Սեմինարիաներ և Ինստիտուտներ
Դաս 24. Եկեղեցու միայնակ ամուրի անդամները


Դաս 24

Եկեղեցու միայնակ ամուրի անդամները

Նախաբան

Հիսուս Քրիստոսի ավետարանը շեշտում է այն հավերժական օրհնությունները, որոնք ձեռք են բերվում ամուսնության և ընտանեկան փոխհարաբերությունների միջոցով: Այնուամենայնիվ Եկեղեցու շատ անդամներ գտնվում են այնպիսի հանգամանքներում, որտեղ նրանք ներկայումս հնարավորություն չունեն ամուսնության և ընտանիքի համար: Այս դասը շեշտում է, որ Եկեղեցու անդամները, ովքեր ամուրի են, կարևոր ներդրումներ անեն Տիրոջ արքայության համար: Չնայած ամուսնության և ընտանիքի օրհնությունները երբեմն հետաձգվում են, դրանք երբեք չեն մերժվում նրանց, ովքեր արդարաբար պահում են իրենց ուխտերը Աստծո հետ:

Ընթերցանության օժանդակ նյութեր

Ուսուցման առաջարկներ

Ա Կորնթացիս ԺԲ.12-20, 25-27

Ամուրի անդամներ ընտանիքի կողմնորոշումով Եկեղեցում

Հրավիրեք ուսանողներին կիսվել որոշ մարտահրավերներով, որոնք Եկեղեցու ամուրի անդամները կարող են ունենալ, երբ հաճախում են ծուխ կամ ճյուղ, որտեղ շատ անդամներ ամուսնացած են և ունեն երեխաներ: (Եկեղեցու ամուրի անդամները կարող են զգալ հուսալքված, մեկուսացած և դուրս մնացած ժողովներից և դասերից, որոնք ուսուցանում են ամուսնության և ընտանիքի մասին:)

  • Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս կարող են Եկեղեցու մյուս անդամներն օգնել ամուրի չափահաս անդամներին ներգրավված զգալ և գնահատված Եկեղեցու ժողովներում և միջոցառումներում:

Ցուցադրեք Նախագահ Հովարդ Վ. Հանթերի (1907–1995) հետևյալ խոսքերը, և խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ այն.

Նախագահ Հովարդ Վ. Հանթեր

«Եկեղեցին բոլոր անդամների համար է: …. Մենք բոլորս, ամուրի թե ամուսնացած, ունենք անհատական առանձնահատկություններ և կարիքներ, որոնց շարքում է՝ որպես Աստծո արժանավոր անհատական զավակ նկատված լինելու ցանկությունը: ….

Սա Հիսուս Քրիստոսի եկեղեցին է, ոչ թե ամուսնացածների կամ չամուսնացածների, կամ որևէ այլ խմբի, կամ անձնավորության եկեղեցի» («Եկեղեցին բոլոր մարդկանց համար է», Ensign, June 1989, 76):

Բացատրեք, որ Պողոս Առաքյալը համեմատել է Եկեղեցին մարդկային մարմնի հետ, իսկ անհատական անդամներին Եկեղեցու մարմնի մասերի հետ: Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Ա Կորնթացիս ԺԲ.12–20 haտվածները, մինչ դասարանի մնացած մասը փնտրում է, թե ինչպես է Պողոսը համեմատում ֆիզիկական մարմնի մասերը Եկեղեցու անդամների հետ:

  • Ի՞նչ մարտահրավերների կհանդիպեինք մենք, եթե մեր մարմինների մեկ կամ ավելի մասերը բացակայեին:

  • Ի՞նչ սկզբունք է Պողոսի համանմանությունն ուսուցանում մեզ Եկեղեցու և նրա անդամների մասին: (Ուսանողները կարող են նշել մի քանի կարևոր սկզբունքներ: Հավաստիացեք, որ շեշտվում է հետևյալ սկզբունքը. Եկեղեցու յուրաքանչյուր անդամ ունի արժեք և կարող է կարևոր ներդրում կատարել Եկեղեցում):

  • Ի՞նչ ներդրումներ եք տեսել, որոնք ձեր ծխի կամ ճյուղի ամուրի անդամները կատարել են Եկեղեցում:

Խնդրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Ա Կորնթացիս ԺԲ.25-27-ը: Հրավիրեք դասարանին փնտրել, թե ինչ կարող են Եկեղեցու անդամներն անել միաբանված դառնալու համար:

  • Ի՞նչ կարող են անել բոլոր անդամները՝ ամուսնացած և ամուրի՝ օգնելու միմյանց զգալ միաբան ծխի կամ ճյուղի մյուս անդամների հետ:

Ցուցադրեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռոբերտ Դ. Հեյլսի հետևյալ խոսքերը․

Երեց Ռոբերտ Դ. Հեյլս

«Մենք բոլորս պատկանում ենք Սրբերի համայնքին, մենք բոլորս միմյանց կարիքն ունենք, և մենք բոլորս աշխատում ենք նույն նպատակի համար: Մեզանից որևէ մեկը կարող է մեկուսացնել իրեն [մեր ծխի կամ ճյուղի] ընտանիքից՝ մեր տաբերությունների պատճառով: Բայց մենք չպետք է մեկուսանանք կամ զրկենք մեզ հնարավորություններից, այն տարբերությունների պատճառով, որ մենք զգում ենք մեր մեջ: Փոխարենը եկեք կիսվենք մեր պարգևներով և տաղանդներով մյուսների հետ, բերելով հույսի պայծառություն և ուրախություն նրանց համար, և այդ անելով բարձրացնենք մեր իսկ ոգին» (“Belonging to a Ward Family,” Ensign, Mar. 1996, 16):

  • Ինչպե՞ս են կոչումներ ընդունելու և ձեր ծուխը կամ ճյուղը հաճախելու ձեր ջանքերը օգնել ձեզ ավելի միաբանված զգալու մյուս անդամների հետ:

Եբրայեցիս ԺԱ.1, 6, 8-13,16

Խոստացված օրհնություններին սպասելը

Ցուցադրեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ. Օուքսի հետևյալ միտքը և հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ այն.

Երեց Դալլին Հ. Օուքս

«Նրանք, ովքեր ամուրի են, պետք է ցանկանան տաճարային ամուսնություն և առաջնահերթ ճիգեր գործադրեն այն ունենալու համար: Երիտասարդությունը և երիտասարդ ամուրիները պետք է դիմադրեն քաղաքականապես ճիշտ, բայց հավերժական տեսանկյունից կեղծ տեսակետի դեմ, որն արժեզրկում է ամուսնանալու և երեխաներ ունենալու կարևորությունը: («Ցանկություն», Ensign կամ Լիահոնա, մայիս 2011, 45):

  • Ինչո՞ւ եք կարծում, որ որոշ ամուրի անդամներ կարող են հուսալքված զգալ, երբ նրանք խորհեն այն վարդապետության շուրջ, որ «տղամարդու և կնոջ ամուսնությունը հաստատվել է Աստծո կողմից և, որ ընտանիքն ամենակարևոր դերն ունի Արարչի ծրագրում՝ Իր զավակների հավերժական ճակատագրի համար»: («Ընտանիք՝ հայտարարություն աշխարհին», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2010, 129):

Բացատրեք, որ չնայած ամուսնությունը և ընտանիքը կատարելատիպն է, Եկեղեցու շատ չափահաս ամուրիներ համոզված չեն, թե արդյոք նրանք երբևէ կամուսնանան: Նրանք, ովքեր ամուսնալուծված կամ այրիացած են, մտածում են՝ արդյոք կրկին կամուսնանան:

Բարձրաձայն կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դ․ Թոդ Քրիստոֆերսոնի հետևյալ խոսքերը և խնդրեք ուսանողներին փնտրել, թե ինչ է արել Փրկիչը հավերժական օրհնությունները հնարավոր դարձնելու նրանց համար, ովքեր չունեն ամուսնության և ընտանիքի օրհնությունները.

Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոն

«Ամուսնության և ընտանիքի վերաբերյալ հիմնական ճշմարտությունները հայտարարելը չի նշանակում անտեսել կամ նթերագնահատել նրանց զոհաբերություններն ու հաջողությունները, ում համար կատարելությունը ներկայիս իրականությունը չէ: Ձեզանից ոմանք զրկված են ամուսնության օրհնությունից մի քանի պատճառներով, ներառյալ՝ կենսունակ հեռանկարների բացակայությունը, համասեռամոլությունը, ֆիզիկական կամ հոգեկան խանգարումներ ունենալը կամ պարզապես ձախողման վախը, որ տվյալ պահին առնվազն խամրեցնում է հավատքը: Կամ գուցե դուք ամուսնացել եք, բայց այդ ամուսնությանը վերջ է դրվել, և դուք թողնված եք մենակ հասցնելու այն, ինչը երկուսով միասին հազիվ էիք կարողանում անել: Ձեզանից ոմանք, ովքեր ամուսնացած են, չեն կարող երեխաներ ունենալ, չնայած անհաղթահարելի ցանկությանը և աղերսալի աղոթքներին:

«…. Մենք վստահաբար վկայում ենք, որ Հիսուս Քրիստոսի Քավությունը նախատեսել է և, ի վերջո, կփոխհատուցի բոլոր զրկանքները և կորուստները նրանց համար, ովքեր դառնում են դեպի Նա: Ոչ ոք կանխատեսված չէ, որ ստանա ավելի քիչ, քան այն ամենը, ինչ Հայրն ունի իր զավակների համար» («Ինչո՞ւ ամուսնություն, ինչո՞ւ ընտանիք», Ensign կամ Լիահոնա, մայիս 2015, 52):

  • Ի՞նչ վարդապետություն է Երեց Քրիստոֆերսոնն ուսուցանում այն մասին, թե ով կստանա Աստծո մեծագույն օրհնությունները: (Գրատախտակին գրեք հետևյալ վարդապետությունը. Հիսուս Քրիստոսի Քավությունը հնարավոր է դարձնում մեզանից յուրաքանչյուրիս համար վերջում ստանալ մեր Երկնային Հոր բոլոր խոստացած օրհնությունները:)

  • Ի՞նչ պետք է անի անձնավորությունը` ձեռք բերելու այս վարդապետությունում նկարագրված հույսը:

Ցուցադրեք Նախագահ Սպենսեր Վ․ Քիմբալի (1895–1985) հետևյալ խոսքերը և խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ դրանք.

Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալ

«Մենք խոստանում ենք ձեզ, որ որքանով հավերժությանն է վերաբերում, ոչ մի հոգի չի զրկվի հարուստ և բարձր ու հավերժական օրհնություններից որևէ մեկից, որն այդ մարդը չի կարողացել ստանալ, որ Աստված երբեք չի թերանում Իր խոստումներում, և որ ամեն արդարակյաց մարդ կստանա ի վերջո բոլորը, ինչ այդ անձնավորությունն իրավունք ունի և որից նա չի զրկվել իր սեփական մեղքի պատճառով» («Սելեստիալ ամուսնության կարևորությունը», Ensign, Oct. 1979, 5):

Չնայած ամուսնության և ընտանիքի օրհնությունները երբեմն հետաձգվում են, դրանք երբեք չեն մերժվում նրանց, ովքեր արդարաբար պահում են իրենց ուխտերն Աստծո հետ:

Խնդրեք ուսանողներին մտածել Աբրահամի և Սառայի օրինակների մասին, ովքեր ստացան խոստումներ Աստծուց իրենց ընտանիքի վերաբերյալ, որն ուշացվեց կամ չիրագործվեց իրենց մահկանացու կյանքի ընթացքում (տես Ծննդոց ԺԳ.14–17, ԺԵ.4–7, ԺԷ.1–8, 15–16): Հիշեցրեք ուսանողներին, որ Աբրահամի և Սառայի նման մեր հավատքը երբեմն կստուգվի խոստումներով, որոնք հետաձգվում են կամ չեն կատարվում մահկանացու կյանքում:

Ուսանողներից մեկին խնդրեք բարձրաձայն կարդալ Եբրայեցիս ԺԱ.1,6 մինչ դասարանը փնտրում է հավատքի սահմանումը։

  • Ի՞նչ են ուսուցանում այս հատվածները հավատքի իմաստի մասին: (Հիշեցրեք ուսանողներին նայել հատված 1, ծանոթագրություն բ, որը նշում է, որ նյութը կարող է նաև նշանակել համոզվածություն, հիմք կամ հիմունքներ: Հիշեք օգնել ուսանողներին զարգացնել սուրբ գրությունների անձնական ուսումասիրության հմտություններ, դասի ժամանակ դիմելով ուսումնասիրության միջոցներին:)

  • Ի՞նչ է նշանակում «ապացույց այն բաների, որոնք անտեսանելի են» արտահայտությունը: (Հավատքը համոզվածություն է կամ վկայություն անտեսանելի իրողությունների վերաբերյալ: Այս համոզվածությունը հուսացած բաների և անտեսանելի բաների համար գալիս է, երբ մենք գործում ենք՝ հիմնվելով և հնազանդվելով ավետարանի սկզբունքներին, հատակապես, երբ դժվար է այդպես անել: Հավատքը հնազանդ գործողությունն է, որն առաջացնում է վկայության հոգևոր պարգևը: Դա Տիրոջը բավականաչափ հավատալն է ու վստահելը՝ հնազանդվելու Նրան առանց առաջինը տեսնելու վերջնական արդյունքը:

Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Եբրայեցիս ԺԱ.8–13, 16-ը մինչ դասարանի մնացած մասը փնտրում է, թե ինչպես Աբրահամը և Սառան հավատք գործադրեցին դժվարին հանգամանքների ժամանակ: Առաջարկեք դասարանին, որ գուցե ընդգծեն այն բառերն ու արտահայտությունները, որոնք ցույց են տալիս, թե ինչպես Աբրահամը և Սառան հավատք գործադրեցին:

  • Հատված 13-ն ասում է, որ չնայած Աբրահամը, Սառան և շատ ուրիշները մահացան առանց «ստանալու խոստումները», նրանք «հեռուանց» տեսան խոստումներն և հավատք ունեցան Աստծո ունակության հանդեպ՝ կատարելու այդ խոստումները: Ինչպե՞ս կարող է այս հնադարյան Սրբերի օրինակը օգնել ժամանակակից Սրբերին, ում հավատքը մարտահրավերի է ենթարկվում, որովհետև նրանք չեն ստանում խոստացված օրհնությունները մահկանացու կյանքի ընթացքում: (Մենք բոլորս պետք է սովորենք հավատք գործադրելու անհրաժեշտությունը և հնազանդվենք Տիրոջ պատվիրաններին, նույնիսկ, երբ մեր հուսացած օրհնությունները թվում է չեն գալիս, երբ մենք ցանկանում ենք դրանք:)

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում, որ այս հնադարյան Սրբերն ապրեցին որպես «օտարներ եւ պանդուխտներ երկրումը»: (Նրանք գիտեին, որ մահկանացու կյանքը ժամանակավոր էր և որ այս աշխարհը իրենց մշտական տունը չէր:)

Ցուցադրեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի հետևյալ խոսքերը.

Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդ

«Որոշ օրհնություններ գալիս են շուտով, որոշը գալիս են ուշ, իսկ որոշը չեն գալիս, քանի դեռ երկնքում չենք, բայց նրանց համար, ովքեր ընդունում են Հիսուս Քրիստոսի ավետարանը, դրանք գալիս են: Այդ մասին ես հաստատում եմ անձնապես» (“An High Priest of Good Things to Come,” Ensign, Nov. 1999, 38):

  • Ինչպե՞ս կարող է իմանալը, որ ոչ մի օրհնություն չի մերժվի հավատարիմներին, օգնել Եկեղեցու անդամներին, ովքեր տխրություն և հուսահատություն են զգում, որովհետև նրանք ամուսնացած չեն, կամ երեխաներ չունեն:

  • Կարո՞ղ եք հիշել ինչ-որ ժամանակ, երբ հուսալքված եք զգացել, բայց ընտրել եք գործել հավատքով և ամեն դեպքում առաջ շարժվել ձեր կյանքում:

Եթե ժամանակը ներում է, կիսվեք Երեց Դալլին Հ. Օուքսի հետևյալ խորհրդով.

Երեց Դալլին Հ. Օուքս

«Եթե դուք ուղղակի ժամանակի եք սպասում ամուսնական հեռանկարի համար, դադարեք սպասելը: Դուք գուցե երբեք հնարավորություն չունենաք հարմար ամուսնության համար այս կյանքում, այսպիսով դադարեք սպասել և սկսեք շարժվել: Պատրաստվեք կյանքի համար, նույնիսկ միայնակ կյանքի, կրթությամբ, փորձառությամբ և ծրագրելով: Մի սպասեք երջանկության, որը կնետեն ձեզ վրա: Փնտրեք այն ծառայությամբ և սովորելով: Ստեղծեք կյանք ձեզ համար: Եվ վստահեք Տիրոջը» (“Dating versus Hanging Out,” Ensign, June 2006, 14):

Խրախուսեք ուսանողներին մտածել, թե ինչ կարող են անել՝ մեծացնելու իրենց հավատքն առ Հիսուս Քրիստոս և վստահել Նրա ունակությանը՝ առաջ բերելու խոստացված օրհնությունների իրականացումը:

Ուսանողի ընթերցարան