Ես կզորացնեմ քեզ, ես կօգնեմ քեզ
Ամենամեծ օգնությունը, որ մենք կարող ենք ունենալ ընտանիքները ամրացնելու հարցում, դա Քրիստոսի վարդապետություններն իմանալն է և դրանց հետևելը:
Մի քանի ամիս առաջ Քույր Բեքը ինձ խնդրեց խոսել ընտանիքների մասին և մի փոքր պատմել ընտանիքների հետ իմ փորձից: Ես միայնակ կին եմ և երեխաներ չունեմ: Կարծում եմ, Քույր Բեքը մտածում էր, որ ես համապատասխան կին եմ ընտանիքների մասին խոսելու համար, որովհետև երբեք առիթ չեմ ունեցել իմ երեխաների վերաբերյալ սխալ կատարել: Շատ կանայք չեն կարող դա ասել:
Մասնագիտությամբ ես սոցաշխատող եմ և տարիների ընթացքում շատ ընտանիքների հետ եմ աշխատել, հիմնականում հոգսեր և մեծ դժվարություններ ունեցող ընտանիքների հետ: Ես վկա եմ եղել շատ ցավալի իրավիճակների, երբ երեխաները մեծապես տուժվում էին, ինչպես ֆիզիկապես, այնպես էլ հոգեպես: Ես տեսել եմ երեխաների, որոնց թողել և մոռացել են, որովհետև ծնողները չարաշահել և կախվածություն են ունեցել որոշ նյութերից: Ես տեսել եմ 18-ամյա երիտասարդների, որոնք մանկատանն էին, և այժմ ապրում են առանց սիրող ընտանիքի որևէ օգնության և աջակցության:
Բարեբախտաբար, մեզանից շատերը ընտանիքներում չեն տեսնում բռնություն կամ արհամարանք, սակայն յուրաքանչյուր ընտանիք որևէ տեսակի խնդիր ունի` հիվանդություն, մահ, անհնազանդություն, ֆինանսական խնդիրներ և այլն:
Այս խնդիրները լուրջ հարցեր են առաջ բերում: Ի՞նչ է տեղի ունենում ընտանիքների հետ: Ո՞րն է տարբերությունը կայուն և ոչ ֆունկցիոնալ ընտանիքի միջև: Որո՞նք են այն պարզ խորհուրդները, որոնք կօգնեն ընտանիքներին: Իսկ ո՞վ կարող է օգնել ընտանիքներին:
Այսօր ես ուզում եմ համառոտ խոսել այդ հարցերի շուրջ և մի քանի դիտարկումներ կատարել, որոնք տարիների ընթացքում հավաքել եմ, հույս ունենալով, որ դրանք կօգնեն:
Ի՞նչ է տեղի ունենում ընտանիքների հետ:
Սատանան անընդմեջ աշխատում է հարվածներ հասցնել ընտանիքներին: Նա մեզ ասում է, որ ամուսնությունը կարևոր չէ, երեխաները հոր և մոր կարիքը չունեն, և ամուր ընտանիքները կարևոր չեն: Նա մեզ ասում է` բարոյական արժանիքները հնաոճ են և հիմար: Երբ դժվարություններ են առաջ գալիս, Սատանան մեզ ասում է, որ մոռանանք մեր համոզմունքները և գնանք աշխարհի ուղիներով: Նա հրապուրում է մեզ փառքով և հաջողությամբ, և ասում, թե որտեղ կարելի է գտնել հեշտ կյանք: Նա գրոհում է Աստծո հանդեպ մեր հավատը և փորձում հուսահատեցնել անգամ ամենաամուր և ամենասիրող ընտանիքներին: Սատանան ուրախանում է, երբ մենք զիջում ենք, անգամ մի փոքր:
Ո՞րն է տարբերությունը կայուն ընտանիքի և ոչֆունկցիոնալ ընտանիքի միջև:
Կայուն ընտանիքի անդամները գիտեն, թե ովքեր են իրենք, ուր են գնում և ինչի են ուզում հասնել: Ոչֆունկցիոնալ ընտանիքի անդամները չգիտեն, թե ովքեր են իրենք, նրանք չունեն ծրագիր, խարիսխ, արժեքների կամ չափանիշների համակարգ իրենց ճանապարհին:
Ոչֆունկցիոնալ ընտանիքների որոշ ծնողներ ուսուցանվել են լավ արժեքներ, սակայն սխալ ուղու վրա են կանգնել ալկոհոլի, թմրանյութերի կամ այլ հակումների հետևանքով, որոնք զրկում են նրանց լավ դատողությունից և ճիշտ որոշումներ կատարելու ունակությունից: Կայուն ընտանիքում սիրող ծնողները սովորեցնում են իրենց օրինակով և ոչ թե ասում են երեխաներին անել ինչ-որ բան, այլ անում են դա նրանց հետ և ցույց տալիս, թե ինչպես անել:
Որո՞նք են այն պարզ խորհուրդները, որ կարող են օգնել ընտանիքներին:
Հիշե՛ք, երեխաներն անգին են: Նրանք Աստծո հոգևոր զավակներն են: Ես տեսել եմ, ինչպես է մարդկային հոգին լուսավոր շողում այնպիսի ժամանակներում, երբ չեմ պատկերացրել, թե ինչպես կարող է այդ երեխան գոյատևել:
Սիրելի քույրե՛ր, սիրեք և դաստիարակեք ձեր երեխաներին: Ասեք նրանց, որ սիրում եք իրենց: Գրկեք նրանց: Ֆիզիկական պատշաճ մտերմությունը հրաշքներ կարող է գործել: Բարի խոսքեր ասեք: Օրինակով սովորեցրեք նրանց աշխատել: Սովորեցրեք նրանց աղոթել: Նախագահ Ջեյմս Է. Ֆաուստն ասել է. «Ընտանիքով միասին աղոթելը կապող փորձառություն է: Փոքր երեխաները կարող են սովորել ինչպես աղոթել, երբ լսում են իրենց ծնողների և ավագ երեխաների աղոթքները: … Անհատական աղոթքը և ընտանեկան աղոթքը անձնական և ընտանեկան երջանկության անբաժանելի մասն են»:1
Ձեր երեխաների համար կարդացեք: Կարդացեք սուրբ գրություններից: Նրանց օգնեք իմանալ, որ սուրբ գրությունները կարող են առաջնորդել իրենց ամբողջ կյանքի ընթացքում: Նրանց հետ ընտանեկան երեկո անցկացրեք: Թող նրանք իմանան, որ ընտանիքով ժամանակ անցկացնելը շատ կարևոր է իրենց համար:
Երեխաները սովորաբար շատ բաց են ծնողների և ծնողների սխալների համար: Նրանք հաճախ են ներում, մոռանում և շատ ավելի արագ են առաջ շարժվում, քան ծնողները: Ձեզ մեղավոր մի զգացեք: Ներողություն խնդրեք, եթե սխալ եք գործել: Խնդրեք երեխային ներել ձեզ: Փոխեք ձեր մեթոդները և առաջ շարժվեք:
Հիշեք, որ երեխա մեծացնելը մեծ համբերություն է պահանջում: Թեև թանկ են, երեխաները կարող են բարկացնել, շփոթեցնել և երբեմն նույնիսկ չարություն անել: Պահանջվում է ահռելի համբերություն և զսպվածություն, որպեսզի մենք չանենք կամ չասենք այնպիսի բաներ, որոնց համար հետո կզղջանք: Երբեմն ծնողները պետք է դադար առնեն, որպեսզի լուրջ սխալներ չկատարեն: Մեկ րոպեով սենյակից դուրս գալը շատ հաճախ օգտակար է ինքնատիրապետումը վերականգնելու համար:
Ավելի լավ խորհուրդ, քան այն, որ տրված է Ընտանիք` հայտարարություն աշխարհին,2 չի կարելի գտնել: Կարդացեք այն: Ուսումնասիրեք այն: Որդեգրեք այն որպես ձեր ընտանիքի չափանիշ: Դարձրեք այն ընտանեկան երեկոների դասերի թեմա, որպեսզի ընտանիքում ոչ ոք սխալ պատկերացում չունենա այն մասին, թե ինչպես պետք է գործի ընտանիքը:
Ո՞վ կարող է օգնել ընտանիքներին:
Ակնհայտորեն, երեխաներին ուսուցանելու և ընտանիքն ամրացնելու առաջնային պատասխանատվությունը ծնողների վրա է դրված: Սակայն, կան շատ շատերը, ովքեր կարող են օգնել: Ես հիանալի ծնողներ ունեմ, սակայն նրանք ամեն ինչ միայնակ չեն արել:
1995 թվականի սեպտեմբերին ես Թաբերնաքլում էի, երբ Սփոփող Միության գերագույն ժողովին Նախագահ Գորդոն Բ. Հինքլին առաջին անգամ ներկայացրեց ընտանիքի հայտարարությունը: Դա մեծ իրադարձություն էր: Ես զգացի այդ ուղերձի կարևորությունը: Ես նաև մտածեցի. «Սա հիանալի ուղեցույց է ծնողների համար: Սա նաև մեծ պատասխանատվություն է ծնողների համար»: Ես մի պահ մտածեցի, որ այն իրականում ինձ չի վերաբերում, քանի որ ես ամուսնացած չէի և երեխաներ չունեի: Սակայն հաջորդ պահին մտածեցի. «Բայց դա վերաբերում է ինձ: Ես ընտանիքի անդամ եմ: Ես դուստր եմ, քույր են, մորաքույր եմ, զարմուհի եմ և թոռնիկ եմ: Ես ունեմ պարտականություններ, և օրհնություններ, որովհետև ես ընտանիքի անդամ եմ: Անգամ եթե ես իմ ընտանիքի միակ կենդանի անդամը լինեի, ես միևնույն է, Աստծո ընտանիքի անդամ եմ և պարտականություն եմ կրում մյուս ընտանիքներին օգնելու համար»:
Երեց Ռոբերտ Դ. Հեյլսն ասել է. «Ընտանիքներն ամրացնելը մեր, այսինքն` ծնողների, երեխաների, բարեկամների, ղեկավարների, ուսուցիչների և Եկեղեցու անհատական անդամների սուրբ պարտականությունն է»:3
Որպես Սփոփող Միության քույրեր մենք կարող ենք օգնել միմյանց ամրացնել ընտանիքները: Մենք հնարավորություններ ունենք ծառայելու տարբեր եղանակներով: Մենք անընդմեջ շփման մեջ ենք երեխաների և երիտասարդների հետ, ովքեր կարող են կարիքն ունենալ ճիշտ այն բանի, ինչ մենք կարող ենք առաջարկել: Ավագ քույրե՛ր, դուք բավականին լավ խորհուրդներ և կուտակած փորձ ունեք, որով կարող եք կիսվել երիտասարդ մայրերի հետ: Երբեմն Երիտասարդ Կանանց ղեկավարը կամ Երեխաների Խմբի ուսուցիչը ասում կամ անում է հենց այն, ինչ ամրացնում է այն, ինչ փորձում է ուսուցանել ծնողը: Եվ ակնհայտ է, որ մեզ պետք չէ կոչում` ընկերոջը կամ հարևանին օգնության ձեռք մեկնելու համար:
Ամենամեծ օգնությունը, որ մենք կարող ենք ունենալ ընտանիքները ամրացնելու հարցում, դա իմանալն ու հետևելն է Քրիստոսի վարդապետություններին և ապավինելը Նրան մեզ օգնելու համար: Աշխատելով խնդիրներ ունեցող ընտանիքների հետ, ես շատ հաճախ երազել եմ, որ այդ ընտանիքները ճանաչեին Փրկչին և ուսուցանեին իրենց երեխաներին Հիսուս Քրիստոսի վարդապետությունները:
«Եվ ահա, նա կտանի փորձություններ, և մարմնի ցավ, քաղց, ծարավ և հոգնածություն, նույնիսկ՝ ավելին, քան մարդը կարող է տանել, բացի մահից»:4
Քրիստոսը կրել է հնարավոր բոլոր տառապանքները, որ մենք կարող ենք պատկերացնել: Նա գիտի, ինչպես ենք մենք զգում: Նա հասկանում է: Նա կօգնի:
Սուրբ գրությունները լի են օրինակներով այն մասին, թե ինչպես է Քրիստոսը օգնել և պատրաստ օգնելու: Իմ սիրված հատվածներից են.
«Ինձ մոտ եկեք, ամեն վաստակածներ և բեռնավորվածներ, և ես հանգիստ կտամ ձեզ»:5
«Ովքեր որ դնեն իրենց վստահությունն Աստծո վրա, պիտի սատարվեն իրենց փորձանքների, և իրենց տագնապների, և իրենց չարչարանքների մեջ, և պիտի բարձրացվեն վերջին օրը»:6
«Եղիր խոնարհ. և Տերը՝ քո Աստվածը, ձեռքդ բռնած կառաջնորդի քեզ և կպատասխանի քո աղոթքներին»:7
«Այնքան հաճախ, որքան հարցրել ես ինձ, դու հրահանգներ ես ստացել իմ Հոգուց»:8
«Հավատարիմ և ջանասեր եղիր Աստծո պատվիրանները պահելիս, և ես կօղակեմ քեզ իմ սիրո բազուկներով»:9
Նախագահ Հինքլին ասել է. «Անչափ կարևոր է, որ դուք չանտեսեք ձեր ընտանիքները: Չկա ավելի թանկ բան ձեզ համար: … Երբ ամեն ինչ ասվել և արվել է, միայն ընտանեկան կապերն են, որ մենք կտանենք մեզ հետ հաջորդ կյանք»:10
Հիշե՛ք մեր Փրկչի մեծ սերը: Եսայիա ԽԱ.10-ում Նա ասել է.«Մի վախենար, որովհետև ես քեզ հետ եմ, մի վեհերիր, որովհետև ես քո Աստվածն եմ: Ես կզորացնեմ քեզ, այո ես կօգնեմ քեզ»: Ապա հատված 13-ում Նա կրկին ասում է. «Ես կօգնեմ քեզ»: Եվ կրկին անգամ հատված 14-ում Նա ասում է. «Ես քեզ օգնելու եմ»:
Հավատացեք Փրկչին: Նա կօգնի մեզ: Նա սիրում է մեզ: Նա ուզում է, որ մենք երջանիկ լինենք:
Ես վկայում եմ, որ մեր Տերը և Փրկիչն ապրում է: Ես վկայում եմ, որ Նա կօգնի մեզ: Նա օգնել է ինձ շատ անգամ, և Նա կօգնի ձեզ: Սա ես գիտեմ: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: