Փոքր բաներից
Որպես Տեր Հիսուս Քրիստոսի աշակերտներ, մենք պատասխանատվություն ենք կրում հոգալու և ծառայելու մեր եղբայրներին և քույրերին:
Մաբուհայ Ֆիլիպինների սիրելի և հրաշալի ժողովրդից:
Ամենահին և ամենակարևոր հարցերից, որ տրվել է այս աշխարհի պատմության մեջ, ամենահետաքրքրականը Կայենի պատասխանն է Աստծո հարցմանը, երբ նա արդեն սպանել էր իր եղբորը` Աբելին: «Մի՞թե ես եղբորս պահապանն եմ»:1 Այս հարցը լուրջ խորհելու տեղիք է տալիս նրանց, ովքեր ձգտում են Տիրոջ կամքը կատարել: Պատասխաններից մեկը կարելի է գտնել Ալմայի ուսուցումների մեջ.
«Եվ այժմ, քանի որ դուք փափագում եք գալ Աստծո հոտը և կոչվել նրա ժողովուրդը, և հոժար եք՝ կրելու մեկդ մյուսի բեռը, որ դրանք թեթև լինեն.
Այո, և հոժար եք՝ սգալու նրանց հետ, ովքեր սգում են. այո, և մխիթարել նրանց, ովքեր կարիք ունեն մխիթարության»:2
Որպես Տեր Հիսուս Քրիստոսի աշակերտներ, մենք պատասխանատվություն ենք կրում հոգալու և ծառայելու մեր եղբայրներին և քույրերին: Բարի Սամարացու առակով Հիսուս Քրիստոսը ոչ միայն շփոթեցրեց Իր թշնամիներին, այլև մեծ դաս ուսուցանեց բոլոր նրանց, ովքեր ձգտում են հետևել Նրան: Մենք պետք է լայնացնենք մեր ազդեցության շրջանակը: Ուրիշներին ծառայելը պետք է կախված չլինի ռասսայից, մաշկի գույնից, դիրքից կամ կապերից: Ի վերջո, «սատարիր թույլերին, բարձրացրու ընկած ձեռքերը և ամրացրու տկար ծնկները»3 պատվիրանի հետ սահմանփակումներ չեն տրվել:
Շատերը հավատում են, որ իմաստալից ծառայություն մատուցելու համար պետք է ծրագրեր մշակել և հանձնաժողով կազմել: Թեպետ այդ կարևոր նախագծերից շատերը օգնում են, աշխարհում հիմնական ծառայությունը կապված է միմյանց հանդեպ ունեցած մեր ամենօրյա վերաբերմունքից: Հաճախ, մենք նման հնարավորություններ ենք տեսնում մեր տան պատերի ներսում, հարևանության մեջ և ծխում:
Ք. Ս. Լյուիսի Սքրյութեյփի նամակները վիպակում խաբեբա Սքրյութեյփը իր զարմիկ Վորմվուդին հետևյալ խորհուրդն է տալիս, որը ներկայացնում է մեզանից շատերին այսօր կեղեքող ախտը. «Արա ինչ ուզում ես, քո հիվանդի հոգում կլինի մի քիչ բարեսրտություն, ինչպես նաև մի քիչ ոխ: Հիմնականում ուղղիր ոխն իր անմիջական հարևանների հանդեպ, որոնց նա հանդիպում է ամեն օր, իսկ բարեսրտությունը նետիր նրա հեռավոր շրջապատի մարդկանց, որոնց նա չի ճանաչում: Այդպիսով, ոխը դառնում է ամբողջովին իրական, իսկ բարեսրտությունը` բավականին երևակայական»:4
Հայտնի օրհներգի խոսքերը կատարյալ միջոց են նկարագրում.
Թեթևացե՞լ է մեկի բեռն արդյոք,
Իմ կամեցողության շնորհիվ այսօր:
Հիվանդն ու տանջահարն իրենց ճանապարհին ստացե՞լ են օգնություն:
Այնտե՞ղ էի ես, երբ նրանք ունեին կարիքն իմ օգնության:
Ուրեմն վեր կաց և արա ավելին,
Քան երազես բարձրյալ քո պալատի մասին:
Հաճույք է բարիք գործելը, անսահման ուրախություն,
Պարտականության և սիրո օրհնություն:5
Կներկայացնեմ մի քանի դեպքեր, որոնց ականատեսն եմ եղել ես, և դրանցից ես դասեր եմ քաղել, թե ինչպես կարող են ծառայության փոքր գործերն օգնել մեզ և նրանց, ում վրա կարող ենք ազդել: Մեր Երկնային Հայրը մեր սիրելի մարդկանց դնում է խաչմերուկների վրա, որով օգնում է մեզ, որպեսզի միայնակ չխարխափենք խավարում: Այդ մարդիկ օգնում են իրենց օրինակով, համբերությամբ և սիրով: Այդպես է եղել ինձ հետ:
Ես հիշում եմ հատկապես մի կարևոր խաչմերուկ` գնա՞լ լիաժամկետ միսիայի, թե ոչ: Ես այդ խաչմերուկում կանգնել եմ երկար ժամանակ: Երբ ես որոշում կայացնելու պայքարի մեջ էի, իմ ընտանիքը, ընկերներս և քահանայության ղեկավարներն առաջ եկան, որ ձեռքս բռնեն: Նրանք ինձ խրախուսեցին, խորհուրդ տվեցին և անհամար աղոթքներ ասացին ինձ համար: Իմ լիաժամկետ միսիայում ծառայող իմ քույրը մշտապես գրում էր ինձ և երբեք անձնատուր չէր լինում:
Անգամ այսօր, դեռևս լավ մարդիկ ինձ տանում են իրենց ուսերի վրա: Իմ կարծիքով, դա մեզ բոլորիս է վերաբերում: Ինչ-որ չափով, մենք կախված ենք մեկս մյուսից, որպեսզի կարողանանք ետ դառնալ մեր երկնային տուն:
Ավետարանի ուղերձով կիսվելն ամենահատուցող եղանակն է, որով մենք կարող ենք ծառայություն մատուցել նրանց, ովքեր մեր հավատից չեն: Ես հիշում եմ իմ մանկությունից մեկին, որին պարզապես կկոչեմ քեռի Ֆրեդ:
Երբ վեց տարեկան էի, քեռի Ֆրեդը ինձ համար մղձավանջ էր: Նա մեր հարևանն էր և միշտ հարբած էր լինում: Նրա սիրելի զբաղմունքը մեր տան վրա քարեր նետելն էր:
Քանի որ մայրս լավ խոհարար էր, մեր փոքր ճյուղի միայնակ անդամները հաճախ էին մեր տուն գալիս: Մի օր, երբ քեռի Ֆրեդը հարբած չէր, այդ անդամներն ընկերացան նրա հետ, և նրան մեր տուն հրավիրեցին: Այդ առաջընթացը սարսափեցրեց ինձ: Նա արդեն ոչ թե պարզապես դրսում էր, այլ մեր տան մեջ: Մի քանի անգամ դա կրկնվեց, մինչև որ վերջապես նրանք կարողացան քեռի Ֆրեդին համոզել, որ միսիոներներին լսի: Նա ընդունեց ավետարանը և մկրտվեց: Նա լիաժամկետ միսիա ծառայեց, պատվով վերադարձավ, իր կրթությունը շարունակեց և ամուսնացավ տաճարում: Նա այժմ արդարակյաց ամուսին է, հայր և քահանայության ղեկավար: Այսօր նայելով քեռի Ֆրեդին դժվար է հավատալ, որ նա մղձավանջ էր մի վեցամյա երեխայի կյանքում: Թող որ մենք միշտ տեսնենք ավետարանով կիսվելու հնարավորությունները:
Մայրս միշտ ուրիշներին օգնելու օրինակ է եղել` տալով նրանց այն, ինչ անհրաժեշտ էր: Նա մեզ շատ կարևոր դասեր է սովորեցրել: Մի դաս, որը հարատև ազդեցություն է թողել իմ կյանքում, նրա ցանկությունն էր` օգնել մեր տուն եկող կարիքավորներին: Ես անհանգստանում էի, երբ տեսնում էի, որ նրանցից շատերը մեր տնից հեռանում են մեր ուտելիքով, հագուստով և նույնիսկ մեր փողով: Որովհետև ես փոքր էի և մենք աղքատ էինք, ինձ դուր չէր գալիս այդ ամենը: Ինչպե՞ս կարող էր նա ուրիշներին տալ, երբ մեր ընտանիքը նույնիսկ բավարար չափով չունի: Ճիշտ չէ՞ր լինի, եթե նախ մեր կարիքները հոգայինք: Արդյո՞ք արժանի չենք ավելի հարմարավետ կյանքի:
Տարիների ընթացքում ինձ տանջում էին այդ հարցերը: Հետագայում, ես վերջապես հասկացա, որ մայրս սովորեցնում էր: Թեպետ նա տառապում էր հաշմանդամության հետևանքներից, սակայն չէր դադարում կարիքավորներին օգնելուց:
«Ուստի, մի՛ ձանձրացեք բարին գործելուց, քանզի դուք դնում եք հիմքը մի մեծ գործի: Եվ փոքր բաներից է առաջանում այն, ինչը մեծ է»:6 Մյուսներին ծառայելը չպետք է կապված լինի ինչ-որ ազդեցիկ իրադարձությունների հետ: Հաճախ, դա հասարակ առօրյա արարք է, որը սփոփում է, վեհացնում, քաջալերում, նեցուկ լինում և ժպիտ պարգևում ուրիշներին:
Իմ աղոթքն է, որ մենք միշտ ծառայելու հնարավորություններ գտնենք, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: