Աստվածայնության զորությունը հայտնվում է Աստծո տաճարներում
Աստվածայնության զորությունը հայտնվում է բոլոր մարդկանց, ովքեր … սուրբ ուխտեր են կապում մեր Երկնային Հոր հետ:
Իմ սիրելի եղբայրնե՛ր և քույրե՛ր, ես անչափ երախտապարտ եմ իմ Երկնային Հորը, որ հնարավորություն եմ ունեցել 15 տարի աշխատելու որպես Մեքսիկայի Մեխիկո Տաճարի արձանագրող: Այդ սուրբ վայրում, ինչպես նաև բոլոր տաճարներում, քահանայության զորությամբ արարողություններ են կատարվում ապրողների և մահացածների համար: 1832թ. Մարգարե Ջոզեֆ Սմիթը հայտնություն ստացավ քահանայության վերաբերյալ.
«Եվ այս մեծագույն քահանայությունը սպասավորում է ավետարանը և կրում է արքայության խորհուրդների բանալիները, այսինքն՝ Աստծո գիտության բանալիները:
Հետևաբար, նրա արարողություններում է բացահայտվում աստվածայնության զորությունը» (ՎևՈւ 84.19–20):
Ես հրաշալի փորձառություններ եմ ունեցել տաճարի պատերի ներսում, որոնք հավաստում են սա:
1993 թվականին, ավարտելով իմ ծառայությունը որպես Մեխիկո Տուքստլա Գուտիերեզ Միսիայի նախագահ, մենք ընտանիքով գնացինք այցելելու իմ ծնողներին, որ ապրում էին հյուսիսային Մեքսիկայում: Ճանապարհին մենք զրուցում էինք այն ուրախության մասին, երբ ծառայում ես Տիրոջը և տեսնում, ինչպես են փոխվում մարդիկ, ովքեր ընդունել են ավետարանը մեր միսիայում գտնվելու երեք տարիների ընթացքում: Մենք խոսում էինք այն մարդկանց մասին, ովքեր մկրտվել էին, հաստատվել և քահանայություն ստացել, և նրանց մասին, ովքեր գնացել էին տաճար և որպես ընտանիք կնքվել հավերժության համար:
Փոքր որդիս մի հարց տվեց, որն ինձ խորհելու առիթ տվեց. «Հայրի՛կ, դու կնքվե՞լ ես քո ծնողների հետ»: Ես ասացի նրան, որ քանի որ իմ հայրը ակտիվ չի եղել երկար տարիներ, նա և մայրս չեն կնքվել տաճարում: Նրան ակտիվ դարձնելու համար ես մի ծրագիր մտածեցի: Պետք էր ներգրավել իմ երեխաներին, և ես նրանց բացատրեցի, թե ինչ պետք է անել: Ամեն կիրակի հայրս առավոտ շուտ արթնանում էր, որպեսզի մայրիկիս և քրոջս եկեղեցի տաներ, և տուն էր գալիս, սպասելով մինչև ծառայությունները կավարտվեին, և գնում էր կրկին նրանց տուն բերելու համար: Ես հանձնարարեցի երեխաներիս, որ գնային նրա հետ և ասեին. «Պապի՛կ, քեզ ուզում ենք մի բան խնդրել»: Ես գիտեի, որ նա կպատասխաներ. «Ինչ ուզեք կանեմ, իմ երեխանե՛ր»: Ապա նրանք պետք է խնդրեին նրան, որ իրենց հետ եկեղեցի գնար և մնար իրենց հետ, որպեսզի լսեր իրենց վկայությունները: Դա ամսվա առաջին կիրակին էր: Ես նաև գիտեի, որ հայրս պետք է պատճառաբաներ, որ չգնար, այնպես որ մտածեցի կմտնեմ սենյակ և կօգնեմ երեխաներին, որ համոզեն պապիկին:
Ծրագիրն իրագործելու օրն եկավ: Դուստրս Սյուզաննան մոտեցավ հայրիկիս և ասաց, որ մի բան է ցանկանում խնդրել: Իհարկե, հայրս ասաց, որ ամեն ինչ կանի նրա համար: Այնուհետև եղավ եկեղեցի գնալու հրավերը, և ինչպես մենք գուշակում էինք նա պատճառաբանեց. «Ես չեմ կարող, որովհետև նույնիսկ լոգանք չեմ ընդունել»: Դռան հետևում թաքնված ես և կինս բացականչեցինք. «Մենք կսպասենք քեզ»:
Երբ զգացինք, որ նա չի կարողանում որոշում կայացնել, կինս և ես ներս մտանք սենյակ և երեխաների հետ համոզեցինք, որ լոգանք ընդունի: Այնուհետև եղավ այնպես, ինչպես կանխագուշակում էինք: Հայրս եկավ մեզ հետ, մնաց մինչև ծառայությունների ավարտը, լսեց երեխաներիս վկայությունները, նրա սիրտը փափկեց և այդ կիրակիից ի վեր նա այլևս չի բացակայել եկեղեցուց: Մի քանի ամիս անց, 78 տարեկան հասակում, նա և մայրս կնքվեցին տաճարում, և մենք, նրանց զավակները, կնքվեցինք նրանց հետ:
Ես գիտեմ, որ տաճարային արարողություններում աստվածայնության զորության հայտնության շնորհիվ ես այժմ կարող եմ վերամիավորվել իմ ծնողների հետ, ողջ հավերժության համար, նույնիսկ մահից հետո:
Հաճախ մենք լիովին չենք հասկանում տաճարային արարողությունների նշանակությունը, մինչև որ տառապանք չենք կրում կամ փորձառության միջով չենք անցնում, որը չափազանց տխուր կլիներ առանց փրկության ծրագրի իմացության:
Երբ ես և կինս արդեն մեկուկես տարի էր, ինչ ամուսնացել էինք, նա պատրաստվում էր մեր առաջին երեխային լույս աշխարհ բերել: Մենք որոշեցինք, որ նա երեխային կծննդաբերի Չիհահուա շրջանում` իր ծննդավայրում: Այդ ժամանակ ես աշխատում էի Մեխիկոյում, և մենք որոշեցինք, որ նա այնտեղ կգնա ծննդաբերելուց մեկ ամիս առաջ: Ես ծրագրում էի մի փոքր ավելի ուշ գնալ այնտեղ:
Ծննդաբերության օրն եկավ: Ես աշխարանքի վայրում էի, երբ կնոջս հայրը զանգահարեց և ուրախալի լուր հաղորդեց. «Օկտավիանո, կինդ ծննդաբերել է, և այժմ դու գեղեցիկ դստրիկ ունես»: Ուրախ-ուրախ ես սկսեցի այս մասին հայտնել ընկերներիս ու գործընկերներիս, որոնք էլ ի պատասխան ասացին, որ պետք է շոկոլադով նշել իմ փոքրիկի ծնունդը:
Հաջորդ օրը, ես սկսեցի շոկոլադ բաժանել մեր հիմնարկության չորս հարկերում: Երբ հասա երկրորդ հարկ, կրկին զանգահարեց կնոջս հայրը, այս անգամ լուրն այլ էր. «Օկտավիանո, կինդ լավ է, սակայն դուստրդ մահացել է: Թաղումն այսօր է լինելու, այնպես որ դու չես հասցնի գալ: Ի՞նչ ես մտադիր անել»: Ես խնդրեցի, որ խոսեմ կնոջս` Ռոզայի հետ, և հարցրեցի, թե ինչպես է իրեն զգում: Նա ասաց, որ իրեն լավ է զգում` կախված նրանից, թե ես ինչպես եմ զգում: Ապա մենք խոսեցինք փրկության ծրագրի մասին, հիշելով այս սուրբ գրությունը.
«Եվ ես նաև տեսա, որ բոլոր երեխաները, ովքեր մահանում են նախքան պատասխանատվության տարիքին հասնելը, փրկվում են երկնքի սելեստիալ արքայությունում» (ՎևՈւ 137.10):
Ես հարցրեցի նրան. «Դու հավատո՞ւմ ես դրան»: Նա ասաց. «Այո, հավատում եմ»: Ապա ես ասացի. «Ուրեմն մենք պետք է երջանիկ լինենք: Ես սիրում եմ քեզ: Եվ եթե դու կուզենաս, ես երկու շաբաթից արձակուրդ կվերցնեմ, մենք միասին կլինենք մի որոշ ժամանակ և կվերադառնանք Մեխիկո»:
Մենք գիտեինք, որ մի օր մենք կմիանանք մեր դստեր հետ, որովհետև քահանայության իշխանությամբ կնքվել էինք տաճարում: Մենք ավարտեցինք մեր հեռախոսային զրույցը, և ես շարունակեցի շոկոլադ բաժանել մեր բաժնում:
Տեսնելով այդ ամենը` իմ գործընկերներից մեկը զարմացած հարցրեց ինձ, թե ինչպես եմ կարողանում դա անել նման սոսկալի լուրը ստանալուց հետո: Ես պատասխանեցի. «Եթե դու երեք ժամ կարող ես տրամադրել ինձ, ես կբացատրեմ քեզ, թե ինչու շատ տխուր չեմ և կկիսվեմ քեզ հետ իմ գիտելիքով, թե ինչ է տեղի ունենում մահից հետո»: Նա այդ ժամանակ չկարողացավ երեք ժամ տրամադրել, սակայն մենք ավելի ուշ մոտ չորս ժամ զրուցեցինք: Նա ընդունեց ավետարանը, և իր մոր և եղբոր հետ միասին զրույցներն անցնելուց հետո, մկրտվեց Եկեղեցում:
Ես գիտեմ, որ տաճարային արարողություններում աստվածայնության զորության հայտնության շնորհիվ այժմ ես կարող եմ ճանաչել իմ դստերը: Ես կգրկեմ նրան, և մենք հավերժ միասին կլինենք, ճիշտ ինչպես միասին ենք մեր երեք զավակների հետ:
Ես ցնծում եմ Մաղաքիայի խոսքերով.
«Ահա ես կուղարկեմ ձեզ համար Եղիա մարգարեն, Տիրոջ մեծ և ահեղ օրը գալուց առաջ.
Եվ նա պիտի դարձնե հայրերի սիրտը դեպի որդիքը և որդիների սիրտը` դեպի իրանց հայրերը. որ մի գուցե ես գամ և երկիրը զարկեմ անեծքով» (Մաղաքիա Դ.5–6):
Այս քահանայությունը հավերժական ընտանիքները հնարավոր է դարձնում: Այն թույլ է տալիս, որ ես, որպես որդի, իմ սիրտը դարձնեմ դեպի իմ հայրը, որը մահացավ անցյալ տարի, և հանգստանամ իմ հույսով, Փրկչի միջոցով, որ ես կրկին կտեսնեմ նրան: Այս քահանայությունը թույլ է տալիս, որ ես, լինելով հայր, իմ սիրտը դարձնեմ դեպի իմ երկու երեխաները, որոնք մահացել են նորածին ժամանակ, և հանգստանալ հույսով, Փրկչի միջոցով, որ ես կիմանամ նրանց, և նրանք կիմանան, որ ես իրենց երկրային հայրն էի, երբ նայեմ նրանց աչքերին և ասեմ, որ սիրում եմ իրենց: Այս քահանայությունն է, որ թույլ է տվել ինձ տեսնել, տաճարի սրբության մեջ, թե ինչպես է աստվածայնության զորությունը հայտնվում բոլոր մարդկանց, ովքեր հավատք գործադրելով առ Քրիստոս, ապաշխարելով իրենց մեղքերից, և երջանկության ջերմեռանդ փնտրտուքներում գալիս են սուրբ ուխտեր կապելու մեր Երկնային Հոր հետ և ստանում են Նրա սուրբ արարողությունները, որոնք կապում են ինչպես երկրի վրա, այնպես էլ երկնքում:
Ես սիրում եմ տաճարային աշխատանքը: Ես գիտեմ, որ Աստված ապրում է, որ Հիսուս Քրիստոսն իմ Փրկիչն է, և որ Նախագահ Գորդոն Բ. Հինքլին ճշմարիտ մարգարե է: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: