Օ՜, հիշիր, հիշիր
«Օ, հիշիր, հիշիր»,- հաճախ են աղերսել Մորմոնի Գրքի մարգարեները: Իմ նպատակն է` հորդորել ձեզ եղանակներ գտնել տեսնելու և հիշելու Աստծո բարությունը:
Ես երախտապարտ էի երգչախմբին այս առավոտյան հեռարձակման համար, որը Փրկչի մասին էր, և երախտապարտ` տեսնել, որ նրանց կատարած «Սա է Քրիստոսը» երգի խոսքերը գրվել էին Նախագահ Ջեյմս Է. Ֆաուստի կողմից: Երբ նստեցի Եղբայր Նյուելի կողքին, և թեքվելով դեպի նա հարցրեցի. «Ինչպե՞ս են երեխաներդ», նա ասաց. «Երբ Նախագահ Ֆաուստն էր նստում այդ աթոռին, նա միշտ այդ հարցն էր տալիս»: Ես չեմ զարմանում, որովհետև Նախագահ Ֆաուստը միշտ եղել է Քրիստոսի կատարյալ աշակերտ, ինչպես այսօր նկարագրվեց Երաժշտություն և Խոսք ծրագրում: Ես միշտ զգացել եմ, որ մեծանալիս ուզում էի նմանվել Նախագահ Ֆաուստին: Հնարավոր է դեռ ժամանակ կլինի:
Երբ մեր երեխաները դեռ շատ փոքր էին, ես սկսեցի ամեն օր գրել, թե ինչ է այդ օրը պատահել: Ձեզ կպատմեմ, թե ինչպես դա սկսվեց: Ես Եկեղեցու հանձնարարությունից ուշ տուն վերադարձա: Արդեն մութ էր: Աներս, որը մեր հարևանությամբ էր ապրում, զարմացրեց ինձ, երբ ես մեր տան դռանն էի մոտենում: Նա մի քանի խողովակ ուսին արագ քայլում էր, և աշխատանքային շորերով էր: Ես գիտեի, որ նա պոմպ էր պատրաստում, որով պետք է ջուրը բարձրանար ներքևից հոսող գետից դեպի մեր սեփականություն:
Նա ժպտաց, մեղմորեն խոսեց և արագ անցավ կողքովս դեպի մթության մեջ` շարունակելու իր գործը: Ես մի քանի քայլ արեցի դեպի տուն, մտածելով, թե ինչ է անում նա մեզ համար, և դռանը հասնելով, մտքումս, ոչ իմ ձայնով, լսեցի այս խոսքերը. «Ես այս փորձառությունները չեմ տալիս միայն քեզ համար: Գրի առ դրանք»:
Ես ներս մտա: Ես չգնացի քնելու: Թեպետ հոգնած էի, ես վերցրեցի թուղթ ու սկսեցի գրել: Եվ այդ ընթացքում ես հասկացա իմ մտքում հնչած խոսքերը: Ես պետք է գրառումներ անեի իմ երեխաների համար, որ նրանք հետագայում մի օր կարդային, թե ինչպես եմ տեսել Աստծո ձեռքը` մեր ընտանիքն օրհնելիս: Պապիկը պարտական չէր անելու այն, ինչ նա անում էր մեզ համար: Նա կարող էր ինչ-որ մեկին հանձնարարել անել դա կամ ընդհանրապես չաներ այդ գործը: Բայց նա ծառայում էր մեզ` իր ընտանիքին, այնպես, ինչպես Հիսուս Քրիստոսի ուխտյալ աշակերտներն են միշտ ծառայում: Ես գիտեի, որ դա ճշմարիտ էր: Այնպես որ ես գրեցի այդ ամենը, որպեսզի իմ երեխաները կարողանային հիշողություն ունենալ, եթե մի օր դրա կարիքն ունենային:
Մի քանի տարի ես ամեն օր մի քանի տող գրում էի: Ես ոչ մի օր բաց չեմ թողել, անկախ նրանից, թե որքան հոգնած եմ եղել, կամ որքան վաղ պետք է արթնանայի հաջորդ օրը: Նախքան գրելը ես մտածում էի` «Արդյո՞ք տեսել եմ Աստծո ձեռքը մեկնված դիպչելու մեզ կամ մեր երեխաներին կամ մեր ընտանիքին այսօր»: Շարունակելով դա, ինչ-որ բան սկսեց պատահել: Երբ ետ էի նայում այդ օրվան, ես տեսնում էի, թե ինչ է Աստված արել մեզանից որևէ մեկի հետ, որը ես չէի նկատել օրվա զբաղված պահերին: Երբ դա տեղի էր ունենում, իսկ դա հաճախ էր տեղի ունենում, ես հասկացա, որ երբ փորձում էի հիշել, Աստված ցույց էր տալիս, թե ինչ էր Նա արել:
Սրտումս սկսեց երախտագիտությունն աճել: Վկայությունն աճեց: Ես սկսեցի ավելի հավաստիանալ, որ մեր Երկնային Հայրը լսում ու պատասխանում է աղոթքներին: Ես ավելի մեծ երախտագիտություն զգացի մեղմանալու և մաքրվելու համար, որը գալիս է Փրկիչ Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ: Եվ ես ավելի վստահ դարձա, որ Սուրբ Հոգին կարող է ինձ հիշեցնել ամեն ինչ, նույնիսկ բաներ, որոնք ես չեմ նկատել կամ ուշադրություն դարձրել, թե երբ են դրանք տեղի ունեցել:
Տարիներն անցան: Իմ տղաները դարձան հասուն տղամարդիկ: Եվ այժմ և այն ժամանակ նրանցից մեկը կզարմացներ ինձ ասելով. «Հայրի՛կ, ես կարդում էի օրագրի իմ օրինակն այն մասին, երբ … », և ապա նա պատմում էր ինձ, թե ինչպես է վաղուց տեղի ունեցած ինչ-որ դեպք օգնել իրեն նկատել այն, ինչ Աստված արել էր տվյալ օրը:
Իմ նպատակն է աղերսել ձեզ գտնել ուղիներ` տեսնելու և հիշելու Աստծո բարությունը: Այն կզարգացնի մեր վկայությունները: Դուք հնարավոր է օրագիր չեք պահում: Դուք հնարավոր է չեք տալիս ձեր գրառումները նրանց, ում սիրում և ծառայում եք: Բայց դուք և նրանք կօրհնվեն, երբ հիշեք ինչ է Տերն արել: Դուք հիշում եք երգը, որը հաճախ ենք երգում. «Օրհնություններդ հաշվիր, թվիր մեկ առ մեկ: Տես թե Աստված ինչ է տվել քեզ»:2
Հեշտ չի լինի հիշելը: Մենք սովոր ենք ապրել մեր աչքերին քող քաշած, մենք չենք կարողանում հիշել, թե ինչպիսին էր մեր Երկնային Հոր և Նրա Սիրելի Որդի Հիսուս Քրիստոսի հետ նախաերկրային աշխարհը. ոչ էլ կարող ենք մեր ֆիզիկական աչքերով կամ միայն դատելով տեսնել Աստծո ձեռքը մեր կյանքում: Նման բաները տեսնելու համար պետք է ունենալ Սուրբ Հոգին: Հեշտ չէ արժանանալ Սուրբ Հոգու ընկերակցությանն ամբարիշտ աշխարհում:
Ահա թե ինչու Աստծուն մոռանալը եղել է մշտական խնդիր Նրա զավակների մոտ` աշխարհի սկզբից ի վեր: Մտածեք Մովսեսի ժամանակների մասին, երբ Աստված մանանա տվեց և հրաշքով ու տեսանելի միջոցներով առաջնորդեց և պահպանեց Իր զավակներին: Չնայած, մարգարեն զգուշացրել էր մարդկանց, ովքեր օրհնվել էին, ինչպես մարգարեներն են զգուշացրել և միշտ կզգուշացնեն. «Միայն զգույշ եղիր և քո հոգիին շատ զգուշություն արա, որ մի գուցե մոռանաս այն բաները, որ քո աչքերը տեսան, և մի գուցե նրանք սրտիցդ դուրս գան քո կենաց բոլոր օրերումը»:3
Իսկ հիշելը միշտ եղել է ամենադժվար խնդիրը նրանց համար, ովքեր լիառատ օրհնվել են: Նրանք, ովքեր հավատարիմ են Աստծուն, պաշտպանվում և բարգավաճում են: Դա նշանակում է` ծառայել Աստծուն և պահել Նրա պատվիրանները: Սակայն այդ օրհնությունների հետ գալիս է օրհնությունների աղբյուրը մոռանալու գայթակղությունը: Հեշտ է սկսել զգալ, որ օրհնությունները մեզ են շնորհվել ոչ թե սիրող Աստծո կողմից, ումից մենք կախված ենք, այլ մեր ուժի շնորհիվ: Մարգարեները կրկնել են այս տրտունջը կրկին ու կրկին անգամ.
«Եվ այսպիսով, մենք կարող ենք տեսնել, թե որքան կեղծ և նաև անկայուն են մարդկանց զավակների սրտերը. այո, մենք կարող ենք տեսնել, որ Տերն իր անսահման մեծ բարությամբ օրհնում ու բարգավաճեցնում է նրանց, ովքեր դնում են իրենց վստահությունը նրա վրա:
Այո, և մենք կարող ենք տեսնել հենց այն ժամանակ, երբ նա բարգավաճեցնում է իր ժողովրդին, այո, իրենց դաշտերի, իրենց հոտերի ու իրենց նախիրների, և՛ ոսկու, և՛ արծաթի, և՛ ամեն ձևի, ամեն տեսակի ու տիպի թանկարժեք բաների աճով. խնայելով նրանց կյանքը, և ազատելով նրանց իրենց թշնամիների ձեռքից. փափկացնելով նրանց թշնամիների սրտերը, որ նրանք չհայտարարեն պատերազմներ նրանց դեմ. այո, և ի վերջո, անելով բոլոր բաներն իր ժողովրդի բարօրության ու երջանկության համար. այո, այդ ժամանակ է, որ նրանք կարծրացնում են իրենց սրտերը, և մոռանում են Տիրոջը՝ իրենց Աստծուն, և իրենց ոտքերի տակ կոխ են տալիս Սուրբին, այո՝ իրենց բարեկեցության և իրենց խիստ մեծ բարգավաճման պատճառով»:
Եվ մարգարեն շարունակում է ասելով.
«Այո, որքան արագ՝ հպարտությունից բարձրամտանալիս. այո, որքան արագ՝ պարծենալիս, և անելիս այն ամենը, ինչն անօրինություն է. և որքան դանդաղ են Տիրոջը՝ իրենց Աստծուն հիշելիս, և նրա խորհուրդներին ականջ դնելիս, այո, որքան դանդաղ՝ իմաստության ուղիներում քայլելիս»:4
Տխուր է, սակայն բարգավաճումը միակ պատճառը չէ, որ մարդիկ մոռանում են Աստծուն: Նաև կարող է դժվար լինել Նրան հիշելը, երբ մեր կյանքը վատթարանում է: Երբ մենք մաքառում ենք, ինչպես շատ շատերը, ծանր աղքատության մեջ, կամ երբ թշնամիները գերիշխում են մեզ վրա, կամ երբ հիվանդությունը չի բուժվում, մեր հոգիների թշնամին կարող է ուղարկել իր չար ուղերձը, որ Աստված չկա կամ եթե նա գոյություն ունի, Նա մեր մասին չի մտածում: Այդ ժամանակ դժվար կլինի Սուրբ Հոգու համար մեր հիշողություն վերադարձնել կյանքի այն ժամանակահատվածը, երբ Տերը օրհնություններ է տվել մեզ` մեր մանկությունից ի վեր և մեր վշտի պահերին:
Աստծուն, Նրա օրհնությունները և մեզ ուղղված Նրա խոսքը մոռանալու սոսկալի ախտի դեմ մի հասարակ դեղամիջոց կա: Հիսուս Քրիստոսը խոստացավ դա Իր աշակերտներին, երբ մոտ էր Նրա խաչումը, հարությունը, իսկ հետո իրենցից հեռացավ` համբարձվելով Իր Հոր փառքի մեջ: Նրանք մտահոգվում էին, թե ինչպես պետք է համբերեն, երբ Նա այլևս իրենց հետ չլինի:
Ահա այդ խոստումը: Այն ժամանակ դա կատարվեց իրենց համար: Դա կարող է կատարվել այժմ բոլորիս համար.
«Այս խոսեցի ձեզ հետ` քանի որ ձեզ մոտ եմ:
Բայց Մխիթարիչը` Սուրբ Հոգին, որ Հայրը կուղարկե իմ անունովը, նա ամեն բան կսովորեցնե ձեզ, և կհիշեցնե ձեզ ամեն ինչ որ ձեզ ասեցի»:5
Որպեսզի ունենանք հիշողություն, որը բերում և պահում է վկայությունը, պետք է ստանալ Սուրբ Հոգին որպես ընկերակից: Սուրբ Հոգին է, որ օգնում է մեզ տեսնել, թե ինչ է Աստված արել մեզ համար: Սուրբ Հոգին է, որ կարողանում է օգնել նրանց, ում մենք ծառայում ենք, տեսնել, թե ինչ է Աստված արել իրենց համար:
Երկնային Հայրը մեզ տվել է մի պարզ միջոց, որով կարելի է ստանալ Սուրբ Հոգին ոչ թե մեկ անգամ, այլ մշտապես մեր առօրյա զբաղված կյանքում: Դա ներկայացված է հաղորդության աղոթքում. մենք խոստանում ենք, որ միշտ կհիշենք Փրկչին: Մենք խոստանում ենք վերցնել Նրա անունը մեզ վրա: Մենք խոստանում ենք պահել Նրա պատվիրանները: Եվ մեզ խոստացվել է, որ եթե մենք անենք դա, Նրա Հոգին մեզ հետ կունենանք:6 Այդ խոստումները միասին հրաշալի ձևով աշխատում են` ամրապնդելով մեր վկայությունները և իր ժամանակին, Քավության շնորհիվ, փոխելու մեր բնույթը, եթե մենք պահում ենք խոստման մեր մասը:
Սուրբ Հոգին է վկայում, որ Հիսուս Քրիստոսը Սիրելի Որդին է Երկնային Հոր, ով սիրում է մեզ և ցանկանում է մեզ ընտանիքներով հավերժական կյանք ունենալ Իր հետ: Այդ վկայության ձեռք բերման հետ մենք ցանկություն ենք զգում ծառայելու Նրան և պահելու Նրա պատվիրանները: Երբ մենք համառորեն կատարում ենք դա, մենք ստանում ենք Սուրբ Հոգու պարգևները, որոնք մեզ ուժ են տալիս ծառայելու: Մենք տեսնում ենք Աստծո ձեռքն ավելի հստակ, այնքան հստակ, որ ժամանակի հետ մենք ոչ միայն հիշում ենք Նրան, այլև սկսում ենք սիրել Նրան և Քավության զորությամբ դառնում ենք ավելի նման Նրան:
Դուք կարող եք հարցնել. «Բայց ինչպե՞ս կարող է սկսել այս գործընթացը նա, ով ոչինչ չգիտի Աստծո մասին և հոգևոր փորձառության մասին ոչ մի հիշողություն չունի»: Ամեն ոք ունեցել է հոգևոր փորձառություններ, որ միգուցե չի ընկալել: Այս աշխարհ մտնող ամեն մարդու տրվում է Քրիստոսի Հոգին: Մորոնիի գրքում նկարագրվում է, թե ինչպե՞ս է այդ հոգին աշխատում.
«Քանզի ահա, Քրիստոսի Հոգին տրվում է ամեն մարդու, որպեսզի նա կարողանա բարին տարբերել չարից. ուստի, ես ցույց եմ տալիս ձեզ դատելու ուղին. քանզի ամեն բան, որ հրավիրում է անել բարիք, և համոզում է հավատալ Քրիստոսին, առաջանում է Քրիստոսի զորությամբ ու պարգևով. ուստի, դուք կարող եք կատարյալ իմացությամբ տարբերել՝ դա Աստծուց է:
Բայց ինչ բան, որ համոզում է մարդկանց գործել չարիք, և չհավատալ Քրիստոսին, և ուրանալ նրան, և չծառայել Աստծուն, այդ դեպքում դուք կարող եք իմանալ մի կատարյալ իմացությամբ՝ դա դևից է. քանզի այս ձևով է դևը գործում, քանզի նա ոչ մի մարդու չի համոզում բարիք գործել, ո՛չ, ոչ մեկին. ո՛չ էլ նրա հրեշտակներն են անում այդ. ո՛չ էլ նրանք են անում այդ, ովքեր ենթարկվում են նրան …
Ուստի, ես աղաչում եմ ձեզ, եղբայրնե՛ր, որ դուք ջանասիրաբար քննեք Քրիստոսի լույսով, որ դուք կարողանաք բարին տարբերել չարից. և եթե դուք որդեգրեք այն ամենը, ինչ բարի է, և չդատապարտեք այն, դուք, անշուշտ, կլինեք Քրիստոսի զավակը»:7
Այսպիսով, մարդիկ սկսում են Սուրբ Հոգու պարգևները ստանալ նախքան որպես Եկեղեցու անդամներ հաստատվելը, և նույնիսկ մկրտությունից առաջ Սուրբ Հոգին կհաստատի նրանց համար ճշմարտությունը, որ ունեն հոգևոր փորձառություններ: Իրենց մանկությունից ի վեր, արդեն իսկ Քրիստոսի Հոգին նրանց հուշել է կատարել բարին և զգուշացրել չարի դեմ: Նրանք այդպիսի փորձառությունների մասին հիշողություններ ունեն անգամ, եթե չեն ընդունել իրենց աղբյուրը: Այդ հիշողությունը ետ կգա, երբ մենք կամ միսիոներները ուսուցանենք նրանց Աստծո խոսքը, և նրանք լսեն այն: Նրանք կհիշեն ուրախության կամ տխրության զգացումը, երբ ուսուցանվեն ավետարանի ճշմարտությունները: Եվ Քրիստոսի Հոգու մասին այդ հիշողությունը կփափկացնի նրանց սրտերը, որպեսզի թույլ տա Սուրբ Հոգուն վկայել իրենց: Դա նրանց կօգնի պահել պատվիրանները, և նրանք կցանկանան վերցնել Փրկչի անունն իրենց վրա: Իսկ երբ նրանք դա անեն մկրտության ջրերում, և երբ լսեն հաստատման խոսքերը` «Ստացիր Սուրբ Հոգին», որը կասվի Աստծո լիազորված ծառայի կողմից, Աստծուն միշտ հիշելու զորությունը կավելանա:
Ես վկայում եմ ձեզ, որ այս համաժողովին ճշմարտությունը լսելիս ապրած ձեր ջերմ զգացումները գալիս են Սուրբ Հոգուց: Փրկիչը, որը խոստացել է, որ Սուրբ Հոգին կգա, մեր Երկնային Հոր սիրված, փառավորված Որդին է:
Այսօր և վաղը երեկոյան, դուք կարող եք աղոթել և խորհել, հարցնելով. «Արդյո՞ք Աստված այս ուղերձն ուղարկեց ինձ համար: Արդյո՞ք տեսել եմ Նրա ձեռքը իմ կամ իմ երեխաների կյանքում»: Ես այդպես եմ անելու: Եվ ապա ես միջոց կգտնեմ պահպանելու այդ հիշողությունը այն օրվա համար, երբ ես և իմ սիրելիները կարիք կունենանք հիշելու, թե որքան շատ է Աստված սիրում մեզ և որքան շատ մենք Նրա կարիքն ունենք: Ես վկայում եմ, որ նա սիրում է մեզ և օրհնում է մեզ ավելի, քան մեզանից շատերը մինչ այժմ հասկացել են: Ես գիտեմ, որ դա ճիշտ է, և դա ինձ ուրախություն է պարգևում` հիշելու Նրան: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: