2007
Այսօր է Ժամանակը
2007թ. նոյեմբեր


Այսօր է Ժամանակը

Ի՞նչ ենք անում այսօր փորագրելու մեր հոգիներում ավետարանի սկզբունքները, որոնք մեզ կպահպանեն ձախորդության պահին:

Երբ Նախագահ Ջեյմս Է. Ֆաուստը տեղեկացրեց կնոջս և ինձ, որ մենք պետք է տեղափոխվենք Լիմա, Պերու, մենք չգիտեինք, որ 2007 թվականի օգոստոսի 15-ին, մեր ժամանումից ընդամենը մի քանի օր անց, մենք ականատես կլինենք կործանարար երկրաշարժի: Դրա վիթխարի ուժից ավերվեց ավելի քան 52,000 տուն: Դեռ ավելին, այն մահվան մատնեց ավելի քան 500 հոգու: Նրանցից ինը Եկեղեցու անդամներ էին: Իկա և Պիսկո ցցերի և Կանեթ և Չինչա շրջանների անդամներն ամենաշատը տուժեցին երկրաշարժի հետևանքներից:

Եկեղեցին անմիջապես օգնություն տրամադրեց իր անդամներին և նաև նրանց, ովքեր այլ հավատքից էին: Երկրաշարժից հետո առավոտյան, աղետի տարածքի մեր անդամներն ուտելիք և հագուստ ստացան, իսկ կեսօրից առաջ Եկեղեցին նվիրաբերեց մարդասիրական օգնություն ազգի քաղաքացիական պաշտպանությանը: Շատ անդամներ, ովքեր անտուն էին մնացել ապաստան գտան մեր ժողովատներում: Որքան էլ որ աղետն անսպասելի էր, քահանայության կազմակերպությունը շատ լավ գործեց, սփոփելով նրանց, ում բախտն ավելի քիչ էր բերել:

Երկրաշարժից ընդամենը մի քանի րոպե անց, ցցի և շրջանի նախագահները ճյուղի եպիսկոպոսների հետ միասին դուրս եկան օգնելու իրենց անդամներին: Սարսափելի իրավիճակը, որի ժամանակ քահանայության այդ առաջնորդները դուրս եկան, արժե ներկայացնել` գիշեր էր, լույս չկար, ամենուրեք ավերվածություններ էին, իսկ հողը չէր դադարում շարժվել: Քահանայության այդ հիանալի առաջնորդները թողեցին իրենց զորացված ընտանիքներին` դուրս գնալով խավարի միջով, դեպի ժողովուրդը, որ լալիս էր` քանդված տներով շրջապատված: Այսպես մեր առաջնորդները դուրս եկան գիշերով և հաջորդ օրերին, դիմակայեցին հաճախակի, ուժեղ ցնցումներին` ունենալով նախազգուշացում ցունամիի մասին: Նրանք որոնումներ էին կատարում փլատակների մեջ, այդ խառնաշփոթում, վտանգելով իրենց սեփական կյանքը` ձգտելով օգնություն հասցնել բոլոր անդամներին: Մի եպիսկոպոս հայտարարեց. «Առանց երկար մտածելու ես վազեցի` փնտրելով Եկեղեցու իմ եղբայրներին, քույրերին և ղեկավարներին»: Նա գտավ նրանց: Ահա թե ինչպես նա անցկացրեց գիշերվա մեծ մասը:

Ի՞նչն էր մղում այդ առաջնորդներին դուրս գնալ և օգնել ուրիշներին, նույնիսկ, վտանգելով իրենց սեփական կյանքը: Իհարկե, դա նրանց մեծ հավատքն էր Փրկչի և Նրա Եկեղեցու հանդեպ: Դա որպես քահանայության առաջնորդներ իրենց կոչումների գիտակցումն էր: Դա ավետարանի սկզբունքներն էին` փորագրված նրանց կյանքում նախքան երկրաշարժը, ոչ թե ճգնաժամի պահին, փորագրված` ոչ թե թանաքով, այլ Հոգու կրակով նրանց սրտերի մարմնեղեն տախտակների վրա (տես Բ Կորնթացիս Գ.3):

Միշտ առկա էր երկրաշարժի վտանգը: Երբ և որտեղ այն կարող էր լինել ոչ ոք չգիտեր: Երբ այն տեղի ունեցավ, կործանարար եղավ: Բայց քահանայության ղեկավարության ներքո նրանք դիմակայեցին այդ պահի փորձությանը: Շատ դեպքերում, երբ անդամներն ի վիճակի չէին լինում, Տերն էր հասնում օգնության: Որոշ անդամներ պատմում էին, որ տեսել էին ճերմակ շորերով մարդկանց, ովքեր օգնում էին փրկել իրենց կյանքը: Մյուսները լսել էին առաջնորդող ձայներ: Եկեղեցական ծառայության տարիները կազմակերպված դառնալու և միմյանց օգնելու նախապատրաստական դպրոց էր եղել:

Նույնը պատահում է մեր կյանքում: Մենք չգիտենք, երբ և ինչպես կհարվածեն մեզ երկրաշարժերը: Դրանք, հավանաբար, տառացիորեն չեն լինի երկրի շարժվելով, ինչպես պատահեց Պերույում, այլ ավելի շուտ գայթակղությունների, մեղքերի կամ այնպիսի փորձությունների տեսքով, ինչպիսիք են` գործազրկության կամ լուրջ հիվանդության երկրաշարժերը: Այսօր է ժամանակը պատրաստվելու դրանց, երբ այդպիսի երկրաշարժեր տեղի ունենան: Այսօր է պատրաստվելու ժամանակը, ոչ թե ճգնաժամի ընթացքում: Ի՞նչ ենք անում այսօր փորագրելու մեր հոգիներում ավետարանի սկզբունքները, որոնք մեզ կպահպանեն ձախորդության պահին:

Օրինակ, Եգիպտոս վաճառված Հովսեփը ի՞նչ էր սերմել իր հոգում, որպեսզի պատասխաներ. «Ուրեմն ես ի՞նչպես գործեմ այս մեծ չարությունը, և Աստծո դեմ մեղանչեմ» (Ծննդոց ԼԹ.9), երբ խուսափեց մաքրաբարոյության օրենքը խախտելու Պետափրեսի կնոջ ճնշումից: Ի՞նչ էր նախօրոք սերմել Նեփին իր հոգում, որ երբ Աստծո պատվիրանին դեմ առ դեմ կանգնեց, նա կարողացավ պատասխանել. «Ես կգնամ և կանեմ … քանզի գիտեմ» (1 Նեփի 3.7):

Այն ինչ արել էին այս մեծ առաջնորդներն այն էր, որ նրանք թույլ էին տվել, որ Հոգին գրեր ավետարանական սկզբունքներն իրենց հոգիներում: Այս գրառումը տեղի չի ունենում մեկ գիշերում: Մեր հոգիները արդարության սկզբունքներին խորապես ենթարկելը տարբերություն կմտցնի հոգևոր երկրաշարժերի մեր պատրաստվածության մեջ: Այս ենթարկումը կարող է ուժեղացվել` խորհելով և վերացնելով վատ ազդեցությունները:

Հավերժական սկզբունքներն արմատ կգցեն մեզանում, երբ մենք ժամանակ հատկացնենք ոչ միայն մարգարեների ուսմունքները և սուրբ գրությունները կարդալուն, այլև հոգու աղոթքի մեջ խորհելում: Նեփին, օրինակ ժամանակ էր տրամադրում նստելուն և խորհելուն: Այդ անելով նա ենթարկվում էր վարդապետական մարգարիտների ազդեցությանը (տես 1 Նեփի 11.1): Ժամանակ տրամադրեք անելու այն, ինչ Տերը ուղղություն է տվել մեզ անել. «Գանձեք այս բաները ձեր սրտերում և թող հավերժության հանդիսավոր բաները հանգչեն ձեր մտքերում» (ՎևՈՒ 43.34): Մի աշխարհում, որն ավելի ուժգնորեն է պահանջում մեր ժամանակի մեծ մասը, կարևոր է, որ մենք մեր տներում ժամանակ հատկացնենք խորհելուն, որպեսզի կարողանանք հասկանալ աստվածային վարդապետությունն ու դրա սկզբունքները: Ինչպես Փրկիչն է ասել. «Գնացեք ձեր տները, և խորհեք այ[ս] բաների վրա … որպեսզի դուք կարողանաք հասկանալ, և պատրաստել ձեր մտքերն էգուցվա համար» (3 Նեփի 17.3):

Այդպես անելով, վարդապետությանը և դրա սկզբունքներին մեր ենթարկվածությունը կշարունակի ուժեղանալ, եթե լսենք նաև Տիրոջ նախազգուշացումը վատ ազդեցությունների վերաբերյալ: Շատ հավանական է, որ լինեն մարդիկ, ովքեր ճնշում գործադրեն մեզ վրա գործել և մտածել մի ձևով, որ ապագա երկրաշարժերը գտնեն մեզ ոչ պատշաճ պատրաստված: Սրա վերաբերյալ Փրկիչը տվել է մեզ բանալի, որը կօգնի մեզ ավելի լավ պատրաստվել այսօր տեղի ունեցող հանկարծահաս փոփոխություններին: Նա ասել է. «Հետևաբար, եթե քո ձեռքը քեզ գայթակղի, կտրիր այն. կամ, եթե եղբայրդ քեզ գայթակղի և չխոստովանի ու չթողնի, նա պիտի կտրվի» (Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն, Մարկոս 9.40):

Բարեբախտաբար, Փրկիչն ինքն է սովորեցրել ձեռքը կտրելու իմաստը: Դա ինքնաանդամահատության մասին չէ, այլ ավելի շուտ մեր կյանքից այն ազդեցությունները հեռացնելու մասին, որոնք խանգարում են մեզ նախապատրաստվել վաղվա երկրաշարժերին: Եթե ես ունեմ ընկերներ, ովքեր վատ ազդեցություն են գործում ինձ վրա, խորհուրդը պարզ է. «Ավելի լավ է քեզ, որ առանց եղբայր մտնես կյանք, քան քո եղբոր հետ գցվես դժոխք ….» (Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն, Մարկոս 9.41): Տերը կիրառեց այս նույն սկզբունքը, երբ Նեփիին նախազգուշացրեց հեռանալ իր եղբայրներից, ովքեր սկսեցին վտանգավոր ազդեցություն ունենալ (տես 2 Նեփի 5.5):

Հետևաբար, այդպիսի հատումը վերաբերվում է ոչ միայն ընկերներին, այլ յուրաքանչյուր վատ ազդեցության, ինչպես օրինակ անպատշաճ հեռուստատեսային ներկայացումներին, ինտերնետային կայքերին, կինոնկարներին, գրականությանը, խաղերին կամ երաժշտությանը: Այս սկզբունքները մեր հոգիներում փորագրելը, կօգնի մեզ դիմադրել որևէ վատ ազդեցության ենթարկվելու գայթակղությանը:

Վարդապետությանն ու դրա սկզբունքներին մեր ենթարկվածությունն ուժեղացնելը, մեզ կդարձնի ավետարանական արժեքների խորն արմատներ ունեցող քահանայության կրողներ: Մենք ավելի լավ պատրաստված կլինենք դիմադրելու ցնցումներին, որոնք կգան առանց նախազգուշացման, երբ ամենաքիչն ենք սպասում: Որպես քահանայության կրողներ, մենք կզգանք, որ Մարգարե Երեմիային արված խոստումը մեզ վրա էլ է տարածվում. «Եվ ահա ես քեզ այսօր մի ամուր քաղաք և երկաթե սյուն և պղնձի պարիսպներ եմ շինում բոլոր երկրի դեմ» (Երեմիա Ա.18):

Այդ ժամանակ մենք կկարողանանք արտահայտել մեր երախտագիտությունը, ինչպես Քույր Լինդա Կրուզադոն արեց Ինկայում: Ամբողջ գիշեր տարերքին ենթարկվելուց հետո, նա գրեց. «Հաջորդ օրվա լուսաբացին մեր Երկնային Հայրը ցույց տվեց Իր սերը ջերմ արևի միջոցով, որը շատ վաղ ծագեց, իսկ գիշերը Նա մեզ մխիթարեց աստղազարդ երկնքով»:

Այսօր քաջարի լինելու և մեր Փրկչի ուսմունքներին մեր հոգիները լրջորեն և խորապես ենթարկելու որոշում ընդունելու մեր ժամանակն է: Ես գիտեմ, որ Նա ապրում է, իսկ երբ մեր ուժերի սահմանում անենք ինչ կարող ենք, Նա կօգնի մնացած բաներում: Ես այս ամենը վկայում եմ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: