Նախագահների ուսմունքները
Գլուխ 14․ Կորցնելով ինքներս մեզ ուրիշներին ծառայելիս


Գլուխ 14

Կորցնելով ինքներս մեզ ուրիշներին ծառայելիս

«Թող ավետարանի իրական իմաստը լցվի մեր սրտերը, որպեսզի մենք կարողանանք հասկանալ, որ մեր Հայր Աստծո կողմից մեզ տրված կյանքը պիտի օգտագործվի ուրիշներին ծառայելու գործին»:

Գորդոն Բ. Հինքլիի կյանքից

Երիտասարդ Գորդոն Բ. Հինքլին Անգլիայում իր լիաժամկետ միսիայի առաջին շաբաթների ընթացքում մաքառում էր դժվարությունների հետ: Նա հիվանդ էր, երբ տեղ հասավ, իսկ ավետարանը քարոզելու նրա ջանքերը բազմիցս մերժվում էին: Այդ դժվար ժամանակ նա օրնհվեց նրանով, ինչը հետո կոչեց իր «որոշման օրը»` մի փորձառություն, որն ազդեց նրա ծառայության վրա ողջ կյանքում:

«Ես հուսահատված էի», վերհիշում է նա: «Ես մի նամակ գրեցի իմ բարի հորը` ասելով, որ զգում էի, որ վատնում եմ իմ ժամանակը և նրա փողը»: Նա իմ հայրն էր ու ցցի նախագահը, մի իմաստուն ու ոգեշնչված մարդ: Նա մի կարճ նամակ գրեց ինձ, որում ասում էր, «Թանկագին Գորդոն, ես ստացա քո վերջին նամակը: Ես միայն մի առաջարկ ունեմ. մոռացիր քեզ և գնա աշխատելու»: Այդ օրը վաղ առավոտյան մեր սուրբ գրությունների ուսումնասիրության դասին իմ զուգընկերն ու ես կարդացինք Տիրոջ հետևյալ բառերը. «Որովհետեւ ով որ կամենայ իր անձն ապրեցնել` կկորցնէ նորան. եւ ով որ իր անձն ինձ համար եւ աւետարանի համար կորցնէ, նա կապրեցնէ նորան» (Մարկոս 8.35):

Տիրոջ այդ խոսքերը, հայրիկիս նամակն իր խորհրդով` մոռանալ ինքս ինձ և աշխատել, թափանցեցին իմ էության մեջ: Հայրիկիս նամակը ձեռքիս ես մտա Վադհամ Ռոուդի 15 հասցեում գտնվող տան իմ ննջասենյակը, ծնկի իջա և Տիրոջը խոստում տվեցի: Ես ուխտեցի, որ կփորձեմ մոռանալ և կորցնել ինձ Նրա ծառայության մեջ:

1933 թվի հուլիսյան այդ օրը իմ որոշման օրն էր: Մի նոր լույս եկավ իմ կյանք, և մի նոր ուրախություն մտավ իմ սիրտը»:1

Այդ լույսը երբեք չհեռացավ Գորդոն Բ. Հինքլիի կյանքից: Այդ օրից ի վեր նա նվիրվեց Տիրոջը` ծառայելով ուրիշներին: Նախագահ Հինքլիի հուղարկավորության ժամանակ Նախագահ Հենրի Բ. Այրինգը թվարկեց Նախագահ Հինքլիի ներդրումներից մի քանիսը. տաճարների կառուցումը ողջ երկրագնդով մեկ, փոքր տաճարների կառուցում տաճարային աշխատանքն արագացնելու համար, Կրթության մշտական ֆոնդի հիմնումը և Համաժողովների կենտրոնի կառուցումը: Ապա նա ասաց.

«Նրա անձնական ժառանգությունը շատ ավելի մեծ է, քան այս ցուցակը և իմ ուժից վեր է այն թվարկելը: Բայց նրա ձեռքբերումներն ունեն մի ընդհանուր բան: Դրանք միշտ պիտի մարդկանց հնարավորություններով օրհնեն: Եվ նա միշտ մտածում էր նվազագույն հնարավորություն ունեցողների, սովորական մարդկանց մասին, ովքեր մաքառում էին` հաղթահարելու առօրյա կյանքի դժվարությունները և Հիսուս Քրիստոսի ավետարանով ապրելու մարտահրավերները: Նա բազմիցս մատով խփել է իմ կրծքավանդակին, երբ ես առաջարկություն եմ արել և ասել է․ «Հալ, դու հիշու՞մ ես այն մարդուն, ով մաքառումների մեջ է»:2

«Ես կցանկանայի վեր կենալ ու գործի անցնել», ասում էր Նախագահ Հինքլին: «Ես կցանկանայի ամեն օր դեմ առ դեմ բախվել լուծումների ու նպատակների հետ: Ես կկամենայի իմ ամեն արթուն ժամն օգտագործել` խրախուսելու և օրհնելու նրանց, ում բեռը ծանր է, օգնել կառուցելու նրանց հավատը և ամրացնելու վկայությունը»:3

Քրիստոսը Բեթհեզդայի ջրավազանի մոտ

«Եթե մենք երկրպագենք ու հետևենք Տիրոջը, մի՞թե չենք ձգտի նմանվել ծառայությանը նվիրված նրա կյանքին»:

Նախագահ Գորդոն Բ. Հինքլիի ուսմունքները

1

Մեր կյանքը պարգև է Աստծուց և պիտի օգտագործվի ուրիշներին ծառայելու գործին:

Աշխարհում շատ է աղքատությունն ու կարիքը, խռովությունն ու անազնվությունը, անբարոյականությունն ու անպարկեշտությունը, այնքան շատ են քայքայված տներն ու ամուսնալուծված ընտանիքները, այնքան շատ վիշտ կա ամենուրեք, այնքան շատ են միայնակ մարդիկ, ովքեր ապրում են գորշ կյանքով` առանց հույսի նշույլի:

Եվ այսպիսով խնդրում եմ ձեզ: Ես խնդրում եմ ձեզ, որ դուք` ձեր ձեռք բերածով աշխարհը մի փոքր ավելի լավը դարձնեք:4

Եթե աշխարհը պիտի ավելի լավը դառնա, ապա սերն է, որ պիտի փոփոխություն բերի մարդկանց սրտերում: Այդպես կլինի, երբ մենք, բարձր կանգնելով մեր եսից, տանք մեր սերը Աստծուն և ուրիշներին և անենք այդ մեր ողջ սրտով, հոգով ու մտքով:

Ժամանակակից հայտնությունում Տերը հայտարարել է. «Եվ եթե ձեր աչքն ուղղված լինի միայն իմ փառքին, ձեր ամբողջ մարմինը լցված կլինի լույսով, և ձեր մեջ չի լինի խավար»: (ՎևՈւ 88․67)

Երբ մենք սիրով ու երախտագիտությամբ նայում ենք Աստծուն, երբ ծառայում ենք` մեր աչքն ուղղված նրա փառքին, մեզանից հեռանում է մեղքի, եսասիրության և հպարտության խավարը: Մեր սերը կաճի մեր Երկնային Հոր և նրա Սիրելի Որդու` մեր Փրկիչի ու Մեր Քավիչի հանդեպ: Մարդկանց ծառայելու մեր ցանկությունն ավելի կմեծանա, ավելի քիչ կմտածենք մեր մասին և ավելի շատ օգնության կհասնենք ուրիշներին:

Սիրո այս սկզբունքը Հիսուս Քրիստոսի ավետարանի հիմնական էությունն է:5

Եթե մենք շարունակենք երկրպագել ու հետևել Տիրոջը, մի՞թե մենք չենք ձգտի հետևել նրա կյանքում կատարած ծառայությանը: Մեզանից ոչ մեկը չի կարող արդարացիորեն ասել, որ իր կյանքն իր սեփականությունն է: Մեր կյանքը Աստծո պարգևն է: Մենք աշխարհ ենք գալիս ոչ մեր սեփական կամքով: Եվ աշխարհից չենք հեռանում մեր ցանկությամբ: Մեր օրերը հաշվվում են ոչ թե մեր կողմից, այլ Աստծո կամքին համաձայն:

Մեզանից ոմանք օգտագործում են իրենց կյանքն այնպես, կարծես այն ամբողջովին մերը լինի: Մերն է ընտրությունը վատնել այն, եթե մենք ցանկանում ենք: Բայց այն դառնում է դավաճանություն մեծ ու սուրբ վստահության հանդեպ: Ինչպես Տերն է հստակորեն մեկնաբանել. «Որովհետեւ ով որ կամենայ իր անձն ապրեցնել` կկորցնէ նորան. եւ ով որ իր անձն ինձ համար եւ աւետարանի համար կորցնէ, նա կապրեցնէ նորան: (Մարկոս 8.35:)6

Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, մարտահրավերը մեծ է։ Բոլոր հնարավորությունները մեզ համար են: Աստված ցանկանում է, որ մենք կատարենք Իր գործը և կատարենք այն եռանդուն ու կենսուրախ կերպով: Այդ աշխատանքը, ինչպես Նա է սահմանել, հետևյալն է. «Սատարել թույլերին, բարձրացնել ընկած ձեռքերը և ամրացնել տկար ծնկները»: (ՎևՈւ 81․5)

Այն ծառայելն է կարիքի մեջ գտնվողներին: Դա սփոփելն է նրանց, ովքեր զրկվել են հարազատներից: Դա այցելությունն է այրիներին ու հայրազուրկներին նրանց դժբախտության ժամին: Դա կարիքավորներին կերակրելն է, մերկերին հագցնելը և օթևանի տրամադրումը նրանց, ովքեր տանիք չունեն գլխավերևում: Այն պիտի արվի, ինչպես Տերն արեց, ով «ման եկավ բարիք գործելով»: (Գործք 10.38:)7

Իմ ուղերձը ձեզ այսօր … այն է, որ երբ դուք տնօրինում եք ձեր կյանքի ժամանակը, վճռեք դրա մի մասը նվիրել նրանց, ովքեր վշտի ու կարիքի մեջ են, առանց հաշվի առնելու, հատուցում կլինի, թե ոչ: Ձեր հմտությունների կարիքը կա, ինչ տեսակի էլ որ դրանք լինեն: Ձեր օգնող ձեռքերը դուրս կբերեն ինչ-որ մեկին վշտի ճահիճից: Ձեր հանդարտ ձայնը կխրախուսի այն մի քանիսին, ովքեր այլապես տեղի կտային: Ձեր հմտությունները կարող են ուշագրավ ու հրաշալի եղանակով փոխել այն մարդկանց կյանքերը, ովքեր կարիքի մեջ են: Եթե ոչ հիմա, ապա ե՞րբ: Եթե ոչ դուք, ապա ո՞վ:8

Թող ավետարանի իրական իմաստը մուտք գործի մեր սրտերը, որ մենք կարողանանք հասկանալ, որ մեր Հայր Աստծո կողմից մեզ տրված կյանքը պիտի ծառայեցվի ուրիշներին:

Եթե մենք տրամադրենք այսպիսի ծառայություն, մեր օրերը կլցվեն հրճվանքով ու ուրախությամբ: Եվ որ ավելի կարևոր է, նրանք կկենտրոնացվեն մեր Տիրոջ և Փրկիչի` Հիսուս Քրիստոսի և բոլոր նրանց օրհնությունների վրա, ում կյանքին մենք դիպչում ենք:9

2

Ծառայությունը ամենալավ բուժումն է ինքնախղճահարության, եսասիրության, հուսահատության և մենակության դեմ:

Ես հիշում եմ, թե ինչպես էի այցելում քոլեջի տարածք, որտեղ ես լսում էի երիտասարդների սովորական, ծեծված դժգոհությունները. բողոքները դպրոցի ճնշումների մասին, կարծես այն ավելի շուտ բեռ լիներ, քան հնարավորություն` օգտվելու աշխարհիկ գիտելիքից, բողոքներ բնակարանային պայմաններից ու սննդից: …

Ես այդ երիտասարդներին խորհուրդ տվեցի, որ եթե դպրոցում մեծ էր ծանրաբեռնվածությունը, եթե համարում էին, որ պիտի բողոքեն իրենց բնակարանային պայմաններից ու սննդից, ապա ես կարող եմ մի բուժում առաջարկել նրանց խնդիրներից: Ես առաջարկեցի, որ նրանք մի քանի ժամով մի կողմ դնեին իրենց գրքերը, հեռանային իրենց սենյակներից և այցելեին մի ծեր ու միայնակ մարդու կամ մի հուսահատ հիվանդի: Ընդհանուր առմամբ, ես հասկացել եմ, որ եթե մենք բողոքում ենք կյանքից, ապա դա այն պատճառով է, որ մենք մտածում ենք միայն մեր մասին:

Երկար տարիներ իմ հովանավորած կոշիկի վերանորոգման կրպակի պատին մի գրառում կար: Այն ասում էր. «Ես բողոքում էի, որովհետև ես կոշիկներ չունեի, մինչև ես տեսա մի մարդու, ով ոտքեր չուներ»: Ամենաարդյունավետ դեղը հիվանդության և ինքնախղճահարության դեմ ուրիշներին ծառայելու մեջ ինքներս մեզ մոռանալն է:10

Ես հավատում եմ, որ մեզանից շատերի համար մենակության դեմ դեղը ի օգուտ ուրիշների ծառայելն է: Մի փոքրացրեք ձեր խնդիրները, բայց մի վարանեք ասել, որ կան շատ ուրիշ մարդիկ, ում խնդիրները ավելի լուրջ են, քան ձերը: Օգնության հասեք նրանց, ծառայեք նրանց, խրախուսեք նրանց: Այնքան շատ աղջիկներ ու տղաներ կան, ովքեր դպրոցում հաջողության չեն հասնում մի փոքր անձնական ուշադրության և խրախուսանքի պակասի պատճառով: Կան շատ տարեց մարդիկ, ովքեր ապրում են թշվառության, մենակության ու վախի մեջ, ում հետ մի պարզ խոսակցությունը նրանց հույս ու զվարթություն կբերեր: …

Շատ են այնպիսի մարդիկ, ովքեր վիրավոր են ու մի բարի Սամարացու կարիք ունեն, ով կկապի նրանց վերքերը և կօգնի նրանց իրենց ճանապարհին: Մի փոքր բարությունը կարող է մեծ օրհնություն բերել վշտի մեջ գտնվող ինչ-որ մեկին ու մի քաղցր զգացում տալ նրան, ով ընկերանա նրա հետ:11

Այնքան մարդիկ կան դրսում, ում բեռները դուք կարող եք բարձրացնել: Կան անօթևան, քաղցած և աղքատ մարդիկ մեր շրջապատում։ Կան ծեր մարդիկ, ովքեր մենակ են ծերանոցներում: Կան շատ հաշմանդամ երեխաներ, թմրանյութ օգտագործող երիտասարդներ, տանը գամված մարդիկ, ովքեր մի բարի խոսք են աղերսում: Եթե դուք չանեք դա, ապա ո՞վ պիտի անի:

Հոգսերի դեմ ամենամեծ հակաթույնը աշխատանքն է: Ամենալավ դեղը հուսահատության դեմ ծառայությունն է: Հոգնածության դեմ ամենալավ բուժումը ինչ-որ մեկին, ով ավելի հոգնած է, նրան օգնելու նախաձեռնությունն է:12

Ինչո՞ւ են միսիոներները երջանիկ: Որովհետև նրանք կորցնում են իրենց ուրիշներին ծառայելու մեջ:

Ինչո՞ւ են տաճարում աշխատողները երջանիկ: Քանի որ սիրով կատարած նրանց աշխատանքը հենց այն գործի մեջ է, որը ներդաշնակ է մարդկության Փրկիչի մեծ փոխարինող աշխատանքի հետ: Նրանք չեն խնդրում կամ ակնկալում որևէ շնորհակալական խոսք այն ամենի համար, ինչ անում են, նրանք հիմնականում անունից բացի ոչինչ չգիտեն այն մարդկանց մասին, ում անունից նրանք մկրտվում են:13

Թույլ տվեք, որ ձեր սրտում եղած վսեմ ցանկություններն արտահայտվեն ու հասնեն ուրիշներին` սփոփելու, աջակցելու և կատարելագործելու նրանց: Երբ այդպես վարվեք, եսասիրության ապականող թույնը կհեռանա ձեզանից և կփոխարինվի մի քաղցր ու հրաշալի զգացումով, որն ուրիշ ճանապարհով չի գալիս:14

հիվանդին օգնող կին

«Այնքան շատ մարդիկ կան դրսում, ում բեռները դուք կարող եք բարձրացնել»:

3

Երբ մենք հասնում ենք ուրիշներին օգնության, մենք դրսևորում ենք մեր ճշմարիտ էությունը:

Մի քանի տարի առաջ մի կիրակի առավոտ ես գտնվում էի Այդահո նահանգի մի փոքր քաղաքի ցցի նախագահի տանը: Նախքան առավոտյան աղոթքը, ընտանիքը միասին կարդաց սուրբ գրության մի քանի հատված: Սրանց թվում էին Հիսուսի հետևյալ խոսքերը Հովհաննեսի 12.24-ում․ «Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ, եթե ցորենի հատը հողի մեջ չընկնի ու մեռնի, ինքը մինակ կմնայ. բայց եթե մեռնի, շատ պտուղ կբերէ»:

Կասկած չկա, որ Տերը վկայակոչում էր իր սեփական մոտալուտ մահը, հայտարարելով, որ եթե ինքը չմահանա, իր կյանքի առաքելությունը իզուր կլինի: Բայց այս խոսքերում ես լրացուցիչ իմաստ եմ տեսնում: Ես կարծում եմ, որ Տերն ասում է մեզանից յուրաքանչյուրին, որ եթե մենք կորցնենք ինքներս մեզ ուրիշներին ծառայելու գործում, ապա մեր ապրած կյանքը հիմնականում իսկական իմաստ չի ունենա, քանի որ Հիսուսը շարունակեց` ասելով. «Իր անձը սիրողը` կկորցնե նորան, և իր անձն ատողը այս աշխարհքումը, յաւիտենական կեանքի մեջ կպահէ նորան» (Հովհաննես 12.25)։ Կամ ինչպես գրված է Ղուկասի ավետարանում. «Որովհետեւ ով որ կամենայ իր անձն ապրեցնել` կկորցնէ նորան. եւ ով որ իր անձն ինձ համար եւ աւետարանի համար կորցնէ, նա կապրեցնէ նորան»: (Ղուկաս 17.33:) Այլ բառերով` նա, ով ապրում է միայն իր համար, թոշնում է ու մահանում, մինչ նա, ով մոռանում է իրեն ուրիշներին ծառայելու մեջ, աճում ու ծաղկում է իր կյանքում ու հավերժության մեջ:

Այդ առավոտ ցցի համաժողովին այն նախագահը, ում տանը հյուընկալվել էի, ետ կանչվեց իր ծառայությունից տասներեք տարի հավատարիմ ծառայելուց հետո: Սիրո և բարձր գնահատանքի խոսքեր հնչեցին ոչ թե նրա ունեցվածքի կամ համայնքի գործերում ունեցած նրա դիրքի համար, այլ այն մեծ ծառայության համար, որ նա անշահախնդրորեն մատուցել էր: Առանց անձնական շահի մասին մտածելու, նա վարել էր մեքենան հազարավոր կիլոմետրեր ցանկացած եղանակին: Նա բառացիորեն հազարավոր ժամեր էր անցկացրել ուրիշների շահերի համար: Նա անտեսել էր իր անձնական գործերը` օգնելու նրանց, ովքեր ունեին իր կարիքը: Եվ այդպես վարվելով նա կենդանի մնաց և մեծ մնաց նրանց աչքում, ում նա ծառայել էր:15

Տարիներ առաջ ես մի պատմություն կարդացի մի երիտասարդ կնոջ մասին, ով գնացել էր մի գյուղական վայր` աշխատելու որպես դպրոցի ուսուցիչ: Նրա աշակերտների մեջ մի աղջիկ կար, ով նախկինում լավ չէր սովորել և կրկին լավ չէր սովորում: Ուսանողը չէր կարողանում կարդալ: Նա աղքատ ընտանիքից էր, որը միջոցներ չուներ նրան տանելու մի մեծ քաղաք բժշկական քննության համար և պարզելու, թե արդյոք նա որևէ խնդիր ուներ, որը կարելի էր բուժել: Զգալով, որ խնդիրը աղջկա աչքերի մեջ է, երիտասարդ ուսուցիչը իր հաշվին տարավ ուսանողին ստուգելու նրա աչքերը: Խնդիրը հայտնաբերվեց, որը հնարավոր եղավ լուծելու ակնոցի միջոցով: Շուտով մի ամբողջ նոր աշխարհ բացվեց ուսանողի համար: Իր կյանքում առաջին անգամ նա կարողացավ տառերը պարզորոշ տեսնել իր առջև: Դպրոցական ուսուցչի աշխատավարձը աղքատիկ էր, բայց իր ունեցած քչից նա ներդրում կատարեց, որն ամբողջովին փոխեց թերացող ուսանողի կյանքը, և այդպես վարվելով, նա մի նոր տարածություն բացեց իր սեփական կյանքում:16

Երբ դուք ծառայեք այդպես, մի նոր տարածություն կավելանա ձեր կյանքում։ Դուք կգտնեք նոր ու ոգևորիչ հարաբերություններ: Դուք կգտնեք ընկերներ և ընկերակցություն: Ձեր գիտելիքները, հասկացողությունը, իմաստությունը և գործելու կարողությունը կավելանան:17

Ես վկայում եմ, որ երբ ձեզանից յուրաքանչյուրը հասնի ուրիշներին օգնության, դուք կգտնեք ձեր իսկական եսը և կօրհնեք ու մեծապես կփառաբանեք աշխարհը, որում դուք ապրում եք:18

4

Եկեղեցին տրամադրում է անշահախնդիր ծառայության շատ հնարավորություններ:

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, դուք երբեք երջանիկ չեք լինի, եթե ապրում եք ձեր կյանքը միայն ձեր մասին մտածելով: Կորցրեք ինքներդ ձեզ աշխարհի ամենալավ գործում` Տիրոջ գործում: Քվորումների աշխատանքը, օժանդակ կազմակերպությունների և տաճարային աշխատանքը, բարօրության ծառայության աշխատանքը, միսիոներական աշխատանքը: Դուք կօրհնեք ձեր սեփական կյանքը, երբ օրհնեք ուրիշների կյանքը:19

Ողջ աշխարհում չկա մեկ ուրիշ աշխատանք, որն այնքան լցված լիներ երջանկությամբ, որքան այս աշխատանքը: Այդ երջանկությունը յուրահատուկ է: Այն գալիս է ուրիշներին ծառայելուց: Այն իսկական է: Այն եզակի է: Այն հրաշալի է:20

Եկեղեցու ծառայության միսիոները կարում է

Երբ դուք … ծառայեք, մի նոր տարածություն կավելանա ձեր կյանքում։

Թող Եկեղեցին լինի ձեր թանկագին ընկերը: Թող այն լինի ձեր հրաշալի ուղեկիցը: Ծառայեք, ինչի համար էլ որ կանչված կլինեք ծառայելու: Կատարեք այն, ինչ ձեզ խնդրվում է կատարել: Յուրաքանչյուր պաշտոն, որը դուք կկատարեք, կավելացնի ձեր կարողությունը: Ես ծառայել եմ շատ կոչումներում այս հրաշալի կազմակերպությունում: Յուրաքանչյուր ծառայություն բերում էր իր հատուցումը:

Սա … ձեզանից կպահանջի անշահախնդիր նվիրում, անկոտրում հավատարմություն ու հավատ: Դուք կծառայեք շատ կոչումներում, նախքան ձեր կյանքն ավարտվի: Նրանցից մի քանիսը կարող են փոքր թվալ, բայց Եկեղեցում չկան փոքր կամ անկարևոր կոչումներ: Յուրաքանչյուր կոչում կարևոր է։ Յուրաքանչյուր կոչում կարևոր է աշխատանքի զարգացման համար: Երբեք մի թերագնահատեք որևէ կոչում Եկեղեցում: …

Ձեր կյանքում տեղ պատրաստեք Եկեղեցու համար: Թույլ տվեք, որ նրա վարդապետության մասին ձեր գիտելիքն աճի: Թույլ տվեք, որ նրա կազմակերպության մասին ձեր հասկացողությունն աճի: Թող ձեր սերը նրա հավերժական ճշմարտությունների հանդեպ ավելի ու ավելի ուժեղանա:

Եկեղեցին կարող է ձեզ զոհաբերության կոչ անել: Նա կարող է կոչ անել ձեզ տալ լավագույնը, որը դուք կարող եք առաջարկել: Սա գին չունի, քանի որ դուք կբացահայտեք, որ այն կդառնա ներդրում, որը ձեզ կվճարվի շահութաբաժնի տեսքով ձեր ողջ կյանքում: Եկեղեցին հավերժական ճշմարտության մեծ շտեմարան է: Գրկեք այն և ամուր կառչեք դրանից:21

Ցանկանու՞մ եք երջանիկ լինել: Մոռացեք ինքներդ ձեզ և կորցրեք ձեզ այս մեծ աշխատանքում: Ձեր ջանքերն ուղղեք մարդկանց օգնելու գործին: Ձեր սրտում զարգացրեք ներողամտության ոգի բոլոր նրանց դեմ, ովքեր վիրավորել են ձեզ: Ձեր աչքերը հառեք Տիրոջը և ապրեք ու աշխատեք` Նրա որդիներին ու դուստրերին բարձրացնելու և ծառայելու համար: Դուք կճանաչեք այնպիսի երջանկություն, որը երբեք նախկինում չեք տեսել, եթե անեք այդ: Ես չեմ մտահոգվում, թե քանի տարեկան եք դուք կամ արդյոք երիտասարդ եք: Դուք կարող եք բարձրացնել մարդկանց ու օգնել նրանց: Երկինքը գիտե, որ կան այնքան շատ մարդիկ այս աշխարհում, ովքեր օգնության կարիք ունեն: Օ, շատ, շատ մարդիկ: Իմ եղբայրներ և քույրեր, եկեք մեր կյանքից հեռացնենք թունոտ, եսասեր վերաբերմունքը և կանգնենք մի փոքր ավելի ուղիղ և հասնենք մի փոքր ավելի բարձր մակարդակի ուրիշներին ծառայելու գործում: …Կանգնեք ավելի ուղիղ, կանգնեք ավելի բարձր, բարձրացրեք նրանց, ում ծնկները տկար են, բարձր պահեք նրանց ընկած բազուկները: Ապրեք Հիսուս Քրիստոսի ավետարանին համաձայն: Մոռացեք ինքներդ ձեզ:22

Առաջարկներ ուսումնասիրության և ուսուցման համար

Հարցեր

  • Նախագահ Հինքլին ուսուցանում էր, որ մեր կյանքը պարգև է Աստծո կողմից, որը պիտի նվիրվի ուրիշներին ծառայելու գործին (տես բաժին 1): Մենք ինչպե՞ս կարող ենք ուրիշներին ծառայելը դարձնել մեր կյանքի ուղի: Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում աչքը ուղղված միայն Աստծո փառքին: Ինչպե՞ս է ինչ-որ մեկի ծառայությունն օրհնել ձեզ:

  • Ինչու՞ է ծառայությունն օգնում մեզ հաղթահարել ինքնախղճահարությունը, եսասիրությունը և մենակությունը: (Տես բաժին 2:) Ինչպե՞ս է ծառայությունը ձեզ երջանկություն բերել։ Երբ կարդում եք, թե ինչպես է Նախագահ Հինքլին նկարագրում կարիքի մեջ գտնվող մարդկանց, որոշեք, թե դուք և ձեր ընտանիքը ինչպես կարող եք ծառայել նրանց:

  • Ինչո՞ւ ուրիշներին ծառայելու գործում ինքներս մեզ կորցնելով, կարող ենք օգնել «գտնել մեր ճշմարիտ եսը»: (Տես բաժին 3։) Մենք ի՞նչ կարող ենք սովորել 3-րդ բաժնում տրված պատմություններից:

  • Նախագահ Հինքլին խորհուրդ է տվել. «Կորցրեք ինքներդ ձեզ աշխարհի ամենալավ գործում` Տիրոջ գործում»: Եկեղեցու ձեր ծառայությունը ի՞նչ օրհնություններ է բերել ձեր կյանք (բաժին 4):

Առնչվող սուրբ գրություններ

Մատթեոս 20.25–28, 25.34–40, Հովհաննես 13.35, Մոսիա 2.16–18, 18.8–9, ՎևՈւ 64.33

Օգնություն ուսումնասիրողին

«Երբ ուսումնասիրեք, հատուկ ուշադրություն դարձրեք գաղափարներին, որոնք գալիս են ձեր միտքը և այն զգացումներին, որոնք գալիս են ձեր սիրտը» (Քարոզիր իմ ավետարանը [2004], 18): Գրի առեք ձեր ստացած տպավորությունները, նույնիսկ, եթե թվում է, դրանք կապ չունեն այն խոսքերի հետ, որոնք դուք կարդում եք: Դրանք գուցե հենց այն բաներն են, որոնք Տերը կամենում է, որ դուք սովորեք:

Հղումներ

  1. “Taking the Gospel to Britain: A Declaration of Vision, Faith, Courage, and Truth,” Ensign, July 1987, 7.

  2. Henry B. Eyring, “Things Will Work Out,” In Memoriam: President Gordon B. Hinckley, 1910–2008 (supplement to the Ensign, Mar. 2008), 27; see also page 26.

  3. “Testimony,” Ensign, May 1998, 69.

  4. Discourses of President Gordon B. Hinckley, Volume 1: 1995–1999 (2005), 543.

  5. “And the Greatest of These Is Love,” Ensign, Mar. 1984, 5.

  6. “The Gift of Self,” Tambuli, Dec. 1986, 3; see also lds.org/liahona/1986/12/the-gift-of-self.

  7. “To Single Adults,” Ensign, June 1989, 75.

  8. Discourses of President Gordon B. Hinckley, Volume 1, 544–45.

  9. “Giving Ourselves to the Service of the Lord,” Ensign, Mar. 1987, 5.

  10. “Whosoever Will Save His Life,” Ensign, Aug. 1982, 5.

  11. “A Conversation with Single Adults,” Ensign, Mar. 1997, 61.

  12. “To Single Adults,” 73–74.

  13. “Giving Ourselves to the Service of the Lord,” 5.

  14. “To a Man Who Has Done What This Church Expects of Each of Us” (Brigham Young University devotional, Oct. 17, 1995), 6, speeches.byu.edu.

  15. “Whosoever Will Save His Life,” 3–4.

  16. “And the Greatest of These Is Love,” 4.

  17. “Women of the Church,” Ensign, Nov. 1996, 69.

  18. “Whosoever Will Save His Life,” 6.

  19. “Pillars of Truth,” Ensign, Jan. 1994, 7.

  20. “Rejoicing in the Privilege to Serve,” Worldwide Leadership Training Meeting, June 21, 2003, 23.

  21. “Life’s Obligations,” Ensign, Feb. 1999, 4.

  22. Teachings of Gordon B. Hinckley (1997), 597.