2007
Մայրերը, ովքեր գիտեն
2007թ. նոյեմբեր


Մայրերը, ովքեր գիտեն

Հավերժական ազդեցություն և զորություն կա մայրության մեջ:

Մորմոնի Գրքում մենք կարդում ենք 2000 օրինակելի երիտասարդների մասին, ովքեր անչափ անվեհեր էին, քաջարի և ուժեղ: «Այո, նրանք ճշմարտության և լրջամտության տղաներ էին, քանզի նրանց սովորեցվել էր պահել Աստծո պատվիրանները և քայլել ուղիղ՝ նրա առաջ» (Ալմա 53.21): Այս պատանի երիտասարդները հարգանքով էին վերաբերվում իրենց մայրերին: Նրանք ասում էին. «Մեր մայրերը գիտեին դա» (Ալմա 56.48): Ես չեմ կասկածում, որ Մորոնի հրամանատարի, Մոսիայի, Մորմոնի և այլ մեծ ղեկավարների մայրերը նույնպես գիտեին:

Պատասխանատվությունը, որ մայրերը կրում են այսօր, երբեք ավելի մեծ աչալրջություն չի պահանջել: Այժմ, ավելի քան աշխարհի պատմության որևէ ժամանակաշրջանում, մենք կարիք ունենք մայրերի, ովքեր գիտեն: Ամեն օր երեխաներ են ծնվում աշխարհում, որտեղ «պատերազմը արյունի և մարմնի հետ չէ, այլ իշխանությունների և պետությունների հետ, այս աշխարհի խավարի աշխարհակալների հետ, այն չար հոգիների հետ որ երկնավորների մեջ են» (Եփեսացիս Զ.12):1 Ինչևէ, մայրերը վախենալու կարիք չունեն: Երբ մայրերը գիտեն, թե ովքեր են իրենք, ով է Աստված, և ուխտեր են կապել Նրա հետ, նրանք մեծ զորություն ու լավ ազդեցություն կունենան իրենց զավակների վրա:

Մայրերը, ովքեր գիտեն, երեխաներ են ունենում:

Մայրերը, ովքեր գիտեն, ցանկանում են երեխաներ ունենալ: Մինչ աշխարհի շատ մշակույթներում երեխաները «դառնում են ավելի քիչ արժեքավոր»,2 ավետարանի մշակույթում մենք դեռևս հավատում ենք երեխա ունենալուն: Մարգարեները, տեսանողներն ու հայտնողները, ովքեր հաստատվել են այս համաժողովում, հայտարարել են, որ «ուժի մեջ է մնում Իր զավակների համար Աստծո պատվիրանը` բազմանալ և լցնել աշխարհը»:3 Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնն ուսուցանել է, որ երիտասարդ զույգերը չպետք է հետաձգեն երեխաներ ունենալը և, որ «եթե նայենք հավերժական տեսանկյունից, երեխաներն ունեցվածք, պաշտոն, հեղինակություն չեն, նրանք մեր մեծագույն գանձն են»:4

Աստծո հավատարիմ դուստրերը ցանկանում են երեխաներ ունենալ: Սուրբ գրություններում մենք կարդում ենք Եվայի (տես Մովսես 4.26), Սառայի (տես Ծննդոց ԺԷ.16), Ռեբեկայի (տես Ծննդոց ԻԴ.60), և Մարիամի (տես 1 Նեփի 11.13–20) մասին, ովքեր նախապես կարգվել էին, որպեսզի լինեին մայրեր, նախքան նրանք երեխաներ կունենային: Որոշ կանանց պատասխանատվություն չի տրվել երեխաներ ունենալ մահկանացու կյանքում, սակայն ինչպես Հին Կտակարանի Աննան ջերմեռանդ աղոթեց երեխայի համար (տես Ա Թագ. Ա.11), արժանավոր կանայք մայր են դառնում այս կյանքում և այստեղ ձեռք բերած մայրության հատկանիշները, որոնք Հարության ժամանակ կլինեն նրանց հետ (ՎևՈւ 130.18): Կանանց, ովքեր ցանկանում են և աշխատում են այդ օրհնության համար այս կյանքում, խոստացվել է, որ նրանք կստանան այն ողջ հավերժության մեջ, իսկ հավերժությունը շատ ու շատ ավելի երկար է, քան մահկանացու կյանքը: Հավերժական ազդեցություն և զորություն կա մայրության մեջ:

Մայրերը, ովքեր գիտեն, պատվում են սրբազան արարողություններն ու ուխտերը:

Մայրերը, ովքեր գիտեն, պատվում են սրբազան արարողություններն ու ուխտերը: Ես այցելել եմ աշխարհի ամենաաղքատ վայրերի հաղորդության ժողովներին, որտեղ մայրերը շատ կոկիկ էին հագնված կիրակի օրը, չնայած ոտքով երկար ճանապարհ էին անցնում փոշոտ փողոցներով և նստելով ոչ բարվոք վիճակում գտնվող հանրային տրանսպորտ: Նրանք բերում էին իրենց դուստրերին մաքուր, արդուկված զգեստներով, մազերը կատարյալ սանրված, նրանց որդիները սպիտակ վերնաշապիկով և փողկապով էին, և միսիոներական սանրվածքով: Այս մայրերը գիտեն, որ իրենք գնում են հաղորդության ժողովին, որտեղ ուխտեր են վերանորոգվում: Այս մայրերը կապել և պատվում են տաճարային ուխտերը: Նրանք գիտեն, որ եթե չուղղեն իրենց զավակներին դեպի տաճար, ապա չեն ուղղում նրանց դեպի հավերժական նպատակները: Այս մայրերը ազդեցություն և զորություն ունեն:

Մայրերը, ովքեր գիտեն, դաստիարակում են:

Մայրերը, ովքեր գիտեն, դաստիարակում են: Սա նրանց հատուկ առաջադրանքն ու դերն է երջանկության ծրագրում:5 Դաստիարակել նշանակում է զարգացնել, հոգալ և մեծացնել: Ուստի, մայրերը, ովքեր գիտեն, հոգևոր և աշխարհիկ աճի մթնոլորտ են ստեղծում իրենց տանը: Դաստիարակելու մյուս հոմանիշը տնարարություն բառն է: Տնարարությունն ընդգրկում է եփել-թխել, հագուստը և սպասքը լվանալ, տունը կարգուկանոնի մեջ պահել: Տանն է, որ կանայք ամենամեծ իշխանությունն ու ազդեցությունն ունեն, ուստի, Վերջին Օրերի Սուրբ կանայք աշխարհում ամենատնարար կանայք են: Երեխաների հետ կողք-կողքի աշխատելով տնարարության ուղղությամբ նրանք հնարավորություն են ստեղծում ուսուցանելու և օրինակ լինելու այն հատկանիշների համար, որոնք երեխաները պետք է ձեռք բերեն: Դաստիարակող մայրերը գիտակ են, սակայն ամբողջ կրթությունը, որ կանայք կարող են ձեռք բերել ոչինչ կլինի, եթե նրանք չունեն հմտություն, որի շնորհիվ տանը հոգևոր աճի մթնոլորտ կարող են ստեղծել: Լավագույն աճը տեղի է ունենում «կարգուկանոնի տանը», և կանայք պետք է իրենց տները նմանեցնեն Տիրոջ տանը (տես ՎևՈւ 109): Դաստիարակության համար անհրաժեշտ է կազմակերպվածություն, համբերություն, սեր և աշխատանք: Աճին նպաստում է դաստիրակելը, որն իսկապես կանանց շնորհված զորավոր և ազդեցիկ դեր է:

Մայրերը, ովքեր գիտեն, ղեկավարներ են:

Մայրերը, ովքեր գիտեն, ղեկավարներ են: Իրենց ամուսինների հետ հավասար գործընկերներ լինելով, նրանք ղեկավարում են մի մեծ ու հավերժական կազմակերպություն: Այդ մայրերը ծրագրում են իրենց կազմակերպության ապագան: Նրանք ծրագրում են միսիայի, տաճարային ամուսնության և կրթության համար: Նրանք ծրագրում են աղոթքի, սուրբ գրություններն ուսումնասիրելու և ընտանեկան երեկոյի համար: Մայրերը, ովքեր գիտեն, իրենց երեխաներին ապագա ղեկավարներ են մեծացնում, և ղեկավարի համար սկզբնական օրինակ են ծառայում: Նրանք չեն թողնում իրենց ծրագիրը` անձնատուր լինելով սոցիալական ճնշմանը և ծնողի աշխարհիկ մոդելին: Այս իմաստուն կանայք, ովքեր գիտեն, ընտրում են իրենց միջոցառումները և ներգրավվելու չափը, որպեսզի պահպանեն իրենց սահմանափակ ուժը` կարևոր տեղերում իրենց ազդեցությունն առավելագույնին հասցնելու համար:

Մայրերը, ովքեր գիտեն, ուսուցիչներ են:

Մայրերը, ովքեր գիտեն, միշտ ուսուցիչներ են: Քանի որ նրանք դայակներ չեն, երբեք պարտականությունից զերծ չեն: Լավ ուսուցանված մի ընկեր ասաց ինձ, որ չի եղել մի բան, որ սովորի եկեղեցում, որն արդեն սովորած չլիներ տանը: Նրա ծնողներն ուսուցանել են սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության, աղոթքի, ընտանեկան երեկոների, ճաշի և այլ հավաքույթների ժամանակ: Պատկերացրեք, թե ապագայում ինչպիսի միսիոներական հզոր բանակ կունենանք, եթե մայրերն իրենց տունը համարեն նախամիսիոներական պատրաստման կենտրոն: Այդ դեպքում ՄՊԿ-ում ուսուցանված ավետարանի վարդապետությունները կլինեն վերանայում և ոչ թե հայտնություն: Դա ազդեցություն է, դա զորություն է:

Մայրերը, ովքեր գիտեն, թույլ չեն տալիս:

Մայրերը, ովքեր գիտեն, թույլ չեն տալիս: Նրանք թույլ չեն տալիս այն, ինչը հավերժական առումով լավ պտուղ չի բերի: Նրանք թույլ չեն տալիս, որ շատ լրատվամիջոցներ, ուշադրություն շեղող միջոցառումներ մուտք գործեն իրենց տուն, որոնք երեխաներին կհեռացնեն իրենց տնից: Մայրերը, ովքեր գիտեն, կամենում են աշխարհի բարիքներից քիչ օգտվել և քիչ սպառել, որպեսզի ավելի շատ ժամանակ տրամադրեն իրենց երեխաներին, որպեսզի ավելի շատ զրուցեն, ծիծաղեն, երգեն և օրինակ ծառայեն: Այս մայրերը զգուշորեն են ընտրում և չեն փորձում ամեն ինչն ընտրել: Նրանց նպատակն է պատրաստել երեխաների մի աճող սերունդ, ովքեր Հիսուս Քրիստոսի ավետարանը կհռչակեն աշխարհին: Նրանց նպատակն է պատրաստել ապագա հայրերի և մայրերի, ովքեր կլինեն Տիրոջ արքայության կառուցողները հաջորդ 50 տարիների ընթացքում: Դա է ազդեցությունը, դա է զորությունը:

Մայրերը, ովքեր գիտեն, ուժեղ և անսասան են մնում:

Ո՞վ կպատրաստի որդիների և դուստրերի այսպիսի արդարակյաց սերունդ: Վերջին Օրերի Սուրբ կանայք կպատրաստեն. կանայք, ովքեր գիտեն և սիրում են Տիրոջը և Նրա մասին վկայություն են բերում, կանայք, ովքեր ամուր և անսասան են, և անձնատուր չեն լինում դժվարին և հուսահատեցնող պահերին: Մենք առաջնորդվում ենք Աստծո կողմից ոգեշնչված մարգարեի կողմից, որը կոչ է արել Եկեղեցու կանանց` «կանգնել ամուր և անսասան այն ամենի համար, ինչն ուղիղ ու ճիշտ է Տիրոջ ծրագրում»:6 Նա մեզ խնդրել է` «սկսել մեր տներում»7 ուսուցանել երեխաներին ճշմարտության ուղիները: Վերջին Օրերի Սուրբ կանայք պետք է լավագույնը լինեն աշխարհում` նեցուկ լինելով, դաստիրակելով և պաշտպանելով իրենց ընտանիքները: Ես վստահ եմ, որ մեր կանայք կանեն դա և հայտնի կդառնան որպես մայրեր, ովքեր «գիտեն» (Ալմա 56.48): Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Տես Գորդոն Բ. Հինքլի, «Կանգնել ամուր և անսասան», Ամբողջ աշխարհում ղեկավարների վերապատրաստման հավաք, հունվ. 10, 2004, 21:

  2. James E. Faust, “Challenges Facing the Family,” Worldwide Leadership Training Meeting, Jan. 10, 2004, 2.

  3. «Ընտանիք` հայտարարություն աշխարհին», Լիահոնա, հոկտ. 2004, 49:

  4. To the Mothers in Zion (pamphlet, 1987), 3.

  5. Տես «Ընտանիք` հայտարարություն աշխարհին»:

  6. Տես Գորդոն Բ. Հինքլի, «Կանգնել ամուր և անսասան», Ամբողջ աշխարհում ղեկավարների վերապատրաստման հավաք, հունվ. 10, 2004, 20:

  7. Տես Գորդոն Բ. Հինքլի, «Կանգնել ամուր և անսասան», Ամբողջ աշխարհում ղեկավարների վերապատրաստման հավաք, հունվ. 10, 2004, 20: