Գլուխ 6
Ինչ հզոր բան է աղոթքը
«Ինչ կարևոր ու հրաշալի է, երբ մենք հնարավորություն ունենք դիմելու Տիրոջը մեր կարողություններից վեր իմաստություն ստանալու համար, ուժ ստանալու համար` անելու այն, ինչ մենք պիտի անենք, սփոփանք ու մխիթարություն ստանալու և երախտագիտություն արտահայտելու համար»:
Գորդոն Բ. Հինքլիի կյանքից
«Մեզանից ոչ ոք իրականում չի կարող անել այդ մենակ», ասել է Նախագահ Գորդոն Բ. Հինքլին: «Մենք օգնության կարիք ունենք, այնպիսի օգնության, որը գալիս է ի պատասխան աղոթքին»:1 Նախագահ Հինքլին կիրառում էր այս սկզբունքը այն որոշումները կայացնելիս, որոնց նա բախվում էր որպես Եկեղեցու Նախագահ: Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռոբերտ Դ. Հեյլսը հետևյալն է ասել նրա մասին. «Նա փայլուն անձնավորություն է` արտասովոր դատողությամբ, բայց երբ բախվում է անլուծելի խնդրի, նա ծնկի է իջնում»:2
Նախագահ Հինքլին ու նրա կինը` Մարջորին, այս սկզբունքը կիրառել են նաև իրենց տանը: Նրանց որդի Ռիչարդն ասել է. «Ես չեմ հիշում մի օր, երբ մենք ընտանիքով չենք աղոթել: Երբ Հայրիկի հերթը գալիս էր, նա աղոթում էր շատ անկեղծորեն, բայց ոչ երբեք թատերական կամ զգացմունքային տեսքով: Մենք շատ բան էինք սովորում նրա հավատի խորության մասին, երբ լսում էինք, թե ինչպես էր նա աղոթում: Նա դիմում էր Աստծուն ակնածանքով, կարծես մի իմաստուն ու հարգալից ուսուցիչ կամ դաստիարակ լիներ և Փրկիչին դիմում էր խորին զգացմունքով: Ես երեխա էի, բայց գիտեի, որ նրանք իրական անձեր էին նրա համար, որ նա սիրում ու պաշտում էր նրանց»:3 Մարջորին նկատել է. «Ես կարծում եմ, որ ընտանեկան աղոթքը խորապես կախված է այն ձևից, որով մեր զավակները պատասխանում են մեզ: Չնայած Գորդոնը նրանց չէր քարոզում, նրանք լսում էին ամեն բան, որն, ըստ մեզ, պիտի լսեին ընտանեկան աղոթքում»:4
Որպես Բարձրագույն Իշխանավոր, իր ողջ ծառայության ընթացքում Նախագահ Հինքլին խրախուսում էր Եկեղեցու անդամներին «հավատալ աղոթքին ու աղոթքի զորությանը»:5 Նա վկայում էր, որ «աղոթքը մեզ համար բացում է երկնքի զորությունը»:6 Նա խոստացել է. «Շատ աղոթեք և երկնքի Աստվածը կժպտա ու կօրհնի ձեզ և կտա երջանկություն ձեր սրտին ու խաղաղություն` ձեր կյանքին»:7
Գորդոն Բ. Հինքլիի ուսմունքները
1
Աստված մեր Հայրն է, և Նա հրավիրում է մեզ աղոթել Իրն անհատապես։
Բոլոր այն մեծ, հրաշալի ու ոգեշնչող խոստումներից, որոնք ես կարդացել եմ, ամենից հավաստիացնողը ինձ համար Փրկիչի խոսքերն են. «Խնդրեք և կտրուի ձեզ. որոնեցէք և կգտնէք, դուռը թակեցէք և կբացուի ձեզ»: (Մատթ. 7.7:)8
Երբեք մի մոռացեք` ով եք դուք: … Իրականում, դուք Աստծո զավակն եք: … Նա մեր Երկնային Հայրն է: Նա սիրում է ձեզ: Դուք կարող եք դիմել Նրան աղոթքով: Նա հրավիրել է ձեզ` այդպես վարվել։ … Ինչ հրաշալի է սա: Նա է Ամենամեծը: Նա ողջ տիեզերքի Արարիչն ու Կառավարիչն է։ Այնուամենայնիվ, Նա կլսի ձեր աղոթքները:9
Մեր աղոթքներով մենք կարող ենք մոտենալ Տիրոջը: Սրանք կարող են գոհության խոսակցություններ դառնալ: Ես երբեք լիովին չեմ հասկանա, թե ինչպես է Տիեզերքի մեծ Աստվածը` Ամենազորը, հրավիրում մեզ` որպես Իր զավակների, խոսել Իր հետ անհատապես: Ինչ անգնահատելի հնարավորություն է սա: Ինչ հրաշալի է, որ սա իրականում տեղի է ունենում: Ես վկայում եմ, որ Տերը լսում է խոնարհությամբ ու անկեղծությամբ ասված մեր աղոթքները և պատասխանում դրանց: Սա նման է հրաշքի, բայց այն իսկական է:10
Եղբայրներ և քույրեր, ես գիտեմ, որ դուք աղոթասեր ժողովուրդ եք: Սա հրաշալի է մեր օրերի ու ժամանակների համար, երբ աղոթքի կիրառությունը դուրս է մղվում շատերի կյանքից: Կարևոր ու հրաշալի բան է, երբ մենք հնարավորություն ունենք դիմել Տիրոջը մեր կարողություններից վեր իմաստություն ստանալու համար, ուժ ստանալու համար` անելու այն, ինչ մենք պիտի անենք, սփոփանք ու մխիթարություն ստանալու և երախտագիտություն արտահայտելու համար:11
Ես խնդրում եմ, որ մեզանից յուրաքանչյուրը ջանք գործադրի ապրել Տիրոջն ավելի մոտ և զրուցի նրա հետ ավելի հաճախ ու աճող հավատով:
Հայրեր և մայրեր, աղոթեք ձեր երեխաների համար: Աղոթեք, որ նրանք պաշտպանված լինեն աշխարհի չարիքից: Աղոթեք, որ նրանք կարողանան աճել հավատով ու գիտելիքով: Աղոթեք, որ նրանք կարողանան ուղղորդվել կյանքում, որը կլինի օգտակար ու լավը: Ամուսիններ, աղոթեք ձեր կանանց համար: Ձեր երախտագիտությունն արտահայտեք Տիրոջը նրանց համար և խնդրեք Նրան նրանց անունից: Կանայք, աղոթեք ձեր ամուսինների համար: Նրանցից շատերը քայլում են շատ դժվար ճանապարհներով, որոնք լի են բազում խնդիրներով ու մեծ խոչընդոտներով: Խնդրեք Աստծուց, որ առաջնորդի, օրհնի, պաշտպանի ու ոգեշնչի նրանց իրենց արդար ջանքերում:
Աղոթեք խաղաղության համար երկրի վրա, որ Ամենազորը, ով կառավարում է տիեզերքը, ձգի Իր ձեռքը և թույլ տա, որ Իր Հոգին մտորի իր ժողովրդի մասին, որ ազգերը ցասում չթափեն միմյանց վրա: … Աղոթեք իմաստություն ու հասկացողություն ձեռք բերելու համար, երբ քայլում եք ձեր կյանքի դժվար ճանապարհով:12
Աղոթքի մի հրաշալի կողմն այն է, որ այն անձնական է, այն անհատական է, և ոչ ոք չի կարող միջամտել ձեր խոսակցությանը ձեր Երկնային Հոր հետ` Հիսուս Քրիստոսի անունով: Հաճախակի աղոթեք: Խնդրեք Տիրոջից ներել ձեր մեղքերը: Տիրոջից օգնություն խնդրեք: Տիրոջից խնդրեք օրհնել ձեզ: Խնդրեք Տիրոջից օգնել ձեզ հասկանալ ձեր արդար ձգտումները: … Խնդրեք Տիրոջից այն բոլոր կարևոր բաների համար, որոնք ձեր կյանքում այնքան մեծ նշանակություն ունեն ձեզ համար: Նա պատրաստ է օգնել ձեզ: Երբեք մի մոռացեք այդ:13
2
Ընտանեկան աղոթքը հրաշքներ է բերում անհատներին, ընտանիքներին ու հասարակությանը:
Մեր ժամանակներում ազնվությունը, վարքագիծն ու շիտակությունը նորովի շեշտադրման կարիք ունեն: Մեր ժամանակների մոդելը կփոխվի միայն այն դեպքում, երբ մենք նորովի կառուցենք մեր բնավորությունը այն արժեքներով, որոնք ճշմարիտ քաղաքականության էությունն են: Հարցը, որին մենք բախվում ենք, այն է, թե որտեղից սկսենք:
Ես բավարարված եմ, որ այն պիտի սկսվի Աստծո` որպես մեր Երկնային Հոր ճանաչումից, Նրա ու Նրա զավակների հետ ունեցած մեր հարաբերություններից, Նրա հետ հաղորդակցումից` ընդունելով Նրա գերիշխանությունը, և մեր առօրյա գործերի համար Նրա առաջնորդությունը ստանալու համար խնդրանքից:
Ես հաստատում եմ, որ վերադարձը աղոթքի հին ձևին` ընտանեկան աղոթքին, հանդիսանում է հիմնական դեղը, որը կկասեցնի սարսափելի հիվանդությունը, որը քայքայում է հասարակության բնույթը: Մենք չենք կարող հրաշք ակնկալել մեկ օրում, բայց մի սերունդ հետո մենք կունենանք այդ հրաշքը: …
Ծնկի իջնելու դիրքի մեջ կա ինչ-որ բան, որը հակասում է Պողոսի նկարագրած վերաբերմունքին. «ամբարտավան … հանդուգն, գոռոզ»:
Երբ հայրը, մայրը և երեխաները միասին ծնկի են իջնում, ինչ-որ ձևով անհետանում են այն հատկանիշները, որ նա նկարագրել է. «ծնողներին անհնազանդ, … անգութ»:
Ինչ-որ բան կա Աստվածությանը դիմելու գործում, որը հավասարակշռում է միտումը դեպի սրբապղծությունն ու հաճույքի սիրահարներ դառնալը ավելի, քան Աստծո երկրպագուներ դառնալը: [Sես Բ Տիմոթեոս 3.1-4:]
Ոչ սուրբ լինելու հակումը, ինչպես Պողոսը նկարագրել է որպես անշնորհակալ, մաքրվում է, երբ ընտանիքի անդամները միասին շնորհակալություն են հայտնում Տիրոջը կյանքի ու խաղաղության և իրենց ունեցած ամեն բանի համար: Եվ երբ նրանք շնորհակալություն են հայտնում Աստծուն միմյանց համար, ընտանիքում զարգանում է նոր արժեքավորում, նոր հարգանք, նոր կապվածություն միմյանց հանդեպ: …
Երբ Աստծո առաջ միասին հիշում ենք աղքատներին, կարիքավորներին, կեղեքվածներին, մեր մեջ զարգանում է չգիտակցված, բայց իրական ու անշահախնդիր սեր ուրիշների հանդեպ և ցանկություն` ծառայելու ուրիշների կարիքներին: Մենք չենք կարող Աստծուն խնդրել օգնել վշտի մեջ գտնվող մեր մերձավորին, առանց այդ մերձավորին օգնելու մեր ցանկության: Ինչ հրաշքներ կպատահեն աշխարհի զավակների կյանքում, եթե նրանք մի կողմ դնեն սեփական եսասիրությունը և կորցնեն իրենց ուրիշներին ծառայելու մեջ: Սերմը, որը կաճի այս պաշտպանիչ ու պտղաբեր ծառից, կաճի, եթե լավ տնկվի ու խնամվի ամենօրյա ընտանեկան աղոթքներում: …
Ես չգիտեմ մի ուրիշ բան, որն այնքան շատ կօգնի թուլացնել ընտանեկան լարվածությունը, նուրբ հարգանք կառաջացնի ծնողների հանդեպ և կհանգեցնի հնազանդության, որը կմեծացնի ակնածանքի ոգին, ինչն էլ զգալիորեն կմաքրի հուսահատությունը քայքայված ընտանիքներից, քան միասին աղոթելը, միասին թուլությունները խոստովանելը Տիրոջ առաջ և Տիրոջից օգնություն խնդրելը մեր տների ու այնտեղ ապրողների համար: …
Ընտանիքը հասարակության հիմնական միավորն է: Աղոթող ընտանիքը ավելի լավ հասարակության հույսն է: «Խնդրեցէք Տիրոջը, քանի որ նա գտնվում է»: (Եսայիա 55.6:)14
Ես հուզվեցի … մի երիտասարդ միսիոների սրտաճմլիկ հայտարարությունից: Նա ասաց. «Ես արդեն մի քանի ամիս այստեղ եմ: Ես չեմ կարողանում սովորել լեզուն: Ես չեմ սիրում մարդկանց: Ես ընկճված էի ցերեկը և արտասվում էի գիշերները: Ես ցանկանում էի մեռնել: Ես գրեցի մայրիկիս ու պատճառ խնդրեցի, որ տուն վերադառնամ: Ես ստացա նրա պատասխանը: Նա ասում է. «Մենք աղոթում ենք քեզ համար: Մենք բոլորս ամեն օր միասին ծնկի ենք իջնում առավոտյան նախաճաշից առաջ և երեկոյան` նախքան քնելը ու խնդրում ենք Տիրոջից, որ օրհնի քեզ: Բացի աղոթքից, մենք նաև ծոմ ենք պահում, և երբ քո փոքր եղբայրներն ու քույրերն աղոթում են, նրանք ասում են. «Երկնային Հայր, օրհնիր Ջոննին … և օգնիր, որ նա սովորի լեզուն և կատարի այն աշխատանքը, որին նա կանչվել է»:
Այդ երիտասարդը շարունակեց, ասելով արցունքների միջից. «Ես նորից կփորձեմ: Ես իմ աղոթքներն ու ծոմը կավելացնեմ նրանց աղոթքներին ու ծոմին»:
Հիմա, չորս ամիս անց, ես մի նամակ եմ ստացել նրանից, որում ասվում է. «Մի հրաշք է պատահել: Լեզուն տրվել է ինձ որպես պարգև Տիրոջից: Ես սովորեցի սիրել մարդկանց ու այս գեղեցիկ երկիրը: Շնորհակալություն Աստծուն իմ ընտանիքի աղոթքների համար»:15
Կարո՞ղ ենք մենք մեր տներն ավելի գեղեցիկ դարձնել: Այո, եթե մեր ընտանիքներին վերաբերվենք որպես ողջ ճշմարիտ գեղեցկության Սկզբնաղբյուրի: Արդյո՞ք մենք կարող ենք ուժեղացնել հասարակությունը և դարձնենք այն ավելի լավ վայր ապրելու համար: Այո, ուժեղացնելով մեր ընտանեկան կյանքի առաքինությունը, միասին ծնկի գալով ու խնդրելով Ամենազորին` Սիրելի Որդու անունով:
Վերադարձը դեպի ընտանեկան երկրպագության, որը կտարածվի ողջ երկրով ու երկրագնդով մեկ, մի սերնդի սահմաններում զգալի չափով կվերացնի հուսահատությունը, որը քայքայում է մեզ: Այն կվերականգնի ազնվությունը, փոխադարձ հարգանքը և երախտագիտության ոգին մարդկանց սրտերում:16
Արդյո՞ք աղոթքն այսպիսի դժվար բան է: Մի՞թե այդքան դժվար է քաջալերել հայրերին ու մայրերին ծնկի իջնել իրենց փոքր երեխաների հետ և դիմել Աստվածությանը, արտահայտելով երախտագիտություն օրհնությունների համար, աղոթել վշտի մեջ գտնվողների և իրենց համար, իսկ հետո խնդրել այն աշխարհի Փրկիչի ու Քավիչի անունով: Ինչ հզոր բան է աղոթքը: Ես կարող եմ վկայել դրա մասին և դուք նույնպես կարող եք: Ինչ ողբերգական է ցանկացած ընտանիքի համար, որը թերանում է օգտվել այս անգին ու պարզ գործառույթից:17
Եթե ձեր մեջ կան այնպիսիները, ովքեր չեն աղոթում ընտանիքով, թող սկսեն աղոթել հիմա, միասին ծնկի իջնեն, եթե դուք կարողանաք անել այդ ամեն առավոտ ու երեկո, խոսել Տիրոջ հետ և շնորհակալություն հայտնել, խնդրել, որ Նրա օրհնությունները տարածվեն կարիքավորների վրա և խոսել Նրա հետ ձեր բարեկեցության համար ևս:18
Ես բերում եմ ձեզ իմ վկայությունը, որ եթե դուք անկեղծորեն կիրառեք ընտանեկան աղոթքը, դուք առանց հատուցման չեք մնա: Հնարավոր է, փոփոխությունները միանգամից ակնհայտ չլինեն: Դրանք կարող են չափազանց աննկատ լինել: Բայց դրանք կլինեն իսկական, քանի որ Աստված «իրան խնդրողներին վարձահատույց կլինի»: (Եբր. 11.6։)
Թող մենք հավատարիմ լինենք այս գործում աշխարհին օրինակ ծառայելիս և այդպես վարվելու համար ուրիշներին խրախուսելիս:19
3
Մենք պիտի շատ աղոթենք և լսենք, քանի որ մենք կստանանք աղոթքների պատասխանը:
Երբեք պատասխանատվություն մի ստանձնեք, որ կարող եք անել դա մենակ: Դուք ունեք Տիրոջ կարիքը: Երբեք մի տատանվեք ծնկի իջնելու որևէ մեկուսի տեղ և խոսելու Նրա հետ: Ինչ սքանչելի ու հրաշալի բան է աղոթքը: Մտածեք այդ մասին: Իրականում, մենք կարող ենք խոսել մեր Երկնային Հոր հետ: Նա կարող է լսել ու պատասխանել, բայց մենք պիտի ականջալուր լինենք այդ պատասխանին: Ոչինչ չափազանց լուրջ չէ և ոչինչ չափազանց կարևոր չէ Նրա հետ կիսվելու համար:20
Աղոթեք Տիրոջը` պատասխանի ակնկալիքով: … Մեր աղոթքի հետ կապված խնդիրներից մեկն այն է, որ մենք աղոթում ենք այնպես, կարծես վերցնում ենք հեռախոսը և պատվիրում նպարեղեն` տալիս ենք պատվերն ու անջատում հեռախոսը: Մենք պիտի խորհենք, մտածենք, թե ինչի մասին և ինչի համար ենք աղոթում, իսկ հետո խոսենք Տիրոջ հետ` կարծես մի մարդ խոսում է մեկ ուրիշի հետ: «Հիմա եկէք ու վիճաբանենք, ասում է Տերը» (Եսայիա 1.18):21
Ոչինչ մեզ այնքան չի օգնում, որքան երբ խնդիրը հանձնում ենք Տիրոջ ձեռքը: … Ես չեմ երկմտում ասել, որ ես ստացել եմ աղոթքների պատասխանը: Ես գիտեմ դա։ Ես չեմ կարող ժխտել դա: Այս դժվար դարում մենք պիտի աղոթենք առաջնորդություն ստանալու համար: … Սքանչելին այն է, որ պարտադիր չէ, որ դուք հանճար լինեք աղոթելու համար: Նա կլսի ամենախոնարհների ձայնը: … Դիմեք Տիրոջը: Նա է հրավեր առաջարկում և Նա էլ կպատասխանի:22
Հավատացեք աղոթքի զորությանն ու վեհությանը: Տերը պատասխանում է մեր աղոթքներին: Ես գիտեմ դա։ Ես այդ հրաշքին կրկին ու կրկին ականատես եմ եղել։ Աղոթքի շնորհիվ մենք ընկերակցում ենք Աստծո հետ: Այն մեզ հնարավորություն է տալիս խոսել Նրա հետ, շնորհակալություն հայտնել Նրան Իր հրաշալի օրհնությունների համար և խնդրել Նրանից ուղղորդություն և պաշտպանություն, երբ մենք քայլում ենք կյանքի ճանապարհով: Այս մեծ աշխատանքը, որը տարածվում է երկրի վրա, գտավ իր արմատները մի տղայի աղոթքի մեջ: Նա կարդացել էր ընտանեկան Աստվածաշնչում. «Եթե մեկը ձեզանից իմաստության պակասություն ունի թող խնդրէ Աստուածանից, որ ամենին տալիս է առատությամբ և չէ նախատում, և կտրուի նորան: Միայն թե թող հավատքով խնդրէ առանց երկմտելու, որովհետև երկմտողը նման է ծովի հողմակոծուած և տատանուած ալիքին» (Հակոբոսի 1.5–6): Սա է խոստումը: Կա՞ ավելի մեծ խոստում որևէ տեղ այս երկրի վրա, քան այս խոստումը:23
Աղոթեք, իմ ընկերներ և լսեք: Հնարավոր է, դուք երբեք ձայն չլսեք: Հնարավոր է: Բայց ինչ-որ ձևով, որը դուք չեք կարող բացատրել, կստանաք հուշում և կօրհնվեք: Քանի որ Տերը խոստացել է. «Ես կասեմ քեզ … քո սրտում, Սուրբ Հոգով, որը կիջնի քո վրա …» (ՎևՈւ 8.2)։
Աղոթեք և դուք կիմանաք, որ Աստված լսում և պատասխանում է աղոթքներին: Միշտ չէ, որ նա կցանկանա պատասխանել, բայց երբ տարիներն անցնեն, մենք կհասկանանք, որ ինչպես արևածագն է անտարակուսելի, այնպես էլ Նա է լսում ու պատասխանում:24
Պահպանեք այդ խոնարհությունը, որը կստիպի ձեզ ծնկի իջնել աղոթքով` որպես Նրա զորության և բարության հասատում: Նա չի լքի ձեզ: Նա կլսի ձեր աղոթքները: Նա կպատասխանի ձեր աղոթքներին: Գիշերվա լռության մեջ դուք կլսեք Նրա Հոգու շշուկները, որոնք կուղղորդեն ձեզ վշտի ու կարիքի ժամանակ: Այդպիսի ժամանակները կգան ձեզ համար, ինչպես որ այցելում են բոլորին: Հավատացեք Աստծուն, և Նա երբեք չի հիասթափեցնի ձեզ: Նա երբեք չի շրջվի ձեզանից:25
Թող որ ձեր Երկնային Հայրը միշտ լինի ձեր ընկերը, ում դուք կարող եք դիմել աղոթքով:26
Առաջարկներ ուսումնասիրության և ուսուցման համար
Հարցեր
-
Ինչպե՞ս է աղոթքն օգնել ձեզ ավելի մոտենալ ձեր Երկնային Հորը: Վերանայեք Նախագահ Հինքլիի խորհուրդն այն մասին, թե ինչ ընդգրկել աղոթքի մեջ (տես բաժին 1): Ե՞րբ է աղոթքն օգնել ձեզ գտնել «ավելի մեծ իմաստություն»: Ե՞րբ է աղոթքը ձեզ «հանգստություն ու սփոփանք» բերել: Ինչո՞ւ պիտի որոշ աղոթքներ լինեն «գոհության զրույցներ»:
-
Խորհեք յուրաքանչյուր օրհնության մասին, որն, ըստ Նախագահ Հինքլիի, կարող է գալ ընտանեկան աղոթքի միջոցով (տես բաժին 2): Ինչպե՞ս է ձեր ընտանիքն օրհնվել` միասին աղոթելով: Ի՞նչն է խոչընդոտում հետևողական ընտանեկան աղոթքին: Ընտանիքի անդամներն ինչպե՞ս կարող են աշխատել միասին, որպեսզի հաղթահարեն այս խոչընդոտները:
-
Բաժին 3-ում տրված Նախագահ Հինքլիի ուսմունքներն ինչպե՞ս կարող են օգնել մեզ մեր աղոթքներն ավելի իմաստալից դարձնել։ Ըստ ձեր սովորածի, Տերն ինչպե՞ս է պատասխանում մեր աղոթքներին: Աղոթքն ինչի՞ շնորհիվ զորություն ունի մեզ «ընկերակից դարձնել Աստծո հետ»:
Առնչվող սուրբ գրություններ
Մատթեոս 6.5–15, Ղուկաս 18.9–18, 2 Նեփի 32.8–9, Ալմա 34.17–28, 37.36–37, 3 Նեփի 18.15–25, ՎևՈւ 19.28
Օգնություն ուսումնասիրողին
«Վերանայեք` արագ կարդալով գիրքը, բաժինը, հատվածը կամ վերանայելով վերնագրերը: Փորձեք հասկանալ ենթատեքստը և նախապատմությունը» (Քարոզիր Իմ Ավետարանը [2004], 23): Կարդացեք որևէ գլուխ կամ հատված ավելի քան մեկ անգամ, որպեսզի կարողանաք ավելի խորը հասկանալ այն: Երբ այդպես վարվեք, կհայտնաբերեք հիմնարար գաղափարներ: