Ինչո՞ւ ենք մենք միակ ճշմարիտ Եկեղեցու անդամները
Ամենաարժեքավոր զորությունը, որ կարող ենք ունենալ, մեր Տեր Հիսուս Քրիստոսի մասին անձնական վկայության գանձն է:
Ինչո՞ւ ենք մենք միակ ճշմարիտ Եկեղեցու անդամները: Թեպետ ես չեմ կարող պատասխանել այս հարցին Եկեղեցու բոլոր 13 միլիոն անդամների կողմից, այնուամենայնիվ կցանկանայի սրտիս խորքից բխող մի քանի պատասխաններ տալ, որոնք հավանաբար կհամընկնեն ձեր պատասխանների հետ:
Հավերժության հարստությունները
«Ահա, նա, ով ունի հավերժական կյանք, հարուստ է» (ՎևՈւ 6.7):
Հարստությունն իմ մանկության մասը չէր: Մեր ընտանիքը բաղկացած էր հինգ անդամներից` հայրս և չորս երեխաները: Մայրս մահացել էր, երբ ես հինգ տարեկան էի: Հայրս իր չնչին աշխատավարձով հիմնականում ուտելիք էր գնում, հագուստ գնելը հետաձգվում էր որքան հնարավոր է երկար:
Մի օր, ես մի փոքր անհանգստացած եկա հորս մոտ և ասացի. «Հայրի՛կ, ինչո՞ւ ինձ կոշիկ չես գնում: Նայի՛ր այստեղ, սրանք մաշվել են, տես բութ մատս դուրս է գալիս բացված անցքից»:
«Մենք դա կվերանորոգենք»,- պատասխանեց նա, և կոշիկի սև մածուկով փայլեցրեց կոշիկներս: Հետո նա ասաց ինձ. «Որդի՛ս, ահա վերանորոգված է»:
«Ո՛չ,- ասացի ես,- դեռևս երևում է իմ բութ մատը»:
«Դա նույնպես կարող ենք վերականգնել»,- ասաց նա: Նա կրկին վերցրեց մածուկը և քսեց իմ բութ մատին, և երկար ժամանակ այն փայլում էր իմ կոշիկների պես: Եվ դեռևս կյանքիս մանկության տարիներին ես սովորեցի, որ երջանկությունը կախված չէ փողից:
Տարիներ անց, միսիոներական մի զույգ ուսուցանում էր մեզ վերականգնված ավետարանի հարստությունները` փրկության ծրագրի վարդապետությունը և հավերժական ընտանիքների մասին: Մենք մկրտվեցինք, իսկ երբ հայրս սկսեց իր ծառայությունը որպես շրջանի նախագահ, նրա առաջին նպատակն էր ճամփորդել դեպի տաճար և ստանալ այդ զոհաբերությունից եկող օրհնությունները: 15 օր տևող ճամփորդությունը, որը կազմում էր մոտ 7,725 կմ, լի էր դժվարություններով և արգելքներով, խղճալի պայմաններում գտնվող մայրուղիներով, անհարմար ավտոբուսներով, երբեմն նույնիսկ չիմանալով երթուղին, սակայն մեծ հույս տածելով արարողությունների հանդեպ, որոնց պետք է մասնակցեինք այնտեղ:
Արիզոնայի Մեսա քաղաք հասնելով, մենք իջանք մի փողոցով, որի վերջում տեսանք Տիրոջ տունը` շողշողացող ու գեղեցիկ: Ես հիշում եմ այն ուրախությունը, որը լցրել էր մեր սրտերը. մենք բոլորս ցնծում էինք` երգեր երգելով ու գովաբանելով, և արցունքները հոսում էին շատ Սրբերի այտերն ի վար:
Ավելի ուշ տաճարում, մենք ընտանիքով ծնկի իջանք լսելու գեղեցիկ խոստումներ հավերժական ընտանիքի վերաբերյալ, հաստատապես իմանալով, որ մեր մայրը, որը թեև բացակայում էր, սակայն այժմ մեր մայրն էր հավերժ, և մենք զգում էինք խաղաղությունը, որը գալիս էր այն գիտելիքից, որ մենք հավերժական ընտանիք ենք:
Այսպիսով, հավերժական կյանքի խոստումը պարգևեց մեզ հավերժության հարստությունները: «Ահա, նա, ով ունի հավերժական կայնք, հարուստ է» (ՎևՈւ 6.7):
Վերականգնված Քահանայությունը
Հիսուս Քրիստոսի Եկեղեցին Քահանաների Եկեղեցի է «թագավորական քահանայություն, սուրբ ազգ» (Ա Պետրոս Բ.9):
Վերականգնված Եկեղեցին յուրաքանչյուր տանը պարգևում է Աստծո զորությունն ունեցող քահանայության կրող, որը կարող է օրհնել: Ես շատ անգամներ եմ կարողացել լսել մանկան նուրբ, քաղցր ձայնը, որն ասել է. «Հայրի՛կ, կարո՞ղ ես ինձ օրհնություն տալ», և ես ձեռքերս դնելով նրա փոքր գլխին, ցավի ու դժվարության պահին, մխիթարության ու բուժման օրհնություններ եմ տվել և տեսել քահանայությունը գործադրելու արդյունքում եկող զորությունը, իսկ հաջորդ օրը լսել եմ այդ փոքրիկի ձայնը. «Շնորհակալությո՛ւն հայրիկ, ես շատ լավ եմ քնել անցյալ գիշեր»: Մենք կարիք չունենք փնտրելու ինչ-որ մեկին, որն ունի այդ զորությունը, դա մեր մեջ է: Ինչպիսի օրհնություն է ի վիճակի լինել ուսուցանել այդ սկզբունքը մեր երեխաներին: Սա միակ եկեղեցին է երկրի վրա, որը նման օրհնություն է տալիս ընտանիքներին:
Այս զորության շնորհիվ, ես կարողացել եմ կարգել իմ որդիներին քահանայությանը և նրանց տալ Աստծո զորությունը` Նրա արարողությունները սպասավորելու համար:
Այսպիսով, սա էլ է պատճառներից մեկը, թե ինչու եմ ես այս Եկեղեցու անդամը, որովհետև քահանայության զորությունը կրկին երկրի վրա է և անգամ մուտք է գործել մեր տներ:
Մեր անձնական վկայությունները
Ամենաարժեքավոր զորությունը, որ կարող ենք ունենալ, մեր Տեր Հիսուս Քրիստոսի և Նրա քավող զորության մասին անձնական վկայության գանձն է:
Մենք վկայություն ենք ունենում, երբ ապրում ենք արժանի կյանքով և աղոթքով փնտրում ենք այն: Մեր Տերը խորհուրդ է տվել Մարգարե Ջոզեֆի միջոցով. «Եվ Հոգին կտրվի ձեզ հավատքի աղոթքով» (ՎևՈւ 42.14):
Երբ որդիս Դանիելը վեց տարեկան էր, նա տեսավ, որ ես անհանգստանում եմ, քանի որ պետք է մասնակցեի ցցի համաժողովին, ես վստահ չէի, թե ինչ պետք է ուսուցանեմ Սրբերին: Նա մոտեցավ ինձ և ասաց. «Հայրի՛կ, դա շատ հեշտ է»: Այդպես են երեխաները տեսնում ամեն ինչ:
«Արի տեսնենք որդի՛ս,- ասացի նրան,- քանի որ հեշտ է, ասա ինձ` ինչի մասին կարող եմ խոսել նրանց հետ»:
«Խոսիր աղոթքի մասին»,- պատասխանեց նա:
«Դա լավ թեմա է,- ասացի ես,- սակայն նրանք այնքան շատ ելույթներ են լսել աղոթքի մասին, ի՞նչ նոր բան կարող եմ ես ասել»:
«Դա էլ է հեշտ, հայրի՛կ: Նախ ասա, որ նախքան Երկնային Հոր հետ խոսելը մտածեք, թե ինչ եք ցանկանում ասել Նրան»:
«Դա հրաշալի գաղափար է,- պատասխանեցի ես,- իսկ հետո՞»:
«Դե, մտածելուց հետո, ասեք Նրան այդ մասին: Երբ ավարտեք, սպասեք և տեսեք, թե ինչ է Նա ասում ձեզ»:
Այսպիսով, աղոթքների միջոցով Հոգին խոսում է մեր հոգու հետ և վկայում է մեզ մեր Փրկչի իրականության մասին:
Ես լցված եմ զարմանքով իմ Փրկիչ Հիսուս Քրիստոսի սիրո հանդեպ, որը Նա ցույց տվեց իջնելով երկնային ապարանքներից և գալով երկիր, որտեղ մեծամասնությունը չընդունեց Նրա ուղերձը և թեպետ նրանք զորություն չունեին Նրան կյանքից զրկելու, նրանք մահվան դատապարտեցին Նրան: Քրիստոսը վճարեց իմ մեղքերի, իմ հիվանդությունների, չարչարանքների և վշտերի համար: Նրա ցավն անտանելի էր. Ղուկասը միայն հիշատակում է, որ «նրա քրտինքն էր ինչպես արյունի կաթիլներ» (Ղուկաս ԻԲ.44):
Ամեն ինչից վեր, սա է պատճառը, որ ես այս Եկեղեցու անդամն եմ. որովհետև Սուրբ Հոգին ներթափանցել է իմ սիրտ և ինձ տեղեկացրել, որ Քրիստոսն ապրում է, որ նա է իմ Փրկիչը, որ Նա վճարել է իմ մեղքերի համար, որ Նա պատրաստել է ճանապարհը, որպեսզի եթե ապրեմ Նրա ցուցումների համաձայն, ես կարող եմ վայելել բոլոր այլ խոստացված օրհնությունները:
Մի քանի շաբաթ առաջ, հայրս նույնպես մահացավ, և այժմ ավելի քան երբևէ ես շնորհապարտ եմ իմ Աստծուն Իր վարդապետության հարստությունների և գեղեցկության համար:
Որովհետև ընտանեկան կյանքը շարունակվում է մահվան շեմից այն կողմ: Որովհետև թագավորական քահանայությունը վերականգնվել է երկրի վրա: Եվ որովհետև Հոգին խոսել է իմ հոգու հետ, վկայելով ինձ, որ իմ Փրկիչ Հիսուս Քրիստոսը ապրում է և, որ Նրա խաչման միջոցով, ես կկարողանամ իմ հավատարմության համաձայն Նրա հետ ապրել: Այս ժամանակ և դեռևս մյուս ժամանակներում ես անդամն եմ երկրի վրա միակ ճշմարիտ Եկեղեցու, և ես պետք է հավերժ երախտապարտ լինեմ դրա համար: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: