Գլուխ 4
Ռահվիրաների հավատքի և զոհաբերության ժառանգությունը
«Արդյոք դուք ունեք ռահվիրա նախահայրեր, թե եկել եք Եկեղեցի միայն երեկ, դուք այս ողջ սքանչելի պատկերի մասն եք կազմում, որի մասին երազել են այդ տղամարդիկ և կանայք: … Նրանք դրեցին հիմքը: Մեր պարտականությունն է կառուցել դրա վրա»։
Գորդոն Բ. Հինքլիի կյանքից
Քլամբոս Օհայո Տաճարի նվիրագործման ժամանակ Նախագահ Գորդոն Բ. Հինքլին անդրադարձավ իր ռահվիրա նախնիներին: Նա հետագայում վերհիշում է.
Երբ ես նստած էի սելեստիալ սենյակում, ես մտածեցի պապիկիս հոր մասին: … Ես վերջերս էի այցելել նրա գերեզմանին Կանադայում՝ հենց Նյու Յորքի հյուսիսային սահմանագծի մոտ: Նա մահացել էր 38 տարեկանում:
Երբ Նախագահ Հինքլիի նախապապը մահացավ, նրա որդի Իրան, ով դառնալու էր Նախագահ Հինքլիի պապը, դեռ երեք տարեկան չկար: Իրայի մայրը շուտով կրկին ամուսնացավ և մի քանի տարի հետո տեղափոխվեց Օհայո, այն ժամանակ Իլլինոյս: Նա մահացավ 1842 թվականին, որբ թողնելով Իրային 13 տարեկանում: Շարունակելով այս պատմությունը, Նախագահ Հինքլին ասել է.
«Իմ պապիկը [Իրա Հինքլին] մկրտվեց Նավուում և … հետագայում կտրեց անցավ տափաստանները [ռահվիրաների] գաղթի ժամանակ: 1850 թվի այդ ճանապարհորդության ժամանակ Իրայի «երիտասարդ կինը և նրա [խորթ եղբայրը] մահացան նույն օրը: Նա սարքեց անտաշ փայտից դագաղներ և թաղեց նրանց, ապա վերցրեց իր փոքր երեխային և տարավ նրան [Սոլթ Լեյքի] հովիտ:
Բրիգամ Յանգի խնդրանքով նա կառուցեց Քով Ֆորտը, դարձավ Ֆիլմորի [Յուտա] առաջին ցցի նախագահը և բազում այլ գործեր արեց այս աշխատանքն առաջ տանելու համար:
Հետո գալիս է հայրս: … Նա դարձավ ավելի քան 15000 անդամությամբ Եկեղեցու ամենամեծ ծխի նախագահը:
Նախագահ Հինքլիի խոհերը շուտով իր նախնիներից դարձան դեպի իր սերունդը: Նա շարունակել է.
«Երբ նստած էի տաճարում, անդրադառնալով այս երեք մարդկանց կյանքին, մտածեցի իմ դստեր, իմ թոռնուհու և նրա երեխաների՝ իմ ծոռների մասին: Ես հանկարծ հասկացա, որ ես կանգնած էի այս յոթ սերունդների հենց մեջտեղում՝ երեք սերունդ` ինձանից առաջ և երեք սերունդ` ինձանից հետո:
Այդ սրբազան և նվիրագործված տանը վիթխարի պատասխանատվության մի զգացում պատեց ինձ, որ ես պիտի փոխանցեի այն ամենը, ինչ ստացել էի որպես ժառանգություն իմ նախնիներից այն սերունդներին, ովքեր արդեն եկել էին ինձանից հետո»:1
Բացի երախտագիտություն հայտնելուց իր ռահվիրա նախնիների և Վերջին Օրերի Սուրբ ռահվիրաների ժառանգության համար, Նախագահ Հինքլին հաճախ շեշտում էր, որ Եկեղեցու անդամները ողջ աշխարհում ռահվիրաներ են այսօր: 1997 թվականին նա ասաց Գվատեմալայի Սրբերին. «Այս տարի մենք նշում ենք Մորմոն ռահվիրաների Սոլթ Լեյքի հովիտ ժամանելու 150-ամյակը: Նրանք երկար ճանապարհ անցան կառքերով և ձեռնասայլերով: Նրանք ռահվիրաներ էին: Բայց ռահվիրա լինելը անընդհատ շարունակվում է առաջ ընթանալ: Ամբողջ աշխարհում մենք ունենք ռահվիրաներ և դուք այդ ռահվիրաների շարքում եք»:2 Թաիլանդի Սրբերին նա հայտարարեց. «Դուք ռահվիրաներ եք՝ առաջ տանելով Տիրոջ աշխատանքը այս հիանալի ազգի մեջ»:3 Երբ այցելեց Ուկրաինա 2002 թվականին, նա նույնանման խոսքեր արտահայտեց. «Եկեղեցին ունեցել է իր ռահվիրաները վաղ օրերում, իսկ դուք ռահվիրաներ եք այս ժամանակաշրջանում»:4
Երբ Նախագահ Հինքին խոսեց, նա ավելի շատ կենտրոնացավ ներկայիս ռահվիրաների վրա, քան վաղ շրջանի ռահվիրաների վրա:: Նա նայեց դեպի ապագան, հուսալով, որ այդ Սրբերի հավատքը և զոհաբերությունները «կդառնային պարտադրող դրդապատճառ մեզանից յուրաքանչյուրի համար, քանի որ մեզանից յուրաքանչյուրը հաճախ ռահվիրա է իր իսկ ընտանիքում»:5
Գորդոն Բ. Հինքլիի ուսմունքները
1
Աստծո զորության հանդեպ հեռանկարով, աշխատանքով և վստահությամբ Վերջին Օրերի Սուրբ վաղ շրջանի ռահվիրաները իրենց հավատքը դարձրին իրականություն:
Հավատքի միջոցով էր, որ վաղ նորադարձների մի փոքրիկ խումբ [Միացյալ Նահանգների արևելյան մասից] տեղափոխվեց Նյու Յորքից Օհայո, Օհայոյից Միսսուրի և Միսսուրիից դեպի Իլլինոյս՝ որոնելով խաղաղություն և ազատություն՝ երկրպագելու Աստծուն համաձայն իրենց խղճի թելադրանքի:
Հավատքի աչքով էր, որ նրանք տեսան մի գեղեցիկ քաղաք [Նավուն], երբ առաջին անգամ նրանք քայլելով անցան Իլլինոյսի Քոմմերսի ճահիճները: Համոզմունքով, որ հավատքն առանց գործերի մեռած է, նրանք չորացրին այդ ճահճահողը, նախագծեցին քաղաք, հիմնավոր տներ կառուցեցին երկրպագության ու կրթության համար և պսակադրեցին այդ ամենը մի հիասքանչ տաճարով, որն այդ ժամանակ ամենահիանալի շենքն էր ողջ Իլլինոյսում:
…[Շուտով հետևեց] հալածանքը պիղծ և արյունարբու ավազակների կողմից: Նրանց մարգարեն սպանված էր: Նրանց երազանքները կործանված էին: Կրկին հավատքով նրանք միավորվեցին այն օրինակի համաձայն, որ նա նախօրոք գծել էր և կազմակերպել ևս մեկ ելիցի համար:
Արցունքներով և մղկտացող սրտերով նրանք թողեցին իրենց հարմարավետ տները և արհեստանոցները: Նրանք ետ նայեցին իրենց սրբազան տաճարին, իսկ հետո հավատքով իրենց աչքերը հառեցին դեպի Արևմուտք, դեպի անհայտը և քարտեզի վրա չնշված մի վայր, և մինչ ձմռան ձյուները տեղում էին նրանց վրա, նրանք անցան Միսիսիպի [գետը] 1846 թվականի փետրվարին և իրենց ցեխոտ ճանապարհը հարթեցին Այովայի տափաստաններով:
Հավատքով նրանք հիմնադրեցին Ուինթեր Քվորթերսը Միսսուրի գետի վրա: Հարյուրավոր մարդիկ մահացան, երբ համաճարակ սկսվեց, դիզինտերիան և սև ժանտախտը հնձեց նրանց: Բայց հավատքը պահպանեց նրանց, ովքեր դիմացան: Նրանք թաղեցին իրենց սիրելիներին գետի վերևում գտնվող բարձունքում և 1847թվականի գարնանը ճանապարհ ընկան … դեպի արևմուտքում գտնվող լեռները:
Հավատքով էր, որ Բրիգամ Յանգը նայեց [Սոլթ Լեյքի] հովտին, որտեղ այն ժամանակ շոգ էր, հողն անբերրի և հայտարարեց. «Սա է տեղը»: Չորս օր անց կրկին հավատքով , նա իր ձեռնափայտով հպվեց գետնին … և ասաց. «Այստեղ կլինի մեր Աստծո տաճարը»: Սքանչելի և սրբազան [Սոլթ Լեյքի Տաճարը] վկայությունն է հավատքի ոչ միայն նրանց, ովքեր կառուցել են այն, այլև նրանց, ովքեր այժմ օգտագործում են այն՝ սիրո մեծ անձնազոհ աշխատանքի համար:
Պողոսը գրել է եբրայեցիներին .«Հավատքն էլ յուսացած բաների հաստատութիւնը՝ եւ չերեւացող բաների ապացոյցն է:» (Եբր. 11.1:) Բոլոր մեծ նվաճումները, որոնց մասին ես խոսել եմ մի ժամանակ, ընդամենը «հավատքն էլ յուսացած բաների հաստատութիւնը՝ եւ չերեւացող բաների ապացոյցն է»: Բայց Աստծո զորության հանդեպ հեռանկարով, աշխատանքով և վստահությամբ գործելով, Վերջին Օրերի Սուրբ վաղ ռահվիրաները իրենց հավատքը դարձրին իրականություն:6
Ուժը, որն առաջ էր մղում մեր ավետարանի նախնիներին առ Աստված, հավատքի ուժն էր: Այդ նույն ուժն էր, որը հնարավոր դարձրեց ելիցը Եգիպտոսից, անցումը Կարմիր ծովի միջով, երկար ճանապարհորդությունը անապատի միջով և Իսրայելի հաստատումը Խոստացված Երկրում: …
Մենք կենդանի Աստծո և Նրա կենդանի, հարություն առած Որդու հանդեպ այնքան շատ, այնքան սաստիկ բոցկլտացող այդ հավատքի կարիքն ունենք, քանզի սա էր մեծ, մեր ավետարանի նախահայրերի առաջ մղող հավատքը:
Նրանցն էր անսահման և բոլոր մյուս նկատառումները գերակշռողկանխատեսությունը: Երբ նրանք եկան արևմուտք, նրանք հազարավոր հոգնեցուցիչ մղոններ [1600 կիլոմետր] հեռու էին դեպի արևելք գտնվող ամենամոտիկ բնակավայրերից և ութ հարյուր մղոն [1300 կիլոմետր] դեպի արևմուտք գտնվողներից: Աստծուն՝ իրենց Հավերժական Հորը, ում նրանք կարող էին նայել հավատքով, անհատապես և անձնապես ճանաչելու վրա էր նրանց ուժի բուն էությունը: Նրանք հավատում էին սուրբ գրքյան այդ մեծ մանդատին. «Նայիր առ Աստված և ապրիր»: (Ալմա 37․47:) Հավատքով նրանք ձգտում էին կատարել Նրա կամքը: Հավատքով նրանք կարդում էին և ընդունում աստվածային ուսուցում: Հավատքով էին նրանք տքնում, մինչև որ ընկնում էին, միշտ այն համոզմունքով, որ Նրան, ով իրենց Հայրն էր և Իրենց Աստվածը, հաշիվ պետք է տային:7
Մեր ետևում է մի փառահեղ պատմություն: Այն գեղազարդված է հերոսականությամբ, սկզբունքի հանդեպ հաստատակամությամբ և չթուլացող նվիրվածությամբ: Դա հավատքի արդյունքն էր: Մեր առջևում է մեծ ապագան: Այն այսօր է սկսվում: Մենք չենք կարող կանգ առնել: Մենք չենք կարող դանդաղել: Մենք չենք կարող թուլացնել մեր քայլվածքը կամ կարճացնել մեր քայլերը:8
2
Վաղեմի Վերջին Օրերի ռահվիրաները նայում էին դեպի ապագան Սիոնի մասին մեծ երազանքով:
Պատշաճ է, որ մենք կանգ առնենք հարգանքի ակնածալից տուրք մատուցելու նրանց, ովքեր դրեցին այս վիթխարի աշխատանքի հիմքը: … Նրանց կարևոր նպատակն էր Սիոնը [տես ՎևՈւ 97.21, Մովսես 7.18]: Նրանք երգում էին այդ մասին: Նրանք երազում էին այդ մասին: Դա էր նրանց մեծ հույսը: Նրանց պատմական ճանապարհորդությունը պետք է հավերժ կանգուն մնա որպես անզուգական ձեռնարկում: Տասնյակ հազարավորների շարժումը դեպի արևմուտք ուղեկցվում էր բոլոր հնարավոր խոչընդոտներով, ներառյալ՝ մահը, որի մռայլ իրականությանը ծանոթ էին կառքերի ամեն քարավանում և ձեռնասայլերի ամեն ընկերությունում:
Ես ակնածալից հարգանքով եմ լցված Բրիգամ Յանգի հանդեպ: Նա տեսավ Սոլթ Լեյքի հովիտը տեսիլքով, նախքան իր սեփական աչքերով այն կտեսներ: Այլապես ես կասկածում եմ, որ նա երբևէ կկանգներ այստեղ: Կալիֆորնիայում և Օրեգանում ավելի կանաչ տարածքներ կային: Այլ տեղերում կային ավելի խորը և ավելի հարուստ հողեր: Այլ վայրերում կային անտառանյութի հսկայական տարածքներ , ավելի շատ և ավելի կայուն ու հաճելի կլիմայական պայմաններ:
Ճիշտ է, այստեղ կային լեռնային վտակներ, բայց դրանցից ոչ մեկը շատ մեծ չէր: Հողը բացարձակապես մշակված չէր: Ոչ մի գութան երբևէ չէր վարել դրա արևախանձ մակերեսը: Ես ուղղակի զարմանում եմ, որ Նախագահ Յանգը կառաջնորդեր մի մեծ խումբ … մի տեղ, որտեղ երբեք նախկինում չէր եղել սերմնացան և բերքահավաք: …
Այդ ռահվիրաները ճանապարհորդությունից հոգեմաշ էին: Այն տևել էր 111 օր՝ նրանց Ուինթեր Քվորթերսից Սոլթ Լեյքի հովիտ բերելու համար: Նրանք հոգնած էին: Նրանց հագուստները մաշված էին: Նրանց անասունները՝ ուժասպառ եղած: Հուլիսյան շոգ և չոր եղանակ էր: Բայց ահա նրանք այստեղ էին՝ տարիների հեռվից նայելով և երազելով մի հազարամյա երազ՝ մի մեծ երազանք Սիոնի մասին:9
Օրերս ես կանգնած էի Անգլիայում` Լիվերպուլի հին նավահանգստում: Ուրբաթ առավոտյան, երբ մենք այնտեղ էինք, փաստորեն ոչ մի իրարանցում չկար: Բայց կար ժամանակ` դա մի իսկական փեթակ էր: 1800-ականներին մեր մարդկանցից տասնյակ հազարավորներ քայլել են նույն սալահատակով, որի վրայով մենք քայլեցինք: Նրանք եկան Բրիտանական կղզիներից և Եվրոպայի երկրներից, ովքեր նորադարձներ էին Եկեղեցում: Նրանք եկան վկայությունն իրենց շուրթերին և հավատքն իրենց սրտերում: Արդյոք դժվա՞ր էր նրանց համար թողնել իրենց տները և քայլ կատարել դեպի մի նոր աշխարհի անհայտությունը: Իհարկե, դժվար էր: Սակայն նրանք արեցին դա լավատեսությամբ և խանդավառությամբ: Նրանք նավեր նստեցին: Նրանք գիտեին, որ անցումը, լավագույն դեպքում, վտանգավոր էր: Նրանք շուտով պարզեցին, որ մեծամասամբ այն ողորմելի էր: Նրանք ապրում էին նեղվածքի մեջ շաբաթ շաբաթի ետևից: Նրանք դիմացան փոթորիկներին, հիվանդություններին, սրտխառնոցին: Շատերը մահացան ճանապարհին և թաղվեցին ծովում: Դա լարված և զարհուրելի ճանապարհորդություն էր: Այո, նրանք կասկածներ ունեին: Բայց նրանց հավատքը բարձրացավ այդ կասկածներից վեր: Նրանց լավատեսությունը բարձրացավ նրանց երկյուղներից վեր: Նրանք ունեին Սիոնի մասին իրենց երազանքը, և նրանք գտնվում էին այն իրականացնելու ճանապարհին:10
3
«Ուիլլի և Մարտին ընկերության» ձեռնասայլերով ռահվիրաների փրկությունը խոսում է Հիսուս Քրիստոսի ավետարանի բուն էության մասին:
Ես ետ եմ տանում ձեզ դեպի …1856 թվականի հոկտեմբերը: Շաբաթ օրը [հոկտեմբերի 4-ին] Ֆրանկլին Դ. Ռիչարդսը և մի քանի ընկերակիցներ ժամանեցին [Սոլթ Լեյքի] հովիտ: Նրանք ճանապարհորդել էին Ուինթեր Քվուորթերսից ուժեղ խմբերով և թեթև կառքերով և կարողացել էին ճիշտժամանակին հասնել: Եղբայր Ռիչարդսն անմիջապես փնտրեց և գտավ Նախագահ Յանգին: Նա հաղորդեց, որ հարյուրավոր տղամարդիկ, կանայք և երեխաներ ցրված էին այդ երկար ճանապարհի երկայնքով … դեպի [Սոլթ Լեյքի] հովիտ: Նրանցից մեծ մասը ձեռնասայլեր էին հրում: … Նրանց առջևում ընկած էր մի ճանապարհ, որը բարձրանում էր բլուրն ի վեր, դեպի մայրցամաքային ջրաբաժանը, շատ-շատ մղոններ էլ` դրանից այն կողմ: Նրանք հուսահատ վիճակում էին: … Նրանք բոլորը կոչնչանային, եթե նրանց փրկելու չգնային:
Կարծում եմ, Նախագահ Յանգը չքնեց այդ գիշերը: Կարծում եմ, այդ թշվառ… մարդկանց տեսապատկերը անընդհատ անցնում էր նրա մտքով:
Հաջորդ առավոտ նա … ասաց մարդկանց.
«Ես այժմ այս ժողովրդին կտամ թեման և տեքստը Երեցների համար, ովքեր կարող են խոսել: … Ահա այն: …Մեր եղբայրներից և քույրերից շատերը ձեռնասայլակներով գտնվում են տափաստաններում և հավանաբար, շատերն այժմ գտնվում են 700 մղոն [շուրջ 1100 կիլոմետր] հեռու այստեղից և նրանց պետք է բերել այստեղ, մենք պետք է օգնություն ուղարկենք նրանց։ Տեքստն է. «նրանց այստեղ հասցնել»:
Սա է իմ կրոնը, սա է ինձ հետ գտնվող Սուրբ Հոգու թելադրանքը, որ ես ունեմ: Պետք է փրկել մարդկանց:
Այսօր ես կոչ եմ անում եպիսկոպոսներին: Ես չեմ սպասի մինչև վաղը, ոչ էլ մյուս օրը, պետք են 60 լավ ջորիներ և 12 կամ 15 կառքեր: Ես չեմ ուզում ուղարկել եզներ: Ես ուզում եմ լավ ձիեր և ջորիներ: Նրանք այս տարածքում են, և մենք պետք է ունենանք դրանք: Նաև 12 տոննա ալյուր և 40 լավ կառապաններ, բացի նրանցից, ովքեր կառավարում են թիմերը:
Ես ասում եմ ձեզ, որ ձեր ողջ հավատքը, կրոնը և կրոնի գործադրումը, ձեր հոգիներից և ոչ մեկը չեն փրկվի մեր Աստծո սելեստիալ արքայության մեջ, եթե դուք չկիրառեք այդ նույն սկզբունքները, որոնք այժմ ես ուսուցանում եմ ձեզ։ Այժմ գնացեք և բերեք այն մարդկանց ովքեր տափաստաններում են» (in LeRoy R. Hafen and Ann W. Hafen, Handcarts to Zion [1960], 120–21):
Այդ օրը կեսօրին մեծ քանակությամբ սպիտակեղեն և հագուստ հավաքվեց կանանց կողմից:
Հաջորդ առավոտ ձիերը պայտվեցին և կառքերը վերանորոգվեցին ու բարձվեցին:
Հաջորդ առավոտ, երեքշաբթի օրը, 16 լծված ջորիներ դուրս եկան և ուղղվեցին դեպի արևելք: Հոկտեմբերի վերջին օգնություն հասցնող 250 անձնակազմեր կային ճանապարհին:11
Երբ փրկարարները հասան պաշարված Սրբերին, նրանք նման էին երկնքից իջած հրեշտակների: Ժողովուրդն արտասվում էր երախատագիտության արցունքներ թափելով: Ձեռնասայլակներով մարդիկ տեղափոխվեցին կառքեր, որպեսզի ավելի արագ ճանապարհորդեին Սոլթ Լեյքի համայնք:
Մոտ երկու հարյուր մարդ մահացան, բայց հազար հոգի փրկվեցին:12
[Այդ] պաշարված Սրբերի և նրանց տառապանքների և մահվան մասին պատմությունները նորից կկրկնվեն: … Նրանց փրկության մասին պատմությունները պետք է կրկնվեն նորից ու նորից: Դրանք խոսում են Հիսուս Քրիստոսի ավետարանի բուն էության մասին:
… Ես շնորհակալ եմ, որ մենք չունենք ձյան ծանծաղուտի մեջ խրված ցրտահարված և մահացող եղբայրներ և քույրեր, ովքեր փորձում էին հասնել … իրենց Սիոնին լեռներում: Բայց կան մարդիկ, ոչ քիչ, ում հանգամանքները հուսահատեցնող են, և ովքեր աղաղակում են օգնության և մխիթարության համար:
Այնքան շատ մարդիկ կան ովքեր սոված են և չքավոր այս աշխարհում, ովքեր օգնության կարիք ունեն: Ես երախտապարտ եմ, որ կարող եմ ասել, որ մենք շատերին ենք օգնում, ովքեր մեր հավատքից չեն, բայց ում կարիքները լուրջ են, և ում մենք ունենք ռեսուրսներ օգնելու: Բայց պետք չէ, որ գնանք այդքան հեռու: «Մեզանից ոմանք աղաղակում են ցավից ու տառապանքից, մենակությունից ու վախից: Մեր մեծ ու սուրբ պարտականությունն է հասնել ու օգնել, բարձրացնել նրանց, կերակրել նրանց, եթե քաղցած են, սնուցել նրանց հոգիները, եթե նրանք ծարավ են ճշմարտության և արդարության:
Կան այնքան շատ երիտասարդներ, ովքեր թափառում են աննպատակ և քայլում թմրադեղերի, բանդաների, անբարոյականության ու արատների ողբերգական արահետում և ամեն տեսակի հիվանդություններով, որոնք ուղեկցում են այս բաներին: Կան այրիներ, ովքեր կարոտ են ընկերական ձայների և անհանգիստ մտահոգված հոգու ձայնին, որը խոսում է սիրո մասին: … Կան մարդիկ, ովքեր մի ժամանակ ջերմ հավատք ունեին, բայց նրանց հավատը սառել է: Նրանցից շատերը ցանկանում են վերադառնալ, բայց չգիտեն, թե ինչպես անել այդ: Նրանք սիրալիր ձեռքերի կարիք ունեն, որոնք օգնության կհասնեն իրենց: Քիչ ջանքերի շնորհիվ նրանցից շատերը կարող են կրկին ետ բերվել Տիրոջ սեղանի մոտ խնջույքի:
Իմ եղբայրներ և քույրեր, ես հույս եմ տածում, աղոթում եմ, որ մեզանից յուրաքանչյուրը … կորոշի փնտրել նրանց, ովքեր օգնության կարիք ունեն, ովքեր հուսահատության և դժվար իրավիճակում են և սիրո ոգով կբերի նրանց Եկեղեցու ջերմ միջավայր, որտեղ ամուր ձեռքներն ու սիրող սրտերը կջերմացնեն, կսփոփեն, կաջակցեն նրանց և կդնեն դեպի երջանիկ ու բեղմնավոր կյանք տանող ուղու վրա:13
4
Մեզանից յուրաքանչյուրը ռահվիրա է:
Լավ է նայել դեպի անցյալը` ձեռք բերելու գնահատանք ներկայի համար և հեռանկար` ապագայի համար: Լավ է նայել նրանց առաքինություններին, ովքեր գնացել են նախկինում, ձեռք բերելու ուժ նրա համար, ինչ սպասվում է առջևում: Լավ է մտածել նրանց աշխատանքի մասին, ովքեր այնքան տքնաջան են աշխատել և ձեռք բերել այնքան քիչ այս աշխարհում, բայց որոնց երազանքներից և վաղ ծրագրերից, այնքան լավ դաստիարակված, առաջացել է մեծ բերքահավաք, որի շահառուներն ենք մենք: Նրանց վիթխարի օրինակը կարող է դառնալ համոզիչ դրդապատճառ մեզ բոլորիս համար, քանի որ մեզանից յուրաքանչյուրը ռահվիրա է իր իսկ կյանքում և մեզանից շատերը ռահվիրա են ամեն օր՝ փորձելով հաստատել ավետարանական մի հենակետ աշխարհի հեռավոր մասերում:14
Մենք դեռ ռահվիրաներ ենք: Մենք երբեք չենք դադարել ռահվիրա լինելուց այն ժամանակից ի վեր, … երբ մեր մարդիկ թողեցին Նավուն և եկան … ի վերջո Մեծ Սոլթ Լեյքի հովիտը: Դրանում արկած կար: Բայց դրա նպատակն էր գտնել մի տեղ, որտեղ նրանք կկարողանային հիմնվել և երկրպագել Աստծուն համաձայն խղճի թելադրանքի: …
Այժմ, մենք դեռ օգնության ենք հասնում ողջ աշխարհում այն վայրերին, որոնք [մի ժամանակ], հազիվ թե հնարավոր լիներ մատչելի համարել: … Ես անձնապես ականատես եմ եղել Եկեղեցու աճին Ֆիլիպիններում: Ես արտոնությւոն եմ ունեցել միսիոներական աշխատանք բացել այնտեղ 1961թվականին, երբ կարողացանք գտնել մի տեղացի ֆիլիպինցի Եկեղեցու անդամ մի ժողովում, որը մենք կազմակերպեցինք 1961թվականի մայիսին: [1996 թվականին] մենք Մանիլայում էինք և ունեցանք … մոտ 35000 հոգուց բաղկացած հավաքույթ այդ մեծ Արանեթա Կոլիզեումում: … Ինձ համար դա հրաշք է այն ժամանակից, երբ բացեցինք աշխատանքը Ֆիլիպինների այդ մեծ երկրում [տես էջեր 29–30-ը ավելի շատ բան իմանալու այս փորձառության մասին]:
Մենք օգնության ենք հասնում ամենուրեք, իսկ դա պահանջում է ռահվիրա լինել: Մեր միսիոներները չեն ապրում լավագույն պայմաններում, երբ նրանք գնում են այս տարածքներից մի քանիսը, բայց նրանք առաջ են գնում և կատարում իրենց աշխատանքը և այն պտուղ է տալիս: Ոչ շատ առաջ մենք ունեինք մի բուռ անդամներ, ապա հարյուր անդամ, իսկ հետո հինգ հարյուր անդամ, իսկ հետո հազար անդամ: 15
Եկեղեցում ռահվիրա լինելու օրերը դեռ մեզ հետ են, դրանք չեն վերջացել ծածկված կառքերով և ձեռնասայլերով: … Միսիոներների շարքերում գտնվում են ռահվիրաներ, ովքեր ուսուցանում են ավետարանը, և դրանք գտնվում են նորադարձների մեջ, ովքեր գալիս են Եկեղեցի: Դա սովորաբար դժվար է նրանցից յուրաքանչյուրի համար: Այն անշուշտ ներառում է զոհաբերություն: Այն կարող է ներառել հալածանքներ: Բայց սրանք գին են, որոնք հոժարակամությամբ կրում են և արժեքը, որը վճարվում է, նույնքան իրական է, ինչպես նրանց արժեքը, ովքեր կտրեցին անցան տափաստանները ռահվիրաների իրենց մեծ ջանքերում ավելի քան մեկ դար առաջ:16
Անկախ նրանից դուք ռահվիրա նախահայրեր եք ունեցել, թե եկել եք Եկեղեցի միայն երեկ, դուք այս ողջ սքանչելի պատկերի մասն եք կազմում, որի մասին երազել են այդ տղամարդիկ և կանայք: Նրանցը վիթխարի նախաձեռնություն էր: Մերը` շարունակվող մեծ պատասխանատվություն: Նրանք դրեցին հիմքը: Մեր պարտականությունն է կառուցել դրա վրա:
Նրանք նշեցին ուղին և ցույց տվեցին ճանապարհը։ Մերն է պարտավորությունը` ընդարձակել, լայնացնել ու զորացնել այդ ուղին, մինչև այն պարուրի ողջ աշխարհը: … Հավատքը առաջնորդող սկզբունք էր այն դժվարին օրերին: Հավատքը առաջնորդող սկզբունք է, որին մենք պետք է հետևենք այսօր:17
5
Մենք հարգում ենք այդ ռահվիրաների զոհաբերություններն ու ժառանգությունը՝ հետևելով նրանց օրինակին և կառուցելով նրանց հիմքի վրա:
Ինչպիսի սքանչելի բան է ունենալ մեծ ժառանգություն, իմ եղբայրներ և քույրեր: Ինչ մեծ բան է իմանալ, որ կան այնպիսիք, ովքեր գնացել են առջևից և բացել են ուղին, որով մենք պետք է քայլենք, ուսուցանելով այն մեծ հավերժական սկզբունքները, որոնք պետք է լինեն առաջնորդող աստղեր մեր կյանքում և նրանց կյանքում, ովքեր կգան մեզանից հետո: Մենք այսօր կարող ենք հետևել նրանց օրինակին: Ռահվիրաները մեծ հավատքի, վիթխարի հավատարմության, աներևակայելի աշխատասիրության և բացարձակ ամուր ու անկոտրում ազնվության տեր մարդիկ էին:18
«Մենք այսօր կանգնած ենք որպես [ռահվիրաների] մեծ ջանքերի ստացողներ: Հուսով եմ, որ մենք շնորհակալ ենք դրա համար։ Հուսով եմ, որ մենք մեր սրտում խորը երախտագիտություն ենք զգում այն ամենի համար, որ նրանք արել են մեզ համար։
… Ինչպես նրանցից էին մեծ բաներ սպասվում, այդպես էլ սպասվում են մեզանից: Նրանց արած գործերը համեմատելի էին իրենց ունեցածի հետ: Մենք ունենք շատ ավելին, որ մեծ մարտահրավերով առաջ գնանք և Աստծո թագավորությունը կառուցենք: Այնքան շատ բան կա անելու: Մենք ունենք ավետարանը ամեն ազգի, ցեղի, լեզվի և ժողովրդի տանելու աստվածային մանդատ: Մենք պարտավորություն ունենք ուսուցանելու և մկրտելու Տեր Հիսուս Քրիստոսի անունով: Հարություն առած Փրկիչն ասել է. «Գնացեք բոլոր աշխարհք, ավետարանը քարոզեցեք ամեն արարածի» [Մարկոս 16.15]: …
Մեր նախնիները դրել են ամուր և սքանչելի հիմք: Այժմ մենք ունենք մեծ հնարավորություն կառուցելու մի վերնաշենք, ամբողջությամբ պատշաճորեն հարմարեցված միմյանց հետ, որի գլխավոր անկյունաքարը Քրիստոսն է:19
Դուք բոլոր [ռահվիրաների] պլանավորման և բոլոր նրանց աշխատանքների պտուղն եք: Ի՜նչ հրաշալի ժողովուրդ էին նրանք: Ողջ պատմության մեջ նրանց նախաձեռնության նմանը չկա: …Թող Աստված օրհնի նրանց հիշատակը մեզ համար ի բարին։ Երբ ուղին դժվարին է թվում, երբ մենք հուսալքված ենք` մտածելով, որ ամեն ինչ կորած է, մենք կարող ենք նայել նրանց և տեսնել, թե որքան ավելի վատ էր նրանց վիճակը: Երբ մենք մտահոգվում ենք ապագայի համար, մենք կարող ենք նայել նրանց և նրանց հավատքի մեծ օրինակին: …
Այսպիսի մեծ ժառանգությամբ մենք պետք է առաջ գնանք: Մենք երբեք չպիտի իջնենք: Մենք պետք է բարձր պահենք գլուխներս: Մենք պետք է ապրենք ազնվությամբ: Մենք պետք է «անենք այն ինչ ճիշտ է [և] թողնենք, որ արդյունքը հետևի»(“Do What Is Right,” Hymns, 1985, no. 237).20:
Առաջարկներ ուսումնասիրության և ուսուցման համար
Հարցեր
-
Ինչո՞ւ էր հավատքը կարևոր ռահվիրաների համար, ովքեր կամենում էին հավաքվել Սոլթ Լեյքի Հովտում: (Տես բաժին 1:) Ինչպե՞ս նրանք գործի դրեցին իրենց հավատքը: Ինչպե՞ս կարող ենք գործի դնել մեր հավատքը՝ օգնելու հասնել մեզ սպասվող «մեծ ապագային»:
-
Նախագահ Հինքլին ուսուցանեց, որ վաղ ռահվիրաները նայում էին դեպի ապագան, Սիոնը որպես իրենց «մեծ նպատակ», «մեծ հույս» և «երազանք» (բաժին 2): Ինչո՞ւ եք կարծում, որ սա այդպիսի հզոր շարժիչ ուժ էր վաղ ռահվիրաների համար: Ի՞նչ նմանատիպ հույսեր են դրդապատճառներ հանդիսանում մեզ համար այսօր:
-
Ի՞նչն է տպավորություն թողել ձեզ վրա «Ուիլլի և Մարտին ընկերության» ձեռնասալյակներով ռահվիրաների մասին Նախագահ Հինքլիի պատմության մեջ: (Տես բաժին 3:) Բրիգամ Յանգի կողմից փրկության կոչը ինչպե՞ս է ցույց տալիս նրա մարգարեական ոգեշնչումը: Ի՞նչ կարող ենք սովորել նրանցից, ովքեր արձագանքեցին նրա կոչին: Ի՞նչ կարող ենք անել, փրկելու և բարձրացնելու նրանց, ովքեր կարիքի մեջ են այսօր:
-
Վերադարձը դեպի անցյալ ինչպե՞ս է օգնում ձեզ «ձեռք բերել գնահատական ներկայի համար և հեռանկար ապագայի համար»: (Տես բաժին 4:) Ի՞նչ առումներով է մեզանից յուրաքանչյուրը ռահվիրա:
-
Ինչո՞ւ պիտիհարգենք վաղ ռահվիրաներին: (Տես բաժին 5:) Ի՞նչ իմաստով են Եկեղեցու բոլոր անդամներն օրհնված այդ ռահվիրաների հավատքով և զոհաբերություններով: Ինչպե՞ս կարող է վաղ շրջանի ռահվիրաների օրինակը օգնել մեզ, երբ մենք դիմակայում ենք մարտահրավերների:
Առնչվող սուրբ գրություններ
Մատ. 25.40, Եթեր 12.6–9, ՎևՈւ 64.33–34, 81.5, 97.8–9, 98.1–3
Օգնություն ուսուցչին
«Իմաստալից քննարկումները կարևոր են ավետարանի ուսուցման մեծ մասի համար: … Լավ վարվող քննարկումների միջոցով սովորողների հետաքրքրությունը և ուշադրությունը մեծանում է: Յուրաքանչյուր ներկա գտնվող կարող է քաջալերվել ակտիվորեն ներգրավված լինել ուսուցման գործընթացում: …Ուղղեք հարցեր, որոնք խրախուսում են լրջամիտ մեկնաբանությունները և օգնում մարդկանց իսկապես խորհել ավետարանի շուրջ» (Ուսուցում, չկա ավելի մեծ կոչում [1999], 63):