2007
Հայցել ամենամեծ և պատվական խոստումները
2007թ. նոյեմբեր


Հայցել ամենամեծ և պատվական խոստումները

Տերն առատ խոստումներ է տալիս, և Նա հաստատում է, որ ետ չի կանգնի այդ խոստումներից:

Ես սերն ու ողջույններն եմ բերել Հարավային Խաղաղ օվկիանոսյան կղզիների հավատարիմ Սրբերի:

Ավետարանի առաջին սկզբունքը հավատն է առ Տեր Հիսուս Քրիստոս: Սա նշանակում է հավատ Նրա աստվածային ծնունդի և երկնային ժառանգության հանդեպ, և հավատ, որ Իր Հոր ղեկավարությամբ Նա արարել է երկիրն ու դրա վրա գտնվող բոլոր բաները (տես Հովհաննես Ա.10; Մոսիա 3.8): Առ Քրիստոս մեր հավատի հիմքում հավաստիացումն է, որ Նրա քավող զոհաբերությամբ, թեպետ մեր մեղքերը կրկնակի կարմիրի պես լինին, ձյունի պես պիտի սպիտականան (տես Եսայիա Ա.18):

Հավատն առ Քրիստոս ներառում է այն գիտելիքը, որ Նրա Խաչելությունից հետո Նա դուրս եկավ գերեզմանից և Նրա Հարության շնորհիվ ողջ մարդկությունը կապրի նորից (Ա Կորնթացիս ԺԵ.21–23): Հավատ առ Քրիստոս հավաստիացումն է, որ Նա և Իր Երկնային Հայրը հայտնվեցին պատանի Ջոզեֆ Սմիթին, ճանապարհ հարթելով ժամանակների լրության տնտեսությունում բոլոր բաների Վերականգնման համար: Հիսուս Քրիստոսը Եկեղեցու գլուխն է, որը կրում է Նրա սուրբ անունը:

Հավատն առ Տեր Հիսուս Քրիստոս ակնհայտ է, երբ մենք հավատում ենք Նրա ուսմունքներին և հայցում Նրա «ամենամեծ և պատվական խոստումները» և «հաղորդակից լինում աստվածային բնությանը» (Բ Պետրոս Ա.4): Անթիվ խոստումներ են հայտարարվել Նրա մարգարեների կողմից, և Տերը հավաստում է մեզ. «Իմ խոսքը չպիտի անցնի, այլ բոլորը պիտի կատարվի, լինի դա իմ իսկ ձայնով, թե իմ ծառաների ձայնով՝ միևնույն է» (ՎևՈւ 1.38):

Այս վերջին օրերին Տերը հայտնել է, որ «եթե մենք ինչ-որ օրհնություն ենք ստանում Աստծուց, դա այն օրենքին հնազանդվելով է, որի վրա հիմնված է այն» (ՎևՈւ 130. 21): Տերն առատ խոստումներ է տալիս, և Նա հաստատում է, որ ետ չի կանգնի այդ խոստումներից, քանզի Նա ասել է. «Ես՝ Տերս, կապված եմ, երբ դուք անում եք այն, ինչ ես ասում եմ. բայց երբ դուք չեք անում այն, ինչ ես ասում եմ, դուք խոստում չունեք» (ՎևՈւ 81.10):

Ամենամեծ և պատվական խոստումները

Տիրոջ անթիվ մեծ ու պատվական խոստումների մեջ ընդգրկվում են մեր մեղքերի ներումը, երբ մենք «խոստովանում և թողնում ենք դրանք» (ՎևՈւ 58.43; տես նաև ՎևՈւ 1.32): Երկնքի պատուհանները բացելը խոստում է, որը կարող են հայցել նրանք, ովքեր հավատարիմ տասանորդ են վճարում (տես Մաղաքիա Գ.10), և «գիտելիքի մեծ գանձեր» կարող են գտնել նրանք, ովքեր պահում են Իմաստության Խոսքը (ՎևՈւ 89.19):

Աշխարհից անբիծ դառնալը խոստում է բոլոր նրանց, ովքեր սուրբ են պահում Կիրակին (տես ՎևՈւ 59.9; Ելից ԼԱ.13): Աստվածային առաջնորդությունն ու ոգեշնչումը խոստացվել են նրանց, ովքեր «սնվում են Քրիստոսի խոսքերով», (2 Նեփի 32.3–5) և ովքեր իրենց են «վերագրում բոլոր սուրբ գրությունները» (1 Նեփի 19.23):

Տերը նաև խոստացել է, որ «ինչ որ դուք խնդրեք Հորը՝ իմ անունով, ինչը որ ճիշտ է՝ հավատալով, որ դուք կստանաք, ահա այն կտրվի ձեզ» (3 Նեփի 18.20): Մեզ խոստացվել է, որ Սուրբ Հոգին կլինի մեր մշտական ընկերակիցը, երբ մենք թույլ տանք, որ «առաքինությունը զարդարի մեր մտքերն անդադար» (տես ՎևՈւ 121.45–46): Մենք կարող ենք հայցել հոգևոր առումով ազատագրող խոստումը ծոմի, որը կարձակի «անիրավության կապանքները», բացելով «լուծի կոշկոռները», և «ջարդվածներին ազատ թողելով» և «ամեն տեսակ լուծ կոտրելով» (Եսայիա ԾԸ.6):

Նրանք, ովքեր կնքվում են սուրբ տաճարներում և ովքեր հավատարիմ պահում են իրենց ուխտերը, կստանան Աստծո փառքը, որը «կլինի սերունդների լիությունը և շարունակությունը հավիտյանս հավիտենից» (ՎևՈւ 132.19):

Երբեմն, մեր երկրային անհամբերության պատճառով մենք հնարավոր է աչքաթող անենք Տիրոջ խոստումները և ենթադրենք, որ այդ խոստումների իրականացումը մեր հնազանդությունից կախված չէ: Տերը խոստացել է.

«Ո՞վ եմ ես, ասում է Տերը, որ խոստացել եմ և չեմ կատարել:

Ես պատվիրում եմ, և մարդիկ չեն հնազանդվում. ես չեղյալ եմ համարում, և նրանք չեն ստանում օրհնությունը:

Ապա նրանք ասում են իրենց սրտում. Սա Տիրոջ աշխատանքը չէ, քանզի նրա խոսոտումները չեն կատարվում: Սակայն, վա՜յ այդպիսիներին, քանզի նրանց վարձքը թաքնված է ներքևում, և վերևից չէ» (ՎևՈւ 58.31–33):

Խոստումները հեռվից տեսնելը

Հավատի կարևոր բաղկացուցիչ մասերն են` համբերությունը, երկայնամտությունը և մինչև վերջ համբերելը: Պողոս Առաքյալը պատմում է Աբելի, Ենովքի, Նոյի, Աբրահամի և Սառայի հավատքի մասին, եզրափակելով, որ «սորանք ամենը մեռան հավատքի մեջ, առանց խոստմունքներն ստանալու, այլ հեռուանց տեսնում էին նրանց և ուրախանում. և բարևում էին և դավանում, թե օտարականներ և պանդուխտներ են երկրումը» (տես Եբրայեցիս ԺԱ.4–13): Այս հավատարիմ Սրբերը գիտեին, որ այս երկիրը ճամփորդություն է, և ոչ թե իրենց վերջին նպատակակետը:

Երբ Աբրամը 75 տարեկան էր, Տերը խոստացավ նրան. «Ես քեզ մեծ ազգ կդարձնեմ», սա այն ժամանակ, երբ նա և Սառան դեռևս զավակներ չունեին (Ծննդոց ԺԲ.2): Նա 86 տարեկան էր, երբ Սառայի աղախին Հագարը «Իսմայելին ծնեց Աբրամի համար» (Ծննդոց ԺԶ.16):

Եվ Տերը Աբրամի անունը փոխեց Աբրահամ, իսկ Սառայի անունը Սարրա, և երբ նա մոտ հարյուր տարեկան էր, իսկ կինը` 90, նրանց խոստացվեց, որ Սարրան որդի կծնի, որի անունը պետք է դրվի Իսահակ (տես Ծննդոց ԺԷ.17, 19): Երբ նրանք չէին հավատում դրան, Տերը հարցրեց. «Եհովայի համար դժվար բան կա՞ արդյոք» (Ծննդոց ԺԸ.14): Եվ «Սարրան հղացավ, և մի որդի ծնեց Աբրահամի իր ծերությունումը» (Ծննդոց ԻԱ.2), և Տերը խոստացավ. «Քո սերունդը երկնքի աստղերի և ծովերզերքում լինող ավազի պես շատացնելով կշատացնեմ» (Ծննդոց ԻԲ.17):

Մանուկ Իսահակը մեծացավ, և երբ 40 տարեկան էր, ամուսնացավ Ռեբեկայի հետ: «Եվ Իսահակն աղաչեց Եհովային իր կնոջ համար, որ ամուլ էր. և Եհովան լսեց նրա աղաչանքը. և նորա կինը Ռեբեկան հղացավ», և երկու որդի ծնեց` Եսավը և Հակոբը, երբ նրանց հայրը 60 տարեկան էր: (Տես Ծննդոց ԻԵ.20—26:)

Երբ Հակոբը հասունացավ և համապատասխան տարիքի հասավ, նրա ծնողները նրան ուղարկեցին Լաբանի տուն, որտեղ նա պետք է հանդիպեր Լաբանի երկու դուստրերին` Լիային և Ռաքելին: Հակոբն ասաց Լաբանին. «Քո փոքր աղջիկ Ռաքելի համար յոթը տարի ծառայեմ … Եվ Հակոբը Ռաքելի համար յոթը տարի ծառայեց. և նորա աչքին մի քանի օրերի պես էր` նորան սիրելու պատճառով» (Ծննդոց ԻԹ.18, 20):

Դուք կհիշեք, թե ինչպես Լաբանը խաբեց երիտասարդ Հակոբին` առաջինը ամուսնացնելով Լիայի հետ, և ապա Ռաքելի: «Եվ երբոր Եհովան տեսավ, որ Լիան ատվում է, նորա արգանդը բացավ, բայց Ռաքելը ամուլ էր» (Ծննդոց ԻԹ.31): Եվ Լիան ծնեց Ռուբենին, ապա Շմավոնին, հետո Ղևիին և Հուդային: Միևնույն ժամանակ Ռաքելը անպտուղ էր մնացել (տես Ծննդոց ԻԹ.32–35):

Մի օր աճող նախանձի և հուսահատության մեջ Ռաքելը պոռթկումով պահանջեց Հակոբից. «Ինձ որդիներ տուր, եթե ոչ` կմեռնիմ» (Ծննդոց Լ.1): Հետագայում Լիան երկու որդի և մեկ դուստր էլ ծնեց:

Տերը չի ուշացնում իր խոստումները

Պետրոս Առաքյալը վկայել է, որ «Տերը չի ուշացնիլ խոստումը, ինչպես ոմանք ուշացնել են կարծում, բայց երկայնամիտ է լինում» մեր հանդեպ (Բ Պետրոս Գ.9): Մեկժամյա քիմմաքրման և մեկրոպեանոց արագ սննդի կետերով լի այս դարում, երբեմն մեզանից ոմանց թվում է, թե սիրող Երկնային Հայրը սխալ տեղ է դրել մեր թանկարժեք խոստումները, կամ Նա հետաձգում է դրանք կամ էլ ուրիշի անվան տակ է դրել: Այսպիսին էին Ռաքելի զգացումները:

Բայց ժամանակի հետ, մենք տեսնում ենք սուրբ գրվածքի ամենագեղեցիկ խոսքերը. «Եվ Տերը հիշեց Ռաքելին» (Ծննդոց Լ.22): Նա օրհնվեց երկու որդիներով` ծնվեց Հովսեփը և ավելի ուշ Բենյամինը: Այսօր երկրի վրա միլիոնավոր մարդիկ կան, որ Աբրահամի ծոռ Հովսեփի հետնորդներն են, որոնք ընդունել են Աբրահամյան խոստումը, որ իրենց ջանքերի շնորհիվ «երկրի բոլոր ընտանիքները պիտի օրհնվեն, այսինքն՝ Ավետարանի օրհնություններով, որոնք փրկության, այսինքն՝ հավերժական կյանքի օրհնություններն են» (Աբրահամ 2.11):

Երբ երկնքի խոստումները երբեմն թվում են հեռվում, ես աղոթում եմ, որ մեզանից յուրաքանչյուրը ընդունի այս ամենամեծ և պատվական խոստումները և միշտ հավատարիմ մնա դրանց: Եվ ինչպես Աստված հիշեց Ռաքելին, Աստված կհիշի դրանք: Ես վկայում եմ այս ամենը, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: