Գլուխ 25
Առաջ գնացեք հավատքով
«Եթե կա մի բան. որի կարիքը ես և դուք ունենք,… [դա] այնպիսի հավատքն է, որը մղում է մեզ ծնկի իջնելու և աղերսելու Տիրոջը առաջնորդության համար, իսկ հետո, ունենալով որոշ չափով աստվածային վստահություն, ոտքի կանգնել և գնալ աշխատելու, օգնելու, որպեսզի ցանկալի արդյունքներն իրականանան»:
Գորդոն Բ. Հինքլիի կյանքից
«Երբ ես մեկնեցի միսիա [երբ երիտասարդ էի], հիշում է Նախագահ Գորդոն Բ. Հինքլին, «իմ հիանալի հայրը տվեց ինձ մի քարտ, որի վրա գրված էր հինգ բառ»: Դրանք Տիրոջ խոսքերն էին ուղղված ժողովրդապետին, ով լուր էր ստացել իր աղջկա մահվան մասին: «Մի վախենար, բայց միայն հաւատա»: (Մարկոս 5.36:)»1 Երբ երիտասարդ Հինքլին ծառայեց Անգլիայում, նա դիմակայեց շատ մարտահրավերների, որոնցում նա պետք է հիշեր այդ հինգ խոսքերը: Հետագայում նա նկարագրեց այդպիսի մի փորձառություն.
«Մի օր երեք-չորս Լոնդոնյան լրագրեր զետեղել էին ակնարկներ մի հին գրքի վերատպագրության մասին, թունոտ և տգեղ տոնով, նշելով, որ գիրքը Մորմոնների պատմության մասին էր: Նախագահ Մերրիլը [իմ միսիայի նախագահը] ասաց ինձ. «Ես ուզում եմ, որ դու գնաս տպագրողի մոտ և բողոք ներկայացնես»: Ես նայեցի նրան և գրեթե պատրաստվում էի ասել. «Միայն թե ոչ ես»: Բայց ես հեզությամբ ասացի. «Այո, պարոն»:
«Ես չեմ տատանվում ասել, որ վախեցա: Ես գնացի իմ սենյակը և զգացի մի բան, որը իմ կարծիքով, երևի Մոսվսեսն էր զգացել , երբ Տերը խնդրեց նրան գնալ և տեսնել Փարավոնին: Ես աղոթեցի: Սիրտս խառնում էր, երբ քայլում էի դեպի Գուդջ փողոցի կայարանը, որ նստեի դեպի Ֆլիթ փողոցը տանող ստորգետնյա գնացքը: Ես գտա նախագահի գրասենյակը և ներկայացրեցի քարտս ընդունարանի աշխատակցուհուն: Նա վերցրեց այն, գնաց ներսի գրասենյակը և շուտով վերադարձավ ասելով, որ նախագահը խիստ զբաղված էր՝ ինձ հետ խոսելու համար: Ես պատասխանեցի, որ եկել էի հինգ հազար մղոն [8000 կիլոմետր] և սպասելու էի: Հաջորդ մեկ ժամում աշխատակցուհին երկու կամ երեք ուղևորություն կատարեց նրա գրասենյակ, և ի վերջո նա ինձ ներս հրավիրեց: Ես երբեք չեմ մոռանա այդ տեսարանը, երբ ես ներս մտա: Նա մի երկար սիգար էր ծխում դեմքի մի արտահայտությամբ, որը թվում է, ասում էր. «Ինձ մի անհանգստացրեք»:
«Ես ձեռքումս բռնել էի ակնարկները: Ես չեմ հիշում, թե ինչ ասացի դրանից հետո: Թվում էր, մի ուրիշ ուժ էր խոսում իմ միջոցով: Սկզբում նա պաշտպանվում էր և նույնիսկ մարտական էր տրամադրված: Ապա նա սկսեց փափկել: Նա ավարտեց՝ խոստանալով ինչ- որ բան անել: Մեկ ժամում լուր ուղարկվեց Անգլիայի յուրաքանչյուր գրավաճառի` գրքերը հրատարակչին վերադարձնելու վերաբերյալ: Մեծ ծախսեր կատարելով, նա տպագրեց և յուրաքանչյուր հատորի վրա մի հայտարարություն տեղադրեց այն մասին, որ գիրքը չպիտի համարվի որպես պատմություն, այլ այն ընդամենը արձակ ստեղծագործություն է ևոչ մի վիրավորանք կանխամտածված չէր հարգելի Մորմոն ժողովրդի դեմ: Տարիներ անց նա շնորհեց ևս մեկ էական կարևորություն ունեցող ծառայություն Եկեղեցուն և ամեն տարի, մինչև իր մահը, ես նրանից ստացա Սուրբ Ծննդյան բացիկներ»:2
Ընդունելով հրատարակչի գրասենյակ այցելելու հանձնարարությունը, Երեց Հինքլին կատարեց այն, ինչը դառնալու էր ողջ կյանքի ապրելաձևը. հավատքով, ընդունել մարտակոչը, աղերսել Տիրոջը օգնության համար, ապա գնալ աշխատելու:
Գորդոն Բ. Հինքլիի ուսմունքները
1
Հավատքը Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ կարող է դառնալ նպատակասլաց ապրելակերպի անսպառ ակունք:
Եթե կա որևէ բան, որի կարիքը ես և դուք ունենք, որը կօգնի մեզ հաջողություն գտնել և կայանալ այս աշխարհում, հավատքն է՝ այդ առաջ մղող, հզոր, սքանչելի տարրը, որի միջոցով, ինչպես Պողոսն է հայտարարել, ձևավորվեցին բուն աշխարհները (տես Եբրայեցիս 11.3): «Ես նկատի չունեմ ինչ-որ եթերային սկզբունք, այլ պրակտիկ, գործուն հավատքը՝ այնպիսի հավատք, որը մղում է մեզ ծնկի իջնել և աղերսել Տիրոջը առաջնորդության համար, իսկ հետո, ունենալով որոշ չափով աստվածային վստահություն, ոտքի կանգնել և գնալ աշխատելու, օգնելու, որպեսզի ցանկալի արդյունքներն իրականանան: Այդպիսի հավատքը մի արժանիք է, որը վեր է համեմատությունից: Այդպիսի հավատքն է, երբ ամեն ինչ ասված է և արված՝ մեր միակ իսկական և հարատև հույսը:
… Հավատքը կարող է դառնալ նպատակասլաց ապրելակերպի անսպառ ակունքը: Չկա ավելի համոզիչ շարժառիթ իմաստալի ձգտման համար, քան այն գիտելիքը, որ մենք Աստծո զավակներն ենք, որ Աստված ակնկալում է մեզանից անել ինչ որ բան մեր կյանքի հետ, և որ Նա կտա մեզ օգնություն, երբ խնդրենք օգնություն: …
… Երբ ես քննարկում եմ հավատքի մասին, ես նկատի չունեմ, որ այն վերացական իմաստ ունի: Ես նկատի ունեմ, որ այն կենդանի, կենսունակ ուժ է, որը գալիս է Աստծուն՝ մեր Հորը և Հիսուս Քրիստոսին՝ որպես մեր Փրկիչ ճանաչելուց: …
… Հավատքն առ Աստվածային Էակը՝ Ամենազորը, այն մեծ շարժող ուժն է, որը կարող է փոխել մեր կյանքը:3
Շատ վաղուց ես աշխատում էի մեր երկաթուղիներից մեկում, որոնց երկաթգծերն անցնում էին լեռների միջով: Ես հաճախ էի վարում գնացքները: Դա այն օրերին էր, երբ կային շոգեշարժիչներ: Երկաթուղիների այդ վիթխարի հրեշները հսկայական էին, արագաշարժ ու վտանգավոր: Ես հաճախ զարմանում էի, թե ինչպես էր մեքենավարը համարձակվում կատարել այդ երկար ճանապարհորդությունը գիշերը: Այնուհետև ես սկսեցի գիտակցել, որ դա մեկ երկար ճանապարհորդություն չէր, այլ ավելի շուտ անընդհատ շարունակվող կարճ ճամփորդություն: Մեքենան մի հզոր լուսարձակ ուներ, որը լուսավորում էր ուղին 400-500 յարդ հեռավորության վրա: Մեքենավարը տեսնում էր միայն այդ հեռավորությունը և դա բավական էր, որովհետև դա անընդհատ նրա առջևում էր ողջ գիշերվա ընթացքում` մինչև նոր օրվա լուսաբացը: …
Դա նույնն է մեր վկայությունների դեպքում։ Մենք ամեն անգամ մի քայլ ենք անում: Այդ անելով մենք հասնում ենք անհայտին, բայց հավատքն է լուսավորում ճամփան: Եթե մենք զարգացնենք այդ հավատը, մենք երբեք չենք քայլի խավարում: …
Մարտահրավերը, որին դիմակայում է այս Եկեղեցու յուրաքանչյուր անդամ, հաջորդ քայլի կատարումն է՝ ընդունել այդ պատասխանատվությունը, որին նա կանչվում է, չնայած նա իրեն համապատասխան չի զգում դրան և կատարել դա հավատքով լիակատար սպասումով, որ Տերը կլուսավորի ուղին իր առջև:4
2
Հավատքը վկայության հիմքն է և Տիրոջ աշխատանքի զորությունը երկրի վրա:
Եկեղեցու միակ իսկական հարստությունը նրա ժողովրդի հավատի մեջ է:5
Սքանչելի ու հրաշալի է, մի բան, որ հազարավոր մարդիկազդվում են Սուրբ Հոգու հրաշքով, որ նրանք հավատում են,ընդունում և դառնում են [Եկեղեցու] անդամներ: Նրանք մկրտվում են: Նրանց կյանքը հավիտյան ազդեցություն է կրում: Տեղի են ունենում հրաշքներ: Հավատքի մի սերմ մտնում է նրանց սիրտը: Այն մեծանում է, երբ նրանք սովորում են: Եվ նրանք ընդունում են սկզբունք առ սկզբունք, մինչև նրանցից յուրաքանչյուրն ունենում է սքանչելի օրհնությունները, որոնք գալիս են նրանց, ովքեր քայլում են հավատքով Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի այս Եկեղեցում:
… Հավատքի այս թանկարժեք և սքանչելի պարգևը, Աստծո՝ մեր Երկնային Հոր այս պարգևը, դեռ այս աշխատանքի զորությունն է և դրա ուղերձի մեղմ ռեզոնանսը: Այս ամենի հիմքում հավատքն է: Հավատքն է այդ ամենի էությունը: Լինի դա միսիոներական դաշտմտնելը, Իմաստության Խոսքով ապրելը, տասանորդ վճարելը, բոլորը նույնն է: Մեր հավատքն ապացուցվում է այն ամենով, ինչ մենք անում ենք:
… Այս գործի և արքայության զորությունը չի գտնվում նրա ժամանակավոր արժեքներում, որքան էլ դրանք տպավորիչ լինեն: Այն գտնվում է այս մարդկանց սրտերում: Այդ պատճառով այն հաջողվում է: Այդ պատճառով այն ուժեղ է և աճում է: Այդ պատճառով այն կարողանում է իրականացնել այն սքանչելի բաները, որոնք կատարվում են: Այդ բոլորը գալիս է հավատքի պարգևից, որը տրվում է Ամենազորի կողմից Իր զավակներին, ովքեր չեն կասկածում և չեն վախենում, այլ առաջ են գնում: …
Հավատքն է վկայության հիմքը: Հավատքն ընկած է Եկեղեցու հանդեպ հավատարմության հիմքում: Հավատքը ներկայացնում է զոհաբերություն, որն ուրախությամբ է տրվում՝ Տիրոջ աշխատանքն առաջ տանելու համար:6
Ավետարանը բարի լուր է: Դա հաղթանակի ուղերձ է: Այն գործ է, որը պետք է ընդունվի խանդավառությամբ: …
Եկեք չվախենանք: Հիսուսն է մեր առաջնորդը, մեր ուժը և մեր թագավորը:
Սա հոռետեսական դարաշրջան է: Մերը հավատքի առաքելություն է: Իմ եղբայրներ և քույրեր ամենուրեք, ես կոչ եմ անում ձեզ՝ վերահաստատել ձեր հավատքը, առաջ շարժելու այս աշխատանքը ողջ աշխարհում: …
«Եղբայրնե՛ր, արդյոք մենք չպիտի՞ շարունակենք այս մեծ գործը: Գնացե՛ք առաջ և ոչ թե ետ: Քաջությո՛ւն, եղբայրնե՛ր. և առա՛ջ, առաջ դեպի հաղթանակ»: (ՎևՈւ 128․22)։ Այսպես է գրել Ջոզեֆ Սմիթը հավատքի մի սաղմոսում:
Որքա՜ն փառահեղ է այս մեծ գործի անցյալը: Այն լցված է հերոսականությամբ, քաջությամբ, համարձակությամբ և հավատքով: Որքա՜ն սքանչելի է ներկան, երբ մենք առաջ ենք շարժվում՝ օրհնելու մարդկանց կյանքը, որտեղ էլ որ նրանք լսեն Տիրոջ ծառաների ուղերձը: Որքա՜ն հոյակապ կլինի ապագան, երբ Ամենազորն առաջ կտանի Իր փառահեղ աշխատանքը, ընդմիշտ դիպչելով բոլորին , ովքեր կընդունեն և կապրեն Նրա ավետարանով, և նույնիսկ հասնելով Իր որդիների և դուստրերի հավերժական օրհնություններին բոլոր սերունդներում՝ նրանց անձնազոհ աշխատանքի միջոցով, ում սրտերը լցված են սիրով աշխարհի Քավիչի հանդեպ: …
Ես հրավիրում եմ ձեզանից ամեն մեկին, որտեղ էլ որ լինեք` որպես այս եկեղեցու անդամներ, կանգնել ոտքի և երգը ձեր սրտերում առաջ շարժվեք, ապրելով ավետարանով, սիրելով Տիրոջը և կառուցելով Նրա արքայությունը: Միասին մենք կմնանք ընթացքի մեջ և կպահենք հավատքը, Ամենազորի ուժով:7
3
Հավատքով մենք կարող ենք մեր կյանքում վեր բարձրանալ վախից և ամեն խոչընդոտից կամ մարտահրավերից:
Մեզանից ո՞վ կարող է ասել, որ վախ չի զգացել: Ես չգիտեմ մեկին, ով ամբողջապես զերծ է մնացել դրանից: Ոմանք, իհարկե, ավելի մեծ չափով են վախ զգում, քան մյուսները: Ոմանք կարողանում են արագ բարձրանալ դրանից վեր, իսկ մյուսները ծուղակն են ընկնում , վար քաշվում դրանով և նույնիսկ պարտության մատնվում: Մենք տառապում ենք ծաղրվելու վախից, ձախողվելու վախից, միայնակության վախից, անգիտության վախից: Ոմանք վախենում են ներկայից, ոմանք էլ՝ ապագայից: Ոմանք կրում են մեղքի բեռը և կտային գրեթե ամեն ինչ՝ այդ բեռները թոթափելու իրենցից, բայց վախենում են փոխել իրենց կյանքը: Եկեք ընդունենք, որ վախը Աստծուց չի գալիս, այլ ավելի շուտ, այդ կրծող կործանիչ տարրը գալիս է ճշմարտության և արդարակեցության հակառակորդից: Վախը հավատքի հակադիրն է: Այն քայքայիչ է իր ազդեցությամբ, նույնիսկ մահացու:8
Պողոսը գրել է Տիմոթեոսին: «Աստուած չտուաւ մեզ երկչոտութեան հոգի, այլ զորութեան եւ սէրի եւ զգաստութեան:
Ուրեմն ամօթ մի համարիր մեր Տիրոջ վկայութիւնը» (2 Տիմ. 1.7–8):
Ես կկամենայի, որ այս Եկեղեցու ամեն անդամ դնի այս խոսքերն այնպիսի մի տեղ, որտեղ նա կարող է տեսնել դրանք ամեն առավոտ, երբ նա սկսի իր օրը: Դրանք կտան մեզ քաջություն խոսելու, դրանք կտան մեզ հավատք՝ փորձելու համար, դրանք կզորացնեն մեր համոզմունքը Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ: Ես հավատում եմ, որ ավելի շատ հրաշքներ կգործվեն Երկրի երեսին:9
Ես մի օր զրուցեցի մի ընկերոջ հետ, ով փախուստի էր դիմել իր հայրենի երկրից: Իր ազգի անկման ժամանակ, նա ձերբակալվեց և կալանավորվեց: Նրա կինը և երեխաները կարողացան հեռանալ, բայց ավելի քան երեք տարի նա բանտարկված էր առանց իր սիրելիների հետ հաղորդակցության միջոցների: Ուտելիքը աղքատիկ էր, ապրելու պայմանները ճնշող, առանց բարելավման հեռանկարների:
«Ի՞նչը քեզ պահպանեց բոլոր այդ խավար օրերին», հարցրեցի ես:
Նա պատասխանեց. «Իմ հավատքը, իմ հավատքն առ Տեր Հիսուս Քրիստոս: Ես դրեցի իմ բեռները նրա վրա և այդ ժամանակ դրանք այնքան թեթև թվացին»:10
Այդ ամենը կկարգավորվի: Մի անհանգստացիր։ Ես ասում եմ ինքս ինձ ամեն առավոտ: Ամեն ինչ կկարգավորվի: Եթե դու անես ամեն հնարավորըը, ամեն ինչ կկարգավորվի: Դրեք ձեր վստահությունն Աստծո վրա և առաջ շարժվեք ապագայի հանդեպ հավատքով և վստահությամբ: Տերը մեզ չի լքի։ Նա չի լքի մեզ:11
Մի՞թե մեզանից որևէ մեկը չի կարող ասել, որ եթե մենք ավելի մեծ հավատք ունենայինք Աստծո հանդեպ, մենք կկարողանայինք ավելի լավը լինել, քան կանք: Չկա խոչընդոտ, որը խիստ մեծ լինի, ոչ մի մարտահրավեր, որը խիստ դժվար լինի, եթե մենք հավատք ունենանք: Հավատքով մենք կարող ենք վեր բարձրանալ այդ բացասական տարրից մեր կյանքում, որոնք անընդհատ մեզ ներքև են քաշում: Ջանք գործադրելով, մենք կարող ենք զարգացնել կարողություն՝ ճնշելու այն մղումները, որոնք տանում են դեպի այլասերում և չարաղետ գործեր: Հավատքով մենք կարող ենք սանձահարել մեր ցանկությունները: Մենք կարող ենք օգնության հասնել նրանց, ովքեր հուսահատված են և պարտված, և մենք կարող ենք ջերմացնել նրանց՝ մեր իսկ հավատքի ուժով և զորությամբ:12
4
Եթե հավատքը գործադրենք, Տերը կօգնի մեծացնել այն:
Ծառայության մեջ ձեր ժամանակն ու տաղանդները գործադրելիս, ձեր հավատքը կաճի և ձեր կասկածները կնվազեն:13
Եկեղեցին կխնդրի ձեզ անել շատ բաներ: Այն կխնդրի ձեզ ծառայել տարբեր կոչումներում: Մենք չունենք մասնագիտացված ծառայություն: Դուք դառնում եք այս Եկեղեցու ծառայողները, և երբ դուք կանչվեք ծառայելու, կարո՞ղ եմ հորդորել ձեզ արձագանքել, և երբ դուք այդ անեք, ձեր հավատքը կզորանա և կմեծանա: Հավատքը նման է իմ բազկի մկանին: Եթե ես օգտագործում եմ այն, եթե ես խնամում եմ այն, այն ուժեղանում է, այն կանի շատ բաներ: Բայց, եթե ես դնեմ այն վիրակապի մեջ և ոչինչ չանեմ, այն կթուլանա, անօգտակար կդառնա և նույնը կլինի ձեզ հետ: Եթե դուք ընդունեք ամեն հնարավորություն, եթե դուք ընդունեք ամեն կոչում, Տերը հնարավոր կդարձնի ձեզ համար կատարելու դա: Եկեղեցին չի խնդրի ձեզ անել որևէ բան, որը դուք չկարողանաք անել Տիրոջ օգնությամբ:14
Սա է իմ աղոթքը մեզ բոլորիս համար. «Տեր, մեծացրու մեր հավատքը» [տես Ղուկաս 17.5]: Մեծացրու մեր հավատքը կամրջելու անվստահության և կասկածանքի անդունդը: …
… Տեր մեծացրու մեր հավատը՝ վեր բարձրանալու Քո այս մեծ և սուրբ աշխատանքի թույլ զրպարտիչներից: Զորացրու մեր կամքը: Օգնիր մեզ կառուցել և ընդարձակել Քո արքայությունը համաձայն Քո մեծ մանդատի, որպեսզի այս ավետարանը կարողանա քարոզվել ողջ աշխարհում, որպես վկայություն բոլոր ազգերին: …
… Շնորհիր մեզ հավատք՝ նայելու պահի խնդիրներից այն կողմ, դեպի ապագայի հրաշքները: Տուր մեզ հավատք՝ վճարելու մեր տասանորդներն ու նվիրատվությունները և դնելու մեր վստահությունը Քո՝ Ամենազորի վրա, բացելու երկնքի պատուհանները, ինչպես որ Դու ես խոստացել: Տուր մեզ հավատք՝ անելու այն, ինչ ճիշտ է, և թողնելու, որ հետևանքը հաջորդի:
Շնորհիր մեզ հավատք, երբ ձախորդության փոթորիկները հարվածեն մեզ՝ վայր գցելով և մեզ հողին հավասարեցնելով: Հիվանդության ժամանակ թող մեր վստահությունն ուժեղանա քահանայության զորություններով: Թող որ մենք հետևենք Հակոբոսի խորհրդին.
«Եթէ ձեզանից մէկը հիւանդ է, թող եկեղեցու երէցներին կանչէ, որ նորա վերայ ողօթք անեն, նորան իւղով օծեն Տիրոջ անունովը.
«Եւ հաւատքով աղօթքը կփրկէ այն հիւանդին, եւ Տէրը վեր կկացնէ նորան» (Հակոբոս 5.14–15, շեղագիրն ավելացված է): …
Տեր, երբ մենք քայլում ենք ստվերի և մահվան հովտում, տուր մեզ հավատք՝ ժպտալու մեր արցունքների միջից, գիտենալով, որ դա սիրող Հոր երկնային ծրագրի մասն է, որ երբ մենք անցնում ենք այս կյանքի շեմից, մենք մտնում ենք մեկ ուրիշը՝ ավելը փառահեղը, և որ Աստծո Որդու քավության միջոցով բոլորը կբարձրանան գերեզմանից, իսկ հավատարիմները կգնան դեպի վեհացում:
Տուր մեզ հավատք հետամուտ լինելու մահացածների փրկագնման աշխատանքին, որպեսզի Քո հավերժական նպատակները կարողանան իրագործվել Քո որդիների և դուստրերի համար՝ բոլոր սերունդներում:
Հայր, շնորհիր մեզ հավատք հետևելու խորհրդի փոքր բաներում, որոնք կարող են նշանակել այնքան շատ բան: …
Տեր, մեծացրու մեր հավատքը միմյանց հանդեպ և ինքներս մեր հանդեպ և մեր կարողությունը՝ կատարելու բարի և մեծ գործեր: …
Հայր մեծացրու մեր հավատքը: Մեր բոլոր կարիքներից, կարծում եմ, մեծագույնը մեր հավատքը մեծացնելն է: Եվ այսպիսով, սիրելի Հայր, մեծացրու մեր հավատքը Քո հանդեպ և Քո Սիրելի Որդու հանդեպ, Քո հավերժական մեծ աշխատանքի, ինքներս մեր հանդեպ որպես Քո զավակներ և մեծացրու մեր կարողությունը՝ գնալու և անելու համաձայն Քո կամքի և Քո պատվիրանների, ես խոնարհաբար աղոթում եմ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:15
Առաջարկներ ոսումնասիրության և ուսուցման համար
Հարցեր
-
Նախագահ Հինքլին ուսուցանել է, որ հավատքն առ Աստված «այն մեծ շարժող ուժն է, որը կարող է փոխել մեր կյանքը» (բաժին 1): Ինչպիսի՞ փորձառություններ են օգնել ձեզ ավելի լավ ճանաչել հավատքի ուժը: Ինչպե՞ս եք տեսել, որ երբ «մենք հասնում ենք անհայտին, … հավատքն է լուսավորում ճամփան»:
-
Ի՞նչ կարող ենք սովորել 2-րդ բաժնից, Եկեղեցու զորության աղբյուրի մասին: Ինչպե՞ս են հավատքն ու զոհաբերությունը առնչվում միմյանց հետ։ Խորհեք, թե ինչպես կարող եք հետևել Նախագահ Հինքլիի «առաջ տարեք այս աշխատանքը ողջ աշխարհում» կոչին:
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ հավատքը զորություն ունի օգնելու մեզ փորձության ժամանակ»: (Տես բաժին 3:) Ինչպե՞ս է հավատքն օգնել ձեզ վախից վեր բարձրանալ: Ե՞րբ է հավատքն օգնել ձեզ մյուս խոչընդոտներից վեր բարձրանալ:
-
Վերանայեք Նախագահ Հինքլիի ուսմունքները բաժին 4-ում: Այս աղոթքում ո՞ր բառերը հատուկ իմաստ ունեն ձեզ համար: Ինչպե՞ս կարող է հավատքն օգնել մեզ հաղթահարել անվստահությունն ու կասկածը: Ինչպե՞ս կարող է հավատքն օգնել նայել խնդիրներից այն կողմ և տեսնել հրաշքներ:
Առնչվող սուրբ գրություններ
Հովհաննես 14.12–14, Հռովմայեցիս 5.1–5, 2 Նեփի 26.12–13, Մորոնի 7.33–38, ՎևՈւ 27.16–18
Օգնություն ուսուցչին
«Երբ կանոնավոր ու ջանասիրաբար ուսումնասիրում ենք սուրբ գրությունները և լրջորեն որոնում առաջնորդություն Հոգուց, մենք ընկալունակ ենք դառնում լուսավորվելու նրա վերաբերյալ, թե ինչպես պատրաստենք դասերը: Մենք նաև պատրաստ կլինենք ուսուցանելիս ստանալ և հետևել Հոգու հուշումներին»: (Ուսուցում, չկա ավելի մեծ կոչում [1999], 14):