Գլուխ 5
Աստծո դուստրեր
«Սքանչելի է հավատքի կանանց զորությունը»:
Գորդոն Բ․ Հինքլիի կյանքից
Իր ողջ կյանքի ընթացքում Գորդոն Բ. Հինքլին տվել է իր բարձր գնահատականը կանանց կարողությունների և զոհաբերությունների վերաբերյալ: Նա արտահայտել է նաև իր ամուր վկայությունը Աստծո հավերժական ծրագրում կանանց դերի մասին: Նա հիացած էր կանանց ավելացող հնարավորություններով, ինչպես նաև Փրկիչի հանդեպ ունեցած նրանց հավատով և իրենց ընտանիքների հանդեպ ունեցած նրանց նվիրումով:
Գորդոն Բ. Հինքլիի մայրը` Ադան, խելացի, կրթված կին էր, սիրում էր գրականություն, երաժշտություն և նկարչություն: 29 տարեկանում նա ամուսնացավ այրի Բրայանթ Հինքլիի հետ և ստանձնեց նրա ութ երեխաների խնամքը, ովքեր սգում էին իրենց մոր մահը: Նա մեծացրեց նրանց սիրով, տվեց նրանց այն աջակցությունը, որի կարիքն ունեին և սովորեց կառավարել մեծ տնտեսությունը: Գորդոնը առաջինն էր հինգ երեխաներից, որոնք Ադան ու Բրայանթը համատեղ ունեցան: Չնայած Ադան մահացավ, երբ Գորդոնը 20 տարեկան էր, նրա ուսմունքներն ու օրինակը ընդմիշտ մնացին նրա հետ և ուժ տվեցին նրան ողջ կյանքում: Երբ նա խոսում էր իր մոր մասին, միշտ նշում էր վերջինիս վիթխարի ազդեցությունն իր վրա:
Գորդոն Բ․ Հինքլիի կինը` Մարջորի Փեյը, նույնպես խորը ազդեցություն է ունեցել նրա վրա: Նա ուժեղ կին էր, ով նվիրված էր Հիսուս Քրիստոսի ավետարանին: Նա ուներ արտասովոր հավատ, ուրախ բնավորություն և սեր կյանքի հանդեպ: Նրան ուղղված մի քնքուշ նամակում Նախագահ Հինքլին արտահայտել է իր սերն ու հարգանքը նրա հանդեպ.
«Մենք միասին ենք ճամփորդել ամեն տեղ: Մենք այցելել ենք յուրաքանչյուր մայրցամաք: Մենք ժողովներ ենք անցկացրել աշխարհի մեծ ու փոքր շատ քաղաքներում: … Մենք խոսել ենք միլիոնավոր մարդկանց հետ, ովքեր քեզ այնքան բարձր են գնահատել: Քո հայտնի բառերով դու ձեռք ես բերել բոլոր նրանց սերը, ովքեր լսել են քեզ: Քո առողջ դատողությունը, փայլուն և անսովոր խելքը, հանդարտ ու անվրեպ իմաստությունը և քո մեծ ու հաստատուն հավատը գերել են բոլոր նրանց սրտերը, ովքեր լսել են քեզ: … Ընթերցանության հանդեպ քո անհագ ցանկությունը և գիտելիքի քո անդադար փնտրտուքը քեզ պահում են աչալուրջ և աշխույժ քո երկար ու բեղմնավոր կյանքի ընթացքում»:1
Նախագահ Հինքլին հաճախ էր խոսում կանանց աստվածային բնույթի մասին և խրախուսում էր նրանց դեպի ավելի մեծ ձեռքբերումների ու հավատի: Երիտասարդ կանանց դիմելիս նա հայտարարել է. «Դուք Ամենազորի իսկական դուստրերն եք: Ձեր ներուժը սահմանափակում չունի: Եթե դուք վերահսկում եք ձեր կյանքը, ապա ձեր ապագան լի է հնարավորություններով և ուրախությամբ: Դուք չեք կարող վատնել ձեր տաղանդներն ու ձեր ժամանակը: Մեծ հնարավորություններ են փռված ձեր առջև»:2 Չափահաս կանանց մասին խոսելիս նա ասել է. «Աշխարհն ունի կանանց ձեռքի կարիքը, նրանց սիրո, նրանց սփոփանքի ու նրանց ուժի կարիքը: Մեր դաժան միջավայրը ունի նրանց քաջալերող ձայնի կարիքը, գեղեցկության կարիքը, որը կարծես դրված է նրանց բնույթի մեջ և գթության ոգու կարիքը, որը նրանց ժառանգությունն է»:3
Իր կնոջ` Մարջորիի մահվանը հաջորդող գերագույն համաժողովի ժամանակ Նախագահ Հինքլին եզրափակեց իր ելույթներից մեկը երախտագիտության սրտառուչ արտահայտությամբ. «Որքան երախտապարտ եմ ես, որքան երախտապարտ պիտի լինենք մենք` բոլորս, այն կանանց համար, ովքեր կան մեր կյանքում: Աստված օրհնի նրանց: Թող Նրա մեծ սերը հեղվի նրանց վրա և թագադրի նրանց շուքով ու գեղեցկությամբ, շնորհով և հավատով»:4
«Ձեզանից յուրաքանչյուրն Աստծո դուստրն է: Խորհեք այդ կարևոր փաստի ողջ սքանչելի իմաստի շուրջ»:
Գորդոն Բ. Հինքլիի ուսմունքները
1
Աստծո հավերժական ծրագրում կանայք ունեն բարձր ու սուրբ տեղ:
Ձեզանից յուրաքանչյուրը Աստծո դուստրն է: Խորհեք այդ կարևոր փաստի ողջ սքանչելի իմաստի շուրջ: …
Ես հիշեցնում եմ ձեզ Ջոզեֆ Սմիթի խոսքերը` ուղղված Սփոփող Միության կանանց 1842 թվականի ապրիլին: Նա ասել է. «Եթե դուք ապրեք ըստ ձեր առավելությունների, հրեշտակները չեն վարանի լինել ձեր ընկերակիցը» [Եկեղեցու Նախագահների ուսմունքները․ Ջոզեֆ Սմիթ (2007), 454]։ Ինչ հրաշալի ներուժ է թաքնված ձեր մեջ:5
Դուք շատ թանկ եք, ձեզանից յուրաքանչյուրն անհատապես: … Դուք բարձր ու սուրբ տեղ եք զբաղեցնում Աստծո` մեր Երկնային Հոր ծրագրում: Դուք Նրա դուստրերն եք, թանկ եք Նրա համար և շատ կարևոր եք Նրա համար: Նրա մեծ ծրագիրը չի հաջողվի առանց ձեզ:6
Թույլ տվեք ասել ձեզ, քույրեր, որ դուք երկրորդական տեղ չեք զբաղեցնում մեր Հոր` հավերժական երջանկության և Նրա զավակների բարօրության համար ծրագրում: Դուք այդ ծրագրի բացարձակ կարևոր մասն եք: Առանց ձեզ ծրագիրը չէր կարող գործել: Առանց ձեզ ողջ ծրագիրը կձախողվեր:7
Ի ծնե դուք օժտված եք ինչ-որ գեղեցիկ ու աստվածային բանով: Երբեք մի մոռացեք այդ: Ձեր Երկնային Հայրը տիեզերքի մեծ Տերն է: Նա կառավարում է ամենի վրա, բայց Նա կլսի ձեր` որպես Իր դուստրերի, աղոթքները և կունկնդրի ձեզ, երբ դուք խոսեք Նրա հետ: Նա կպատասխանի ձեր աղոթքներին: Նա ձեզ մենակ չի թողնի:8
2
Էմմա Սմիթին տված Տիրոջ խորհուրդը կիրառելի է բոլորի համար:
Վարդապետություն և Ուխտերի քսանհինգերորդ բաժինը … հայտնություն է, որը Ջոզեֆ Սմիթի միջոցով տրվել է նրա կնոջը` Էմմա Սմիթին: … Նա ասաց Էմմային և մեզանից յուրաքանչյուրին:
«Մի հայտնություն եմ տալիս քեզ իմ կամքի վերաբերյալ, և եթե դու հավատարիմ լինես ու իմ առաջ քայլես առաքինության շավիղներում, ես կպահպանեմ քո կյանքը, և դու ժառանգություն կստանաս Սիոնում» [ՎևՈւ 25.2, տես նաև հատված 16]: …
Մեծ չափով մեզանից յուրաքանչյուրն իր վրա կրում է Ամենազորի օրհնությունների բանալին: Եթե մենք ցանկանում ենք այդ օրհնությունները, մենք պիտի վճարենք գինը: Այդ գնի մի մասը գտնվում է հավատարիմ լինելու մեջ։ Հավատարիմ ինչի՞ն: Հավատարիմ մեզ, այն ամենալավին, ինչը մեր ներսում է: Ոչ մի կին չպիտի ստորացնի ինքն իրեն, չնվաստացնի ինքն իրեն, չթերագնահատի իր կարողություններն ու ընդունակությունները: Թող որ մենք հավատարիմ լինենք այս մեծ, աստվածային հատկություններին, որ նա ունի: Եղեք հավատարիմ ավետարանին: Եղեք հավատարիմ Եկեղեցուն: Մեր մեջ կան մարդիկ, ովքեր ջանում են քայքայել այն, թուլություններ փնտրել նրա վաղ շրջանի ղեկավարների մեջ, թերություններ փնտրել դրա ծրագրերում, քննադատաբար խոսել դրա մասին: Ես վկայություն եմ բերում, որ սա Աստծո գործն է և նրանք, ովքեր դրա դեմ են խոսում, խոսում են Նրա դեմ:
Հավատարիմ եղեք Նրան: Նա է ձեր ուժի միակ ճշմարիտ աղբյուրը: Նա ձեր Հայրն է երկնքում: Նա ապրում է: Աստված լսում և պատասխանում է աղոթքներին։ Հավատարիմ եղեք Աստծուն:
Տերը շարունակեց, ասելով Էմմային. «Եթե դու … քայլես առաքինության շավիղներում»:
Կարծում եմ յուրաքանչյուր կին … հասկանում է դրա իմաստը: Ես կարծում եմ այդ բառերը, որոնք տրվել են Էմմա Սմիթին և հետևաբար մեր բոլորին, տրվել են որպես մի պայման, որին պիտի հետևել, եթե մենք պիտի ժառանգություն ստանանք Աստծո արքայությունում: Առաքինության պակասը ամբողջովին անհամատեղելի է Տիրոջ պատվիրաններին հնազանդվելու հետ: Չկա ավելի գեղեցիկ բան, քան առաքինությունը: Չկա մի ուժ, որն ավելի մեծ է, քան առաքինության ուժը: Չկա մեկ այլ վեհանձնություն, որը հավասար լինի առաքինության վեհանձնությանը: Չկա որևէ հատկանիշ, որն այնքան պատշաճ լինի, և չկա ոչ մի զարդարանք, որն այնքան գրավիչ լինի: …
Տերն Էմմային կոչեց «ընտրյալ տիկին» [ՎևՈւ 25.3]: Այսինքն, ըստ սուրբ գրության մեկ այլ տողի, նա «Տիրոջ ընտրյալ անոթ» էր: (Տես Մորոնի 7.31:) Ձեզանից յուրաքանչյուրը ընտրյալ տիկին է: Դուք աշխարհ եք եկել որպես Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի մասնակիցներ: Դուք կատարել եք ձեր ընտրությունը, և եթե դուք ապրում եք դրան արժանավոր կյանքով, Տերը կմեծարի ու կզորացնի ձեզ: …
Էմման պիտի կարգվեր9 Ջոզեֆ Սմիթի ձեռքի ներքո «բացատրելու սուրբ գրքերը և հորդորելու եկեղեցին՝ համաձայն նրա, ինչ կտրվի քեզ իմ Հոգու կողմից» [ՎևՈւ 25.7]:
Նա պիտի ուսուցիչ լիներ: Նա պիտի լիներ արդարության ու ճշմարտության ուսուցիչ: Քանի որ Տերն ասաց այս կոչման վերաբերյալ. «Դու կստանաս Սուրբ Հոգին, և քո ժամանակը պիտի նվիրվի գրելուն և շատ սովորելուն» [ՎևՈւ 25.8]:
Նա պիտի սովորեր ավետարանը: Նա պիտի սովորեր նաև այն աշխարհի մասին, որտեղ ինքն ապրում էր: Դա պարզ դարձավ այն բանից հետո, երբ տրվեցին մեզ` բոլորիս վերաբերող հայտնություններ: Նա պիտի իր ժամանակը նվիրեր «շատ սովորելուն»: Նա պիտի գրեր` արտահայտելով իր խոհերը:
Ձեզ` այսօրվա կանայք, երիտասարդ կամ ծեր, կարող եմ առաջարկել, որ դուք գրեք, օրագրեր պահեք և ձեր խոհերը հանձնեք թղթին: Գրառումներ կատարելը կարգապահության հրաշալի օրինակ է: Այն հսկայական կրթական ջանք է: Դա կօգնի ձեզ տարբեր ուղիներով, իսկ դուք կօրհնեք շատերի կյանքը: …
Հայտնության բառերով արտահայտած, [Էմման] պիտի «բացատրեր սուրբ գրքերը և հորդորեր եկեղեցին՝ համաձայն նրա, ինչ կտրվի քեզ իմ Հոգու կողմից»:
Ինչ ուշագրավ պարտականություն է նրա ու Եկեղեցու բոլոր կանանց համար։ Պիտի լինի ուսումնասիրություն, նախապատրաստություն, պիտի լինի մտքերի կազմակերպում, պիտի լինի սուրբ գրությունների մեկնաբանում, պիտի լինի բարի գործեր կատարելու հորդորանք` ինչպես կուղղորդի Սուրբ Հոգին:
Տերը շարունակեց. «Եվ ճշմարիտ եմ ասում քեզ, որ դու մի կողմ պետք է դնես այս աշխարհի բաները, և ավելի լավ բաների ձգտես» [ՎևՈւ 25.10]:
Ես կարծում եմ, որ Տերը չէր ասում Էմմային, թե նա չպիտի անհանգստանար գլխավերևում ծածկ ունենալու, սեղանի վրա ուտելիք ու հագին հագուստ ունենալու համար: Տերն ասում էր, որ նա իր միտքը չպիտի սևեռեր այս խնդիրների վրա միայն, և մեզանից շատերը նույնպես չպիտի այդպես վարվեն: Տերը հորդորում էր նրան մտքերը կենտրոնացնել կյանքի ավելի բարձր գաղափարների վրա` արդարության ու բարության, գթության և ուրիշների հանդեպ սիրո, ինչպես նաև հավերժության բաների վրա: …
Շարունակելով, Տերն ասել է. «Ուստի, բարձրացրու սիրտդ և ցնծա, և հավատարիմ մնա այն ուխտերին, որոնք դու արել ես» [ՎևՈւ 25.13]:
Ես հավատում եմ, որ նա ասում է մեզանից յուրաքանչյուրին` երջանիկ եղիր: Ավետարանը ուրախության ավետարան է։ Այն մեզ առիթ է տրամադրում ուրախության համար: Իհարկե կլինեն նաև վշտի ժամանակներ: Իհարկե կլինեն մտահոգության ու անհանգստության ժամեր: Մենք բոլորս անհանգստանում ենք: Բայց Տերը հորդորել է մեզ բարձրացնել մեր սրտերն ու ցնծալ:10:
«Աստված օրհնի ձեզ, մայրեր: … Դուք կլինեք այնտեղ, դուք պիտի լինեք այնտեղ` որպես ուժ նոր սերնդի համար:
3
Մայրերը սուրբ կոչում ունեն` դաստիարակելու իրենց երեխաներին լույսի և ճշմարտության մեջ:
Յուրաքանչյուր ազգի, հասարակության կամ ընտանիքի ուժը գտնվում է բնավորության այն հատկանիշների մեջ, որոնք ձեռք են բերվել գլխավորապես երեխաների միջոցով, որոնք ուսուցանվել են իրենց մայրերի ամենօրյա խաղաղ ու պարզ վարվելակերպի շնորհիվ:11
Տունն այն տեղն է, որտեղ դաստիարակվում է նոր սերնդի մանուկների հիմնական մասը: Հուսով եմ, որ մայրերը կգիտակցեն, որ երբ ամեն բան ասված ու արված է, դուք այլևս չունեք անհաղթահարելի պարտականություն, ոչ էլ որևէ բեռ` ավելի մեծ հատուցումով, քան այն խնամքը, որը դուք տալիս եք ձեր երեխաներին ապահովության, խաղաղության, սիրո ու նպատակասլացության միջավայրում:12
Ես հիշեցնում եմ մայրերին ամենուր ձեր կոչման սրբության մասին։ Ոչ ոք համարժեք չի կարող լինել ձեզ: Չկա ավելի մեծ պարտականություն, ոչ մի պատասխանատվություն ավելի պարտավորեցնող չէ, քան այն, որ դուք սիրո, խաղաղության ու ազնվության մեջ դաստիարակում եք նրանց, ում աշխարհ եք բերել:13
Մեծացրեք ձեր երեխաներին լույսի ու ճշմարտության մեջ: Երեխաներին աղոթել սովորեցրեք վաղ հասակից: Սուրբ գրություններ կարդացեք նրանց համար, նույնիսկ եթե նրանք չեն հասկանում այն ամենը, ինչ դուք կարդում եք: Սովորեցրեք նրանց վճարել իրենց տասանորդն ու նվիրատվությունները այն առաջին գումարից, որ նրանք ստացել են: Թող այս գործառույթը սովորություն դառնա նրանց համար: Ձեր որդիներին սովորեցրեք մեծարել կանանց: Ձեր դուստրերին սովորեցրեք քայլել առաքինության շավիղներում: Պարտականություն ստանձնեք Եկեղեցում և Տիրոջը վստահեք ձեզ` ձեր կոչմանը հավասար դարձնելու գործը: Ձեր օրինակը նախատիպ կծառայի ձեր երեխաների համար:14
Աստված օրհնի ձեզ, մայրեր: Երբ մարդկային ջանքերի բոլոր հաղթանակներն ու պարտությունները համատեղված են, երբ կյանքի պայքարի փոշին սկսում է նստել, երբ այն ամենն, ինչի համար մենք այդքան տքնաջան աշխատում ենք նվաճումների այս աշխարհում, թոշնում է մեր աչքի առաջ, դուք կլինեք այնտեղ, դուք պիտի լինեք այնտեղ` որպես ուժ նոր սերնդի համար, որպես մրցավազքի մշտապես կատարելագործվող առաջադեմ շարժում: Դրա որակը կախված կլինի ձեզանից:15
4
Կանայք մեծ պարտականություններ ունեն փրկության ծրագրում:
Այս Եկեղեցու կանանց մեջ մեծ ուժ ու կարողություն կա: Կա առաջնորդություն և ուղղություն, որոշակի անկախության ոգի, և սակայն Տիրոջ արքայության մի մասը լինելու մեծ բավականությունը և ձեռք ձեռքի տված քահանայություն կրողների հետ աշխատելը այն առաջ կտանի:16
Աստված այս Եկեղեցու կանանց աշխատանք է տվել կատարելու իր արքայությունում: Դա վերաբերում է մեր եռակի պարտականությունների բոլոր կողմերին. նախ` ուսուցանել ավետարանն աշխարհին, երկրորդը` ուժեղացնել Եկեղեցու անդամների հավատը և կառուցել նրանց երջանկությունը, և երրորդը` առաջ տանել փրկության մեծ աշխատանքը մահացածների համար:17
Եկեղեցու կանայք զուգընկերներ են իրենց եղբայրների հետ` Տիրոջ այս հզոր աշխատանքն առաջ տանելու գործում: … Կանայք կրում են վիթխարի պարտականություններ, և նրանք հաշվետու են այդ պարտականությունների կատարման համար: Նրանք գլխավորում են իրենց սեփական կազմակերպությունները, և այդ կազմակերպությունները մշտապես ուժեղ, կենսունակ ու կարևոր ուժեր են աշխարհում: Նրանք կանգնած են քահանաների կողքին որպես գործընկերներ, և բոլորը միասին ջանում են կառուցել Աստծո արքայությունը երկրի վրա: Մենք մեծարում ու հարգում ենք ձեզ` ձեր կարողության համար: Մենք ակնկալում ենք առաջնորդություն, ուժ և տպավորիչ արդյունքներ այն կազմակերպությունների կառավարումից, որոնց համար դուք պատասխանատու եք: Մենք խրախուսում և աջակցում ենք ձեզ` որպես Աստծո դուստրեր, ովքեր աշխատում են հրաշալի ընկերության մեջ աջակցելու նրան իրականացնելու Աստծո բոլոր որդիների ու դուստրերի անմահությունը և հավերժական կյանքը:18
«Ես … հրավիրում եմ կանանց ամենուր` աճեք ձեր ներուժի սահմանում»:
5
Սփոփող Միությունը անչափելի օրհնությունների աղբյուր է:
Սփոփող Միության կանայք բառացիորեն շրջապատված են Աստծո հավերժական բազուկներով: Իմ կարծիքով, սա կանանց ամենամեծ կազմակերպությունն է ողջ աշխարհում: Սա Աստծո կողմից տրված ստեղծագործություն է: Ջոզեֆ Սմիթը ելույթ ունեցավ և հանդես եկավ որպես մարգարե, երբ 1842 թվականին կազմավորեց Սփոփող Միությունը:19
Անչափ կարևոր է, որ Եկեղեցու կանայք ամուր և անսասան կանգնեն այն ամենի համար, ինչը Տիրոջ ծրագրի լույսի ներքո ճիշտ է ու պատշաճ: Ես համոզված եմ, որ ոչ մի տեղ չկա մի այլ կազմակերպություն, որ հավասար լինի այս Եկեղեցու Սփոփող Միությանը: … Եթե նրա անդամները միավորված լինեն և խոսեն մի լեզվով, նրանց ուժը անչափելի կլինի:20
Ես մասնակցել եմ ցցի մի համաժողովի, որտեղ մի երիտասարդ կին, ով ամուրիների ծխի Սփոփող Միության նախագահն էր, խոսում էր ծառայության ու այն հրաշալի հնարավորության մասին, որը տրված է իր ծխի երիտասարդ կանանց: Դուք ունեք այդ ամենը: Դուք ունեք ձեր կազմակերպությունը: Դուք ունեք ունակ ղեկավարներ, ովքեր ձեզ խորհուրդներ կտան: Եկեղեցում դուք ունեք անդամներ, ովքեր կհասնեն ձեզ, որպեսզի օգնեն ձեզ ձեր փորձանքի ու վշտի ժամին:21
Ո՞վ կարող է չափել այն հրաշագործ ազդեցությունը միլիոնավոր կանանց կյանքի վրա, ում գիտելիքը աճել է, ում մտապատկերն ընդարձակվել է, ում կյանքն ընդլայնվել է, և ում հասկացողությունը Աստծո բաների վերաբերյալ հարստացել է այն անթիվ դասերի շնորհիվ, որոնք արդյունավետորեն ուսուցանվել ու սովորել են Սփոփող Միության դասերին:
Ո՞վ կարող է չափել այն ուրախությունը, որ եկել է այս կանանց կյանք, երբ նրանք շփվել են միմյանց հետ ճյուղի կամ ծխի միջավայրում, հարստացնելով միմյանց կյանքը ընկերակցության միջոցով, որը քաղցր է ու բարձր գնահատելի:
Երևակայության ամենախելացնոր թռիչքում անգամ ո՞վ կարող է հաշվել գթության անհաշվելի գործողությունները, որոնք կատարվել են` ուտելիքը, որը դրվել է դատարկ սեղաններին, հավատը, որը սնուցվել է հիվանդության հուսահատ ժամերին, վերքերը, որոնք վիրակապվել են, ցավերը, որոնք ամոքվել են սիրող ձեռքերով և հանգիստ ու համոզիչ բառերով, սփոփանքը, որը ցուցաբերվել է մահվան ու դրան հաջորդող մենակության պահերին: …
Ոչ ոք չի կարող հավանաբար հաշվարկել այն ծրագրերը, որոնք նախաձեռնել և ավարտին են հասցրել տեղական Սփոփող Միությունները: Ոչ ոք հավանաբար չի կարող գնահատել այն լավը, որը եկել է այն կանանց կյանք, ովքեր պատկանում են այս կազմակերպություններին և նրանց, ում նրանք օգուտ են տվել իրենց լավ գործերով: …
Աստված օրհնի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Սփոփող Միությունը: Թող սիրո ոգին, որը մղում է իր անդամներին … շարունակի աճել և թող աշխարհը զգա այն: Թող նրանց բարի գործերն ընդմիշտ դիպչեն անթիվ մարդկանց կյանքին, որտեղ էլ դրանք կատարվեն: Եվ թող լույսն ու ըմբռնումը, ուսումնասիրությունն ու գիտելիքը և հավերժական ճշմարտությունը զարդարի այն բազմաթիվ սերունդների կանանց կյանքը, ովքեր դեռ պիտի գան երկրագնդի բոլոր ազգերի մեջ այս եզակի ու աստվածայնորեն հիմնված հաստատության շնորհիվ:22
6
Ձեր մեջ զարգացրեք աստվածային հատկանիշներ:
Դուք Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու հսկայական միավորում եք: … Ոչ ոք երբեք չի կարող հաշվել այն վիթխարի ուժը, որը դուք կարող եք դառնալ: … Ես պարտավորեցնում եմ ձեզ կանգնել բարձր և լինել ուժեղ` ի պաշտպանություն այն մեծ արժանիքների, որոնք հանդիսանում են մեր սոցիալական առաջընթացի հիմքը: Երբ դուք միաբան եք, ձեր ուժը անսահմանափակ է: Դուք կարող եք իրականացնել ամեն բան, որ ցանկանում եք իրականացնել: Եվ o~, որքան մեծ է ձեր կարիքը քայքայվող արժեքների աշխարհում, որտեղ թվում է, թե հակառակորդը հսկողության տակ է:23
Ցանկանում եմ կոչ անել կանանց ամենուր` աճեք ձեր մեծ ներուժի սահմանում: Ես չեմ խնդրում, որ դուք հասնեք ձեր կարողությունից վեր սահմանների: Հուսով եմ, ինքներդ ձեզ չեք տանջի ձախողման մտքերով: Հուսով եմ, դուք չեք փորձի նպատակ սահմանել ձեր կարողությունների սահմաններից դուրս: Ես հուսով եմ, որ դուք պարզապես կանեք այն ամենն, ինչ կարող եք ձեր իմացած լավագույն ձևով: Եթե դուք այդպես անեք, դուք վկա կլինեք կատարվող հրաշքների:24
Ես իմ երախտագիտությունն եմ արտահայտում ձեզ` Վերջին Օրերի Սուրբ կանայք, ովքեր հիմա հաշվվում են միլիոններով և ապրում են ողջ աշխարհում: Մեծ է բարին կատարելու ձեր ուժը: Սքանչելի են ձեր տաղանդներն ու նվիրումը: Մեծ է ձեր հավատը և ձեր սերը Աստծո հանդեպ, Նրա աշխատանքի հանդեպ և Նրա որդիների ու դուստրերի հանդեպ: Շարունակեք ապրել ավետարանով: Մեծարեք այն ձեր բոլոր ընկերների մոտ: Ձեր լավ աշխատանքը ավելի մեծ կշիռ կունենա, քան ցանկացած այլ բառ, որ դուք կխոսեք: Քայլեք առաքինության ու ճշմարտության մեջ, հավատով ու հավատարմությամբ: Դուք հավերժական ծրագրի մասն եք, մի ծրագրի, որը նախատեսված է Երկնային Հոր կողմից: Յուրաքանչյուր օրը այդ հավերժության մի մասն է:
Ես գիտեմ, որ ձեզանից շատերը ծանր բեռներ են կրում: Թող Եկեղեցու ձեր ընկերները` ձեր եղբայրներն ու քույրերը, օգնեն ձեզ այդ բեռների հետ: Թող ձեր աղոթքները բարձրանան Նրա մոտ, ով ամենազորավորն է, ով սիրում է ձեզ, և ով կարող է կենտրոնացնել ուժերն ու գործոնները, որոնք կարող են օգնել ձեզ: Սա հրաշքների աշխատանք է: Դուք գիտեք դա, ես ևս գիտեմ: Ինձ համար հեշտ է ասել ձեզ, որ չհուսահատվեք, այնուհանդերձ ես ասում եմ այդ, քանի որ ես հորդորում եմ ձեզ առաջ գնալ հավատի մեջ:25
Սքանչելի է հավատի կանանց ուժը: Այն նորից ու նորից է ցուցադրվել այս Եկեղեցու պատմության մեջ: Այն շարունակվում է այսօր: Ես կարծում եմ, որ այն աստվածայնության մի մասն է ձեր մեջ:
Քույրեր, բարձրացեք աստվածայնության աստիճանի: Ջանքեր գործադրեք, որպեսզի այս աշխարհը ավելի լավ ապրելու վայր դարձնեք ձեր և բոլոր նրանց համար, ովքեր կգան ձեզանից հետո:26
Աստված շնորհակալ է այս Եկեղեցու հրաշալի կանանց համար: Թող նա հպարտության զգացում սերմանի ձեր սրտերում, ձեր հնարավորություններում և ճշմարտության ձեր համոզվածության մեջ, որը որպես ղեկ կծառայի, որպեսզի ձեզ ապահով պահի բոլոր փոթորիկների ժամանակ:27
Առաջարկներ ուսումնասիրության և ուսուցման համար
Հարցեր
-
Ի՞նչ ենք մենք սովորում Նախագահ Հինքլիի ուսմունքներից այն մասին, թե Երկնային Հայրն ինչպե՞ս է վերաբերվում Իր դուստրերին: (Տես բաժին 1:) Ինչո՞ւ է կարևոր հասկանալ կանանց «բարձր ու սուրբ տեղը» Աստծո հավերժական ծրագրում:
-
Տիրոջ կողմից Էմմա Սմիթին տրված խորհրդի ո՞ր կողմերն են ձեզ համար հատկապես կարևոր: (Տես բաժին 2:) Ի՞նչ կարող ենք սովորել 2-րդ բաժնից հավատարիմ լինելու մասին: Ի՞նչ կարող ենք մենք սովորել «ընտրյալ տիկին» լինելու մասին: Ի՞նչ կարող ենք մենք սովորել այն մասին, թե ինչպես կիրառել սուրբ գրությունները մեզ համար:
-
Ի՞նչ տպավորություններ ունեցաք, մինչ կարդում էիք Նախագահ Հինքլիի խորհուրդները մայրերին: (Տես բաժին 3:) Ինչպե՞ս եք դուք օրհնվել ձեր մոր ազդեցությամբ: Ինչո՞ւ ծնողների համար «չկա ավելի պարտավորեցնող պարտականություն», քան իրենց երեխաներին «սիրո, խաղաղության և ազնվության» մեջ մեծացնելը:
-
Կանանց «ուժի և մեծ կարողության» ի՞նչ օրինակներ եք տեսել Եկեղեցում։ (Տես բաժին 4:) Որո՞նք են այն մի քանի եղանակները, որոնցով կանայք կարող են օգնել իրականացնել «Աստծո բոլոր դուստրերի ու զավակների անմահությունն ու հավերժական կյանքը»։ Ինչո՞ւ է կարևոր, որ կանայք ու տղամարդիկ աշխատեն միասին, որպեսզի առաջ տանեն Տիրոջ աշխատանքը: Այս համատեղ աշխատանքի ինչպիսի՞ օրինակներ եք տեսել:
-
Վերանայեք այն օրհնությունները, որոնք գալիս են Սփոփող Միությունից, ինչպես Նախագահ Հինքլին է նկարագրում բաժին 5-ում: Ի՞նչ օրհնություններ եք ստացել Սփոփող Միության քույրերի ջանքերի շնորհիվ, ներառյալ նրանց, ովքեր ծառայում են Երիտասարդ Կանանց և Երեխաների Միությունում: Դուք ինչպե՞ս կարող եք զորացնել ձեր Ծխի Սփոփող Միությունը: Ինչպե՞ս կարող է Սփոփող Միությունն օգնել կանանց ընդմիշտ ավելացնել իրենց ազդեցությունը:
-
Խորհեք Նախագահ Հինքլիի քաջալերանքի մասին` «բարձրանալ մեր ներուժի սահմաններին» (բաժին 6): Մենք ինչպե՞ս կարող ենք ավելի լավ ըմբռնել, թե ըստ Աստծո ցանկության ինչպիսի՞ն պիտի լինի մեր ներուժը: Ինչպե՞ս կարող ենք առաջ ընթանալ մեր ներուժի սահմանին հասնելու համար: Ե՞րբ եք դուք տեսել «հավատքի կանանց սքանչելի … զորությունը»։
Առնչվող սուրբ գրություններ
Առակաց 31.10–31, Ղուկաս 10.38–42, Գործք 9․36–40, Հռովմայեցիս 16.1–2, Բ Տիմոթեոս 1.1–5, Ալմա 56.41–48
Օգնություն ուսուցչին
Պատրաստվելով ուսուցանել յուրաքանչյուր դասը, աղոթեք, որ Հոգին օգնի ձեզ իմանալ, թե երբ կիսվել ձեր սուրբ զգացմունքներով: Հնարավոր է, դուք հուշում ստանաք բերել ձեր վկայությունը դասի ընթացքում մի քանի անգամ, ոչ միայն ավարտելիս» (Ուսուցում, չկա ավելի մեծ կոչում [1999], 44):