Բարձրացրեք սանդղակը
Համոզված եղեք, որ բավարարում եք որպես միսիոներ ծառայելու նվազագույն չափանիշներին և մշտապես բարձրացրեք սանդղակը:
Մեծ արտոնություն էր ինձ համար անցյալ ամիս նշանակվել մասնակցելու Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Տարածքի միսիայի նախագահների հետ անցկացվող սեմինարին: Ներկա գտնվող միսիայի նախագահների թվում էր իմ որդին Լին: Նա կանչվել էր ծառայության, նախքան ես կավարտեի իմ մեկ տարվա հանձնարարությունը Կենտրոնական Եվրոպայի Տարածքային Նախագահությունում: Երեք տարի էր, ինչ ես ոչ մի անգամ ժամանակ չէի անցկացրել որդուս հետ, բացի կարճատև այցելությունները, երբ այլ հանձնարարականներով նրա տարածքով էի անցնում:
Բոլոր միսիաների նախագահների և նրանց կանանց հետ ծանոթացման ճաշից հետո, Լին և ես մեր կանանց հետ, գնացինք իմ հյուրանոցի համարը մի փոքր միասին զրուցելու: Մեր զրույցն իհարկե կենտրոնացած էր միսիոներական աշխատանքի վրա: Լին բացատրեց, թե ինչ էր տեղի ունեցել իր միսիոներների հետ, երբ Նախագահ Հինքլին խնդրեց միսիոներական ծառայության համար բարձրացնել որակավորումների սանդղակը: Նա զեկուցեց միսիոներական դաշտ ժամանած միսիոներների պատրաստվածության հարցում ակնհայտ բարելավման մասին: Զրույցի ընթացքում մենք հիշեցինք իմ և Լիի հետ կապցած մի դեպք, երբ նա դպրոցի բարձր դասարաններում էր սովորում:
Լին դպրոցի սպորտային թիմի անդամ էր` նա և կարճ տարածության մրցավազորդ էր, և թռիչք բարձրության ատլետ: 1968թ. Մեխիկոյում անցկացված Օլիմպիական Խաղերի ժամանակ աշխարհը հիացած էր մի ոչ հանրահայտ մարզիկով, որի անունն էր Դիք Ֆոսբրի: Նա թռիչք բարձրության նոր տեխնիկա էր փորձարկել, որի ժամանակ մի կարճ տարածություն էր վազում ձողին զուգահեռ, ապա կորանում ու դեպի ետ էր ցատկում ձողի վրայով: Դա կոչվեց Ֆոսբրի ցատկ:
Շատերի պես Լին նույնպես ոգևորվել էր այդ նոր տեխնիկայով, սակայն մինչև նոր դպրոցական տարվա սկիզբը նա տեղ չուներ պարապելու: Մի երեկո ես տուն վերադարձա և տեսա, նա մեր նկուղում փորձարկում է Ֆոսբրի ցատկը: Նա աթոռներն իրար վրա դնելով հենարան էր պատրաստել ձողի համար, իսկ ձողի փոխարեն օգտագործել էր ցախավելի փայտը: Նա ցատկում էր բազմոցի վրա, որպեսզի փափուկ տեղ ընկնի: Ինձ համար ակնհայտ էր, որ բազմոցը չի դիմանա դրան, այնպես որ ես խնդրեցի դադարեցնել ներսում պարապմունքերը: Փոխարենը, ես նրան խնդրեցի ինձ հետ գալ սպորտային խանութ, որտեղից մենք գնեցինք սպունգից ներքնակներ և թռիչք բարձրության համար սանդղակով հենարան, որպեսզի նա կարողանար իր պարապմունքներն անցկացնել դրսում:
Փորձարկելով Ֆոսբրի ցատկը, Լին որոշեց վերադառնալ արևմտյան տեխնիկային, որն օգտագործում էր նախկինում: Մինչև ամառվա վերջ և աշնանը Լին բազմաթիվ ժամեր էր անցկացնում մեր տան բակում` թռիչք բարձրություն պարապելով:
Մի երեկո ես աշխատանքից վերադառնալով տուն` տեսա Լին իր պարապմունքով է զբաղված: Ես հարցրեցի. «Որքա՞ն է սանդղակի բարձրությունը»:
Նա ասաց. «Մեկ մետր յոթանասունչորս սանտիմետր»:
«Իսկ ինչո՞ւ այդքան»:
Նա պատասխանեց. «Որովհետև այդքան պետք է ցատկես, որպեսզի նահանգի ատլետների թիմում ընդգրկվես»:
«Ինչպե՞ս ես դու ցատկում»,- հարցրեցի ես:
«Ես այդքան ցատկում եմ, դեռ ոչ մի ցատկ չեմ վրիպել»:
Ես ասացի. «Արի բարձրացնենք սանդակը և տեսնեք ինչպես ես ցատկում այդ ժամանակ»:
Նա պատասխանեց. «Այդ դեպքում հնարավոր է չկարողանամ ցատկել»:
Ես հարցրեցի. «Եթե դու չես բարձրացնում սանդղակը, ինչպե՞ս կարող ես իմանալ որքան է քո ներուժը»:
Այսպիսով, մենք սկսեցինք բարձրացնել սանդղակը մինչև մեկ ու յոթանասունինը մետր, հետո մեկ ու ութ մետր, և այդպես շարունակ, և նա ձգտում էր կատարելագործվել: Լին դարձավ ավելի բարձր ցատկող ատլետ, որովհետև նա չէր բավարարվում պարզապես նվազագույն չափանիշով: Նա սովորեց, որ թեպետ դա նշանակում էր վրիպում, նա ցանկանում էր մշտապես բարձրացնել սանդղակը, որպեսզի իր կարողության չափով լավագույն ատլետը դառնար:
Որդուս հետ հիշելով այդ ամենը, ես հիշեցի 2002թ. հոկտեմբերի գերագույն համաժողովի քահանայության նիստին Երեց Մ. Ռասսել Բալլարդի ուղերձը, որտեղ նա կոչ արեց Եկեղեցու երիտասարդներին դառնալ միսիոներների հրաշալի սերունդ: Նա հայտարարեց, որ սանդղակը, այսինքն` միսիոներական ծառայության նվազագույն չափանիշը բարձրացվել է: Նա հրահանգեց Ահարոնյան Քահանայության երիտասարդներին ավելի եռանդուն պատրաստվել այս նոր և ավելի բարձր նվազագույն չափանիշին: Նա նաև հրահանգներ տվեց հայրերին, եպիսկոպոսներին և ցցերի նախագահներին, որպեսզի օգնեն պատանիներին լիաժամկետ միսիաներ ծառայելուն պատրաստվելիս: (See “The Greatest Generation of Missionaries,” Liahona Nov. 2002, 46–49.)
Այդ նույն քահանայության նիստի իր եզրափակիչ խոսքում Նախագահ Հինքլին մեկնաբանեց Երեց Բալլարդի ելույթը: Նա ասաց. «Երեց Բալլարդը ձեզ հետ խոսեց միսիոներների վերաբերյալ: Ես ցանկանում եմ ևս մեկ անգամ շեշտել դա: Ես հուսով եմ, որ մեր երիտասարդ տղաներն ու աղջիկները կարձագանքեն այն խնդիրներին, որ նա դրեց իրենց առջև: Մենք պետք է բարձրացնենք նրանց արժանավորության և որակավորման չափանիշները, ովքեր աշխարհ են դուրս գալիս որպես Տեր Հիսուս Քրիստոսի դեսպաններ» (“To Men of the Priesthood,” Liahona, Nov. 2002, 57):
Դրանից շատ չանցած, 2002թ. դեկտեմբերի 11-ի նամակում Առաջին Նախագահությունը հայտնեց Եկեղեցու ղեկավարներին, թե ովքեր կարող են ծառայել որպես լիաժամկետ միսիոներներ: Այդ հրահանգները սահմանում էին. «Լիաժամկետ միսիոներական ծառայությունը արտոնություն է նրանց համար, ովքեր կանչվում են Եկեղեցու Նախագահի ոգեշնչմամբ: Եպիսկոպոսներն ու ցցերի նախագահները լուրջ պատասխանատվություն են կրում որոշելու արժանի, համապատասխան անդամներին, ովքեր հոգևոր, ֆիզիկական և էմոցիոնալ առումով պատրաստ են այս սուրբ ծառայությանը և ովքեր կարող են անվերապահորեն երաշխավորվել: Այն անհատներին, ովքեր չեն կարող բավարարել լիաժամկետ միսիայի աշխատանքի ֆիզիկական, մտավոր և էմոցիոնալ պահանջներին, պետք է հարգանքով մերժել և չերաշխավորել: Նրանք կարող են կանչվել ծառայելու այլ արժանի կոչումներում»:
Եկեղեցու ղեկավարների կողմից բարձրացվել է սանդղակը, և այժմ միսիոներական աշխատանքին մասնակցելու նվազագույն չափանիշը բացարձակ բարոյական արժանավորությունն է, ֆիզիկական առողջությունը և ուժը, զարգացած ինտելեկտը, սոցիալական և էմոցիոնալ զարգացումը: Թռիչք բարձրության բոլոր մրցույթներում կա նվազագույն բարձրություն, որից մրցույթը սկսվում է: Նույն կերպ, դուք չպետք է ակնկալեք, որ չափանիշները կցածրացվեն, որպեսզի դուք կարողանաք միսիա ծառայել: Եթե ցանկանում եք միսիոներ լինել, պետք է ի վիճակի լինեք բավարարելու նվազագույն չափանիշներին:
Սակայն նվազագույն չափանիշներին համապատասխանելով արդյո՞ք չպետք է փորձեք անընդհատ բարձրացնել սանդղակը: Ես տալիս եմ ձեզ նույն հարցը, ինչը տվել էի որդուս տարիներ առաջ. «Եթե դուք չեք բարձրացնում սանդղակը, ինչպե՞ս կարող եք երբևէ իմանալ ձեր ներուժը»: Իմ կոչն է ձեզ` հասկացեք, որ նվազագույն չափանիշ գոյություն ունի, և դուք պետք է հասնեք դրան, որպեսզի լիաժամկետ միսիա ծառայեք, սակայն կանգ մի առեք այդտեղ: Միսիոներների մեծագույն սերունդը չի ծառայի իր ողջ ներուժով, եթե շարունակ չփորձեն բարձրացնել սանդղակը:
Թույլ տվեք մի քանի առաջարկություններ անել, թե ինչ կարող է ձեզանից յուրաքանչյուրն անել միսիայի ծառայությանը պատրաստվելիս, որպեսզի սանդղակն ավելի շատ բարձրացնեք:
Միսիոներական ծառայության համար նվազագույն ֆիզիկական չափանիշը վերաբերում է միսիոների ֆիզիկական առողջությանն ու ուժին: Օրինակ, միսիոների երաշխավորագրի կետերից մեկում հարց է տրված, թե «կարո՞ղ եք օրական 12–15 ժամ աշխատել, օրական 10–13 կմ քայլել, օրական հեծանվով 16–24 կմ վարել և աստիճաններ բարձրանալ»: Միսիոներական աշխատանքը դժվար է, և ծառայելու համար լիաժամկետ միսիոներները պետք է լավ ֆիզիկական վիճակում լինեն: Սանդղակը բարձրացրեք ավելի լավ ֆիզիկական պատրաստվածության աստիճանի վրա:
Դա նաև կարող է ընդգրկել ձեր արտաքին տեսքը բարելավելը: Միսիոները պետք է որոշակի ձևով հագնվի, ունենալով մաքուր ու կոկիկ տեսք, այսինքն` լավ կտրված մազեր, լավ սափրված լինի, մաքուր սպիտակ վերնաշապիկով և փողկապով, լավ նստող կոստյումով, այդպես մինչև ներքև` լավ փայլուն կոշիկները: Այժմ սկսեք պատրաստվել լիաժամկետ միսիային` ընդունելով լիաժամկետ միսիոների տեսք:
Ավելի բարձրացրեք ձեր ինտելեկտուալ պատրաստվածության սանղակը: Լուրջ վերաբերվեք ձեր ուսմանը: Կարևոր է գրագետ կարդալը, խոսելն ու գրելը: Ավելացրեք աշխարհի մասին ձեր գիտելիքը` լավ գրքեր կարդալով: Սովորեք ինչպես ուսումնասիրել: Ապա, կիրառեք ձեր բարելավված ուսումնասիրության սովորույթները` սովորելով Հիսուս Քրիստոսի ավետարանը: Մշտապես և կանոնավոր ձևով կարդացեք Մորմոնի Գիրքը:
Մի՛ անտեսեք սեմինարիայի և ինստիտուտի դասերը: Մասնակցեք և ստացեք այն ամենը, ինչ կարող եք սուրբ գրություններից, որ ուսուցանվում է այս հրաշալի կրոնական կրթական միջավայրում: Նրանք կպատրաստեն ձեզ ներկայացնելու վերականգնված ավետարանի ուղերձը նրանց, ում դուք առիթ կունենաք հանդիպելու: Ուսումնասիրեք Քարոզիր իմ ավետարանը, ուշադրությունը կենտրոնացնելով գլուխ 3-ում ուսուցանված հիմնական վարդապետությունները: Ամեն անգամ, որ ձեզ կխնդրեն ելույթ ունենալ եկեղեցում կամ ուսուցանել ընտանեկան երեկոյի ժամանակ, կենտրոնացեք այդ հիմնական վարդապետությունների վրա:
Վարդապետություն և Ուխտեր 11.21-ում Տերն ասել է մեզ. «Մի փնտրիր հայտարարել իմ խոսքը, այլ, նախ փնտրիր ձեռք բերել իմ խոսքը, և հետո քո լեզուն պիտի արձակվի. հետո, եթե կամենաս, դու կունենաս իմ Հոգին և իմ խոսքը, այո՛, Աստծո զորությունը՝ մարդկանց համոզելու համար»: Միսիոներական տարիքին նախորդող ժամանակը իդեալական ժամանակ է սանդղակն ավելի բարձրացնելու, երբ դուք պատրաստեք ձեր միտքը` ձեռք բերելով Հիսուս Քրիստոսի ավետարանի լույսն ու ճշմարտությունը:
Դուք պետք է գիտակցեք, որ միսիոներական ծառայությունը էմոցիանալ տեսակետից պահանջկոտ է: Ձեզ աջակցողները ձեզանից հեռու կլինեն, երբ դուք հեռանաք տնից և գնաք աշխարհ: Շատ եղանակներ, որոնք օգտագործում եք էմոցիոնալ լարվածությունից դուրս գալու համար, ինչպիսինք են` ընկերներով հավաքվելը, միայնակ դուրս գալը, վիդեոխաղեր խաղալը կամ երաժշտություն լսելը, չեն թույլատրվում անել ըստ միսիոների վարքի կանոնների: Կլինեն ընդունված չլինելու և հուսահատության օրեր: Այժմ սովորեք ձեր էմոցիոնալ սահմանափակումների մասին և սովորեք ինչպես զսպել ձեր զգացմունքները այնպիսի հանգամանքներում, որոնց մեջ կհայտնվեք որպես միսիոներ: Այդպիսով, դուք կբարձրացնեք սանդղակը, իսկ արդյունքում կամրապնդվեք միսիայի ծառայության ժամանակ ծագող էմոցիոնալ խնդիրների համար:
Թեպետ Նախագահ Հինքլին չի հիշատակել այս մասին, ապագա միսիոներները նաև պետք է պատրաստ լինեն սոցիալական ունակություններով, որոնք անհրաժեշտ են միսիայում ծառայելու համար: Ավելի ու ավելի շատ երիտասարդներ են մեկուսանում մյուսներից` խաղալով վիդեոխաղեր, կրելով ականջակալներ և հաղորդակցվելով բջջային հեռախոսով, էլ-փոստով, տեքստային հաղորդագրություններով: Միսիայի աշխատանքի մեծ մասը կապված է մարդկանց հետ դեմառդեմ հաղորդակցվելուն, և եթե չբարձրացնեք ձեր հաղորդակցման ունակությունների սանդղակը, դուք անպատրաստ կլինեք: Թույլ տվեք մի հասարակ առաջարկություն կատարել. գտեք աշխատանք, որի ժամանակ պետք է շփվեք մարդկանց հետ: Որպես ավելի բարձր նպատակ դրեք` ձեր կես կամ լրիվ դրույք աշխատանքով վաստակել այնքան գումար, որը կփակի ձեր միսիայի ծախսերի հիմնական մասը: Ես մեծ օրհնություններ եմ խոստանում` սոցիալական, ֆիզիակական, մտավոր, էմոցիոնալ և հոգևոր օրհնություններ, բոլոր այն երիտասարդներին, ովքեր վճարում են իրենց միսիայի հիմնական ծախսերը:
Անձնական արժանավորությունը միսիա ծառայելու համար նվազագույն հոգևոր չափանիշն է: Դա նշանակում է, որ դուք արժանի եք ամեն առումով կապել և պահել տաճարային սուրբ ուխտերը: Զանցանքներ գործելով, որով արժանի չեք լինի ծառայելուն, մի՛ զրկեք ձեզ այն օրհնություններից, որոնք շնորհվում են այս շատ հատուկ կոչման մեջ ծառայողներին:
Խնդրում ենք հասկացեք, որ որպես միսիոներ ձեր ուսուցումը կարող է համոզիչ լինել, սակայն միայն Հոգին է դարձի բերում: Քարոզիր իմ ավետարանը նկարագրում է, թե ինչ է իրենից ներկայացնում միսիոներական աշխատանքը: Այն ասում է. «Որպես Հիսուս Քրիստոսի լիազորված ներկայացուցիչ, դուք կարող եք մարդկանց սովորեցնել զորությամբ և իշխանությամբ, որ «փրկությունը գալիս է Սուրբ Մեսիայի միջոցով» և որ ոչ ոք չի «կարող բնակվել Աստծո ներկայության մեջ, եթե դա չլինի Սուրբ Մեսիայի արժանիքներով, ողորմածությամբ և շնորհով» (2 Նեփի 2.6, 8)» ([2004], 2):
Մենք հիշեցնում ենք ձեզ, որ երբ շատ է տրված, շատ էլ պահանջվում է: Մենք կրկին կոչ ենք անում բոլոր հոգևոր, ֆիզիկական և էմոցիոնալ առումով արժանի երիտասարդներին` պատրաստված առաջ կանգնել և դառնալ Հիսուս Քրիստոսի Եկեղեցու միսիոներներ: Համոզված եղեք, որ բավարարում եք որպես միսիոներ ծառայելու նվազագույն չափանիշներին և մշտապես բարձրացրեք սանդղակը: Պատրաստվեք լինել ավելի արդյունավետ այդ մեծ կոչման մեջ:
Թող Աստված օրհնի ձեզ, որ սա լինի ձեր ցանկությունը, երբ դուք հեռանալով գերագույն համաժողովի այս քահանայության նիստից սկսեք այժմ պատրաստվել փառահեղ ծառայությանը, որը ձեր առջևում է որպես Տեր Հիսուս Քրիստոսի միսիոներ: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: