատ օրինակներով, որոնցից մեկը առանձնակի սրությամբ նկարագրել է որպես` «մեկը իմ ձախողումներից»: Նա մեկնաբանել է.

«Երբ որպես միսիոներ ես ծառայում էի Բրիտանական կղզիներում, ես և իմ զուգընկերը ուսուցանում էինք, և ինձ համար հաճույք էր մկրտել մի երիտասարդի: Նա լավ կրթված էր: Նա մաքուր էր: Նա ջանասեր էր: Ես այնքան հպարտ էի այս շնորհալի երիտասարդով, ով եկել էր Եկեղեցի: Ես զգացի, որ նա ունի բոլոր որակավորումները, որպեսզի մեր մարդկանց մեջ ղեկավար դառնա:

Նա մեծ քայլերով առաջ էր գնում` նորադարձից դառնալով անդամ: Նախքան իմ միսիայի ավարտը, ես մի կարճ ժամանակով հնարավորություն ունեցա նրա ընկերը լինել: Հետո ես տուն վերադարձա: Նրան մի փոքր պարտականություն տվեցին Լոնդոնի իր ճյուղում: Նա չգիտեր, թե ինչ է ակնկալվում իրենից: Եվ մի սխալ գործեց: Կազմակերպության ղեկավարը, որտեղ նա ծառայում էր, մի մարդ էր, ով քիչ սեր էր ցուցաբերում և շատ քննադատում: Բավական անգութ եղանակով նա հետապնդում էր իմ ընկերոջը, ով մի պարզ սխալ էր թույլ տվել:

Երիտասարդն այդ երեկո մեր վարձած սրահից հեռացավ կսկիծով ու վիրավորված: … Նա ասաց ինքն իրեն. «Եթե մարդիկ այսպիսին են այստեղ, ապա ես ետ չեմ վերադառնա»:

Եվ նա դարձավ ոչ ակտիվ: Տարիներ անցան: … Երբ ես կրկին Անգլիայում էի, հուսահատ փորձեցի գտնել նրան: … Ես տուն եկա ու երկար որոնումներից հետո ի վերջո կարողացա գտնել նրա հետքը:

Ես գրեցի նրան: Նա պատասխանեց, բայց ոչ մի բառ չգրեց ավետարանի մասին:

Երբ հաջորդ անգամ կրկին Լոնդոնում էի, նորից փնտրեցի նրան: Ես գտա նրան իմ մեկնելու օրը։ Զանգահարեցի նրան ու մենք հանդիպեցինք մետրոյի կայարանում: Մենք գրկախառնվեցինք։ Ես քիչ ժամանակ ունեի մինչև իմ թռիչքը, բայց մենք համառոտ զրույց ունեցանք, մեծ հարգանք ցուցաբերելով միմյանց հանդեպ: Նա ինձ մի անգամ ևս գրկեց, նախքան իմ հեռանալը: Ես վճռեցի, որ երբեք այլևս չեմ կորցնելու նրա հետքը: …

Տարիներն անցան: Ես ծերացա, նա նույնպես: Նա պաշտոնաթող եղավ և տեղափոխվեց Շվեյցարիա: Մի առիթով, երբ Շվեյցարիայում էի, ես իմ ճանապարհը շեղեցի, որպեսզի գտնեմ այն գյուղը, որտեղ նա էր ապրում: Մենք միասին անցկացրինք օրվա ամենալավ կեսը` ես, իմ կինը և նա իր կնոջ հետ: Մենք հրաշալի ժամանակ անցկացրինք, բայց ակնհայտ էր, որ հավատի կրակը վաղուց մարել էր: Ես փորձեցի իմ իմացած բոլոր ճանապարհները, բայց չկարողացա ազդակ գտնել խթանելու այն: Ես շարունակեցի իմ նամակագրությունը: Ես նրան ուղարկում էի գրքեր, ամսագրեր, Թաբերնաքլի երգչախմբի ձայնագրություններ և այլ բաներ, որոնց համար նա իր երախտագիտությունն էր արտահայտում:

Մի քանի ամիս առաջ նա մահացավ: Նրա կինը գրեց ինձ, որ տեղեկացնի այդ մասին: Նա ասաց. «Դուք ամենալավ ընկերն էիք, որ նա երբևէ ունեցել էր»:

Արցունքներն իջնում էին իմ այտերով, երբ կարդում էի այդ նամակը: Ես գիտեի, որ նա ձախողվել էր: Հավանաբար, եթե ես այնտեղ լինեի` բարձրացնելու նրան, երբ նրան առաջին անգամ գետնով էին տվել, նրա կյանքը երևի այլ կերպ կդասավորվեր: Կարծում եմ, ես կարող էի օգնել նրան այն ժամանակ: Կարծում եմ, ես կարող էի կապել այն վերքը, որից նա տառապում էր: Ես միայն մի սփոփանք ունեմ: Ես փորձում էի: Ես միայն մի վիշտ ունեմ: Ինձ չհաջողվեց։

Մարտահրավերն այժմ ավելի մեծ է, քան երբևէ, քանի որ նորադարձների թիվն ավելի մեծ է, քան մենք երբևէ ունեցել ենք նախկինում: … Յուրաքանչյուր նորադարձ թանկ է մեզ համար: Յուրաքանչյուր նորադարձ Աստծո որդի կամ դուստր է: Յուրաքանչյուր նորադարձ մեծ ու լուրջ պարտականություն է»:1

Նախագահ Հինքլիի մտահոգությունը նորադարձների ու պակաս ակտիվ անդամների վերաբերյալ արդյունք էր այն բանի, որ նա իր փորձով տեսել էր, թե ավետարանն ինչպես է օրհնում մարդկանց կյանքը: Մի անգամ մի լրագրող հարցրեց նրան. «Ի՞նչն է ձեզ մեծագույն բավականություն պատճառում, երբ տեսնում եք Եկեղեցու աշխատանքն այսօր»: Նախագահ Հինքլին շարունակել է.

«Ես մեծագույն բավականություն եմ ստանում, տեսնելով, թե այս ավետարանն ինչ է անում մարդկանց համար: Դրա շնորհիվ նրանք նոր հայացքով են նայում կյանքին: Ավետարանը նրանց այնպիսի հեռանկար է տալիս, որը նրանք նախկինում երբեք չեն տեսել: Այն մեծացնում է նրանց տեսադաշտը` ազնիվն ու աստվածայինը տեսնելու համար: Ինչ-որ բան է պատահում նրանց հետ, որը նկատելի հրաշքներ է գործում: Նրանք նայում են Քրիստոսին և կենդանանում են»:2

Christ with lamb

«Տերը թողեց իննսուն և իննին, որպեսզի գտնի մոլորված ոչխարին»:

Գորդոն Բ. Հինքլիի ուսմունքները

1

Մենք մեծ պարտականություն ունենք` ծառայել մարդկանց:

Մենք պիտի հոգ տանենք մարդկանց մասին: Քրիստոսը միշտ խոսում էր անհատների մասին: Նա բուժում էր հիվանդներին անհատապես: Իր առակներում Նա խոսում էր անհատների մասին: Եկեղեցին մտահոգված է անհատներով, չնայած մեր թվերին: Անկախ այն բանից, թե նրանք 6, 10, 12 կամ 50 միլիոն են, մենք երբեք տեսադաշտից չպիտի կորցնենք այն փաստը, որ անհատը կարևոր է մեզ համար:3

Մենք դառնում ենք մեծ համաշխարհային միություն: Բայց մեր անդամները միշտ պիտի լինեն մեր հետաքրքրության և մտահոգության կենտրոնում: Այս Եկեղեցու յուրաքանչյուր անդամ` տղամարդ թե կին, տղա թե աղջիկ, անհատականություն են: Մեր մեծ պարտականությունն է տեսնել, որ յուրաքանչյուրը «հիշվի և սնուցվի Աստծո բարի խոսքով» (Մորոնի 6.4), որ Տիրոջ աշխատանքում և ճանապարհներում յուրաքանչյուրն ունենա աճի, արտահայտման և ուսուցման հնարավորություն, որ ոչ մեկը կենսական միջոցների պակաս չունենա, որ աղքատների կարիքների մասին հոգ տարվեն, որ յուրաքանչյուր անդամ խրախուսվի, ուսուցանվի և հնարավորություն ունենա առաջ շարժվելու անմահության ու հավերժական կյանքի ճանապարհով: …

Այս աշխատանքը վերաբերում է մարդկանց, Աստծո յուրաքանչյուր որդուն ու դստերը: Նկարագրելով այդ աշխատանքի ձեռբերումները, մենք խոսում ենք թվերի լեզվով, բայց մեր բոլոր ջանքերը պիտի նվիրված լինեն անհատի զարգացմանը:4

Ես ցանկանում եմ շեշտել, որ Եկեղեցում կա շատ դրական և հրաշալի ցանցային աճ: … Մենք քաջալերված զգալու բոլոր պատճառներն ունենք։ Բայց եթե որևէ նորադարձի հավատը սառչում է, ողբերգություն է մեզ համար: Ցանկացած անդամ, ով դառնում է ոչ ակտիվ, պիտի լուրջ մտահոգության առարկա դառնա: Տերը թողեց իննսուն և իննին, որ գտնի իր կորած ոչխարին: Նրա մտահոգությունն այդ [մեկի համար] այնքան լուրջ էր, որ Նա այն դարձրեց Իր մեծագույն դասերից մեկի թեման [տես Ղուկասի 15.1–7]: Մենք չենք կարող հիասթափեցնել: Եկեղեցու պաշտոնյաներին ու անդամությանը պիտի մշտապես տեղյակ պահենք ընկերակցության այն մեծ պարտականության մասին, որ նրանք ճշմարիտ, ջերմ ու հրաշալի եղանակով պիտի ընկերակցեն Եկեղեցու նորադարձներին և սիրով հասնեն նրանց, ովքեր այս կամ այն պատճառով թաքնվում են անտարբերության ստվերում: Մի պարզ վկայություն կա, որ դա հնարավոր է կատարել, եթե այն կատարելու ցանկություն կա:5

2

Յուրաքանչյուր նորադարձ թանկ է և մեծ ու լուրջ պարտականություն է:

Ես համարում եմ, որ ամենամեծ ողբերգությունը Եկեղեցում այն է, որ մենք կորցնում ենք նրանց, ովքեր միանում են Եկեղեցուն, ապա հեռանում նրանից: Շատ քիչ բացառություններով հանդերձ, դա չպիտի պատահի: Ես համոզված եմ, որ բոլոր նրանք, ովքեր մկրտվում են միսիսոներների կողմից, բավականաչափ ուսուցանվում են, որպեսզի բավարար գիտելիք ու վկայություն ստանան` որպես նրանց մկրտության երաշխավոր: Սակայն այս Եկեղեցուն միանալու գործընթացը պատահական անցում չէ: Դա նշանակում է խզել հին կապերը: Դա նշանակում է թողնել ընկերներին: Այն կարող է նշանակել նաև մի կողմ թողնել փայփայած համոզմունքները: Այն կարող է պահանջել սովորությունների փոփոխություն և ախորժակի զսպում: Շատ դեպքերում այն նշանակում է միայնակություն և վախ` անհայտի հանդեպ: Նորադարձի կյանքի այս դժվար ժամանակաշրջանում նա պիտի սնուցվի և ուժեղանա: Մեծ գին է վճարվել Եկեղեցում նրա ներկայության համար: Միսիոներների երկարատև ջանքերը և նրանց ծառայության գինը, հին կապերի խզումը և այս ամենի հետ զուգորդվող հոգեկան ցավը, որը հրամայական է դարձնում, որ այս անգին հոգիներին ողջունեն, հավաստիացնեն և օգնեն նրանց թուլության ժամին, հնարավորություն տան ուժեղանալու և խրախուսեն այն ամենի համար, ինչ նրանք անում են:6

մոտոցիկլետի վրա աշխատող տղաներ

«Ես հրավիրում եմ յուրաքանչյուր անդամի` ընկերակցելով ու սիրով հասնել նրանց, ովքեր Եկեղեցի են գալիս որպես նորադարձներ»:

Բացարձակ իմաստ չունի միսիոներական աշխատանքի կատարումը, եթե չպահպանենք այդ ջանքի պտուղները: Այդ երկուսը պիտի անբաժան լինեն: Նորադարձները թանկ են մեզ համար: … Յուրաքանչյուր նորադարձ մեծ ու լուրջ պարտականություն է: Բացարձակ անհրաժեշտ է, որ մենք հոգ տանենք նրանց մասին, ովքեր դարձել են մեր մի մասը: …

Օրերս ես մի հետաքրքիր նամակ ստացա: Այն գրվել էր մի կնոջ կողմից, ով Եկեղեցուն էր միացել մի տարի առաջ։ Նա գրում է.

«Իմ մուտքը Եկեղեցի անօրինակ էր ու բավական դժվար: Այս անցյալ տարին ամենածանրն էր իմ կյանքում: Այն նաև ամենաարդյունավետն էր: Որպես նոր անդամ, ես ամեն օր դժվարությունների եմ հանդիպում»: …

Նա հաստատում է, որ «Եկեղեցու անդամները չգիտեն, թե ինչ է նշանակում լինել Եկեղեցու նոր անդամ: Հետևաբար, նրանց համար համարյա անհնար է աջակցել մեզ»:

Իմ եղբայրներ և քույրեր, ես ձեզ կոչ եմ անում, որ եթե դուք չգիտեք, թե դա ինչպես է լինում, ապա գոնե փորձեք պատկերացնել, թե ինչպիսին է Եկեղեցու նոր անդամ լինելը: Այն կարող է մարդուն թողնել ահավոր մենակության մեջ: Այն կարող է հիասթափեցնող լինել: Այն կարող է վախեցնող լինել: Մենք` այս Եկեղեցու անդամներս, շատ ավելի ենք տարբերվում աշխարհից, քան պատկերացնում ենք: Ապա կինը շարունակում է.

«Երբ մենք` լսողներս, Եկեղեցու անդամներ ենք դառնում, զարմանում ենք, պարզելով, որ մենք մուտք ենք գործել բոլորովին նոր աշխարհ, աշխարհ, որն ունի իր ավանդույթները, մշակույթն ու լեզուն: Մենք հայտնաբերում ենք, որ չկա մի մարդ կամ մի տեղ, ուր կարող ենք դիմել, որպեսզի ուղղորդում ստանանք այս նոր աշխարհում մեր ուղևորության համար: Սկզբում այս ուղևորությունը ոգևորիչ է, մեր սխալները նույնիսկ զվարճալի են, հետո ուղևորությունը դառնում է հիասթափեցնող և ի վերջո, հիասթափությունը վերածվում է զայրույթի: Եվ հիասթափության այս փուլում է, որ մենք հեռանում ենք: Մենք վերադառնում ենք այն աշխարհը, որտեղից եկել էինք, որտեղ մենք գիտեինք, թե ովքեր ենք մենք, որտեղ մենք ներդրում ունեինք, և որտեղ մենք կարողանում էինք խոսել դրա լեզվով»:7

Որոշ մարդիկ միայն մկրտվում են, բայց նրանց չեն ընկերակցում և երկու երեք ամիս անց նրանք հրաժեշտ են տալիս Եկեղեցուն: Իմ եղբայրներ և քույրեր, այնքան կարևոր է տեսնել, որ [նոր մկրտված անդամները] դարձի են գալիս, որ նրանք իրենց սրտում համոզվածություն ունեն այս հրաշալի աշխատանքի վերաբերյալ: Կարևոր է ոչ միայն գլուխը: Կարևոր է նաև սիրտը և այն, որ Սուրբ Հոգին դիպչի դրան, մինչև որ նրանք իմանան, որ այս աշխատանքը ճշմարիտ է, որ Ջոզեֆ Սմիթը Աստծո ճշմարիտ մարգարեն է, որ Մորմոնի գիրքը ճշմարիտ է, որ քահանայությունն այստեղ է` իր բոլոր պարգևներով և օրհնություններով: Ես պարզապես չեմ կարող չափազանց խիստ շեշտադրել սա:8

3

Յուրաքանչյուր նորադարձ կարիք ունի ընկերակցության, որևէ պարտականության ու Աստծո խոսքով սնուցվելու:

Մշտապես աճող նորադարձների թվի աճի հետ միասին մենք պիտի էական ջանքեր գործադրենք աջակցելու նրանց, երբ նրանք փորձում են գտնել իրենց ուղին: Նրանցից յուրաքանչյուրը երեք բանի կարիք ունի` ընկերոջ, պարտականության և «Աստծո բարի խոսքով» սնուցվելու (Մորոնի 6.4): Մեր պարտականությունն է ապահովել այս երեք կետերում նշվածները:9

Ընկերություն

[Նորադարձները] Եկեղեցի են գալիս, խանդավառվելով այն բանից, ինչ իրենք գտել են: Մենք պիտի անմիջապես կառուցենք այդ խանդավառության վրա: … Լսեք նրանց, ուղեկցեք նրանց, պատասխանեք նրանց հարցերին և եղեք նրանց կողքին բոլոր հանգամանքներում ու պայմաններում: … Ես հրավիրում եմ յուրաքանչյուր անդամի` ընկերակցությամբ ու սիրով հասնել նրանց, ովքեր Եկեղեցի են գալիս որպես նորադարձներ:10

Մենք նման պարտականություն ունենք նրանց նկատմամբ, ովքեր մկրտվում են Եկեղեցում: Մենք չենք կարող անտեսել նրանց: Մենք չենք կարող նրանց մենակ թողնել: Նրանք օգնության կարիք ունեն, երբ վարժվում են այս Եկեղեցու կենսակերպին ու մշակույթին: Եվ մեր մեծ օրհնությունն ու պարտականությունն է` առաջարկել այդ օգնությունը: … Մի ջերմ ժպիտը, մի ընկերական ձեռքսեղմումը և մի խրախուսական բառը կարող են հրաշքներ գործել:11

Եկեք օգնության հասնենք այս մարդկանց: Եկեք ընկերանանք նրանց հետ: Եկեք բարի լինենք նրանց հանդեպ: Եկեք խրախուսենք նրանց: Եկեք նրանց հավատին ու գիտելիքներին ավելացնենք Տիրոջ աշխատանքը:12

Ես խնդրում եմ, … որ դուք ձեր բազուկներով գրկեք նրանց, ովքեր գալիս են Եկեղեցի և նրանց համար լինեք ընկեր, սիրալիր ընդունեք ու սփոփեք նրանց, և մենք հրաշալի արդյունքներ կտեսնենք: Տերը կօրհնի ձեզ, որ դուք նպաստեք նորադարձների պահպանման այս մեծ գործընթացին:13

Պատասխանատվություն

Այս Եկեղեցին մարդկանցից ինչ-որ բան է սպասում: Նրա չափանիշները բարձր են: Այն ունի ուժեղ վարդապետություն: Այն մեծ ծառայություն է ակնկալում մարդկանցից: Նրանք ծուլորեն չեն շարժվում առաջ: Մենք ակնկալում ենք, որ նրանք գործեն: Մարդիկ արձագանքում են դրան: Նրանք սիրով են ընդունում ծառայելու հնարավորությունը, և երբ ծառայում են, աճում են գործելու իրենց ունակությամբ, հասկացողությամբ, որակավորումներով և առաջադիմում այդ գործերում:14

Ինչ-ոչ բան տվեք [նոր անդամներին] անելու: Առանց վարժանքի նրանց հավատը չի ամրանում: Հավատն ու վկայությունը նման են իմ թևերի մկաններին: Եթե ես օգտագործեմ այդ մկաններն ու սնուցեմ, նրանք կուժեղանան: Եթե ես դնեմ իմ ձեռքը վիրակապի մեջ և թողնեմ այնտեղ, այն կդառնա թույլ ու անօգուտ, և այդպես է նաև վկայության հետ:

Հիմա ձեզանից ոմանք ասում են, որ պատրաստ չեն պարտականություն ստանձնել: Բայց մեզանից ոչ մեկը պատրաստ չէր, երբ կոչում էր ստանում: Ես նույնը կարող եմ ասել իմ մասին: Կարծում եք, ես պատրա՞ստ էի այս մեծ ու սուրբ կոչմանը: Ես ճնշված էի զգում: Ես անօգնական էի զգում: Ես դեռ ճնշված եմ զգում: Ես դեռ անօգնական եմ զգում: Բայց ես փորձում եմ առաջ գնալ, փնտրելով Տիրոջ օրհնությունները, փորձելով կատարել Նրա կամքը, հուսալով ու աղոթելով, որ իմ ծառայությունը ընդունելի լինի Նրա կողմից: Առաջին պարտականությունը, որ ես ունեցա այս Եկեղեցում, երբ տասներկու տարեկան էի, սարկավագների քվորումի նախագահի խորհրդականի կոչումն էր: Ես անօգնական էի զգում: Ես ճնշված էի զգում: Բայց ես փորձում էի, ինչպես որ դուք եք փորձում, իսկ դրանից հետո այլ պարտականություններ էին հանձնարարվում: Ջանքերը գործի դնելիս երբեք մի ունեցեք անօգնական լինելու զգացում, այլ միշտ ունեցեք երախտագիտության ու պատրաստակամության զգացում:15

Յուրաքանչյուր նորադարձ, ով գալիս է այս Եկեղեցի, պիտի անմիջապես պարտականություն ունենա: Այն երբեմն կարող է փոքր լինել, բայց փոփոխություն կբերի նրա կյանք:16

Իհարկե նորադարձը ամեն ինչ չէ, որ կիմանա: Նա հավանաբար սխալներ կգործի: Հետո ի՞նչ: Բոլորս էլ սխալներ ենք գործում: Կարևորը աճն է, որը կգա գործելու արդյունքում:17

women in class

Նախագահ Հինքլին սովորեցրել է, որ նորադարձները պիտի հնարավորություն ստանան ծառայելու Եկեղեցում:

Սնուցել Աստծո բարի խոսքով

Ես հավատում եմ, … որ այս նորադարձները վկայություն ունեն ավետարանի վերաբերյալ: Ես գիտեմ, որ նրանք հավատ ունեն Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ և գիտեն նրա աստվածային ճշմարտությունը։ Ես հավատում եմ, որ նրանք անկեղծորեն ապաշխարել են իրենց մեղքերը և վճռականություն ունեն ծառայել Տիրոջը:

Մորոնին [ասում է] նրանց մկրտությունից հետո. «Եվ հետո, երբ նրանք մկրտության էին ընդունվում, և ներգործվում ու մաքրվում էին Սուրբ Հոգու զորությամբ, նրանք համարվում էին Քրիստոսի եկեղեցու ժողովրդի թվում. և նրանց անունները գրի էին առնվում, որպեսզի հիշվեին և սնուցվեին Աստծո բարի խոսքով՝ պահելու նրանց ճշմարիտ ուղու վրա, շարունակ պահելու նրանց արթուն աղոթքում, ապավինելով միմիայն Քրիստոսի արժանիքներին, որը նրանց հավատքի հեղինակն ու ամբողջացնողն էր» (Մորոնի 6.4):

Մեր օրերում, ինչպես այն ժամանակ, նորադարձները «դասվում էին եկեղեցու այն մարդկանց թվին … ում մասին պիտի հիշեին և սնուցեին Աստծո բարի խոսքով, մշտապես պահեին նրանց արդար ու մշտական աղոթքի ճանապարհի վրա»: … Եկեք օգնենք նրանց, քանի որ նրանք առաջին քայլերն են անում որպես անդամներ:18

Անհրաժեշտ է, որ [յուրաքանչյուր նորադարձ] քահանայության քվորումի, Սփոփող Միության, Երիտասարդ Տղամարդկանց կամ Երիտասարդ Կանանց, Կիրակնօրյա դպրոցի կամ Երեխաների Միության մաս կազմի: Նրան պիտի խրախուսել, որ գա հաղորդության ժողովին` ճաշակելու հաղորդությունը, նորոգելու ուխտերը, որոնք նա կապել է մկրտության ժամանակ:19

4

Վերադառնալով Եկեղեցու գործունեությանը կարելի է շատ բան ձեռք բերել և ոչինչ չկորցնել:

Ամբողջ աշխարհում կան հազարավոր մարդիկ, … ովքեր միայն անունով են Եկեղեցու անդամ, բայց հեռացել են, սակայն իրենց սրտի խորքում փափագում են վերադառնալ, բայց չգիտեն` ինչպես ու շատ երկչոտ են փորձելու համար: …

Ձեզ համար, իմ եղբայրներ և քույրեր, որ վերցրել եք ձեր հոգևոր ժառանգությունն ու հեռացել, իսկ հիմա դատարկություն եք զգում ձեր կյանքում, վերադարձի ճանապարհը բաց է: … Եթե կատարեք առաջին երկչոտ քայլը վերադառնալու համար, դուք կգտնեք ձեզ ընդունող բաց բազուկներ` ողջունելու ձեզ և ընկերներ` խրախուսելու ձեզ:

Կարծում եմ, ստույգ գիտեմ, թե ձեզանից ոմանք ինչու են հեռացել: Ձեզ վիրավորել էր մի անխոհեմ մարդ, իսկ դուք սխալմամբ նրա գործողություններն ընդունել եք որպես Եկեղեցուն բնորոշ երևույթ: Կամ դուք երևի տեղափոխվել եք մի տարածքից, որտեղ ձեզ ճանաչում էին, մեկ այլ տարածք, որտեղ դուք հիմնականում մենակ էիք և այնտեղ մեծացել եք Եկեղեցու մասին շատ քիչ գիտելիքով:

Կամ երևի դուք ներքաշվել եք մի ուրիշ շրջապատի մեջ, կամ ձեռք եք բերել սովորություններ, որոնք անհամատեղելի էին Եկեղեցու զուգորդումների հետ: Կամ երևի աշխարհի իմաստության մեջ ձեզ ավելի իմաստուն եք համարել Եկեղեցու ձեր ընկերներից և գոռոզ տեսքով հեռացել եք նրանց շրջապատից:

Ես այստեղ չեմ եկել կանգ առնելու պատճառների վրա: Կարծում եմ` դուք ևս: Անցյալը թողեք ետևում: … Ձեռք բերելու շատ բան կա, իսկ կորցնելու` ոչինչ: Վերադարձեք, իմ ընկերներ: Եկեղեցում ավելի շատ խաղաղություն կգտնեք, քան դուք երբևէ ունեցել եք: Կան շատ մարդիկ, ում ընկերությունը դուք կվայելեք:20

Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, որ … հեռացել եք, Եկեղեցին ձեր կարիքն ունի, իսկ դուք` Եկեղեցու կարիքը: Դուք կգտնեք շատ ականջներ, որ կլսեն ըմբռնումով: Կլինեն շատ ձեռքեր` օգնելու ձեզ գտնել հետադարձի ուղին: Կլինեն սրտեր, որոնք կջերմացնեն ձեր սրտերը: Կլինեն արցունքներ, բայց ոչ դառնության, այլ հրճվանքի:21

5

Վերջին Օրերի Սրբերը, ովքեր վերադառնում են Եկեղեցու գործունեությանը, իրենց նորից կզգան, ինչպես տանը:

Մի կիրակի ես Կալիֆորնիա Սիթիում էի` ցցի համաժողովին մասնակցելու համար: Իմ անունն ու նկարը տպվել էին տեղական թերթում: Ցցի կենտրոնում լսվեց հեռախոսազանգ, երբ ես ու ցցի նախագահը մտնում էինք շենք այդ առավոտ: Զանգը ինձ էր վերաբերում, և զանգողը ներկայացավ: Նա ցանկանում էր տեսնել ինձ: Ես ներողություն խնդրեցի ժողովից հեռանալուց համար և խնդրեցի ցցի նախագահին, որ ինքը անցկացնի ժողովը: Ես ավելի կարևոր բան ունեի անելու:

Իմ ընկերը եկավ` երկչոտ ու վախեցած: Նա բացակայել էր երկար ժամանակ: Մենք գրկախառնվեցինք, որպես երկար ժամանակ բաժանված եղբայրներ: Սկզբում խոսակցությունը կցկտուր էր, բայց շուտով այն ջերմացավ, երբ քննարկեցինք շատ տարիներ առաջ Անգլիայում միասին անցկացրած օրերը: Այս ուժեղ մարդու աչքերում արցունքներ կային, երբ նա խոսում էր Եկեղեցու մասին, որի արդյունավետ մասն էր կազմում մի ժամանակ, ապա խոսում էր երկար, դատարկ տարիներից, որոնք հետևեցին դրան: Նա կանգ առավ դրանց վրա որպես մեկը, ով խոսում էր մղձավանջի մասին: Երբ նա նկարագրում էր այդ կորած տարիները, մենք խոսեցինք նրա վերադարձի մասին: Նա կարծում էր, որ դժվար կլինի, բայց համաձայնեց փորձել:

Վերջերս ես նրանից նամակ ստացա: Նա գրում էր. «Ես վերադարձա: Ես վերադարձա, ինչ հրաշալի է նորից տանը լինել»:

Այս նույն բանը ձեզ է վերաբերում, իմ ընկերներ, ովքեր նրա նման փափագում են վերադառնալ, բայց դժկամությամբ են կատարում առաջին քայլը: Մեզ թույլ տվեք դիմավորել ձեզ, որտեղ դուք հիմա կանգնած եք, բռնել ձեր ձեռքից և օգնել ձեզ: Խոստանում եմ, ձեզ լավ կզգաք նորից տանը լինելով:22

Առաջարկներ ուսումնասիրության և ուսուցման համար

Հարցեր

  • Մենք ինչո՞ւ պիտի «միշտ հետաքրքրված ու մտահոգ լինենք … անհատով», նույնիսկ աշխահասփյուռ եկեղեցում: (Տես բաժին 1:) Ե՞րբ եք օրհնվել ինչ-որ մեկի կողմից, ով անձնապես հետաքրքրվել է ձեզանով: Մենք ինչպե՞ս կարող ենք ավելի զգայուն լինել յուրաքանչյուր մարդու մասին հոգ տանելիս:

  • Ի՞նչ կարող ենք սովորել և կիրառել այն նամակից, որով Նախագահ Հինքլին կիսվում է 2-րդ բաժնում: Խորհեք, թե ի՞նչ կարող եք անել, որպեսզի զորացնեք նրանց, ովքեր աշխատում են կառուցել իրենց հավատը:

  • Ինչո՞ւ յուրաքանչյուր նորադարձ ընկերակցության, պարտականության և Աստծո խոսքով սնուցվելու կարիք ունի: (Տես բաժին 3:) Ինչպե՞ս կարող ենք ընկերակցել նորադարձներին: Ինչպե՞ս կարող ենք աջակցել նորադարձներին կատարել Եկեղեցու իրենց պարտականությունները: Ինչպե՞ս կարող ենք օգնել նորադարձներին` «սնուցվել Աստծո բարի խոսքով»:

  • Անդամների համար ինչո՞ւ է երբեմն դժվար վերադառնալ Եկեղեցի: (Տես բաժին 4:) Ինչպե՞ս կարող ենք օգնել մարդկանց վերադառնալ: Ե՞րբ եք զգացել կամ ականատես եղել այն հրճվանքին, որն ուղեկցել է ինչ-որ մեկի վերադարձին դեպի Եկեղեցի:

  • Ի՞նչ կարող ենք սովորել այն պատմությունից, որը Նախագահ Հինքլին մեջբերում է 5-րդ բաժնում: Խորհեք, թե ինչպես կարող եք օգնել որևէ ոչ ակտիվ անդամի «նորից տուն վերադառնալ»:

Առնչվող սուրբ գրություններ

Ղուկասի 15, Հովհաննեսի 10.1–16, 26–28, 13.34–35, Մոսիայի 18.8–10, Հելամանի 6.3, 3 Նեփիի 18.32, Մորոնիի 6.4–6, ՎևՈւ 38.24

Օգնություն ուսումնասիրողին

«Շատերը համարում են, որ ուսումնասիրության համար լավագույն ժամանակը առավոտն է՝ գիշերային հանգստից հետո: … Ուրիշները նախընտրում են ուսումնասիրել խաղաղ ժամերին, երբ աշխատանքն ու օրվա մտահոգություններն ավարտվել են: … Հավանաբար, օրվա մեջ նախընտրած ժամից ավելի կարևոր է, որ կանոնավոր ժամ սահմանվի ուսումնասիրության համար (Howard W. Hunter, “Reading the Scriptures,” Ensign, Nov. 1979, 64):

Հղումներ

  1. “Converts and Young Men,” Ensign, May 1997, 47–48.

  2. “Converts and Young Men,” 48.

  3. “Inspirational Thoughts,” Ensign, Oct. 2003, 5.

  4. “This Work Is Concerned with People,” Ensign, May 1995, 52–53.

  5. Teachings of Gordon B. Hinckley (1997), 537–38.

  6. “There Must Be Messengers,” Ensign, Oct. 1987, 5.

  7. “Find the Lambs, Feed the Sheep,” Ensign, May 1999, 108.

  8. “Messages of Inspiration from President Hinckley,” Church News, Apr. 5, 1997, 2; see also “Inspirational Thoughts,” 3.

  9. “Converts and Young Men,” 47

  10. “Some Thoughts on Temples, Retention of Converts, and Missionary Service,” Ensign, Nov. 1997, 51.

  11. “Inspirational Thoughts,” 4.

  12. “Latter-day Counsel: Excerpts from Recent Addresses of President Gordon B. Hinckley,” Ensign, July 1999, 73.

  13. “Words of the Prophet: Reach Out,” New Era, Feb. 2003, 7.

  14. “Inspirational Thoughts,” 3–4.

  15. Teachings of Gordon B. Hinckley, 538.

  16. “Inspirational Thoughts,” Ensign, July 1998, 4.

  17. “Find the Lambs, Feed the Sheep,” 108.

  18. “Converts and Young Men,” 48.

  19. “Find the Lambs, Feed the Sheep,” 108.

  20. “Everything to Gain—Nothing to Lose,” Ensign, Nov. 1976, 95–96.

  21. “And Peter Went Out and Wept Bitterly,” Ensign, May 1979, 67.

  22. “Everything to Gain—Nothing to Lose,” 97.